Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Ադրբեջանը պատրաստ է, բայց Հայաստանը պատրաստ չէ․ Ալիևը՝ խաղաղության համաձայնագրի մասին
 |civilnet.am|

Ադրբեջանը պատրաստ է, բայց Հայաստանը պատրաստ չէ․ Ալիևը՝ խաղաղության համաձայնագրի մասին |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն, բայց Հայաստանը պատրաստ չէ դրան։ «Մենք պատրաստ ենք սկսել դրա [խաղաղության համաձայնագրի] շուրջ աշխատանքները, սակայն Հայաստանը չի արձագանքում: Ոչ պաշտոնական տեղեկություններով մեզ հայտնի է դարձել, որ Հայաստանը դրան պատրաստ չէ, ինչը մեծ սխալ կլինի»,- հայտարարել է Ալիևը՝ հուլիսի 14-ին Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը։ Ադրբեջանի նախագահը երկու երկրների միջև հակամարտությունը «լուծված» համարելով՝ ընդգծել է, թե կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և սկսեն սահմանազատման գործընթաց:  Ալիևի համոզմամբ՝ ներկայում միջազգային կազմակերպությունները դրական են արձագանքում սահմանազատման աշխատանքներին: «Եթե Հայաստանը դա չի ուզում անել, իր որոշումն է, սակայն պետք է լավ իմանա, որ հետո կարող է ուշ լինել»,- ասել է Ալիևը։
17:08 - 14 հուլիսի, 2021
Բաքվի առաջնահերթությունը, ըստ Ալիևի, «հարյուր հազարավոր փախստականների վերադարձն է հայրենի օջախներ»
 |azatutyun.am|

Բաքվի առաջնահերթությունը, ըստ Ալիևի, «հարյուր հազարավոր փախստականների վերադարձն է հայրենի օջախներ» |azatutyun.am|

azatutyun.am: «Այս փուլում Բաքվի գլխավոր խնդիրը հարյուր հազարավոր փախստականների վերադարձն է հայրենի օջախներ»․ - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս մասին հայտարարել է նախօրեին՝ դիմելով «Չմիացած պետությունների շարժման» արտգործնախարարների հեռավար գագաթնաժողովի մասնակիցներին։ «Հարյուր հազարավոր փախստականների վերադարձը շարունակում է Ադրբեջանի իշխանությունների առաջնահերթությունը մնալ։ Մենք սկսել ենք ազատագրված տարածքների վերականգնումը։ Այդ գործընթացը, սակայն, դանդաղում է այն ահռելի չափերի հասնող ականապատման պատճառով, որ իրականացրել են հայերն այդ շրջաններում», - հայտարարել է Ալիևը՝ հերթական անգամ պնդելով, թե 2020 թվականի աշնանը Ադրբեջանին հաջողվել է սեփական ուժերով և «ռազմաքաղաքական մեթոդներով» կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները։ «Ղարաբաղյան հակամարտությունն այլևս անցյալում է», - մեկ անգամ ևս հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
13:35 - 14 հուլիսի, 2021
Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողով. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անց

Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանի գագաթնաժողով. Սերժ Սարգսյանի հոդվածը 10 տարի անց

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կազանի նշանավոր գագաթնաժողովից (որտեղ Հայաստանին ու Ադրբեջանին մեկ քայլ էր բաժանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների համաձայնեցումից) 10 տարի անց Sputnik Արմենիային է փոխանցել հեղինակային հոդվածը 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։   Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ։   2020-ի աշնանը Ադրբեջանի չարանենգ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ և այդ 44-օրյա պատերազմի արդյունքները ստիպում են մեկ անգամ ևս բարձրաձայնել հայկական դիվանագիտության այն մոտեցումները, որոնցով առաջնորդվում էր հայկական պետությունը և միջազգային մակարդակով ըմբռնում և աջակցություն ստանում մինչև 2018-ի ապրիլը: 2018-ին Երևանի և այլ քաղաքների փողոցներում զանգվածային բողոքի ցույցերը, որոնք խրախուսվում էին ինչպես ներսից, այնպես էլ դրսից, Հայաստանում իշխանության բերեցին մարդկանց, որոնք իրենց անխոհեմ և անպատասխանատու գործողություններով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականորեն բարդ տարածաշրջանում գործարկեցին վառոդի տակառի ժամանակաչափը. տակառը պայթեցվեց 2020 թվականի սեպտեմբերին: Ես կփորձեմ ներկայացնել բարդ դիվանագիտական աշխատանքի հիմնական պարամետրերը, որը նախորդել էր 2011 թվականի հունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Կազանի գագաթնաժողովին, որը կարող էր դառնալ, բայց չդարձավ շրջադարձային կետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:   Ի՞նչ նախորդեց Կազանի գագաթնաժողովին   Կազանի գագաթնաժողովին նախորդեց գրեթե երեք տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) և հատկապես Ռուսաստանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ ինտենսիվ բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Տեղի են ունեցել իմ 14 հանդիպումները Ադրբեջանի նախագահի հետ՝ երկկողմ և եռակողմ (Ռուսաստանի նախագահի հետ համատեղ) ձևաչափերով, ինչպես նաև երեք տասնյակ հանդիպումներ արտգործնախարարների մակարդակով: Բանակցությունների ընթացքում ծավալուն աշխատանք է տարվել հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնեցման ուղղությամբ, որի նախագիծը համանախագահները կողմերին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում: Այս քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք Կազանի գագաթնաժողովին եկանք հիմնովին համաձայնեցված նախագծով, որը պարունակում էր մի շարք էական փոփոխություններ՝ համեմատած 2007-ի Մադրիդյան նախնական փաստաթղթի հետ:   Մեջբերեմ այդ աշխատանքի ցուցիչ արդյունքներից մեկը. 2007թ. Մադրիդյան փաստաթղթում առաջարկվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշել Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումն արտացոլող պլեբիսցիտի միջոցով։ Միևնույն ժամանակ, հղում էր կատարվում Արևմտյան Սահարայի հարցով միջազգային դատարանի 1975թ. խորհրդատվական եզրակացությանը, ինչը Բաքվում գնահատում էին որպես «նեվերենդում» անվանելու առիթ՝ նկատի ունենալով, որ այն երբեք չի կայանա, ինչպես և Արևմտյան Սահարայում: Միևնույն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, որ ցանկացած դեպքում պլեբիսցիտը չի կարող պարտադիր ուժ ունենալ: Իսկ 2011թ. Կազանյան փաստաթղթում ոչ միայն անդրադարձ չկար Արևմտյան Սահարայի օրինակին, այլև շեշտվում էր, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո անցկացվող համաժողովրդական քվեարկության միջոցով, որը կարտացոլի Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտումը և կունենա իրավական պարտադիր բնույթ»: Այս ձևակերպումը գործնականում կանխորոշում էր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, և դա բոլորը հասկանում էին: Հակամարտություններով զբաղվող փորձագետները գիտեն, որ սեցեսիոն բնույթի հակամարտությունների ճնշող մեծամասնությունն ավարտվում է նորանկախ պետության լեգիտիմացմամբ ոչ թե այն պատճառով, որ նախկին մետրոպոլիան տալիս է իր համաձայնությունը, այլ ավելի շուտ այն պատճառով, որ միջազգային հանրության մակարդակով այդ հարցում կոնսենսուս է ձեռք բերվում: Եվ այդպիսի անջատման ամենաժողովրդավարական ճանապարհը հանրաքվեի անցկացումն է՝ կամքի ազատ արտահայտմամբ, որի հնարավորությանը մենք հասանք 2011 թվականին: Հայաստանը բազմիցս շեշտել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ հասնել համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Եվ դա արտացոլվեց Կազանյան փաստաթղթի նախաբանում, որտեղ նշվում էր խաղաղ կարգավորման համաձայնագրի նախագծի նախապատրաստման գործում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության մասին: Մադրիդյան տարբերակում այս դրույթը բացակայում էր: Ավելին, եթե 2007-ի նոյեմբերի տեքստում առաջարկվում էր խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները սկսել երկու երկրների նախագահների կողմից հիմնական սկզբունքները հաստատվելուց անմիջապես հետո, ապա Կազանյան տարբերակում շեշտվում էր, որ խաղաղության համաձայնագրի նախագծի վրա աշխատանքները կսկսվեն բոլոր կողմերի կողմից Հիմնարար սկզբունքների հաստատումից հետո, այսինքն՝ դա ենթադրում էր հաստատում, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի կողմից: Համանախագահները հավատարիմ էին այս մոտեցմանը մինչ 2018-ի ապրիլը: Դիվանագիտությունը գործընթաց է, որը չի հանդուրժում սնապարծներին և պոպուլիստներին: Երբ Հայաստանի պոպուլիստ նոր առաջնորդը 2018-ի մայիսին, համաժողովրդական աջակցությունից արբեցած, սկսեց հայտարարել, որ չի բանակցելու առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, համանախագահները դա որոշակի տարակուսանքով ընդունեցին: Իսկ այսօր, երբ Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր գոյություն չունի», Հայաստանի իշխանությունները լռում են՝ բերանները ջուր առած: Կազանի փաստաթղթում կատարվել են շուրջ երեք տասնյակ այլ փոփոխություններ: Միանշանակ, այն մեր երազանքների փաստաթուղթը չէր, բայց կարող էր կոնսենսուսային դառնալ թե՛ կողմերի, թե՛ երեք առաջատար տերությունների ՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահների համար: Կարևոր է շեշտել, որ որպես կարգավորման հիմք պահպանվել են դեռևս Մադրիդում ներկայացված միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Առաջ անցնելով՝ ես կցանկանայի այստեղ հատուկ շեշտել, որ 2018թ. դեկտեմբերին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, նոր իշխանությունները գնացին անհավատալի արկածախնդրության՝ երկրորդ պլան մղելով վերոհիշյալ երեք սկզբունքները և համաձայնելով լուծել հակամարտությունը վերացական «արդարության սկզբունքի» հիմքով, ինչով փաստացի խաչ քաշեցին 2000-ականների սկզբից տարվող ամբողջ դիվանագիտական աշխատանքների վրա և մոտեցրին 2020թ. պատերազմը:   Կազանի գագաթնաժողովին նախորդող երեք տարիների ընթացքում, ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Լ'Աքվիլայում, Մուսկոկայում և Դովիլում ընդունվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնգակողմ հայտարարությունը, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հայտարարությունները Մայնդորֆում, Աստրախանում և Սոչիում: Մենք ողջունեցինք այս բոլոր հայտարարությունները և պատրաստակամություն հայտնեցինք շարունակել բանակցությունները կարգավորման շուրջ՝ դրանցում պարունակվող առաջարկությունների հիման վրա: Միջազգային միջնորդների շրջանում որոշակի դրական ակնկալիքներ դրսևորվեցին:   Ո՞վ ձախողեց Կազանի գագաթնաժողովը   Կազանում գագաթնաժողովն անցկացվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ, իսկ նախագահներ Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին օգտագործեցին իրենց ողջ քաղաքական կշիռը՝ զորակցություն հայտնելով գալիք գագաթնաժողովին: Դրանից մեկ ամիս առաջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները մայիսի 26-ին Դովիլի գագաթնաժողովում հանդես եկան համատեղ հայտարարությամբ` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին Կազանի հանդիպմանը «ավարտին հասցնել» կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի մասին համաձայնագիրը, «պատրաստել ժողովուրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի», որով միանշանակ զգուշացնում էին Բաքվին (ինչպես նաև Անկարային, որը բացահայտորեն իր կրտսեր դաշնակցին դրդում էր առճակատման): Այստեղ, իհարկե, պետք է հատկապես նշել Դ.Ա.Մեդվեդևի և Ս.