Փաստաբանների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
16:41 - 10 փետրվարի, 2023

Փաստաբանների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ 

«Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:

Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով` փաստաբանի նկատմամբ բռնություն գործադրելը), ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն) նախաքձեռնվել է քրեական վարույթ:

Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնել են՝ տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել երկու փաստաբան, իսկ դրանից առաջ բռնության են ենթարկվել նրանց անչափահաս պաշտպանյալները։ 

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ անչափահասների՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու ու բերման ենթարկվելու փաստով են փաստաբանները գնացել մասնակցելու առերեսմանը, սակայն «Էրեբունու բաժնում հոգեբանական ճնշում են փորձել գործադրել փաստաբանի նկատմամբ, ծաղրել են, սադրանքի արդյունքում դուրս են հանել և միջանցքում ոստիկաններով հարձակվել ծեծել են, հայհոյել: Մյուս փաստաբանը ձայների վրա դուրս է եկել, նրան էլ են ծեծել, հայհոյել»։

Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններ Մարզպետ Ավագյանին և Էմանուել Անանյանին՝ հայհոյանքներ հնչեցնելով նրանց հասցեին: Հանձնաժողովը նշել է՝ «այսպիսի երևույթն աննախադեպ է իր բնույթով և խիստ վրդովեցուցիչ»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել