ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԵԱՀԿ մշտական խորհրդում քննարկվել է ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակման հարցը

ԵԱՀԿ մշտական խորհրդում քննարկվել է ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակման հարցը

Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ օրակարգ բերվեց և քննարկվեց «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը նախ կազմակերպության մասնակից երկրներին ներկայացրեց հուլիսի 12-ից մինչ օրս Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակողական գործողությունների ժամանակացույցը, ինչպես նաև՝ դրան նախորդած Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական և ռազմական բնույթի զարգացումները, որոնք ակնհայտ վկայում են, որ հուլիսի 12-ին սկսած հարձակումը նախապես ծրագրավորված գործողություն է։  «Ադրբեջանի նախագահը, ով հայտնի է Հայաստանի հանդեպ տարածքային իր նկրտումներով, մասնավորապես մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի Զանգեզուրի շրջանի նկատմամբ, ով մշտապես գանգատվում է որ «ժամանակակից Հայաստանը հիմնվել է ադրբեջանական հողերի վրա», և այլն և այլն, վերջին ամիսների ընթացքում իր հրապարակային ելույթներում նորից վերադարձավ ռազմատենչ և ռազմաշունչ հռետորաբանությանը, իր ժողովրդին վստահեցնելով, որ Ադրբեջանը ունակ է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Հայաստանի պատվիրակությունը մշտապես ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող և սատարվող հակահայկական ատելություն սերմանող քարոզչությանը։ Մենք այն դիտարկում ենք որպես գործիք այդ երկրի իշխանությունների ձեռքին՝ արտաքին թշնամու դեմ հասարակությունը համախմբելու, ներքին խնդիրներից՝ բռնապետական կառավարում, էնդեմիկ կոռուպցիա, մարդու իրավունքների առումով խայտառակ պատկեր, հիմնարար ազատությունների համատարած ոտնահարում, ուշադրությունը շեղելու համար»։ Դեսպան Արմեն Պապիկյանը նաև նշեց, որ հայատյացության մակարդակն այնպիսի մի վտանգավոր աստիճանի է հասել, երբ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից նույնիսկ թեթև մանիպուլյացիայի դեպքում այդ հակահայկական ատելությունը կարող է հանգեցնել ռազմական բախումների և նույնսիկ լայնածավալ ագրեսիայի ինչպես Հայաստանի պետական սահմանին, այնպես էլ շփման գծի երկայնքով։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրեց Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերի՝ Բերդ քաղաքի, Այգեպար, Մովսես, Չինարի, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերի ռմբակոծությունը ականանետերի և Գրադ կայանի օգտագործմամբ՝ պատճառելով ավերածություններ, ինչպես բնակելի տներին, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Դեսպանը հատուկ ընդգծեց Այգեպարի մանկապարտեզի ռմբակոծման փաստը։ «Քաղաքացիական բնակչության և ենթկառուցվածքների միտումնավոր թիրախավորումը առաջին անգամ չէ որ կիրառվում է Ադրբեջանի կողմից։ Մենք դրան ականատես ենք եղել տարիներ ի վեր, մենք դա տեսանք 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակի կողմից իրագործվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորում․ քաղաքականություն, որն Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանի այս վարքագիծը պետք է աներկբա դատապարտվի, և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է կրի դրանց ամբողջ պատասխանատվությունը»։  Դեսպան Պապիկյանը նշեց նաև, որ առաջին անգամ չէ որ Ադրբեջանն իր հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայում է բնակավայրերում, դրանով իսկ վտանգելով իր իսկ քաղաքացիական բնակչությունը. «Նման դատապարտելի մարտավարությունը ևս նորություն չէ՝ այն օգտագործվել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Սա վկայում է, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը բացարձակ չի հետաքրքրում իր իսկ սեփական ժողովրդի ապահովությունը և անվտանգությունը, ուր մնաց Հայաստանի և Արցախի ժողովրդինը»։ Այնուհետև Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահին՝ հավասարակշռված հայտարարություն անելու կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի գործընկերներ և բարեկամ երկրների համապատասխան արձագանքի համար։ Դեսպան Պապիկյանը հատուկ անդրադարձավ Թուրքիայի կողմից արված հայտարարություններին, դրանք գնահատելով որպես Ադրբեջանի վարքագծի ուղիղ խրախուսում, ինչը ներկայիս լարված իրավիճակում բացարձակ անպատասխանատու և անընդունելի է։  Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանի սահմանին այս լարվածությունը ևս մեկ անգամ վկայում է, որ խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայր ձևավորելու, ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու համար նախ և առաջ անհրաժեշտ է նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորության սպառնալիքը, ինչպես նաև ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի՝ տեղում գործող միակ միջազգային ներկայության մշտադիտարկման կարողությունները։ Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ ժողովուրդների միջև վստահության, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանն ուղղված նախաձեռնությունները միակ հնարավորությունն է ապահովելու կայունությունը տարածաշրջանում։
10:14 - 17 հուլիսի, 2020
Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի, պատգամավորների ուշադրությունն է հրավիրել  Ադրբեջանի սպառնալիքների վրա

Կոնջորյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի, պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի սպառնալիքների վրա

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայում անվտանգության և համգործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին և 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Պատգամավորը, մասնավորապես, տեղեկացրել է, որ հուլիսի 16-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։  Նա նշել է, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները։ Կոնջորյանը կոչ է արել գործընկերներին՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ռազմատենչ հռետորաբանությունը։ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,-ասել է նա:
20:42 - 16 հուլիսի, 2020
Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել․ Արման Եղոյան

Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել․ Արման Եղոյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Մոտ մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Մարինա Կալյուրանդը, որը նաև ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Վրաստան ասոցացման և ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեների համանախագահն է, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուի և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, Արցախին առնչվող վիճահարույց հայտարարությամբ էին հանդես եկել՝ իրենց ձևակերպումներում էականորեն շեղվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից օգտագործվող և Եվրախորհրդարանի կողմից ընդունված ձևակերպումներից։ Դրանից հետո ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում հայկական ողջ պատվիրակությունը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ՝ դրանում մանրամասն ներկայացնելով վերոնշյալ հայտարարությունում տեղ գտած իրավաքաղաքական սխալներն ու մեզ համար անընդունելի ձևակերպումները։ Նույնն արել էինք նաև Եվրախորհրդարանի մեր մյուս բոլոր գործընկերների հետ ակտիվ նամակագրական կապի ընթացքում։ Այսօր տեղեկացանք, որ Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական վերջին սադրանքների առիթով տիկին Կալյուրանդը հանդես է եկել ևս մեկ հայտարարությամբ, որտեղ, զգուշավոր լավատեսությամբ կարող ենք արձանագրել, որ հաշվի է առել իր նախորդ հայտարարության հետ կապված մեր դիտարկումներն ու մտահոգությունները։ Մասնավորապես Արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից որևէ մեկին առավելություն չի տրվել, այլ հղում է արվել բոլոր երեքը պարունակող ՄԱԿ-ի կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին»։
15:31 - 16 հուլիսի, 2020
Ադրբեջանը տապալում է Մինսկի խմբի բանակցային գործընթացը |hhpress.am|