Վ. Լավրովի ջանքերը, որոնք առավելագույն հետևողական ջանքեր գործադրեցին` փորձելով կողմերի դիրքորոշումները մերձեցնել, գտնել ընդունելի ձևակերպումներ: Կազանում ներկայացված տեքստը գործնականում արդեն համաձայնեցված էր կողմերի միջև, և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հունիսի 20-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ուղղված նամակում նշում էր, որ, ինչպես պայմանավորված է, առաջիկա հանդիպմանը կողմերը նոր փոփոխություններ չեն առաջադրելու Հիմնարար սկզբունքների տեքստում: Նախագահ Օբաման հունիսի 23-ին իմ և Ի. Ալիևի հետ հեռախոսազրույցներում, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նույն օրը մեզ ուղարկած գրավոր ուղերձներում մեզ հորդորում էին հավանություն տալ Կազանում ներկայացված փաստաթղթին: Կազանի հանդիպման նախօրեին ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ես հայտարարեցի, որ Կազանում դրական արդյունքներ կարելի է ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի: Չնայած միջազգային հանրության մեծ սպասումներին՝ Կազանի գագաթնաժողովի ժամանակ չհաջողվեց բեկման հասնել, քանի որ վերջին պահին Ի. Ալիևը տասից ավելի փոփոխություններ առաջարկեց՝ հիմնականում արդեն համաձայնեցված տեքստում։ Դա նշանակում էր նախորդ երեք տարիների ինտենսիվ աշխատանքի ձախողում։ Կազանում Ադրբեջանը փաստացի մարտահրավեր նետեց միջազգային հանրությանը։ Միջազգային միջնորդները լրջորեն հիասթափված էին Բաքվի այդօրինակ մոտեցումից և Ալիևից հարցնում էին, թե ինչպես նա կարող է, արդեն որերորդ անգամ, հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից։ Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը չէր ամրապնդում նրա դիրքերը բանակցային գործընթացում, այլ հակառակը։ Եվ պատահական չէ, որ համանախագահների ու Հայաստանի մոտեցումները ավելի ու ավելի համահունչ էին դառնում, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք։ Միջազգային հանրությունն ու Հայաստանը գործնականում սկսել էին խոսել նույն լեզվով. խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ու իրացման և նրա անվտանգության երաշխիքների վրա, այլընտրանք չունի։   Կազանից հետո   Չնայած Կազանում Ադրբեջանի կողմից նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների մերժմանը՝ համանախագահ երկրները և հատկապես Ռուսաստանը շարունակում էին լուծումներ գտնելուն միտված ակտիվ աշխատանքը կողմերի հետ: 2011 թվականից հետո՝ մինչև 2018 թվականը, շարունակվում էին ինտենսիվ բանակցությունները. 10 գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնյակից ավելի հանդիպումներ, համանախագահների տասնյակ ուղևորություններ դեպի Բաքու, Ստեփանակերտ և Երևան: Ընդ որում, Կազանյան փաստաթղթում առկա բոլոր տարրերը, որոնք վերաբերում էին վերջնական կարգավիճակին, միջանկյալ կարգավիճակին, անվտանգության երաշխիքներին, միջանցքին և այլ դրույթներին, չնայած ադրբեջանական կողմի դժգոհությանը, միջազգային միջնորդների պնդմամբ մնում էին բանակցային գործընթացի կենտրոնում։ Փաստացիորեն, նաև Կազանից հետո ձախողվելով դիվանագիտական ճակատում ՝ Ադրբեջանը գնաց հակամարտության գոտում լարվածության սրման՝ հույս ունենալով, որ այդ կերպ կկարողանա ստիպել հայկական կողմերին պակաս պահանջկոտ լինել կամ էլ հրահրել միջնորդների ճնշումը Հայաստանի նկատմամբ։ Այդ փուլի գագաթնակետը դարձան 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ագրեսիվ գործողությունները՝ շփման գծի ողջ երկայնքով։ Հաջորդիվ, երբ նաև այս ագրեսիան ձախողվեց և ռազմական գործողությունների չորրորդ օրը Բաքուն Մոսկվայի միջոցով հրադադար խնդրեց, ադրբեջանական դիվանագիտությունը փորձում էր ՄԱԿ-ի և ԵԱՀԿ կենտրոնակայաններում առաջ քաշել այն գաղափարը, թե իբր հրադադարի բանավոր պայմանավորվածությունը իրենից ներկայացնում էր «նոր համաձայնագիր»՝ գործընթացի լուսանցքում թողնելով Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ Չգիտես ինչու, Հայաստանի ընդդիմադիրները, որոնք այսօր գտնվում են իշխանության ղեկին, մեզ մեղադրում էին նույն բանում։ Եվ հետագայում 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին ադրբեջանական խոսույթը հայկական քաղաքական դաշտ բերելու փորձերը, չգիտես ինչու, դարձան նոր իշխանությունների հիմնական նպատակը։ Հատկանշական է, որ համանախագահները միանգամից արձագանքեցին՝ պաշտոնական նամակներ ուղղելով ՄԱԿ-ի և ԵԱՀԿ քարտուղարություններ, հետագայում նաև մի շարք համատեղ հայտարարություններ անելով, որոնցում ընդգծվում էր, որ 2016-ի բանավոր համաձայնությունը ոչ միայն չի չեղարկում 1994-95թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ անժամկետ համաձայնագրերը, այլև հրամայական է դարձնում դրանց անվերապահ կատարումը։ Այսպիսով, 2016-ի ապրիլյան պատերազմը նույնպես Ադրբեջանին չմոտեցրեց իր նպատակին ո՛չ քաղաքական, ո՛չ էլ ռազմական առումով: Նրանց չհաջողվեց ուժային միջոցներով պարտադրել իրենց մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակներում: 2016-ի մայիսին Վիեննայում, 2016-ի հունիսին՝ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետագա բազմաթիվ հայտարարությունները վերահաստատում են դա: Ադրբեջանը բանակցային գործընթացում իրեն ավելի ու ավելի էր փակուղի մտցնում։ Ընդ որում, հրադադարի բազմակի խախտումների, բանակցային գործընթացը տորպեդահարելու միջոցով Ադրբեջանը պարբերաբար Երևանին հրահրում էր հրաժարվել բանակցություններից, որպեսզի խաղաղ գործընթացի տապալման մեղքը գցի Հայաստանի վրա։ Սակայն ադրբեջանական կողմին դա ոչ մի կերպ չէր հաջողվում։ Թվում էր՝ Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Մյուս կողմից՝ մեկ անգամ չէ, որ Հայաստանը հրապարակավ հայտարարել էր, որ պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների հիման վրա։ Ես բազմիցս բարձրաձայնել եմ (օրինակ՝ համաշխարհային առաջատար բուհերի հայ շրջանավարտներին ուղղված նամակում), որ 2018-ին ինքս ինձ համար բարդ որոշում եմ կայացրել մնալ իշխանության ղեկին՝ վարչապետի կարգավիճակով և ընթացող բանակցային գործընթացը հասցնել «արժանապատիվ հանգուցալուծման»։ Պատրաստ լինելով ինձ վրա վերցնելու պատմական պատասխանատվություն՝ ես ուզում էի հաջորդ սերունդներին թողնել անվտանգ և ծաղկուն, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող երկու հայկական պետություն։ 2018թ. գարնանը մենք դրա համար ունեինք բոլոր նախադրյալները. առկա էր համանախագահների հետ փոխըմբռնում, համանախագահների հովանու ներքո մշակված փաստաթղթեր, որոնք ճանապարհ էին հարթում դեպի ողջամիտ և արժանապատիվ փոխզիջում, և ամենակարևորը՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին ժողովրդի միասնական կամքը։ Սակայն անպատասխանատու պոպուլիստներն ու նրանց արտասահմանյան հովանավորները, որոնք մինչև հիմա մեր ժողովրդի մի մասին մոլորության մեջ են պահում, այդ ժամանակ կարողացան կաթվածահար անել մեր պետականության հիմքերը, թուլացնել երկիրը և 2018-ի ապրիլ-մայիսի կեղծ հեղափոխական փողոցային բողոքի ալիքի վրա խորապես պառակտել մեր հասարակությունը։ Իսկ դա միանգամից նոր շունչ հաղորդեց Ադրբեջանի դիվանագիտությանը այնպիսի պայմաններում, երբ թվում էր, թե Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին։ Սկսած 2018թ. մայիսից՝ Հայաստանի նոր իշխանության կոպտագույն դիվանագիտական վրիպումների, անխոհեմ հայտարարությունների ու գործողությունների արդյունքում իրավիճակը սկսվեց փոփոխվել ոչ հոգուտ Երևանի, որը միջազգային հանրության աչքերում սկսեց դիտարկվել որպես բանակցային գործընթացի ապակառուցողական կողմ։ Բաքուն ստացավ այն, ինչ իրեն չէր հաջողվում տասնամյակներ շարունակ՝ որպես կազուս բելլի (casusbelli - պատերազմի առիթ) Հայաստանին մեղադրել բանակցություններից հրաժարվելու մեջ։ Ես բազմիցս խոսել եմ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայի անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքների, դրանում պարտության պատճառների մասին, այն