Համայնքների միավորման գործընթացի ավարտից հետո նրանց կփոխանցվեն մարզպետարանների կողմից մատուցվող որոշ լիազորություններ․ Աշոտ Գիլոյան
21:02 - 12 հուլիսի, 2020

Համայնքների միավորման գործընթացի ավարտից հետո նրանց կփոխանցվեն մարզպետարանների կողմից մատուցվող որոշ լիազորություններ․ Աշոտ Գիլոյան

Հայաստանի Հարապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։

 

- Պարո՛ն Գիլոյան, 2021 թվականին նախատեսվում է ավարտել համայնքների խոշորացման գործընթացը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն արդեն որոշե՞լ է՝ քանի նոր փունջ է ձևավորվելու, և նոր խոշորացումները շրջանայի՞ն, թե՞ փնջային սցենարով են իրականացվելու։

- Նախկին 465 համայնքներ արդեն միավորվել են 52-ի մեջ։ Մեր երկրի համայնքների թիվը մինչև 2015 թվականը 915 էր այն դեպքում, երբ մենք ունենք 1004 բնակավայր։ Այսօր ունենք 502 համայնք։ Այդ 502-ը կդառնա 250, 130 թե 80՝ այս պահին պարզ չէ։ Նախարարության դիրքորոշումը հետևյալն է․ համայնքների միավորման ժամանակ գործող ընտրված մարմինների լիազորությունները դադարեցվում են օրենքի ուժով։ Եթե այսօր գնանք, որևէ համայնք միավորենք, այնտեղ ՏԻՄ-երի լիազորությունները կարող ենք դադարեցնել օրենքի ուժով։ 

- Դուք նախընտրում եք սպասել ՏԻՄ ընտրություններին և այդ ժամանակ իրականացնել խոշորացումը։

- Քանի որ չմիավորված համայնքների ՏԻՄ-երի լիազորությունների ժամկետը հիմնականում լրանում է 2021 թվականի ամռանը և աշնանը, մենք գնալու ենք այդ ճանապարհով, որպեսզի այդ մարդիկ իրենց լիազրությունները բնականոն ավարտեն, և միանգամից փնջերը կձևավորվեն։ 

- Նախարարությունն ունի՞ ուսումնասիրություններ, թե ինչ փնջեր են ձևավորվելու։

- Ուսումնասիրություններ միշտ եղել են, կան, շարունակվում են, բայց հրապարակման ենթակա դեռ չունենք, որ, օրինակ, Արարատի մարզում լինելու է 10 համայնք կամ նախկին 3 շրջանների թվով՝ երեք համայնք։ 

Դուք ասացիք շրջանային և փնջային տարբերակների մասին։ Իրավական առումով թե՛ շրջանային, թե՛ փնջային սցենարների դեպքում համայնքների միավորման իրավական  ձևակերպումների, բյուջեի, սահմանների, աշխատակազմերի ձևավորման ընթացակարգերը ոչ մի բանով չեն տարբերվում։ 

Ես՝ որպես մասնագետ, ավելի հակված եմ շրջանային տարբերակին, որովհետև համայնքների միավորումն ինքնանպատակ չէ, և համայնքների միավորման գործընթացի ավարտից հետո պետք է լիազորությունների ապակենտրոնացման խնդրին անդրադառնալ։ Համայնքները միավորում ենք, թե՛ ֆինանսական, թե՛ նյութական կարողություններն ուժեղացնում ենք, որ հետո արդեն ուժեղացված համայնքներին փոխանցենք պետության, մարզպետարանների կողմից մատուցվող որոշ լիազորություններ՝ հանրակրթություն, սոցիալական ոլորտ, առողջապահություն, ճանապարհային պահպանություն։ 

- Լիազորությունների փոխանցման գործընթացը ե՞րբ կիրականացվի, խոշորացման ավարտից հետո՞։

- Հիմնականում՝ այո՛, բայց որպեսզի մենք այս ժամանակահատվածն իզուր չկորցնենք (լիազորությունների ապակենտրոնացում ասվածը շատ բարդ, նուրբ ռեֆորմ է), որոշել ենք այս տարվա մեջ, հաջորդ տարվա սկզբին փորձել արդեն միավորված համայնքներում պիլոտային ծրագրով որոշակի լիազորություններ փոխանցել, տեսնել՝ ինչպես է ստացվում։ 

- Պիլոտային ծրագրերը ո՞ր մարզում են լինելու։ Գուցե Սյունիքում կամ Վայոց ձորո՞ւմ, քանի որ այնտեղ ավարտվել է խոշորացման գործընթացը։

- Շատ հնարավոր է՝ Սյունիքում։ Ավարտվել ասվածի վերաբերյալ․ վարչատարածքային բարեփոխումները շարունակական պրոցես են, հետագայում նույն Սյունիքի միավորված համայնքները կարող են որոշել իրենց ցանկությամբ միավորվել ավելի մեծ փնջում։ Օրինակ, Գորայք համայնքը ստեղծվել է ընդամենը 4 գյուղերից՝ Ամուլսարի գաղափարախոսության շուրջ։ Ամուլսարի հանքարդյունաբերությունից մեծ գումաներ էին ուղղվում կոնկրետ Գորայք գյուղին, այդ չորս գյուղը միավորել ենք, որ ընդհանուր գումարը ծախսվի այդ չորս համայնքի համար։ Բայց հիմա, երբ Ամուլսարը չկա, այդ 4 համայնքների միավորումն իրենից ոչինչ չի ներկայացնում․ ֆինանսական և մնացած տեսակետներից շատ թույլ համայնք է։ 

- Այսինքն՝ չե՞ք բացառում, որ արդեն ձևավորված փնջերում վարչատարածքային նոր փոփոխություններ լինեն։ 

- Չեմ բացառում, բայց դա արդեն հաջորդ փուլն է։ Երբ ամբողջը միավորենք, նաև կարող ենք դրան անդրադառնալ, եթե, իհարկե, օրինակ, Գորայքի բնակիչները կամավոր չեն եկել, ասել՝ մենք ուզում ենք Սիսիանի հետ նախկին շրջանի ձևաչափով միանալ։ Եթե կամավորության սկզբունքով գան, կառավարությունը կդիտարկի։

- Եթե չլինի համայնքների կամավոր նախաձեռնություն, կառավարությունը կնախաձեռնի՞։

- Կառավարությունը կնախաձեռնի, եթե տեսնի, որ համայնքներն իրենց կարողություններով չեն արդարացնում իրենց։

- Եթե մարզպետարանների որոշ լիազորություններ կամաց-կամաց փոխանցվում են ՏԻՄ-երին, արդյո՞ք մարզերի թիվը նույնն է մնալու, թե՞ նաև մարզերի մակարդակով են վարչատարածքային փոփոխություններ լինելու։ 

- Իմ կարծիքով՝ մարզի գաղափարախոսությունն արդեն պատմություն է դարձել։ Թե ընդհանուր քաղաքականությունն ինչպիսին կլինի՝ չեմ կարող ասել, այս պահին հստակություն չկա, բայց, իմ անձնական կարծիքով, մարզերը գոնե պատմական անունները պահելու առումով չպետք է փոփոխվեն։ Երբ մարզպետարանների լիազրությունները համատարած փոխանցվեն խոշոր միավորված համայնքներին կամ միավորված համայնքների միջհամայնքային միավորումներին (որովհետև այս պահին, ենթադրենք,  Գորայքին դպրոցների շենք-շինությունները կամ այլ լիազրություն փոխանցելն ուղղակի արդարացված չէ, եթե մենք այնտեղ փոխանցում անենք, ապա նախկին շրջանային ձևաչափով միջհամայնքային միավորում կստեղծենք, և որպես պատվիրակված լիազորություն՝ դա կփոխանցենք այդ միջհամայնքային միավորմանը), մարզպետարանների աշխատակազմերը ավելի կփոքրանան։ Կարծում եմ՝ մարզպետարանները պետք է պահենք, և որոշակի պետական լիազորություններ՝ պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, մարզի զարգացման գաղափարախոսություն, վարչական վերահսկողություն, մարզպետարանին թողնելը ճիշտ կլինի։ Բայց մարզպետարանները կգործեն ավելի փոքր՝ 15-20 հոգանոց աշխատակազմերով։ 

Լիազորություն փոխանցելն ավելի բարդ է, քան համայնք խոշորացնելը, որովհետև լիազորությունը կոնկրետ ծառայություն է, օրինակ՝ հանրակրթությունը։ Մենք չպիտի տապալենք այդ ամենը, պիտի այնպես անենք, որ սահուն անցնենք։ Միավորված համայնքներում պետք է կարողություններ ստեղծենք։ Այն կարող ուժերը, որոնք այսօր մարզպետարանում աշխատում են, երևի կգնան միավորված համայնքներում աշխատելու։ Քանի դեռ այդ կարողությունը չենք ստեղծել համայնքներում, լիազորություն փոխանցելը ռիսկային է։ 

