ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Համայնքների միավորման գործընթացի ավարտից հետո նրանց կփոխանցվեն մարզպետարանների կողմից մատուցվող որոշ լիազորություններ․ Աշոտ Գիլոյան

Համայնքների միավորման գործընթացի ավարտից հետո նրանց կփոխանցվեն մարզպետարանների կողմից մատուցվող որոշ լիազորություններ․ Աշոտ Գիլոյան

Հայաստանի Հարապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։   - Պարո՛ն Գիլոյան, 2021 թվականին նախատեսվում է ավարտել համայնքների խոշորացման գործընթացը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն որոշե՞լ է՝ քանի նոր փունջ է ձևավորվելու, և նոր խոշորացումները շրջանայի՞ն, թե՞ փնջային սցենարով են իրականացվելու։ - Նախկին 465 համայնքներ արդեն միավորվել են 52-ի մեջ։ Մեր երկրի համայնքների թիվը մինչև 2015 թվականը 915 էր այն դեպքում, երբ մենք ունենք 1004 բնակավայր։ Այսօր ունենք 502 համայնք։ Այդ 502-ը կդառնա 250, 130 թե 80՝ այս պահին պարզ չէ։ Նախարարության դիրքորոշումը հետևյալն է․ համայնքների միավորման ժամանակ գործող ընտրված մարմինների լիազորությունները դադարեցվում են օրենքի ուժով։ Եթե այսօր գնանք, որևէ համայնք միավորենք, այնտեղ ՏԻՄ-երի լիազորությունները կարող ենք դադարեցնել օրենքի ուժով։  - Դուք նախընտրում եք սպասել ՏԻՄ ընտրություններին և այդ ժամանակ իրականացնել խոշորացումը։ - Քանի որ չմիավորված համայնքների ՏԻՄ-երի լիազորությունների ժամկետը հիմնականում լրանում է 2021 թվականի ամռանը և աշնանը, մենք գնալու ենք այդ ճանապարհով, որպեսզի այդ մարդիկ իրենց լիազրությունները բնականոն ավարտեն, և միանգամից փնջերը կձևավորվեն։  - Նախարարությունն ունի՞ ուսումնասիրություններ, թե ինչ փնջեր են ձևավորվելու։ - Ուսումնասիրություններ միշտ եղել են, կան, շարունակվում են, բայց հրապարակման ենթակա դեռ չունենք, որ, օրինակ, Արարատի մարզում լինելու է 10 համայնք կամ նախկին 3 շրջանների թվով՝ երեք համայնք։  Դուք ասացիք շրջանային և փնջային տարբերակների մասին։ Իրավական առումով թե՛ շրջանային, թե՛ փնջային սցենարների դեպքում համայնքների միավորման իրավական  ձևակերպումների, բյուջեի, սահմանների, աշխատակազմերի ձևավորման ընթացակարգերը ոչ մի բանով չեն տարբերվում։  Ես՝ որպես մասնագետ, ավելի հակված եմ շրջանային տարբերակին, որովհետև համայնքների միավորումն ինքնանպատակ չէ, և համայնքների միավորման գործընթացի ավարտից հետո պետք է լիազորությունների ապակենտրոնացման խնդրին անդրադառնալ։ Համայնքները միավորում ենք, թե՛ ֆինանսական, թե՛ նյութական կարողություններն ուժեղացնում ենք, որ հետո արդեն ուժեղացված համայնքներին փոխանցենք պետության, մարզպետարանների կողմից մատուցվող որոշ լիազորություններ՝ հանրակրթություն, սոցիալական ոլորտ, առողջապահություն, ճանապարհային պահպանություն։  - Լիազորությունների փոխանցման գործընթացը ե՞րբ կիրականացվի, խոշորացման ավարտից հետո՞։ - Հիմնականում՝ այո՛, բայց որպեսզի մենք այս ժամանակահատվածն իզուր չկորցնենք (լիազորությունների ապակենտրոնացում ասվածը շատ բարդ, նուրբ ռեֆորմ է), որոշել ենք այս տարվա մեջ, հաջորդ տարվա սկզբին փորձել արդեն միավորված համայնքներում պիլոտային ծրագրով որոշակի լիազորություններ փոխանցել, տեսնել՝ ինչպես է ստացվում։  - Պիլոտային ծրագրերը ո՞ր մարզում են լինելու։ Գուցե Սյունիքում կամ Վայոց ձորո՞ւմ, քանի որ այնտեղ ավարտվել է խոշորացման գործընթացը։ - Շատ հնարավոր է՝ Սյունիքում։ Ավարտվել ասվածի վերաբերյալ․ վարչատարածքային բարեփոխումները շարունակական պրոցես են, հետագայում նույն Սյունիքի միավորված համայնքները կարող են որոշել իրենց ցանկությամբ միավորվել ավելի մեծ փնջում։ Օրինակ, Գորայք համայնքը ստեղծվել է ընդամենը 4 գյուղերից՝ Ամուլսարի գաղափարախոսության շուրջ։ Ամուլսարի հանքարդյունաբերությունից մեծ գումաներ էին ուղղվում կոնկրետ Գորայք գյուղին, այդ չորս գյուղը միավորել ենք, որ ընդհանուր գումարը ծախսվի այդ չորս համայնքի համար։ Բայց հիմա, երբ Ամուլսարը չկա, այդ 4 համայնքների միավորումն իրենից ոչինչ չի ներկայացնում․ ֆինանսական և մնացած տեսակետներից շատ թույլ համայնք է։  - Այսինքն՝ չե՞ք բացառում, որ արդեն ձևավորված փնջերում վարչատարածքային նոր փոփոխություններ լինեն։  - Չեմ բացառում, բայց դա արդեն հաջորդ փուլն է։ Երբ ամբողջը միավորենք, նաև կարող ենք դրան անդրադառնալ, եթե, իհարկե, օրինակ, Գորայքի բնակիչները կամավոր չեն եկել, ասել՝ մենք ուզում ենք Սիսիանի հետ նախկին շրջանի ձևաչափով միանալ։ Եթե կամավորության սկզբունքով գան, կառավարությունը կդիտարկի։ - Եթե չլինի համայնքների կամավոր նախաձեռնություն, կառավարությունը կնախաձեռնի՞։ - Կառավարությունը կնախաձեռնի, եթե տեսնի, որ համայնքներն իրենց կարողություններով չեն արդարացնում իրենց։ - Եթե մարզպետարանների որոշ լիազորություններ կամաց-կամաց փոխանցվում են ՏԻՄ-երին, արդյո՞ք մարզերի թիվը նույնն է մնալու, թե՞ նաև մարզերի մակարդակով են վարչատարածքային փոփոխություններ լինելու։  - Իմ կարծիքով՝ մարզի գաղափարախոսությունն արդեն պատմություն է դարձել։ Թե ընդհանուր քաղաքականությունն ինչպիսին կլինի՝ չեմ կարող ասել, այս պահին հստակություն չկա, բայց, իմ անձնական կարծիքով, մարզերը գոնե պատմական անունները պահելու առումով չպետք է փոփոխվեն։ Երբ մարզպետարանների լիազրությունները համատարած փոխանցվեն խոշոր միավորված համայնքներին կամ միավորված համայնքների միջհամայնքային միավորումներին (որովհետև այս պահին, ենթադրենք,  Գորայքին դպրոցների շենք-շինությունները կամ այլ լիազրություն փոխանցելն ուղղակի արդարացված չէ, եթե մենք այնտեղ փոխանցում անենք, ապա նախկին շրջանային ձևաչափով միջհամայնքային միավորում կստեղծենք, և որպես պատվիրակված լիազորություն՝ դա կփոխանցենք այդ միջհամայնքային միավորմանը), մարզպետարանների աշխատակազմերը ավելի կփոքրանան։ Կարծում եմ՝ մարզպետարանները պետք է պահենք, և որոշակի պետական լիազորություններ՝ պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, մարզի զարգացման գաղափարախոսություն, վարչական վերահսկողություն, մարզպետարանին թողնելը ճիշտ կլինի։ Բայց մարզպետարանները կգործեն ավելի փոքր՝ 15-20 հոգանոց աշխատակազմերով։  Լիազորություն փոխանցելն ավելի բարդ է, քան համայնք խոշորացնելը, որովհետև լիազորությունը կոնկրետ ծառայություն է, օրինակ՝ հանրակրթությունը։ Մենք չպիտի տապալենք այդ ամենը, պիտի այնպես անենք, որ սահուն անցնենք։ Միավորված համայնքներում պետք է կարողություններ ստեղծենք։ Այն կարող ուժերը, որոնք այսօր մարզպետարանում աշխատում են, երևի կգնան միավորված համայնքներում աշխատելու։ Քանի դեռ այդ կարողությունը չենք ստեղծել համայնքներում, լիազորություն փոխանցելը ռիսկային է։  - Խոշորացված համայնքների ավագանու կազմում բոլոր բնակավայրերի ներկայացվածությունն ապահովելու համար քվոտաներ չեն սահմանվում։ Հիմնական պատճառաբանությունն այն է, որ բոլոր բնակավայրերն ունեն վարչական ղեկավարներ, որոնք բարձրաձայնում են բնակավայրերի խնդիրները։ Ի տարերություն ավագանու անդամների՝ վարչական ղեկավարները որոշումներ կայացնելու և համայնքապետի որոշումների վրա ազդելու լիազորություններ չունեն։ Վտանգ չկա՞, որ բոլոր բնակավայրերը հավասար չեն մասնակցի համայնքի կառավարմանը։ - Մենք հիմնավորում չենք բերում, որ վարչական ղեկավարները մասնակցում են, դրա համար քվոտա չենք սահմանում։ Վարչական ղեկավարն այսօր ունի բոլոր լիազորությունները, ինչ նախկինում տրված էին համայնքի ղեկավարին․ միայն ֆինանսական լիազորություն չունի։ Վարչական ղեկավարն ունի լրացուցիչ լիազորություն, որ ավագանու նիստին  մասնակցում է, բնակավայրի խնդիրը բարձրացնում է։ Այո՛, քվեարկելու, որոշում կայացնելու իրավունք չունի։ Բայց ես համոզված եմ, որ համայնքի վարչական ղեկավարից լավ որևէ մեկը չի տիրապետում բնակավայրի խնդիրներին, խնդիրների լուծման առաջնահերթություններին։  Ինչո՞ւ քվոտա չի սահմանվում։ Վերցնենք Սյունիքի Սիսիան կամ Կապան համայնքը։ Նախ, մեր խոշորացված համայնքներում բնակավայրերի չափերը տարբեր են։ Գործող օրենսդրությամբ, ենթադրենք, որոշակի թվով ընտրողներին հատկացված են ավագանու որոշակի թվով անդամներ։ Սիսիանին ու Կապանին ավագանու 15 անդամ է հատկացված, բայց Սիսիանի ու Կապանի բնակավայրերի թիվը, ենթադրենք, 32 է։ Եթե քվոտա սահմանենք, ավագանու առնվազն 32 անդամ պետք է ունենանք։ Բայց դա էլ չէ պատճառը։ Դուք կարող եք ասել՝ օրենքով փոխե՛ք, քվոտա՛ սահմանեք, թող ավագանու կազմը 32 հոգուց կազմված լինի։ Գաղափարախոսությունը հետևյալն է․ սխալ մոտեցում է, երբ ասում են՝ բնակավայրն ավագանու անդամ չունի, ուրեմն չի մասնակցում որոշումների կայացամանը։ Միավորված համայնքի ավագանին, անկախ նրանից՝ նրա կազմում համայնքային կենտրոնից են շատ անդամներ, թե ոչ, խոշորացված համայնքի ավագանին է, այդ մի բնակավայրի ավագանին չէ։  Դիլիջան խոշորացված համայնքում ունենք 7 բնակավայր։ Հաղարծինը ընտրողների թվով մոտ երեք անգամ ավելի մեծ է, քան Թեղուտը, բայց երբ Դիլիջան համայնքի ավագանի էր ընտրվում, ավագանու 15 անդամից 10-ը ընտրվեց Դիլիջանից, 3-ը՝ Թեղուտից, 1-ը՝ Հաղարծինից, 1-ը՝ Գոշից։ Մյուս երեք բնակավայրից չընտրվեցին։ Ավագանու կազմը 15 հոգուց էր կազմված, բոլոր բնակավայրերից էլ կարող էին ընտրվել՝ ըստ տրամաբանության։ Հաղարծինը Թեղուտից երեք անգամ շատ բնակչություն ունի, բայց մի հոգի ընտրվեց, որովհետև հաղարծինցիների ամբիցիաներն ավելի շատ էին, նրանք 10 թեկնածու ունեին։ Երբ դու թեկնածու ես, քեզ հիմնականում քո բնակավայրի բնակիչները պետք է ձայն տան․ արդյունքում հաղարծինցիների ձայները կիսվեցին, և թեկնածուները համապատասխան ձայներ չհավաքեցին։ Իսկ թեղուտցիներն ի սկզբանե 3 թեկնածու առաջադրեցին, այդ երեքի մեջ ձայները բաժանվեցին, արդյունքում Թեղուտից եղավ ավագանու երեք անդամ։  Բայց դա բոլորովին չի նշանակում, որ եթե Խաչարձանից ավագանու անդամ չկա, Խաչարձանը քանդվեց։ Ավագանին նայում է՝ ըստ առաջնահերթության, խնդրի կարևորության։ Եթե, օրինակ, ջրագծի խնդիր կա, միանշանակ որոշումը կայացվում է՝ հօգուտ ամենափոքր բնակավայրի։ Երբ ասում են՝ քվոտա սահմանենք, ամեն բնակավայրից ավագանու անդամ լինի, որ գնա իր բնակավայրի շահը պաշտպանի, այդ դեպքում նույն բանը կստացվի, որ չես խոշորացրել, կլինի կարապի, խեցգետնի և գայլաձկան պատմությունը՝ ես ինձ քաշեմ, դու քեզ քաշես։ Այդպես չպետք է լինի, այլ ընտրված ավագանին պետք է ավելի մեծ տեսլական ունենա, պետք է մտածի իր համայնքի զարգացման մասին, իսկ համայնքը պետք է զարգացնի նաև բնակավայրի խնդիրները լուծելով՝ ըստ առաջնահերթությունների։ Եթե Խաչարձանի և Աղավնավանքի խնդիրն ավելի առաջնահերթ է, քան Դիլիջանի աղբահանությունը, պետք է այդ հարցը լուծվի։  Բայց հիմա քվոտայի հարցը փակվում է, քանի որ ԱԺ-ն ընդունեց օրենք, խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգ ներդրվեց, որով քաղաքական պատասխանատվությամբ քաղաքական ուժը գալու է, և նա բոլոր բնակավայրերից կընդգրկի, թե մի մասից կընդգրկի՝ ինքն է լինելու պատասխանատվություն կրողը։ Դա ռազմավարական փոփոխություն է։ Այսօրվա ձևաչափով գյուղերում ընտրվում է մի մարդ, որովհետև նրա ազգը մեծ է՝ անկախ այդ մարդու կարողություններից, կրթական ցենզից։ Ազգով, ընկերությամբ ընտրված համայնքի ղեկավարները ինչքա՞ն պետք է մնան։ - Նկատի ունեք՝ համամասնականը կնպաստի՞, որ այդ ձևով ՏԻՄ-եր այլևս չընտրվեն։ - Ե՛վ համամասնական ընտրակարգը կնպաստի, և՛ համայնքների միավորումը։ Որովհետև միայն այդ գյուղի պարագայում ինչ օրենք ուզում ես, գրի՛ր, ընտրվելու է մարդը, որն ամենամեծ ազգն ունի։ - Այս դեպքում էլ այդ նույն մարդը կդառնա որևէ կուսակցության անդամ, այդ կուսակցության ցուցակով կառաջադրվի։  - Դա արդեն այդ կուսակցության ռիսկն է, այդ քաղաքկաան ուժի հարցն է։ Կարող են լինել նման դեպքեր, բայց դա նվազագույնն է։ Իսկ այս ընտրակարգով դատապարտված ես։  - Օրենքով նախատեսված է, որ երբ կառավարությունը սկսում է խոշորացում, համայնքը կարող է նառաձեռնել տեղական հանրաքվե և իր կարծիքն ասել։ Ինչպե՞ս եք լսում այն համայնքներին, որոնք չեն նախաձեռնում տեղական հանրաքվե։ - Մինչև կառավարության ոորոշումն ու Ազգային ժողովի՝ օրենքն ընդունելը, բնակիչների հետ անպայման հանդիպում ենք։ Օրինակ, Տավուշի մարզում Իջևանը միավորելուց առաջ ես անցած տարվա ամռանը  տարբեր մարզերի մոտ 125 համայնքներում եղել եմ, բնակչների հետ հանդիպումներ եմ ունեցել՝ համայնքների միավորման թեմայով։ Եղել եմ նաև Տավուշի մարզի նախկին չմիավորված 20 համայնքներում, որոնք արդեն Իջևան խոշորացված համայնքի մեջ են։  Մեզ հիմնականում քննադատում էին, հատկապես նախորդ խոշորացումից հետո, որ բնակչության կարծիքը հաշվի չի առնվում։ Մինչև 2015 թվականը՝ առաջին երեք փնջերը ձևավորելուց առաջ, հանրաքվեներ անցկացրինք։ 2015-ի Սահմանադրությամբ հանրաքվեի ինստիտուտը հանվեց։ Ինչ-որ տեղ ես համաձայն եմ, որ հանվեց այդ ձևաչափը, որովհետև ասվում էր՝ հանրաքվե անենք, Կառավարությունը հանրաքվե էր անում, բայց բնակչին ասում էր՝ ես քո կարծիքը հաշվի չեմ առնում,  - Չէ՞ որ հիմա էլ խորհրդատվական բնույթ ունեն այդ տեղական հանրաքվեները։  - Բայց հիմա նախաձեռնությունը կառավարությանը չէ․ օրենքը թույլ է տվել բնակչությանն իր համայնքի տեղական իշխանության հետ նախաձեռնություն անել։  - Վարչապետն ու նախարարը հայտարարել են, որ եթե համայնքը նախաձեռնի հանրաքվե և դեմ լինի խոշորացմանը, կառավարությունը կխուսափի տվյալ համայնքը խոշորացնելուց։ Եթե կառավարությունն առաջնորդվելու է հանրաքվեի արդյունքներով, ինչո՞ւ պարտադիր կատարման ուժ չտալ դրանց։ - Դա սկբունքորեն հակաիրավական կդառնա։ Այո՛, եթե համայնքը նախաձեռնում է հանրաքվե, և բացասական է լինում նրա դիրքորոշումը, կառավարությունը, Ազգային ժողովի պատգամավորները պետք է մտածեն այդ մասին։ Այդ բացասական ասվածը հարաբերական է․ որևէ բնակավայր, որևէ նախկին համայնք բացասական է արտահայտվել, բայց այդ բացասականը քանի՞ տոկոս է, ընտրելու իրավունք ունեցողներից քանի՞սն են մասնակցել, և այդ մասնակիցների քանի՞ տոկոսն է դեմ արտահայտվել։ - Ենթադրենք, ընտրելու իրավունք ունեցող բնակիչների կեսից ավելին մասնակցել է, և գերակշիռ մեծամասնությունը դեմ է քվեարկել։ - Այդ դեպքում կառավարությունը, ԱԺ-ն մտածելու տեղ ունեն քվեարկելիս։ Դա նույն բանն է, ինչ կառավարության կառուցվածքը։ Կառավարությունը որոշում է, և օրենքով սահմանվում է, որ պետք է 12 նախարարություն լինի։ Տեղական իշխանությունը նույնպես այդ տրամաբանությամբ է ձևավորվում։ Այսինքն՝ կառավարությանն է տեսանելի՝ ինքն իշխանությունների ինչպիսի համակարգ պետք է ունենա, ինչ ձևաչափով, որպեսզի կառավարումն արդյունավետ լինի, լիազորություն փոխանցի, բնակչությանը ճիշտ ծառայություն մատուցի։ Բնակիչները համաձայն չեն մի քանի արգումենտներով, որովհետև իրենց գործող գյուղապետերը գիշեր-ցերեկ ասում են՝ եթե համայնքը խոշորացավ, քանդվելու է։ Եթե ես գնամ, բնակչին բացատրեմ, նա պիտի հիմնավորի՝ ինչու է դեմ։ Երբ ես ասում եմ՝ միավորում եմ, հիմնավորում եմ, թե ինչու եմ միավորում։ Նա չի կարողանում հիմնավորել, քանի որ նրան սովորեցրել են՝ հիմա կքանդվի համայնքը, մենք առանձնահատուկ ենք։ Բայց համայնքների միավորումը բնակավայրի առանձնահատկությունը ոչ մի բանով չի խաթարում, ընդհակառակը՝ ուժեղացնում է։ Խոսքն իշխանության մասին է, բնակավայրի իդենտիֆիկացիայի մասին չէ։ Մենք ինչքա՞ն կարող ենք այդքան փոքր իշխանություններ ունենալ, որոնք ոչ մի բան չեն կարող անել։ Մեր բոլոր հայրենակիցները տարբեր հարցերով վարչապետին նամակ են գրում, մենք մասնակից ենք պետական կառավարմանը, բայց տեղական իշխանությանը չենք մասնակցում, որովհետև այս տարիների ընթացքում այդ մոտիվացիան ձգտում է զրոյի։ Մարդը մասնակցում է այն իշխանությանը, այն որոշումների կայացմանը, որից ակնկալիք ունի։ Գյուղացին գալիս է համայնքապետի մոտ, ասում՝ իմ փողո՛ցը լուսավորիր, մանկապարտե՛զ կառուցիր, դպրոցի ճանապարհն ասֆալտապատի՛ր, համայնքապետը միշտ ցույց է տալիս վերևները՝ մարզպետարան, կառավարություն։   Տեղական ժողովրդավարություն ասվածն ի՞նչ է․ բնակիչը պետք է մասնակցի որոշումների կայացմանը, ուղիղ ժողովրդավարություն պիտի լինի, բայց, ցավոք սրտի, չկա։ Իսկ հիմա խոշորացված համայնքներում ամեն ինչ ավելի հրապարակային է, ավելի թափանցիկ է, ավելի մասնակցային է։ Որովհետև եթե այն ժամանակ այդ մի բնակավայրի տարածքում ասում էին՝ մեր համայնքապետն է, մեզնից հարկ չի վերցնում, պահանջատեր չէին, հիմա այդ բնակավայրի բնակիչն արդեն պահանջատեր է․ եթե տեսնում է՝ կողքի բնակավայրում ասֆալտ են անում, իրենց մոտ չեն անում, վարչական ղեկավարից ու համայնքապետից պահանջում է։  Դրա համար ասում եմ՝ կառավարությանն է տեսանելի, թե քանի տեղական իշխանություն պետք է ձևավորվի։ ԱԺ պատգամավորները ցանկացած օրենքում կարող են նախաձեռնել փոփոխություն՝ բացի «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից։ Այստեղ գաղափարախոսություն կա, որովհետև կառավարությունն է, վերջիվերջո, պատասխանատու այդ ամենի համար։  Եթե բնակիչները տեղական հանրաքվե նախաձեռնեն, հանրաքվեից առաջ ես գնալու եմ, այդ գյուղերում բնակիչների հետ խոսելու և բացատրելու եմ, որ հասկանան և գնան, հանրաքվեին կողմ քվեարկեն։  Շատերն ասում են՝ խոշորացրել ենք, ի՞նչ է փոխվել։ Շատ բաներ են եղել, այդ օգուտներն անզեն աչքով տեսանելի են։ Բոլոր միավորված համայնքների սեփական եկամուտները 25-75 տոկոսով աճել են։ Աճել են  նրա հաշվին, որ ամեն ինչ թափանցիկ է։ Առանձին համայնքների պարագայում ստվերային էին հարկերը, որոշ մարդկանցից գանձում էին, որոշ մարդկանցից՝ ոչ։ - Հիմա չկա՞ հարկերի ստվերային գանձում։ - Իհա՛րկե, չկա։ Եթե կա էլ, զրոյի է ձգտում, որովհետև արդեն մի բնակավայր չէ, հիմա մրցակցայնությունը, պահանջատիրությունն աճել են։ Աշխատակազմերի առումով էլ փոփոխություն է եղել։ Ասում են՝ հաստիքներ են կրճատվել։ Ցավալի ռեֆորմ է, այո՛, որովհետև եթե գյուղում կա մի մարդ, որն աշխատում է գյուղապետարանում, և նրա աշխատավարձը, ենթադրենք, 80 հազար կամ 120 հազար դրամ է, այդ աշխատավարձից զրկվելը նրա ընտանիքին դժվարության առաջ է կանգնեցնում։ Բայց մենք պետք է նաև մի բան հասկանանք․ համայնքապետարանը սոցիալական հիմնարկ չէ, տեղական իշխանությունը նրա համար է, որ աջակցի, աշխատատեղ ստեղծի, որ մարդիկ գնան, այնտեղ աշխատեն, արժանավայել աշխատավարձ ստանան։ Հունվարի մեկի դրությամբ (դրանից հետո խոշորացված համայնքներում բազմաթիվ աշխատատեղեր են սեղծվել) բոլոր խոշորացված համայնքներում մոտ 1500 հաստիք կրճատվել է, բայց ստեղծվել է 1000 հաստիք։ Իսկ աշխատատեղերի ստեղծման գործընթացը շարունակվում է։ Աննա Սահակյան
21:02 - 12 հուլիսի, 2020
200 միլիոն դրամի ներդրում՝ Ախթալա խոշորացված համայնքում․ ՀՏԶՀ

200 միլիոն դրամի ներդրում՝ Ախթալա խոշորացված համայնքում․ ՀՏԶՀ

Այսօր ՏԿԵ նախարարության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը և ՀՏԶՀ –ի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի համակարգող Գոռ Դարբինյանն այցելել են Ախթալա համայնք, որտեղ իրականացվել են խոշոր ներդրումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՏԶՀ-ն։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ «Ախթալա խոշորացված համայնքի կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական վերազինում, գյուղատնտեսության աջակցություն և տրանսպորտային համակարգի ձևավորում» ծրագրի արդյունքներին, որի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 200 միլիոն դրամ: Վերը նշված ծրագրի երկրորդ բաղադրիչով Ախթալա խոշորացված համայնքն արդեն իսկ ստացել է 101 միլիոն դրամի գույք, այդ թվում՝ 150 աղբաման, հացահատիկային կոմբայն, միկրոավտոբուս և մեկ ինքնաթափ մեքենա, ևս մեկ աղբատար մեքենա կստանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Ընթացիկ տարում համայնքը կստանա նաև բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, շարքացան, սրսկիչ, խոտհավաք և խոտհնձիչ: ՀՏԶՀ Գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղում հանդիպեց համայնքի ղեկավարի և բնակիչների հետ։ Նա նախ շնորհավորեց համայնքի ներկայացուցիչներին համայնքի կարողությունների զարգացման առումով և հույս հայտնեց, որ խոշորացված համայնքում հետայսու ավելի կհեշտանան գյուղատնտեսական աշխատանքներն, և կբարելավվի համայնքային ծառայությունների որակը: Բացի այդ` համայնքը սեփական պահանջարկը բավարարելուց զատ` հնարավորություն կունենա էականորեն ավելացնել սեփական եկամուտները: Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը և համայնքի բնակիչները շնորհակալություն հայտնեցին հյուրերին` ծրագրի հաջող իրականացման համար` նշելով, որ համայնքում ընթացող գյուղատնտեսական աշխատանքները, շնորհիվ այս ծրագրի, կիրականացվեն առավել արդյունավետ: Ներդրումները կատարվել են ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի երկրորդ բաղադրիչի՝ «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր ղեկավարումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության կողմից:
19:35 - 11 հուլիսի, 2020
Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ

Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն. դրամ. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Սյունիքի մարզում այսօր մեկնարկում է երեք խոշոր բնակավայրերի մի շարք թաղամասերի գազաֆիկացման լայնածավալ ծրագիր: ՀՏԶՀ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Կառավարության հատկացրած միջոցներով նախատեսվում է կապույտ վառելիքը հասցնել Մեղրի միավորված համայնքի, ինչպես նաև Լեհվազ և Ագարակ բնակավայրերի այն հատվածներ, որոնք գազաֆիկացված չեն: Մեղրի քաղաքում կառավարության ներդրումը կազմում է շուրջ 72.5 միլիոն դրամ, Լեհվազ բնակավայրում` շուրջ 56 միլիոն դրամ և Ագարակ բնակավայրում` 128.9 միլիոն դրամ: Ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ 260 միլիոն դրամ: Այսպիսով` ծրագրի հաջող ավարտից հետո բնական գազով կապահովվի շուրջ 500 տնտեսություն, ևս 1500 տնտեսության համար էլ գազաֆիկացման գործընթացն ավելի կհեշտանա: Ծրագիրը կավարտվի 2021 թվականին:
16:37 - 10 հուլիսի, 2020
Պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին ընդերքի մասին օրենքի նախագծի հրատապությանը, քանի որ այն բավականին ծավալուն է |armtimes.com|

Պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին ընդերքի մասին օրենքի նախագծի հրատապությանը, քանի որ այն բավականին ծավալուն է |armtimes.com|

armtimes.com: Այսօրվա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված է նաեւ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Այն բաղկացած է 5 փաթեթներից եւ պետք է քննարկվի 24-ժամյա ռեժիմով։ Երբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, պատգամավորներից շատերը անդրադարձան օրինագծի հրատապության պատճառներին։ Ըստ նրանց՝ անհասկանալի է օրինագծի հրատապությունը։ Նրանցից մի քանիսը շեշտեց նաեւ, որ այն բավականին ծավալուն է, եւ որ չեն կարող նույնսիկ հասկանալ, թե ինչպես քվեարկել։ Պատգամավորներից մի քանիսը հայտնեցին նաեւ, որ չեն կարող ամբողջությամբ ուսումնասիրել օրենքի նախագիծը, քանի որ միայն տեղեկանքը բաղկացած է 50 էջից, իսկ իրենք օրակարգին ծանոթացել են երեկ երեկոյան։ Շուշանյանն իր ելույթում փորձեց անդրադառնալ մի քանի կարեւոր կետերի, սակայն ժամանակը չհերիքեց՝ ներկայացնելու ամբողջ փաթեթը։ Այնուամենայնիվ, փոխնախարարը հայտնեց, որ օրինագիծը ոլորտի զարգացման, ռեֆորմի համար կարեւոր նշանակություն ունի։ Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է արդյունահանման թույլտվությունը չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարները ուսումնասիրված եւ հաստատված չեն վերջին՝ մետաղականի համար 5 տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ 10 տարվա ընթացքում։ Մյուս փոփոխությամբ նաեւ հանքավայրերը չտրոհելու մասով ռազմավարական քայլ է արվում։ Ինչպես նշեց Շուշանյանը, դրանք տրվելու են ամբողջ պաշարով։ Սա արվում է նրա համար, որ հանքավայրերը չմասնատվեն մի շարք տնտեսվարողների միջեւ, քանի որ դրանով խախտվում է ամբողջ համակարգը։ Ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ է նախագիծը քննարկվում 24-ժամյա ռեժիմով, Շուշանյանը հայտնեց, որ համակարծիք է. նման լուրջ նախագծերը պետք է ավելի ընդգրկուն քննարկվեին։ Այնուամենայնիվ, նա պարզաբանեց, որ կան մի շարք հարցեր, որոնք ժամկետի առումով խնդիր ունեն։ Մասնավորապես՝ Կառավարության որոշմամբ փորձաքննության կարգը հաստատելու համար անհրաժեշտ են այս փոփոխությունները ավելի վաղ։ Նա նաեւ հայտնեց, որ այսօր տնտեսվարողներն առաջարկել են պատրաստի փաթեթներ, սակայն չեն կարող դրանք առաջ տանել, քանի որ կան օրենսդրական այս բացերը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդնայնն իր ելույթում խոսեց նախագծի կարեւորության մասին։ Ըստ նրա՝ նախգծով փորձ է արվում արդիականացնել այն մեխանիզմները, որոնք դրված են հանքի շահագործման բնագավառում։ Նա անդրադարձավ նաեւ հրատապության թեմայով քննարկումներին եւ նշեց, որ հրատապության հարցը վերապահված է ԱԺ խորհրդին։ «Խորհուրդը քննարկել է այս հարցը, կայացրել որոշում, ընդ որում, Խորհրդին ներկա էին բոլոր հանձնաժողովների նախագահները։ Նրանք կարող էին հայտնել իրենց դիրքորոշումները»,- ասաց նա եւ հիշեցրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում հարցը քննարկվելու է հանձնաժողովում:
16:13 - 08 հուլիսի, 2020
Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քաղավիացիայի դեմ ուղղված անօրինական գործողությունների և փորձերի համար |hetq.am|

Առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել քաղավիացիայի դեմ ուղղված անօրինական գործողությունների և փորձերի համար |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսել քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված այնպիսի անօրինական գործողությունների և փորձերի նկատմամբ, որոնք կվտանգեն ավիացիայի անխափան, արդյունավետ և անվտանգության գործունեությունը: Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նման նախագիծ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում: Այս նախագծով առաջարկվում է 4-8 տարի ազատազրկում նախատեսել օդանավ փախցնելու կամ փախցնելու նպատակով զավթելու համար։ Իսկ եթե այդ արարքը կատարված կլինի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝ կնախատեսվի 7-12 տարի ազատազրկում: Եթե այս արարքները կատարված կլինեն կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրած կլինեն մահ, այլ ծանր հետևանքներ կնախատեսվի ազատազրկում՝ 8-15 տարի ժամկետով: Մեկ այլ փոփոխությամբ՝ 4-6 տարի ազատազրկում կնախատեսվի շահագործման մեջ գտնվող օդանավը ոչնչացնելու համար: Եթե այն կկատրվի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով, զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով կնախատեսվի ազատազրկում՝ 6-8 տարի ժամկետով: Իսկ եթե այդ արարքն առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ կնախատեսվի ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։ Առաջարկվող փոփոխությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր օդանավում, օդանավակայանում տեղադրելու, պահելու համար նախատեսվում է ազատազրկում՝ 3-5 տարի ժամկետով։ Եթե այդ արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով՝ 5-8 տարի ժամկետով։ Շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին, շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելու համար կնախատեսվի ազատազրկում՝ 8-10 տարի ժամկետով: Իսկ եթե այդ արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ կնախատեսվի ազատազրկում՝ 10-15 տարի ժամկետով։Ավելին՝ hetq.am-ում։
21:35 - 07 հուլիսի, 2020
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ, քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ, քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին՝ նախարար Պապիկյանը բարձր է գնահատել Գերմանական զարգացման գործակալության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KFW) արդյունավետ ներգրավվածությունն ու աջակցությունը` ՀՀ վարչատարածքային բարեփոխման, միավորված համայնքներում ծառայությունների բարելավման և համայնքային ենթակառուցվածքների զարգացման գործում: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել KFW բանկի՝ Հայաստանում գյուղական բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացման ծրագրի վերսկսմանը միտված գործընկերային և կառուցողական մոտեցման նկատմամբ: Իր հերթին դեսպան Բանցհաֆը խոսել է բազմաբնակավայր համայնքներում քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնման, ինչպես նաև ջրային և էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունից և վերահաստատել գերմանական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը դրանց իրագործման հարցում: Դեսպանի խոսքով՝ Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դրսևորվում է հատկապես այն ոլորտներում, որոնք ղեկավարվում և համակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և KFW բանկի աջակցությամբ ՀՀ ենթակառուցվածքների արդիականացման, Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման, ինչպես նաև Վրաստան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերի ընթացքին և դրանց հետագա իրագործմանը: Երկուստեք կարևորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը, որը թույլ կտա սեղմ ժամկետներում հաղթահարել համավարակով պայմանավորված առկա խոչընդոտները և ապահովել վերոնշյալ ծրագրերի կայուն շարունակականությունը:
14:40 - 07 հուլիսի, 2020
Այս տարվա բյուջեով հանրապետության մարզերում կհիմնանորոգվի 251 կմ-ից ավելի ճանապարհահատված |armenpress.am|

Այս տարվա բյուջեով հանրապետության մարզերում կհիմնանորոգվի 251 կմ-ից ավելի ճանապարհահատված |armenpress.am|

armenpress.am: Պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագիրն իրականացնելու նպատակով 2020 թվականի պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 21, 6 մլրդ դրամ: Արդյունքում,  հանրապետության մարզերում շուրջ 251,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված և թվով 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանք կիրականացվի:Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայում իրականացման փուլում են գտնվում փոխանցիկ համարվող ծրագրերը, որոնք չեն ավարտվել 2019-ին: Այդ ծրագրերով շուրջ 31 կմ ճանապարհատվածի շինարարություն է ընթանում: «Այս տարվա համար նախատեսված շինարարական աշխատանքների մասով գրեթե ամբողջությամբ ավարտել ենք մրցութային գործընթացները, կնքել ենք պայմանագրերն, ամբողջ ծավալով անցել ենք շինարարական մեկնարկի փուլ: Մոբիլիզացվել են շինարարական ընկերությունները, և առջևում մեզ սպասում են մեծածավալ շինարարական աշխատանքներ»,-ասաց Քրիստինե Ղալեչյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի սպասվում է նաև շուրջ 87 կմ միջին նորոգման աշխատանքներ, որոնք ևս մեկնարկային փուլում են: Նախարարի տեղակալը նշեց, որ սա բարձր ցուցանիշ է, սակայն հույս հայտնեց, որ պլանավորված ամբողջ հատվածի աշխատանքը կիրականացվեն: Աշխատանքներում ներգրավված են այնպիսի ճանապարհներ, որոնք տասնամյականեր շարունակ չեն հիմնանորոգվել: Մասնավորապես, ճանապարհաշինություն է կատարվում Այգեպարում, Բերդավանում, Բերքաբերում և այլ համայնքներում: «Առհասարակ խնդիր է դրված՝ սահմանամերձ շրջաններում ճանապարհների որակի մակարդակը պետք է որևէ ձևով չզիջի քաղաքներին: Ասեմ, որ ընդհանրապես ճանապարհների որակի հարցը այս տարի ևս հստակ է դրված: Այս ընթացքում եղել են խնդիրներ կապալառուների հետ կապված, երբ աշխատանքը չի ընդունվել, որից հետո թերություններն արագ շտկվել են: Մի բան հստակ է, թերի աշխատանք չի ընդունվելու»,-ասաց նա: Նախարարի տեղակալը նկատեց, որ այս ընթացքում հնարավորություններ են ստեղծվել, որ համայնքներում, մարզերում արտագնա աշխատանքից վերադարձած մեր քաղաքացիները առավելագույն ձևով ներգրավված լինեն ճանապարհաշինարարական աշխատանքներում: Այժմ հետազոտություններ են արվում, որպեսզի հասկանան, թե որքան մարդ ներգրավվեց, և առհասարակ շինարական կազմակերպությունները կորոնավիրուսի պայմաններում ինչ սոցիալական խնդիր լուծեցին:
18:58 - 03 հուլիսի, 2020
Կորոնավիրուսով պայմանավորված որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել |armenpress.am|

Կորոնավիրուսով պայմանավորված որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի, ճանապարհաշինարարության պատասխանատուների կողմից կան հավաստիացումներ այն մասին, որ համավարակի պայմաններում այս ոլորտի որևէ ծրագիր չի դադարեցվելու, կասեցվելու կամ դանդաղելու: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշեց, որ ոչ միայն չեն դադարեցվում, ընդհակառակը, հնարավորինս խթանվում են ճանապարահիշինարարական աշխատանքների արդյունավետ իրականացումը: «Կորոնավիրուսով պայմանավորված մինչ այս պահը որևէ ճանապարհաշինարարական ծրագիր չի դադարեցվել:  Դրան զուգընթաց մենք անվտանգության միջոցառումների հատուկ քաղաքականություն ենք վարում: Մեր վերահսկողության ներքո են կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների իրականացումը  տեղամասերում, շինհրապարակներում այն մարդկանց շրջանում, որոնք ներգրավված են կառուցապատման գործընթացում»,-ասաց Քրիստիեն Ղալեչյանը: Նա տեղեկացրեց, որ մշակում են գործողությունների պլանը, որոնք պետք է լինեն բոլոր աշխատանքային տեղամասերում: Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ արվելու է ամեն ինչ տեղամասերում առավելագույն անվտանգության միջոցառումներ իրականացնելու համար: «Մենք այդպիսի միջոցառումներով փորձում ենք ճանապարհաշինարարական աշխատանքները առաջ տանել: Իհարկե, որոշ գյուղերում, որտեղ համավարակի հետ կապված եղել են սահմանափակումներ, ապա կարճ ժամանակահատվածում, զուտ այդ տարածքում որոշակի կասեցում եղել է: Ընդհանուր առմամբ, ճանապարհաշինարարական աշխատանքները լայն թափով ընթանում են»,-ասաց Քրիստինե Ղալեչյանը:  
17:16 - 03 հուլիսի, 2020
Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին

Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Շնորհավորելով դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-իրանական բազմամյա հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը: Նախարար Պապիկյանի խոսքով առկա փոխգործակցության բարձր մակարդակը դրսևորվում է հատկապես երկու երկրների ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և իր հերթին վերահաստատել իրանական կողմի պատրաստակամությունը նոր որակ հաղորդելու երկկողմ բազմոլորտ համագործակցությանը և լիարժեք օգտագործելու տնտեսական հարաբերություններում առկա չիրացված ներուժը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր տիպի կորոնավիրուսային համավարակի մարտահրավերներին արձագանքելու և տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
10:08 - 03 հուլիսի, 2020
Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածը

Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4.5 կմ հատվածը

 Հ-21, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի (կմ4+000-կմ8+500) 4.5 կմ հատվածի վրա՝ Գուսանագյուղից մինչև Հոռոմի խաչմերուկ‚ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները։ Կապալառու կազմակերպությունը՝ «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 403 միլիոն 600 հազար դրամ։ ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ հիմնանորոգումը կատարվում է պետական բյուջեի հատկացումներով։ Այս ճանապարհի մոտ գտնվում են մի քանի բնակավայրեր‚ և նշված ճանապարհահատվածի հիմնանորոգումը նոր ազդակ կհաղորդի այդ գյուղերի զարգացմանը։
19:26 - 02 հուլիսի, 2020
ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը․ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները. Պապիկյան |armtimes.com|

ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը․ դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները. Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե ՀՀ-ում լուծված չէ ծանրաքարշ, ծանր բեռնված մեքենաների խնդիրը: «Այդ մեքենաները, որոնք երբեմն 30 տոննա քաշ են ունենում, լուրջ ազդեցություն են թողնում ճանապարհների որակի վրա: Հատկապես ամռանը, դրանք կարող են լրջորեն վնասել ճանապարհները»,- նշեց նախարարը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ նկատեց, որ ժամանակին ռուսական կողմի հետ քննարկում են ունեցել եւ ռուսներն առաջարկել են, որ ավտոմեքենաների կշռման եւ ստանդարտներ կիրառելու համակարգը ներդրվի նաեւ Հայաստանում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Երբ մենք միլիարդներ ենք ծախսում ճանապարհների որակը բարձրացնելու համար, ինչ-որ մարդիկ մի քանի հազար ավելի աշխատելու համար այդ ճանապարհների քանդման գործով են զբաղվում: Հայաստանում 3-4 տեղում բեռնատարների կշռման կետեր պետք է ունենանք եւ բոլոր բեռնատարները պետք է կշռվեն»։
15:24 - 02 հուլիսի, 2020
Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է ունենան համայնքային պաշտոնական համացանցային կայքեր, որտեղ պարբերաբար պետք է տեղադրվեն տեղեկություններ` համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ավագանու և ղեկավարի ընդունած իրավական ակտերի, հնգամյա ծրագրերի և դրանց կատարողականների, բյուջեի, բյուջեի կատարման, բնակիչների հետ հանդիպման, հանրային լսումների և քննարկումների, ինչպես նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մասին: Այս օրենքը նպատակ ունի ապահովել համայնքների բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերը օրենքի ուժով ստեղծված են, սակայն անհայտ է՝ ինչպես են օգտագործվում, ինչպես են վերահսկվում, տեղադրվա՞ծ են արդյոք օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող ՀՀ համայնքների պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը: Համայնքների բնակչության թվի վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի արած տարածքային վիճակագրությունից: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Շիրակի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 9 համայնք, որոնցից 3-ը քաղաքային համայնքներ են, 6-ը՝ գյուղական: Քաղաքային երեք համայնքներից մեկի՝ Արթիկի դեպքում, ուսումնասիրության ընթացքում կայքը պարբերաբար չէր գործում: Այսինքն` առկա են տեխնիկական խնդիրներ: Նմանօրինակ խնդիրներ կան նաև այլ համայնքների դեպքում, հետևաբար, բոլոր տվյալները, որոնք շարադրված են հոդվածում, արտացոլում են ուսումնասիրության պահին առկա իրավիճակը: Չի բացառվում, որ ուսումնասիրությունից առաջ և հետո կայքերը գործել են անխափան, կամ ուսումնասիրությունից հետո տեխնիկական խնդիրները վերացվել են: Ազատան համայնքի կայքում կարելի է գտնել գրեթե բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սակայն ավագանու նիստերի և որոշումների մասին տեղեկությունը 2019 թվականի դեկտեմբերից ի վեր չի թարմացվել:  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, սակայն Ազատան համայնքի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ վերջին նիստը եղել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ վերջին որոշումը՝ 2019 թվականի հուլիսի 16-ին: Փանիկ համայնքի կայքը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հետո առհասարակ չի թարմացվել, բյուջեի ծախսերի պլանի նախահաշիվը միայն 2018 թվականինն է, իսկ ավագանու նիստերի, որոշումների, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումների մասին թարմացումներ նույնպես չկան: Փոքր Մանթաշ համայնքի կայքն առհասարակ չի թարմացվում: Կայքում ավագանու որևէ նիստի մասին որևէ տեղեկություն չկա, համայնքի ղեկավարի որոշումների մասին նույնպես ոչինչ չկա: Կայքի նորությունների բաժնում տեղադրված է 2018 թվականի ընդամենը 3 լուր: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Լոռու մարզում կա 3000 և ավելի բնակչությամբ 10 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 5-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենախոշորը՝ Վանաձորը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկը չի թարմացվում, իսկ մյուս կայքը պարբերաբար թարմացվում է, և համայնքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարելի է գտնել։  Ջրաշեն համայնքի կայքում կարող եք գտնել տեղեկություններ ավագանու նիստերի, որոշումների և գործունեության մասին, սակայն բյուջեի մասով ոչինչ չկա, և որևէ տարվա բյուջեի ելքերի, մուտքերի, տարեկան պլանների և կատարողականների մասին տեղեկություն չեք գտնի: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Տավուշի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 10 է, որից 4-ը քաղաքային է, 6-ը՝ գյուղական: Քաղաքային ամենախոշոր՝ Իջևան համայնքի պաշտոնական կայքը չի թարմացվում ինչպես կարգն է և ինչպես սահմանում է օրենքը: Բյուջեի ծախսերի պլանի նախահաշվի, ինչպես նաև կատարողականի վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2018 թվականին: Գյուղական համայնքներից Այգեհովիտ և Աչաջուր համայնքների դեպքում նույնպես կայքերը չեն թարմացվել, իսկ Գանձաքար համայնքի կայքն առհասարակ չի գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արագածոտնի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 13 համայնք, որոնցից 3-ը՝ քաղաքային, 10-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Թալինի դեպքում, ուսումնասիրության պահին կայքը չէր գործում: Գյուղական համայնքների պաշտոնական կայքերից ընդհանրապես չեն թարմացվում կամ բավարար չափով և օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Բյուրական, Ոսկեվազ և Օշական համայնքների կայքերը: Ուսումնասիրության պահին չէին գործում Սասունիկ, Արագած և Արագածավան համայնքների կայքերը: Չէին գործում նաև Կոշ և Ուջան համայնքների կայքերը, որոնք գրանցված են համապատասխանաբար http://5.77.246.76/ և http://46.130.112.110/ դոմեյնների վրա: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 18 է, որից 6-ը՝ քաղաքային, 12-ը` գյուղական: Գյուղական համայնքներից Պռոշյանի և Քասախի պաշտոնական կայքերի թարմացումները պարբերական բնույթ չեն կրում կամ չեն թարմացվում օրենքով սահմանված կետերին համապատասխան՝ մասնավորապես ավագանու նիստերի և բյուջեի ծախսերի մասով: Գյուղական համայնքներից Արգել համայնքի կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Գեղարքունիքի մարզի 3000 և ավելի բնակչությամբ համայնքների թիվը 22 է, որից 5-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Վարդենիսի պաշտոնական կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Գյուղական համայնքներից Զոլաքար, Ներքին Գետաշեն, Վարդենիկ համայնքների կայքերը գրեթե չեն օգտագործվում և չեն թարմացվում: Չեն գործում Գանձակի, Նորատուսի, Երանոսի, Ծովինարի, Ձորագյուղի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Ծովագյուղի և Ակունք համայնքների կայքերը: Երանոս համայնքի պաշտոնական էլ. հասցեին հաղորդագրություն չի գնում, իսկ Ծովինար համայնքի կայքը որոնողական համակարգի պարզ որոնման եղանակով հնարավոր չէ գտնել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արարատի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 21 է, որից 4-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից Արտաշատ և Վեդի համայնքների բյուջեների մասին տեղեկությունները 2018 և 2019 թվականի են: Գյուղական համայնքներից չեն թարմացվում կամ օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Ոստան, Նորաշեն, Այնթափ և Մարմարաշեն համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Մխչյան և Ավշար համայնքների կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 23 է, որից 3-ը՝ քաղաքային, 20-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենամեծը՝ Էջմիածինը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկն ընդհանրապես չի թարմացվում, իսկ մյուսի դեպքում թարմացումները դարձյալ պարբերական բնույթի չեն: Օրինակ՝ ավագանու արձանագրված վերջին նիստը 2019 թվականի է: Մյուս քաղաքային համայնքի՝ Արմավիրի կայքի դեպքում էլ կա թարմացման խնդիր: Բյուջեի նախահաշիվը դեռևս 2019 թվականինն է: Գյուղական համայնքներից պարբերաբար չեն թարմացվում կամ օրենքով նախատեսված կետերին համապատասխան չեն թարմացվում Բամբակաշատ, Մրգաշատ, Նալբանդյան, Դալարիկ, Մյասնիկյան, Ակնալիճ, Արշալույս և Ջրառատ համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Արմավիրի և Սարդարապատի կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Ոսկեհատ համայնքի բնակչությունը 3422 է, սակայն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի՝ 2805: Ոսկեհատ և Թաիրով համայնքների կայքերը չհաջողվեց գտնել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Վայոց Ձորի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 4 է, որից 3-ը՝ քաղաքային, միայն մեկը՝ գյուղական: Մարզի բոլոր համայնքների կայքերն էլ պարբերաբար թարմացվում են, և հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունները: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Սյունիքի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 6 է, և բոլորն էլ քաղաքային համայնքներ են: Գորիս համայնքի կայքում բյուջեի նախահաշվի և կատարողականի մասին տեղեկությունը դեռևս 2019 թվականի է: Էլ. հասցեներ․ ի՞նչ էլեկտրոնային հասցեներից են օգտվում համայնքները Ինչպես համայնքային ընդհանուր կայքերը, այնպես էլ էլեկտրոնային հասցեները ունեն ընդհանուր, օրինակելի տարբերակ (@mta.gov.am), որը ենթադրելի է, որ ավելի անվտանգ տարբերակ է: Սակայն համայնքներից շատերը շարունակում են օգտվել այլ համակարգերից: Ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների էլեկտրոնային հասցեները և դրանց գործունեությունը: Շիրակի մարզի 3000 և ավեի բնակչություն ունեցող համայնքները, բացառությամբ Գյումրիի, օգտվում են @mta.gov.am օրինակելի ձև համարվող էլեկտրոնային հասցեներից: Գյումրի համայնքը օգտագործում է gyumri.am կայքի էլ. հասցեն: Լոռու մարզի համայնքները նույնպես օգտվում են @mta.gov.am էլ հասցեներից՝ բացառությամբ Սպիտակ համայնքի: Վերջինս օգտվում է gmail.com-ի տրամադրած էլ. հասցեից: Տավուշի մարզը օգտագործվող էլ. հասցեների առումով բազմազան է: Օրինակ՝ մարզկենտրոն Իջևանը օգտագործում է mail.ru, Դիլիջանը օգտվում է yahoo.com համակարգից, իսկ Գանձաքար համայնքի էլ․ հասցեն ընդհանրապես չկարողացանք պարզել, քանի որ կայքը չէր գործում: Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակը, օրինակ, օգտագործում է gmail էլ. հասցե, իսկ Թալին համայնքն օգտվում է list.ru համակարգից: Արագածավանը օգտվում է mail.ru համակարգից: Կոտայքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Նոր Հաճնի, Գեղաշենի, Քանաքեռավանի և Քասախի համայնքները: Բալահովիտի համայնքապետարանն օգտվում է rambler.ru համակարգից: Հրազդան համայնքն օգտագործում է ոչ պաշտոնական՝ [email protected] էլ. փոստը: Գեղարքունիքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Սևանի և Վարդենիսի համայնքները: Մարզի մի քանի համայնքների մեյլերը այդպես էլ չհաջողվեց պարզել՝ կայքի չգործելու պատճառով, իսկ, օրինակ, Լիճք համայնքի կայքը գործում է, սակայն էլ. հասցե չկա գրված, հետևաբար, տվյալ դեպքում մասամբ խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու ազատության իրավունքը: Իսկ Երանոս համայնքի դեպքում էլ. հասցեն գրված է, սակայն դրան հաղոդագրություն ուղարկել չի լինում: Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքն օգտվում է bk.ru էլ․ հասցեների համակարգից: Mail.ru համակարգից օգտվում են մարզի Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Արարատ, Ոսկետափ, Այնթափ համայնքները: Մարմարաշեն համայնքի պաշտոնական էլ. հասցեն yandex.com համակարգով է և ոմն Հակոբյան Էդիկի անունով: Արմավիրի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Արշալույսի և Ջրառատի համայնքապետարանները: Արշալույս համայնքը՝ [email protected], իսկ Ջրառատը` [email protected] էլ. հասցեներով: Մեծամորի համայնքապետարանի էլ հասցեն yandex.ru համակարգով է, իսկ Դալարիկ համայնքինը` rambler.ru: Արմավիր համայնքի մարզկենտորն Էջմիածինն օգտվում է ոչ պաշտոնական [email protected] էլ. փոստից: Վայոց Ձորի մարզի համայնքներից միայն Վայքն է օգտվում [email protected] էլ. հասցեից, մնացած համայնքներն օգտվում են mta.gov.am պաշտոնական հասցեներից: Սյունիքի մարզի համայնքների դեպքում միայն Սիսիանն է օգտվում ոչ պաշտոնական էլ․ հասցեից՝ [email protected]։ Էլեկտրոնային հասցեների միասնական հարթակից օգտվելու առաջնահերթություններից հիմնականն անվտանգությունն է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակակիրների տվյալների արտահոսքի վերաբերյալ նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հաքերները կորոնավիրուսով վարակակիրների տվյալները գողացել են ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից, այսինքն` համակարգ չեն կոտրել: Ուսումնասիրված 114 համայնքներից ոչ պաշտոնական էլ․ հասցեներից են օգտվում 30-ը։ Այժմ դիտարկենք՝ արդյոք համայնքները հետևո՞ւմ են իրենց էլ. փոստերին և պատասխանում քաղաքացիների հարցումներին՝ օրենքով սահմանված ձևով և ժամկետներում: Համաձայն Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից: Տեղեկության տրամադրման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը:  Հասկանալու համար՝ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները պահո՞ւմ են Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները, հարցումով դիմեցինք ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներին: Այսպիսով` կատարված 114 հարցումներից ստացել ենք միայն  67-ի պատասխանը:  Ո՞ր համայնքներն այդպես էլ չպատասխանեցին Տեղեկություն ստանալու մեր հարցմանը չեն պատասխանել Շիրակի մարզի Ազատան, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ համայնքները, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Գուգարք, Մարգահովիտ համայնքները, Տավուշի մարզի Աչաջուր և Կողբ համայնքները, Արագածոտնի մարզի Բյուրական, Կարբի և Արագածավան համայնքները, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Արգել, Նոր Գեղի և Գառնի համայնքները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ և Ծովագյուղ համայնքները, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Ոստան, Արարատ, Այգավան, Տափերական, Այնթափ և Հովտաշատ համայնքները, Արմավիրի մարզի Էջմիածին, Արևիկ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջանֆիդա, Սարդարապատ, Մյասնիկյան, Քարակերտ, Ակնալիճ, Արշալույս, Գայ, Մուսալեռ և Փարաքար համայնքները, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Մալիշկա համայնքները և  Սյունիքի մարզի Մեղրի համայնքը: Այսպիսով՝ ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները չեն իրացվում՝ ինչպես կարգն է, վերահսկման մեխանիզմները, եթե դրանք կան, չեն գործում արդյունավետ, ցածր է համայնքային կառույցների տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Նարեկ Մարտիրոսյան
14:56 - 02 հուլիսի, 2020