մասին, թե ինչու հնարավոր չեղավ կանխել, դադարեցնել այն, ռազմական հրեշավոր սխալների մասին, բայց դրա խոր ուսումնասիրությունն ու ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի որոնումը առանձին թեմա է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին անկյունաքարային խնդրի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցի լուծման։ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Կարգավորման համար միջնորդության միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափ հանդիսացող համանախագահների 2020 թ. դեկտեմբերի 3-ի հայտարարությունը ճիշտ ուղղությամբ շատ կարևոր ազդանշան է։ Միջազգային հանրությունը չպետք է ճանաչի թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքները, այլ պետք է ջանքեր գործադրի հասնելու համար իրական, համապարփակ և երկարաժամկետ կարգավորման: Հայաստանի ներկա ղեկավարությունը, որն իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամեն ինչի, փորձում է իր անխոհեմ գործողությունների արդյունքում Հայաստանի ու Արցախի կրած հսկայական, ողբերգական կորուստների պատասխանատվությունը գցել «նախկինների», համանախագահների, Աստված գիտի, թե էլ ում վրա։ Ակնհայտ է, որ այս իշխանությունների վրա հնարավոր չէ դնել ստեղծված իրավիճակից դուրս գալու, առավել ևս մեր ժողովրդի և պետության ապագայի պատասխանատվությունը։ Որոշ ուժեր՝ առաջին հերթին ադրբեջանաթուրքական տանդեմը, փորձում են առավելագույնս կապիտալիզացնել Հայաստանի և Արցախի դեմ վերջին ագրեսիայի հետևանքներն ու արդյունքները, հայ հասարակությանը պարտադրել, այսպես կոչված, «նոր իրողությունները»՝ որպես տարածաշրջանում կայացած փաստ։ Սակայն Հարավային Կովկասի ապագան, տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատումը չեն կարող կառուցվել հայ ժողովրդի ազգային շահերի անտեսման վրա։ Հայաստանի գործող իշխանությունների համար, որոնք սեփական դիրքերը պահպանելու համար Հայաստանն ու Արցախը դարձրել են տարածաշրջանում սակարկությունների առարկա, սա երկրորդական է թվում։ Սակայն Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայերի, մեր ժողովրդի համար սա առաջնային խնդիր է։
10:31 - 07 հուլիսի, 2021
Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակն ավելանալու է |tert.am|

Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակն ավելանալու է |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական բանակի թվաքանակը կավելանա, և սկսվել է ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման գործընթացը:Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում բանակի ղեկավարության հետ կայացած հանդիպման ժամանակ՝ նվիրված Զինված ուժերի օրվան:  «Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանը հետագայում ևս կամրապնդվի, և դա կասկածից դուրս է: Մեր ռազմական հզորությունը մեծանալու է: Պատերազմից հետո համապատասխան հանձնարարականներ են տրվել, նոր պայմանագրեր են կնքվել, սկսվել է նոր սպառազինման, տեխնիկայի գնման գործընթացը: Հաստատվել են մեր զինված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Կարող եմ ասել, որ մեր զինված ուժերի և բանակի թվաքանակն ավելանալու է»,-ասել է Ալիևը:   Շարունակությունը՝ tert.am-ում։
19:10 - 26 հունիսի, 2021
«Հայաստանում ընտրություններից հետո մենք դրական արձագանքի հույս ունենք». Ալիևը` Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին |tert.am|

