#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Այսօր արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի. ՀՀ ոստիկանության շտաբի պետ |1lurer.am|

Այսօր արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի. ՀՀ ոստիկանության շտաբի պետ |1lurer.am|

1lurer.am: Առավոտյան 8.00-ից մինչև կեսօր ոստիկանությունում արձանագրվել է 21 դեպք, որոնցից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Այս մասին ԿԸՀ մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը: «Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող 1 դեպքը գրանցվել է Երևանում, իսկ մնացածը՝  մարզերում: 7 հաղորդումները վերաբերել են 1-ից ավելի անգամ քվեարկելուն, քվեարկության գաղտնիությունը խախտելուն, գույքը դիտավորությամբ վնասելուն, մարմնական վնասվածք հասցնելուն»,- ասաց Մկրտչյանը: Նրա խոսքով՝ արձանագրված դեպքերից 5-ը ընտրական իրավախախտումներ են, 2-ը՝ այլ բնույթի:
13:15 - 20 հունիսի, 2021
Համավարակից հետո առաջին դեպքն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայել է շուրջ 200 կարճաժամկետ դիտորդների |armenpress.am|

Համավարակից հետո առաջին դեպքն է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայել է շուրջ 200 կարճաժամկետ դիտորդների |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հանրապետությունում տեղակայել է շուրջ 200 կարճաժամկետ դիտորդների: Այս մասին Երևանում ընտրատեղամասերից մեկում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին: «Արդեն մեկ ամիս է, որ մեր դիտորդական առաքելությունը այստեղ ծավալում է իր գործունեությունը: Եվ մեր առաքելության համար սա ակնհայտորեն շատ կարևոր օր է: Ավելի քան 100 թիմ ունենք, որոնք տեղակայված են երկրով մեկ և դիտարկում են անցկացնում»,-ասաց Մըրֆին: Առաքելությունը դիտարկել է բոլոր գործընթացները՝ ընտրողների, թեկնածուների գրանցումը, ԿԸՀ աշխատանքը, ուսումնասիրել է երկրի օրենսդրությունը, ինչպես նաև այն, թե Հայաստանը որքանով է հետևել միջազգային պարտավորություններին: «Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա առաջին դիտորդական առաքելությունն է, որի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայում է կարճաժամկետ դիտորդների: Այստեղ արդեն իսկ տեղակայված են շուրջ 200 կարճաժամկետ դիտորդներ: Եվ սա Covid-19 համավարակից հետո աննախադեպ է, առաջին դեպքն է»,- ասաց առաքելության ղեկավարը: Քվեարկության օրը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը համագործակցում է նաև ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի դիտորդների, Եվրախորհրդի դիտորդական առաքելության դիտորդների հետ: «Որպես միջազգային դիտորդության մի մաս՝ կարող ենք ասել, որ այս պահին 300-ից ավելի միջազգային կարճաժամկետ դիտորդներ են տեղակայված երկրում»,- ասաց նա: Կարճաժամկետ դիտորդները ողջ օրվա ընթացքում այցելելու են ընտրատեղամասեր և դիտարկելու են գործընթացը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդները թվային տարբերակով զեկուցել են գործընթացի մասին թիմի հիմնական անդամներին: «Այսպիսով, մեր թիմերը տեղակայված են լինելու ընտրատեղամասերում ամբողջ օրվա ընթացքում և տվյալներ, տեղեկատվություն են հավաքելու ողջ օրվա ընթացքում»,- նշեց Մըրֆին: Առաքելությունը 4 շաբաթ առաջ տեղակայել էր նաև երկարաժամկետ դիտորդներ: Առաքելությունը կկարողանա իր նախնական եզրակացությունը ներկայացրել միայն վաղը՝ հունիսի 21-ին:   «Վաղը մենք կկարողանանք մեր նախնական եզրակացությունները ներկայացնել՝ այս ողջ դիտարկման ժամանակահատվածի համար: 4 շաբաթ առաջ մենք երկարատև դիտորդների ենք տեղակայել երկրի բոլոր 10 մարզերում և 2 օր առաջ 100-ից ավելի կարճաժամկետ դիտորդների թիմեր ենք տեղակայել երկրի բոլոր մարզերում: Նրանք հաճախելու են ընտրատեղամասեր և դիտարկելու են գործընթացը: Նրանք իրականացնելու են դիտորդություն և թվային տարբերակով զեկուցել են հիմնական թիմի անդամներին: Եվ երբ մեկ տեղամասում վերջանում է նրանց դիտորդությունը, նրանք անցնում են հաջորդ տեղամաս, սա շարունակվելու է ողջ օրը, մինչև տեղամասերը կփակվեն: Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա առաջին դիտորդական առաքելությունն է, որի շրջանակներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը տեղակայում է կարճաժամկետ դիտորդների: Այստեղ արդեն իսկ տեղակայված են շուրջ 200 կարճաժամկետ դիտորդներ:  
13:10 - 20 հունիսի, 2021
Գորիսում բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել․ Դանիել Իոաննիսյան

Գորիսում բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել․ Դանիել Իոաննիսյան

19 ընտրատեղամասում միաժամանակ ներկա է եղել «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձ, 12 ընտրատեղամասում մեր դիտորդները նկատել են տեղամասում գտնվող անձանց հագուստի վրա 24 թիվը գրված, ինչը որակում ենք որպես քարոզչություն տեղամասում «Հայաստան» դաշինքի օգտին։ Քաջարանի տարածաշրջանում 35/56 տեղամասում «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի, այնուհետև քաշքշուկի ընտրատեղամասում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ «Մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել է, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում օրենսդրությանը, բայց պետք է ասեմ, որ նման ընտրատեղամասերի թիվը նախկինի համեմատ քիչ է։ Միայն 4 տեղամասում է գոնե առավոտյան արձանագրվել, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իր պարտականություններին, և այդ տեղամասերից երկուսում, ըստ էության, հանձնաժողովի նախագահների պարտականությունները իրենց վրա են վերցրել վստահված անձինք, ինչը խնդրահարույց է»,- նշեց նա։ Իոաննիսյանը հայտնեց նաև, որ տեսախցիկների միջոցով նաև ուսումնասիրում են ԶԼՄ-ներով խախտումների մասին ահազանգերը, փորձում են ստուգել դրանց իսկությունը․ «Խիստ մտահոգիչ ինֆորմացիա գնաց առ այն, որ Գորիսի 34/03 տեղամասում զինվորականները կատարում են բաց քվեարկություն։ Տեսախցիկներով ուսումնասիրվեց այդ տեղամասը բացման պահից մինչև այդ հրապարակման պահը։ Եվ այդ տեղամասում թեև իրապես զինվորականները քվեարկում էին, բայց քվեարկում էին քվեախցիկներում, և քվեախցիկներ գնում էին բոլոր քվեաթերթիկներով։ Այլ կերպ ասած, բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել, և պարզվել է, որ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում»։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ տեղամասերում տեղադրված տեսախցիկների 96․6 տոկոսը աշխատում է․ «Սա թերևս մի քիչ ավելի բարձր թիվ է 2018թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին գոնե այս ժամի համար։ բայց համեմատած երեկվա հետ՝ այդ թիվը իջնում է։ Այսինքն՝ տենդենցիան այն է, որ տեսախցիկների հետ կապված խնդիրները լուծվում են, և թիվը գնում է նվազման։ Բայց դեռևս ավելի շատ է, քան նախկինում»։ Իոաննիսյանը նշեց, որ նաև հետևում են իրավապահ մարմինների, ԿԸՀ-ի ու նաև վարչական դատարանի գործունեությունը՝ ընտրական վեճերի սահմաններում։ «Մի խնդրահարույց դեպք կա՝ կապված Չարչյան Արմենի հետ։ Խափանման միջոցը կալանք ընտրելու հետ կապված՝ նախ պետք է դատախազությունը ստանար ԿԸՀ որոշումը, և ԿԸՀ լույս 19-ի գիշերը՝ ավելի քան 30 ժամ առաջ, մուտքագրվել է դատախազի համապատասխան միջնորդությունը, և ԿԸՀ-ն առ այս պահը չի քննարկել այդ միջնորդությունը, որի արդյունքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը անորոշության մեջ է և չի կարողանում դատարան ներկայացնել խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդություն։ Երկար ձգձգման արդյունքում ազատ է արձակվել ենթադրյալ հանցագործություն գործած անձը»,- ասաց նա եզրափակելով ամփոփումը։
13:02 - 20 հունիսի, 2021
«Բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց անվտանգ հայրենիքի համար |tert.am|

«Բացառում եմ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը»․ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց անվտանգ հայրենիքի համար |tert.am|

tert.am: Քվեարկել եմ անվտանգ հայենիքի, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։ Այս մասին Առինջի 29/29 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում  ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը։ Հարցին՝ ԲՀԿ-ն կոալիցիա կկազմի՞ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հետ, Ծառուկյանն արձագանքեց՝ այդ հարցին պատասխանել է, չի ուզում կրկնվել, այսօր այդ օրը չէ։ «Բացառում եմ, և դա մի քանի անգամ ասել եմ»։ Հարցին՝ եթե ընտրության արդյունքներն իրեն չբավարարեն, պատրա՞ստ է դուրս գալ հանրահավաքների, բողոքարկել, Ծառուկյանն արձագանքեց՝ եթե ամեն ինչ կարգուկանոնով է ընթանում, անտեղի ինչո՞ւ աղմուկ բարձրացնել։ «Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կկազմի՞ կոալիցիա, Ծառուկյանն արձագանքեց, որ նման հարցերին պատասխանել է, այսօր այդ օրը չէ։ Դիտարկմանը, թե այսօր Ազատաշենի ընտրատեղամասում կրակոցներ են հնչել, և մի կողմը եղել է ԲՀԿ ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդն արձագանքեց, թե տեղյակ է, և կարգ խախտողները պետք է պատասխան տան։
12:49 - 20 հունիսի, 2021
«Գագիկ Ծառուկյանին, ապե՛ր», «ապագա կա». Էջմիածնի 14/19 տեղամասի բակում քաղաքացիները բղավում են իրենց ընտրության մասին |hetq.am|

«Գագիկ Ծառուկյանին, ապե՛ր», «ապագա կա». Էջմիածնի 14/19 տեղամասի բակում քաղաքացիները բղավում են իրենց ընտրության մասին |hetq.am|

hetq.am: Ժամը 11:00 դրությամբ՝ Էջմիածնի 14/19 ընտրատեղամասում քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 10%-ը` 208  մարդ։ Տեղամասում ընդհանուր առմամբ հաշվառված է 2016 ընտրող։ Հանձնաժողովի քարտուղար Սահակյան Վերգինեն մեզ հայտնեց, տեղամասում ներկա են 6 քաղաքական ուժի վստահված անձինք՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքներից, «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի դեմոկրատական», «Հանրապետություն», «Ազատական» կուսակցություններից։  Որպես օգնող մինչ այժմ գրանցվել է 1 անձ: Տեղամասում եղել են թե՛ միջազգային, թե՛ արտասահմանյան կազմակերպություններից դիտորդներ: Տեղամասի մատյանում արձանագրություն չի կազմվել,  կուտակումներ չկան, սակայն ընտրատեղամասից պարբերաբար դուրս էին գալիս մարդիկ՝ «բղավելով» իրենց ընտրության մասին՝ «Գագիկ Ծառուկյանին, ապե՛ր», «ապագա կա», «նիկոլը կրելու ա»։ Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որին մասնակցում է 25 քաղաքական ուժ:
12:44 - 20 հունիսի, 2021
Ժամը 11:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 12.2 %-ը մասնակցել է քվեարկությանը

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 12.2 %-ը մասնակցել է քվեարկությանը

Ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում քվեարկության իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել են 316.291 քաղաքացի կամ ընտրողների 12.2 %-ը։ Այս մասին քիչ առաջ ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։ Նա նաև ընտրությունների մասնակցության մասին տեղեկատվություն հայտնեց ըստ մարզերի։ Ժամը 11:00-ի դրությամբ Երևան քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող 859.000 քաղաքացիներից քվեարկության մասնակցել է 120.166 քաղաքացի կամ 13.99%, Արագածոտնի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվ՝ 117.472: Քվեարկության մասնակիցների թիվը 12.318 կամ 10.49%, Արարատի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 223.360, քվեարկության մասնակիցների թիվ 27.676 կամ 12. 39%, Արմավիրի մարզ․ 235.840 քվեարկելու իրավունք ունեցողներից քվեարկել են 23.488 կամ 9.96%, Գեղարքունիքի մարզ․ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 189. 527, քվեարկել է 18.556-ը կամ 9.79%, Լոռու մարզ․ 233. 552 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 26.086 քաղաքացի կամ 11.17 %, Կոտայքի մարզ․քվեարկելու իրավունք ունեն 242.022 քաղաքացի, քվեարկել է 30.342-ը կամ 12. 54%, Շիրակի մարզ․ 226.793 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկել է 19. 106 քաղաքացիներ կամ 8.40%, Սյունիքի մարզ․ քվերակելու իրավունք ունեն 109.726 քաղաքացի, քվեարկել է 17. 269 քաղաքացի 15.74 %, Վայոց ձոր․ 46.620 քաղաքացիներից քվեարկել է 5699-ը կամ 12.22 %-ը, Տավուշի մարզ․ քվեարկելու իրավունք ունեն 109,690 քաղաքացի, քվեարկել է 15.585-ը կամ 14.21 %-ը։
12:39 - 20 հունիսի, 2021
Ազատաշենում թիվ 11/11 ընտրատեղամասի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, գազային ատրճանակից արձակվել է կրակոց. տրվել է քրգործ հարուցելու հանձնարարություն. Գոռ Աբրահամյան

Ազատաշենում թիվ 11/11 ընտրատեղամասի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, գազային ատրճանակից արձակվել է կրակոց. տրվել է քրգործ հարուցելու հանձնարարություն. Գոռ Աբրահամյան

Ազատաշեն գյուղում գործող թիվ 11/11 ընտրատեղամասին հարող տարածքում այսօր տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի անձանց, այդ թվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի պատգամավորության թեկնածուի և այդ ուժի նրա վստահված անձի մասնակցությամբ, որի ընթացքում գազային ատրճանակից արձակվել է կրակոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Ստացված ահազանգի հիման վրա ժամանած Ոստիկանության ծառայողների կողմից օպերատիվ կերպով իրականացվել են համապատասխան միջոցառումներ, զենքը վերցվել է: Կրակոցից տուժածներ չկան:  Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ Արարատի մարզի դատախազության կողմից արդեն ՀՀ ՔԿ Մասիսի բաժնին տրվել է հանձնարարություն՝ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասի և 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցել քրեական գործ և նախաքննության շրջանակներում պարզել դեպքի բոլոր հանգամանքները»,- գրել է նա:
12:34 - 20 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարի բողոքի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սիսիան

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարի բողոքի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սիսիան

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել այն մասին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն, որի հիման վրա անօրինական արարքներ են կատարվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի իրենց շտաբերի ղեկավարների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: «Ըստ բողոքի՝ դատարանի թույլտվության հիմքում նպատակը նշվել է քվեաթերթիկներ տպելու սարքեր, քվեաթերթիկներ և ընտրական գործընթացի հետ կապված այլ նյութեր հայտնաբերելը: Մասնավորապես, բողոքով բարձրացվել է հարց այն մասին, որ իրենց «Հայաստան» դաշինքի 4 անդամների իրավապահ մարմինները տեղում քննչական գործողություններ անելու փոխարեն հատուկ նպատակով են ցանկանում բերման ենթարկել Երևան, ինչն էլ նշանակում է, որ ողջ քվեարկության օրն այլևս նրանք  հնարավորություն չեն ունենա մասնակցել ընտրական գործընթացին և դրանով ամբողջությամբ կկազմալուծվի իրենց դաշինքների շտաբերի գործունեությունը Սիսիանում: Բողոքի հիման վրա Սյունիքի մարզ գործուղված Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Սիսիան քաղաք: Նրանք տեղում կստուգեն նշված բողոքի հետ կապված բոլոր հանգամանքները, ինչպես նաև պարզաբանումներ կստանան, թե ինչպիսի ծանրակշիռ հիմնավորումներով են առանձին քննչական կամ այլ դատավարական գործողություններ նախատեսվում իրականացնել Երևանում՝ հատկապես նկատի ունենալով քվեարկության օրվա տևողությունը, շտաբի ներկայացուցչներին մարզից Երևան տեղափոխելու ճանապարհի և Երևանում քննչական գործողությունների համար ծախսված ժամանակահատվածը: Այս պահի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում արձանագրել, որ իրավական չափանիշը պետք է լինի այն, որ Ոստիկանությունը կամ մյուս իրավապահ մարմիններն իրենց գործողությունները կատարեն առավելապես այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցության հետ կապված որևէ քաղաքական ուժի աշխատանքների համար հատկապես քվեարկության օրը խոչընդոտներ չառաջանան»,- ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ:
12:20 - 20 հունիսի, 2021
Պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողինպատժել օրենքի ողջ խստությամբ․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»

Պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողինպատժել օրենքի ողջ խստությամբ․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»

«Շիրինյան - Բաբաջանյան» դաշինքը հայտարարություն է տարածել․   «Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ի առավոտյան Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի պատգամավորության ցուցակի առաջին համար, Հանուն Հանրապետության ԺՊԴԿ ղեկավար Արման Բաբաջանյանի ավտոմեքենան հայտնաբերվել է դիմապակու վրա կրակոցի հետքերով:   Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը վրդովմունքով դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը քաղաքական պայքարում, այն գնահատում որպես հասարակության զգալի շերտերի համակրանքը վայելող դաշինքի ու նրա ղեկավարների, ժողովրդավարական ընտրական գործընթացի դեմ ուղղված հանցագործություն:   Մենք պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողին կամ կատարողներին և պատժել օրենքի ողջ խստությամբ: Հասարակությանը հորդորում ենք չահաբեկվել նման ստորագույն ու ճղճիմ քայլերից՝ Հայաստանի ժողովրդավարության թշնամիների հետապնդած նպատակը վախի մթնոլորտի ձևավորումն է, ինչը թույլ չենք տալու միասնաբար՝ անկաշկանդ կատարելով քվեարկություն հանուն Հայաստանի հեռանկարի և կանխելով գողապետական բարքերի վերադարձը»:
11:50 - 20 հունիսի, 2021
Ես կարծում եմ՝ հետընտրական զարգացումներ չեն լինի․ Արթուր Վանեցյան

Ես կարծում եմ՝ հետընտրական զարգացումներ չեն լինի․ Արթուր Վանեցյան

Այսօր ընտրություն է՝ հանուն Հայաստանի լինելու և չլինելու։ Այս մասին քվեարկությունից հետո ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Իշխանությունը հոգեվարքի մեջ է, և բոլոր քայլերը միտված են ընդդիմության դիրքերը թուլացնելու։ Նրանք հասկանում են, որ Հայաստանում երբեք վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունեն, ուստի վերջին ճիգերն են գործադրում իրենց իշխանական աթոռներից կառչած մնալու համար»,- ասաց նա՝ դաշինքի կողմնակիցների վերաբերյալ լուրը մեկնաբանելով։ Խոսելով ընտրություններից հետո հնարավոր լարվածության մասին՝ Վանեցյանն ասաց, որ ընդդիմությունը չէ դրա պատասխանատուն, դրա պատասխանատուն փաստացի իշխանությունն է։ «Ես կարծում եմ՝ հետընտրական որևէ զարգացումներ չեն լինի, որովհետև ընտրությունների արդյունքները կփաստեն, թե Հայաստանում ով է կազմելու իշխանություն»,- հավելեց նա։ Անդրադառնալով ընտրությունների ընթացքում խախտումներից՝ Վանեցյանն ասաց․ «Բազմաթիվ խախտումների վերաբերյալ ահազանգեր կան՝ սկսած նրանից, որ մեր քվեաթերթիկների վրա կա ինչ-որ նմուշ, որ մեր քվեաթերթիկները չեն տալիս մեր ընտրողներին, ուղղորդում են դեպի ընտրություններ իշխանական ներկայացուցիչները, մասնավորապես զինվորականների և ոստիկանության կողմից մեր ակտիվիստների, շտաբների նկատմամբ իրականացվող ճնշումները։ Երեկ ձերբակալվել են Եղեգնաձորի մեր շտաբի ներկայացուցիչները։ Որևէ հիմնավոր ապացույց ներկայացված չէ փաստաբանական թիմին։ Ես կարծում եմ՝ դա արվել է բացառապես մեկ նպատակով, 72 ժամ՝ այսինքն՝ ընտրությունների ընթացքում մեր թիմակիցներին հեռվացնելու ընտրական գործընթացներից»։ Մենկաբանելով լրագրողի այն դիտարկումը, որ «աղմկահարույց ձայնագրություն է հրապարակվել, որ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանի հայրը պարտադրում է գնալ և ընտրել դաշինքին»՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ որևէ աղմկահարույց բան չկա․ «Որևէ աղմկահարույց բան չկա, եթե աննորմալ լիներ, կլիներ քրեական գործ, կլինեին պատժվողներ։ Ձայնագրությունը չեմ լսել, կարդացել եմ լրատվության մեջ, և որևէ աննախադեպ կամ աղմկահարությց բան չեմ տեսնում դրա մեջ»։
11:27 - 20 հունիսի, 2021
 Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Քիչ առաջ լրագրող գործընկերներից մեկը զանգով մեկնաբանություն էր խնդրում, իր խոսքով, տարածվող բամբասանքների մասին, թե իբր Երեւանի սանմաքրման ծառայողները «հրահանգով ընտրությանը մասնակցող ուժերից մեկի դեմ հակաքարոզչություն պարունակող թռուցիկներ են ցրում»։   Զանգից քիչ հետո պարզեցի, որ բամբասանքը տարածում է ԱԺ ներկա գումարման պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Հուսով ենք, իրավապահները արժանի գնահատական կտան բազմավաստակ պատգամավորի հայտարարությանը՝ մասնավորապես, քննելով նաեւ սուտ մատնության հանգամանքը։   Երեւանի քաղաքապետարանը շահագրգիռ է, որպեսզի քաղաքը աղտոտողները բացահայտվեն եւ հնարավորինս խիստ պատիժ կրեն։ Ի միջիայլոց, օգտվելով առիթից հույս հայտնենք, որ կբացահայտվեն նաեւ վերջերս հաճախակիացած՝ աղբամանների այրման դեպքերը։   Կարծում ենք, որեւէ քաղաքական նպատակահարմարություն չի արդարացնում ամենօրյա աշխատանքով քաղաքի մաքրությունն ապահովող սանմաքրման մեր աշխատակիցների դեմ զրպարտչական բնույթի հայտարարությունները եւ պատիվ չի բերում դրանց հեղինակներին, հատկապես՝ բազմավաստակ պատգամավորին։ Լրատվամիջոցների հարգարժան գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ բամբասանքներ տարածելուց։   Երեւանի քաղաքապետարանը եւ ենթակա կառույցները ընտրական գործընթացներին մասնակցում են բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում»։
11:18 - 20 հունիսի, 2021