Գորիսում բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել․ Դանիել Իոաննիսյան
13:02 - 20 հունիսի, 2021

Գորիսում բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել․ Դանիել Իոաննիսյան

19 ընտրատեղամասում միաժամանակ ներկա է եղել «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձ, 12 ընտրատեղամասում մեր դիտորդները նկատել են տեղամասում գտնվող անձանց հագուստի վրա 24 թիվը գրված, ինչը որակում ենք որպես քարոզչություն տեղամասում «Հայաստան» դաշինքի օգտին։ Քաջարանի տարածաշրջանում 35/56 տեղամասում «Հայաստան» դաշինքի 3 վստահված անձանց միաժամանակ գտնվելը վերածվել է վեճի, այնուհետև քաշքշուկի ընտրատեղամասում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

«Մի շարք ընտրատեղամասերում արձանագրվել է, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում օրենսդրությանը, բայց պետք է ասեմ, որ նման ընտրատեղամասերի թիվը նախկինի համեմատ քիչ է։ Միայն 4 տեղամասում է գոնե առավոտյան արձանագրվել, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իր պարտականություններին, և այդ տեղամասերից երկուսում, ըստ էության, հանձնաժողովի նախագահների պարտականությունները իրենց վրա են վերցրել վստահված անձինք, ինչը խնդրահարույց է»,- նշեց նա։

Իոաննիսյանը հայտնեց նաև, որ տեսախցիկների միջոցով նաև ուսումնասիրում են ԶԼՄ-ներով խախտումների մասին ահազանգերը, փորձում են ստուգել դրանց իսկությունը․ «Խիստ մտահոգիչ ինֆորմացիա գնաց առ այն, որ Գորիսի 34/03 տեղամասում զինվորականները կատարում են բաց քվեարկություն։ Տեսախցիկներով ուսումնասիրվեց այդ տեղամասը բացման պահից մինչև այդ հրապարակման պահը։ Եվ այդ տեղամասում թեև իրապես զինվորականները քվեարկում էին, բայց քվեարկում էին քվեախցիկներում, և քվեախցիկներ գնում էին բոլոր քվեաթերթիկներով։ Այլ կերպ ասած, բաց քվեարկության կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն հայտնաբերվել, և պարզվել է, որ հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում»։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ տեղամասերում տեղադրված տեսախցիկների 96․6 տոկոսը աշխատում է․ «Սա թերևս մի քիչ ավելի բարձր թիվ է 2018թ․ ԱԺ արտահերթ ընտրություններին գոնե այս ժամի համար։ բայց համեմատած երեկվա հետ՝ այդ թիվը իջնում է։ Այսինքն՝ տենդենցիան այն է, որ տեսախցիկների հետ կապված խնդիրները լուծվում են, և թիվը գնում է նվազման։ Բայց դեռևս ավելի շատ է, քան նախկինում»։

Իոաննիսյանը նշեց, որ նաև հետևում են իրավապահ մարմինների, ԿԸՀ-ի ու նաև վարչական դատարանի գործունեությունը՝ ընտրական վեճերի սահմաններում։

«Մի խնդրահարույց դեպք կա՝ կապված Չարչյան Արմենի հետ։ Խափանման միջոցը կալանք ընտրելու հետ կապված՝ նախ պետք է դատախազությունը ստանար ԿԸՀ որոշումը, և ԿԸՀ լույս 19-ի գիշերը՝ ավելի քան 30 ժամ առաջ, մուտքագրվել է դատախազի համապատասխան միջնորդությունը, և ԿԸՀ-ն առ այս պահը չի քննարկել այդ միջնորդությունը, որի արդյունքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը անորոշության մեջ է և չի կարողանում դատարան ներկայացնել խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդություն։ Երկար ձգձգման արդյունքում ազատ է արձակվել ենթադրյալ հանցագործություն գործած անձը»,- ասաց նա եզրափակելով ամփոփումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել