ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

Ուկրաինան ու Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ են պահանջել Բուչայի դեպքերի առնչությամբ

Ուկրաինան ու Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ են պահանջել Բուչայի դեպքերի առնչությամբ

Ռուսաստանն ու Ուկրաինան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ են պահանջել Կիևից ոչ հեռու Բուչա քաղաքում կատարված իրադարձությունների առնչությամբ, որտեղ ռուսական բանակի նահանջից հետո խաղաղ բնակիչների բազմաթիվ դիեր են հայտնաբերվել։ Ռուսաստանը պահանջել է նիստն անցկացնել ապրիլի 4-ին, Ուկրաինան պահանջել է անցկացնել ապրիլի 5-ին։ Ռուսական կողմի մտադրության մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, գրում է Ազատություն ռադիոկայանը (Svoboda.org): Դիվանագետը Բուչայի սպանություններն անվանել է «ուկրաինացի արմատականների աղաղակող սադրանք»։ «Ջրի երես ենք դուրս բերելու իրենց չափը չճանաչող ուկրաինացի սադրիչներին և նրանց արևմտյան հովանավորներին»,- գրել է Պոլյանսկին Թելեգրամի իր ալիքում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, պահանջել է վաղը ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկել Ռուսաստանի գործողությունները։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է Բուչայում անկախ հետաքննություն իրականացնել։ Օրերս Բուչա քաղաքում հայտնաբերվել էին զոհված բնակիչների մարմիններ, այդ թվում՝ մեջքի հետևում կապված ձեռքերով։ Դա տեղի էր ունեցել ռուսական բանակի նահանջից հետո, որը վերահսկում էր քաղաքը մի քանի շաբաթ։ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Արևմտյան երկրները պլանավորում են Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր մեղադրանքները խաղաղ բնակիչների սպանության առնչությամբ։ Գերատեսչության հայտարարությունում ասված է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են և «Կիևի ռեժիմի բեմականացում՝ արևմտյան լրատվամիջոցների համար»։   Նորա Վանյան
12:40 - 04 ապրիլի, 2022
Համաշխարհային ժառանգությունը վտանգված է ուկրաինական պատերազմի պատճառով․ ՅՈւՆԵՍԿՕ

Համաշխարհային ժառանգությունը վտանգված է ուկրաինական պատերազմի պատճառով․ ՅՈւՆԵՍԿՕ

Տասնյակ եկեղեցիներ, պատմական հուշարձաններ և թանգարաններ են տուժել Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ-ն։ Կառույցը նշել է, որ առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Ուկրաինայի Չեռնիգով քաղաքը։ «Մեզ մեծապես անհանգստացնում է իրավիճակն ինչպես հումանիտար, այնպես էլ՝ մշակութային ժառանգության մակարդակում։ Մարդկության ժառանգությունն [Ուկրաինայում] վտանգված է», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով օգնական Էռնեստո Օտտոնեն։ ՄԱԿ մշակութային կառույցը հայտնել է, որ պատերազմի հետևանքով մասնակիորեն կամ ամբողջությամբ վնասված մշակութային հուշարձանների իր նախնական ցանկում ներառված է 29 կրոնական օբյեկտ, 16 պատմական շենք, 4 թանգարան և 4 կոթող։   Նորա Վանյան  
16:26 - 01 ապրիլի, 2022
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց ՀՀ-ի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը․ ԱԳՆ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց ՀՀ-ի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը․ ԱԳՆ

Մարտի 31-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Բանաձևը, որ ավանդաբար ներկայացվում է Հայաստանի կողմից, գնահատելով ներկայիս վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ: Բանաձևը լայն աջակցություն է վայելում, ինչի վկայությունն է բոլոր հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող երկրների կողմից դրա համահեղինակումը: Այս տարի Բանաձևն առաջ է քաշում այնպիսի խնդիրներ ինչպիսիք են հակամարտության ռիսկերի գնահատման և դրանք թույլ չտալուն ուղղված քայլերի ձեռնարկումը, նոր տեխնոլոգիաների չարաշահումը, այդ թվում` սոցիալական հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգները, վերահաստատում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համընդհանուր վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը: Բանաձևն առաջարկում է ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպել համաժողով, որը նվիրված կլինի Կոնվենցիայի 75-ամյակին: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել սոցիալական հարթակների և դրանք որպես ատելության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը: 
11:45 - 01 ապրիլի, 2022
«Ներկայություն ունենալը Շուշիում անմիջապես ցույց է տալիս ՄԱԿ-ի կողմնակալ վերաբերմունքն ու աջակցությունը բռնակալին». բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ |aravot.am|

