ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։
Մոտ մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Մարինա Կալյուրանդը, որը նաև ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Վրաստան ասոցացման և ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեների համանախագահն է, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուի և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, Արցախին առնչվող վիճահարույց հայտարարությամբ էին հանդես եկել՝ իրենց ձևակերպումներում էականորեն շեղվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից օգտագործվող և Եվրախորհրդարանի կողմից ընդունված ձևակերպումներից։
Դրանից հետո ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում հայկական ողջ պատվիրակությունը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ՝ դրանում մանրամասն ներկայացնելով վերոնշյալ հայտարարությունում տեղ գտած իրավաքաղաքական սխալներն ու մեզ համար անընդունելի ձևակերպումները։ Նույնն արել էինք նաև Եվրախորհրդարանի մեր մյուս բոլոր գործընկերների հետ ակտիվ նամակագրական կապի ընթացքում։
Այսօր տեղեկացանք, որ Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։
Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական վերջին սադրանքների առիթով տիկին Կալյուրանդը հանդես է եկել ևս մեկ հայտարարությամբ, որտեղ, զգուշավոր լավատեսությամբ կարող ենք արձանագրել, որ հաշվի է առել իր նախորդ հայտարարության հետ կապված մեր դիտարկումներն ու մտահոգությունները։ Մասնավորապես Արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից որևէ մեկին առավելություն չի տրվել, այլ հղում է արվել բոլոր երեքը պարունակող ՄԱԿ-ի կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին»։
comment.count (0)