ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել
 |civilnet.am|

Կորոնավիրուսի համար հատկացված միջոցների յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կատարված ծախսերի հետ կապված․ այդ մասին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Քրեական գործ հարուցվել է՝ հաշվի առնելով ֆինանսների նախարարության համապատասխան ստուգումներն ու Հաշվեքննիչ պալատի վերջին հաշվեքննությունը։ Անցյալ ամիս Հաշվեքննիչ պալատը հանդես էր եկել կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի աղմկոտ հաշվեքննությամբ։ Դրանով պարզվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։ Ինչպես ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին դատախազությունից, վարչապետի հանձնարարականի համաձայն, դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստացել ու ուսումնասիրել է առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի բուժման գործընթացի վերաբերյալ իրականացրած ստուգման, հաշվեքննության ակտերը։ Դրա արդյունքում դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեին հանձնարարել է նյութեր նախապատրաստել։ Մայիսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։ Հունիսի 10-ին Ազգային ժողովում քննարկում էր կայացել պատգամավորների և Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների միջև։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզաբանումներ էին պահանջում Հաշվեքննիչ պալատի նախագահից Ատոմ Ջանջուղազյանից՝ առողջապահության նախարարության կողմից համավարակի ժամանակ տեղի ունեցած խախտումների բարձրաձայնման համար։  
16:17 - 14 հունիսի, 2022
Դատախազը մերժել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները

Դատախազը մերժել է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ երաշխավորությունները

14.05.2022-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դեռևս մայիսի 25-ին Ա. Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ՝ ՀՀ Աժ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորություններով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն։ Սակայն երաշխավորությունները մերժվել են, ինչի առիթով Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել։ Հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Դատախազը, ի վերջո, խախտելով միջնորդությունների քննարկման ժամկետը, մեր հրապարակային անդրադարձից հետո ուղարկեց մեզ երաշխավորությունների վերաբերյալ մերժման որոշումը։ Դատախազը, անտեսելով երաշխավորությունների ինստիտուտի օրենսդրական այն չափանիշը, որ իր որոշման հիմքում պետք է դնի երաշխավորություն տրամադրող անձի կամ կազմակերպության վստահություն վայելելու հանգամանքը, պարզապես նշել է, որ «նախաքննության ներկա փուլում չեն վերացել և պահպանվել են մեղադրյալ Ա․ Չալաբյանի կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանը և վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ տվյալ փուլում ևս կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար»։ Մի կողմ դնելով այն, որ մեր պնդմամբ ընդհանրապես առկա չեն կալանավորման հիմքն ու պայմանները, նշենք, որ դատախազի եզրահանգումն ուղիղ հակադրվում է երաշխավորության ինստիտուտի օրենսդրական նշանակությանը։ Երաշխավորության էութունը հենց նրանում է, որ եթե երաշխավորները հանրային բարձր վստահություն վայելող անձինք են, ապա կալանավորման հիմքերի և պայմանների առկայության դեպքում փոխվում է խափանման միջոցը։ Կալանավորման հիմքերի ու պայմանների վերացումն ինքնին վարույթն իրականացնող մարմնի համար պարտականություն է առաջացնում՝ սեփական նախաձեռնությամբ փոխել խափանման միջոցը։ Ուստի, եթե ակնկալվեր, որ կալանավորումը կարող է փոխվել միայն այդ հիմքերի և պայմանների վերացման դեպքում, ապա երաշխավորություն ներկայացնելը կիմաստազրկվեր և կդառնար ինքնանպատակ։ Դատախազությունը, փաստորեն, ավելորդ ջանք չի փորձում գործադրել ապահովելու համար իր որոշումների թեկուզ թվացյալ պատճառաբանվածությունն ու հիմնավորվածությունը։ Փոխարենը՝ համառում է ամեն գնով և առանց հիմքի Ա․ Չալաբյանին որքան հնարավոր է երկար պահել անազատության մեջ։ Բնականաբար, այս որոշումն անմիջապես բողոքարկվելու է դատական կարգով, սակայն անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում գործող իշխանության պայմաններում քաղաքական գործերով քրեական արդարադատության ներպետական մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են ու գործում են բացառապես ըստ քաղաքական նպատակահարմարութունների»։ Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ
13:36 - 13 հունիսի, 2022
Մետրոպոլիտենի նախկին տնօրենից ու ընտանիքի անդամներից գույքի բռնագանձման հայցեր են ներկայացվել

