ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման արդյունքները

ՊԵԿ-ն ամփոփում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր 2020 թվականի հուլիսի 10-ը): Միջոցառման շրջանակում կոմիտեի կողմից ուսումնասիրվել են 52,196 հարկ վճարողների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներ: Մարտ և ապրիլ ամիսների հարկային հաշվարկների տվյալներով ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ (ունեին 2-100 աշխատատեղ)` 19,737-ը: Վերջիններիս մայիս ամսվա հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու են համարվել և ծանուցվել 13,454-ը կամ շուրջ 68%-ը: 2020թ. հուլիսի 11-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում են ներկայացրել 12,857-ը կամ շահառու համարված սուբյեկտների շուրջ 96 %-ը: Կոմիտեի կողմից բոլոր դիմումներին ընթացք է տրվել և փոխանցվել է շուրջ 2.6 մլրդ դրամ:
12:06 - 03 օգոստոսի, 2020
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Նաիրուհի Ավետիսյան |armtimes.com|

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Նաիրուհի Ավետիսյան |armtimes.com|

armtimes.com: 2020 թ. հունվարի 1-ից Հայաստանի հարկային համակարգում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Այս գործիքը հարկային վարչարարության համար է եւ լայն տարածում ունի աշխարհում: Սրանով ՊԵԿ-ը կկարողանա իրար փոխկապակցված տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված գործարքների գինը որոշել։  Թե ինչ է կարգավորումն իրենից ենթադրում եւ ինչպես է այն գործում՝ մանրամասնել է ՀՀ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման եւ հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը։   - Տիկի՛ն Ավետիսյան, ի՞նչ է տրանսֆերային գնագոյացումը, ո՞րն է այդ կարգավորումը ներդնելու նպատակը։ - Տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության գործիք է։ Այսինքն՝ այն ավելի շատ հարկային վարչարարություն է եւ ոչ թե հարկային քաղաքականություն։ Գլոբալիզացիայի արդյունքում ստեղծվեցին բազմազգ կազմակերպություններ եւ նրանց գործունեության արդյունքում տնտեսական գործունեությունը սահմաններ չի ճանաչում։ Զարգացած երկրները հասկացան, որ իրենց շահույթը գնում է դուրս՝ դեպի այնպիսի երկրներ, որտեղ ռեսուրսներն ավելի էժան են, կան ֆինանսական օֆշորներ։ Օրինակ՝ «Ֆեյսբուք»-ի, «Ամազոն»-ի ֆինանսական կենտրոնները Իռլանդիայում են, ինչո՞ւ, որովհետեւ Իռլանդիայում հարկային դաշտը ֆինանսական ակտիվների հետ կապված ավելի բարենպաստ է։ Արտադրությունները գնում են Չինաստան, Եթովպիա, Քենիա, քանի որ այնտեղ թույլ հարկային վարչարարություն կա։ Որտեղ ցածր է շահութահարկը, գնում են այնտեղ։ Զարգացած երկրները որպեսզի դրա դեմն առնեն՝ մշակեցին գործիք, որի հիմնական նպատակն է պարզել՝ արդյո՞ք փոխկապացված անձինք այս գործարքը կանեին նույն պայմաններով, եթե չլինեին փոխկապակցված։ Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հիմքում ընկած է «պարզած ձեռքի» հեռավորության սկզբունքը: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջեւ կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջեւ կատարվող գործարքների պայմաններին: - Ինչքանո՞վ է բիզնեսը տեղեկացված տրանսֆերային գնագոյացումից։ - 2016-ին, երբ Հարկային օրենսգիրքն ընդունվեց եւ 2018-ից արդեն պետք է ուժի մեջ մտներ՝ այդ խնդիրը կար, թե ինչպես է ներդրվելու, ինչպես է կիրառվելու, քանի որ այն բարդ կատեգորիա է վարչարարության մեջ։ Ընդ որում, սա թե՛ հարկ վճարողի, թե՛ հարկային մարմնի համար ժամանակատար է։ Դրա համար 2 տարի հետաձգվեց։ Վերջին 2 տարվա մեջ լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ են իրականացվել, թե՛ ոլորտային, թե՛ անհատական քննարկումներ են եղել հարկ վճարողների հետ։ Կառավարության ցանկացած որոշում մենք անպայման քննարկել ենք հարկ վճարողների հետ եւ փորձել ենք նրանց արձագանքը ստանալ։ Ինձ համար տրանսֆերային գնագոյացումը հարկային կարգապահության բարձր մակարդակ է։ Կարծում եմ, բոլոր հարկ վճարողները՝ հիմնականում խոշոր կազմակերպությունները, որոնք միջսահմանային գործարքներ շատ են անում, պատրաստ են սրան։ - Խոսքը ո՞ր տեսակի հարկ վճարողների մասին է։ - Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ մետաղական օգտակար հանածոների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի՝ ռոյալթիի նկատմամբ։ Եկեք ֆիքսենք, որ սա վերաբերում է բացառապես փոխկապակցված կազմակերպություններին։ Փոխկապակցվածության չափանիշներն էլ Հարկային օրենսգրքով հստակ ամրագրված է։ Փոխկապակցված են այն հարկ վճարողները, որոնցից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը, կամ որոշակի ազդեցություն ունի գործարար որոշումների վրա: Երբ փոխկապակցված կողմերի միջեւ գործարքները կգերազանցեն տարվա կտրվածքով 200 մլն դրամը՝ նրանց նկատմամբ կկիրառվի տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։ Դրանից հետո հարկատուն մինչեւ հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված «Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձեւ»-ով հարկային մարմին է ներկայացնում գործարքների մանրամասները։ - Մի քանի ամիս է՝ համակարգը ներդրվել է Հայաստանում. ինչպիսի՞ն է ընթացքը։ - Հունվարի 1-ին ներդրվել է, բայց առաջին ծանուցման ձեւը մենք ստանալու ենք 2021 թ. մինչեւ ապրիլի 20-ը ներառյալ։ Այսինքն՝ միգուցե անգամ մյուս տարի վաղ լինի կոնկրետ գնահատական տալ։ Բայց կարող եմ ասել, որ շատ են հարցադրումները, հանդիպումների առաջարկները, երբ մեր ուսումնական կենտրոնում դասընթացներ են լինում՝ հարկ վճարողներն ակտիվ մասնակցում են։ Բոլոր երկրները, որոնք հաջողության են հասել՝ ճիշտ համագործակցության շնորհիվ է եղել եւ հույս ունեմ, որ մեզ մոտ էլ այդպես կստացվի։   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
21:20 - 02 օգոստոսի, 2020
Տնտեսավարող սուբյեկտների հանդեպ պետության պարտքը զգալի նվազել է՝ կազմելով 69,4 մլրդ դրամ․ ՊԵԿ

Տնտեսավարող սուբյեկտների հանդեպ պետության պարտքը զգալի նվազել է՝ կազմելով 69,4 մլրդ դրամ․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2020 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտներին նվազել է 70 մլրդ դրամի շեմից՝ կազմելով 69,4 մլրդ դրամ: Կոմիտեն հայտնում է, որ այս ցուցանիշը դրական առումով ռեկորդային է վերջին տասնամյակների համար: Ընդ որում, իրական գերավճարը  (սահմանված կարգով հաշվարկվող հարկային պարտավորության գումարից ավելի վճարված գումար), ինչը տարիներ շարունակ եղել է բիզնեսի հիմնական դժգոհության թեման, կազմում է ընդամենը 6,6 մլրդ դրամ: Մնացած 62,8 մլրդ դրամը վերաբերում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի դեբետային գումարներին, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հաշվարկներում արտացոլված հաշվանցման ենթակա գումարներից: Համեմատության համար ներկայացվում է վերջին 3 տարիների տարվա սկզբի դրությամբ համադրելի տվյալները (մլրդ դրամով)․     Ամսաթիվ     Ընդամենը (իրական գերավճար և դեբետային գումար)      Իրական գերավճար     Դեբետային գումար    01.01.2018թ. 274,1 126,6 147,5    01.01.2019թ. 169,2 22,8 146,4    01.01.2020թ.     79,6 8.9 70,7     01.08.2020թ. 69,4 6,6 62,8
14:24 - 01 օգոստոսի, 2020
Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր

Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր

ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018 թ. մարտի 1-ին ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավորված լինելով 2018 թ. ապրիլի 1-ից արգելել «բաց թողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար  բաց թողնելու նպատակով ՀՀ տարածք ներմուծելը, առանց նույն օրենքով սահմանված՝ որպես բացառություն նախատեսված հանգամանքների առկայության, շահադիտական դրդումներից ելնելով, թույլատրել են աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաների ներմուծումը ՀՀ տարածք, որից հետո՝ 2020 թվականին, ավտոմեքենաների մաքսազերծումը և բացթողումը Հայաստանի Հանրապետություն: Մինչ այդ, նույն պաշտոնատար անձանց կողմից մաքսազերծման համար լրացված փաստաթղթերում փաստացի  աջակողմյան ղեկային համակարգի փոխարեն  ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառվել  ղեկային համակարգի տեղադիրքի վերաբերյալ՝ այն նշելով ձախակողմյան, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է պետական մարմնի՝ ՀՀ ՊԵԿ  մաքսային ծառայության հեղինակությունն ու համբավը, տրանսպորտային միջոցներ ներկրած և օրենքի ուժով մաքսազերծման հնարավորությունից զրկված քաղաքացիների իրավահավասարությունը՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին: Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ ՀՀ ոստիկանության հաշվառման-քննական բաժանամունքների իրավասու պաշտոնատար անձինք, ՀՀ կառավարության 2010 թվականի  սեպտեմբերի 9-ի թիվ N-1251-ն որոշմամբ սահմանված կարգով լիազորված լինելով տրանսպորտային միջոցները հաշվառել «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով, ի թիվս այլնի, նույն ընթացակարգով պարտավորված լինելով զննել քաղաքացիների կողմից հաշվառման-քննական բաժանմունք ներկայացրած տրանսպորտային միջոցները և դրանց իրական տվյալները համեմատել փաստաթղթային տվյալների հետ։ 2019-2020 թթ. ընթացքում, պարբերաբար, քաղաքացիների կողմից ՀՀ տարածք ներմուծված աջակողմյան ղեկային համակարգով ավտոմեքենաները, որպես ձախակողմյան ղեկային համակարգով տրանսպորտային միջոց հաշվառելու, ըստ այդմ դրանց սեփականության փաստը ճանապարհային ոստիկանությունում գրանցելու և հետագայում ՀՀ տարածքում անարգել տնօրինելու, տիրապետելու կամ օգտագործելու հնարավորություն տալու համար, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով մեկ միասնական դիտավորությամբ, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու համար, յուրաքանչյուր ավտոմեքենայի գրանցման համար ընդհանուր խոշոր չափերով կաշառք ստացած գումարների դիմաց օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ առանց փաստացի ստուգելու ավտոմեքենայի փաստաթղթերը և զննելու ավտոմեքենայի ղեկանիվի տեղադիրքը, հաստատապես համոզված լինելով ավտոմեքենաների՝ աջակողմյան ղեկային համակարգով աշխատելու հանգամանքի մասին, կազմված արձանագրություններում և հաշվառման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել ավտոմեքենաների՝  փաստացի ձախակողմյան ղեկային համակարգով աշխատելու վերաբերյալ և դրանց հիման վրա  տվել ժամանակավոր հաշվառման համարանիշներ: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի  38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգքրի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ  կոռուպցիոն սխեմայում ներգրավված մյուս պաշտոնատար անձանց և քաղաքացիների ինքնությունները պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:27 - 27 հուլիսի, 2020
Հայաստանի և Արցախի ՊԵԿ նախագահները քննարկել են գործակցության հեռանկարները

Հայաստանի և Արցախի ՊԵԿ նախագահները քննարկել են գործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-ին երկօրյա  աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրինն ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Հայաստանի և Արցախի պետական եկամուտների կոմիտեների միջև համագործակցության զարգացման հեռանկարին և իրականացվող ծրագրերի առաջնահերթություններին։ Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ հայկական երկու պետությունների հարկային ու մաքսային մարմինների միջև գործակցությունն  առաջիկայում ավելի կզարգանա, համատեղ քայլերով  նոր թափ ու եռանդ կհաղորդվի այդ համագործակցությանն՝ ի շահ մեր ընդհանուր տնտեսության: «Երկու պետություններում պետական եկամուտների վարչարարության կայուն ու ներդաշնակ զարգացումն օրվա հրամայականն է»,- ընդգծել է ՀՀ ՊԵԿ նախագահը: 2018 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԱՀ ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է համագործակցության միջոցառումների եռամյա ծրագիր, որը նախատեսում է հարկային և մաքսային վարչարարության տարբեր հարցերով փոխադարձ աջակցություն, համատեղ աշխատանք, փորձի, գիտելիքների ու տեղեկությունների փոխանակում: «Ծրագիրն այն իրավական հիմքն է, որով մեր գերատեսչություններն առաջնորդվում են ամենօրյա աշխատանքում: Հավաստիացնում եմ, որ ՀՀ ՊԵԿ կողմից ծրագրի պատշաճ կատարումը գտնվում է իմ անմիջական հսկողության ներքո»,- շեշտել է Էդվարդ Հովհաննիսյանը։ Հատկանշական է, որ Արցախի Հանրապետությունում  ներդրվել և գործում են այնպիսի էլեկտրոնային համակարգեր, որոնք ավելի առաջադեմ են, քան շատ այլ զարգացած երկրներում, որտեղ բիզնես գործընթացները դեռևս էլեկտրոնային չեն։ Հայաստանի և Արցախի հարկային մարմինների համատեղ աշխատանքով հաջողությամբ ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով՝ ՀԾՀ-ի մակարդակով, իրականացնել անձնավորված հաշվառում, հաշվարկել սոցիալական վճարները և փոխանցել դեպոզիտարիա։ Ներդրվել են նաև էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների  ներկայացման և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրսգրման համակարգերը։ Ներկայում աշխատանքներ են իրականացվում Հայաստանում և Արցախում այդ համակարգերն ինտեգրելու ուղղությամբ։ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման ավարտին  հաջողություն է մաղթել Արցախի գործընկերներին և ընդգծել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորվածություն երկու պետությունների տնտեսության ամրապնդումը և զարգացումը:  
21:49 - 24 հուլիսի, 2020
Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը

Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը

Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը։ ՊԵԿ-ի և ՀԲ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրն ուղղված է Հայաստանի մաքսային ոլորտի բարելավմանը։ Հայտնում են ՊԵԿ-ից։ «Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը: Այն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի բաղկացուցիչն է: Ծրագրի ընթացքում կատարվելու է Հայաստանում մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում՝ միջազգային լավագույն չափանիշների համադրմամբ: Պետական եկամուտների կոմիտեում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվելու 19 ուղղություններով: Ծրագիրն ավարտվելու է 2021 թվականի մարտին, և արդյունքների հիման վրա կոմիտեին առաջարկվելու են բարեփոխումների նոր ուղղություններ և գործողությունների հետագա ծրագիր: Նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել Հայաստանի մաքսային համակարգը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, հայտնաբերել և վերացնել թերությունները, ինչը, միաժամանակ, դրականորեն կանդրադառնա առևտրի դյուրացման և կայուն եկամուտների ապահովման գործընթացների վրա»:
15:29 - 23 հուլիսի, 2020
Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Պաշտոնապես բացվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

Արդարադատության նախարարությունը Երևանի  կենտրոնում գործարկել է  Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Ազգային արխիվի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի, Թաղման բյուրոյի, ինչպես նաև նոտարական ծառայություններ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս կենտրոնից մատուցվելու են 97 պետական ծառայություններ, որոնք հետագայում ընդլայնվելու են։ «Այս տարածքին մոտ կբացվի նաև Անձնագրային և Վիզաների վարչության սպասարկման կենտրոն՝ դրանով իսկ ընդլայնելով ծառայությունների թիվը, այնուհետև, գործարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրները շտկելուց հետո, կընդգրկենք նաև համայնքային ծառայություններն ու միասնական գրասենյակներ կբացենք Հայաստանի ամբողջ տարածքում»,- տեղեկացրել է Ռուստամ Բադասյանը և հավելել, որ պետական ծառայությունները մեկ կենտրոնից ստանալու նպատակը քաղաքացիների կյանքը հեշտացնելն է։ Նախարարը մանրամասնել է՝ եթե քաղաքացին ունենա մի քանի մարմնի հետ կապված գործառույթ, ապա դրանք կկարողանա ստանալ մեկ կենտրոնում՝ առանց տարբեր պետական մարմիններ այցելելու։ Նախարար Բադասյանն այս բարեփոխումը կյանքի կոչելու համար շնորհակալություն է հայտնել Միասնական գրասենյակում ծառայություն մատուցող բոլոր պետական մարմիններին և ընդգծել, որ առանց համատեղ ներդրման՝ այս նախաձեռնությունն իրականացնել հնարավոր չէր լինի։ Տեղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում  է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը ստեղծվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի։ Արդարադատության նախարարությունը շարունակելու է հանրային ծառայություններից օգտվող քաղաքացիների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները։
14:36 - 22 հուլիսի, 2020
Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման վերաբերյալ

Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման վերաբերյալ

Հաճախ տրվող հարցեր և պատասխաններ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման վերաբերյալ․ 1.Ովքե՞ր կարող են օգտվել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարած եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից` Պատասխան` Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը չգերազանցող չափով`1) եթե բնակարանը ձեռք է բերվել (բերվում) ՀՀ-ում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, կա´մ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում պետությունից կամ համայնքից, և բնակարան ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը2) եթե անհատական բնակելի տունը ձեռք է բերվել (բերվում) ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից, և անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը3) եթե ՀՀ տարածքում կառուցվում է անհատական բնակելի տուն:Ընդ որում,  եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիպոտեկային վարկի պայմանագրի մասով:2.Ինչպե՞ս դիմել հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման համար համավարակի (Covid19) տարածման պայմաններում: Պատասխան` Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված անհրաժեշտ է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններից (բանկեր և վարկային կազմակերպություններ) ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:  Ստորագրված և սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել՝ ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին: Էլեկտրոնային հասցեները տեղադրված են ՊԵԿ պաշտոնականկայքէջում:3.Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել առաջին անգամ հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով դիմելու դեպքում: Արդյո՞ք հնարավոր է համավարակի տարածման պայմաններում փաստաթղթերն ուղարկել  էլեկտրոնային եղանակով:Պատասխան` Առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն պետք է հարկային մարմին ներկայացնի պահանջվող փաստաթղթերը առձեռն: Սակայն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին փոստային ծառայության միջոցով ուղարկել հետևյալ փաստաթղթերը`1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված դիմում2) վարկառուի (համավարկառուի) անձը հաստատող փաստաթուղթ3) վարկառուի (համավարկառուի) հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ)4) վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը5) ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության (բանկեր և վարկային կազմակերպություններ) կողմից տրամադրված տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների  գումարների մասին 6) կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն7) բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ բնակարան կամ անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր 8) անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում՝  աշխատավարձի և դրանից վճարված եկամտային հարկի վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:
16:58 - 21 հուլիսի, 2020
ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

2020թ. առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ: Ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, նրան հաջորդում են «Գազպրոմ Արմենիա»-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Գեոպրոմայնինգ գոլդը», իսկ հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս Օիլը»։ 1000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:
13:28 - 20 հուլիսի, 2020
Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները

Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները

Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին, որոնք չպետք է գերազանցեն հետևյալ չափաքանակները. կենցաղային և անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ, (օրինակ` սառնարան, հեռուստացույց) օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ, (օրինակ ննջասենյակի կահույքի բոլոր բաղկացուցիչները) անձնական գործածության իրեր և օգտագործված տնային այլ գույք՝ առանց քանակային սահմանափակումների (օրինակ` հագուստ, սպասք) անձնական օգտագործման տրանսպորտային միջոց` օրինակ` ավտոմեքենա, մոտոցիկլետ, և դրանց կցորդներ՝ յուրաքանչյուրից 1-ական: Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախ ստանալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը` դիմում ներկայացնելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն։ Կարևոր է իմանալ. Փաստաթղթի համար դիմելու օրվան նախորդող 1825 օր (մոտ 5 տարի) ժամանակահատվածում օտարերկրյա անձն առնվազն 915 օր (մոտ 2.5 տարի) պետք է բացակայած լինի Հայաստանից: Փաստաթուղթը ստանալուց հետո անձը կարող է դիմում ներկայացնել մաքսային մարմիններին` ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով` ուղարկելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հասցեին  [email protected]:
13:14 - 14 հուլիսի, 2020
ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց

ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց

Աշխարհում լայն տարածում գտած հարկային վարչարարության գործիքներից մեկը՝ տրանսֆերային գնագոյացումն այս տարվանից սկսել է կիրառվել նաև Հայաստանում, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Գործընթացը սահուն իրականացնելու համար Պետական եկամուտների կոմիտեն դեռևս անցած տարվանից պարբերաբար քննարկումներ, հանդիպումներ և դասընթացներ է կազմակերպում հարկ վճարողների, ինչպես նաև կոմիտեի աշխատակիցների համար:ՊԵԿ ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվել է հերթական դասընթացը «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով: Հեռավար դասընթացն այս անգամ կազմակերպվել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության ու տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի մասնագետների համար: Նպատակն է՝ բարձրացնել աշխատակիցների տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը ներկայացրել է տրանսֆերային գնագոյացման առանձնահատկությունները: Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հիմքում ընկած է պարզած ձեռքի հեռավորության սկզբունքը: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջեւ կատարվող գործարքների պայմաններին: «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները թույլ են տալիս հարկային մարմնին պարզելու փոխկապակցված անձանց միջեւ գործարքների պայմանները որքանով են արտացոլում իրական հանգամանքները, այսինքն՝ արդյո՞ք տվյալ գործարքը տեղի կունենար նույն պայմաններով, եթե գործարքի կողմերը փոխկապակցված չլինեին»,- պարզաբանել է Նաիրուհի Ավետիսյանը։ Դասընթացն անցել է ակտիվ քննարկումներով: Նշենք, որ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հեռավար դասընթացների կազմակերպման համար օգտագործում է skype for business արտոնագրված ծրագրային ապահովումը:
15:43 - 10 հուլիսի, 2020
Փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր են բացահայտվել

Փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր են բացահայտվել

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցի մաքսանենգության փոխկապակցված դեպքեր: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքում բնակվող 2 երիտասարդ մի խումբ քաղաքացիների անվամբ փոստային առաքանիներով արտերկրից ստանում են թմրամիջոցներ: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից պարզվել են թմրամիջոցի պարունակությամբ առաքանու իրական հասցեատերերը: Նրանց հրահանգով տաքսու վարորդը առաքանիների ներմուծում իրականացնող ընկերության գրասենյակից թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստացել և տեղափոխել էր Աբովյան քաղաք: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո տաքսու վարորդից առաքանին ստանալուց հետո ՀՀ երկու քաղաքացի բերման են ենթարկվել մաքսանենգության դեմ պայքարի վարչություն: Անձնական խուզարկության արդյունքում քաղաքացիներից մեկի մոտ առկա առաքանու միջից հայտնաբերվել է 100 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Այս մասին օրերս հայտնել էր ՀՀ ոստիկանությունը: Նպատակ ունենալով բացահայտել դեպքի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը` կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում կարճ ժամանակ անց ստացվել է նոր տեղեկություն, որ նույնանման եղանակով արտերկրից Հայաստան պետք է ներմուծվեն թմրամիջոցի պարունակությամբ ևս 2 առաքանի: Հուլիսի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից հիշյալ առաքանիների նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է 134 գրամ և 141 գրամ մարիխուանա: Նշված դեպքերով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:28 - 09 հուլիսի, 2020
2020 թ. 1-ին կիսամյակում ՊԵԿ-ի կողմից ապահովվել են 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ

2020 թ. 1-ին կիսամյակում ՊԵԿ-ի կողմից ապահովվել են 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ

2020 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 622.2 մլրդ, իսկ մաքսային մարմնի կողմից` 123.4 մլրդ դրամ:    Նույն ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 65.3 մլրդ դրամ գումար: 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 712.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հարկային մարմնի կողմից փաստացի հավաքագրված եկամուտները կազմել են 602.8 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմնի կողմից` 160.4 մլրդ դրամ: Նշված ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գծով տնտեսավարողներին վերադարձվել է 50.4 մլրդ դրամ գումար: 2020 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտների նվազումը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%:  
12:32 - 09 հուլիսի, 2020
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել ՀԴՄ-ների կանխավճարի վերադարձի վերաբերյալ

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել ՀԴՄ-ների կանխավճարի վերադարձի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման արդյունքում մասնավոր կազմակերպություններն են բացառապես զբաղվում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացով, ինչպես նաև սարքերի ծրագրային ապահովման մշակմամբ ու սարքերի սպասարկմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը․ ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»  ՊՈԱԿ-ի կողմից չորս  կազմակերպություն արդեն ստացել են ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն, որոնք են․ «Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Pax S 900 (հեռ․ +374 60 40 00 05) «Իննթեք» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը VEGA 3000 (հեռ․ +374 60 50 50 70) «Դոկտեխնիկ» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Paymob A90 (հեռ․ +374 10 52 59 93, +374 10 56 67 81, +374 91 00 09 28, +374 91 00 09 25) «Տոչ Մաստեր» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Aisino A90 (հեռ․ +374 60 50 60 27) ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստացած կազմակերպությունների ցանկը տեղադրված ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում, հարկային ծառայության էջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ» ենթաբաժնում, հետևյալ հղմամբ։ Նշենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-ն որոշումը:  Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ ՀԴՄ ձեռք բերման դիմումներին տրվելու է «մերժված» կարգավիճակ և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»  ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման: Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը՝ հերթերից խուսափելու նպատակով, կոմիտեն, տնտեսվարող սուբյեկտներին կամ նրանց կողմից լիազորված անձանց հորդորում է դիմումները և գրությունները «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝  [email protected] էլ-փոստի միջոցով։ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ կարող եք այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Գործում են նաև հեռախոսահամարներ՝ 060 544 994 կամ 060 544 910»,- ասված է հայտարարության մեջ։ Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․ Դիմում վճարման անդորրագրի պատճեն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
17:26 - 08 հուլիսի, 2020