ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել

Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին և 4 աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել, տնօրենը կալանավորվել է: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյան։  «Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ (Մարդու թրաֆիքինգը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 3-րդ կետերով (Մարդու թրաֆիքինգը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 435-րդ հոդվածի 1-ին մասով(Կաշառք ստանալը), 436-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառք տալը) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նշված ՊՈԱԿ-ի տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ, որոնք ձերբակալվել էին, հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։Դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով և 188-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով, ՊՈԱԿ-ի հոգեբույժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, իսկ մյուս 3 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։ Դատարան միջնորդություն է ներկայացվել տնօրենի և հոգեբույժի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ։ Տնօրենի մասով միջնորդությունը բավարարվել է ամբողջությամբ և նա կալանավորվել է, իսկ հոգեբույժի մասով՝ միջնորդությունը բավարարվել է մասամբ՝ դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։Մյուս երեք աշխատակիցների նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջիններս արգելանքից ազատ են աձակվել։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
16:23 - 20 փետրվարի, 2023
N զորամասի «ՈՒԱԶ»-ի՝ ձորը գլորվելու հետևանքով զինծառայողների մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

N զորամասի «ՈՒԱԶ»-ի՝ ձորը գլորվելու հետևանքով զինծառայողների մահանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, ՀՀ N զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի՝ դիտակետ բարձրանալիս ձորը գլորվելու, դրա հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 պայմանագրային զինծառայողների մահանալու, իսկ երկու ժամկետային զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:    Ողբերգական դեպքի հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ:  
14:20 - 20 փետրվարի, 2023
Ժամկետային զինծառայողը երեկ մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխին արձակված կրակոցի հետևանքով. ՔԿ

Ժամկետային զինծառայողը երեկ մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխին արձակված կրակոցի հետևանքով. ՔԿ

2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի տարածքում, նույն օրը՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել է գլխի շրջանի հրազենային վիրավորումով։ Վերջինս մահացած վիճակում ընդունվել է Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների, Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված մենահատ կրակոցից ստացած վնասվածքի հետևանքով։ Իրականացվում է նախաքննություն: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք զինծառայողներ։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել է դիակի դատաբժշկական, համալիր ձգաբանական, հետքաբանական, ինչպես նաև այլ փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները, այդ թվում նաև դեպքին նախորդող շրջանում զինծառայողների շրջանում ոչ կանոնադրային հարաբերության հնարավոր դրսևորումների առկայությունը պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:48 - 20 փետրվարի, 2023
Գազալցակայանում տեղի ունեցած արտակարգ պատահարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Գազալցակայանում տեղի ունեցած արտակարգ պատահարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Գազալցակայանում տեղի ունեցած արտակարգ պատահարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ «Փետրվարի 19-ին, ժամը 11-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի մոտ գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի գազազբալոնը պայթել է, ինչի հետևանքով վնասվել են ինչպես նշված, այնպես էլ հարևանությամբ կանգնած Mercedes մակնիշի ավտոմեքենան։   Պայթյունի հետևանքով թեթև մարմնական վնասվածներ են ստացել ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայի 45-ամյա վարորդը և ուղևորուհին՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ծաղկուտ բնակավայրից, ինչպես նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդը՝ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրից, և գազալցակայանի լիցքավորող 31-ամյա աշխատակիցը՝ նույն համայնիք Իրինդ բնակավայրից։ Վերջիններս տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։   Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որի հետևանքով անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառվել) նախաձեռնվել է քրեական վարույթ:   Բուժօգնություն ստանալուց հետո վնասվածքներ ստացած բոլոր 4 անձինք բուժհաստատությունից դուրս են գրվել։   Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունները՝ դեպքի հանգամանքները, պայթյունի առաջացման պատճառը լիարժեք պարզելու նպատակով։ Արդեն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։   Քննության առարկա է դառնալու նաև գազաբալոնի՝ սահմանված կարգով ստուգում և ճնշափորձարկում անցած լինելու, լիցենզավորված լինելու հանգամանքը», - նշված է հաղորդագրության մեջ։
19:30 - 19 փետրվարի, 2023
Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց |armenpress.am|

Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց |armenpress.am|

armenpress.am: Վարդենիսի Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի մի խումբ աշխատակիցներ այս պահին բողոքի ցույց են անցկացնում Վարդենիսի ոստիկանության դիմաց՝ կապված տնօրենի ու երեք աշխատակիցների ձերբակալման հետ։  Աշխատակիցները պնդում են, որ ձերբակալումն անհիմն է։  «Այս պահին աշխատակիցների 60 տոկոսը մասնակցում է ցույցին: Ոստիկանները ձերբակալել են «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի միակ հոգեբույժին: Կալանավորումը անհիմն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի իրավաբան Ստեփան Դավթյանը:  Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ  քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենն իրականացրել է մի շարք ապօրինություններ: Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարույթային գործողությունների արդյունքում՝ փետրվարի 16-ին տուն-ինտերնատի բաժանմունքներից մեկի իր հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը: Այնուհետև, նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին:
17:16 - 18 փետրվարի, 2023
Երևանում Հնդկաստանի քաղաքացուց գողությամբ և ավազակությամբ  հափշտակել են ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար. քրեական գործը դատարանում է

Երևանում Հնդկաստանի քաղաքացուց գողությամբ և ավազակությամբ հափշտակել են ավելի քան 75 000 ԱՄՆ դոլար. քրեական գործը դատարանում է

Ավարտվել է մի խումբ անձանց կողմից Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ Երևանում կատարված ավազակության, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով իր հասակակից ընկերոջ հետ, 2022 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, գազի կաթսան վերանորոգելու պատրվակով այցելել են Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու կողմից Երևանում վարձակալած բնակարան: 23-ամյա երիտասարդը կատարել է վերանորոգման աշխատանքներ, իսկ հասակակից ընկերը օգտվելով տանտիրոջ ժամանակավոր բացակայությունից՝ սկսել է գումար փնտրել։ Սենյակներից մեկում կախված կոստյումի ծոցագրպանում նա հայտնաբերել է փաթեթավորված գումար, որի մի մասը՝ շուրջ 30.000 ԱՄՆ դոլլար, հափշտակելով, ընկերոջ հետ անմիջապես  հեռացել են՝ այդ կերպ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով  վնաս: Շանունակելով հանցավոր մտադրությունը՝ 23-ամյա երիտասարդի ընկերը նյութապես շահագրգռելու եղանակով դրդել է Երևան քաղաքի բնակիչ իր 30-ամյա մեկ այլ ընկերոջ ավազակությամբ հափշտակել հիշյալ բնակարանում եղած գումարի մնացած մասը: Օրեր անց, վերջիններս երկուսով դիմակավորված, օդաճնշիչ ատրճանակով զինված, այցելել են վերոհիշյալ բնակարան, որտեղ օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ տանտիրոջ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել են գումար։ Վերջինս իր մոտ եղած 60.000 ՀՀ դրամը տվել է նրանց, ինչից հետո, նախապես տեղյակ լինելով բնակարանում ավելի մեծ գումարի առկայության մասին, 23-ամյա երիտասարդն իրեն հայտնի վայրից՝ պահարանում կախված կոստյումի ծոցագրպանից հայտնաբերել ու հափշտակել է մնացած՝ շուրջ 45.000 ԱՄՆ դոլար գումարը: Հնդկաստանի քաղաքացին փորձել է դիմադրել և խլել նշված գումարը, սակայն բռնություն գործադրելով՝ վերջինիս հրել, գցել են մահճակալի վրա, գոտիով կապել ոտքերը և բնակարանի մուտքի դուռը դրսից փակելով դիմել փախուստի: Ձեռք բերված բավարար փաստերի համադրությամբ՝ 23-ամյա երիտասարդներից մեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով գողություն)), 23-ամյա մյուս երիտասարդին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ (առանձնապես խոշոր չափերով գողություն) և 4-րդ կետերին (բնակարան ապօրինի մուտք գործելով՝ առանձնապես խոշոր չափերով ավազակություն), իսկ 30-ամյա տղամարդուն՝  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գողություն): Երեք մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:35 - 17 փետրվարի, 2023
Հրդեհից զոհված զինծառայողների հարազատների հույզերը շահագործելով՝ ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է. ՀՀ ՔԿ

Հրդեհից զոհված զինծառայողների հարազատների հույզերը շահագործելով՝ ապատեղեկատվության տարածումն անթույլատրելի է. ՀՀ ՔԿ

Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհից մահացած զինծառայողների ծնողների ներկայացուցչի գործառույթներն ստանձնած փաստաբանի կողմից վերջին օրերին հրապարակայնորեն արվում են հայտարարություններ, որոնք, որևէ աղերս չունենալով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների հետ, ուղղված են իրականացվող քննության նկատմամբ տուժողների վստահությունը խաթարելուն, հանրության շրջանում տարածվող անհիմն, որոշ դեպքերում աբսուրդային ենթադրություններին ու ասեկոսեներին իրականության պատրանք հաղորդելուն։ Այս մասին նշված է ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանման մեջ։ «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իբրև թե հրդեհը դիտավորությամբ այլ հանցագործության պարտակման հետ կապելու վերաբերյալ պնդումներին, հրդեհից առաջ զինծառայողների մահացած լինելու, այսպես կոչված «սեփական հետաքննության» հիման վրա արվող՝ կացարանում միայն զինվորների մահճակալներն այրված լինելու, դեպքի վայրում քննչական գործողությունները «փնթի» կատարված լինելու և նմանատիպ այլ պնդումներին։ Հատկանշական է այն հանգամանքը, որ փաստաբանն իրեն թույլ է տալիս նման պնդումներ անել ոչ միայն վարույթի նյութերին ընդհանրապես չտիրապետելու, այլ նաև՝ նշանակված բազմաթիվ փորձաքննությունների եզրակացություններն անգամ ստացված չլինելու պարագայում՝ ըստ էության հիմնվելով միայն սիրողական մակարդակի դատողությունների վրա։ Մինչդեռ, ձեռք բերված փաստական տվյալներն ավելի են ամրապնդում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն ու վարկածը, այդ թվում, ըստ նախնական տվյալների, հերքելով հրդեհից հետո մահացած զինծառայողների մարմիններն իրենց մահճակալների վրա հայտնաբերված լինելու հանգամանքը։ Ավելին, հաշվի առնելով կոնկրետ տվյալ դեպքում իրազեկված լինելու հանրային շահի գերակայությունը՝ հարկ ենք համարում նշել, որ զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ն մեղադրյալի դատավարական կարգավիճակով տված ցուցմունքով, ըստ էության, հաստատել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված վարկածը՝ որպես կպչան ավտոբենզին օգտագործելու, 5 լիտրանոց տարայով բենզինն իր կողմից կացարան բերելու և վառարանը դրանով վառելու, կրակի տարածման ընթացքի, իր կողմից այն հանգցնելու փորձերի և այլ գործողությունների վերաբերյալ։ Քրեական վարույթով ապացուցողական և վարութային ծավալուն գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները մեծ ինտենսիվությամբ շարունակվում են։ Քննությանը հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, այդ թվում նաև՝ հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկալան, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ Ներկա փուլում ընթանում է մահացած զինծառայողների ծնողներին, հարազատներին որպես տուժող ճանաչելու և նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ կատարելու գործընթացը։ Դրա շրջանակներում վերջիններս լիարժեք հնարավորություն ունեն ներկայացնելու դեպքի վերաբերյալ իրենց ունեցած տեղեկություններն ու տվյալները։ ՀՀ քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ որոշակիություն և փաստական հենք ունեցող բոլոր նմանատիպ տվյալները վարույթի շրջանակներում դարձվելու են ստուգման առարկա։ Հետևաբար, անթույլատրելի ենք համարում քննության ներկա փուլում նախաքննական տվյալների հրապարակման առումով քննչական մարմնի ունեցած կաշկանդվածությունից ու սահմանափակումներից օգտվելով՝ առանց որևէ հիմքի ապատեղեկատվության տարածման, արհեստականորեն հանրային կրքեր բորբոքելու, զոհված զինծառայողների հարազատների վիշտը, հուզական վիճակը շահագործելու դրսևորումները»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
19:48 - 16 փետրվարի, 2023
Ավարտվել է Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացուն ընտրակաշառք տալու վերաբերյալ կեղծ մատնության դեպքի նախաքննությունը

Ավարտվել է Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացուն ընտրակաշառք տալու վերաբերյալ կեղծ մատնության դեպքի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացի Ա.Օ.-ին ընտրակաշառք տալու վերաբերյալ կեղծ մատնության դեպքի նախաքննությունը:Վարութային և ապացուցողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով վկա Ա.Օ.-ն, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2022 թ. մարտի 18-ին դատարանում ցուցմունք է տվել այն մասին, թե իբր ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողները հարկադրել են իրեն տալ հանցագործության մասին հաղորդում և բացատրություն՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ:Ա.Օ.-ն նշել է նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարը (դեպքի ժամանակ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչը) իր վարույթում քննվող, նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Քվեարկության գաղտնիությունը խախտելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է իր ցուցմունքը՝ դրանում ներառելով սուտ տեղեկություններ՝ Գորիս համայնքի ղեկավարի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Այդ կերպ նա պաշտոնատար անձանց մեղադրել է միջին ծանրության և ծանր հանցագործությունների կատարման մեջ: 2022 թ. ապրիլի 15-ին այս փաստերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը) 1-ին մասով և 349-րդ հոդվածի (Ապացույցները կեղծելը) 3-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության արդյունքում ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ դատարանում նրա հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Որոշում է կայացվել՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, ապացույցներ կեղծելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքերի բացակայության հիմքով: Քանի որ նախաքննությամբ հաստատված տվյալները վկայել են Ա․Օ․-ի արարքում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցանքի հատկանիշների առերևույթ առկայության մասին, այդ առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, քննիչի միջնորդության հիման վրա, 2022 թ․ նոյեմբերի 23-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա․Օ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
11:17 - 16 փետրվարի, 2023
Ըստ ՔԿ-ի՝ 2022 թ. սեպտեմբերի 14-ին 6 զինծառայող ինքնակամ թողել է մարտական դիրքը. նյութերն ուղարկվել են դատարան

Ըստ ՔԿ-ի՝ 2022 թ. սեպտեմբերի 14-ին 6 զինծառայող ինքնակամ թողել է մարտական դիրքը. նյութերն ուղարկվել են դատարան

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։Նշված զինծառայողներին վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելը, որը հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն (եթե բացակայում են այլ հանցագործության հատկանիշները) նախատեսված առերևույթ հանցանք կատարելու համար։Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:17 - 15 փետրվարի, 2023
2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ. ամփոփում

2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ. ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել է 2022թ. ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2022թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։   Նշվածներից 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 126 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 383 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. հունվար ամիս:Դատարան ուղարկված վարույթներից՝ 9-ը եղել է սպանության, 1-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ մարդուն առևանգելու, 1-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, 5-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 25-ը՝ ֆիզիկական ներգործության, 3-ը՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 3-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 68-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը  հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝  զավակ կամ թոռ:125 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական  հետապնդում չի իրականացվել կամ դադարեցվել է քրեական հետապնդումը:
14:38 - 15 փետրվարի, 2023
Բացահայտվել է 47 համարի ավտոբուսի սրահում կատարված դանակահարության դեպքը. երկու անձ կալանավորվել է

Բացահայտվել է 47 համարի ավտոբուսի սրահում կատարված դանակահարության դեպքը. երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում թիվ 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում տեղի ունեցած խուլիգանության և ուղևորներից մեկի դանակահարության դեպքը: Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են հիշյալ ուղևորին վնասվածքներ պատճառելու՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ նրան ծեծի ենթարկած և վնասվածքներ պատճառած երկու անձանց ինքնությունը։ Վերջիններս 53 և 23 տարեկան տղամարդիկ են, որոնց գործողություններն անհատականացվել են։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 46-ամյա ուղևորին վիճաբանության ժամանակ կտրած-ծակած վնասվածքներ հասցրել է 53-ամյա տղամարդը: Մասնավորապես՝ 2023 թ․ հունվարի 31-ին` ժամը 13:45-ի սահմաններում, թիվ 47 համարի երթուղային ավտոբուսի սրահում ուղևորներից երկուսը, իրենց անձի ենթադրյալ առավելությունը ընդգծելու մոլուցքով տարված, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ բացահայտ անթաքույց արհամարհանք դրսևորելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցնելով և երթուղային ավտոբուսում գտնվող ուղևորների անդորրը խաթարելով, ավտոբուսում գտնվող ուղևորների ներկայությամբ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, խմբի կազմում կատարել խուլիգանություն։ Խուլիգանական դրդումներով, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նրանք վիճաբանել են նույն ավտոբուսի 46-ամյա ուղևորի հետ, որի ժամանակ երկուսով ոտքերով և ձեռքերով  բազմաթիվ հարվածներ են հասցրել նշված ուղևորի մարմնի տարբեր մասերին։ Իսկ 53-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել հիշյալ ուղևորի որովայնի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: Կատարված հանցավոր արարքների պատճառով նաև խափանվել է երթուղայինի բնականոն աշխատանքը, ուղևորների մի մասը հեռացել են երթուղայինից, իսկ նշված երկու անձինք դիմել են փախուստի:Դեպքից հաշված օրեր անց վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են:53-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասով և 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 10-րդ կետերով, իսկ 23-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է:
13:08 - 14 փետրվարի, 2023
Սասունիկում, ըստ նախնական տվյալների, շմոլ գազից թունավորված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սասունիկում, ըստ նախնական տվյալների, շմոլ գազից թունավորված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների, (այդ թվում 4 անչափահաս) բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։  Ըստ բուժհաստատությունից ստացված տվյալների՝ նախնական ախորոշումը՝ թունավորում շմոլ գազից՝ հարցականով։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն, կնշանակվի նաև դատաբժշկական փորձաքննություն։ Բուժօգնության դիմելուց շուրջ մեկ ժամ անց բոլոր 10 քաղաքացիները բուժհաստատությունից դուրս են գրվել։ Կատարվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամաքնները, թունավորման հավանականությունը պարզելու նպատակով։  
11:36 - 13 փետրվարի, 2023
Թագուհի Թովմասյանի գրառումը իրականությանը չի համապատասխանում. հորդորում ենք ձեռնպահ մնալ իրավական դաշտի գործընթացին քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձերից. ՔԿ

Թագուհի Թովմասյանի գրառումը իրականությանը չի համապատասխանում. հորդորում ենք ձեռնպահ մնալ իրավական դաշտի գործընթացին քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձերից. ՔԿ

Նախօրեին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սոցիալական ցանցում «Անչափահասի նկատմամբ բռնությունները շարունակվում են» վերամբարձ և կտրական վերնագրի ներքո կատարել է գրառում այն մասին, թե իբր Քննչական կոմիտեում «անչափահասի հարցաքննության ընթացքում քննչական ծառայության տարբեր աշխատակիցներ, տարբեր բաժնի պետեր, վարչության պետեր ներս են մտել հարցաքննության սենյակ, փաստաբանը պահանջել է դուրս գալ, քանի որ անչափահասի քննություն է, և որևէ կողմնակի անձ իրավունք չունի ներկա գտնվել, ներկաները գոռացել են փաստաբանի վրա, փորձել են տարբեր կերպ ճնշել փաստաբանին և անչափահասին»։ Այս մասին հաղորդում է ՔԿ-ն: ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ վերոնշյալ հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում։ Նախ՝ անչափահասի հետ իրականացվող քննչական գործողության ընթացքում որևէ կողմնակի անձ համապատասխան սենյակում չի գտնվել, գործողությունն իրականացվել է՝ Քրեական դատավարության օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերին համապատասխան։ Ավելին, հաշվի առնելով, որ քննչական գործողությունը կատարվում է անչափահասի հետ, այն սահմանված կարգով անցկացվել է հոգեբանի ներկայութմաբ և մասնակցությամբ։ Ելնելով նախաքննության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ ձևավորվել է քննչական խումբ, որում ընդգրկված քննիչները կարող են և պարտավոր են մասնակցել քննչական գործողություններին։ Սենյակ քննչական բաժնի 2 պաշտոնատար անձինք մտել են հարցաքննության ավարտից և դրա վերաբերյալ արձանագրությունը կազմվելուց հետո, ինչը չի արգելվում քրեադատավարական որևէ կանոնով։ Ընդ որում, արձանագրությունը ստորագրել են նաև մասնակից հոգեբանը և անչափահասի պաշտպան փաստաբանը։ Հետևաբար՝ ճնշումներ գործադրվելու, գոռգոռալու վերաբերյալ հայտարարությունները, պնդումներն այն մասին, թե հարցաքննությունն ընդհատվել է, ստեղծվել է խառնաշփոթ, իրականության պարզունակ խեղաթյուրման դրսևորումներ են։ Այս իմաստով գրառման մեջ արվող անհիմն հետևություններն այն մասին, թե, մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը տեղյակ է, այսպես կոչված, ապօրինությունների մասին, հետևաբար՝ «հովանավորում է, որ անչափահաս տղաները ցուցմունք չտան իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների գործողությունների վերաբերյալ», վառ երևակայության արդյունք են և քրեական վարույթը, անչափահասների իրավունքների պաշտպանության քողի ներքո, քաղաքական շահարկման առարկա դարձնելու նպատակ են հետապնդում: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հարգելի նախագահը նման գրառում կատարել է՝ հիմնվելով բացառապես փաստաբանի յուրովի, սուբյեկտիվ և իր մասնագիտական շահերից բխող մեկնաբանությունների վրա՝ առանց ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվություն և պարզաբանում ստանալու, դրանք անաչառ վերլուծության ենթարկելու։ Ինչպես իրավամբ արձանագրված է վերոնշյալ գրառման մեջ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի հետ ՀՀ ԱԺ նշված մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետը կապ է հաստատել փաստաբանի «մտահոգությունները նշելու», «ահազանգ հնչեցնելու» նպատակով (ինչի մասին պատշաճ կերպով տեղեկացվել են համապատասխան իրավասու պաշտոնատար անձինք), այլ ոչ թե՝ դեպքի մասին ՀՀ քննչական կոմիտեից անհրաժեշտ տեղեկատվությունն ստանալու։ Ելնելով վերոգրյալից՝ հորդորում ենք նմանատիպ միակողմանի գրառումներով չնպաստել իրականության խեղաթյուրմամբ հանրային կարծիքը վարույթն իրականացնող մարմնի դեմ օգտագործելու, այդ եղանակով նախաքննության նկատմամբ ճնշումներ գործադրելու հնարքների գործադրմանը և ձեռնպահ մնալ բացառապես իրավական դաշտում ընթացող գործընթացին քաղաքական երանգ հաղորդելու անհաջող փորձերից։
14:36 - 11 փետրվարի, 2023
«Համեր»-ի վարորդը ձերբակալվել է. նա ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ. ՔԿ

«Համեր»-ի վարորդը ձերբակալվել է. նա ենթադրաբար եղել է թմրանյութի ազդեցության տակ. ՔԿ

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից 2023թ․ փետրվարի 11-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է ապահանջել պարեկներից։   Ինչպես հայտնում են քննչական կոմիտեից, մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթևեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների` «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ.Բյուզանդի, Վ.Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաև` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։ Այնուհետև նա երթևեկել է ՀՀ Կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթևեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պանաջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։  Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից` մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթևեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երևան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ և դիմել փախուստի: 2023թ․փետրվարի 11-ին քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելը) և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (խուլիգանական դրդումներով ուրիշի գույքը վնասելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում վերոհիշյալ փողոցներում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, «Համեր» մակնիշի ավտոմեքենայի դիմացի հաշվառման համարանիշը, վնասված անվադողի կտորներ։ Իսկ «Համեր» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև պարեկային ծառայության և քաղաքացիներին պատկանող մեքենաները զննվել ու տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք: Վկայի և տուժողի դատավարական կարգավիճակներով հարցաքննվել են պարեկային ծառայության մի շարք աշխատակիցներ: Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ  «Համեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակչի, ով փետրվարի 11-ին` ժամը 01:40-ին, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Քննությամբ պարզվել է, որ «Համեր» մակնիշի ավտոմեքենան վարել է վերջինիս որդին՝ Գ․Ս․-ն, ով եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ: Տեղյակ լինելով որդու թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երևան քաղաք և օգտագործել թմրամիջոց: Փետրվարի 11-ին՝ ժամը 03:20-ին, Երևան քաղաքում խուլիգանություն, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, գույքի դիտավորյալ վնասում կատարելու և թմրանյութ պահելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ,  1997թ․ ծնված Գ․Ս․-ն: Վերջինիս  անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1,9 գրամ քաշով թղթի մեջ փաթեթավորած բյուրեղանման «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող զանգված: Գ.Ս․-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է:  Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:                     Հիշեցնենք, որ երեկ համացանցում հրապարակվել են տեսանյութեր, որոնցում երեւում է, թե ինչպես է «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանների ցուցումներին, Հանրապետության Հրապարակում անկառավարելի վարում մեքենան։     
10:32 - 11 փետրվարի, 2023
Փաստաբանների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Փաստաբանների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։  «Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով` փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելը), ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) նախաքձեռնվել է քրեական վարույթ: Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- նշված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են՝ տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել երկու փաստաբան, իսկ դրանից առաջ բռնության են ենթարկվել նրանց անչափահաս պաշտպանյալները։  Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ անչափահասների՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու ու բերման ենթարկվելու փաստով են փաստաբանները գնացել մասնակցելու առերեսմանը, սակայն «Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանի նկատմամբ, ծաղրել են, սադրանքի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել ծեծել են, հայհոյել: Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել, հայհոյել»։ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Հանձնաժողովը նշել է՝ «այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ»։ 
16:41 - 10 փետրվարի, 2023