Մետրոպոլիտենի նախկին տնօրենից ու ընտանիքի անդամներից գույքի բռնագանձման հայցեր են ներկայացվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական 2 հայցադիմումներն ընդունվել են վարույթ: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունն այդ հայցադիմումներով պահանջ է ներկայացրել դատարանին «Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանից և նրան փոխկապակցված՝ ընտանիքի անդամ հանդիսացող 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. Երևան քաղաքի տարբեր հասցեներում գտնվող 7 բնակարանները, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող գույքը (որոշների դեպքում դրանց 84-ից 94%-ը), իսկ անհնարինության դեպքում՝ այդ գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 702.472.355 ՀՀ դրամ, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող 2 հողամասը (մեկը՝ մասնակի), Երևան քաղաքի Պ.Պռոշյան փողոցում գտնվող ավտոկայանատեղին, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Պ. Պռոշյան փողոցում գտնվող 2 շինությունները, իսկ անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 535.699.753 ՀՀ դրամ, Շարժական 3 գույքը (ավտոմեքենաներ, որոնցից մեկի 79.47%-ը), անհնարինության դեպքում՝ այս գույքերի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր 27.745.000 ՀՀ դրամ, 2 ՍՊ ընկերության բաժնեմասերը՝ մեկի դեպքում 1/2 բաժնեմասի 84.92%, մյուսի դեպքում՝ 50% մասնաբաժինները,   29.847.801 ՀՀ դրամ, որպես լուծարված ՓԲԸ բաժնեմասի ձեռքբերման գումար, Ընդհանուր 272.240.034 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում Փ. Յայլոյանի և նրա երկու որդիների օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում կատարվող ուսումանսիրությունների արդյունքում դատարան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումների ներկայացման գործըթնացը շարունակվում է:  
12:11 - 13 հունիսի, 2022
Շենգավիթի դատախազի տեղակալին եւ ձերբակալված եւս 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Շենգավիթի դատախազի տեղակալին եւ ձերբակալված եւս 3 անձի մեղադրանք է առաջադրվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված  և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Ն.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալի պաշտոնը, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի օժանդակությամբ 2022 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ամբաստանյալից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք: Ըստ առաջադրված մեղադրանքի` Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, Գ. Գ.-ի և Ն. Ա.-ի միջոցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հանդիպել է ամբաստանյալ Ն. Դ.-ի հետ և քննարկել վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի հանգամանքները: Հանդիպման ընթացքում Կ. Ն.-ն խոստացել է իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստել դատարանի կողմից Ն. Դ.-ի նկատմամբ այնպիսի պատիժ նշանակելուն, որը հնարավորություն կտա վերջինիս համաներման մասին օրենքի հիման վրա ազատվել պատժից, ինչի համար ամբաստանյալից պահանջել է 2.500.000 ՀՀ դրամ կաշառք: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 17-ի դատավճռով Ն. Դ.-ն դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով, որպիսի պայմաններում հնարավորություն է ստացել համաներում հայտարարելու մասին 2018թ. նոյեմբերի 1-ին ընդունված օրենքի հիման վրա սահմանված կարգով ազատվել պատժից: 2022 թվականի մայիսի 19-ին Կ. Ն.-ն Գ. Գ.-ի տանը հանդիպել և Ն. Դ.-ից ստացել է պահանջված կաշառքի գումարից 2.000.000 ՀՀ դրամը, իսկ մնացած 460.000 ՀՀ դրամը Ն. Դ.-ն Ն. Ա.-ի օգնությամբ 2022 թվականի մայիսի 31-ին փոխանցել է Գ.Գ.-ի մտերիմ անձի բանկային հաշվեհամարին, ով նույն օրը գումարը կանխիկացրել և Գ. Գ.-ի միջոցով փոխանցել է պաշտոնատար անձին: 09.06.2022 թ.-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի որոշմամբ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ. Ն.-ն, վերջինիս կաշառք տված Ն. Դ.-ն և կաշառք ստանալուն օժանդակած  անձինք ձերբակալվել են: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար 10.06.2022 թ.-ին Կ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար Ն. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կաշառք ստանալուն օժանդակելու համար Ն. Ա.-ին և Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` վերը նշված բոլոր մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:30 - 10 հունիսի, 2022
ՀՀ գլխավոր դատախազն Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել Արցախի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ

ՀՀ գլխավոր դատախազն Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել Արցախի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել Արցախի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, նշելով, որ Արցախի Զինված ուժերում արձանագրվել է հանցագործությունների նվազում «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: ՀՀ գլխավոր դատախազը Ասկերանում խորհրդակցություն է անցկացրել ՀՀ զինվորական դատախազության տեղի կայազորների զինվորական դատախազությունների դատախազների հետ: Քննարկվել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ-ի կողմից Արցախի դեմ 2020թ. սանձազերծված ագրեսիվ պատերազմից հետո նոր իրողությունների պայմաններում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի կազմակերպման խնդիրները, զինված ուժերում հանցավորության ընդհանուր վիճակն ու միտումները, ինչպես նաև շփման գծի ԶՈՒ հսկողության գոտիների անվտանգության հետ կապված հարցերը: Գոհունակությամբ ընդգծվել է, որ 2022թ. անցած ամիսների ընթացքում զինված ուժերում արձանագրվել է առանձին հանցատեսակներով հանցագործության դեպքերի նշանակալի նվազում: Էականորեն նվազել են զինվորական ծառայության կրման, զինծառայողների ներքին փոխհարաբերությունների հետ կապված հանցագործությունները: 2022թ. ընթացքում Արցախի զինված ուժերում ներքին հարաբերությունների հետ կապված սպանության դեպքեր և սպանության փորձեր տեղի չեն ունեցել: Ընդհանուր առմամբ, Արցախի Զինված ուժերում հանցավորության վիճակի վերլուծությունը փաստում է, որ բանակում բարձրացել է կանոնադրային կանոնների պահպանման, ընդհանուր կարգապահության մակարդակը: Նշված ժամանակահատվածում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 3 զինծառայողի սպանության և 16 զինծառայողի սպանության փորձի դեպքեր: Այս համատեքստում խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման, զինծառայողների, բնակչության կյանքի իրավունքի պաշտպանության և անվտանգության ապահովման խնդիրներին: Կարևորվել է առաջնագծում ԶՈւ զինծառայողների մարտական հերթապահության պայմանների բարելավման, դիրքերի կահավորման՝ արդյունավետ շարունակվող գործընթացի նկատմամբ պատշաճ ուշադրությունը, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ զորախմբին սպասարկող ՌԴ դատախազության ներկայացուցիչների հետ օպերատիվ կապի պահպանման անհրաժեշտությունը: Արթուր Դավթյանը կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին հանձնարարել է ԶՈՒ ստորաբաժանումներում հանցագործությունների կանխարգելման խնդրի կարևորությունից ելնելով՝ հաճախակի լինել դրանց տեղակայման վայրերում, հրամանատարական կազմի և շարքային զինծառայողների հետ տանել հանցավորության դեմ պայքարի շրջանակներում իրենց պարտականությունների վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև զինծառայողների պարագայում իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին բացատրական աշխատանքներ»,- նշված է գրառման մեջ: ՀՀ գլխավոր դատախազը նաև հորդորել է ավելի մեծ նախաձեռնողականություն ցուցաբերել ԶՈւ-երում հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի շրջանակներում դրանց նպաստող պատճառների և պայմանների վերհանման, այդպիսիք վերացնելու նպատակով իրավասու պետական մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու իր հանձնարարության կատարման հարցում:
16:04 - 10 հունիսի, 2022
Բացահայտվել է դատախազի կողմից 2,5 միլիոն դրամ կաշառք ստանալու դեպք. կաշառք տվողը, միջնորդն ու ստացողը ձերբակալվել են

Բացահայտվել է դատախազի կողմից 2,5 միլիոն դրամ կաշառք ստանալու դեպք. կաշառք տվողը, միջնորդն ու ստացողը ձերբակալվել են

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․Ն․-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։ Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի 2022թ․ հունիսի 8-ի որոշմամբ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ hակակոռուպցիոն կոմիտե: 2022թ․ հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից որոշում է կայացվել Կ․Ն․-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող քննիչին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Ձերբակալման մասին քննիչի որոշումների հիման վրա Կ․Ն․-ն և առերևույթ հանցանք կատարած մյուս անձինք բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:18 - 10 հունիսի, 2022
44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

#Կարճասած Դատարանում այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Վահանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, ինչը զայրացրեց նիստին ներկա տուժողների իրավահաջորդներին: Զոհված եւ անհետ կորած բազմաթիվ զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի այս գործով տուժող են նաեւ ավելի քան 70 օր Հադրութի հարակից անտառներում թաքնված եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկված ժամկետային 6 զինծառայողները, որոնցից դատարան էին ներկայացել Արման Արմաղանյանը եւ Դավիթ Սահակյանը։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր։ Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այստեղ սկսվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։ Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նշենք, որ այս գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մարտի 28-ին դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կայացել է դատական նիստ։ Շաբաթներ անց, սակայն, ապրիլի 15-ին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ գործի տարածքային ընդատությունը փոխելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է այն հիմնավորմամբ, որ տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների եւ դատակոչված վկաների գերակշիռ մասի բնակության վայրը գտնվում է Սյունիքի մարզի վարչական տարածքից դուրս՝ ՀՀ տարբեր, այդ թվում՝ Երեւանին մոտ մարզերում։  Ընդատության փոփոխության այդպիսի հիմք նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածով։ Նիստի սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը դահլիճում ներկա տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին ասաց՝ ոչ ոք չի կարող հասկանալ այն ցավը, որ նրանք են զգում, սակայն իրենք դատական գործընթաց են անցկացնելու, եւ ինքը, որպես դատավոր, պարտավոր է դատարանում նիստի կարգը ապահովել, ուստի խնդրում է ըմռնումով մոտենալ, չաղմկել եւ վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, հակառակ դեպքում դա համարժեք պատասխանատվության է հանգեցնելու։ Չնայած դատավորի հորդորին՝ դատական նիստը անցավ լարված մթնոլորտում։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Նիստին ներկա անձանց ինքնությունը ճշտելու ընթացքում պարզ դարձավ, որ զոհված զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի դատարան են ներկայացել նաեւ ծնողներ, որոնք գործով իրավահաջորդ ճանաչված չեն, թեեւ նրանց որդիները եւս ծառայել են այն գումարտակում, որի հրամանատարը ամբաստանյալն է եղել։ Դատախազը պարզաբանեց՝ դա պայմանավորված է եղել նախաքննության ժամկետների սղությամբ․ «Ամբաստանյալի գործողությունների հետեւանքով, այո, տուժել են անձինք, սակայն քրեական գործի նախաքննության ժամկետների հետ կապված ստեղծվել էր իրավիճակ, երբ բոլոր տուժողներին հնարավոր չեղավ ճանաչել»,- ասաց նա՝ առաջարկելով գործի քննության ընթացքում այդպիսի տվյալներ հայտնաբերելու դեպքում համապատասխան անձանց ճանաչել տուժող, որից հետո նրանց ծնողներին՝ տուժողների իրավահաջորդ։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդներն ու ծնողները Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց՝ դա պետք է ոչ թե ընթացքում, այլ ի սկզբանե անել, քանի որ այդ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության խնդիր ունեն։ Այնուհանդերձ, կողմերը չառարկեցին այս փուլում դատական նիստը շարունակելուն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ ցանկացած անձ, որը համարում է, որ առաջադրված մեղադրանքի սահմաններում իրեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ նյութական վնաս, իրավունք ունի դիմում հասցեագրել դատարան՝ իրեն տուժող կամ եթե տուժողը կենդանի չէ, ապա տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Այնուհետեւ դատավորը ճշտեց ամբաստանյալի ինքնությունը։ Դատավորի հարցերին ի պատասխան՝ Իշխան Վահանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, 37 տարեկան է, ամուսնացած, խնամքին կա երկու անչափահաս՝ 14 եւ 15 տարեկան երեխա, նախկինում դատապարտված չի եղել։ Վահանյանն ունի զինվորական բարձրագույն կրթություն, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայել Արմավիրի ուսումնական բրիգադում, Մեհրաբի զորամասում, ապա՝ Ջաբրայիլում։ Դատավորը ճշտեց դատավարության մյուս մասնակիցների ինքնությունները եւս, պարզաբանեց նրանց իրավունքներն ու պարտականությունները, հետաքրքրվեց՝ կողմերը ունե՞ն բացարկի, ինքնաբացարկի կամ այլ միջնորդություններ։ Քանի որ այդպիսիք առկա չէին, դատարանը սկսեց դատաքննության փուլը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը, հրապարակելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հայտնեց, որ Իշխան Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա, ՊԲ N զորամասի հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի՝ ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դատախազի խոսքով՝ դրանից բացի Իշխան Վահանյանը նույն օրը «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտական դիրքը:  Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Ավետիսյանը Մասնավորապես, Վահանյանը, ըստ մեղադրանքի, ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը, ինչն արվել է հոկտեմբերի 9-ին։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ իր վրա դրված բազում պարտավորություններ, ինչպես, օրինակ, հավատարիմ մնալ զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը եւ նույնիսկ կյանքը, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման եւ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարեւոր ուղղությունում եւ իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա եւ այլն։  Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր է դասել ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսել իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու եւ մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաեւ մարտի դաշտը չթողնելու եւ ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը եւ որեւէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ․ «Փոխարենը մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ Վահանյանը վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը»,- հայտարարեց դատախազը։ Ըստ նրա՝ իշխանության այդպիսի անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ․ «Մասնավորապես, գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չի եղել նաեւ վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ»։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և  Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչեւ օրս հայտնի չէ։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, պաշտպան Գեւորգ Պարունակյանը Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատավորի հարցին՝ հասկանալի՞ են իրեն մեղադրանքի էությունն ու իրավաբանական որակումը, Իշխան Վահանյանը դրական պատասխան տվեց։ Նա նաեւ հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Ապացույցների հետազոտման ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կհետազոտվեն գործում առկա նյութերը, ապա՝ իրեղեն ապացույցները, եթե այդպիսիք առկա են, որից հետո կհարցաքննվեն վկաները, տուժողները եւ տուժողների իրավահաջորդները, իսկ վերջում՝ ամբաստանյալը։ Ըստ այդմ, մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց Վահանյանի հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունները։ Դրանք պարունակում էին տեղեկություններ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված մուտքային եւ ելքային զանգերի վերաբերյալ։ Ըստ դատախազի՝ զննությամբ պարզվել է, որ կատարված զանգերի մեջ ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարը առկա չէ։ Վահանյանը, սակայն, հակառակը պնդեց՝ կարծիք հայտնելով, որ դա գուցե պայմանավորված է Արցախի հեռախոսահամարների 097 կոդով․ «Նախաքննության ժամանակ ասել են, որ բարդ պրոցես է, ՀՀ համարները կարողացել են հանել, Արցախինը դեռ հանում էին»,- նշեց նա։ Դատավորը, սակայն, նկատեց՝ հրապարակված հեռախոսահամարների մեջ կային 097 կոդով սկսվող զանգերի վերծանումներ։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանն էլ հայտնեց, որ միջնորդություններ են ներկայացվել հենց «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությանը եւ այնտեղից են ստացվել տեղեկությունները․ «Եվ ինչպես դատարանը նշեց, այդ զանգերի մեջ կան նաեւ 097 կոդով, այսինքն՝ Ղարաբաղից իրականացված զանգեր, ամբողջ տեղեկութոյւնը ստացվել է, եւ ինչ զանգ կա, արձանագրվել է»,- ասաց նա։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը Ամբաստանյալի առարկությունները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին՝ ասելով նաեւ․ «Ի՞նչ ես հեքիաթ պատմում», «Սա էլ արդարանալու նոր ձե՞ւ է», «Փոխանակ աչքերը կախի, մարդկանց դեմքերին է նայում», «Սրա նման սրիկաները իմ երկու տղայի եւ հինգ հազար էրեխու գլուխն են կերել, իմ տունը քանդել են» եւ այլն։ Դատավորը փորձեց հանդարտեցնել տուժողների իրավահաջորդներին, որոնցից մեկը՝ Վարդուհի Մանուկյանը, ասաց․ «Չի ստացվում, չեմ կարողանում իմ էմոցիաները զսպել, երբ նրան տեսնում եմ»։ Դատավորը պարզաբանեց, որ խոսելու իրավունք ունեն ինչպես տուժողների իրավահաջորդները, այնպես էլ ամբաստանյալը․ «Բայց ստելու իրավունք նա չունի»,- արձագանքեց Մանուկյանը։ Իսկ երբ դատավորը փորձեց մեջբերել օրենքը, Մանուկյանը, ձեռքի ժամացույցը նետելով ամբաստանյալի ուղղությամբ, բղավեց․ «Այդ օրենքը միայն մե՞զ համար է գործում»։ Դատական նիստը ընդմիջվեց։ Լուսանկարում՝ ժամացույցը Հետազոտվեցին Իշխան Վահանյանի ստացած վնասվածքի եւ բուժման  վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժշկական փաստաթղթերը Ընդմիջումից հետո դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց ամբաստանյալի բուժման վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված որոշ փաստաթղթեր։ Դրանցից պարզ էր դառնում, որ Իշխան Վահանյանը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունվել է հոսպիտալ «աջ ազդրի կույր բեկորային վնասվածք» ախտորոշմամբ, որից հետո կատարվել է վերքի մշակում, վիրակապում։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ վերքի վիճակը գնահատվել է հանգիստ, կատարվել են վիրակապումներ, իսկ հոկտեմբերի 15-ին նշվել է, որ հիվանդի վիճակը բավարար է, տվյալները նորմայի սահմաններում են։ Այնուհանդերձ, երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Վահանյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, վիրահատվել է, նրան տրամադրվել է 10-օրյա վերականգնողական արձակուրդ։ Հհոկտեմբերի 27-ին արդեն նշվել է, որ նա պիտանի է ծառայության եւ դուրս է գրվում զորամաս։ Այս ապացույցների հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ տուժող Արման Արմաղանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեկն է այն 6 տղաներից, որոնք շուրջ 70 օր թաքնվել էին Հադրութի հարակից անտառներում եւ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ փրկվել։ Նա ասաց, որ Վահանյանի զորքից է եղել եւ նրան շատ լավ ճանաչում է․ «Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»,- նշեց նա։ Լուսանկարում՝ տուժող Արման Արմաղանյանը Հայտարարությամբ հանդես եկավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը՝ ընդգծելով այս ապացույցի կարեւորությունը․ «Դրանք հավաստում են մեկ բան․ ամբաստանյալը, լինելով հրամանատար, հնարավորություն ունենալով վիրակապի միջոցով այդ պահին մնալ դիրքերի վրա եւ ղեկավարել, օգտագործել է  բժշկության հետ կապված զինվորական իր գիտելիքները այն մասին, որ նման պարագայում հնարավոր է եւ արձակուրդ ստանալ, եւ չարամտորեն խուսափել, փախել է»,- ասաց նա։ Զոհված զինծառայողներից մեկի հայրն էլ հայտարարեց՝ գուցե կարիք կա, որ բժիշկը գա եւ հարցաքննվի․ «Որովհետեւ երեւում է, որ կարող է նաեւ հանցավոր համաձայնություն եղած լինել նրա հետ»,- ասաց նա։ Դատախազը տեղեկացրեց, որ հիշյալ բժիշկը դատակոչի ցուցակում ներառված է եւ որպես վկա հրավիրվելու դատարան՝ հարցաքննության։ Այնուհետեւ հրապարակվեց գործով վկա Արսեն Ղուկասյանի կողմից ներկայացված լազերային սկավառակի զննությունը։ Դրանում առկա էր հեռախոսային խոսակցություն, որը Ղուկասյանը ձայնագրել է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին (այսինքն՝ նույն օրը, երբ Վահանյանը, ըստ մեղադրանքի, լքել է մարտի դաշտը,- հեղ․)։ Նախաքննության փուլում նա հայտնել է, որ այդ օրը իրեն է զանգահարել իր եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանը (որի հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում,- հեղ․) եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի օգնությամբ փորձել է նկարագրել տեղանքը, բացատրել, թե իրենք որտեղ են գտնվում այդ պահին․ «Հադրութի պոստից որ նայում ես դեպի հակառակորդ, հենց ուղիղ աջ կողմը մենք ենք, անտառի մեջ ենք, սարի գլխին, ես ԱԱԾ զորքին ասացի, որ մենք սարի գլխին երեք դիրք ունենք դրած, հիմա էդ դիրքից կրակում են մեզ, պիտի իմանան՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակեն, գնանք գոնե այնտեղ․․․ Մեկին ասեք՝ հետս կապվի, հասկանանք՝ զորքը ոնց տանենք ավելի ապահով տեղ»,- նշված էր արձանագրությունում։ Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ այդ հեռախոսազրույցից հետո ինքն այլեւս չի կարողացել կապ հաստատել եղբորորդու հետ, եւ մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսպիսով, այսօրվա դատական նիստը ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 20-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 09 հունիսի, 2022
Քրեական գործ է հարուցվել Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ)՝ արտերկրում գրանցված ընկերությունները չհայտարարագրելու ենթադրյալ փաստերով |factor.am|

Քրեական գործ է հարուցվել Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ)՝ արտերկրում գրանցված ընկերությունները չհայտարարագրելու ենթադրյալ փաստերով |factor.am|

factor.am: 2022 թվականի մայիսի 15-ին նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի` («ՍԱՍ»-ի Արտակ)՝ արտերկրում գրանցված ընկերությունները չհայտարարագրելու դեպքով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ այն է՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է 2-4 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը 3 տարով զրկելով կամ առանց դրա: Այս մասին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Քրգործ հարուցելու առիթը եղել է ապրիլի 29-ին «Հետք»-ում հրապարակված ««ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները» վերնագրով հետաքննությունը։
17:41 - 09 հունիսի, 2022
Արթուր Դավթյանը հյուրընկալվել է Արցախի գլխավոր դատախազությունում

Արթուր Դավթյանը հյուրընկալվել է Արցախի գլխավոր դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախի Հանրապետությունում: Այցի շրջանակում Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն, որտեղ հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, հայկական երկու պետությունների գլխավոր դատախազները հանդիպել են Արցախի Հանրապետության դատախազության կոլեգիայի անդամներին: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում առաջացած նոր իրողությունների և մարտահրավերների պայմաններում երկու դատախազական կառույցների միջև փոխգործակցության ներդաշնակեցմանը, քրեական հետապնդման մարմինների գործակցությանն առնչվող հարցեր: Արթուր Դավթյանը հետաքրքրվել է ստեղծված նոր իրավիճակում Արցախի դատախազության բնականոն գործունեության ապահովման, մասնագիտական կարողությունների զարգացման և այլ կարիքներից, այդ ուղղություններով ՀՀ գլխավոր դատախազությունից ակնկալվող աջակցությունից: Նա վերահաստատել է հնարավոր բոլոր եղանակներով Արցախի գործընկեր կառույցի գործունեության արդյունավետությանը նպաստելու ՀՀ գլխավոր դատախազության հաստատակամությունը՝ ելակետ ունենալով օրինականության, քաղաքացիական իրավունքների պաշտպանության և ներքին անվտանգության ապահովման հենքին Արցախում բնականոն հանրային կյանքի երաշխավորման առաջնահերթությունը: Հայաստանի և Արցախի գլխավոր դատախազներն արժևորել են դատախազական համակարգերի միջև ավանդական փոխվստահության բարձր մակարդակը: Նրանք ընդգծել են հատկապես քրեական վարույթների շրջանակներում տեղեկատվության օպերատիվ փոխանակման մեխանիզմների կայուն գործարկման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու երկրների իրավասու մարմիններում քննվում են այնպիսի գործեր, որոնց փաստական հանգամանքները միմյանց փոխկապակցված կամ վերաբերելի են: Խոսքը մասնավորապես, վերաբերում է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերին, որոնց շրջանակում հանգամանքների լիարժեք պարզումն ու իրավական գնահատականներ տալը երկուստեք համարվում է բացարձակ առաջնային խնդիր: Քննարկվել են նաև աշխատանքային բնույթի այլ հարցեր:
16:52 - 09 հունիսի, 2022
Խորհրդարանը քննարկեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում փոփոխությունների նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է փոփոխել «պաշտոնատար անձ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, ինչպես նաև ընդլայնել ուսումնասիրություն սկսելու հիմքերը: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը: «Նախագծով առաջարկվում է փոփոխել պաշտոնատար անձ հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Ներկայումս պաշտոնատար անձինք օրենքի իմաստով հանդիսանում են միայն հանրային ծառայության իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձինք: Առաջարկվում է իրավասու մարմնի համար նախատեսել նոր լիազորություն խիստ սահմանափակ դեպքերում, մասնավորապես այն դեպքերում, երբ իրավասու մարմնի վարույթում առկա կլինի ուսումնասիրություն՝ սեփական նախաձեռնությամբ նախաձեռնել նոր ուսումնասիրություն, որը կվերաբերի միայն պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին»,-ասաց Գալյանը: Այսպիսով՝ իրավասու մարմինը կարող է սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն սկսել, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք: Նախագծով առաջարկվում է ընդլայնել ուսումնասիրության ժամկետը  և 2 տարվա փոխարեն նախատեսել 3 տարի՝ որպես հնարավորություն իրավասու մարմնի համար, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով կատարել բոլոր ուսումնասիրությունները և իրականացնել արդյունավետ քննություն: «Ներկայում իրավասու մարմնի համար նախատեսված է հնարավորություն. որոշ դեպքերում, երբ օրինակ գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ գույքը հնարավոր չէ նույնականացնել կամ առանձնացել, իրավասու մարմինը կարողանա պահանջել այդ գույքի շուկայական արժեքը: Առաջարկով նախատեսվում է հնարավորություն իրավասու մարմնի համար՝ պահանջելու շուկայական արժեքի փոխարեն գույքի ձեռքբերման արժեքը, բայց միայն այն դեպքում, երբ այդ գույքի շուկայական արժեքի պարզումն ուսումնասիրության ընթացքում կլինի անհնար»,-ասաց Գալյանը՝ հավելելով, որ անհնարինության փաստը պետք է հաստատվի միայն փորձագետի համապատասխան եզրակացությամբ: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
14:31 - 09 հունիսի, 2022
Դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում ԶՈՒ կարիքների համար անորակ և թանկ գնով վրանների ձեռքբերման վերաբերյալ քրեական գործից

Դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում ԶՈՒ կարիքների համար անորակ և թանկ գնով վրանների ձեռքբերման վերաբերյալ քրեական գործից

2021թ. հոկտեմբերի 21-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձինք չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը,  խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշման պահանջները՝ մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն, հատուկ կամ բացառիկ իրավունքի բացակայության պայմաններում, «ռազմական տեխնիկա, սպառազինություն, ռազմամթերք և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանք» չհանդիսացող նյութական միջոցի ձեռքբերման նպատակով իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ դրա արդյունքում 2021թ. օգոստոսի 20-ին ֆիզիկական անձ հանդիսացող Կ. Ռ.-ի հետ կնքվել է «ՈՒՍՏ-56» տեսակի 6 հատ վրանի գնման վերաբերյալ 4.820.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Բացի այդ, ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ, չունենալով գնման առարկայի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված պարտադիր բնութագրեր, նշված պաշտոնատար անձինք 2021թ. մայիսի 22-ին ՍՊԸ-ից ընդունել են թվով 261 հատ վրան՝ առանց դրանց որակական հատկանիշների փաստացի ստուգում իրականացնելու: Ապա օրենսդրությամբ սահմանված մրցութային գործընթաց նախաձեռնելու փոխարեն վրանների ձեռքբերման նպատակով նախաձեռնել և իրականացրել են մեկ անձից գնման ընթացակարգ: Դրա շրջանակներում դեռևս 2021թ. մայիսի 22-ին նշված ՍՊԸ-ից ընդունված վրանների որակական հատկանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով նկարագրել են գնման առարկայի բնութագրի վերաբերյալ օբյեկտիվորեն չհիմնավորված, ոչ համարժեք և ամբողջական պայմաններ, ինչպես նաև նախատեսել են շուկայականից բարձր գներ: Արդյունքում՝ 2021թ. հունիսի 22-ին ՍՊԸ-ի հետ կնքել են թվով 261 հատ վրանների գնման վերաբերյալ ընդհանուր 7.605.000 ՀՀ դրամ արժեքով պայմանագիր: Նշված գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԶՈւ ԳՇ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Ա.Թ.-ին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչպես նաև N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, հետագայում ՀՀ ՊՆ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի պաշտոնն զբաղեցրած գնդապետ Ա.Կ.-ին: Վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է: Նշված անձինք ազատվել են զբաղեցրած պաշտոններից: ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել նաև նույն զորամասի իրային ծառայության պետ Տ.Պ.-ին: Վերոնշյալ անձանց վերաբերյալ անջատված մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Անջատված մյուս մասով քրեական գործի նախաքննությունը դեռևս շարունակվում է:
12:35 - 09 հունիսի, 2022
ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Դատախազությունից, Կապանում, մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Այունիքի մարզի տարածքում 2022թ. ընթացքում հանցավորության ընդհանուր միտումները,  հանցագործությունների դեմ տարվող պայքարի, քրեական հետապնդման մարմինների ընդհանուր գործունեության ընթացիկ խնդիրներն ու արդյունքները: Հատուկ անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում Սյունիքի մարզում անվտանգության, հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության պայմանների, ինչպես նաև  ճանապարհատրանսպորտային հաղորդակցության հետ կապված նոր մարտահրավերներին, հանցավորության ընդհանուր միտումների վրա դրանց հնարավոր ազդեցությունների չեզոքացմանը: Այս համատեքստում Արթուր Դավթյանը շեշտել է, որ պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթի շրջանակում առաջնահերթություն է նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ սահմանային պաշտպանության և անվտանգության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտ պայմանների ապահովման պահանջների կատարման, ինչպես նաև մարզում պետական բյուջեի միջոցներով իրականացվող սոցիալ-տնտեսական, լոգիստիկ բազում ծրագրերի նպատակային և որակով իրականացման խնդիրները: Քանի որ մարզի տարածքում շահագործվող միջհամայնքային և միջպետական նոր ճանապարհների առանձին հատվածներում, ինչպես օրինակ՝ Տաթև-Աղավնո գոտում, վերանորոգումից կարճ ժամանակ անց առաջացած քանդվածքները բարդություններ են ստեղծում տրանսպորտային երթևեկության համար, խնդիր է դրվել Դատախազության պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում ուսումնասիրության առարկա դարձնել մարզում իրականացված ճանապարհաշինական ծրագրերի՝ սահմանված չափորոշիչներին և պահանջներին համապատասխանությունը: Գլխավոր դատախազը խորհրդակցության ժամանակ ինչպես Սյունիքի մարզի դատախազությանը, այնպես էլ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանը տվել է նախանշված այս առաջնահերթություններից բխող կոնկրետ հանձնարարություններ: Քննարկվել են նաև մինչդատական վարույթում գտնվող գործերով քննությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:   
17:36 - 07 հունիսի, 2022
«Ապօրինի որդեգրումների» վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

«Ապօրինի որդեգրումների» վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը 2005թ. սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ: «Վերջինիս կազմում ընդգրկվել են ՀՀ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող հիմնարկի աշխատակիցներ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը,  արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը, նույն գործակալության ապոստիլի և միջազգային պայմանագրերի բաժնի պետը, ինչպես նաև հիշյալ ընկերությունների ներկայացուցչի մտերիմ, թարգմանչական ծառայություններ մատուցող անձը: Կազմակերպված խմբի նպատակին հասնելու համար նրանք օգտվել են ինչպես իրենց, այնպես էլ ՀՀ պետական մարմինների իրավասու պաշտոնատար աշխատակիցների ընձեռած հնարավորություններից: Կազմակերպված խմբի ղեկավարումը ստանձնել է օտարերկրյա որդեգրումների բնագավառում ՀՀ-ում գործունեություն ծավալող, Իտալիայի Հանրապետությունում հավատարմագրված վերոնշյալ 3 կազմակերպությունների ներկայացուցիչը, ով մշակել է կազմակերպված խմբի գործունեության ծրագիրը, անդամների միջև կատարել դերաբաշխում, իրականացրել ֆինանսական հոսքերի նկատմամբ հսկողության գործառույթ: Բացի այդ, վերջինս առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու՝ դրա հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, որպես փոխառություն է հանձնել իր հետ փոխկապակցված ՍՊ ընկերություններին, իսկ գումարի մի մասի հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով այն ձևակերպել է որպես համապատասխան ՍՊ ընկերությանը՝ որդեգրումների գործընթացի բնագավառում գործունեություն ծավալող, իր մտերիմներից մեկի կողմից տրամադրված փոխառություն: Քրեական գործով նախաքննության ընթացքում հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին, նույն ընկերության ցերեկային ստացիոնարի վարիչին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետին, ինչպես նաև կազմակերպությունների ներկայացուցչի մտերիմներից մեկին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:  Բացի այդ, արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետին,  արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի պետին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետին՝ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և 2022թ. հունիսի 6-ին 11 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ այն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
11:07 - 07 հունիսի, 2022
Դատախազը միջնորդեց «Ռեստարտ»-ի անդամներին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

Դատախազը միջնորդեց «Ռեստարտ»-ի անդամներին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով

#Կարճասած «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունն այսօր ավարտվեց, դատարանը սկսեց դատական վիճաբանությունների փուլը: Դատախազ Սեւակ Պողոսյանը միջնորդեց բոլոր 6 ամբաստանյալներին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում, դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Գործով տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի հիմնավորումներին՝ բացառությամբ պատիժը պայմանականորեն չկիրառելուն։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունը, դատարանն անցավ վիճաբանությունների փուլին, որի ժամանակ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը հանդես եկավ մեղադրական ճառով։ Հիշեցնենք՝ գործով ամբաստանյալի կարգավիճակում են «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Դավիթ Սիմոնյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Արամայիս Պետրոսյանը։ Նրանց եւ Նարեկ Մալյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել դեռ 2019 թ․ մարտի 4-ին։  Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ենթարկվել է հարձակման: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում դեպքին անդրադարձել էին նաեւ «Ռեստարտ»-ի անդամները՝ պատմելով, որ ի պատասխան Մալյանի՝ իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են նրան գցել աղբամանը, ապա տարածել են նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։ Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը): Օրեր անց երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձը): Հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող: Լուսանկարում՝ ամբաստանյալները, պաշտպան Կարեն Մեժլումյանը Նախքան դատական վիճաբանությունների փուլին անցնելը ամբաստանյալների պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանին ներկայացրեց համացանցից ներբեռնված մի տեսանյութ եւ միջնորդեց այն կցել գործի նյութերին։ Տեսանյութում երեւում էր, թե ինչպես են մի քաղաքացու, գետնին քարշ տալով, բերում եւ նետում աղբարկղը։  Պաշտպանը զուգահեռներ անցկացրեց երկու դեպքերի միջեւ՝ ցույց տալու համար, որ իր պաշտպանյալների արարքը որակվել է առեւանգման հոդվածով, իսկ այդ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումն անգամ առեւանգման հոդվածի շրջանակներում չի արվել։ Մեժլումյանի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են, որ հետաքննության մարմնում նյութեր են նախապատրաստվել, մասնավորապես, ծեծի, ֆիզիական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը միջին կամ ծանր վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով եւ արդյունքում, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Մեժլումյանը հիշեցրեց՝ երբ Նարեկ Մալյանի եւ Դավիթ Պետրոսյանի առերեսման ժամանակ Պետրոսյանն ասաց, որ իրենք Մալյանին աղբամանը նետելու նպատակ են ունեցել միայն, քննիչը կարծիք հայտնեց, թե նման դիրքորոշումը պատասխանատվությունից խուսափելու միտում է հետապնդում, այնինչ իրենց դիրքորոշումն է հենց այն, որ եթե անձին տանում էին՝ աղբամանը նետելու, ուրեմն՝ այդտեղ առեւանգում չէր կարող լինել։ Դատավոր Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց՝ քրեական գործի հարուցումը մերժելու այդ որոշումը դատական ստուգման ենթարկվե՞լ է, ինչին Մեժլումյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ դատախազի կողմից է դրա օրինականությունը ստուգվել։ Ավելի ուշ տեսանյութի մասին դիրքորոշում հայտնեց նաեւ այս գործով դատախազ Սեւակ Պողոսյանը՝ նշելով, որ այն վերաբերելի չէ եւ համադրելի չէ իրենց գործի հանգամանքներին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց տեսանյութը կցել գործին, իսկ դրա թույլատրելիության կամ վերաբերելիության կամ ընդհանրապես, որպես «այլ փաստաթուղթ» ապացույց օգտագործելու հարցը քննարկել վերջնական դատական ակտ կայացնելիս՝ մյուս ապացույցների հետ համադրելու արդյունքում։ Լուսանկարում՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատավոր Դավիթ Հարությունյանը Այնուհետեւ դատախազ Սեւակ Պողոսյանը ներկայացրեց իր մեղադրական ճառը։ Նա նախ հիշեցրեց, որ 6 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, Նարեկ Մալյանին բացահայտ առեւանգելու շուրջ նախնական համաձայնության գալով, հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, սպասել են Մալյանին վերջինիս բնակության վայրի մոտակայքում, որտեղ, հանդիպելով նրան, մոտեցել են եւ նրա կամքին հակառակ բռնություն գործադրելու միջոցով, ճնշելով վերջինիս  դիմադրությունը, փորձել են բացահայտ առեւանգել նրան, սակայն հանցավոր դիտավորությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ վնասազերծվել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից: Ըստ դատախազի՝  առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն ընդունել են իրենց կողմից տուժողի նկատմամբ կատարած գործողությունները․ «Ամբաստանյալները, թեեւ դատարանում հերքել են Նարեկ Մալյանին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առեւանգելու հանգամանքը, սակայն նշել են, որ իրենց գործողություններն այդ օրը պայմանավորված են եղել նրանով, որ մինչ այդ Նարեկ Մալյանը սոցիալական էջերում կատարված հրապարակային ելույթներով եւ գրառումներով իրենց բազմիցս վիրավորանքներ է հասցրել: Այսինքն՝ ամբաստանյալները, ըստ էության, ընդունել են տուժողին կամքին հակառակ, խմբով, բռնություն գործադրելով բացահայտ տեղափոխելու հանգամանքը, սակայն պնդել են, որ իրենց նպատակը եղել է ոչ թե առեւանգելը, այլ մոտակայքում գտնվող աղբամաններից մեկը գցելը, եւ եթե ոստիկանները չմիջամտեին, իրենք կատարելու էին դա ու ներկայանալու էին ոստիկանություն, քանի որ կարծում են, որ այդ կերպ իրենց իրավունքներն են պաշտպանում»,- նշեց դատախազը։ Նրա խոսքով՝ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է ինչպես տուժող Նարեկ Մալյանի, այնպես էլ վկաների ցուցմունքներով: Տուժողը, ըստ դատախազի, նախաքննության ժամանակ տված ցուցմունքով մանրամասն պատմել է, թե ինչպես է դեպքի օրը հարձակման ենթարկվել, իսկ դատարանում եւս հաստատել է, որ ամբաստանյալների գործողությունները նախապես մանրամասն պլանավորված են եղել, ինչի մասին է վկայել այդ անձանց գործողությունների հստակությունը․ «Տուժողը նաեւ ավելացրել է, որ ֆիզիկական ցավ զգալուց բացի իրեն այդ վիճակը նաեւ հոգեկան տառապանք է պատճառել, քանի որ ինքը հանրային գործունեությամբ է զբաղվում եւ իր բնակության հասցեի մոտ՝ այդ մարդաշատ վայրում իր կամքին հակառակ, անելանելիութան վիճակում իրեն տեղափոխելը եւ հետագայում ամբաստանյալների խմբի կողմից տեսագրության հրապարակումը այլ կերպ ընկալվել չէր կարող ու կրում էր իրեն նվաստացնելու նպատակ»,- նշեց Պողոսյանը։ Վերջինս պնդեց, որ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է նաեւ դեպքի վայրի զննության արձանագրություններով, հարակից տարածքների տեսախցիկների՝ ապացույց ճանաչված տեսագրությունները պարունակող սկավառակներով, ամբաստանյալներին դեպքի վայրից բերման ենթարկելու մասին կազմված արձանագրություններով։ Լուսանկարում՝ դատախազ Սեւակ Պողոսյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը Խոսելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքից՝ Սեւակ Պողոսյանն ասաց․ «Առեւանգման օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել՝ տուժողին իր կամքին հակառակ բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելով, այլ վայր տեղափոխելով եւ այնտեղ պահելով: Այսինքն՝ հիշյալ արարքը կարող է ավարտված համարվել վերը նշված եղանակով անձին միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու պահից, եթե հաստատվի վերջինիս այլ վայր տեղափոխելու եւ պահելու նպատակը: Ինչ վերաբերում է նշված արարքի հանցափորձին, ապա այն կարող է դրսեւորվել տուժողնի վերը նկարագրված եղանակով միկրոսոցիալական միջավայրից դուրս բերելու ընթացքում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում արարքի խափանման արդյունքում», -նշեց նա՝ հավելելով, որ հենց այդ հանցափորձն էլ տվյալ դեպքում տեղի է ունեցել․ «Տուժողը գտնվել է իր բնակության վայրի շքամուտքում եւ նրան միկրոսոցիալական միջավայրից կտրելուն ուղղված գործողությունները, թեեւ տեղի են ունեցել նույն փողոցում կատարված բռնարարքի միջոցով, այսինքն՝ նրան մեքենայով չեն տեղափոխել կամ շատ մեծ տարածություն չեն տեղափոխել,  սակայն ակնհայտ է, որ անգամ Ամիրյան փողոցի նշված հասցեից դեպի Սարյան փողոցը ընկած շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվող աղբամանները տեղափոխելու եւ այնտեղ գցելու պարագայում էլ անձը փաստացի կկտրվեր իր միկրոսոցիալական միջավայրից, հետեւաբար՝ առկա կլիներ ավարտված առեւանգում, որը կատարված կլիներ վրեժի շարժառիթով»։ Սեւակ Պողոսյանը հարկ համարեց արձանագրել նաեւ, որ դատաքննությամբ պաշտպանական կողմի միջնորդությամբ հետազոտված ձայնագրություններով հաստատվել է տուժողի կողմից մինչ դեպքը ամբաստանյալներին բազմիցս հայհոյելու հանգամանքը, ինչը հաստատել է նաեւ հենց տուժողը։ Նա նշեց նաեւ, որ ներկայացվել են ամբաստանյալների անձը դրականորեն բնութագրող տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր, այդ թվում՝ ուսման վայրերից․ «Ուշադրության են արժանի պատերազմին մասնակցելու վերաբերյալ փաստական տվյալները, որոնք եւս գործին կցված են»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ամբաստանյալների պատասխանա­տվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատախազը միջնորդեց բոլոր ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցագործությունը կատարելու համար եւ դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:   Միաժամանակ դատախազը միջնորդեց ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել՝ 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով եւ վերջիններիս վրա բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով։ Տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի դատողություններին՝ չհամաձայնելով միայն պատիժը պայմանականորեն չկիրառելու դիրքորոշմանը եւ պնդելով, որ նրանք ազատազրկումը պիտի իրականում կրեն։ Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, սոցիալական արդարությունը չի կարող վերականգնվել․ «Խոսքն ակցիայի մասին չէ, այլ ինքնադատաստանի, որը ամբաստանյալները ցանկացել են եւ  մասնակի հաջողել, իսկ ինքնադատաստանի վտանգը այն է, որ այն չի ունենում ավարտ, նման բռնարարքը կարող է ունենալ իր պատասխանը, այդ պատասխանը՝ իրենը, եւ դա կլինի անվերջ»,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ դատարանն այժմ ունի հնարավորություն այդ ամենին վերջ տալու եւ թույլ չտալու, որ արդարության պակասի զգացումից տեղի ունենան այլ հանցանքներ կամ ամբաստանյալների նշած, այսպես կոչված, «ակցիաները», լայն տարածում ստանան։ Աթանեսյանը միաժամանակ ընդգծեց, որ թեեւ այն ժամանակ ծանր վիրավորանքը դեռ քրեականացված չէր, սակայն ամբաստանյալներն իրավական դաշտում, մասնավորապես, քաղաքացիական կարգով, ունեին իրենց պաշտպաննելու արդյունավետ միջոցներ․ «Ի վերջո վիրավորանքին կարող էին պատասխանել վիրավորանքով միգուցե»,- ասաց նա՝ հավելելով, որ այս դեպքում հասարակական վտանգավորությունը նրանում է, որ բարձր արժեքներ ձեւականորեն քարոզող ՀԿ-ն դիմում է հանցագործության, այն էլ՝ կազմակերպված, հասարակական վայրում, տուժողի բնակության վայրում, որտեղ կարող էին ականտաես լինել թե՛ նրա հարեւանները, թե՛ ընտանիքի անդամները, այդ թվում՝ անչափահաս երեխան։ Մեղադրող եւ տուժող կողմի ելույթներից հետո պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառ պատրաստելու համար, ինչով պայմանավորված` նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։   Միլենա Խաչիկյան
23:45 - 06 հունիսի, 2022