Հայաստան

Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել

Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։ Հույն գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2019թ. համագործակցության արդյունքները, քննարկվել է 2020թ. համագործակցության ծրագիրը։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցության արդյունքներն ու իրականացված միջոցառումները։ Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիրը, որը ներառում է 21 միջոցառումներ Հայաստանում և Հունաստանում՝ ուսումնավարժական ծրագրեր հատուկ նշանակության ուժերի, ռազմաբժշկական և մարտավարական պատրաստության այլ ուղղություններով, փորձի փոխանակում կիբեռանվտանգության, ինժեներեկան և այլ բնագավառներում, ռազմաքաղաքական խորհրդակցություններ, տեղեկատվության փոխանակում։ Նույն օրը, Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի պաշտպանական գերատեսչությունների՝ պաշտպանական քաղաքականության պաշտոնյաների ձևաչափով կայացած հանդիպման արդյունքներով, ստորագրվել է 2020 թվականի եռակողմ գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է տասնյակ միջոցառումներ Հայաստանում, Հունաստանում և Կիպրոսում, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում ուսումնավարժական եռակողմ ծրագրերին և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ կողմերի դիրքորոշումները։
21:34 - 28 փետրվարի, 2020
ՀԱԷԿ-ի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկի երկարացման հարցը դեռևս չի համաձայնեցվել. Սվիրիդենկո |aysor.am|

ՀԱԷԿ-ի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկի երկարացման հարցը դեռևս չի համաձայնեցվել. Սվիրիդենկո |aysor.am|

aysor.am: Հայաստանն ու Ռուսաստանը դեռևս չեն համաձայնեցրել Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված ռուսական վարկի երկարացման հարցը: «Որքանով ես տեղյակ եմ, չի լուծվել հարցը: Ընթանում են բանակցություններ», - լրագրողներին այսօր ասաց Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն: 2019-ի դեկտեմբերին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով:«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Այս պահին ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - ասել էր նա:Նախարարն ընդգծել էր, որ հարցը կքննարկվի առաջիկա կառավարության նիստում՝ հավելելով. «Մնացել են միայն իրավական գործողությունները, որ պիտի կատարվեն երկու կողմերից: Աշխատանքները ծանր են և, հաշվի առնելով օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին: Դրա համար էլ անհրաժետություն է ավելանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ իսկ պատճառով մինչև 2020 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա հասցնել 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատաքները հասցնել ավարտին»:
13:35 - 28 փետրվարի, 2020
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: Անդրադառնալով հարցին, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում կարո՞ղ է քննարկվել Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կքննարկվի. այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա»: Հարցին՝ ազգային անվտանգության լուրջ խնդիր չի՞ լինի, եթե փակ լինեն թե Իրանի, թե Վրաստանի հետ սահմանները, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. «Մենք դեռ այդ իրավիճակին չենք հասել։ Անվտանգության տեսանկյունից կքննարկենք, Եթե անհրաժեշտություն լինի, կփակենք, եթե չէ, չենք փակի»։
11:08 - 28 փետրվարի, 2020
Երևանում և 9 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Երևանում և 9 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`Երևան քաղաքում՝10։00-16։00 Զավարյան փ. 163-179 սեփական տները, Նար-Դոսի փ. 110-133 սեփական տները, Չարենցի փ. 90-173 սեփական տները, Վարդանանց փ. 96-125 սեփական տները, Քրիստափորի փ. 156-172 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,11։00-17։00 Կոմիտասի պող. 17 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Բակունցի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժոնորդները, Վաղարշյան փ. 24/6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դրոյի, Շովրոյան, Մ.Ավետիսյան, Ուլնեցի փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Արագածոտնի մարզում՝11։00-15։00 Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի, Սմբատ Շահազիզի, Շիրազի, Պռոշյան, Խորենացի, Նարեկացի, Հեքիմյան, Վ. Պետրոսյան և Այգեստան փողոցները,Արարատի մարզում՝10։00-11։00 Լուսառատ գյուղը և Փոքր Վեդի գյուղը մասնակի,10։00-13։00 Արարատ գյուղը մասնակի,10։30-16։00 Մրգանուշ գյուղը մասնակի,13։30-14։30 Վերին Արտաշատ գյուղը մասնակի,Վայոց Ձորի մարզում՝10։00-13։00 Արենի գյուղը մասնակի,Կոտայքի մարզում՝10:00-16:00 Եղվարդ համայնքի Բոլոր հողեր և Կալեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, Սպանդարյան և Շահումյան փողոցները,11:00-15:00 Աբովյանի տարածաշրջանի «ԼՏԸ Միքայել», «Արարատ Լադա», «Արզնի թռչնաֆաբրիկա», «Ակնա Լիճ», «Արիկո Գոռ» ՓԲ ընկերությունները, «Մոսկվա Հոթել» ՍՊ ընկերությունը, «Ռաֆ Խաչատրյան», «Օֆելյա Մովսիսյան», ԲԸ ընկերությունները, «Կարեն Պողոսյան» ԱՁ-ն, Արզնի գյուղի 4-րդ թաղամասը, «Գազ-Գրուպ», «Պրոբիզնես» ՍՊ ընկերությունները, «Բիթերմ Ռիվեր», «Ռ․Թովմասյան», «Թագուշ Կուզինյան» «Բաբլոյան», «Արմեն Զարախանյան» ընկերությունները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Գեղարքունիքի մարզում՝10։30-15։30 Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասն ամբողջությամբ, Գոմաձոր թաղամասը մասնակի, «ԲԷՑ» ընկերության վարչական շենքը, «Բուսաբույժ-Նանա» արտադրական կոոպերատիվը, «Սևան–Նէ» հյուրանոցը, «Իշխան», «Գևորգյան Քոլեթ», «Տապան» ռեստորանները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,10:30-16:30 Սևան քաղաքի Թումանյան փ. 21–59, 132 առանձնատները, Աբովյան փ. 2, Չարենցի փ. 61 առանձնատները, Սևանի դատարանը, դատախազությունը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,Տավուշի մարզում՝10:00-11:30 Դովեղ գյուղը մասնակի,11:00-15:00 Ծաղկավան գյուղը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,13:00-14:00 Իջևանի տարածաշրջանի «Իջևանշին», «Քարարտ» ՓԲ ընկերությունները, Խմելու ջրի պոմպակայանը, Հրաձգարանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասը,Լոռու մարզում՝11:00-13:00 Սարատովկա Նովոսելցովո, Գետավան գյուղերը,Շիրակի մարզում՝11:00-17:00 Արթիկի տարածաշրջանի Արթիկ քաղաքի Անկախության, Բաղրամյան, Տոնականյան, Գարեգին Նժդեհի փողոցները, Արթիկ քաղաքի կենտրոնական մասը և քաղաքապետարանի շենքը,Սյունիքի մարզում՝11:00-16:00 Վերիշեն գյուղը մասնակի:
09:08 - 28 փետրվարի, 2020
«Աստղիկ» ԲԿ-ում մահացած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

«Աստղիկ» ԲԿ-ում մահացած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած Հայաստանի քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  «Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ։  Տեղեկացնում եմ, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ, որի հարազատներին ցավակցում եմ։  Կոչ եմ անում չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։  Լուրեր էին տարածվել, թե «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է Իրանի քաղաքացի՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ: Սակայն ԲԿ-ն հերքել էր լուրը և տեղեկացրել, որ այսօր մահացած անձը ՀՀ քաղաքացի էր և նրա լաբորատոր հետազոտության արդյունքները դեռ հայտնի չէին:   
19:50 - 27 փետրվարի, 2020
Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային վարակի 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով |hetq.am|

Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային վարակի 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի (COVID-19) 81109 հաստատված դեպք: Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից  2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 27-ի, ժամը 14:00 դրությամբ Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78631, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 32,654: Գրանցվել է 2747 մահ: Ըստ նույն աղբյուրի` փետրվարի 27-ի, ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է 82206 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 46 երկրում գրանցվել է 3575  դեպք: Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝  սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ շարունակվում են: Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:  Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:   Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով:  
18:28 - 27 փետրվարի, 2020
ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն «Независимая газета»-ի հոդվածի համար |armenpress.am|

ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն «Независимая газета»-ի հոդվածի համար |armenpress.am|

armenpress.am: ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ «Независимая газета»-ում սումգայիթյան ջարդերի մասին հոդվածի առնչությամբ դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազություն: Դեսպան Տողանյանը «Говорит Москва»-ին տված հարցազրույցում նշել է, որ դիմել է դատախազությանն ազգային ատելության, այլատյացության և կրոնական անհանդուրժողականության հրահրման փաստերի ստուգման պահանջով: «Մենք չենք պահանջի «Независимая газета»-ից հերքում, քանի որ այն, ինչ կար թերթում, համարում ենք սրբապղծություն, վայրի և քրեորեն պատժելի: Մենք կարծում ենք, որ առաջին հերթին պատասխանատվություն է կրում թերթը, որը համարվում է լիցենզավորված ընկերություն: Այն ունի ԶԼՄ-ի լիցենզիա և փաստացի, մեր իրավաբանների կարծիքով, այնտեղ առկա է ԶԼՄ-ի մասին օրենքի ակնհայտ խախտում: Այդ հրապարակման մեջ առկա է քրեական հոդվածների մեծ փունջ, ինչի հետ կապված ես դիմել եմ գլխավոր դատախազություն»,-նշել է դեսպանը: Վարդան Տողանյանը նաև կասկածի տակ է դրել այն փաստաթղթերը, որոնց մասին հիշատակել է հոդվածի հեղինակը՝ Լև Ասկերովը: «Ես չգիտեմ, թե ինչ արխիվային նյութերի մասին է խոսքը: Հատուկ ծառայությունների մոտ, երևի, կան տարբեր նյութեր: Թե որքանով են դրանք լուրջ, որքանով է 5 կոպեկի հասարակ մատնություն, դժվար է ասել: Մենք գիտենք, թե ինչպես է ներկայում խեղաթյուրվում պատմությունը և ոչ միայն 20-րդ դարի: Եվ մենք հասկանում ենք, որ այն, ինչ հարմար է, կարելի է գտնել արխիվներում, և այս կամ այն նյութերն առանձին գործերում, կարելի է վերցնել և օգտագործել»,-հավելել է Վարդան Տողանյանը: ՌԴ-ում Հայաստանի դեսպանը նաև տեղեկացրել է, որ դիմել է ոչ միայն Ռուսաստանի դատախազությանն, այլև Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության ֆեդերալ ծառայություն («Роскомнадзор»): Նա ընդգծել է, որ լրատվամիջոցն ինչ-որ մասով պատասխանատվություն է կրում այս կամ այն տեղեկատվության համար:   «Ելնելով պատասխանատվությունից՝ պետք է հասկանալ, որ այս դեպքում խոսքը սովորական զրպարտության, միմյանց նկատմամբ ատելության հրահրման մասին է, այդ իսկ պատճառով ես դիմել եմ դատախազությանը և ոչ միայն ես, այլև շատ հայկական հասարակական կազմակերպություններ»,-նշել է դեսպանը: Ավելի վաղ Ռուսաստանի հայերի միությունը դիմել էր «Независимой газете»-ին՝ պահանջելով հերքում «Սումգայիթյան ողբերգություն: Ինչպե՞ս սկսվեց և ինչպես եղավ» հոդվածի հետ կապված, որում ակնհայտորեն կեղծվում են պատմական փաստերը:
18:12 - 27 փետրվարի, 2020
Կարևոր է, որ հասարակությունը հասկանա անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ներուժը. Սերգեյ Կոպիրկին |aysor.am|

Կարևոր է, որ հասարակությունը հասկանա անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի ներուժը. Սերգեյ Կոպիրկին |aysor.am|

aysor.am: Կարևոր է ՀԱՊԿ անդամ պետությունների հասարակություններին ճշգրիտ տեղեկատվություն հասցնել այն մասին, թե ինչ նպատակ է հետապնդում կազմակերպությունը, երբեմն նման տեղեկատվության պակաս կա, «ՀԱՊԿ դերը Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Բոլորս լավ հիշում ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխոխման իրավիճակը 2018 թվականին, որն այստեղ մեծ հանրային հետաքրքրություն առաջացրեց: Այդ ժամանակ կարևոր էր սկանդալային մեկնաբանություններից, ֆորմատին ուղղված մանիպուլյացիներից զերծ մնալ, դրանից, իհարկե, խուսափելը դժվար է, բայց կարևոր է, որ հասարակությունն ունենա կազմակերպության մասին ճիշտ և օբյեկտիվ տեղեկատվություն, հասկանա ՀԱՊԿ-ի ներուժը անվտանգության ապահովման մեխանիզմների համար: Եթե այս տեղեկատվությունը հասնի հասարակությանը, ապա կարծում եմ, որ ՀԱՊԿ հանդեպ վերաբերմունքն ավելի լուրջ կլինի հանրության շրջանում, իսկ կազմակերպության դրական իմիջը կբարձրանա», - ասաց նա:  
12:06 - 27 փետրվարի, 2020
Հայաստանի դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

Հայաստանի դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ

Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ. դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ այցելելուց: Ներկայացնում ենք Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հայտարարությունը. «Ճապոնիայում և Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Ճապոնիայում և Կորեայում գտնվող և այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով կոնտակտային տվյալները։ Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգ) այցելելուց: Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Ճապոնիայի և Կորեայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։ Տեղեկացնում ենք, որ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային Ազգային կազմակերպության թեժ գիծը՝ 050-3816-2787 հեռախոսահամարով և Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծը՝ 1330 հեռախոսահամարով»: Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝ #230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka,Minato-ku, Tokyo 107-0052, JapanՀեռ. 03-6277-7453E-mail: [email protected]:
10:56 - 27 փետրվարի, 2020
ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել |armenpress.am|

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել |armenpress.am|

armenpress.am: Իրանի հյուսիսային նահանգներում, մասնավորապես Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգում փետրվարի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսի վարակի կամ մահվան դեպք չի արձանագրվել: Այդ մասին հաղորդել է Իրանի առողջապահության նախարարությունը:  Իրանի առողջապահության նախարարը քաղաքացիներին հորդորել է չճամփորդել նահանգից նահանգ, քանի որ համալսարանների և դպրոցների փակ լինելու հանգամանքով պայմանավորված ճամփորդությունների թիվն ավելացել է՝ նպաստելով վարակի տարածմանը:  Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր կառավարության նիստի ընթացքում ասել է, որ քաղաքներում կարանտին հայտարարելու հարցը չի քննարկվում:  Ըստ Իրանի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում նոր տեսակի կորոնավիրուսից վարակված հիվանդների թիվը 44-ով ավելացել է՝ կազմելով 139:  Վերջին 24 ժամվա ընթացքում մահացած հիվանդների թիվը կազմում է 4: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 19: Իրանի 31 նահանգից 15-ում նոր տեսակի կորոնավիրուս է տարածվել:  Ղոմում հայտնաբերվել է 15, Գիլանում՝ 9, Թեհրանում՝ 4, Մարքազիում՝ 1, Խուզիստանում՝ 3, Սիստան և Բելուջիստանում՝ 2, Քերմանում՝ 1, Արդաբիլում՝ 1, Մազանդարանում՝ 1, Լորեստանում՝ 1, Ֆարսում՝ 2, Սեմնանում՝ 1, Հորմոզգանում՝ 1 և Քոհգիլուե և Բույեր Ահմադում՝ 2 նոր դեպք: 54 հիվանդ ապաքինվել է:   Ադրբեջանում Իրանի դեսպանի հավաստմամբ՝ Իրանի և Ադրբեջանի սահմանին հաղորդակցության հետ կապված որևէ սահմանափակում չի կիրառվել. Սահմանը բաց է, թռիչքներն իրականացվում են
21:28 - 26 փետրվարի, 2020
ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով |armenpress.am|

ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագները մի շարք ապրանքների մասով ՀՀ-ի համար կհետաձգվեն ևս մեկ տարով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը կքննարկի Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը: Այն ընդգրկված է կառավարության փետրվարի 27-ի նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման մեջ նախ հիշեցվում է, որ ՀՀ-ն 2014 թվականի մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: «Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Համաձայն «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի՝ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Հարկ է նշել, որ հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Արդյունքում, ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների»,- ասված  հիմնավորման մեջ։ Արձանագրության դրույթները չեն հակասում նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության  իրավական ակտերի պահանջներին: Կառավարության նիստում որոշման վերը նշված հարցը կզեկուցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
20:58 - 26 փետրվարի, 2020
Խուճապը պետք է հիմնովին բացառել. Իրանում Հայաստանի դեսպան

Խուճապը պետք է հիմնովին բացառել. Իրանում Հայաստանի դեսպան

Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հարցազրույցն «Ալիք» օրաթերթին: – Ի՞նչ քայլեր են կատարվում ՀՀ դեսպանության կողմից կորոնավիրուսի հետ կապված վերջին իրադարձություններից հետո: – Նախ ասեմ, որ Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծված վիճակով և բոլորիս ցանկությունն է օր առաջ տեսնել այս համաճարակի հաղթահարումը, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ առողջ և երջանիկ: Ինչ վերաբերում է ՀՀ դեսպանությանը, վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի, առողջապահության նախարարությունների և այլ պետական մարմինների հետ՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով երկու կողմերի միջև ուղիղ հաղորդակցություն: Դեսպանությունում սահմանված է մշտական հերթապահություն: Հրապարակված են դեսպանության հետ կապ հաստատելու տվյալները: Մեզ դիմողներն ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն և գործնական աջակցություն: Ստեղծված է Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղեկատվական բազա, և վերջիններիս հետ հաստատված է մշտական կապ: Անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցուցաբերվում նաև դեսպանություն դիմած ԻԻՀ քաղաքացիներին: Այսպիսով, բարձրացված բոլոր հարցերն արձանագրվում են և խնդիրներին տրվում են իրավիճակից բխող լուծումներ: – Ի՞նչ կասեք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ քայլերի և կառավարության՝ «Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» որոշման վերաբերյալ: – Ինչպես գիտեք, կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու և այդ ուղղությամբ մեր բարեկամ Իրանի հետ փոխգործակցության համակարգման նպատակով ժամանակավոր՝ երկշաբաթյա սահմանափակումներ են մտցվել Հայաստան-Իրան օդային և ցամաքային սահմանով հաղորդակցության վրա:Համաձայն կառավարության որոշման՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները և Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացիներն անարգել կերպով կարող են վերադառնալ իրենց երկրներ:ՀՀ քաղաքացիներին Իրանից Հայաստան փոխադրելու համար առաջիկայում կիրականացվի երկու թռիչք, իսկ ցամաքային սահմանով շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ԻԻՀ քաղաքացիների վերադարձը Իրան: Ըստ կառավարության որոշման՝ իրականացվում են Իրանից Հայաստան ավտոտրանսպորտային բեռնափոխադրումները՝ համապատասխան սանիտարական վերահսկողության պայմաններում: Հաղորդակցության սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ և ԻԻՀ պաշտոնական պատվիրակություններին, դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին: - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում և Իրանում տվյալ հիվանդության տարածման դեմ իրականացվող պայքարը: Հայաստանում այս խնդրով զբաղվող կառավարական հանձնաժողովն ստեղծվել էր Չինաստանում սկիզբ առած համաճարակից հետո, որը հաջողությամբ շարունակում է գործել:Ինչ վերաբերում է Իրանին, ես կարծում եմ՝ այս ուղղությամբ մեծ աշխատանք է իրականացվում և դրա արդյունավետությունը երաշխավորվում է ոչ միայն այս օրերին իրականացվող կանխարգելիչ և բուժական մեծ ծավալի գործունեությամբ, այլև Իրանի առողջապահական համակարգի մասնագիտական, կազմակերպական և տեխնիկական բարձր մակարդակով:Շատ հուսադրող է նաև փետրվարի 25-ին ԻԻՀ նախագահ Հ. Ռոհանիի հնչեցրած հայտարարությունն ԻԻՀ առողջապահության նախարարության համաճարակային դրական զեկույցի մասին: - Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում Ձեր աշխատանքներում: Թեև ստեղծված վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն և´ պետական մարմինների, և´ քաղաքացիների հետ հարաբերություններում առկա է ՀՀ դեսպանության հետ համագործակցության մեծ պատրաստակամություն:Իհարկե կան նաև խոչընդոտներ: Որպես խանգարող գործոն՝ կարող եմ նշել հասարակության մեջ տարածվող տարատեսակ լուրերը հիվանդության տարածման մասշտաբների մասին, մի բան, որ համոզված եմ ավելի շատ կապված է ապատեղեկատվության և երբեմն էլ ասեկոսեների հետ: Իմ կարծիքով այսպիսի դեպքերում ամենավնասակար ազդեցությունը կարող է ունենալ խուճապը, որը պետք է հիմնովին բացառել:Ի դեպ, տեղին է նշել, որ այս պայմաններում ՀՀ պետական մարմիններն առաջին հերթին իրենց աշխատանքի հիմքում դնում են ԻԻՀ-ից ստացվող պաշտոնական տեղեկատվությունը ու միաժամանակ համագործակցում միջազգային համապատասխան կառույցների հետ: - Ո՞րն է Ձեր ուղերձը մեր ընթերցողներին: Չլինելով այս ոլորտի մասնագետ՝ կարծում եմ, որ ամենակարևորը կազմակերպվածությունն է, ընտանիքում, աշխատանքի մեջ և հանրային վայրերում անձնական հիգիենայի կանոնների պահպանությունը, մասնագետների խորհուրդներին հետևելը:Անձամբ ես և դեսպանության անձնակազմը լավատես ենք և վստահ, որ բոլորիս համատեղ ջանքերով այս փորձությունը հաջողությամբ կհաղթահարվի:
17:31 - 26 փետրվարի, 2020