ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Վարչապետի պաշտոնական կայքը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ. «Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Սիրելի հայրենակիցներ, Արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության խորը և համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ: Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը հնարավոր է հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով: Սրա մասին են վկայում հետևյալ փաստերը՝ առաջին. տվյալ տեղանքում իրենց գտնվելն Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է: Ինչպես արդեն նշել եմ՝ Խորհրդային Միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները: Երկրորդ. սադրանքների մեկնարկի օրն Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին: Երրորդ. դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում, Զանգեզուրի միջանցքի տեսքով: Մեր գնահատականը միանշանակ է՝ ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի, մեջբերում եմ, «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջաքզգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիմզը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Ելնելով վերը նշվածից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ՝ առաջին. միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Երկրորդ. միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար: Սույն կարգով, հիշեցնեմ, սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված համատեղ գործողությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու մեխանիզմը: Հարգելի գործընկերներ, Հարկ եմ համարում ընդգծել, որ չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության և փոխհրաձգության դեպքեր չունենք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության վերը նշված ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Եվ այս միջոցները մենք ձեռնարկում ենք որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»:
20:07 - 13 մայիսի, 2021
Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին․ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ

Հայաստանը պատրաստվում է դիմել ՀԱՊԿ-ին․ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ

Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է․ պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը եւ Սեւ լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ ՀՀ ԶՈՒ-երը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Այս մասին այսօր ԱԽ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս ընդգծեց, որ ո՛չ ՀՀ, ո՛չ էլ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների կողմից հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։  Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրադրության խոր եւ համակողմանի գնահատումն ակնհայտ է դարձնում, որ ադրբեջանցիների իրականացրածը սադրանք է, որը կարող է ունենալ շատ ավելի ընդարձակ ռազմաքաղաքական նպատակներ․ «Նկատի ունեմ՝ ադրբեջանցիները տվյալ տեղանքում հայ-ադրբեջանական սահմանը, հնարավոր է, հատել են ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում սադրելու նպատակով։ Սրա մասին են վկայում հետեւյալ փաստերը․ առաջին, տվյալ տեղանքում իրենց գտնվելը Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով՝ դրանցով փորձելով հիմնավորել, թե դա ադրբեջանական տարածք է։ Ինչպես արդեն նշել եմ՝ Խորհրդային միության ժամանակ հաստատվված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի այդ պնդումները որեւէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները։  Երկրորդ՝ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15 հազար զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու մասին։ Երրորդ՝ դեռեւս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հանդես եկավ բացահայտ սպառնալիքներով՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջնացք կբացի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ՝ ինչպես ինքն է հորջորջում՝ Զանգեզուրի միջանցքի տեսքով»,- հավելեց Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ տեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի՝ «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։ «Ելնելով վերը նշվածից՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու եւ ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Երկրորդ՝ միջոցներ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության՝ 2010-ի դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված որոշումներ ընդունելու մեխանիզմը։ Չնայած այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգության եւ փոխհրաձգության դեպքեր չունենք, ՀԱՊԿ ընթացակարգերի արագ ձեռնարկումն անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը, կայունությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար, եւ այս միջոցները մենք ձեռնարկում ենք որպես ՀԱՊԿ անդամ։»,- եզրափակեց Փաշինյանը։
19:15 - 13 մայիսի, 2021
Անթույլատրելի է ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը. Արա Այվազյանը՝ Ստանիսլավ Զասին

Անթույլատրելի է ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը. Արա Այվազյանը՝ Ստանիսլավ Զասին

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը գլխավոր քարտուղար Զասին է ներկայացրել մայիսի 12-ից Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի հետևանքով ստեղծված իրավիճակը: Արա Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
19:01 - 13 մայիսի, 2021
ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքում իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն |armenpress.am|

ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքում իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկվեն |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը: «ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», - ասվում է Կազմակերպության հաղորդագրությունում: Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով: Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:  
17:54 - 13 մայիսի, 2021
ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչը ՀԱՊԿ ՄԽ նիստի ժամանակ ներկայացրել է Սյունիքի մարզում ադրբեջանական սադրիչ գործողությունները

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչը ՀԱՊԿ ՄԽ նիստի ժամանակ ներկայացրել է Սյունիքի մարզում ադրբեջանական սադրիչ գործողությունները

Մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով՝ հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը: Նա ընդգծել է նաև, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
15:43 - 13 մայիսի, 2021
Պատրուշեւը եւ ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները Ռահմոնի հետ քննարկել են ազգային անվտանգության սպառնալիքները |news.am|

Պատրուշեւը եւ ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները Ռահմոնի հետ քննարկել են ազգային անվտանգության սպառնալիքները |news.am|

news.am: ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Դուշանբեում հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հինգշաբթի հայտնել են Ռուսաստանի անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունից: «Քննարկվել են Ռուսաստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաեւ պետությունների միջեւ փոխգործակցության խնդիրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պատրուշեւը եւ կազմակերպության երկրներից նրա գործընկերները Դուշանբե են ժամանել անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստ անցկացնելու համար: 
10:20 - 29 ապրիլի, 2021
ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարության վերաբերյալ

ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը Քիմիական զենքի արգելման կազմակերպության 25-րդ համաժողովին ՀԱՊԿ հայտարարության վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:  «Հաագայում ընթացող Քիմիական զենքի արգելման կազմակերպության /ՔԶԱԿ/ 25-րդ համաժողովին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել հայտարարությամբ, որն ի շարս այլ հայցերի անդրադարձել է նաև վտանգավոր քիմիական նյութերի կիրառմանը, ինչին մենք առերեսվեցինք 44-օրյա՝ այդ թվում սպիտակ ֆոսֆորին նմանվող նյութի օգտագործմամբ, թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում: Ավելին, հայաստանյան կողմի ակտիվ ներգրավվածությամբ համաձայնեցված հայտարարությունում, մասնավորապես, նշված է, որ «զարմանք է առաջացնում ՔԶԱԿ քարտուղարության կողմից անտեսումը այն փաստի, որ վերջերս տարածաշրջանային հակամարտության ընթացքում կիրառվել է քիմիական նյութ, որի հասցրած վնասը մարդկանց և շրջակա միջավայրին համարժեք է քիմիական զենքի կիրառման վնասին»: Այս համատեքստում նաև շեշտվում է քարտուղարության պարտավորությունը՝ արձագանքելու մասնակից պետությունների դիմումներին և, կոնվենցիոն նորմերի համաձայն, ձեռնարկելու անհետաձգելի քայլեր։ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից արգելված սպառազինությունների կիրառման և կատարված ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով Հայաստանը 2020թ. հոկտեմբերից ՔԶԱԿ ղեկավար օղակներում շարունակաբար բարձրացրել է սպիտակ ֆոսֆորին նմանվող քիմիական նյութի  պարունակությամբ զենքի կիրառման փաստը քննելու նպատակով ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն Արցախ գործուղելու անհրաժեշտության հարցը՝ ներկայացնելով համապատասխան տեղեկատվական նյութեր, ներառյալ արտասահմանյան փորձագետների կողմից նախապատրաստված զեկույցը»,- ասված է հայտարարության մեջ:
20:25 - 21 ապրիլի, 2021
ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Երևանում ապրիլի 15-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինի մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությանը և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է  կատարվել ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների: Կողմերն ընդգծել են համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշյալ բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում: Խորհրդակցությունների արդյունքները պատվիրակությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հաջորդիվ կայացած հանդիպմանը:
16:28 - 15 ապրիլի, 2021
Ռուսաստանը ռազմական համագործակցության ակտիվացում է ակնկալում ՀԱՊԿ շրջանակներում
 |tert.am|

Ռուսաստանը ռազմական համագործակցության ակտիվացում է ակնկալում ՀԱՊԿ շրջանակներում |tert.am|

tert.am: Ռուսաստանն ակնկալում է ակտիվացնել ռազմական համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստում հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը, գրում է EADaily լրատվականը: Գերասիմովը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին այն բանի համար, որ նրանք, չնայած պահպանվող բարդ համաճարակաբանական իրավիճակին, եկել են Մոսկվա: «Հուսով ենք, որ դա լավ նշան կլինի ՀԱՊԿ շրջանակներում ռազմական համագործակցության խթանման համար, և հանդիպման արդյունքները կծառայեն մեր պաշտպանության գերատեսչությունների փոխգործակցության էլ ավելի խորացմանը»,-ասել է Գերասիմովը: ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ղեկավար Գերասիմովը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է դրա կազմում կատարված փոփոխությունների մասին:    
21:36 - 14 ապրիլի, 2021
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ապրիլի 14-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին՝ նվիրված ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացմանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նիստի ընթացքում քննարկվել են արևելաեվրոպական, կովկասյան և կենտրոնասիական տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն ուղղված մարտահրավերներն ու սպառնալիքները։ Հաստատվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր շտաբերի միասնական տեսլականն այդ սպառնալիքների չեզոքացման հարցում։ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը տեղեկացրել է, որ «Մարտական եղբայրություն 2021» օպերատիվ-մարտավարական զորավարժության շրջանակում նախատեսված է անցկացնել 4 համատեղ զորավարժություն, որոնք կընդգրկեն հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանը: Ամփոփելով նիստի արդյունքները, ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը, նշել է, որ հստակեցվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի կատարելագործմանն ուղղված հետագա քայլերը, հույս հայտնել, որ Ռազմական կոմիտեի նիստում կայացված որոշումները կնպաստեն ՀԱՊԿ անդամ պետություններում կայունության հաստատմանն ու պահպանմանը։
19:43 - 14 ապրիլի, 2021
Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հաստատել է Սու-30ՍՄ և այլ սպառազինության մատակարարման հարցում ՀՀ շահագրգռվածությունը |tert.am|

Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հաստատել է Սու-30ՍՄ և այլ սպառազինության մատակարարման հարցում ՀՀ շահագրգռվածությունը |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանն ապրիլի յոթին Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» գործակալությանը, որի շրջանակում անդրադարձել է ռուսական զենքի, մասնավորապես` Սու-30ՍՄ կործանիչների և դրանց համար նախատեսված սպառազինության գնման հնարավոր ծրագրերին:«Հայաստանը միտված է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից: Հաշվի առնելով, որ միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան` Հայաստանի տարածքում ստեղծվել և գործում է հայ-ռուսական երկու խմբավորում` Զորքերի միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, և երկու երկրները ՀԱՊԿ-ի կազմում են, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից և նախևառաջ` Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ համատեղելի սպառազինություն և զինամթերք»,-ասել է Փաշինյանը:Վերջինիս խոսքով` այդ նույն պատճառներով պայմանավորված` հայկական կողմը նաև հետաքրքրված է, որ սպառազինության և զինամթերքի մատակարարումը Հայաստան իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչ և Ռուսաստանի ԶՈւ-ի համար:
11:28 - 06 ապրիլի, 2021
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում կայացած խորհրդատվություններին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀԱՊԿ շրջանակներում կայացած խորհրդատվություններին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մարտի 31-ին  մասնակցել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների տեղակալների ձևաչափով Մոսկվայում կայացած խորհրդատվություններին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Միջոցառման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ-ում փոխգործակցության արդիական հարցերի շուրջ, այդ թվում նաև՝ առաջիկայում նախատեսվող ՀԱՊԿ ԱԳՆԽ միջնստաշրջանային նիստի նախապատրաստման համատեքստում, ներառյալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են՝ համագործակցության զարգացումը Կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակում:            Խորհրդատվությունների արդյունքներով կարևորվել է նաև Կազմակերպության շրջանակներում համագործակցությանն ու նրա հետագա զարգացմանը նպաստող նմանատիպ հանդիպումների պարբերականության ապահովումը:
15:52 - 01 ապրիլի, 2021
Պատերազմի ժամանակ Հայաստանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին. Զաս |armenpress.am|

Պատերազմի ժամանակ Հայաստանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին. Զաս |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում գործել է համաձայն հիմնարար պայմանագրի: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Նա նշել է, որ գոյություն ունի Հավաքական անվտանգության մասին հիմնարար պայմանագիր, որտեղ հստակ նշված է, թե որ պարագայում կարող է ՀԱՊԿ-ն օգնություն ցուցաբերել այս կամ այն պետությանը: «Չորրորդ հոդվածում հստակ ասվում է, որ ագրեսիայի, այսինքն՝ ռազմական հարձակման պարագայում, որը վտանգում է մեր անդամ պետության անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնավարությանը, տվյալ պետության դիմելուց հետո նրան անհետաձգելի կերպով ցուցաբերվում է բազմակողմ օգնություն, այդ թվում և՝ ռազմական: Այս պարագայում Հայաստանից ՀԱՊԿ-ին ռազմական օգնության մասին որևէ դիմում չի եղել: Հետևաբար` մեխանիզմները գործի չենք դրել»,- ասել է Զասը: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն ի սկզբանե հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման և գործող խնդիրները խաղաղ ճանապարհով ու համաձայնությունների միջոցով լուծելու օգտին: «Այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Զասը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ-ն ողջունում է ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, որոնք թույլ են տվել խուսափել էլ ավելի մեծ ողբերգությունից:
17:47 - 02 փետրվարի, 2021