«Հայաստանում ընտրություններից հետո մենք դրական արձագանքի հույս ունենք». Ալիևը` Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, գրում է interfax.ru-ն: «Մենք ներկայում գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման փուլում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, և այս հարցի շուրջ բանակցելու կարիք չկա»,-ուրբաթ ասել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտգործնախարարներին:«Ով կարդա այս փաստաթուղթը, կտեսնի, որ այն ընդգրկում է շատ այլ հարցեր: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին: Մենք շրջեցինք այս էջը և պատրաստ ենք առաջ գնալ և նպաստել տարածաշրջանային կայունությանը»,-ասել է Ալիևը:Նա հույս է հայտնել, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո երկրի իշխանությունները կհամաձայնեն խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: «Հայաստանի կառավարությունը անտեսում է մեր ցանկացած հայտարարություն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցությունները սկսելու վերաբերյալ: Սակայն հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարություններին: Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք», - ասել է Ալիևը:
17:00 - 25 հունիսի, 2021
Պուտինն ու Ալիևը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

Պուտինն ու Ալիևը քննարկել են իրադրությունը Լեռնային Ղարաբաղում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է Կրեմլը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ: «Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին կնքված համաձայնությունների իրականացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կապերի վերականգնման շուրջ եռակողմ ձևաչափով աշխատանքների ակտիվացմանը»,- ասվում է Կրեմլից տարածած հաղորդագրության մեջ:   Պուտինն ու Ալիևը վերահաստատել են երկկողմ ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով:
18:57 - 23 հունիսի, 2021
Շուշիի պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» |azatutyun.am|

Շուշիի պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ աջակցություն կցուցաբերեն «երրորդ երկրի ագրեսիայի դեպքում» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ կհամակարգեն իրենց Զինված ուժերի գործողությունները», - այս մասին նշված է երեկ երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից Շուշիում ստորագրված հռչակագրում, որի տեքստը հրապարակվել է Բաքվում մի քանի ժամ առաջ։ «Եթե համաձայնագրի կողմերից մեկի կարծիքով երրորդ պետության կամ պետությունների կողմից առկա է ագրեսիա կամ ագրեսիայի վտանգ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հանդեպ, ապա փաստաթուղթը ստորագրած երկրները խորհրդակցություններ են անցկացնում և անհրաժեշտ օժանդակություն են ցուցաբերում միմյանց՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն», - նշված է թուրք-ադրբեջանական համաձայնագրում։ Փաստաթղթով նաև նախատեսվում է, որ երկու երկրների Անվտանգության խորհուրդները պարբերաբար համատեղ նիստեր կհրավիրեն, որոնց ընթացքում քննարկվելու են՝ «տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցերը»։
14:48 - 16 հունիսի, 2021
Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի նախագահի այցը Շուշի

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շուշի կատարած այցի կապակցությամբ։ Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը.  «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիայի սադրիչ գործողությունները, քանի որ նման այցելությունները, դրանց ընթացքում Անկարայի և Բաքվի կողմից հնչեցված գաղափարները, հայտարարությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները և միջնադարյան նվաճողական քաղաքականության փառաբանումը լուրջ սպառնալիք են միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, մարտահրավեր՝ ողջ քաղաքակիրթ մարդկությանը, հարված՝ բոլոր այն կազմակերպությունների և կառույցների հեղինակությանը, որոնց անդամակցում է Թուրքիան»։
18:14 - 15 հունիսի, 2021
Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը |tert.am|