- Խոշորացված համայնքների ավագանու կազմում բոլոր բնակավայրերի ներկայացվածությունն ապահովելու համար քվոտաներ չեն սահմանվում։ Հիմնական պատճառաբանությունն այն է, որ բոլոր բնակավայրերն ունեն վարչական ղեկավարներ, որոնք բարձրաձայնում են բնակավայրերի խնդիրները։ Ի տարերություն ավագանու անդամների՝ վարչական ղեկավարները որոշումներ կայացնելու և համայնքապետի որոշումների վրա ազդելու լիազորություններ չունեն։ Վտանգ չկա՞, որ բոլոր բնակավայրերը հավասար չեն մասնակցի համայնքի կառավարմանը։

- Մենք հիմնավորում չենք բերում, որ վարչական ղեկավարները մասնակցում են, դրա համար քվոտա չենք սահմանում։ Վարչական ղեկավարն այսօր ունի բոլոր լիազորությունները, ինչ նախկինում տրված էին համայնքի ղեկավարին․ միայն ֆինանսական լիազորություն չունի։ Վարչական ղեկավարն ունի լրացուցիչ լիազորություն, որ ավագանու նիստին  մասնակցում է, բնակավայրի խնդիրը բարձրացնում է։ Այո՛, քվեարկելու, որոշում կայացնելու իրավունք չունի։ Բայց ես համոզված եմ, որ համայնքի վարչական ղեկավարից լավ որևէ մեկը չի տիրապետում բնակավայրի խնդիրներին, խնդիրների լուծման առաջնահերթություններին։ 

Ինչո՞ւ քվոտա չի սահմանվում։ Վերցնենք Սյունիքի Սիսիան կամ Կապան համայնքը։ Նախ, մեր խոշորացված համայնքներում բնակավայրերի չափերը տարբեր են։ Գործող օրենսդրությամբ, ենթադրենք, որոշակի թվով ընտրողներին հատկացված են ավագանու որոշակի թվով անդամներ։ Սիսիանին ու Կապանին ավագանու 15 անդամ է հատկացված, բայց Սիսիանի ու Կապանի բնակավայրերի թիվը, ենթադրենք, 32 է։ Եթե քվոտա սահմանենք, ավագանու առնվազն 32 անդամ պետք է ունենանք։ Բայց դա էլ չէ պատճառը։ Դուք կարող եք ասել՝ օրենքով փոխե՛ք, քվոտա՛ սահմանեք, թող ավագանու կազմը 32 հոգուց կազմված լինի։ Գաղափարախոսությունը հետևյալն է․ սխալ մոտեցում է, երբ ասում են՝ բնակավայրն ավագանու անդամ չունի, ուրեմն չի մասնակցում որոշումների կայացամանը։ Միավորված համայնքի ավագանին, անկախ նրանից՝ նրա կազմում համայնքային կենտրոնից են շատ անդամներ, թե ոչ, խոշորացված համայնքի ավագանին է, այդ մի բնակավայրի ավագանին չէ։ 

Դիլիջան խոշորացված համայնքում ունենք 7 բնակավայր։ Հաղարծինը ընտրողների թվով մոտ երեք անգամ ավելի մեծ է, քան Թեղուտը, բայց երբ Դիլիջան համայնքի ավագանի էր ընտրվում, ավագանու 15 անդամից 10-ը ընտրվեց Դիլիջանից, 3-ը՝ Թեղուտից, 1-ը՝ Հաղարծինից, 1-ը՝ Գոշից։ Մյուս երեք բնակավայրից չընտրվեցին։ Ավագանու կազմը 15 հոգուց էր կազմված, բոլոր բնակավայրերից էլ կարող էին ընտրվել՝ ըստ տրամաբանության։ Հաղարծինը Թեղուտից երեք անգամ շատ բնակչություն ունի, բայց մի հոգի ընտրվեց, որովհետև հաղարծինցիների ամբիցիաներն ավելի շատ էին, նրանք 10 թեկնածու ունեին։ Երբ դու թեկնածու ես, քեզ հիմնականում քո բնակավայրի բնակիչները պետք է ձայն տան․ արդյունքում հաղարծինցիների ձայները կիսվեցին, և թեկնածուները համապատասխան ձայներ չհավաքեցին։ Իսկ թեղուտցիներն ի սկզբանե 3 թեկնածու առաջադրեցին, այդ երեքի մեջ ձայները բաժանվեցին, արդյունքում Թեղուտից եղավ ավագանու երեք անդամ։ 

Բայց դա բոլորովին չի նշանակում, որ եթե Խաչարձանից ավագանու անդամ չկա, Խաչարձանը քանդվեց։ Ավագանին նայում է՝ ըստ առաջնահերթության, խնդրի կարևորության։ Եթե, օրինակ, ջրագծի խնդիր կա, միանշանակ որոշումը կայացվում է՝ հօգուտ ամենափոքր բնակավայրի։

Երբ ասում են՝ քվոտա սահմանենք, ամեն բնակավայրից ավագանու անդամ լինի, որ գնա իր բնակավայրի շահը պաշտպանի, այդ դեպքում նույն բանը կստացվի, որ չես խոշորացրել, կլինի կարապի, խեցգետնի և գայլաձկան պատմությունը՝ ես ինձ քաշեմ, դու քեզ քաշես։ Այդպես չպետք է լինի, այլ ընտրված ավագանին պետք է ավելի մեծ տեսլական ունենա, պետք է մտածի իր համայնքի զարգացման մասին, իսկ համայնքը պետք է զարգացնի նաև բնակավայրի խնդիրները լուծելով՝ ըստ առաջնահերթությունների։ Եթե Խաչարձանի և Աղավնավանքի խնդիրն ավելի առաջնահերթ է, քան Դիլիջանի աղբահանությունը, պետք է այդ հարցը լուծվի։ 

Բայց հիմա քվոտայի հարցը փակվում է, քանի որ ԱԺ-ն ընդունեց օրենք, խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգ ներդրվեց, որով քաղաքական պատասխանատվությամբ քաղաքական ուժը գալու է, և նա բոլոր բնակավայրերից կընդգրկի, թե մի մասից կընդգրկի՝ ինքն է լինելու պատասխանատվություն կրողը։

Դա ռազմավարական փոփոխություն է։ Այսօրվա ձևաչափով գյուղերում ընտրվում է մի մարդ, որովհետև նրա ազգը մեծ է՝ անկախ այդ մարդու կարողություններից, կրթական ցենզից։ Ազգով, ընկերությամբ ընտրված համայնքի ղեկավարները ինչքա՞ն պետք է մնան։

- Նկատի ունեք՝ համամասնականը կնպաստի՞, որ այդ ձևով ՏԻՄ-եր այլևս չընտրվեն։

- Ե՛վ համամասնական ընտրակարգը կնպաստի, և՛ համայնքների միավորումը։ Որովհետև միայն այդ գյուղի պարագայում ինչ օրենք ուզում ես, գրի՛ր, ընտրվելու է մարդը, որն ամենամեծ ազգն ունի։

- Այս դեպքում էլ այդ նույն մարդը կդառնա որևէ կուսակցության անդամ, այդ կուսակցության ցուցակով կառաջադրվի։ 

- Դա արդեն այդ կուսակցության ռիսկն է, այդ քաղաքկաան ուժի հարցն է։ Կարող են լինել նման դեպքեր, բայց դա նվազագույնն է։ Իսկ այս ընտրակարգով դատապարտված ես։ 

- Օրենքով նախատեսված է, որ երբ կառավարությունը սկսում է խոշորացում, համայնքը կարող է նառաձեռնել տեղական հանրաքվե և իր կարծիքն ասել։ Ինչպե՞ս եք լսում այն համայնքներին, որոնք չեն նախաձեռնում տեղական հանրաքվե։

- Մինչև կառավարության ոորոշումն ու Ազգային ժողովի՝ օրենքն ընդունելը, բնակիչների հետ անպայման հանդիպում ենք։ Օրինակ, Տավուշի մարզում Իջևանը միավորելուց առաջ ես անցած տարվա ամռանը  տարբեր մարզերի մոտ 125 համայնքներում եղել եմ, բնակչների հետ հանդիպումներ եմ ունեցել՝ համայնքների միավորման թեմայով։ Եղել եմ նաև Տավուշի մարզի նախկին չմիավորված 20 համայնքներում, որոնք արդեն Իջևան խոշորացված համայնքի մեջ են։ 

Մեզ հիմնականում քննադատում էին, հատկապես նախորդ խոշորացումից հետո, որ բնակչության կարծիքը հաշվի չի առնվում։ Մինչև 2015 թվականը՝ առաջին երեք փնջերը ձևավորելուց առաջ, հանրաքվեներ անցկացրինք։ 2015-ի Սահմանադրությամբ հանրաքվեի ինստիտուտը հանվեց։ Ինչ-որ տեղ ես համաձայն եմ, որ հանվեց այդ ձևաչափը, որովհետև ասվում էր՝ հանրաքվե անենք, Կառավարությունը հանրաքվե էր անում, բայց բնակչին ասում էր՝ ես քո կարծիքը հաշվի չեմ առնում, 

- Չէ՞ որ հիմա էլ խորհրդատվական բնույթ ունեն այդ տեղական հանրաքվեները։ 

- Բայց հիմա նախաձեռնությունը կառավարությանը չէ․ օրենքը թույլ է տվել բնակչությանն իր համայնքի տեղական իշխանության հետ նախաձեռնություն անել։ 

- Վարչապետն ու նախարարը հայտարարել են, որ եթե համայնքը նախաձեռնի հանրաքվե և դեմ լինի խոշորացմանը, կառավարությունը կխուսափի տվյալ համայնքը խոշորացնելուց։ Եթե կառավարությունն առաջնորդվելու է հանրաքվեի արդյունքներով, ինչո՞ւ պարտադիր կատարման ուժ չտալ դրանց։

- Դա սկբունքորեն հակաիրավական կդառնա։ Այո՛, եթե համայնքը նախաձեռնում է հանրաքվե, և բացասական է լինում նրա դիրքորոշումը, կառավարությունը, Ազգային ժողովի պատգամավորները պետք է մտածեն այդ մասին։ Այդ բացասական ասվածը հարաբերական է․ որևէ բնակավայր, որևէ նախկին համայնք բացասական է արտահայտվել, բայց այդ բացասականը քանի՞ տոկոս է, ընտրելու իրավունք ունեցողներից քանի՞սն են մասնակցել, և այդ մասնակիցների քանի՞ տոկոսն է դեմ արտահայտվել։

- Ենթադրենք, ընտրելու իրավունք ունեցող բնակիչների կեսից ավելին մասնակցել է, և գերակշիռ մեծամասնությունը դեմ է քվեարկել։

- Այդ դեպքում կառավարությունը, ԱԺ-ն մտածելու տեղ ունեն քվեարկելիս։ Դա նույն բանն է, ինչ կառավարության կառուցվածքը։ Կառավարությունը որոշում է, և օրենքով սահմանվում է, որ պետք է 12 նախարարություն լինի։ Տեղական իշխանությունը նույնպես այդ տրամաբանությամբ է ձևավորվում։ Այսինքն՝ կառավարությանն է տեսանելի՝ ինքն իշխանությունների ինչպիսի համակարգ պետք է ունենա, ինչ ձևաչափով, որպեսզի կառավարումն արդյունավետ լինի, լիազորություն փոխանցի, բնակչությանը ճիշտ ծառայություն մատուցի։

Բնակիչները համաձայն չեն մի քանի արգումենտներով, որովհետև իրենց գործող գյուղապետերը գիշեր-ցերեկ ասում են՝ եթե համայնքը խոշորացավ, քանդվելու է։ Եթե ես գնամ, բնակչին բացատրեմ, նա պիտի հիմնավորի՝ ինչու է դեմ։ Երբ ես ասում եմ՝ միավորում եմ, հիմնավորում եմ, թե ինչու եմ միավորում։ Նա չի կարողանում հիմնավորել, քանի որ նրան սովորեցրել են՝ հիմա կքանդվի համայնքը, մենք առանձնահատուկ ենք։ Բայց համայնքների միավորումը բնակավայրի առանձնահատկությունը ոչ մի բանով չի խաթարում, ընդհակառակը՝ ուժեղացնում է։ Խոսքն իշխանության մասին է, բնակավայրի իդենտիֆիկացիայի մասին չէ։

Մենք ինչքա՞ն կարող ենք այդքան փոքր իշխանություններ ունենալ, որոնք ոչ մի բան չեն կարող անել։ Մեր բոլոր հայրենակիցները տարբեր հարցերով վարչապետին նամակ են գրում, մենք մասնակից ենք պետական կառավարմանը, բայց տեղական իշխանությանը չենք մասնակցում, որովհետև այս տարիների ընթացքում այդ մոտիվացիան ձգտում է զրոյի։ Մարդը մասնակցում է այն իշխանությանը, այն որոշումների կայացմանը, որից ակնկալիք ունի։ Գյուղացին գալիս է համայնքապետի մոտ, ասում՝ իմ փողո՛ցը լուսավորիր, մանկապարտե՛զ կառուցիր, դպրոցի ճանապարհն ասֆալտապատի՛ր, համայնքապետը միշտ ցույց է տալիս վերևները՝ մարզպետարան, կառավարություն։  

Տեղական ժողովրդավարություն ասվածն ի՞նչ է․ բնակիչը պետք է մասնակցի որոշումների կայացմանը, ուղիղ ժողովրդավարություն պիտի լինի, բայց, ցավոք սրտի, չկա։ Իսկ հիմա խոշորացված համայնքներում ամեն ինչ ավելի հրապարակային է, ավելի թափանցիկ է, ավելի մասնակցային է։ Որովհետև եթե այն ժամանակ այդ մի բնակավայրի տարածքում ասում էին՝ մեր համայնքապետն է, մեզնից հարկ չի վերցնում, պահանջատեր չէին, հիմա այդ բնակավայրի բնակիչն արդեն պահանջատեր է․ եթե տեսնում է՝ կողքի բնակավայրում ասֆալտ են անում, իրենց մոտ չեն անում, վարչական ղեկավարից ու համայնքապետից պահանջում է։ 

Դրա համար ասում եմ՝ կառավարությանն է տեսանելի, թե քանի տեղական իշխանություն պետք է ձևավորվի։ ԱԺ պատգամավորները ցանկացած օրենքում կարող են նախաձեռնել փոփոխություն՝ բացի «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից։ Այստեղ գաղափարախոսություն կա, որովհետև կառավարությունն է, վերջիվերջո, պատասխանատու այդ ամենի համար։ 

Եթե բնակիչները տեղական հանրաքվե նախաձեռնեն, հանրաքվեից առաջ ես գնալու եմ, այդ գյուղերում բնակիչների հետ խոսելու և բացատրելու եմ, որ հասկանան և գնան, հանրաքվեին կողմ քվեարկեն։ 

Շատերն ասում են՝ խոշորացրել ենք, ի՞նչ է փոխվել։ Շատ բաներ են եղել, այդ օգուտներն անզեն աչքով տեսանելի են։ Բոլոր միավորված համայնքների սեփական եկամուտները 25-75 տոկոսով աճել են։ Աճել են  նրա հաշվին, որ ամեն ինչ թափանցիկ է։ Առանձին համայնքների պարագայում ստվերային էին հարկերը, որոշ մարդկանցից գանձում էին, որոշ մարդկանցից՝ ոչ։

- Հիմա չկա՞ հարկերի ստվերային գանձում։

- Իհա՛րկե, չկա։ Եթե կա էլ, զրոյի է ձգտում, որովհետև արդեն մի բնակավայր չէ, հիմա մրցակցայնությունը, պահանջատիրությունն աճել են։

Աշխատակազմերի առումով էլ փոփոխություն է եղել։ Ասում են՝ հաստիքներ են կրճատվել։ Ցավալի ռեֆորմ է, այո՛, որովհետև եթե գյուղում կա մի մարդ, որն աշխատում է գյուղապետարանում, և նրա աշխատավարձը, ենթադրենք, 80 հազար կամ 120 հազար դրամ է, այդ աշխատավարձից զրկվելը նրա ընտանիքին դժվարության առաջ է կանգնեցնում։ Բայց մենք պետք է նաև մի բան հասկանանք․ համայնքապետարանը սոցիալական հիմնարկ չէ, տեղական իշխանությունը նրա համար է, որ աջակցի, աշխատատեղ ստեղծի, որ մարդիկ գնան, այնտեղ աշխատեն, արժանավայել աշխատավարձ ստանան։

Հունվարի մեկի դրությամբ (դրանից հետո խոշորացված համայնքներում բազմաթիվ աշխատատեղեր են սեղծվել) բոլոր խոշորացված համայնքներում մոտ 1500 հաստիք կրճատվել է, բայց ստեղծվել է 1000 հաստիք։ Իսկ աշխատատեղերի ստեղծման գործընթացը շարունակվում է։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել