Հուլիսի 12-ից մինչեւ այս գիշեր Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը խիստ լարված էր։ Նշյալ օրը՝ կեսօրից, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ էր սկսել Հայաստանի ուղղությամբ։
Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, կրակը դադարեցնելու կոչ արեց միայն երեկ՝ հուլիսի 14-ին՝ հայտարարելով, որ կազմակերպության քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ։
«Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է»,- ասված էր հայտարարության մեջ։
Թեմայի շուրջ զրուցել ենք խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ։
- Պարո՛ն Ավետիսյան, քննադատություններ են հնչում, որ ՀԱՊԿ-ը չի արել այն, ինչ պարտավոր էր անել, ուշացրել է հայտարարությունը եւ կամ հայտարարությունն, ըստ էության, ոչինչ չասող էր։ Ընդ որում՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ու ՀԱՊԿ-ի հայտարարությունները գրեթե չէին տարբերվում, եւ սա այն պարագայում, երբ Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ՀԱՊԿ-ի անդամ է։ Խնդրում եմ Ձեր մեկնաբնությունը՝ ի՞նչ ասելիք ուներ վերջինիս արձագանքը, դրա մեսիջը տվե՞ց այն, ինչ պետք է տար։
- Նախեւառաջ՝ մենք մի կարեւոր բան պետք է արձանագրենք՝ ընդհանրապես հայոց պատմության, անկախության համար․ մենք մեր հիմնական հույսը պետք է դնենք բացառապես մեր Զինված ուժերի վրա՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Այսինքն՝ քեզնից դուրս փրկության փնտրտուքները սխալ են։ Իհարկե, ՀԱՊԿ-ը մեր անվտանգային համակարգում կարեւոր օղակ է, եւ օպերատիվ պատասխանի որոշակիությունը շատ կարեւոր է։ Դրա հետ մեկտեղ՝ մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ն, ի վերջո, հայտարարություն տարածեց, որտեղ հստակ նշվում է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի դաշնակից երկիր է, եւ սա պետք է ընդունել որպես առաջնային զգուշացում կամ նախազգուշացում։ Մնացած ընթացակարգային առումով՝ ինչ կարելի է սպասել, մենք պետք է մի քիչ ավելի հաշվարկային լինենք՝ ի վերջո ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք պատկերացնում այդ օգնությունը կամ դատապարտումը։ Իհարկե, Ադրբեջանն ինչ-որ առումով փորձ է արել իր ունեցած կապերից օգտվել, բայց ՀԱՊԿ-ի հայտարարությունը, որպես այդպիսին, չի վիժեցրել։ Եւ սա կարելի է արձանագրել որպես որոշակիորեն դրական քայլ։
- Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածում ասված է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա՝ Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:
Եթե չեմ սխալվում՝ այս օժանդակությունը ցուցաբերվելու է այն պարագայում, երբ ագրեսիայի ենթարկված պետությունն անձամբ դիմի։
- Այո, եւ մենք մեր ՀԱՊԿ-ի գործընկերներին դիմել ենք, բայց պահանջով, որ անպայմանորեն արձանագրվի, որ այսպիսի միջադեպ է տեղի ունենում արդեն հայ-ադրբեջանական սահմանին, որ ագրեսիայի դրսեւորում կա, եւ դա արձանագրվել է։ Մենք չենք դիմել, որ մեզ օգնեն․ ի փառս մեր զինվորականների՝ մենք բացարձակ տիրապետում ենք իրավիճակին եւ մենք ենք թելադրող դիրքում։
- Այսինքն՝ Հայաստանն այս պահին ամենեւին էլ կարիք չունի դիմել այդ օժանդակության՝ ներառյալ ռազմական օգնության համար։
- Բացառվում է։ Այս պահին մենք նման օժանդակության կարիք չունենք։
- Թուրքիայի ֆակտորին անդրադառնանք․ այս պետությունն ամեն ձեւ ձգտում է խառնվել իրավիճակին։ Թուրքիան, կարծես թե, տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շահերի ամենամեծ սպառնալիքն է՝ թե՛ որպես Թուրքիա, թե՛ որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց ՀԱՊԿ-ն, ըստ էության, թուրքական կողմի հայտարարությունների մասին չխոսեց։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս դիրքորոշումը։
- Եկեք տարանջատենք մի քանի բան․ Թուրքիան, որպես այդպիսին, այո, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց վերջին տարիների զարգացումը եւ առանձին օպերացիաների իրականացումը ցուցադրում են, որ Թուրքիան բացառապես իր շահերն է հետապնդում եւ կաշկանդված չէ ՆԱՏՕ-ով։ Եւ թե՛ Ռուսաստանի հետ որոշակի մերձեցումները, թե՛ հետագա առճակատումները Սիրիայում՝ Ռուսաստանի հետ, Լիբիայում իրենց քաղաքականությունը, հստակ ցուցադրում են, որ այս պետությունը վաղուց կաշկանդված չէ, հանդես չի գալիս որպես ՆԱՏՕ-ի քաղաքականության վարող։ Ինքն իր քաղաքականությունն է վարում՝ ունենալով ՆԱՏՕ-ի պայմանագիրը։ Այս պարագայում՝ նաեւ շատ կարեւոր է Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը, որը իրապես թիրախավորված էր, չնայած երկիրը չէր նշում, բայց շեշտում էր, որ Մինսկի խմբի անդամ երկիրը իրավուք չունի ռազմական էսկալացիայի ժամանակ որեւէ կողմին ուղիղ աջակցություն խոստանալ, հատկապես, որ դա կվտանգի տարածաշրջանային անվտանգությունը։ Այս խոսքերը ուղղված էին բացառապես Թուրքիային։ Բայց, էլի եմ կրկնում, ամենակարեւորն այն է, որ մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար։ Եւ Թուրքիայի ու Ադրբեջանի այս ընդհանուր ջղաձգումները, ի դեպ, որոշակիորեն պայմանավորված են իրենց ներքաղաքական օրակարգերով։
- Երեկ էլ Բաքվում բողոքի բազմահազարանոց ցույցեր էին, եւ սա կարծես վերջին տասնամյակներում առաջին նման ակցիան էր։ Չնայած տեղի ղեկավարությունը սկզբում բուռն չարձագանքեց կատարվողին, բայց հետո ջրցաններով ու մահակներով ցրեց ցուցարարներին։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանում զարգացումներն ուղղակիորեն իրենց դեմ շրջվեն։
- Այո, եւ երկու կարեւոր եզրակացություն պետք է ունենանք․ նախ՝ այդ ցույցն արձանագրում է հայկական Զինված ուժերի եւ Հայաստանի հաղթանակը․ այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ այդ մարդիկ հասկացել են՝ իրավիճակը, մեղմ ասած, սփոփիչ չէ։ Երկրորդը՝ պետք է հասկանանք, որ այդ հասարակությունը ռազմատենչ է, հետեւաբար, մենք մեր անվտանգությանը պետք է ապավեն լինենք։ Երրորդիվ՝ իհարկե, մեծ ճնշում կա կառավարության վրա։ Եւ թեեւ դեռ ամբողջական վերլուծություներ չկան, բայց ենթադրաբար, այդ ամենը սկզբնական շրջանում ձեռնտու էր Բաքվի կառավարող կլանին, հետո իրենք հասկացան, որ սա կարող է վերաճել ավելի լուրջ պայքարի, եւ այդ մարդկանց ցրեցին։
- Պարոն Ավետիսյան, հիմա միջազգային կառույցների ներկայացուցիչների, մի քանի երկրների պաշտոնյաների հայտարարությունները թո՞ւյլ են տալիս եզրակացնել, որ միջազգային հանրության համար ակնհայտ է եւ հստակ, որ Ադրբեջանն է հրահրում այս իրադրությունը։
- Մենք կարող ենք այդպիսի ենթադրություն անել, այո։ Այս ընթացքում երկու տեսակի հայտարարություններ են եղել․ առաջինը՝ դիվանագիտական քողով․ երկու կողմերին են կոչ անում, սրանք հիմնականում միջազգային կառույցներից եկող արձագանքներն են, եւ այդ կառույցներից այս պահին այլ արձագանք սպասել հնարավոր չէ, դեռ փաստագրական տվյալներ պետք է ներկայացվեն նրանց։ Եւ երկրորդը՝ մենք նկատեցինք, որ նաեւ կարեւոր պետության ներկայացուցիչներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, Ադրբեջանին ուղիղ դատապարտող հայտարարություններ եղան, արդեն նաեւ Կիպրոսից, Շվեդիայից, Գվատեմալայից, Իսպանիայից։ Եւ սա շատ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերման տեսանկյունից։ Իհարկե, սրանք դեռ առաջին քայլերն են, բայց այս ուղղությամբ մենք դեռ պետք է շարժվենք։
- Այսինքն՝ մեր կոմունիկացիան այս առումով ստացվում է միջազգային հանրության հետ։
- Այո, այն աշխատանքը, որ արվել է այս մեկուկես տարվա ընթացքում մեր միջազգային գործընկերների հետ, հանդիպումները, քննարկումները, համատեղ քայլերը, բերում են այն պտուղները, որոնք այս պահին պետք են։ Եւ այս կարեւոր հաջողության վրա դեռ երկար անելիքներ կան։ Ինֆորմացիոն դաշտի առումով եւս էլ ավելի շատ ջանք է պետք ներդնել։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)