ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության  եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

Դավիթ Տոնոյանը մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին

Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի բացման խոսքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ նման ձեւաչափով հանդիպում առաջինն է եւ վստահություն հայտնել, որ միջազգային ռազմական համագործակցությունն այս հանդիպումից հետո առավել կակտիվանա, իսկ նիստի արդյունքները կնպաստեն գերատեսչությունների փոխգործակցության խորացմանը: Դավիթ Տոնոյանը հանդես է եկել միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաեւ արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման վերաբերյալ համառոտ ելույթով: Նիստի շրջանակում ստորագրվել են ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում մի շարք փաստաթղթեր: ՌԴ ՊՆ մասնագետները պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին ներկայացրել են կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջինը գրանցված ռուսական պատվաստանյութի մշակման եւ փորձարկման մանրամասներ: Նիստի մասնակիցներն այցելել են նաեւ մերձմոսկովյան ՌԴ ԶՈւ գլխավոր տաճար եւ «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիր: Դավիթ Տոնոյանը «Հիշողության ճանապարհ» համալիրի ինտերակտիվ որոնման համակարգի միջոցով գտել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի` Հովհաննես Պողոսի Հակոբովի մասին տվյալներ: «Հիշողության ճանապարհ» թանգարանային համալիրը ստեղծվել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից խորհրդային զինվորների հիշատակը հավերժացնելու նպատակով: Այժմ այն ներառում է 33 միլիոն գրառում եւ լուսանկար:
19:40 - 04 սեպտեմբերի, 2020
Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն հարուստ օրակարգ․ ԱԳ նախարար |armenpress.am|

Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն հարուստ օրակարգ․ ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Բելառուսը և Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ: «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Պատասխանելով հարցին, որ եթե Բելառուս ՀԱՊԿ-ից օգնության ուղարկելու համար քվեարկություն լինի, Հայաստանը դեմ, թե կողմ կքվեարկի, Մնացականյանը պատասխանել է, որ նման հարց նախաձեռնելու համար հիմնական դերը կատարում է երկիրը, որ բարձրացնում է օգնության հարցը, բայց Բելառուսի կողմից նման հարց չի բարձրացվել։ Նախարարը նշել է, որ Հայաստանը և Բելառուսը միասին աշխատում ենք բազմաբնույթ ձևաչափերով, ՀԱՊԿ շրջանակներում դաշնակիցներ են և ունեն բավականին հարուստ երկկողմ օրակարգ: «Մասնավորապես, մենք մասնակցում ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին: Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների միջև կա ամուր բարեկամություն: Սա արտահայտվում է մարդկային հարաբերություններում: Եվ, իհարկե, մենք անտարբեր չենք այն բանի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Բելառուսում»,- ասել է Մնացականյանը։ Մնացականյանի կարծիքով՝ Բելառուսում ստեղծված իրավիճակի կարգավորման բանալին այդ երկրի ժողովրդի ձեռքում է։ Լրագրողի այն դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանը իշխանության եկավ թավշյա, անարյուն հեղափոխությունից հետո և Հիմա ստացվում է, որ Հայաստանը սատարո՞ւմ է Բելառուսի ղեկավարին, Մնացականյանը արձագանքել է․ «Հայաստանը անցել է իր ճանապարհով, և այդ հիմքով զուգահեռներ անցկացնելը միանգամայն ճիշտ չէ: Այո, կարող են լինել որոշ ընդհանուրություններ, բայց, ընդհանուր առմամբ, դրանք տարբեր իրավիճակներ են: Ամենակարևորը `ընդունել և գիտակցել, որ հարցի լուծումը Բելառուսի ժողովրդի իրավասությունն է: Մենք հույս ունենք, որ այս իրավիճակը կլուծվի խաղաղ ճանապարհով»։ Հարցին՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչո՞ւմ է Լուկաշենկոյին որպես Բելառուսի օրինական ղեկավար, Մնացականյանը պատասխանել է, որ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահին: «Մենք հետևելու ենք, թե ինչպես Բելառուսի ժողովուրդը կարող է լուծել այս խնդիրը: Մենք մտադիր ենք շարունակել աշխատել Բելառուսի հետ բոլոր ոլորտներում ՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ միջազգային ձևաչափերով»,- եզրափակել է Մնացականյանը։
09:34 - 01 սեպտեմբերի, 2020
Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է՝ երբ Բելառուսը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին
 |shantnews.am|

Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է՝ երբ Բելառուսը կարող է օգնության համար դիմել ՀԱՊԿ-ին |shantnews.am|

shantnews.am: Եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, հանրապետությունը օգնության համար կարող է դիմել ՀԱՊԿ-ին։ Այդ մասին  РИА «Новости»–ին հաղորդել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։«Այն դեպքում, եթե Բելառուսի պաշտպանությանը արտաքին վտանգ սպառնա, համաձայն հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի՝ Բելառուսը իրավունք ունի օգնության նպատակով դիմել կազմակերպությանը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում Բելառուսը կարող է օգնության նպատակով դիմել ՀԱՊԿ-ին։ Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ համաձայնության է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի համաձայն՝ առաջին իսկ խնդրանքի դեպքում Ռուսաստանը համակողմանի օգնություն կցուցաբերի Բելառուսի անվտանգությունն ապահովելու համար։
10:07 - 16 օգոստոսի, 2020
Կռվեք մեզ հետ մենակ, տեսնենք՝ ով կհաղթի. Ալիևը` ՀՀ իշխանություններին |tert.am|

Կռվեք մեզ հետ մենակ, տեսնենք՝ ով կհաղթի. Ալիևը` ՀՀ իշխանություններին |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունների հետևանքով սպանված ադրբեջանցի զինվորականների ընտանիքներին մեքենաներ և բնակարաններ նվիրելու արարողության ժամանակ ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանի դեմ կռվել «մեն-մենակ» և ասել, թե «այդ ժամանակ կտեսնենք, թե ով կհաղթի»: Այս մասին գրում է minval.az կայքը: Ադրբեջանի նախագահը նշել է, թե իբր «Ադրբեջանը Հայաստանին կործանիչ հարված է հասցրել, ինչից հետո Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ի օգնությանն ու ոչ մի արդյունքի չի հասել»: Ալիևը նշել է նաև, թե ՀԱՊԿ-ի անդամ երկրներից սահմանային վերջին իրադարձությունների կապակցությամբ «Ղազախստանն ու Ղրղզստանն իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին այլ միջազգային կազմակերպությունների՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի շրջանակում, իսկ Բելառուսը` Չմիացած երկրների շարժման շրջանակում»: Ալիևի խոսքով` ՀԱՊԿ-ին դիմելուց առաջ «Հայաստանը պետք է հիշի, թե ինչպես է վիրավորել այդ կառույցը` առանց համաձայնեցնելու մյուս երկրների հետ ձերբակալելով կառույցի գլխավոր քարտուղարին»: «Կռվեք մեզ մենակ, տեսնենք՝ ով կհաղթի»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ դիմելով ՀՀ ղեկավարությանը:
12:44 - 22 հուլիսի, 2020
Մարգարիտա Սիմոնյանի հոդվածն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը

 |armenpress.am|

Մարգարիտա Սիմոնյանի հոդվածն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում Russia Today հեռուսատալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը տեղադրվել է տեխնիկական վրիպակի պատճառով. հոդվածն ամբողջությամբ հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը։ Այս մասին հայատարարություն է տարածել ՀԱՊԿ-ը։ «ՀԱՊԿ քարտուղարության էջում RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածի տեղադրումը տեխնիկական վրիպակի պատճառով էր, և գրառումը անհապաղ ջնջվել է։ Գրառման հեղինակի կարծիքն ամբողջովին հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը», -ասված է հայտարարության մեջ։ Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ը նշում է, որ իր դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ հայտնել է հուլիսի 14-ին արված հայտարարությամբ, որը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։ ՀԱՊԿ-ը «Թվիթեր»-ի էջում նաև տեղադրել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Ֆեյսբուք»-ի և «Թվիթեր»-ի պաշտոնական էջերում հայտվել էր Մարգարիտա Սիմոնյանի հոդվածը, որն անմիջապես ջնջվել էր։
20:33 - 20 հուլիսի, 2020
Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել. Շավարշ Քոչարյան |armenpress.am|

Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել. Շավարշ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի դիմել օգնության համար: Այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ արձագանքին: «ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ, եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- ասաց Քոչարյանը: ԱԳ փոխնախարարն անդրադառնալով իրավիճակի հանդարտեցման ՀԱՊԿ կոչին, նշեց, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ, եթե իրավիճակը չհանդարտվի և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն ներքաշվելու:
13:33 - 17 հուլիսի, 2020
Միջազգային անվտանգություն արտահանող Հայաստան․ ի՞նչ անել Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի հետ

Միջազգային անվտանգություն արտահանող Հայաստան․ ի՞նչ անել Ադրբեջանի եւ ՀԱՊԿ-ի հետ

Բեւեռացված հանրության մեջ, որտեղ խոսքի արժեքը ձգտում է զրոյի, բավականին բարդ է միանշանակ ընկալվող թեմայի վերաբերյալ միտք արտահայտել։ Թերեւս հենց դա է պատճառը, որ երկրի համար կրիտիկական պահերին ֆորմալ քաղաքական դաշտում, ըստ էության, համատարած լռություն է։ Հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում ընդունված է սեփական բառերով տիրաժավորել պաշտոնական դիրքորոշումը, իրերին նայել բացառապես պաշտոնական տեղեկության նեղ պատուհանից։ Հակառակը կարող է դավաճանություն որակվել։ Սակայն բանակն ունի իր խնդիրները, հայտարարություններով նա այլ խնդիրներ է լուծում, եւ միշտ չէ, որ դրանցով կարելի է ամբողջ ճշմարտությունը հասու դարձնել քաղաքացիներին։ Օրինակ, դժվար թե Պաշտպանության նախարարությունը մի օր հայտարարի, թե որոշել է առանց հակառակորդի սադրանքի սպասելու՝ բարելավել մարտական դիրքերը՝ գրավել նրա՝ ռազմավարական առումով ավելի լավ դիրք ունեցող հենակետը։ Սակայն պետք է հասկանալ, որ այդպիսի գործողություններ իրականում լինում են։ Տեղի ունեցողի մասին լռելը անկեղծության դեֆիցիտ է առաջացնում։ Իրականությունը պատվում է առասպելական պատմություններով, եւ հետագայում շատ դժվար է դառնում իրականն ու կեղծն իրարից տարբերելը, երեւույթները ռացիոնալ գնահատելը։ Մինչդեռ, անկախ պետություն հռչակելու առաջին մոտիվացիաներից մեկը հենց ամենատարրական ֆիզիկական անվտանգության ապահովումն է։ Այս առումով՝ վատ չէր լինի եւ նույնիսկ ճիշտ կլիներ, որ քաղաքացին իր անվտանգության ապահովման մասին իմանար ամեն ինչ, իսկ իրեն քաղաքական համարող յուրաքանչյուրը պատրաստ լիներ դրա վերաբերյալ կարծիք հայտնել՝ առանց թիրախավորումից վախենալու։ Ըստ այդմ, որպես հանրային գործիչ փորձեմ ի՛մ տեսակետները ներկայացնել օրերս տեղի ունեցած մի շարք իրադարձությունների վերաբերյալ։   Հայաստանի հյուսիս-արեւելքում վերջին օրերի լարվածության մասին Նախ, պետք է շեշտել, որ վերլուծության հիմքում ընկած է բացառապես պաշտոնական տեղեկությունը, որին բոլորն են տիրապետում։ Սկսենք նրանից, որ բավականին տարօրինակ պատկեր է գծագրվել ի սկզբանե։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ ամեն ինչ սկսել է նրանից, որ հայկական դիրքերին հակառակորդի մարդատար մեքենա է մոտեցել։ Հակառակորդի մոտեցող մեքենան ոչնչացնելու փոխարեն՝ մեր դիրքապահները քաղաքակիրթ զգուշացրել են, որ նրանք մի փոքր սխալվել են եւ պատրաստվում են հատել Հայաստանի սահմանը։ Հակառակորդն էլ, ըստ գծագրվող պատկերի, դա ի գիտություն է ընդունել, մեքենան թողել եւ շատ հանգիստ հեռացել է իր դիրքեր։ Այս միջադեպից 1։15 ժամ անց սկսվել է տարբեր տրամաչափի զինատեսակներից այդ դիրքի հրետակոծությունը։ Սրանից էլ սկսել է իրավիճակի հետագա սրացումը։ Համաձայնեք, որ այս պատմության մեջ որոշ դրվագներ անհասկանալի են մնում եւ հարցեր են առաջանում։ Օրինակ, եթե հակառակորդի նպատակը դիվերսիան էր, ապա ինչո՞ւ էին այնքան անշտապ մոտենում դիրքերին եւ ինչո՞ւ հանգիստ հեռացան՝ առանց պլանավորածն իրականացնելու։ Եթե նպատակը հանձնվելն էր, ապա ինչո՞ւ դա տեղի չունեցավ, փոխարենը՝ հանգիստ հետ գնացին։ Եթե զինվորները մոլորվել էին, ապա ինչո՞ւ սկսեցին կրակել մեր ուղղությամբ, առավել եւս մեր քաղաքակիրթ վերաբերմունքից հետո, երբ ոչնչացնելու փոխարեն՝ դիրքապահները թողել են հանգիստ հեռանալ։ Այս հարցերի պատասխանները կարելի է գտնել, եթե մոռանանք պաշտոնական վարկածն ու այլ իրավիճակ պատկերացնենք։ Հայկական զինված ուժերը կա՛մ զբաղեցրել են հակառակորդի դատարկ մնացած հենակետը, կա՛մ էլ այնպիսի փայլուն օպերացիա են իրականացրել, որ հակառակորդը միայն հաջորդ օրը, լրիվ պատահական է իմացել դրա կորստի մասին։ Դա բացատրում է նաեւ, թե ինչու էր թշնամին անշտապ մոտենում դիրքերին, քանի որ կարծում էր, թե ի՛ր հենակետ է գալիս։ Դրանով է բացատրվում նաեւ հետագա գործողությունը՝ դիրքի ռմբակոծությունը։ Սրա վերաբերյալ կարելի է մի քանի դիտարկում անել։ Նախ, ռազմավարական նշանակության տեսակետից, ըստ լուրերի, զբաղեցրած դիրքերը մեծ նշանակություն ունեն, եւ բովանդակային առումով ողջունելի է բանակի այդպիսի նախաձեռնողականությունը։ Ճիշտ է՝ դիրքերի բարելավման գործընթաց միշտ է եղել, բայց կարեւոր է արձանագրել դրա շարունակականությունը։ Պլանի իրականացման ձեւի առումով՝ բանակի գործողությունները նույնպես հրաշալի են։ Մի կողմից՝ հատկանշական է, որ գործողություններն այնպես են կատարվել, որ հակառակորդը միայն հաջորդ առավոտյան է նկատել տեղի ունեցածը, մյուս կողմից՝ հակառակորդի հետագա գործողությունները կանխատեսելը եւ ըստ այդմ զորքն այնպես տեղաբաշխելը, որ դրանցից մեր կորուստները նվազագույնի հասցվեն։ Ըստ ամենայնի՝ հակառակորդը չի կարողանում մարսել այդ դիրքի/երի կորուստը եւ մարտի դաշտ է նետում իր վերջին փաստարկներից մեկը՝ բանակի հետախուզական էլիտար ստորաբաժանումները, ինչը կրկին ոչ մի արդյունքի չի հանգեցնում՝ բացի հակառակորդի մարդուժի մեծաքանակ կորուստները։ Բացի դա՝ գովելի է մոլորյալ հակառակորդների նկատմամբ մեր զինվորների վերաբերմունքը։ Եթե հակառակորդը իռացիոնալ էմոցիաները զսպել կարողանար, կարելի էր ընդհանրապես խուսափել երկկողմանի զոհերից։ Եվ վերջում, Հայաստանը վաղուց է հայտարարել, որ գործելու է պատժիչ գործողությունների սկզբունքով։ Սակայն մի բան է հայտարարելը, լրիվ այլ բան՝ դա իրականություն դարձնելը։ Վերջին շրջանում մի քանի դրվագներ հուշում են, որ հայկական կողմն, ի վերջո, ձեռնմուխ է եղել այդպիսի քաղաքականության իրագործմանը։ Սա երկարաժամկետ հեռանկարում իրենց վրա թանկ նստելու բերումով նվազեցնելու է հակառակորդի սադրանքների կազմակերպման մշտական պրակտիկան։   Միջազգային հանրության եւ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին Այստեղ տեղին է մեջբերել «Քաղաքացու որոշում» կուսակցության միասնական դիրքորոշումն առ այն, որ ՀԱՊԿ-ը, որքան էլ որ դրա մասին խոսվում է կանոնադրության մեջ, իրականացնում է լիովին այլ գործառույթներ։ Իր իրական գործառույթներն իրականացնելու համար այն, ըստ ամենայնի, անօգուտ է գտնվել։ Մասնավորապես, ՀԱՊԿ-ն անդամ-երկրների միջեւ ռազմաքաղաքական որոշակի հարաբերությունների իրականացման յուրատեսակ մեխանիզմ է դարձել։ Օրինակ, ՀԱՊԿ-ի միջոցով է, որ Հայաստանը կարող է զենք գնել Ռուսաստանի Դաշնության ներքին, այլ ոչ թե միջազգային գներով։  Ըստ էության, այս եւ եւս մի հանգամանք, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը դադարելու դեպքում այնտեղ կարող է հայտնվել Ադրբեջանը, ստիպում են մեզ դեռեւս անդամակցել այդ անհույս կառույցին։ Ռուսաստանի Դաշնությունն, իհարկե, զենքի միակ մատակարարը չէ, եւ ցանկացած ժամանակ կարելի է այլընտրանք գտնել։ Դրա փոխարեն՝ Ադրբեջանի անդամակցությունն այդ կառույցին եւ վտանգը, որ այդ դեպքում կանոնադրությունը, խիստ պատահաբար, կարող է գործել, իրական վտանգ է։ Երբ մենք հարցին այս դիտանկյունից նայենք, թերեւս, կդադարենք ՀԱՊԿ-ից մարդուժով արագ արձագանքում պահանջել։ Այլընտրաքներ գտնելը մեզ հնարավորություն կտա հրաժարվել այս կառույցի անդամակցությունից։ Որպես այլընտրանք՝ կարող է դիտվել ինտեգրացիոն գործընթացներից հրաժարվելն ու տարբեր երկրների հետ առանձին համաձայնությունների գալը, այն, ինչ այժմ անում է Ադրբեջանը։ Եվ ոչ մի դեպքում այլընտրանք չի կարող լինել այլ, նույնպիսի կախման մեջ դնող ուրիշ վերպետական կառույցներին անդամակցությունը, որը պաշտպանունակությունն ավելացնում է ինքնուրույնության որոշակի մաս զիջելու գնով։ Միջազգային հանրության արձագանքը մեզ հուշում է կուսակցության այլ դիրքորոշման արդիական լինելու մասին։ Ի տարբերություն տասնամյակներ շեփորահարած այն տեսակետի, թե Հայաստանի աշխարհագրական դիրքը մեզ կաշկանդում է եւ զարգացման խոչընդոտ հանդիսանում, մենք գտնում ենք, որ տարատեսակ շահերի խաչմերուկ դարձած մեր տարածաշրջանը, շահերի մեջ մանեւրելով, զարգացման մեծ հեռանկարներ է ապահովում։ Պատահական չէ, որ երկու օր կրակոցներից հետո հակամարտության սրացմանն արձագանքել են համարյա բոլոր տարածաշրջանային եւ ուժային այլ կենտրոններ՝ Իրանը, Թուրքիան, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, խորհրդարաններ ու դրանց տարբեր ներկայացուցիչներ։ Եվ այս օրերին տարածաշրջանային ու միջազգային անվտանգության արտահանողի՝ Հայաստանի դերն ավելի է ընդգծվում՝ արդիականացնելով մարտահրավերներին համահունչ դիվանագիտական կորպուս ունենալու հրամայականը։ Այդպիսի դիվանագիտական կորպուսը նաեւ այս օրերի սրացումը կօգտագործեր՝ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու մասին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները իրականություն դարձնելու համար։   Ռազմական սրացումներին մեր հանրային արձագանքը Անկեղծ ասած՝ դժվար է ներկայացնել մեր հանրային արձագանքը՝ նշելով այդտեղ տեղ գտած համակարգային խնդիրները։ Դրանք դեռեւս ձեւակերպված չեն, եւ բացի կրթական-մշակութային խնդիրները՝ ոչ մասնագետի համար դժվար է այլ խնդիրներ արձանագրել եւ համակարգային լուծումներ առաջարկել։ Դրա մասին կարելի է խոսել դրվագներով։ Սա կարեւոր է, քանի որ խնդիրների լուծումը սկսում է դրանց ախտորոշումից ու ճիշտ նկարագրությունից։ Այդ արձագանքը հաճախ շատ իռացիոնալ է։ Ռազմական սրացումների ժամանակ սոցցանցերի հայկական տիրույթում ատելության չափաբաժինը չափազանց մեծ է։ Եթե նկատել եք՝ ժամանակային այդ հատվածներում բոլորը միմյանց ատում են՝ ծառայածները՝ չծառայածներին, չծառայածները՝ ծառայածներին, արտահայտվողները՝ չարտահայտվողներին, չարտահայտվողները՝ մյուսներին, ոչ պաշտոնյաները՝ պաշտոնյաներին, եւ այսպես շարունակ։ Մարդկանց սկսում է թվալ, թե բացի իրենցից ու իրենց նեղ շրջապատից՝ մնացածը մոլորության մեջ են, բավարար մտահոգված չեն երկրի անվտանգությամբ։ Դա հիմք է դառնում բոլորին կարգի հրավիրելու իրենց ցուցումների համար։ Իմ ընկերների շրջանում էլ մարդիկ կան, որոնք ակտիվանում են ռազմական սրացումից սրացում։ Ակտիվանում են, սկսում բոլորին ամոթանք տալ, տարբեր ցուցումներ տալ բոլորին ու լարվածության անկումից հետո էլի կորում տեսադաշտից։ Այսպիսի իրավիճակներում է, որ ակնհայտ է դառնում հանրային համերաշխության իսպառ բացակայությունը։ Նկատե՞լ եք, որ նախկին քաղաքական համակարգի ներկայացուցիչները՝ պայմանական «հները», չեն ուզում նույնիսկ ընկալել, որ մեր բանակի հաջողությունները կարող են կապ ունենալ պայմանական «նորերի» հետ, քանի որ իրենց նեղ խմբակից՝ «թայֆայից» դուրս բոլորը մոլորյալ են եւ անկարող՝ երկրի անվտանգության վերաբերյալ նույն մտահոգությունն ու սրտացավությունն ունենալ։ Քոչարյանի կողմնակիցները բանակի հաջողությունները Քոչարյանի հետ են կապում, նախկին ՀՀԿ-ականները՝ 2016-ից հետո բանակի հագեցվածությունն ապահովելու մասին իրենց որոշումների, «Իմ քայլ»-ականները՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի եւ մի քանի այլ պաշտոնյաների անձերի հետ։ Բոլոր հայտնի ու անհայտ խմբակներին թվում է, թե մյուսները որեւէ բանի հասնելու անկարող են, իսկ իրենք՝ միակ ճշմարտության կրողը։ Միակ անձեռնմխելի շերտը դառնում են զինվորականներն ու սահմանամերձ գոտում ապրողները, սակայն սա էլ՝ ժամանակավոր՝ մինչեւ սրացումների ավարտը, երբ այդ սերը դառնում է ոչ պարտադիր, ըստ ցանկության։ Այստեղ տպավորություն է ստեղծվում, որ հանրային համերաշխության բացակայության պայմաններում միասնական, միմյանց հետ որեւէ ընդհանուր բան ունենալու համար նահատակներ են պետք, որպեսզի միասնաբար սգանք նրանց մահը։ Քանի դեռ համերաշխություն, հանրային որեւէ պայմանավորվածություն չկա, հերոսների մահը սգալն է համերաշխության այն կետը, որը բոլորիս կապում է իրար։ Նկատած կլինեք, որ ինչ-որ մակարդակում կենցաղային կռիվներից սկսած մինչեւ քաղաքական ամենաբարդ հակադրությունները կարող են հարթվել մի մտքով՝ «եկեք համերաշխ լինենք, քանի որ պատերազմի դեպքում բոլորս գնալու ենք ճակատ ու կողք-կողքի զոհվենք»։ Մահն, այսպիսով, մեր հանրության միավորող գործոնն է դառնում եւ, որպեսզի միասնությունը հաստատ լինի, տպավորություն կա, որ մեզ պարբերաբար նոր զոհեր են պետք, ցանկալի է՝ երիտասարդ, սրբադասման ենթակա, սակրալ զոհեր։ Սա, իհարկե, դաժան արձանագրում է։ Սոցցանցերում հաճախ իռացիոնալ է նաեւ շփման գծում իրավիճակի գնահատականը։ Ես իմ փորձից կարող եմ խոսել։ Մի քանի տարի ապրել եմ Իջեւանում այն տարիներին, երբ քաղաքը պարբերաբար գնդակոծվում էր։ Բացի դա՝ արմատներով Նոյեմբերյանի շրջանից լինելով՝ մենք պարբերաբար ընտանիքով այցելում էինք գյուղ ու հաճախ՝ թշնամու՝ մեր մեքենային ուղեկցող կրակոցների տակ։ Ինձ համար ու, թերեւս, մեր սերնդից շատերի համար, սովորական են սահմանային կրակոցների ու գնդակոծությունների մասին լուրերը։ Սահմանամերձ գյուղերում էլ գիտեն դրանց վտանգների իրական չափը։ Երեւի նկատել եք, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում նրանք ծայրահեղ հանգստություն են դրսեւորում։ Իսկ հուզումներ են առաջացնում եւ խուճապի տպավորություն ստեղծում նրանք, որոնք դրա մասին միայն ապոկալիպտիկ ֆիլմեր են դիտել, իսկ իրականում նման դեպքերից միշտ հեռու են գտնվել։ Այս մարդկանց մոտ չափազանցված են սահմանային կրակոցների եւ գնդակոծությունների վերաբերյալ պատկերացումները։ Այդպիսի խեղաթյուրված պատկերացումների հիմքով էլ սկսում են «ազգի դավաճանների» հավատաքննական պրոցեսները՝ պատրաստ են խաչել բոլորին, որոնք մշտապես չեն աղոթում, համարձակվում են բացի սահմանային իրավիճակից այլ բանի մասին խոսել՝ «թշնամու ջրաղացին ջուր լցնելով» եւ այլ նման երեւույթներ։ Իհարկե, չեմ պնդում, որ նորմալ է, երբ պատերազմը մեզ համար սովորական երեւույթ է եւ պետք է մնա այդպիսին։ Սակայն մյուս կողմից էլ, եթե մարդ ուզում է հեղինակային ու հեղինակավոր կարծիք հայտնել, գուցե կարիք կա ավելի լավ ծանոթանալ խնդրո առարկայի հետ։ Հաջորդ իռացիոնալ արձագանքը, որի մասին արժե խոսել, մեր հանրության հրճվանքն է հակառակորդի զինվորների մահով։ Որքան բարձր լինի հակառակորդի զոհված զինվորի կոչումը, այդքան հրճվանքը մեծ է լինում։ Այս դեպքում պետք է հաշվի առնել, որ ժամանակակից զինատեսակների համար անխոցելի թիրախ գրեթե չկա։ Ոչ մի խնդիր չկա ժամանակի շատ փոքր կտրվածքում հակառակորդի մեծաքանակ մարդուժ ոչնչացնել, մանավանդ մեր ու հակառակորդի առաջնագծի պայմաններում։ Միաժամանակ պետք է գիտակցել, որ նույն հնարավորություններն ունի նաեւ հակառակորդը։ Ես դժվարանում եմ հավատալ, որ մարդիկ գիտակցում են, որ թշնամու զոհերի մասին լուրերին հաջորդելու են մեր անդառնալի կորուստների մասին լուրերը եւ, այնուամենայնիվ, ուրախանում են այդ փաստով։ Պատերազմում «մեղր չեն բաժանում», եւ զոհերը միշտ երկկողանի են լինում։ Դժվար թե միջին վիճակագրական մարդն ուրախանա միայն այն փաստով, որ մեր կուրուստներն ավելի քիչ են, քան հակառակորդինը։ Ըստ իս՝ մեր ամեն զինվորի կյանքն անգին է եւ դա վիճակագրության հարց դարձնելը հակամարդկային է եւ բարոյականության հետ խնդիրներ է հարուցում։ Վերջում, պետք է հասկանալ, որ մենք դեռ միմյանց չենք ոչնչացրել միայն մի պատճառով՝ դրա հնարավորությունը ոչ մի կողմը չունի։ Ընդհանրապես, ժամանակակից աշխարհում դժվար է ոչնչացման այդպիսի պրոցես պատկերացնել։ Եւ հենց դա է պատճառը, որ թե՛ հակամարտող, թե՛ միջնորդ բոլոր կողմերը շեշտում են, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Միաժամանակ, մեզ մոտ կան Բաքվում թեյելու, նրանց մոտ՝ ոտքերը Սեւանում թրջելու բավականին ամբիցիոզ պլաններ։ Մենք որպես ոչնչացնելու սցենար ենք նշում Մինգեչաուրի ջրամբարին հարվածելը, նրանք՝ Մեծամորի ատոմակայանին։ Երկու դեպքում էլ՝ քաղաքացիական զոհերի առումով, նման միջոցառումները կարող են մարդկության դեմ գործած հանցագործություններ դիտվել։ Դեռ մի կողմ, որ այդպիսի օբյեկտները հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանված են, խնդիրն այն է, որ այս խոսակցությունները պատասխանատվության զգացման իսպառ բացակայության մասին են խոսում թե՛ մեր, թե՛ նրանց պարագայում։ Թերեւս այստեղ էլ արժե խնդրի մեջ բավական խորամուխ լինել՝ մինչեւ հեղինակային ու հեղինակավոր կարծիք հայտնելը։ Այս բացասական արձանագրումներն անելուն զուգընթաց՝ արժե նշել, որ մեր հայրենիքը պաշտպանված է գոնե այնքանով, որ երկրում ապրող համարյա բոլորը ժամերի ու օրերի ընթացքում պատրաստ են զինվորագրվել ու սեփական կյանքով պաշտպանել հայրենիքը, ինչը հարատեւության համոզմունք է տալիս․ ոչ մի թշնամի չի կարող այդպիսի դիմադրությունը կոտրել, որքան էլ որ նա մեծ, զինված ու հարուստ լինի։   Ադրբեջանի արձագանքի մասին Ադրբեջանը պատերազմի 2016-ի ապրիլյան սրացմամբ բավականին բարդ վիճակի մեջ դրեց ինքն իրեն։ Նախ, դա Հայաստանում կառավարիչներին դրդեց մշտադիտարկման ժամանակակից մեթոդներ ներդնել շփման գծի ողջ երկայնքով, ինչն ի դերեւ հանեց Ադրբեջանի կողմից տարիներով հաջողությամբ իրականացվող «ռազմական դիվանագիտության» շարունակական կիրառումը․ դիվերսիաների հարցն այլեւս կարելի է լուծված համարել։ Միաժամանակ, Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ոչ միայն Արցախը, այլ նաեւ Հայաստանը գրավելու անիմաստ խոստումներով է կերակրել հանրությանը՝ երկրորդ, երրորդ պլան մղելով երկրի թալանը, հետխորհրդային ու, մասնավորապես, դրա մուսուլմանական երկրներին բնորոշ ավտորիտար կառավարումը, անարդարությունը, ժողովրդավարության բացակայությունը։ Այդ խոստումները զուգակցվել են ամեն հայկականի նկատմամբ ատելություն սերմանելով։ Բնական է, որ ծնված օրվանից այդ խոստումներով մեծացած սերունդը այսօր համապատասխան պահանջներ է դնում կառավարիչների առաջ։ Այս խոստումները սնում են ռազմահայրենասիրական խեղաթյուրած ոգով դաստիարակված հանրությունը, որի պահանջների բարձրացմանը զուգընթաց՝ խոստումներն է՛լ ավելի մասշտաբային են դառնում։ Իրականության հետ բախման արդյունքում, ինչ-որ պահի խզում է տեղի ունենալու կառավարություն-հանրություն այսպիսի անառողջ հարաբերություններում։ Եվ այդպիսի խզման դետոնատոր հանդիսացան վերջին օրերի սրացումները։ Ոչ միայն մի գյուղ, քաղաք, ամբողջ Արցախն ու Հայաստանը գրավել չստացվեց, այլ նույնիսկ մի դիրք գրավելու համար զոհվեցին գեներալ, գնդապետ եւ բարձրաստիճան այլ սպաներ, մինչդեռ դիրքը մնաց հայերի տիրապետության տակ։ Մարդկանց համար ակնհայտ դարձավ, որ այդ խոստումների իրականացման համար նվազագույնը իրենց կյանքը բավարար չէ, եւ դուրս եկան փողոց։ Պատերազմի կոչերը վերածվեցին կառավարության դեմ բողոքի եւ ոստիկանության հետ ընդհարումների։ Հայաստանի դեպքում այդ մասշտաբի բողոքի ալիքը գուցե սրբեր, տաներ կառավարիչներին, բայց պետք է հաշվի առնել մուսուլմանական երկրներում իշխանության նկատմամբ վերաբերմունքը։ Այստեղ նրանք դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ մինչեւ ժողովրդավարական հանրություն ձեւավորելու անհրաժեշտ գիտակցություն ձեռք բերելը։ Հատկանշական է, որ ցուցարարները ոստիկաններին փորձում էին վիրավորել՝ նրանց «հայեր» կոչելով։ Ասում էին՝ «հատուկ նշանակության ջոկատները հայերի դեմ կիրառեք»։ Այստեղ բախվում ենք երեւույթի, երբ Ադրբեջանի կառավարության սրած բիզը շրջվում եւ հենց իրեն է ծակում։ Տարիներ շարունակ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ այնտեղ, ռազմական հակամարտությունը կիրառվել է՝ լռեցնելու ընդդիմադիր ցանկացած դրսեւորում։ Այժմ նույն թեզերը շրջվում են՝ հարվածելու կառավարիչներին, որոնցից պատերազմ ու խոստումների իրականացում են պահանջում։ Ադրբեջանի կառավարությունը, թերեւս, ինքն իրեն գերազանցել է՝ հանրային հարաբերությունները խեղաթյուրելու հարցում։ Այժմ, կառավարման լծակները դեռեւս պահպանելու համար նրան մնում է պակասեցնել հանրության պատերազմի տենչը, բավականին մեղմացնել ռազմատենչ հռետորաբանությունը, որպեսզի այդ նույն հռետորաբանությունը իր ոչնչացման առիթ չդառնա։ Որպես ամփոփում՝ կարելի է նշել, որ մեզ պատուհասած այսօրվա պրոբլեմները հեշտ լուծելի են, եթե մենք ունենանք ընդհանուր որոշակի պայմանավորվածությունների արդյունքում ձեւավորված պետություն, բարձր գիտակցմամբ դրանց (պայմանավորվածությունների) շուրջ համերաշխ հանրություն։ Այս դեպքում պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը եւս մեզ զերծ կպահի բոլոր հարցերին միջամտելու՝ այսօրվա մեր անհագուրդ ցանկությունից։ Ինքնորոշման ակտը, որ կարծես պետք է տեղի ունենար հեղափոխական գործընթացներից հետո, կարող է ինքնին լուծել այս կամ այն վերպետական կառույցների վրա հույս դնելու պրակտիկայի հարցը։ Այս դեպքում տարբեր պետություններ կուզենան ինքնորոշված սուբյեկտի հետ նոր որակի հարաբերություններ ստեղծել՝ փոխօգնությամբ միմյանց շահերը սպասարկելու անկեղծ մղմամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ստեղծվել է իրավիճակ, երբ այդ պետության վաղվա օրը, նրա ճակատագիրն այսօր մեր ձեռքերում է։ Կարելի է մի փոքր էլ ճնշել ու ստանալ նոր Ադրբեջան։ Պետք է ուղղակի հասկանալ՝ ինչպիսի հարեւան է մեզ պետք։ Եթե շեշտը դնենք համամարդկային արժեքների վրա, ապա բռնապետական Ադրբեջանն անընդունելի է։ Միաժամանակ, ժողովրդավար Ադրբեջանը նշանակում է ուժեղ Ադրբեջան։ Մինչդեռ, այսօրվա ռազմական հռետորաբանությամբ կերակրված ժողովուրդը ավելի անվտանգ է, երբ թույլ է։ Ադրբեջանում հաստատված քաղաքական համակարգը նրան թույլ չի տա ավելի զարգանալ, քան այժմ է։ Հետեւաբար, գուցե Հայաստանին այս պահին ձեռնտո՞ւ է հենց այդպիսի հակառակորդ։ Այս հարցերի շուրջ է, որ արժե խորհել։ Սուրեն Սահակյան
21:34 - 16 հուլիսի, 2020
Ինչպես է ՀԱՊԿ-ն արձագանքել հայ-ադրբեջանական բախումներին նախկինում |fip.am|

Ինչպես է ՀԱՊԿ-ն արձագանքել հայ-ադրբեջանական բախումներին նախկինում |fip.am|

fip.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հուլիսի 14-ին հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Հայտարարության մեջ ՀԱՊԿ-ն լուրջ մտահոգություն էր հայտնում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ։ «Այս իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանային դրության կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-երկիր […]։ Ընդգծում ենք հրադադարի ռեժիմի վերականգման անհրաժեշտությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշված էր հայտարարության մեջ։ Այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ տարբեր քաղաքական շրջանակների կողմից։ Շատերը պնդեցին, որ քանի որ Հայաստանն է ՀԱՊԿ անդամ, ապա կազմակերպությունը պետք է Ադրբեջանի՛ն կոչ աներ դադարեցնել կրակը։ Բացի սա, ՀԱՊԿ այս հայտարարությունը տարբեր շրջանակներ սկսեցին կապել Հայաստանի ներկա իշխանությունների հետ։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «5-րդ ալիքին» հուլիսի 14-ին տված հարցազրույցում ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները որակեց շատ լարված և դա կապեց ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանում հարուցված քրեական գործի հետ։  168․am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուր ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ևս ՀԱՊԿ այս չեզոք հայտարարությունը պայմանավորեց Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործով՝ նշելով, որ դրանով Փաշինյանի իշխանությունը վնասել է պետական շահը։ «Եվ հիմա մենք ուզում ենք, որ ՀԱՊԿ-ից մենք ունենանք ավելի ընդգծված հասցեական պատասխա՞ն։ Կունենայինք, եթե նորմալ աշխատեինք ՀԱՊԿ հետ»,- հայտարարեց Ջամալյանը։ «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել, թե ինչպիսին էին նախկինում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարությունները, հասկանալ դրանց հռետորաբանությունը և պարզել, թե արդյո՞ք այս անգամ կազմակերպության հայտարարությունը իսկապես բացառիկ է իր  չեզոքությամբ։ 2018 Մինչ այս, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ էր արձանագրվել նաև 2018 թ. սեպտեմբերին, երբ հակառակորդը գնդակոծում էր Տավուշի սահմանամերձ գյուղերը։ Լարվածության արդյունքում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր Կոթի գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը, իսկ մի քանի օր անց զոհվել էր պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթևոսյանը։ Այս լարվածությանը ՀԱՊԿ-ն արձագանքել էր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությամբ․ «Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի առթիվ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների»,- ասված էր հայտարարության մեջ։ Կազմակերպությունը կոչ էր անում նաև դադարեցնել հայկական բնակավայրերի գնդակոծումը․ «ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքի աճը թույլ չտալու նպատակով՝ կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը»։ 2016 2016 թ. դեկտեմբերի 29-ի առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ Չնայած հայկական Զինված ուժերը կանխել էին հակառակորդի դիվերսիան և հետ շպրտել ելման դիրքեր, այնուամենայնիվ, հայկական կողմն ունեցել էր 3 զինվորականի կորուստ։ Այս առիթով ՀԱՊԿ-ն տարածել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որում նշվում էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունում տագնապով են ընդունել Հայաստանի Չինարի գյուղի մոտ եղած զինված բախման մասին տեղեկությունը: «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունը դիտարկում ենք որպես սադրանք»,- ասված էր հայտարարության մեջ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն էր հայտնել հրադադարի պարբերական խախտումների առնչությամբ։ «Թվում էր թե երկու կողմերի, ինչպես նաև մի շարք պետությունների առաջնորդների գործադրած ջանքերը հաշվի առնելով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն ավելի ակտիվ կընթանա, բայց հրադադարի պայմանավորվածությունների պարբերական խախտումների վերաբերյալ վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները և առավելևս զինծառայողների մահվան դեպքերի բերած դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը հարուցում են լուրջ մտահոգություն»,- կարդում ենք պաշտոնական հաղորդագրության մեջ։ 2015 2015 թ. սկզբին ադրբեջանական ուժերը սկսել էին դիվերսիոն ներթափանցման փորձեր կատարել և գնդակոծել Տավուշի սահմանամերձ համայնքները։ Դիվերսիաների և գնդակոծման հետևանքով մի քանի օրերի ընթացքում սպանվել էին Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վանիկ Ղուկասյանը և Ոսկեվան գյուղի բնակիչ Սերյոժա Սարգսյանը, վիրավորվել էր Լևոն Անդրեասյանը։ Այս առնչությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ «խորը անհանգստություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում վերջին լարվածության հետ կապված և կրկին վերահաստատել ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը»։ Ինչպես տեսնում ենք, ՀԱՊԿ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունների վերաբերյալ հայտարարությունները մշտապես եղել են չեզոք, ոչ մի անգամ այս կառույցը հստակ չի մատնանշել «մեղավոր» կողմին և մշտապես կոչն ուղղել է «երկու կողմերին»։ Թերևս, մի փոքր բացառություն է կազմել 2018 թվականին ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությունը, որտեղ նշվել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի մասին։ Դրանով հանդերձ, այդ հայտարարությունում ևս բացակայում են ուղիղ ձևակերպումներ Ադրբեջանի հասցեին։ Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը միակը չէ, որտեղ ՀԱՊԿ-ն չեզոք ու անհասցե ձևակերպումներ է օգտագործում։ Հետևաբար, մանիպուլյատիվ են Հրանտ Մելիք-Շահնազարյանի և Դավիթ Ջամալյանի այն պնդումները, թե ՀԱՊԿ այս չեզոք հայտարարությունը պայմանավորված է այդ կառույցի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործով և Հայաստան-ՀԱՊԿ լարված հարաբերություններով։ Սևադա Ղազարյան
14:44 - 16 հուլիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին խնդրանքով դիմելու մասին լուրերին |armenpress.am|

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է ՀԱՊԿ-ին խնդրանքով դիմելու մասին լուրերին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների խնդրով դիմելու մասին լուրերին: Մնացականյանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը հետևողական երկխոսության մեջ է ՀԱՊԿ-ի գործընկերների հետ: Լրագրողի հարցին. «լուրեր կային, որ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ-ին, որը ղեկավարում է Ռուսաստանը, հադիպել այդ հարցի շուրջ և գործողություններ ձեռնարկել, բայց որի արձագանքը, կարծես թե, ինչ-որ տեղ աղոտ էր, ո՞րն է Հայաստանի վերաբերմունքն այդ պատասխանին», Մնացականյանը նշել է, որ չի համաձայնի այդ գնահատականի հետ: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն է, և մեր գործընկերների հետ մենք ակնհայտորեն բարձրացնում ենք հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ տարածքին, որի մաս է կազմում Հայաստանը: Մենք տեղեկացնում ենք մեր գործընկերներին զարգացումների վերաբերյալ և բարձրացնում ենք հարցեր, որոնք, ինչպես այս դեպքում, անհրաժեշտ ենք համարում հավաքական գործողության ներկայացման համար: Ակնհայտորեն, որպես Կազմակերպություն՝ իր կանոնադրությամբ, մենք մեր ձեռքում ունենք ողջ գործիքակազմը, սակայն մենք գնահատում ենք իրավիճակը, գնահատում ենք իրավիճակով պայմանավորված գործողությունները: Մենք կապի մեջ ենք և հետևողական երկխոսության մեջ ենք ՀԱՊԿ մեր գործընկերների հետ»,- ասել է նախարարը:
19:45 - 15 հուլիսի, 2020
Մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար․ Սոս Ավետիսյան

Մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար․ Սոս Ավետիսյան

Հուլիսի 12-ից մինչեւ այս գիշեր Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը խիստ լարված էր։ Նշյալ օրը՝ կեսօրից, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ էր սկսել Հայաստանի ուղղությամբ։  Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, կրակը դադարեցնելու կոչ արեց միայն երեկ՝ հուլիսի 14-ին՝ հայտարարելով, որ կազմակերպության քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ։  «Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է»,- ասված էր հայտարարության մեջ։ Թեմայի շուրջ զրուցել ենք խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ։ - Պարո՛ն Ավետիսյան, քննադատություններ են հնչում, որ ՀԱՊԿ-ը չի արել այն, ինչ պարտավոր էր անել, ուշացրել է հայտարարությունը եւ կամ հայտարարությունն, ըստ էության, ոչինչ չասող էր։ Ընդ որում՝ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի ու ՀԱՊԿ-ի հայտարարությունները գրեթե չէին տարբերվում, եւ սա այն պարագայում, երբ Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ ՀԱՊԿ-ի անդամ է։ Խնդրում եմ Ձեր մեկնաբնությունը՝ ի՞նչ ասելիք ուներ վերջինիս արձագանքը, դրա մեսիջը տվե՞ց այն, ինչ պետք է տար։ - Նախեւառաջ՝ մենք մի կարեւոր բան պետք է արձանագրենք՝ ընդհանրապես հայոց պատմության, անկախության համար․ մենք մեր հիմնական հույսը պետք է դնենք բացառապես մեր Զինված ուժերի վրա՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության անվտանգությունն ապահովելու համար։ Այսինքն՝ քեզնից դուրս փրկության փնտրտուքները սխալ են։ Իհարկե, ՀԱՊԿ-ը մեր անվտանգային համակարգում կարեւոր օղակ է, եւ օպերատիվ պատասխանի որոշակիությունը շատ կարեւոր է։ Դրա հետ մեկտեղ՝ մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ն, ի վերջո, հայտարարություն տարածեց, որտեղ հստակ նշվում է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի դաշնակից երկիր է, եւ սա պետք է ընդունել որպես առաջնային զգուշացում կամ նախազգուշացում։ Մնացած ընթացակարգային առումով՝ ինչ կարելի է սպասել, մենք պետք է մի քիչ ավելի հաշվարկային լինենք՝ ի վերջո ի՞նչ ենք ուզում, ինչպե՞ս ենք պատկերացնում այդ օգնությունը կամ դատապարտումը։ Իհարկե, Ադրբեջանն ինչ-որ առումով փորձ է արել իր ունեցած կապերից օգտվել, բայց ՀԱՊԿ-ի հայտարարությունը, որպես այդպիսին, չի վիժեցրել։ Եւ սա կարելի է արձանագրել որպես որոշակիորեն դրական քայլ։ - Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածում ասված է, որ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա՝ Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:Եթե չեմ սխալվում՝ այս օժանդակությունը ցուցաբերվելու է այն պարագայում, երբ ագրեսիայի ենթարկված պետությունն անձամբ դիմի։  - Այո, եւ մենք մեր ՀԱՊԿ-ի գործընկերներին դիմել ենք, բայց պահանջով, որ անպայմանորեն արձանագրվի, որ այսպիսի միջադեպ է տեղի ունենում արդեն հայ-ադրբեջանական սահմանին, որ ագրեսիայի դրսեւորում կա, եւ դա արձանագրվել է։ Մենք չենք դիմել, որ մեզ օգնեն․ ի փառս մեր զինվորականների՝ մենք բացարձակ տիրապետում ենք իրավիճակին եւ մենք ենք թելադրող դիրքում։ - Այսինքն՝ Հայաստանն այս պահին ամենեւին էլ կարիք չունի դիմել այդ օժանդակության՝ ներառյալ ռազմական օգնության համար։ - Բացառվում է։ Այս պահին մենք նման օժանդակության կարիք չունենք։ - Թուրքիայի ֆակտորին անդրադառնանք․ այս պետությունն ամեն ձեւ ձգտում է խառնվել իրավիճակին։ Թուրքիան, կարծես թե, տարածաշրջանում ՀԱՊԿ-ի շահերի ամենամեծ սպառնալիքն է՝ թե՛ որպես Թուրքիա, թե՛ որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Բայց ՀԱՊԿ-ն, ըստ էության, թուրքական կողմի հայտարարությունների մասին չխոսեց։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս դիրքորոշումը։ - Եկեք տարանջատենք մի քանի բան․ Թուրքիան, որպես այդպիսին, այո, հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց վերջին տարիների զարգացումը եւ առանձին օպերացիաների իրականացումը ցուցադրում են, որ Թուրքիան բացառապես իր շահերն է հետապնդում եւ կաշկանդված չէ ՆԱՏՕ-ով։ Եւ թե՛ Ռուսաստանի հետ որոշակի մերձեցումները, թե՛ հետագա առճակատումները Սիրիայում՝ Ռուսաստանի հետ, Լիբիայում իրենց քաղաքականությունը, հստակ ցուցադրում են, որ այս պետությունը վաղուց կաշկանդված չէ, հանդես չի գալիս որպես ՆԱՏՕ-ի քաղաքականության վարող։ Ինքն իր քաղաքականությունն է վարում՝ ունենալով ՆԱՏՕ-ի պայմանագիրը։ Այս պարագայում՝ նաեւ շատ կարեւոր է Ռուսաստանի ԱԳՆ արձագանքը, որը իրապես թիրախավորված էր, չնայած երկիրը չէր նշում, բայց շեշտում էր, որ Մինսկի խմբի անդամ երկիրը իրավուք չունի ռազմական էսկալացիայի ժամանակ որեւէ կողմին ուղիղ աջակցություն խոստանալ, հատկապես, որ դա կվտանգի տարածաշրջանային անվտանգությունը։ Այս խոսքերը ուղղված էին բացառապես Թուրքիային։ Բայց, էլի եմ կրկնում, ամենակարեւորն այն է, որ մեր ռազմաքաղաքական ու դիվանագիտական կարողությունը այս պահին բավարար է էսկալացիան ինքնուրույն հաղթահարելու համար։ Եւ Թուրքիայի ու Ադրբեջանի այս ընդհանուր ջղաձգումները, ի դեպ, որոշակիորեն պայմանավորված են իրենց ներքաղաքական օրակարգերով։ - Երեկ էլ Բաքվում բողոքի բազմահազարանոց ցույցեր էին, եւ սա կարծես վերջին տասնամյակներում առաջին նման ակցիան էր։ Չնայած տեղի ղեկավարությունը սկզբում բուռն չարձագանքեց կատարվողին, բայց հետո ջրցաններով ու մահակներով ցրեց ցուցարարներին։ Հնարավո՞ր է, որ Ադրբեջանում զարգացումներն ուղղակիորեն իրենց դեմ շրջվեն։ - Այո, եւ երկու կարեւոր եզրակացություն պետք է ունենանք․ նախ՝ այդ ցույցն արձանագրում է հայկական Զինված ուժերի եւ Հայաստանի հաղթանակը․ այստեղ մենք հստակ տեսնում ենք, որ այդ մարդիկ հասկացել են՝ իրավիճակը, մեղմ ասած, սփոփիչ չէ։ Երկրորդը՝ պետք է հասկանանք, որ այդ հասարակությունը ռազմատենչ է, հետեւաբար, մենք մեր անվտանգությանը պետք է ապավեն լինենք։ Երրորդիվ՝ իհարկե, մեծ ճնշում կա կառավարության վրա։ Եւ թեեւ դեռ ամբողջական վերլուծություներ չկան, բայց ենթադրաբար, այդ ամենը սկզբնական շրջանում ձեռնտու էր Բաքվի կառավարող կլանին, հետո իրենք հասկացան, որ սա կարող է վերաճել ավելի լուրջ պայքարի, եւ այդ մարդկանց ցրեցին։ - Պարոն Ավետիսյան, հիմա միջազգային կառույցների ներկայացուցիչների, մի քանի երկրների պաշտոնյաների հայտարարությունները թո՞ւյլ են տալիս եզրակացնել, որ միջազգային հանրության համար ակնհայտ է եւ հստակ, որ Ադրբեջանն է հրահրում այս իրադրությունը։ - Մենք կարող ենք այդպիսի ենթադրություն անել, այո։ Այս ընթացքում երկու տեսակի հայտարարություններ են եղել․ առաջինը՝ դիվանագիտական քողով․ երկու կողմերին են կոչ անում, սրանք հիմնականում միջազգային կառույցներից եկող արձագանքներն են, եւ այդ կառույցներից այս պահին այլ արձագանք սպասել հնարավոր չէ, դեռ փաստագրական տվյալներ պետք է ներկայացվեն նրանց։ Եւ երկրորդը՝ մենք նկատեցինք, որ նաեւ կարեւոր պետության ներկայացուցիչներ, ինչպիսին ԱՄՆ-ն է, Ադրբեջանին ուղիղ դատապարտող հայտարարություններ եղան, արդեն նաեւ Կիպրոսից, Շվեդիայից, Գվատեմալայից, Իսպանիայից։ Եւ սա շատ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերման տեսանկյունից։ Իհարկե, սրանք դեռ առաջին քայլերն են, բայց այս ուղղությամբ մենք դեռ պետք է շարժվենք։  - Այսինքն՝ մեր կոմունիկացիան այս առումով ստացվում է միջազգային հանրության հետ։ - Այո, այն աշխատանքը, որ արվել է այս մեկուկես տարվա ընթացքում մեր միջազգային գործընկերների հետ, հանդիպումները, քննարկումները, համատեղ քայլերը, բերում են այն պտուղները, որոնք այս պահին պետք են։ Եւ այս կարեւոր հաջողության վրա դեռ երկար անելիքներ կան։ Ինֆորմացիոն դաշտի առումով եւս էլ ավելի շատ ջանք է պետք ներդնել։ Հիշեցնենք՝ հուլիսի 12-ին, ժամը 12։30, Տավուշի մարզում գտնվող մեր դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա, զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից, եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո, թողնելով մեքենան, վերադարձել են: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը պարբերաբար նոր գործողությունների էր դիմում՝ մինչեւ հուլիսի 14-ի, լույս 15-ի գիշերը։ Հակառակորդն ունի տեխնիկայի զգալի եւ մարդկային տասնյակ կորուստներ՝ այդ թվում՝ բարձր սպայական կազմից․ պաշտոնապես հայտարարվել է 12 զոհի մասին։ Հայկական կողմն ունի 4 զոհ, 10 վիրավոր, որոնցից մեկի վիճակը հուլիսի 15-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Հայարփի Բաղդասարյան
18:30 - 15 հուլիսի, 2020
ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին․ Սեյրան Օհանյան |azatutyun.am|

ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին․ Սեյրան Օհանյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրը իրականացրել են բարձր մակարդակով,  նման կարծիք հայտնեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Օհանյանն ասում է՝ սադրանքը կազմակերպել է Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը, իսկ նման քայլի դիմելու պատճառները բազմաթիվ կարող են լինել: Սա լոկալ ընդհարում է, և կարևոր է, որ այն լայնամասշտաբ գործողությունների չվերածվի, նշում է նա. - «Լոկալ ընդհարումները միշտ հետևանքներ ունենում են, այսինքն` իրենք փորձում են նորից այլ վայրերում, այլ տեղերում սադրանքներ կազմակերպել: Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների, բայց գտնում եմ, որ ի վերջո այն հիմքը, այն իրադրության տվյալներն այսօր չկան, որ լայնամասշտաբ գործողություններ սկսեն, բայց համենայն դեպս Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն: Իմ խորին համոզմամբ` Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը և Արցախի Պաշտպանության բանակը կիրառման պլանների համաձայն պատրաստ են ցանկացած գործողությունների` ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ, պատժիչ, պարտադրող գործողությունների»: Օհանյանն անդրադաձավ նաև երեկ ՀԱՊԿ-ի հրավիրված և կարճ ժամանակ անց անորոշ ժամանակով հետաձգված նիստին, որի օրակարգում պետք է լիներ ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանի սահմանի վիճակը: 2008-ից մինչև 2016-ի սեպտեմբերը պաշտոնավարած Օհանյանը ասում է` ՀԱՊԿ-ում կոնսեսնսուսի հասնելը միշտ էլ դժվար է եղել. - «Որովհետև տարբեր երկրներ տարբեր հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, բայց գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին, որոնք որ սադրանք են կազմակերպել:Ռազմական օգնություն խնդրելու համար ընթացակարգեր գոյություն ունեն. պետության ղեկավարությունն Անվտանգության խորհրդի անցկացնելուց, կառավարության նիստ անցկացնելուց հետո կարող է դիմել, բայց այն իրավիճակը չէ, ՀԱՊԿ-ին մենք կարող ենք դիմել, եթե ավելի լայնամասշտաբ, ավելի տարածաշրջանային ընդհարում լինի»:
17:30 - 14 հուլիսի, 2020
ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը դաշնակիցներին համերաշխության կոչ է արել

ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցիչը դաշնակիցներին համերաշխության կոչ է արել

ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն այսօր կայացած խորհրդի նիստում ասել է, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրադրության էսկալացիայի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմա֊քաղաքական ղեկավարությունը: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Վիկտոր Բիյագովն ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը: «Ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստության եւ ուշադրության առարկա է ողջ կազմակերպության եւ նրա անդամներից յուրաքանչյուրի համար, քանի որ կազմակերպության պատասխանատվության գոտում փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին դրսեւորել համերաշխություն եւ փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն եւ տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարեւոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»,- նշել է Վիկտոր Բիյագովը։
17:18 - 14 հուլիսի, 2020
ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին |ria.ru|

ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին |ria.ru|

ՀԱՊԿ-ն իր խորը անհանգստությունն է արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ և կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը։ Այս մասին նշվել է կազմակերպության քարտուղարության մեկնաբանությունում։ «ՀԱՊԿ քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ, որն առաջացել է ս․թ․ հուլիսի 12-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների զինված բախումներից հետո, որի հետևանքով կան զոհվածներ ու վիրավորներ։  Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է: Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել էն Հայաստաի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով», - ընդգծել են ՀԱՊԿ-ում։ Կազմակերպությունը կողմերին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադրի ռեժիմը ՀԱՊԿ լիազորության ներքո գտնվող տարածքներում։   Աղբյուրը՝ ria.ru: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
13:44 - 14 հուլիսի, 2020