«Ներկայություն ունենալը Շուշիում անմիջապես ցույց է տալիս ՄԱԿ-ի կողմնակալ վերաբերմունքն ու աջակցությունը բռնակալին». բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ |aravot.am|

aravot.am: Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ դեսպանատների մոտ: Նրանք պահանջում էին կիրառել բոլոր հնարավոր գործուն մեխանիզմներն ու արգելել Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը: ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ցուցարարները հայտարարեցին. «Գիտեք՝ ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, հատկապես սրված է իրավիճակը վերջին մեկ ամսվա ընթացքում: Միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի՝ հերթական ցեղասպանությունը կանխելու համար»: Նրանք նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին, որտեղ մասնավորապես ասված էր. «Ադրբեջանի կողմից իրագործված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ խաղաղ բնակիչների եւ գերիների գլխատումն ու անդամահատումը, միջնադարյան ժամանակաշրջանին բնորոշ ծաղրն ու բարբարոսությունը Արցախի խաղաղ բնակիչների, զինվորների եւ գերիների նկատմամբ մեծ հաշվով մնացել են անպատիժ: Միջազգային հանրությունը անցած մոտ երկու տարվա ընթացքում հնչած կոնկրետ գնահատականներով, հասցեական հայտարարություններով հանդես չի եկել: Միջազգային հանրությունն այս ընթացքում համառորեն աչք է փակել այն փաստի վրա, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից ադրբեջանական բանակում ներգրավվել են նաեւ սիրիացի վարձկան գրոհայիններ»:   Գլխավոր լուսանկարը՝ aravot.am-ի
14:42 - 31 մարտի, 2022
Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները տանում են դեպի պատմական մասշտաբի ճգնաժամ․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները տանում են դեպի պատմական մասշտաբի ճգնաժամ․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները հանգեցնում են պատմական մասշտաբի գլոբալ տնտեսական ճգնաժամի, ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում աշխարհին սպառնացող պարենային ճգնաժամի մասին խոսելիս, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Իրական պատճառները, որոնք համաշխարհային պարենային շուկային սպառնում են լուրջ տուրբուլենտությամբ, բնավ ռուսական գործողությունները չեն, այլ անզուսպ պատժամիջոցային հիստերիան, որն Արևմուքը սանձազերծել է Ռուսաստանի նկատմամբ՝ չմտածելով ոչ, այսպես կոչված, գլոբալ հարավի պետությունների բնակչության, ոչ էլ սեփական քաղաքացիների մասին։ Ռուսաստանին տնտեսապես, ֆինանսապես և լոգիստիկ առումով մեկուսացնելու փորձերը համագործակցության բազմամյա կարգավորված կապերից արդեն պատմական մասշտաբի տնտեսական ճգնաժամի են վերածվում։ Անգամ անփորձ դիտորդի համար է պարզ, որ տրանսպորտային-լոգիստիկ, ֆինանսական կապերի լարվածության թոթափում, մատակարարումների անխափանության ապահովում ու միջազգային գյուղատնտեսական և պարենային շուկաների կայունացում կբերի միայն հրաժարումը միակողմանի ապօրինի սահմանափակող միջոցներից»,- ասել է նա։   Նորա Վանյան
13:10 - 30 մարտի, 2022
ՀՀ փոխվարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարին

ՀՀ փոխվարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում, մարտի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, զրույցի ընթացքում բարձր է գնահատվել տնտեսության դիվերսիֆիկացման, մարդկային կապիտալի ու կայուն տնտեսական զարգացման ուղղություններով համագործակցությունը, քննարկվել են հետքովիդյան իրավիճակի առանձնահատկությունները` դեպի ծով ելք չունեցող պետությունների համար կարևորելով վերջիններիս կարիքներին հարմարեցված լուծումների անհրաժեշտություն: Կողմերն անդրադարձ են կատարել նաև համագործակցության հնարավորությանը թվայնացման, ինչպես նաև ներդրումների աջակցման ուղղություններով: ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերանսի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել մասնավոր հատվածի` թվայնացմանը պատրաստ լինելու գնահատման և ճանապարհային քարտեզի մշակման հարցերում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով շարունակելու քննարկումները` ներդրումների աջակցման ոլորտում կոնկրետ նախաձեռնությունների մշակման նպատակով: Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանի կառավարության անունից վերահաստատել է Օրակարգ 2030-ի և կայուն զարգացման նպատակների իրականացմանը նպաստելու հանձնառությունը:
12:13 - 30 մարտի, 2022
ՄԱԿ-ը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության մասին լուրերով․ Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ը անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության մասին լուրերով․ Ստեֆան Դյուժարիկ

Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրությունները մտահոգիչ են ու միևնույն ժամանակ ՄԱԿ-ը ողջունում է լարվածությունը նվազեցնելու ջանքերը եռակողմ ձևաչափում, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում առկա լարվածության մասին լուրերով: Մենք ողջունում ենք դեէսկալացիայի ջանքերը եռակողմ ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է նա: Դյուժարիկը հավելել է, որ ՄԱԿ-ը «կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման», ինչպես նաև լուծել բոլոր հարցերը «ուղիղ երկխոսության միջոցով»։
21:47 - 29 մարտի, 2022
Զոհրաբ Մնացականյանը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ Արցախի հարցում երկկողմամետության համար
 |civilnet.am|

Զոհրաբ Մնացականյանը խիստ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ին և ԵՄ-ին՝ Արցախի հարցում երկկողմամետության համար |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Թվիթերում քննադատական գրառումներ է արել ՄԱԿ-ի և Եվրամիության պաշտոնյաների հասցեին։ «Երեկ և այսօր զգալի էսկալացիա է եղել Լեռնային Ղարաբաղի արևելքում. Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրազեն և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար». 3 զոհ և 14 վիրավոր կա Արցախում»,- գրել է նա։ «Ավելի քան երկու շաբաթ Արցախը առանց գազի է ցրտաշունչ եղանակին։ Պայմանները մոտ են հումանիտար աղետին։ Ադրբեջանը միտումնավոր հետաձգում է Արցախը սնուցող՝ իր վերահսկողության տակ գտնվող գազատարի վերանորոգումը։ Աշխարհը աներևեկայելի կույր է։ Սրանում ոչ մի նոր բան չկա»,- գրել է Մնացականյանը և շարունակել, որ այս վերջին իրադարձությունները վկայում են Արցախի ժողովրդին սպառնացող շարունակական գոյութենական վտանգի մասին։ «Նրանց պայքարը միշտ եղել է իրենց հողում գոյատևման և անվտանգության համար: Արցախը Ադրբեջանի իրավազորության ներքո կնշանակի Լեռնային Ղարաբաղ առանց հայերի։ Բաքուն երբեք չի թաքցրել իր այդ նպատակը»։ «Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գրասենյակը Ադրբեջանում և Վլադանկա Անդրեևան [ՄԱԿ-ի ներկայացուցիչը Ադրբեջանում – ՍիվիլՆեթ] իրեն հյուրընկալածների հետ խնջույք է անում Շուշիում, երբ բլուրից մի քանի կիլոմետր ներքև Ստեփանակերտում հայերը ծանր վիճակում են։ Պատգամը տպավորիչ է՝ ՄԱԿ-ի աշխատակիցները տոնում են մարդասիրական ահաբեկչությունը և էթնիկ զտումները: Սրտխառնիչ է»։ «Իսկ ՄԱԿ-ի խոսնակը լուսավորում է աշխարհին և [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար] Անտոնիո Գուտերեշին՝ կոչ անելով «կողմերին զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը… Լո՞ւրջ։ Կոնկրետ ո՞ր կողմերին է հորդորում: Հորդորում են Լեռնային Ղարաբաղի հայերին, որ իրենք իրենց հումանիտար աղետ չպատճառե՞ն։ Որ իրենք իրենց դեմ կրակ չբացեն ու դրոններ չօգտագործե՞ն։ Այդպիսի պահերին է, որ լռությունն ավելի արժեքավոր է»։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
10:29 - 27 մարտի, 2022
Արման Թաթոյանը ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակներ գրավոր փաստեր է փոխանցել Արցախում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի և ԵԽ-ի գրասենյակներ գրավոր փաստեր է փոխանցել Արցախում ադրբեջանական զինված ուժերի գործողությունների մասին

