Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախում կքրեականացվի վարորդական իրավունք չունեցողի կողմից ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը

Արցախում կքրեականացվի վարորդական իրավունք չունեցողի կողմից ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելը

Արցախի խորհրդարանում շրջանառվող օրենքի նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն՝ վարորդական իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի ստուգումից հրաժարվելու դեպքում, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման որոշ հետևանքներ կարող են հանգեցնել՝ պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատիժ, հայտնում են ԱՀ ոստիկանությունից:   Գործող օրենքով վարորդական իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի ստուգումից հրաժարվելու համար՝ ոչ վարչական տուգանք, ոչ քրեական պատիժ սահմանված չէր: Առաջարկվող՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծով, նախատեսվում է քրեականացնել այդ արարքը:   Օրինագծով, մասնավորապես, նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 1 տարի ժամկետով:   Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով կամ կալանքով` մինչև երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:   Օրինագծի երկրորդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը` պատժվելու է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի  չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:
12:23 - 27 մարտի, 2021
Արցախի նախագահի հետ քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները

Արցախի նախագահի հետ քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին Երևանում հանդիպել է Հադրութի և Քաշաթաղի շրջանների մի շարք համայքների ղեկավարների ու բնակիչների հետ։ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ քննարկվել են վերջին պատերազմի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների բնակարանային խնդիրները, ինչպես նաև սոցիալական բնույթի մի շարք այլ հարցեր։ Հարությունյանն ընդգծել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը տեղահանված քաղաքացիներին հուզող սոցիալական հրատապ խնդիրներին հնարավորինս կարճ ժամկետներում լուծումներ տալու ուղղությամբ։ Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարության հետ վերջին օրերին ձեռք է բերվել պայմանավորվածություն­, համաձայն որի՝ շուտով կմեկնարկեն պատերազմի ընթացքում քաղաքացիների անշարժ և շարժական գույքի կորուստների փոխհատուցմանն ուղղված աշխատանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներքին և արտաքին մարտահրավերները, անվտանգային խնդիրներն ու երաշխիքները։ Նախագահը շեշտել է, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման քաղաքական ճանապարհը Արցախի իշխանությունների օրակարգի առանցքային հարցերից մեկն է:
19:06 - 26 մարտի, 2021
Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին արձանագրված միջադեպի վերաբերյալ պետք է իրականացվի պատշաճ քննություն. ԱՀ ՄԻՊ

Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհին արձանագրված միջադեպի վերաբերյալ պետք է իրականացվի պատշաճ քննություն. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրվել է մարտի 25-ին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ Կարմիր շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից քարկոծվել են հայերի մեքենաները: Պաշտպանը դատապարտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտումները և բռնության գործադրման ցանկացած դրսևորում` անկախ դրա հեղինակից: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Գրանցված միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից պետք է իրականացվի պատշաճ քննություն, որն առաջնահերթ անհրաժեշտ է նման դեպքերը բացառելու, հատկապես շփման հատվածին հարակից` առանց այդ էլ գերլարված բնակչության տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար: Այս առումով Պաշտպանը դրական է գնահատում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության և ոստիկանության օպերատիվ արձագանքը զանգվածային լրատվության միջոցների հրապարակմանը և ենթադրյալ հանցավոր դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության պատրաստակամությունը:  
18:28 - 26 մարտի, 2021
Արցախցի և ռուս փրկարարները համատեղ հերթապահություն կիրականացնեն Լիսագորի հենակետում

Արցախցի և ռուս փրկարարները համատեղ հերթապահություն կիրականացնեն Լիսագորի հենակետում

Արցախի Հանրապետության ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ Արցախի վթարափրկարարական օպերատիվ խումբը արտակարգ պետական ծառայության Լիսագորի հենակետում համատեղ հերթապահ ծառայություն կիրականացնի ռուս գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն մարտի 26-ին ընդունել է Արցախում հումանիտար առաքելությամբ գտնվող ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հավաքական խմբի ավագ գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեեվին: Համագործակցության շրջանակներում երկու գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ: Հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբը մարտի 27-ից Արցախի տարածքում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք, որի նպատակն Արցախի բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է, ինչպես բնակավայրերում, այնպես էլ դաշտավայրային ու անտառային գոտիներում: Հաջորդ խումբն ընդգրկված կլինի թիկունքային հումանիտար աշխատանքներում և հիմնականում կզբաղվի բեռնափոխադրումներով ու այլ մարդասիրական ծրագրերով»,-մանրամասնեցին Արցախի ՆԳՆ-ից:
17:41 - 26 մարտի, 2021
Հետպատերազմյան Արցախ [մաս 3]․ «Հողերը տալու օրը ես ինձ շատ վատ էի զգում, գիտեի՝ կյանքի վերջն ա, ու էլ չեմ տեսնելու Մարտունին»