Ադրբեջանը տապալում է Մինսկի խմբի բանակցային գործընթացը |hhpress.am|

hhpress.am: Միջազգային հանրությունը հետեւողականորեն արձագանքում է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների եւ կրակոցների առնչությամբ։ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հետագա լարվածությունը կանխելու համար։Առարկայական բանակցությունների վերսկսման կոչ են անում եւ կարեւորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան ներկայացնող համանախագահները։ Վերջիններս կապի մեջ են կողմերի հետ, հորդորում են կիրառել հաղորդակցության ուղիղ միջոցները։ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը «Ֆեյսբուքյան» իր էջում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում կանխել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին հակամարտության հետագա սրացումը։ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում շեշտում է՝ միջազգային հանրությունը հնարավորինս շուտ հորդորում է Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը տանել զինադադարի։ Հարցին, թե ինչո՞ւ ԵԽԽՎ-ն չի արձագանքում ադրբեջանական ագրեսորների գործողություններին, նա ասաց, որ ԵԽԽՎ-ն այն մարմինը չէ, որը քաղաքական հրատապ հարցեր է լուծում։ Բայց համոզված է, որ Ադրբեջանի այսպիսի վարվելակերպը՝ իր ագրեսիայի դրսեւորման համար խաղաղ բնակչությանը թիրախավորելը, անպատասխան չի մնա. «Մենք մեր գործընկերներին հայտնել ենք, որ ներկա իրավիճակում Ադրբեջանը տապալում է համավարակի դեմ պայքարը։ Խոսքը վերաբերում է «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ արձակված կրակոցներին, այն զբաղվում է համավարակի պայքարի համար անհրաժեշտ իրերի արտադրությամբ, որտեղ աշխատում են հարյուրավոր կանայք»։Ինչպես գիտենք, որ Ադրբեջանը հուլիսի 14-ին ժամը 11։00-ին 120 մմ ականանետերից կրակել է Բերդի տարածաշրջանի Չորաթան համայնքում գտնվող «Տավուշ տեքստիլի» ուղղությամբ։ Գործարանը կորոնավիրուսի շրջանում արտադրում է նաեւ պաշտպանիչ դիմակներ. «Այսպիսի դեպքերը, հույս ունենք, տեղ կգտնեն Ադրբեջանի վարքագիծը գնահատող զեկույցներում։ Միջազգային հանրության արձագանքներից, ընդհանուր մտահոգություններից զատ կան նաեւ այլ հայտարարություններ, օրինակ՝ Թուրքիայինը, երբ վերջինս հայտարարում է, որ արդարացնում է Ադրբեջանի վարվելակերպը եւ պատրաստ է աջակցել։ Սա միանշանակ տանում է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի շարունակմանը։ Շատ կարեւոր է Մինսկի խմբի հայտարարությունը, որը եւս ուղղված է ռազմական գործողությունների հնարավորինս շուտ, հրատապ դադարեցմանը»։Չնայած միջազգային հանրության՝ հրադադարի կոչերին, Ադրբեջանը շարունակում է լարված պահել հայ-ադրբեջանական սահմանը։ Հովհ. Իգիթյանը նկատում է՝ միջազգային հանրությունը նման իրավիճակները միշտ ուշացումով է դատապարտում կամ փորձում արձագանքել. «Ուստի Ադրբեջանի գործողություններին, ագրեսիային դիմակայելու միակ եւ արդյունավետ տարբերակը մեր բանակն է, մեր ժողովրդի պատրաստակամությունը։ Հայկական բանակը անում է իր գործը։Հույս ունեմ, որ Ադրբեջանի գործողությունների առնչությամբ հետագայում կունենանք համապատասխան գնահատականներ։ Ադրբեջանը տապալում է ոչ միայն Մինսկի խմբի բանակցային գործընթացը, այլեւ տարածաշրջանի խաղաղության ընդհանուր իրավիճակն ու պայմանավորվածությունները»։Չնայած Թուրքիան հայտարարում է ռազմական գործողություններում Ադրբեջանին ցուցաբերվող հնարավոր աջակցության մասին, բայց, ինչպես կարծում է պատգամավորը, նա ուղղակի ձեւով այդ քայլին դիմել չի համարձակվի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ տարբեր երկրներից ձեռք բերած զենքին, ապա, ըստ Իգիթյանի, իրավիճակը ցույց է տալիս, որ զենք ունենալը դեռեւս բավարար պայման չէ՝ ծնկի բերելու որեւէ երկրի, ժողովրդի. «Մենք այս օրերին ցույց ենք տվել, որ մեր ունեցած զինատեսակով հայկական զորքերը խոցում են տասնյակ միլիոնավոր դոլարների արժողությամբ զինտեխնիկա։ Մեր զինվորները կարողանում են հաջողությամբ լռեցնել այն կետերը, որտեղից Ադրբեջանը անհարմարություն եւ անհանգստություն է պատճառում հայկական բնակավայրերի բնակչությանը»։Պատգամավորն Ադրբեջանի գործողությունների մեջ աբսուրդային տրամաբանություն է տեսնում։ Իրավիճակի պատկերը դիտարկում է Իլհամ Ալիեւի՝ վերջին շրջանում արված հայտարարությունների համատեքստում։ «Ալիեւը հայտարարում էր, թե Հայաստանը գոյություն չի ունեցել, եւ հայերը ապրում են Ադրբեջանի պատմական հողերի վրա։ Երկրորդ հայտարարությունը՝ Ադրբեջանը հզոր երկիր է, ունի համապատասխան գումար եւ զենք՝ Հայաստանը ոչնչացնելու համար։Ալիեւը դժգոհ էր նաեւ Մինսկի խմբի գործունեությունից, եւ, ինչպես իրենք էին ասում, Ադրբեջանը պատրաստ է պատժել օկուպանտին։ Անհեթեթությունը հասել է այն մակարդակի, որ նրանք հայտարարում են, թե Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը։ Այս հայտարարությունն աբսուրդ է։Միջազգային լուրջ կազմակերպությունների մոտ գոյություն չունի որեւէ փաստաթուղթ, որտեղ նշված լինի, թե Ադրբեջանի որեւէ տարածք օկուպացվել է Հայաստանի կողմից։ Լեռնային Ղարաբաղը ապացուցել է, որ ինքնուրույն հանրապետություն է, ունի իր տարածքը, գործում է իր Սահմանադրությամբ եւ օրենքների շրջանակներում,–շեշտեց պատգամավորը՝ ընդգծելով՝ Ալիեւի հիշյալ հայտարարությունները բերեցին հայ-ադրբեջանական սահմանի ագրեսային։–Պատահական չէ, որ դա արվում է Հայաստանի դեմ, ոչ թե Արցախի։ Սրանով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ Հայաստանն է ագրեսորն ու գործողությունների հեղինակը»։
15:22 - 16 հուլիսի, 2020
Մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար․ Սոս Ավետիսյան

Մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար․ Սոս Ավետիսյան

Հուլիսի 12-ից մինչեւ այս գիշեր Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը խիստ լարված էր։ Նշյալ օրը՝ կեսօրից, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ էր սկսել Հայաստանի ուղղությամբ։  Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, կրակը դադարեցնելու կոչ արեց միայն երեկ՝ հուլիսի 14-ին՝ հայտարարելով, որ կազմակերպության քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ։  «Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է»,- ասված էր հայտարարության մեջ։ Թեմայի շուրջ զրուցել ենք խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ։ - Պարո՛ն Ավետիսյան, քննադատություններ են հնչում, որ ՀԱՊԿ-ը չի արել այն, ինչ պարտավոր էր անել, ուշացրել է հայտարարությունը եւ կամ հայտարարությունն, ըստ էության, ոչինչ չասող էր։ Ընդ որում՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ու ՀԱՊԿ-ի հայտարարությունները գրեթե չէին տարբերվում, եւ սա այն պարագայում, երբ Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ՀԱՊԿ-ի անդամ է։ Խնդրում եմ Ձեր մեկնաբնությունը՝ ի՞նչ ասելիք ուներ վերջինիս արձագանքը, դրա մեսիջը տվե՞ց այն, ինչ պետք է տար։ - Նախեւառաջ՝ մենք մի կարեւոր բան պետք է արձանագրենք՝ ընդհանրապես հայոց պատմության, անկախության համար․ մենք մեր հիմնական հույսը պետք է դնենք բացառապես մեր Զինված ուժերի վրա՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Այսինքն՝ քեզնից դուրս փրկության փնտրտուքները սխալ են։ Իհարկե, ՀԱՊԿ-ը մեր անվտանգային համակարգում կարեւոր օղակ է, եւ օպերատիվ պատասխանի որոշակիությունը շատ կարեւոր է։ Դրա հետ մեկտեղ՝ մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ն, ի վերջո, հայտարարություն տարածեց, որտեղ հստակ նշվում է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի դաշնակից երկիր է, եւ սա պետք է ընդունել որպես առաջնային զգուշացում կամ նախազգուշացում։ Մնացած ընթացակարգային առումով՝ ինչ կարելի է սպասել, մենք պետք է մի քիչ ավելի հաշվարկային լինենք՝ ի վերջո ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք պատկերացնում այդ օգնությունը կամ դատապարտումը։ Իհարկե, Ադրբեջանն ինչ-որ առումով փորձ է արել իր ունեցած կապերից օգտվել, բայց ՀԱՊԿ-ի հայտարարությունը, որպես այդպիսին, չի վիժեցրել։ Եւ սա կարելի է արձանագրել որպես որոշակիորեն դրական քայլ։ - Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածում ասված է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա՝ Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:Եթե չեմ սխալվում՝ այս օժանդակությունը ցուցաբերվելու է այն պարագայում, երբ ագրեսիայի ենթարկված պետությունն անձամբ դիմի։  - Այո, եւ մենք մեր ՀԱՊԿ-ի գործընկերներին դիմել ենք, բայց պահանջով, որ անպայմանորեն արձանագրվի, որ այսպիսի միջադեպ է տեղի ունենում արդեն հայ-ադրբեջանական սահմանին, որ ագրեսիայի դրսեւորում կա, եւ դա արձանագրվել է։ Մենք չենք դիմել, որ մեզ օգնեն․ ի փառս մեր զինվորականների՝ մենք բացարձակ տիրապետում ենք իրավիճակին եւ մենք ենք թելադրող դիրքում։ - Այսինքն՝ Հայաստանն այս պահին ամենեւին էլ կարիք չունի դիմել այդ օժանդակության՝ ներառյալ ռազմական օգնության համար։ - Բացառվում է։ Այս պահին մենք նման օժանդակության կարիք չունենք։ - Թուրքիայի ֆակտորին անդրադառնանք․ այս պետությունն ամեն ձեւ ձգտում է խառնվել իրավիճակին։ Թուրքիան, կարծես թե, տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շահերի ամենամեծ սպառնալիքն է՝ թե՛ որպես Թուրքիա, թե՛ որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց ՀԱՊԿ-ն, ըստ էության, թուրքական կողմի հայտարարությունների մասին չխոսեց։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս դիրքորոշումը։ - Եկեք տարանջատենք մի քանի բան․ Թուրքիան, որպես այդպիսին, այո, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց վերջին տարիների զարգացումը եւ առանձին օպերացիաների իրականացումը ցուցադրում են, որ Թուրքիան բացառապես իր շահերն է հետապնդում եւ կաշկանդված չէ ՆԱՏՕ-ով։ Եւ թե՛ Ռուսաստանի հետ որոշակի մերձեցումները, թե՛ հետագա առճակատումները Սիրիայում՝ Ռուսաստանի հետ, Լիբիայում իրենց քաղաքականությունը, հստակ ցուցադրում են, որ այս պետությունը վաղուց կաշկանդված չէ, հանդես չի գալիս որպես ՆԱՏՕ-ի քաղաքականության վարող։ Ինքն իր քաղաքականությունն է վարում՝ ունենալով ՆԱՏՕ-ի պայմանագիրը։ Այս պարագայում՝ նաեւ շատ կարեւոր է Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը, որը իրապես թիրախավորված էր, չնայած երկիրը չէր նշում, բայց շեշտում էր, որ Մինսկի խմբի անդամ երկիրը իրավուք չունի ռազմական էսկալացիայի ժամանակ որեւէ կողմին ուղիղ աջակցություն խոստանալ, հատկապես, որ դա կվտանգի տարածաշրջանային անվտանգությունը։ Այս խոսքերը ուղղված էին բացառապես Թուրքիային։ Բայց, էլի եմ կրկնում, ամենակարեւորն այն է, որ մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար։ Եւ Թուրքիայի ու Ադրբեջանի այս ընդհանուր ջղաձգումները, ի դեպ, որոշակիորեն պայմանավորված են իրենց ներքաղաքական օրակարգերով։ - Երեկ էլ Բաքվում բողոքի բազմահազարանոց ցույցեր էին, եւ սա կարծես վերջին տասնամյակներում առաջին նման ակցիան էր։ Չնայած տեղի ղեկավարությունը սկզբում բուռն չարձագանքեց կատարվողին, բայց հետո ջրցաններով ու մահակներով ցրեց ցուցարարներին։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանում զարգացումներն ուղղակիորեն իրենց դեմ շրջվեն։ - Այո, եւ երկու կարեւոր եզրակացություն պետք է ունենանք․ նախ՝ այդ ցույցն արձանագրում է հայկական Զինված ուժերի եւ Հայաստանի հաղթանակը․ այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ այդ մարդիկ հասկացել են՝ իրավիճակը, մեղմ ասած, սփոփիչ չէ։ Երկրորդը՝ պետք է հասկանանք, որ այդ հասարակությունը ռազմատենչ է, հետեւաբար, մենք մեր անվտանգությանը պետք է ապավեն լինենք։ Երրորդիվ՝ իհարկե, մեծ ճնշում կա կառավարության վրա։ Եւ թեեւ դեռ ամբողջական վերլուծություներ չկան, բայց ենթադրաբար, այդ ամենը սկզբնական շրջանում ձեռնտու էր Բաքվի կառավարող կլանին, հետո իրենք հասկացան, որ սա կարող է վերաճել ավելի լուրջ պայքարի, եւ այդ մարդկանց ցրեցին։ - Պարոն Ավետիսյան, հիմա միջազգային կառույցների ներկայացուցիչների, մի քանի երկրների պաշտոնյաների հայտարարությունները թո՞ւյլ են տալիս եզրակացնել, որ միջազգային հանրության համար ակնհայտ է եւ հստակ, որ Ադրբեջանն է հրահրում այս իրադրությունը։ - Մենք կարող ենք այդպիսի ենթադրություն անել, այո։ Այս ընթացքում երկու տեսակի հայտարարություններ են եղել․ առաջինը՝ դիվանագիտական քողով․ երկու կողմերին են կոչ անում, սրանք հիմնականում միջազգային կառույցներից եկող արձագանքներն են, եւ այդ կառույցներից այս պահին այլ արձագանք սպասել հնարավոր չէ, դեռ փաստագրական տվյալներ պետք է ներկայացվեն նրանց։ Եւ երկրորդը՝ մենք նկատեցինք, որ նաեւ կարեւոր պետության ներկայացուցիչներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, Ադրբեջանին ուղիղ դատապարտող հայտարարություններ եղան, արդեն նաեւ Կիպրոսից, Շվեդիայից, Գվատեմալայից, Իսպանիայից։ Եւ սա շատ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերման տեսանկյունից։ Իհարկե, սրանք դեռ առաջին քայլերն են, բայց այս ուղղությամբ մենք դեռ պետք է շարժվենք։  - Այսինքն՝ մեր կոմունիկացիան այս առումով ստացվում է միջազգային հանրության հետ։ - Այո, այն աշխատանքը, որ արվել է այս մեկուկես տարվա ընթացքում մեր միջազգային գործընկերների հետ, հանդիպումները, քննարկումները, համատեղ քայլերը, բերում են այն պտուղները, որոնք այս պահին պետք են։ Եւ այս կարեւոր հաջողության վրա դեռ երկար անելիքներ կան։ Ինֆորմացիոն դաշտի առումով եւս էլ ավելի շատ ջանք է պետք ներդնել։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Հայարփի Բաղդասարյան
18:30 - 15 հուլիսի, 2020
ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել |armenpress.am|

ԵԱՀԿ գործող նախագահը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ վերադարձնել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Ռամայի կոչը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում: «Ես խորապես մտահոգված եմ բռնության աճով, որը մենք տեսնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով, և կոչ եմ անում անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը, քանի դեռ չենք տեսել նոր զոհեր»,- ասել է Ռաման: Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը կողմերի հետ սերտ կապի մեջ են իրավիճակը կայունության վերադարձնելու ձգտման հարցում: Ուղիղ կապուղին հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2019թ. մարտին, Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայացած հանդիպման ժամանակ։ Ռաման հույս է հայտնել, որ նման մեխանիզմները կարող են օգտագործվել այս իրավիճակում լարվածությունը թուլացնելու համար: Ռաման ցավակցություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իր մտահոգությունն է հայտնել երկու կողմերից տուժածների վիճակի առնչությամբ։ «Մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նվազեցնենք հակամարտության ազդեցությունը մարդկային կյանքի վրա և հնարավորինս արագ վերսկսենք առարկայական բանակցությունները»,- ասել է Ռաման՝ ընդգծելով Մինսկի խմբի գործընթացին իր աջակցությունը:
09:24 - 15 հուլիսի, 2020
Ադրբեջանն արհամարհում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

Ադրբեջանն արհամարհում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները․ Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ի, ԵԽԽՎ-ի նախագահներին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին․ «ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ Գեորգի Ծերեթելի, ԵԽԽՎ հարգարժան նախագահ Ռիկ Դեմս, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար Դունյա Միատովիչ Ինչպես արդեն տեղեկացված եք, հուլիսի 12-ից ԵԽ անդամ Ադրբեջանի զինուժը հետեւողականորեն, տարբեր տրամաչափի զենքերից հրետակոծում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանային բնակավայրերը։ Նշանակետի տակ են Տավուշի մարզի բնակավայրերը, որոնք ահա արդեն երկու օր է ադրբեջանական կրակահերթերի նշանառության տակ են, եւ գնդակոծությունն իրականացվում է այնպիսի եղանակով, ինչը իրական սպառնալիք է քաղաքացիական բնակավայրերին, բնակիչների առողջությանն ու կյանքին, նրանց սեփականությանը: Սահմանամերձ Մովսես գյուղի հրետակոծության հետեւանքով վնասվել է բնակելի տուն, որտեղ այդ պահին եղել են չորս անչափահաս երեխաներ, իսկ այսօր սահմանին հակառակորդի արձակած կրակից ՀՀ ԶՈւ երկու զինծառայող է զոհվել:Այսօր առավոտից ադրբեջանական զինուժը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, վտանգելով խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը։Ռազմական այս սադրանքները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետեւողական ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են, ինչը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները։ Ադրբեջանը հետեւողականորեն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու իր իսկ ստորագրած կոնվենցիաները, շարունակելով թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։Ուզում եմ նաեւ ընդգծել, որ նմանօրինակ ռազմական սադրանքներով Ադրբեջանը անտեսում է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակով պայմանավորված աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչը։ ԵԱՀԿ ԽՎ հարգարժան նախագահ, ԵԽԽՎ հարգարժան նախագահ, ԵԽ Մարդու իրավունքների հարգարժան հանձնակատար, ձեր հատուկ ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի սադրիչ գործողություններին, քանզի իրավիճակի լարման հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։
16:07 - 14 հուլիսի, 2020
ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով տեղի ունեցող բռնությունը

ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով տեղի ունեցող բռնությունը

ԱՄՆ Պետդեպարտամենտը  հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի կապակցությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «ԱՄՆ-ն խստագույնս դատապարտում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով տեղի ունեցող բռնությունը։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել իրենց միջև առկա ուղիղ հաղորդակցության ուղիները, որպեսզի խուսափեն լարվածության հետագա ավելացումից, և խստագույնս հետևել հրադադարին։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ շարունակում է հակված մնալ կողմերին օգնելու հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև, խաղաղ լուծմանը։ Մենք կշարունակենք ակտիվորեն մասնկացել այդ նպատակին հասնելուն ուղղված ջանքերին։ ԱՄՆ-ն միանում է Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս շուտ կառուցողական բանակցությունները վերսկսելու և ԵԱՀԿ դիտորդների՝ տարածաշրջան վերադառնալու կարևորությունը շեշտելու կոչին»։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
09:38 - 14 հուլիսի, 2020
Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները |armenpress.am|

Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները: Այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև այլ աղբյուրների հաղորդագրությունների համաձայն, հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի լուրջ խախտում, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ օգտագործել են տարբեր տրամաչափի հրետանի։ Համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ցավում են մարդկանց մահվան համար և իրենց ցավակցությունն են հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Համանախագահներն ուղիղ կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ միջադեպի հենց սկզբից»,- ասված է հաղորդագրության մեջ: Համանախագահները նշում են, որ կողմերը միմյանց մեղադրել են ռազմական գործողություններ սանձազերծելու մեջ։  «Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կոչ են անում կողմերին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում ՝ նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ կապի ուղիների օգտագործմամբ: Մինսկի խմբի համանախագահները նաև կողմերին կոչ են անում հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները և կարևորում են ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան, երբ թույլ տան հանգամանքները»,- նշված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:
20:15 - 13 հուլիսի, 2020
Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին

Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ  նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին: Իր նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են եւ լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ուղղակիորեն հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին: «Ադրբեջանի Զինված ուժերի անընդունելի գործողությունները աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից, ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում եւ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակներում:
16:43 - 13 հուլիսի, 2020
Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Կասպշիկի և Պոպովի հետ |azatutyun.am|

Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Կասպշիկի և Պոպովի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ: Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ Մամեդյարովը դիվանագետների հետ զրույցում «ներկայացրել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, դժգոհություն հայտնել և հայկական կողմի սադրանքը գնահատել որպես ագրեսիա»։ Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է երեկ կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ են ստացել սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկաններ: Պաշտոնական Երևանը Բաքվին է մեղադրում սադրիչ գործողությունների համար և դատապարտում՝ շեշտելով, որ դրանք անպատասխան չեն մնում:
16:37 - 13 հուլիսի, 2020
Սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ ԱԳՆ մամուլի խոսնակ

Սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ ԱԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում է այս սադրիչ գործողությունները:ՀՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարի հետ համակարգմամբ, մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով իրադրությունը տեղում և դրա հետագա սրման վտանգները: Վերջին ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը, հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սադրիչ գործողություններից, թշնամական հռետորաբանությունից զերծ մնալու և հրադադարի ռեժիմն ամրապնդելու կոչերի, շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման և ռազմական էսկալացիայի սպառնալիքներով:Այդ սպառնալիքների պայմաններում իրականացված սադրիչ գործողության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
01:46 - 13 հուլիսի, 2020
Բադասյանը մասնակցել է հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդման ծրագրի հեռավար հանդիպմանը

Բադասյանը մասնակցել է հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդման ծրագրի հեռավար հանդիպմանը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 8-ին մասնակցել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ կազմակերպած՝ «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը» ծրագրի ձեռքբերումների և հետագա քայլերի վերաբերյալ հեռավար հանդիպմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության փոխնախարարներ Սրբուհի Գալյանն ու Քրիստիննե Գրիգորյանը, Կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակում ԵԱՀԿ և ՄԱԶԾ բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր երկրների դեսպանատան ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ համագործակցության և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին շարունակական աջակցություն տրամադրելու համար: Նախարարն իր ելույթում անդրադարձել է վերջին ժամանահատվածում հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի իրականացրած ռազմավարական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, ընթացիկ միջոցառումներին, ինչպես նաև ներկայացրել առաջիկայում ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ տեղեկություն: Քննարկումների արդյունքում մասնակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակաբար աջակցելու Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումներին և, հատկապես, հակակոռուպցիոն մարմինների ստեղծման և ինստիտուցիոնալ կայացման գործընթացներին:    
19:29 - 08 հուլիսի, 2020
ժողովրդավարական ընտրություններն անհասկանալի են 2003-ից նույն նախագահն ունեցող երկրին. Կոնջորյանը՝ Ադրբեջանի պատվիրակին

ժողովրդավարական ընտրություններն անհասկանալի են 2003-ից նույն նախագահն ունեցող երկրին. Կոնջորյանը՝ Ադրբեջանի պատվիրակին

Հուլիսի 7-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առցանց քննարկումը:  Այս առնչությամբ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այս ձեւաչափը նոր էր, ադրբեջանական պատվիրակների մեղադրանքները՝ հին: Ազայ Գյուլիեւը խոսել է Արցախի ընտրությունների անցկացումից, երդմնակալությանը Հայաստանի վարչապետի ներկայությունից, մեղադրել հայերին խաղաղությունը խաթարելու համար: Հայկական արձագանքը հիշեցում է. դրանք ժողովրդավարական ընտրություններ էին, այն անհասկանալի է 2003-ից նույն նախագահն ունեցող երկրին, որտեղ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար: «Կցանկանայի հիշեցնել, որ 1994-ի հրադադարի համաձայնագիրը դեռ գործում է եւ չունի ժամանակային սահմանափակում, եւ Հայաստանն ու Արցախը հավատարիմ են դրան: Մենք հետեւողականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը եւ աշխատում ենք խաղաղության միջավայրի ձեւավորման վրա, բայց, ցավոք, մեկ կողմի՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու տարածքային պահանջները անհնար են դարձնում հակամարտության կարգավորումը: Ցավոք, ոչ համանախագահների, ոչ միջազգային հանրության հայտարարությունները չեն զսպում Ադրբեջանին: Հետեւաբար, մենք կարեւորում ենք մշտադիտարկման իրականացումը. այն չպետք է դադարեցվի, հատկապես համավարակի օրերին»,- ասել է ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Մեր պատվիրակը հիշեցրել է. պարոն Գյուլիեւը բազմիցս հերքել է անգամ Արցախի ժողովրդի գոյության փաստը: Եթե իսկապես խաղաղ կարգավորում եք ուզում. պատրա՞ստ եք նույն հայտարարությունն անել, ինչ վարչապետ Փաշինյանն է արել, այն է՝ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: «Երբ պարոն Գյուլիեւը խոսում է Արցախի ժողովրդի իրավունքների մասին եւ ասում, որ ինքը չի հասկանում, թե դա ինչ է նշանակում, կարծում եմ՝ պատճառն ընդհանրապես մարդու իրավունքներ երեւույթը չհասկանալու մեջ է: Ադրբեջանում մարդու իրավունքների բացակայությունն արտացոլվում է նույնիսկ պարոն Գյուլիեւի խոսքերում: Երբ խոսում եք ժողովրդավարությունից, կցանկանայի ասել, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, եւ եթե մեկը, լինի գործարար թե պաշտոնյա, որեւէ հանցանք է գործում, պետք է պատասխան տա դրա համար: Դա մի բան է, որ անհասկանալի է ձեզ համար, պարոն Գյուլիեւ: Հիմա եկեք նայենք Ադրբեջանին: Գործող նախագահը նախագահ է 2003-ից՝ 17 տարի: Նա նախագահությունը հորից է ժառանգել: Սա ժողովրդավարություն չէ: Սա ժառանագականությունն է, սա նեպոտիզմ է, ընտանեկան բռնապետություն, սակայն ոչ երբեւէ ժողովրդավարություն: Դրա համար հայաստանյան ժողովրդավարությունը չեք հասկանում, խնդիրը ոչ թե մերն է, այլ ձերը, պարոն Գյուլիեւ»,- ասել է Կոնջորյանը:
12:38 - 08 հուլիսի, 2020
Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին |azatutyun.am|

Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, իր խոսքով, ոչ հստակ հայտարարությունների և անարդյունք բանակցությունների համար։ «Մենք նրանցից այլ արձագանք ենք ակնկալում՝ հստակ հայտարարություններ։ Երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Ղարաբաղը Հայաստան է, ինչո՞ւ Մինսկի խումբը չի արձագանքում և չի հայտարարում, որ այդ արտահայտությունը ամբողջովին խախտում է բանակցությունների էությունը և դրանք փաստացի դարձնում անիմաստ», - հարց է բարձրացրել Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերությունների հետ զրույցում։ Ադրբեջանի նախագահը պնդել է, թե միջնորդները համահունչ չեն արձագանքում նաև բանակցությունների «ձևաչափը փոխելու»՝ հայկական կողմի ջանքերին: «Նրանք աբստրակտ հայտարարություններ են անում՝ փորձելով և՛ մեզ սիրաշահել, և՛ նրանց, բայց դրա ժամանակն արդեն անցել է, մենք հստակություն ենք պահանջում», - ասել է Ալիևը, հավելելով՝ եթե միջնորդներն ուզում են, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, պետք է խոսեն այս մասին։ «Նրանց հիմնական թեզն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի, իսկ ո՞վ ասաց», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ընդգծելով. - «Մենք միջնորդներից առավել լուրջ, հստակ ու նպատակային հայտարարություններ ենք ակնկալում»։ Միջնորդների հասցեին մի քանի րոպե շարունակված քննադատական ելույթից հետո Իլհամ Ալիևը նաև պնդել է, թե «այժմ բանակցություններ, ըստ էության, չեն վարվում, արտգործնախարարների միջև տեսակոնֆերանսները որևէ նշանակություն չունեն և ընդամենը տպավորություն են ստեղծում, թե իբր Մինսկի խումբը գոյություն ունի»։ «Ես ասել եմ, որ մենք չենք բանակցի հանուն բանակցությունների, մենք ուզում ենք ըստ էության բանակցություններ՝ առանց դրանց ձևաչափը փոխելու։ Այդ դեպքում մենք, անշուշտ, դրանց կմասնակցենք, հակառակ դեպքում՝ անիմաստ բանակցությունների մեջ որևէ իմաստ չենք տեսնում»», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
13:16 - 07 հուլիսի, 2020