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դիմել է ՄԱԿ-ի ու ԵԽ գրասենյակներ ու փաստեր է ներկայացրել Արցախում ադրբեջանական զորքերի գործողությունների առնչությամբ։ Թաթոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակներ գրավոր ձևակերպված փաստեր եմ փոխանցել, այդ թվում` քննարկմամբ այն մասին, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերը` 1) թիրախային կրակոցներ են արձակում գյուղերի, մարդկանց տների վրա՝ որպես համակարգված քաղաքականություն. 2) ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի տները, բնակավայրերը, տեղի են ունենում խաղաղ բնակիչների հոգեբանական ահաբեկումներ. 3) դիտավորությամբ գազից, ջեռուցումից ու տաք ջրից զրկել են ողջ Արցախը, 100,000-ից ավել խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, երեխաների ու տարեցների հաստատություններ: Տեղադրել են փական՝ մարդկանց շանտաժի ենթարկելու համար. 4) այս արարքների և ներխուժումներով, բնակավայրերի անվտանգության խաթարումով առաջ են բերել նոր բռնի տեղահանված խաղաղ բնակիչներ: Ամեն ինչ անում են, որ խաղաղ կյանքը բնակավայրերում չվերականգվի. 5) այսօր արդեն սպանել են Արցախի պաշտպանության բանակի երկու և վիրավորումներ հասցրել մի շարք զինծառայողների, որոնք պաշտպանում են խաղաղ բնակիչներին ադրբեջանական հանցավոր արարքներից և այլն:Այս փաստերը հիմնավորում են Արցախում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: Հիմա հատկապես պետք է միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչ տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով»:
18:38 - 25 մարտի, 2022
ՄԱԿ-ը նոր բանաձևով Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի համար

ՄԱԿ-ը նոր բանաձևով Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի համար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել մի բանաձևի, որով Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի համար և կոչ անում անհապաղ հրադադար հաստատել ու պաշտպանել միլիոնավոր խաղաղ բնակիչներին և նրանց տները, դպրոցներն ու հիվանդանոցները։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։ Բանաձևին կողմ է քվեարկել 140, դեմ՝ 5 երկիր։ Միայն Բելառուսը, Սիրիան, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան են միացել Ռուսաստանին՝ դեմ արտահայտվելով նախաձեռնությանը: Ձեռնպահ է մնացել 38 երկիր, այդ թվում՝ Չինաստանը։ Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի ագրեսիայի «սարսափելի մարդասիրական հետևանքները», որոնք, ինչպես նշվում է, «այնպիսի մասշտաբով են, որը միջազգային հանրությունը չի տեսել Եվրոպայում տասնամյակներ շարունակ»: Դատապարտվում են նաև Ռուսաստանի կողմից խիտ բնակեցված քաղաքների, ներառյալ հարավային Մարիուպոլ քաղաքի գնդակոծությունները, օդային հարվածները և «շրջափակումը»։ Բանաձևը պահանջում է նաև անխոչընդոտ մուտք մարդասիրական օգնության համար։   Լուսանկարը՝ AP-ի
20:52 - 24 մարտի, 2022
Մի խումբ քաղաքացիներ ակցիա իրականացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի հումանիտար ճգնաժամին

Մի խումբ քաղաքացիներ ակցիա իրականացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց՝ պահանջելով արձագանքել Արցախի հումանիտար ճգնաժամին

Այսօր Հայաստանում ՄԱԿ գրասենյակի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին՝ պահանջելով ուշադրություն դարձնել Արցախում տիրող հումանիտար իրավիճակին։ Նրանք նշեցին, որ ակցիան քաղաքական չէ, կարող են միանալ և միացել են և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը սատարող քաղաքացիները։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը ասաց, որ իրենց այս գործողությամբ իրենք միանում են Ստեփանակերտում այսօր բողոքի ակցիա անող իրենց հայրենակիցներին և ուզում են նրանց հայտնել, որ նրանք մենակ չեն։ Ակցիայի կազմակերպիչներից Մարիամ Հայրիյանը հայտնեց, որ իրենց հիմնական նպատակն է միջազգային հանրությանը հասցնել իրենց ուղերձը։ «Ներկայումս տեսնում ենք՝ ինչ ահաբեկչություն է իրականացնում Ադրբեջանը Արցախում։ Սա հումանիտար աղետ է։ Ցանկանում ենք մեր կոչը հղել միջազգային ողջ հանրությանը, որ ուշադրությունը սևեռեն։ Դատապարտում ենք ՄԱԿ գործողությունները, որ Ադրբեջանի օկուպացրած Շուշիում անդամակցության 30-ամյակ են նշում՝ չնայելով, թե ինչ է կատարվում Ստեփանակերտում»,- ասաց Հայրիյանը։ Ակցիայի մասնակիցները նաև գրություն են փոխանցել ՄԱԿ գրասենյակ։
13:19 - 24 մարտի, 2022
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մերժել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մերժել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը

Լուսանկարը՝ Reuters-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդը մերժել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևը, որով կոչ էր արվում պաշտպանելու Ուկրաինայի քաղաքացիական բնակչությանն ու հասանելի դարձնելու հումանիտար օգնությունը, սակայն չէր հիշատակվում Մոսկվայի դերը ճգնաժամում, գրում է Reuters-ը։ Բանաձևին կողմ են քվեարկել միայն Ռուսաստանն ու Չինաստանը, Անվտանգության խորհրդի մյուս 13 անդամները ձեռնպահ են մնացել, դեմ քվեարկող չի եղել։ «Եթե Ռուսաստանին մտահոգեր հումանիտար իրավիճակը, նա չէր ռմբակոծի երեխաներին և կդադարեցներ պաշարման մարտավարությունը։ Բայց նա չի արել դա»,- հայտարարել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը քվեարկությունից հետո։ Ռուսաստանը հերքում է քաղաքացիական անձանց թիրխավորման մեղադրանքը։ Բանաձևն ընդունելու համար Անվտանգության խորհրդին անհրաժեշտ է նվազագույնը ինը քվե և վետոյի բացակայություն Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ կողմից։ Նրանց, ովքեր ձեռնպահ են մնացել, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մեղադրել է «քաղաքական շարժառիթներով» առաջնորդվելու համար։ Մեկնաբանելով Չինաստանի դիրքորոշումը, որը բանաձևին կողմ էր քվեարկել, ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունն ասել է, որ Պեկինն անհապաղ հրադադարի «մեծ հույս ունի», սակայն, ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերից զատ Անվտանգության խորհուրդը պետք է նաև «արձագանքի հումանիտար ճգնաժամին՝ դրական, պրագմատիկ և կառուցողական ձևով»։ Նշենք, որ անցյալ շաբաթ Մոսկվան չեղարկել էր հումանիտար օգնության մասին նախագծի քվեարկությունն Անվտանգության խորհրդում՝ արևմտյան երկրներին մեղադրելով այս քայլի դեմ «աննախադեպ ճնշում գործադրելու» համար։ ԱՄՆ-ն հերքել էր Ռուսաստանի մեղադրանքները։ «Ուկրաինայում ընթացող պատերազմի համար մեղավոր է միայն Ռուսաստանը։ Իր գործողությունների մասին ճշմարտությունը հերքելու Ռուսաստանի երեսպաշտ փորձերը դատապարտված են ձախողման»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։   Նորա Վանյան
11:38 - 24 մարտի, 2022
Եվրոպայում ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր.ՄԱԿ |azatutyun.am|

Եվրոպայում ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից ի վեր.ՄԱԿ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի տվյալներով՝ ուկրաինացիների գրեթե մեկ քառորդը լքել է իր տունը կամ երկիրը, ռուսական բանակի ռազմական գործողություններն Ուկրաինայում առաջացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում։ 2022 թվականի սկզբին Ուկրաինայում ապրում էր 41 միլիոն մարդ։ Նրանցից ավելի քան 3 միլիոնը, ըստ ՄԱԿ-ի, մեկնել է արտերկիր։ 6,5 միլիոն մարդ տեղափոխվել է երկրի ներսում ավելի ապահով տարածքներ: Ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 900 մարդ, այդ թվում՝ 75 երեխա։ Մոտ 1500 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններում ռազմական գործողության ընթացքում զոհվել է մոտ 200 խաղաղ բնակիչ, ավելի քան 500-ը՝ վիրավորվել։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը պնդում է, որ խաղաղ բնակիչների մեծ մասը զոհվել է ծանր հրետանու, հրթիռային և օդային հարվածների հետևանքով։ Զոհերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քանի որ ինտենսիվ մարտերի շրջաններում զոհվածների մասին տվյալները գալիս են ուշացումով: ՄԱԿ-ի առաքելությունները չեն կարող այցելել այն վայրերը, որտեղ մարդիկ են զոհվել, և այնտեղ զրուցել զոհերի հարազատների և ականատեսների հետ: Վիճակագրական տվյալները հիմնված են բաց աղբյուրների տվյալների վրա, որոնք միշտ չէ, որ հնարավոր է ստուգել պատերազմական պայմաններում: Հնարավոր չէ նաև ասել ռուսական կողմի կորուստների մասին։ Պենտագոնի տվյալներով՝ պատերազմի 25 օրերի ընթացքում զոհվել է շուրջ 7 հազար ռուսաստանցի զինվորական, ռուսական կողմն իր զոհերի մասին տվյալներ հրապարակել է միայն մեկ անգամ՝ մոտ երկու շաբաթ առաջ։  
10:33 - 21 մարտի, 2022