Հիմնված է Կարսի պայմանագրի վրա և հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ. Ալիևն ու Էրդողանը ստորագրել են Շուշիի հռչակագիրը |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի` ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում տեղի է ունեցել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, հայտնում է minval.az-ը:«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել է նա:
17:49 - 15 հունիսի, 2021
Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել կառուցողական բանակցությունները

Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել կառուցողական բանակցությունները

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 2-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հաստատման տեսանկյունից կարևոր է համարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության լիակատար կյանքի կոչումը: Այս մասին հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը: «ԵՄ-ն պատրաստ է խորհրդատվություն տրամադրել սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև աջակցել վստահության կառուցմանը: Եվրամիությունը նաև քաջալերում է երկու կողմերին հրատապ կերպով համագործակցել գերիների վերադարձի և ականապատված դաշտերի լիակատար թափանցիկության, ինչպես նաև այլ կարևոր հումանիտար հարցերով: ԵՄ-ն շուրջ 20 մլն եվրո հումանիտար աջակցություն է տրամադրում և շարունակելու է ներգրավված լինել»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ: Նշվում է, որ այս մարտահրավերներին լուծումներ տալը դեպի կայուն խաղաղ կարգավորում տանող առաջին քայլն է միայն: «Եվրոպական խորհրդի նախագահը կոչ է արել կողմերին վերսկսել կառուցողական ոգով բանակցությունները: ԵՄ-ն մեծապես հետաքրքրված է ԵՄ Արևելյան գործընկերության անբաժան մաս համարվող Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությամբ, կայունությամբ և բարգավաճմամբ»,- նշվում է հայտարարությունում: Ընդգծվում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ալիևի հետ զրույցում ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում հաստատելու գործում Եվրամիության դերակատարման, ինչպես նաև երկու գործընկեր երկրների հետ ԵՄ հարաբերությունները խորացնելու կարևորությունը:
11:28 - 03 հունիսի, 2021
Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը. Ալիև |azatutyun.am|

Հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Վերջին շրջանում հայկական կողմն առավել ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման ժամանակ։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր՝ Զանգեզուրյան միջանցքի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ։ Այն կապահովի նոր կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև», - ասել է Իլհամ Ալիևը։ Չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ նախագծի մասին է խոսքը, և միջազգային որ հարթությունում է այն ամրագրվել, Ադրբեջանի առաջնորդը պնդել է, պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ է եղել այդ հարցին։ «Սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», - ասել է Ալիևը, հավելելով՝ այդ հարցը քննարկվում է եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, և որ արդեն կան լավ արդյունքներ։ Թե կոնկրետ ինչպիսի՝ Ալիևը չի հստակեցրել, բայց մանրամասնել է՝ Ադրբեջանը արդեն իսկ սկսել է Հորադիզից մինչև Հայաստանի սահման երկաթգծի կառուցումը։ «Վստահ եմ, որ առաջիկա երկու, գուցե՝ երկուսուկես տարվա ընթացքում այդ երկաթգիծը շահագործման կհանձնվի», - ասել է նա։ Հայկական կողմը այս հայտարարություններին դեռ չի արձագանքել։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քանիցս կրկնել է, թե «միջանցքի հարց բանակցություններում չկա և չի լինելու»։
18:27 - 30 մայիսի, 2021