Հետպատերազմյան Արցախ [մաս 3]․ «Հողերը տալու օրը ես ինձ շատ վատ էի զգում, գիտեի՝ կյանքի վերջն ա, ու էլ չեմ տեսնելու Մարտունին»

Փետրվարի 25․ ռազմական գործողությունների դադարից անցել է 108 օր, բայց Մարտունի մտնելուն պես թվում է՝ քաղաքը ռմբակոծվել է հենց երեկ։ Արցախի Մարտունին այն բնակավայրերից է, որ պատերազմի առաջին իսկ օրից եղել է հակառակորդի «Գրադի» ու համազարկային կրակի այլ կայանքների թիրախում։ Ի տարբերություն Ստեփանակերտի՝ այս քաղաքն ավելի դանդաղ է վերականգնվում։ Հիմնահատակ ավերված այս տունն Արզումանյան փողոցում է․ չեն շինում, չեն նորոգում, ցանկապատում են, խոսելու տրամադրություն չունեն․ հասկանալի է, այս պատկերից ո՞ւմ խոսելն է գալիս։  Նույն փողոցի մյուս մայթին երեւում է Երեւանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի նմանությամբ մի կառույց, որ տեղի արվեստի դպրոցն է՝ Արամ Խաչատրյանի անվան։ Պատուհաններից շատերի ապակիները չկան, դպրոցի շուրջբոլորը ռմբակոծության հետքեր են՝ լուսամուտների մետաղե ծռված ձողեր, քանդված մայթեր, վնասված պատեր։ Բայց հանկարծ երեք պայծառադեմ աղջնակներ են դուրս գալիս դպրոցից՝ ցածրիկ զրուցելով։ Ընկերուհիներ են՝ 12-ամյա Մկրտումյան Լաուրան, 10-ամյա Աղասյան Միլենան եւ 9-ամյա Սուլեյմանյան Մանեն։ Տուն են գնում պարի խմբակից։ Տարբեր պարեր են սովորում, բայց ամենաշատը սիրում են հայկականը։ Փոքրիկ Մանեն ու Լաուրան դեռ չեն որոշել՝ ինչ են ուզում դառնալ, Միլենան արդեն գիտի՝ բժշկուհի։  Ձախից՝ աջ՝ Մանեն, Լաուրան ու Միլենան Լաուրան պատմում է՝ սկզբում շատ էր վախեցել, բայց հետո այդքան էլ չէ, որովհետեւ դուրս էին եկել քաղաքից, հեռվից չէր պատկերացնում՝ Արցախում ինչ է կատարվում․ «Պատերազմի առաջին օրը, որ փախել էինք, շատ էի վախեցել, գիտեի՝ վատ բաներ են լինելու, բայց հետո էդքան էլ չէ, դե չէի տեսնում, չէի պատկերացնում ոնց էր։ Բայց որ հողերը տվել էինք արդեն, էդ օրը ես ինձ շատ վատ էի զգում, լացում էի անընդհատ, գիտեի՝ արդեն կյանքի վերջն ա, ու կյանքում էլ չենք գալու ստեղ, ես էլ չեմ տեսնելու Մարտունին, ինձ թվում էր՝ ուր գնանք՝ թշնամիներ կլինեն, գիտեի՝ կյանքը չի շարունակվելու»։ Մինչ հայրը ռազմաճակատում է եղել, Լաուրան մոր եւ եղբոր հետ Երեւան է գնացել՝ բարեկամների տուն։ Պատերազմի ավարտից մեկուկես ամիս անց վերադարձել են․ տունը չի վնասվել․ «Մենք ապրում ենք ու կյանքը շարունակվում է»,- վստահ ասում է աղջիկը, ու երբ խնդրում եմ մի լուսանկար անել, առանց այո ասելու խնամքով հանում է գլխարկը, մեկնում ընկերուհուն, նրբորեն ուղղում մազերն ու սիրուն ժպտուն։ 12-ամյա Լաուրան Միլենայի ընտանիքից պատերազմին մասնակցել է հինգ տղամարդ՝ հայրը, երեք եղբայրներն ու հորեղբայրը։ Այս փոքրիկ աղջնակի ոչ միայն հայացքից է զգացվում, որ տան բոլոր տղամարդիկ հայրենիքի պաշտպաններ են, այլ խոսքից․ ընկերուհին հրթիռակոծությունն ու հրետակոծությունը ձուլած է ասում՝ հռեթակոծություն, Միլենան միանգամից ուղղում է՝ «էդ օրը Մարտունին չի հրթիռակոծվել, ռմբակոծվել ա»։  Մտածում եմ՝ շատ տխուր է, որ երեխան էս տարիքում սա պիտի տարբերի, բայց համ էլ զգում եմ՝ կոտրված չէ, շատ պինդ աղջիկ է։ 10-ամյա Միլենան «Երբ պատերազմը սկսեց, ես գիտեի՝ շուտ կավարտվեր, մեր հողերը չէին վաճառի, վստահ կվերադառնամ իմ հայրենիք, բայց․․․ չգիտեմ՝ ինչ ասեմ»,- հոգոց հանելով պատմում է Միլենան ու ասում, որ պատերազմից տասն օր անց վերադարձել են տուն․ «Հիմա հույս եմ տալիս ինձ, հույս ունեմ որ ամեն ինչ լավ կլինի, մեր հայրենիքի պաշտպաններն անփորձանք կվերադառնան»։ Իսկ ամաչկոտ Մանեն միայն տեսախցիկն անջատելուց հետո է շատ ցածրաձայն ասում, որ իր հայրը, հորեղբայրն ու պապը եւս մասնակցել են պատերազմին։ 9-ամյա Մանեն Հետո ինձ տանում է Մոնթեի արձանի մոտ, ու ցույց տալիս ռմբակոծության հետեւանքը․ արձանի շուրջբոլորը քանդված սալիկներ են։ Երեխաները պատմում են, որ երբ դեռ քաղաքում էին, ռմբահարության ժամանակ մարդիկ վազել, իրենց գցել են արձանի հետեւը, որպեսզի պաշտպանվեն բեկորներից։ Մոնթեն այս պատերազմին էլ այս կերպ է պաշտպանել մարդկանց։ Մոնթեի արձանից քիչ հեռու էլ Նժդեհի արձանն է, որ տեղադրվել է այս տարվա հունվարին։ Հայարփի Բաղդասարյան
17:02 - 26 մարտի, 2021
Արցախի ԱԺ նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ

Արցախի ԱԺ նախագահը Երևանում հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը  մարտի 26-ին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել  են հետպատերազմյան Արցախում առաջացած սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ժամանակածին խնդիրներ, անդրադարձել  դրանց լուծման  ուղղությամբ տարվող աշխատանքներին: Հանդիպմանը ՀՀ արտաքին գերատեսչության և ԱՀ խորհրդարանի  ղեկավարները, մասնավորապես, խոսել են հայ ռազմագերիներին ու  պատանդներին հայրենիք վերադարձնելու շուրջ ձեռնարկվող միջոցառումների մասին: Երկուստեք դատապարտելի են համարել Ադրբեջանի որդեգրած  հայկական կրոնական և պատմամշակույթային ցեղասպանությունը, այս առումով կարևորել  արտաքին գերատեսչության՝ միջազգային կառույցներին ուղղված կոչերը: Հանդիպմանը ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, նշել է. «Ճգնաժամային իրավիճակում հայտնված ցանկացած պետության համար լավագույն տարբերակը, թերևս, արտահերթ ընտրությունների անցակցումն է: ՀՀ-ում ստեղծված իրադրությունը ինքնին պահանջում է խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Եթե ուզում ենք ունենալ անվտանգ Արցախ, ապա պետք է ունենանք կայուն Հայաստան և հզոր Սփյուռք»:
16:34 - 26 մարտի, 2021
Խաղաղապահ զորակազմն արդեն զբաղվում է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայկական մեքենաների վրա հասցված հարվածների հարցով. Արցախի ոստիկանություն

Խաղաղապահ զորակազմն արդեն զբաղվում է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայկական մեքենաների վրա հասցված հարվածների հարցով. Արցախի ոստիկանություն

Երեկ, ժամը 13:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղ ճանապարհահատվածին միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը: Ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից, ադրբեջանցի զինծառայողները քարերով հարվածներ են հասցրել նույն ճանապարհով ընթացող հայկական մեքենաների վրա, ինչի հետևանքով վնասվել է Լենդրուշ Բաբայանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Միջադեպից հետո Լ.Բաբայանը և նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդ փակել են միջշրջանային ճանապարհը, կանգնեցրել շարասյունը և բացատրություն պահանջել ռուս խաղաղապահներից, ինչպես նաև ադրբեջանցի պատասխանատու սպայից: Ըստ Լ.Բաբայանի, ադրբեջանցի սպան, որը ռուսաց լեզվով պատշաճ չէր հաղորդակցվում, լուսանկարել է մեքենան, խոստացել, որ անպայման կզեկուցի իրենց վերադասին, իսկ ռուս ուղեկցողները միջադեպի համար ներողություն են խնդրել, նշել, որ վնասը կփոխհատուցվի: Դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար, տուժողը հարցաքննվել է Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում: Մեքենայի լուսանկարները, ինչպես նաև ռուսերեն թարգմանությամբ բացատրությունը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն արդեն փոխանցել է գեներալ Մուրադովին: Խաղաղապահ զորակազմն այս հարցով արդեն զբաղվում է: Ըստ ռուսական կողմի, խնդիրը ոչ միայն վնասի փոխհատուցումն է, այլ այսուհետ նմանօրինակ դեպքերի բացառումը:
15:35 - 26 մարտի, 2021
ԱՄՆ Պետդեպարտամենտը պահանջում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ |1lurer.am|

ԱՄՆ Պետդեպարտամենտը պահանջում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պահանջում է, որ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակութային հարցերով կազմակերպության՝ UNESCO-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ՝ գնահատելու պատմամշակութային ժառանգության պահպանության հետ կապված իրավիճակը՝ հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է ամերիկյան արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։ «Մոտիկից հետևում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իրավիճակին։ Շարունակում ենք հանձնառու լինել օգնելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու հակամարտության խաղաղ և մնայուն կարգավորմանը»,- նշված է պատասխանի սկզբում։ Այնուհետև ԱՄՆ արտաքին գերատեսչությունը կողմերին կոչ է արել հարգել միջազգային իրավունքի ներքո ստանձնած հանձնառությունները և պարտավորությունները, որոնց թվում է նաև կրոնական և մշակութային վայրերի պահպանությունը։
13:22 - 26 մարտի, 2021
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն ընդունել է ռուս գործընկերներին

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն ընդունել է ռուս գործընկերներին

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում հումանիտար առաքելությամբ գտնվող ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարության հավաքական խմբի ավագ գեներալ-մայոր Վլադիսլավ Գադեեվին: ԱԻՊ ծառայության հաղորդագրության համաձայն՝ համագործակցության շրջանակներում երկու գործընկեր կառույցների միջև ստեղծվել է օպերատիվ 3 խումբ: Վաղվանից հայ և ռուս գործընկերներից կազմված սակրավորական խումբն Արցախի տարածքում կիրականացնի ինժեներահետախուզական աշխատանք, որի նպատակն Արցախի բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովումն է, ինչպես բնակավայրերում, այնպես էլ դաշտավայրային ու անտառային գոտիներում: ԱՀ ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ վթարափրկարարական օպերատիվ խումբը ԱԻ պետական ծառայության Լիսագորի հենակետում համատեղ կիրականացնի հերթապահ ծառայություն: Հաջորդ խումբն ընդգրկված կլինի թիկունքային հումանիտար աշխատանքներում և հիմնականում կզբաղվի բեռնափոխադրումներով ու այլ մարդասիրական ծրագրերով: Ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին՝ 2020 թվականի նոյեմբերից առ այսօր Արցախի գործընկեր կառույցին աջակցելու, համագործակցության ամրապնդման և համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Խորհրդակցությանը մասնակցել են ԱԻՊԾ տնօրենի տեղակալ գնդապետ Սամվել Հայրումյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանը, սակրավորական խմբի հրամանատար Սամվել Սարգսյանը:
12:40 - 26 մարտի, 2021
ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստ

ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:   Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Այս շաբաթ արդեն երկրորդ օրը մենք աշխատում և քննարկումներ ենք իրականացնում Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ շատ արդյունավետ քննարկում ենք ունեցել, որի արդյունքներով որոշվել է հանդես գալ այսպիսի առաջարկությամբ՝ Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում առաջարկը հետևյալն է՝ ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և ծրագիրը ֆինանսավորել հետևյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ: Այսինքն կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը: Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով ըստ էության ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը, այն է՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլև պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալտնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր: Կարծում եմ՝ երեկ կայացրած որոշումները շատ ամուր հիմք կարող են դառնալ այդ զարգացումներն ապահովելու համար: Այսօր մենք քննարկումներ ենք ունենալու Անվտանգության խորհուրդների կազմերով, քննարկելու ենք անվտանգային միջավայրին և ապագայի շուրջ մեր ռազմավարական պատկերացումների վերաբերյալ հարցեր: Համոզված եմ, որ այսօրվա որոշումները նույնպես կարևոր դեր պետք է խաղան մեր հետագա անելիքների և դրանց իրագործման առումով»: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ մարտի 25-ին կայացած համատեղ խորհրդակցության արդյունքում ընդունված՝ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումն առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում: «Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակենք: Այդ նախագծերում միշտ հաշվի ենք առնում այսօրվա իրականությունը, զուգահեռ պլանավորում հողահատկացման, բնակիչների հետագա զբաղվածության ապահովման աշխատանքները, քննարկում ենք նաև կոոպերացիայի ժամանակակից մոդելներ»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով կիրականացվեն օրակարգային առաջնահերթության բոլոր հարցերը:
12:01 - 26 մարտի, 2021
Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը: Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և ԱԳ նախարար Այվազյանը մտքեր են փոխանակել հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից այդ խնդրի անհարկի քաղաքականացումը: Ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ առնչությամբ շեշտվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման անկյունաքարային դերը հակամարտության արդարացի լուծման համատեքստում:
19:40 - 25 մարտի, 2021
Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմնվում է քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելության վրա. ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմնվում է քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելության վրա. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տարածել Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ:  «Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման: Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը: Վերջին պատերազմից հետո պաշտամունքի վայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի 200 տարուց ավել պատմություն ունեցող Կանաչ ժամ եկեղեցու ավերումը փաստում է, որ ադրբեջանական կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմվում է միայն մեկ չափանիշի վրա, և այդ չափանիշը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելությունն է: Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ: Հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների՝ քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին լինելը: Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված և մինչ օրս շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ»,- ասված է մեկնաբանության մեջ:
19:05 - 25 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են Արցախում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են Արցախում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ Կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, այսօր հավաքվել ենք քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտում մեր օրակարգը, փոխգործակցության հարցերը, նաև այն ծրագրերի ընթացքը և հետագան, որոնք այսօր Արցախի կառավարության հետ համատեղ իրականացնում ենք: Ուզում եմ հիշեցնել, որ նոյեմբերի 18-ին իմ հրապարակած «ճանապարհային քարտեզի» կարևորագույն կետերից մեկն Արցախի բնականոն կյանքի վերականգնումն է: Պետք է արձանագրել, որ մենք այս պահին ունենք բավականին շոշափելի արդյունքներ, բայց իհարկե անելիքների ծավալը շատ մեծ է, և կարևոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու և Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլև հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք: Իհարկե, ամենատարբեր մակարդակներում այս ընթացքում քննարկումները ոչ մի օր չեն դադարել, համատեղ որոշումներ են կայացվել, և այսօր մենք կամփոփենք մինչև այժմ տեղի ունեցած քննարկումների արդյունքները և որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերենք հետագա անելիքների վերաբերյալ»: Իր հերթին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է. «Ցանկանում եմ ողջունել և, պարոն վարչապետ, շնորհակալություն հայտնել այս հանդիպումը նախաձեռնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կապակցությամբ: Արդյունքները շոշափելի են այն առումով, որ բնակչության մեծ մասը, Արցախի Հանրապետության մոտ 120 հազար քաղաքացիներ այսօր բնակվում են Արցախում, և բնականոն կյանքի առումով կարծես թե հաջողվել է ապահովել այն ամենը, ինչ պետք է: Ունենք մինչև 30 հազար բնակիչներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, բարեբախտաբար, շատ քիչ մասն է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Բայց ես ուզում եմ հետադարձ հայացք գցել 90-ական թվականների հետ կապված, որովհետև մենք պատերազմից հետո ազատագրելով Մարտակերտի շրջանը՝ մեզ չհաջողվեց Մարտակերտի շրջանի բնակչության մեծ մասին հետ բերել Արցախ, քանի որ հապաղել ենք: Մեր գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է այս փուլում, սոցիալական վճարների առումով համարում եմ, որ դեռ մի քանի ամիս խնդիրը լուծված է, և որևէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները և միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են: Բայց բնակարանների կառուցման, տրամադրման խնդրի և աշխատատեղերի, եկամտի ապահովման առումով ունենք շատ անելիքներ: Մեր հիմնական խնդիրը ես համարում եմ բնակարանաշինությունը, և, ըստ մեր պլանների, պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում: Երկրորդ կարևոր խնդիրը վնասների փոխհատուցման հարցն է, մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով ևս մենք պետք է միասին որոշում կայացնենք»:
15:40 - 25 մարտի, 2021