ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը

ԱԺ նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը

Ազգային ժողովի նախկին պատգամավորի և նրա որդու վերաբերյալ գործով Վերաքննիչ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը: «Տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված և քննված քրեական գործով նույն հոդվածով մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման պատգամավոր Հրանտ Դավթյանին և նրա որդուն՝ Արսեն Դավթյանին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել էր, որ նրանք համապատասխան հայտարարագրերում չեն հիշատակել և այդ կերպ թաքցրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող մի քանի անշարժ, շարժական գույքերի,  դրանց շարժի, ֆինանսական պարտավորությունների մասին տվյալները։ Հաստատված մեղադրական եզրակացությամբ, քրեական գործը 2021թ. ապրիլի 28-ին Գլխավոր դատախազությունից ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Դատարանը, քննության առնելով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը, 2021թ. նոյեմբերի 10-ին որոշում էր կայացրել իրադրության փոփոխման հիմքով Արսեն և Հրանտ Դավթյանների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: ՀՀ գլխավոր դատախազությունում դատարանի որոշման պատճառաբանական մասի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ հիմքով նման որոշման կայացումն անհիմն է, դեռևս նախաքննության ավարտական փուլում պաշտպանի կողմից մեղադրյալների նկատմամբ նույն հիմքով և հիմնավորումներով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, որոնք համապատասխան հիմնավորումներով մերժվել էին: Ելնելով դրանից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշման դեմ 2021թ. դեկտեմբերին ներկայացվել էր վերաքննիչ բողոք: Բողոքում հիմնավորվել է, որ իրադրության փոփոխություն առկա չէ, Հրանտ Դավթյանը 2021թ. տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում կրկին առաջադրել էր իր թեկնածությունը, ինչպես նաև ներկայացրել է 2020-2021թթ. հայտարարագիր: Դրանով արդեն իսկ փաստվում է, որ իրադրության կայուն փոփոխություն տեղի չի ունեցել, վերջինս կամ նրա հետ փոխկապակցված անձը վերջնականապես զրկված չեն եղել հասարակական հարաբերություններին նույնանման վնաս պատճառելու հնարավորությունից: Ավելին, ըստ դատախազության՝ Առաջին ատյանի դատարանի կողմից նման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշման առանցքում  դրած  մեկնաբանությունների պայմաններում գրեթե իմաստազրկվում է հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքը: Խնդիրն այն է, որ նման մեկնաբանության պայմաններում հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հանցավոր արարքի կատարման համար հնարավոր է քրեական պատասխանատվության ենթարկել միայն այն անձանց, ովքեր քրեական վարույթի ընթացքում են հանդիսացել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող»,- նշված է հաղորդագրության մեջ: Քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը և, ըստ էության, համաձայնելով դատախազության ներկայացրած դիրքորոշումներին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է այն, բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ ըստ էության քննելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:10 - 06 հունիսի, 2022
Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումների պատկերը ՀՀ-ում՝ վերջին 14 տարում․ ընդհանուր առմամբ, առկա է նվազման միտում

Կալանավորումը, որպես մարդու ազատությանն առավելագույնս միջամտող ամենախիստ խափանման միջոց, պարբերաբար քննարկման առարկա է դառնում այն համատեքստում՝ արդյո՞ք դատարաններն իսկապես ըստ անհրաժեշտության են կիրառում այն, թե՞ որոշ դեպքերում առաջնորդվում են քաղաքական նպատակահարմարությամբ։ Այս տարեսկզբին Ազգային ժողովում հրավիրված հանդիպումներից մեկի ընթացքում եւս դրա վերաբերյալ հայտարարություններ հնչեցին։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն ասաց, որ 2021 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ուսումնասիրել է վիճակագրական տվյալները, եւ պատկերը ծայրաստիճան  անհանգստացնող է եղել, քանի որ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարվել է։ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը նշեց, որ այնուհանդերձ, թե՛ վերջին մեկ-երկու, թե՛ շատ ավելի երկար տարիների կտրվածքով կալանավորումների թվի նվազման միտումը հստակ է։ Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը եւս նշեց, որ կալանավորումների թիվը, ըստ Դատախազության տվյալների, նվազում է: Infocom-ը ուսումնասիրեց վերջին տարիներին դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդությունների  եւ կալանավորման որոշումների թվային պատկերը՝ ամիսներ շարունակ պետական կառույցներին հարցումներ ուղղելով եւ դրա հավաքման հետ կապված որոշակի խնդիրներ վեր հանելով։  Թեեւ մեր հարցումների արդյունքում հնարավոր չեղավ ամբողջությամբ բացահայտել այդ խնդիրների պատճառները, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք ամբողջական պատկերի մեջ էական փոփոխության չեն հանգեցնում, ինչպես նաեւ այն, որ Դատական դեպարտամենտի վիճակագրություններն ավելի ամբողջական են՝ մենք ուսումնասիրեցինք Դեպարտամենտի՝ 2007-2021 թթ վիճակագրությունները (բացառությամբ 2008 թ․-ի) հասկանալու համար՝ ընդհանուր առմամբ, կալանավորման միջնորդությունների եւ որոշումների թվի ինչ միտում է առկա։ Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին 14 տարվա ընթացքում կալանավորման ամենամեծ թվով միջնորդությունները՝ 3752 հատ, ներկայացվել են 2009 թ․-ին, ամենաքիչ թվովները՝ 1233 հատ՝ 2013 թ․-ին։ Կալանավորման որոշումներ Հայաստանում ամենաշատը կայացվել են 2010 թ․-ին․ դրանց թիվը կազմել է 3434։ Կալանավորման որոշումների ամենացածր ցուցանիշը 1156-ն է․ այն արձանագրվել է 2013 թ․-ին։ Ինչ վերաբերում է մերժումներին, միջնորդություններն ամենաքիչը՝ 69 անգամ, մերժվել են 2007 թ․-ին, իսկ ամենաշատը՝ 2020 թ․-ին․ մերժումների թիվը այդ տարի եղել է 345։  Վիճակագրական ամբողջական պատկերը՝ ստորեւ․ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե 2007 թ․-ից սկսած յուրաքանչյուր տարի կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ։     Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։    Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե վերջին 14 տարվա ընթացքում ՀՀ դատարաններ ներկայացված կալանավորման միջնորդություններից քանի տոկոսն է բավարարվել, քանիսը՝ մերժվել։   Թեմային առնչվող վիճակագրություն առկա է ե՛ւ Դատական դեպարտամենտում, ե՛ւ Գլխավոր դատախազությունում Մեր վեր հանած խնդիրներից առաջինը վիճակագրական տվյալների անհամապատասխանությունն է։ Բանն այն է, որ վիճակագրության վարման պարտականություն ունի ե՛ւ Դատական դեպարտամենտը, ե՛ւ Գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես, Դատական դեպարտամենտը վիճակագրությունը վարում է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով եւ Կառավարության  2018 թվականի դեկտեմբերի 27-ի 1542-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Ըստ այդմ, Դեպարտամենտը այն վարում է էլեկտրոնային ձեւով՝ դատարանների աշխատակազմերից կիսամյակային եւ տարեկան հաշվետվություններ ստանալու միջոցով։ Հավաքված վիճակագրական տվյալները Դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքի համապատասխան բաժնում։ Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազությանը, վերջինս հավաքում է ՀՀ հետաքննության եւ նախաքննության մարմինների կողմից ներկայացվող ամսական, կիսամյակային եւ տարեկան հաշվետվությունները, որոնք վարվում են ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի 204-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Հավաքված վիճակագրական տվյալները, ի թիվս այլնի, ներառվում են նաեւ Գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ։ Այսինքն՝ Դեպարտամենտում հավաքվող վիճակագրական տվյալների սկզբնական աղբյուրը ՀՀ-ում գործող դատարանների աշխատակազմերն են, իսկ Դատախազությունում հավաքվող տվյալներինը՝ հետաքննության եւ նախաքննության մարմինները։ Պետական երկու կառույցներում հավաքվող վիճակագրությունները, սակայն, առնվազն երեք տարիների կտրվածքով տարբեր են։ Դատական դեպարտամենտի մեթոդաբանական առանձնահատկությունները Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված են դատարանների գործունեության տարեկան հաշվետվություններ՝ սկսած 2007 թվականից։ Խնդիրներից մյուսն էլ այն է, որ դրանցում բացակայում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թվականի հաշվետվությունը։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք գրավոր հարցմամբ դիմեցինք Բարձրագույն դատական խորհրդին՝ խնդրելով հայտնել, թե որն է այդ հաշվետվության բացակայության պատճառը, այն երբեւէ չի՞ հավաքագրվել թե՞ բացակայում է տեխնիկական պատճառներով։ Տեխնիկական պատճառներով կայքից բացակայելու, սակայն ինֆորմացիոն կրիչներում պահպանված լինելու դեպքում էլ խնդրեցինք տրամադրել այդ հաշվետվությունը։ Դատական դեպարտամենտի վերլուծության եւ մշտադիտարկման վարչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին հետեւյալը․ «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր չի եղել պարզել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի քննության վերաբերյալ 2008 թ․ հաշվետվությունների առկայությունը, հետեւաբար Ձեր կողմից ակնկալվող տեղեկությունը տրամադրել հնարավոր չէ»։ Մեթոդաբանական առանձնահատկություններին վերաբերող մեր հարցումներին ի պատասխան՝ Դատական դեպարտամենտից տեղեկացրին, որ Դեպարտամենտը հաշվառում է հետախուզման մեջ գտնվող անձանց կալանավորելու միջնորդություններն ու համապատասխան որոշումները, սակայն չի հաշվառում կալանավորման վերահաստատման միջնորդություններն ու որոշումները։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվում է, եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու համար դարձյալ միջնորդություն է ներկայացվում դատարան, որի հիման վրա դատարանը նոր որոշում է կայացնում՝ այն բավարարելու կամ մերժելու մասին։ Ըստ Դեպարտամենտի՝ մասնակի բավարարված միջնորդությունները եւս ներառված են բավարարված միջնորդությունների թվում։ Մասնակի բավարարումը նշանակում է, որ անձի նկատմամբ կալանավորում խափանման միջոցն ընտրվում է 1 ամսով, այնինչ, ըստ օրենքի, կալանավորման նախնական ժամկետը 2 ամիսն է։ Լրացուցիչ հարցմամբ ԲԴԽ-ից նաեւ հետաքրքրվեցինք, թե նախկինում, երբ գրավը համարվում էր կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, եւ դատարանները, անձանց կալանավորելու որոշում կայացնելով, միաժամանակ որոշում էին կայացնում գրավ կիրառելու մասին, ինչպե՞ս էին հաշվառում այդ միջնորդությունները եւ համապատասխան որոշումները։ Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1480 որոշման ուժով գրավը դադարեց լինել միայն այլընտրանքային՝ դառնալով ինքնուրույն խափանման միջոց։ Ի պատասխան հարցման՝ Դեպարտամենտից հայտնեցին, որ նախքան ՍԴ որոշումը կալանավորման միջնորդությունը եւ գրավի միջնորդությունը հաշվառվում էին առանձին-առանձին, ըստ այդմ, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կայացվող որոշումները եւս հաշվառվում էին առանձին-առանձին։ Այսինքն՝ դատարանների կողմից կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության բավարարման դեպքում, երբ միաժամանակ թույլատրելի էր ճանաչվում գրավի կիրառումը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, դրանք հաշվառվում էին որպես առանձին բավարարված միջնորդություններ: Նույն կերպ երբ, օրինակ, դատարանները բավարարում էին կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը, դրանք նույնպես հաշվառվում էին որպես առանձին միջնորդություններ եւ առանձին որոշումներ։ Դատախազության մեթոդաբանական առանձնահատկությունները Ուսումնասիրելով Գլխավոր դատախազի տարեկան հաղորդումները՝ պարզ է դառնում, որ դրանցից որոշների մեջ առկա է ծանուցում այն մասին, որ վիճակագրական տվյալները չեն ներառում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները։ Խոսքը վերաբերում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքային ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող հոդվածին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ գրավոր հարցմամբ դիմեցինք Դատախազությանը՝ հետաքրքրվելով, թե ինչ պատճառով Դատախազության վիճակագրության մեջ չեն ներառվում այս հոդվածով մեղադրյալների վերաբերյալ տվյալները, եւ ո՞ր թվականից սկսած (քանի որ ոչ բոլոր հաղորդումներում է առկա այդ ծանուցումը)։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերող տվյալները ներառվում են ՀՀ դատախազության կողմից վարվող վիճակագրության մեջ, սակայն ԱԺ ներկայացվող տարեկան հաղորդումների մեջ չեն ներառվում՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված անձանց ներառման դեպքում հնարավոր չի լինի ստանալ կալանավորում խափանման միջոցի կիրառման իրական պատկերը, քանի որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված եւ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառված անձանց տեսակարար կշիռը զգալիորեն գերազանցում է ՔՕ-ի մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թվին:  Դրանից բացի, Դատախազությունից հայտնեցին, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ դեպքերի ճնշող մեծամասնությունում ՀՀ ՔՕ 327-րդ հոդվածով անձը ներգրավվում է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում, որից հետո նաեւ դատարաններն են բավարարում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունները: Այսինքն՝ թեեւ կայացվում են այդ անձանց կալանավորելու որոշումներ, սակայն դա պրակտիկայում իրագործելու հնարավորություն չի լինում, քանի որ նրանք գտնվում են հետախուզման մեջ։ Հարկ է նշել, որ այս հանգամանքը կարող է վերաբերելի լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածի (իհարկե, տոկոսային այլ հարաբերակցությամբ), քանի որ կալանավորելու որոշումներ կարող են կայացված լինել ՔՕ ցանկացած այլ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ։  «Նման պայմաններում նշված անձանց ներառումը առաջին ատյանի դատարան ներկայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների թվի եւ դրանց քննարկման արդյունքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշումների թվի մեջ հնարավորություն չի տա իրական պատկերացում կազմելու ներկայացված միջնորդությունների բավարարման տոկոսային հարաբերակցության, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ»,- հայտնեցին Դատախազությունից՝ հավելելով, որ այդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները երբևէ չեն ներառվել ՀՀ դատախազության տարեկան հաղորդումների մեջ։ Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ոչ ամբողջական վիճակագրության հիման վրա կալանավորման միջնորդությունների քանակի տարեկան աճի կամ նվազման վերաբերյալ ինչպես է Դատախազությունը հաղորդման մեջ եզրահանգումներ անում։ Ի պատասխան հարցին՝ դարձյալ նշեցին, որ նախորդիվ բերված պատճառաբանությունները հիմք ընդունելով՝ հնարավոր չի լինի իրական պատկերացում կազմել ներկայացված միջնորդությունների թվի աճի, դրանց բավարարման տոկոսային հարաբերակցության մասին, եթե դրանում ներառվեն նաև ՔՕ 327-րդ հոդվածով մեղադրյալ ներգրավված անձանց տվյալները: Լրացուցիչ հարցմամբ Դատախազությունից խնդրեցինք հայտնել, թե  2007-2020 թթ ժամանակահատվածում յուրաքանչյուր տարի քանի քրեական գործ է հարուցվել, կալանավորման քանի միջնորդություն է ներկայացվել 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ, եւ դրանցից քանիսն են բավարարվել, քանիսը՝ մերժվել։ Հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տեղեկացրին, որ կոնկրետ հարուցված քրեական գործերի եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների վերաբերյալ համահավաք տվյալները (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով) առկա են 2017թ. եւ դրանից հետո հրապարակված հաղորդումներում: Իսկ կոնկրետ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնոդրությունների հետ կապված վիճակագրության համադրությամբ համահավաք տվյալները ՀՀ գլխավոր դատախազությունում առկա են՝ սկսած 2019 թվականից․ «Դա պայմանավորված է ամենամյա հաղորդումները համադրելի եւ համեմատելի ընդհանուր տվյալների հիման վրա կազմելու, այդ նաատակով անհրաժեշտ վիճակագրական տվյալները ըստ ոլորտների հավաքագրելու եւ մշակելու՝ ՀՀ դատախազությունում կատարված մեթոդաբանական բարեփոխմամբ»,- ասված էր պատասխանում։ Ըստ այդմ, Դատախազությունը տրամադրեց 2019, 2020, 2021 թթ հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ՝ առանձին 327-րդ հոդվածով եւ մնացած հոդվածներով կալանավորման միջնորդությունների եւ դրանց արդյունքում կայացված որոշումների վիճակագրական տվյալները։  Դատախազությունից եւս հայտնեցին, որ իրենք հաշվառում են հետախուզման մեջ գտնվող մեղադրյալների կալանավորման միջնորդություններն եւ համապատասխան որոշումները, սակայն կալանավորման վերահաստատման միջնորդություննեը, ըստ այդմ՝ դրանցով կայավող որոշումները չեն հաշվառում։ Թվային աղյուսակը լրացնելու՝ Կառավարության սահմանած կարգից պարզ է դառնում, որ կալանավորումը գրավով փոխարինելու դեպքերը Դատախազությունում եւս հաշվառվել են առանձին-առանձին։ Քանի որ աղյուսակում մասնակի բավարարման առանձին տող չկա, ենթադրվում է, որ այդպիսի բավարարումները եւս ներառվել են ընդհանուր բավարարումների մեջ։ Այնուհանդերձ, Դատախազության տրամադրած՝ 327-րդ հոդվածի եւ մնացած հոդվածների վերաբերյալ վիճակագրական տվյալների հանրագումարը դարձյալ հավասարազոր չէ Դատական դեպարտամենտի տվյալներին։  Օրինակ, ըստ Դատախազության՝ 2019 թվականին ներկայացվել է կալանավորման 1860 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1981, 2020 թ․-ին՝  համապատասխանաբար 1890 եւ 1976, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1905 եւ 1996։ 2019 թվականին, ըստ Դատախազության, բավարարվել է, կալանավորման 1704 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 1803, 2020 թ․-ին՝ համապատասխանաբար 1601 եւ 1621, իսկ 2021 թ․-ին՝ համապատասխանաբար 1614 եւ 1659։ 2019 թվականին, ըստ Դատախազության, մերժվել է կալանավորման 156 միջնորդություն, իսկ ըստ Դեպարտամենտի՝ 176։ 2020 թ․-ին մերժվել է համապատասխանաբար 289 եւ 345 միջնորդություն, իսկ 2021 թ-ին՝ 294 եւ 324։ Ըստ Դատախազության՝ թվային այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը մեր զրույցում ասաց, որ ինչպես ցանկացած պետական մարմնում, այնպես էլ Դատախազությունում վարվում է վիճակագրություն՝ Դատախազության համար ընդունելի մեթոդաբանությամբ, որը կարող է տարբերվել պետական այլ մարմնի կողմից կիրառվող մեթոդաբանությունից։ Սա, ըստ նրա, տարբերության օբյեկտիվ կողմն է։ Դրանից բացի, ըստ Ամիրյանի, պետք է հաշվի առնել, որ վիճակագրությունը, ցավոք, այս պահին վարվում է ձեռքով, ինչը, բնականաբար, մեծացնում է մարդկային գործոնի դերը եւ ավելացնում է սխալվելու ռիսկը․ «Իհարկե, այնպես չէ, որ տվյալ աշխատակիցը դիտավորյալ սխալներ է ներառում, բայց դա դիտարկում ենք սուբյեկտիվ գործոն, եւ այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների, այսինքն՝ մեթոդաբանության եւ մարդկային գործոնի համակցության պարագայում ինչպես կալանքի, այնպես էլ այլ հարցերում հնարավոր են պետական տարբեր մարմիններ ունենան տարբեր վիճակագրական տվյալներ»։ Կարեն Ամիրյանի խոսքով՝ այս խնդրի հիմնական լուծումը միասնական էլեկտրոնային վիճակագրական տվյալների բազա ստեղծելն է, որպեսզի ապահովվի եւ մեթոդաբանության միասնականությունը, եւ հարյուր տոկոսով բացառվի մարդկային գործոնը․ «Այս երկու խնդիրների լուծման արդյունքում մենք, միանշանակ, կունենանք մեկ միասնական թիվ՝ անկախ նրանից՝ խնդիրը կվերաբերի կալանքի՞ն թե՞ ցանկացած այլ տեղեկության, որին տիրապետում է առնվազն երկու պետական մարմին»։ Մեր հարցին, թե այդ նպատակով Դատախազությունը գործնականում ինչ քայլեր է ձեռնարկում, Կարեն Ամիրյանը պատասխանեց, որ նախեւառաջ բարձրացնում է հարցը միջազգային գործընկերների  հետ հանդիպումների ժամանակ, որոնց գործառույթը այս կամ այն չափով վերաբերում է տվյալ ոլորտին․ «Դրանից բացի, մենք ունենք մեկ միասնական, այսպես կոչված, էլեկտրոնային արդարադատության ներդրման ծրագիր, որի շրջանակներում գուցե նաեւ այս հարցին լիարժեք անդրադարձ կատարվի, այսինքն՝ ե՛ւ պետության միջամտությամբ, այդ թվում՝ ֆինանսական եւ մարդկային, ե՛ւ միջազգային գործընկերների»։ Նշենք, որ Կառավարության 2021-2026 թթ ծրագրի համաձայն՝ Կառավարությունը, ի թիվս այլնի, նախատեսում է մշակել եւ իրականացնել  միասնական տվյալների քաղաքականություն, որի ներքո արդիականացվելու են վարչական տեղեկատվական համակարգերն ու պաշտոնական վիճակագրության կարողությունները:  Իսկ «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդնումը, ի թիվս այլնի, միտված է փոխգործելիության հարթակի շրջանակներում արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները միավորելուն եւ վիճակագրական տվյալների հավաքագրումը ապահովելուն։ Դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը եւս մեր զրույցում նշեց, որ էլեկտրոնային քրեական գործեր ներդնելու նպատակներից մեկն այն է, որ ստեղծվի միասնական վիճակագրություն, եւ քաղաքացին երբ ցանկանա, կարողանա այդ պահի դրությամբ տվյալները ստանալ․ «Այս պահին աշխատանք է տարվում միասնական էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ, նախատեսում ենք նաեւ միասնական վիճակագրության ներդրում, եւ քննչական մարմինների հետ քնննարկումներ ենք ունենում, որպեսզի հստակեցնենք վիճակագրական ձեւերը, միասնական բազան ստեղծվի, եւ դատախազական ու քննչական տվյալները ներառվեն դրանում»։ Մարուխյանի խոսքով՝ վերջերս ԵՄ ծրագրերի համակարգողի հետ հանդիպման ժամանակ էլ են այս հարցը բարձրացրել՝ խնդրելով, որ ԵՄ վիճակագրության փորձագետը եւս ներգրավվի աշխատանքներում, եւ ստացել են համաձայնություն․ «Կարծում եմ՝ 2023 թ․ հունվարից սկսած մինչդատական քրեական վարույթի շրջանակում դա կունենանք, մյուս տարվա ցուցանիշները արդեն էլեկտրոնային կլինեն, ինչ վերաբերում է դատարաններին, դա, կարծում եմ, կկարողանանք վերջնական լուծել այն փուլից, երբ արդեն դատարաններ էլ քրեական գործերը էլեկտրոնային կուղարկվեն, վիճակագրությունը ամբողջական կդառնա, եւ այլեւս խնդիր չենք ունենա»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ դատարանների հետ տարվող աշխատանքներն էլ կփորձեն մյուս տարվա ընթացքում կազմակերպել։ Այսպիսով, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ, վերջին 14 տարվա կտրվածքով նվազել է թե՛ դատարաններ ներկայացվող կալանավորման միջնորդությունների, թե՛ դատարանների կողմից կայացվող կալանավորման որոշումների թիվը։ Տոկոսային հարաբերակցության մեջ, սակայն, բավարարված միջնորդությունների թիվը մշտապես գերազանցել եւ այսօր էլ շարունակում է գերազանցել մերժվածներին, իսկ բավարարումների՝ նախորդ տարի արձանագրված ցուցանիշը՝ 83․1 տոկոսը, որի շուրջ քննարկում էր ընթանում ԱԺ-ում, համեմատության մեջ ամենացածրերից է։ Բոլոր դեպքերում, կալանավորումների քանակի աճի կամ նվազման վերաբերյալ եզրահանգումներ անելիս հարկավոր է հաշվի առնելով պետական երկու կառույցների մեթոդաբանական առանձնահատկությունները եւ հստակեցնել, թե որ կառույցի տվյալներն են հիմք ընդունվում։ Վիճակագրությունների վարման գործընթացում թերությունները շտկելու եւ անհամապատասխանություններից խուսափելու համար էլ հարկ է ներդնել մեկ միասնական էլեկտրոնային վիճակագրական բազա, որի ուղղությամբ, ինչպես նշվեց, աշխատանքերն ընթացքի մեջ են։   *Ինֆոգրաֆիկայում ներառված չեն առանց քննության թողնված միջնորդությունները, որոնք ամբողջի շատ չնչին մասն են կազմում։   Միլենա Խաչիկյան
17:22 - 04 հունիսի, 2022
Դատախազությունը դատարանից պահանջում է Սամվել Մայրապետյանից բռնագանձել պետությանը հասցրած վնասը

Դատախազությունը դատարանից պահանջում է Սամվել Մայրապետյանից բռնագանձել պետությանը հասցրած վնասը

Քրեական գործով կատարված քննությամբ հիմնավորվել է, որ  2002թ. մայիսի 16-ից Գ. Հակոբջանյանը Ս. Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի վերջինիս պատկանող «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ 2004թ. «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել այլ ՍՊԸ-ի հետ, որի հիմքով վերջինիս իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, կառուցումից անմիջապես հետո Ս. Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Արդյունքում` Գ. Հակոբջանյանի և ֆիզիկական անձանց միջև կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61.000 ՀՀ դրամ: Մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770.000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160.000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875.000 ՀՀ դրամ։ Այս գործընթացի հետևանքով Գ. Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում՝ այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.678.764.260 ՀՀ դրամի հարկ։ 2021թ. դեկտեմբերի 7-ին ստացվել է Գ. Հակոբջանյանի դիմումը, որով վերջինս չի առարկել և խնդրել է իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 27.12.2021թ. կայացվել է այդ հիմքով Գ. Հակոբջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Հաշվի առնելով, որ առկա է պետության գույքային շահի խախտման հանգամանք՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հօգուտ պետական բյուջեի՝ հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ս. Մայրապետյանից և Գ. Հակոբջանյանից՝ համապարտության կարգով, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, 5.678.764.260 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով: Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողներին պատկանող գույքի վրա:
12:03 - 03 հունիսի, 2022
ՀՀ գլխավոր դատախազը խրախուսել է մի խումբ դատախազների. նրանք ընդունել են շրջադարձային նշանակության 400-ից ավելի ակտ

ՀՀ գլխավոր դատախազը խրախուսել է մի խումբ դատախազների. նրանք ընդունել են շրջադարձային նշանակության 400-ից ավելի ակտ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների՝ շնորհակալագրերի, դրամական պարգևատրումների արժանանալուց մինչև դասային աստիճանների բարձրացում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազները խրախուսվել են մինչդատական վարույթի օրինականության ապահովման գործառույթի շրջանակներում քննությունների որակի և լիարժեքության, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության հարցերում դրսևորած հետևողականության համար: «Մասնավորապես, քրեական վարույթների շրջանակում իրացնելով իրենց դատավարական լիազորությունները՝ նշված դատախազները կայացրել են այնպիսի որոշումներ, որոնք շրջադարձային նշանակություն են ունեցել ինչպես կոնկրետ քրեական գործերի ելքերի, այնպես էլ դրանց առնչվող անձանց համար: Առանձին դեպքերում դատախազների կայացրած այդ որոշումների արդյունքում անձինք ազատվել են անհիմն քրեական հետապնդումից կամ դատի տրվելուց, որոշ դեպքերում դատախազական ներգործության միջոցների կիրառման, դատախազների ցուցումների կատարման արդյունքում հանցագործությունները բացահայտվել են լիարժեք և մեղավոր անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պարգևատրման արարողության ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել դատախազներին իրենց ծառայողական պարտքի նկատմամբ նման հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար և հորդորել շարունակել հետագա գործունեությունը նույնպիսի բծախնդրությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Արթուր Դավթյանը հիշեցրել է, որ 2021թ. ընթացքում դատախազների կողմից կայացվել են նման շրջադարձային նշանակություն ունեցող ավելի քան 400 ակտեր, ինչը փաստում է մինչդատական վարույթի շրջանակներում քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու հարցում դատախազական ներգործության արդյունավետության մակարդակի էական բարձրացումը: Միևնույն ժամանակ, կտրուկ ավելացել են նաև վարույթների շրջանակում կայացվող դատախազական ակտերի քանակական ցուցանիշները: Նա նշել է, որ այս միտումները լինելու են շարունակական: «Դատախազը քրեական հետապնդման ոլորտում ոչ միայն որոշող սուբյեկտ է, այլ նաև՝ ամբողջ վարույթի օբյեկտվության և օրինականության համար պատասխանատու պաշտոնատար անձ: Եվ այդ մեկնակետից ելնելով է, որ նա, իր ամենօրյա աշխատանքում գործադրելով դատախազական ներգորության ամբողջ գործիքակազմը, պետք է իր ծանրակշիռ ներդրումն ունենա երկրում իրավակարգի և արդարադատության ամրապնդման գործում»,-ասել է Արթուր Դավթյանը:
20:57 - 02 հունիսի, 2022
Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

#Կարճասած Դատարանն ավարտեց Հրայր Թովմասյանի գործով փաստաթղթերի հետազոտումը, հերթը հասավ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռքբերված գաղտնալսումներին Ըստ պաշտպանական կողմի՝ այդ գաղտնալսումները ի սկզբանե չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքների խախտմամբ, դատախազները, սակայն, հակառակ կարծիքին են Այնուհանդերձ, դրանք այսօր հետազոտվեցին մասամբ․ պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։ #Ավելիմանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով ապացույցների հետազոտումը։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց գործում առկա փաստաթղթերը, որից հետո անցավ գաղտնալսումների հրապարակմանը։ Նախքան դա Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հարց հնչեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Թովմասյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստը հաստատելու մասին, գործի նյութերում առկա չէ։ Ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե առկա լիներ, ինքը դա կհրապարակեր։ Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին չհետազոտել Թովմասյանի բնակարանի խուզարկության արձանագրությունը՝ պատճառաբանությամբ, որ այն, թեեւ ի սկզբանե դատարանի որոշման հիման վրա է իրականացվել, սակայն հետագայում դրա դեմ բողոք է ներկայացվել, եւ Վերաքննիչ դատարանը բեկանել է խուզարկության թույլտվության որոշումը՝ այն որակելով անօրինական։ Դատարանը, այնուհանդերձ, հետազոտել էր այն՝ նշելով, որ այս փուլում չի կարող գնահատական տալ ապացույցների թույլատրելիությանը եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս։ Այդ հարցը այսօր եւս քննարկման առարկա դարձավ։ Երբ դատարանը սկսեց հետազոտել Էդուարդ Այվազյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ գաղտնալսման այդ գործընթացը առնվազն գործի նյութերում առկա ապացույցներով հիմնավոր չէ, քանի որ, ըստ նրա, անձի հեռախոսի գաղտալսումը թույլ տալու համար պարտադիր պահանջ է նրա՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվելու պայմաններից մեկը․ «Մնացած դետալները չասեմ, ինքնին ձայնագրությունը սույն գործի շրջանակում ապօրինի է եւ չի կարող քննարկման առարկա դառնալ, հետեւաբար չի կարող նաեւ ուսումնասիրվել, որպեսզի դատարանի ներքին համոզման վրա ազդեցություն չթողնի»։ Պաշտպանի համոզմամբ՝ նախագահողը չպետք է թույլ տա ապօրինի որեւէ նյութի ուսումնասիրությունը դատական նիստում, եթե այդ նյութի ապօրինիությունը հնարավոր է արձանագրել առանց դրա բուն պարունակությունը ուսումնասիրելու։ Նշենք, որ Էդուարդ Այվազյանը այն անձն է, ով ի սկզբանե գնել է Բաղրամյան պողոտայում գտնվող  անշարժ գույքը, որի մասին խոսվում է մեղադրանքում։ Ըստ դրա՝ Թովմասյանն ու Փանոսյանը խոչընդոտել են նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Գաղտնալսումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունում մեջբերված են հիշյալ հեռախոսային խոսակցություններից երկուսը, իսկ սկավառակի մեջ առկա է վեց ձայնագրություն․ «Ուստի եթե, այնուամենայնիվ, լսում ենք, լսենք նրանք, որոնք ներառված են մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց նա։ Դատախազ Արսեն Մարգարյանը, սակայն, հակադարձեց՝ սկավառակում առկա բոլոր ձայնագրությունները գործում ապացույց են, ուրեմն՝ պետք է հետազոտվեն․ «Իսկ թե քանի խոսակցություն է մեղադրական եզրակացության մեջ քննիչը արձանագրել, չի կարող կանխորոշիչ լինել սկավառակի պարունակությունը մասամբ լսելու համար»,- ասաց դատախազը։ Դատարանը, ամեն դեպքում, շարունակեց գաղտնալսումների հետազոտումը, որոնց պարունակությունը լիարժեք լսելի չէր, այնուհանդերձ, հասկանալի եղավ, որ կողմերը խոսում են անշարժ գույքի վաճառքի, քննչական մարմնում բացատրություններ չտալու մասին, եւ մի քանի անգամ հնչում էին «հեռախոսով ի՞նչ ասեմ»,  «հեռախոսով չխոսենք» արտահայտություններ։ Գաղտնալսումների հետազոտումը դարձյալ ընդհատվեց, երբ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը խնդրեց՝ դատախազները բացատրեն, թե այդ հեռախոսազրույցները ինչ կապ ունեն մեղադրանքի հետ կամ մեղադրանքի կոնկրետ որ հանգամանքին են առնչվում։ Դատախազները արձագանքի անհրաժեշտություն չտեսան, եւ դատարանը ցանկացավ շարունակել գաղտնալսման հետազոտումը։ Սարգսյանը, սակայն առարկեց՝ ասելով, որ իր հարցը մնաց անպատասխան․ «Ես կարող եմ բազմաթիվ հայտարարություններ անել, ծանրաբեռնել դատական նիստը, ինչպես այս գործն է ծանրաբեռնված, բայց մենք պաշտպանական իրավունք ենք իրացնում, մեկ-երկու բառով կարելի  է ասել՝ մեղադրանքի այս հատվածին է վերաբերում, որ մենք էլ իմանանք՝ ինչից ենք պաշտպանվում»։ Մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը ավելի ուշ պարզաբանեց՝ այնպես չէ, որ իրենք իրենց մեջ այդ բացատրությունները չունեն, դրա համար չեն արձագանքում, խնդիրը պարզապես այն է, որ նման օրենսդրական պահանջ չկա․ «Այսինքն՝ դատախազը որեւէ պարտավորություն չունի  բացատրություններ տալու, հիմնավորումներ ներկայացնելու, թե այս ապացույցը առանձին ինչին է վերաբերում, մենք բերել ենք գործը, բերել ենք ապացույցները, ասում ենք՝ սա է, արդեն հանձնել ենք դատարանի դատին»,- ասաց նա։ Այնուհետեւ Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց հրապարակել ամեն ձայնագրության ձեռքբերման աղբյուրը, այսինքն՝ դրա հիմք հանդիսացող փաստաթուղթը, որով, ըստ պաշտպանի, հասկանալի կդառնա, թե տվյալ սկավառակը որտեղ է ստեղծվել, որտեղից որտեղ ուղարկվել։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա բոլոր փաստաթղթերը դատարանը արդեն իսկ հրապարակել է։ «Այսինքն՝ չկա՞ ձեռքբերման աղբյուրը»,- հարցրեց պաշտպանը, ինչին ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե եղել է, ուրեմն՝ հրապարակվել է։ «Եթե-ով չէ, մենք ապացույց ենք հետազոտում, հրապարակվե՞լ է արդյոք ձեռքբերման աղբյուրը թե՞ ոչ»։ Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ շարունակեց․ «Դատարանը ոչ թե պետք է առաջարկի դատախազներին ցանկության դեպքում արձագանքել, այլ եթե նրանք շատ հստակ չեն բերում բավարար հիմնավորումներ, որ դատարանի մոտ ձեւավորվի համոզմունք, որ սա ունի ծագում, եւ այն օրինական է, ապա պետք է հանի գործի նյութերից եւ վերադարձնի Դատախազությանը»։ Դատավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացակարգով է պաշտպանը դա պատկերացնում․ «Ընթացակարգը հետեւյալն է․ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որի բաղադրատարր է, որ ապօրինի ձեռքբերված ապացույցը չի կարող օգտագործվել, անմիջականորեն կիրառեք Սահմանադրության նորմերը»,- ասաց նա՝ հավելելով․ «Կա ձայնագություն, լսեցինք, հասկացանք, բայց այդ ձայնագրությունը որտեղի՞ց է հայտնվել, այսինքն՝ ո՞վ է ձայնագրել, որտե՞ղ է ձայնագրել, ինչի՞ հիման վրա է ձայնագրել, եթե դրանք չկան, դուք ինչպե՞ս եք գնահատելու այն»։ Պաշտպանն ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը» եւս ուղղակիորեն նախատեսում են, որ ապօրինի ապացույցը չի կարող հետազոտել։   Դատախազ Արսեն Մարգարյանն ի վերջո արձագանքեց՝ ասելով, որ պաշտպանների պնդումը, թե հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավական հիմք գործում չկա, իրականությանը չի համապատասխանում․ «Քիչ առաջ եւ նախորդ դատական նիստին էլ հետազոտված փաստաթղթերը առնվազն դրա իրավական հիմքը պարունակում են, այդ ապացույցը ապօրինի ձեռք չի բերվել, առկա են դատարանի որոշումներ, դրանց գաղտազերծման որոշումներ, համապատասխան մարմնի միջնորդությունը, եւ հիմքը, թե ինչ կասկածանքով է տրվել այդ միջնորդությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենեւին անհրաժեշտ չէ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում մարդ ներգրավված լինի, որպեսզի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացվի։ Անդրադառնալով պաշտպան Հովսեփ Սարգսյանի այն խոսքին, թե կարող են հայտարարություններով ծանրաբեռնել նիստը՝ դատախազն ասաց, որ ըստ էության, դա էլ արվում է, քանի որ նույնաբովանդակ միջնորդություն ներկայացվել է ե՛ւ նախորդ դատական նիստին, ե՛ւ դրանից առաջ։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւս պաշտպաններին հիշեցրեց՝ այս փուլում գործից ապացույց հեռացնելու վերաբերյալ նախորդ նիստին արդեն իսկ դիրքորոշում արտահայտել է, ուստի միջնորդությունը չի քննարկվում, թողնվում է առանց քննության։ Հրայր Թովմասյանը խնդրեց ընդմիջել նիստը, որպեսզի իր պաշտպանների հետ քննարկի տվյալ իրավիճակում իրենց հետագա գործողությունները։ Ընդիջումից հետո պաշտպան Արամ Օրբելյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախորդ Սահմանադրությամբ խոսվում էր ապօրինի ձեռքբերված ապացույցները դատավճռի հիմքում դնելու արգելքի մասին, մինչդեռ գործող Սահմանադրությունը ամրագրում է, որ այդպիսի ապացույցների օգտագործումն է արգելվում․ «Սրանով երկու հիմնական խնդիր է բարձրացվել․ նախ, ընդլայնվել է սուբյեկտների շրջանակը, ում արգելվում է ապօրինի ձեռքբերված ապացույցը օգտագործել՝ դատարանից բացի ներառելով դատավարության մյուս մասնակիցներին, այդ թվում՝ դատախազությանը,  եւ երկրորդը, «մեղադրական դատավճռում դնելու» փոխարեն տրվել է «օտագործվել» ձեւակերպումը՝ իր սահմանադրաիրավական առանձին բովանդակությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետազոտումն ինքնին օգտագործման եղանակ է։ Օրբելյանը նշեց, որ իրենց համոզմամբ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել հիմնական իրավունքների խախտմամբ եւ խաթարել են արդար դատաքննության իրավունքը, սակայն քրեադատավարական օրենսգրքի հետազոտումից պարզ է դարձել, որ դատարանը չունի գործիքակազմ՝ ասելու, որ տվյալ դեպքում տվյալ ապացույցը տվյալ պարամետրերով խաթարող է կամ խաթարող չէ, ի տարբերություն, օրինակ, Քաղաքացիական օրենսգրքի, որը նման հնարավորություն տալիս է։ Այս իրավիճակը, ըստ պաշտպանի, հանգեցնում է հակասահմանադրական արդյունքի, ինչով պայմանավորված՝ նա ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն պատրաստելու համար։ Ըստ ամենայնի, խոսքը գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության մասին է։ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միացավ խնդրանքին՝ հայտնելով, որ կախված Օրբելյանի կողմից ներկայացվող միջնորդության արդյունքներից՝ հնարավոր է՝ ինքն էլ միջնորդությամբ հանդես գա։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։   Միլենա Խաչիկյան
19:53 - 02 հունիսի, 2022
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել դրական վարքագծով դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ

Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել դրական վարքագծով դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող որոշումների օրենսդրության պահանջներին համապատասխանելու ուսումնասիրությունները: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, այդ շրջանակում ստուգվել է նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Գ. Գևորգյանին պատիժը կատարելու համար մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշման օրինականությունը: Արդյունքում՝ պարզվել է, որ 2020թ. հունիսի 23-ից ամուսնության նպատակով կնոջ առևանգելու համար 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Գ. Գևորգյանը պատիժը կատարելու համար տեղաբաշխվել է «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ուղղիչ հիմնարկ և կրել պատժի մեկ երրորդից ավելին: 2022թ. հունվարի 20-ին նա դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխել բաց ուղղիչ հիմնարկ, ինչի հիման վրա ՔԿՀ պետը միջնորդագրով դիմել է Տեղաբաշխման հանձնաժողովին: Տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշմամբ, սակայն,  խնդրանքը մերժվել է այն հիմնավորմամբ, որ պատիժը կրելու ընթացքում վերջինս բավարար մասնակցություն չի ունեցել վերասոցիալականացման աշխատանքներին: Հանձնաժողովը հաշվի է առել նրա չաշխատելու հանգամանքը և գտել, որ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը դեռևս նպատակահարմար չէ: Ուսումնասիրելով Տեղաբաշխման հանձնաժողովի մերժման որոշումը, նյութերը և դատապարտյալի անձնական գործը՝  դատախազությունը գտել է, որ այն հակասում է գործող օրենսդրությանը: Մասնավորապես՝ հանձնաժողովը պատշաճ գնահատական չի տվել դատապարտյալի անձին՝ նախկինում դատապարտված և արատավորված չլինելու հանգամանքներին: Բացի այդ, պատիժը կրելն սկսվելուց գրեթե մեկ ամիս անց նրա մոտ նկատվել է վարքագծի դրական տեղաշարժ, որը կրել է շարունակական բնույթ. նա ընդգրկվել է ՔԿՀ-ում իրականացված համակարգչային հմտությունների, բիզնես գրագիտությունը, դեկորատիվ կիրառական արվեստի դասընթացներին և ստացել հավաստագիր,  մասնակցել է ՔԿՀ-ում անցկացված շախմատի, շաշկիի, սեղանի թենիսի, բիլիարդի առաջնություններին, ընդգրկվել մարզական ինքնագործ միավորման կազմում: Բացի այդ, ՔԿՀ-ն ևս տվել է դրական բնութագիր՝ արձանագրելով, որ Գ. Գ.-ն դրսևորում է դրական վարքագիծ, նրա ուղղման գործընթացում առկա է դրական դինամիկա, կատարած հանցագործության համար զղջում է, ընդունում է մեղքը, պատիժը կրելու ընթացքում բացասական (ռիսկային) հաշվառումների չի վերցվել: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաշվի առնելով վերոնշյալը՝ դատախազությունը որոշմամբ միջնորդել է տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել Գ. Գևորգյանին պատիժը կատարելու համար բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին իր որոշումը։ Չնայած տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա ապրիլի 22-ի որոշմամբ մերժել է միջնորդությունը, սակայն Գլխավոր դատախազությունը հանձնաժողովին կրկին համանման միջնորդություն է ներկայացրել:
13:38 - 02 հունիսի, 2022
Լոռու մարզում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցներ են բռնությունների ենթարկվում. դատախազությունը խստորեն զգուշացնում է

Լոռու մարզում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցներ են բռնությունների ենթարկվում. դատախազությունը խստորեն զգուշացնում է

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Լոռու մարզի տարածքում պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների՝ որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է ընդհանուր թվով 4 քրեական գործ, որոնցով ներկայումս կատարվում է նախաքննություն: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը պայմանավորված են եղել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելու ընթացքում ենթադրյալ տարաբնույթ իրավախախտումների կապակցությամբ կանգնեցված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վարորդների և ուղևորների կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ դեպքերի հետ։ Հաշվի առնելով կատարված հանցավոր արարքների հանրային վտանգավորությունը, խախտված հասարակական հարաբերությունների բնույթն, ինչպես նաև իրավապահ համակարգի դեմ ոտնձգության առնչությամբ պետության կողմից որդեգրված անզիջում քաղաքականության պայքարի սկզբունքները՝ մարզի դատախազի ուղղակի հանձնարարությամբ և ցուցումներով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով քննվող 4 քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված 7 անձանցից 5-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։ ՀՀ դատախազությունը քաղաքացիներին խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծառայողների, տվյալ դեպքում մարզի տարածքում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց, իսկ նրանց գործողությունների հետ անհամաձայնություններ ունենալու դեպքում դիմել վերադասության կարգով կամ այդ գործողությունների իրավաչափության խնդիրը բարձրացնել սահմանված իրավական ընթացակարգերով: Գլխավոր դատախազությունից նշում են, որ հակառակ դեպքում հակազդեցությունը լինելու է կոշտ, և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն։
17:33 - 01 հունիսի, 2022
Մասիսի ԲԿ-ում բացահայտված կոռուպցիոն չարաշահումների առնչությամբ Արարատի մարզի դատախազը միջնորդագիր է հղել մարզպետին

Մասիսի ԲԿ-ում բացահայտված կոռուպցիոն չարաշահումների առնչությամբ Արարատի մարզի դատախազը միջնորդագիր է հղել մարզպետին

«Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից, նաև բուժկենտրոնի մի քանի աշխատակիցների հետ խմբի կազմում, այլ քաղաքացիների օժանդակությամբ  պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական լիազորությունների չարաշահում,  պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնման և յուրացման եղանակներով ՓԲԸ-ի ֆինանսական միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու բազմաթիվ կոռուպցիոն հանցավոր արարքների վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ բուժկենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,  314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել նաև 5 այլ անձանց, այդ թվում նաև՝ բուժկենտրոնի աշխատակիցների: Բացի այդ, նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների նկատմամբ ոչ արդարացնող, այդ թվում՝ համաներման, ինչպես նաև գործուն զղջալու հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Քրեական գործը 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և սկսվել է դատական քննություն (ԱՎԴ2/0038/01/22): Արարատի մարզի դատախազությունում սույն գործի նյութերի ուսումնասիրության ընթացքում պարզվել են Մասիսի բժշկական կենտրոնում կատարված լայնածավալ կոռուպցիոն չարաշահումների կատարման պատճառ և պայման հանդիսացող մի շարք գործոններ: Նկատի ունենալով, որ բուժկենտրոնը Արարատի մարզպետարանի ենթակայության ներքո գործող պետական հիմնարկություն է, իսկ մարզպետարանի ենթակայության տակ առկա են նաև այլ նմանատիպ հաստատություններ, որտեղ ևս կարող են այդ գործոններով պայմանավորված նման երևույթներ տեղի ունենալ, մարզի դատախազը միջնորդագրով դիմել է ՀՀ Արարատի մարզպետին: Մարզի դատախազը միջնորդագրով անհրաժեշտ է համարել մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում բացառել աշխատանքային խտրականության ցանկացած դրսևորում և ապահովել, որպեսզի աշխատակիցները վարձատրվեն ըստ իրենց հաստիքների և իրենց կատարած աշխատանքի՝ արդարացի պայմաններով: Բացի այդ, քրեական գործով պարզվել է, որ յուրացման և վատնման եղանակով կատարված հափշտակությունները հնարավոր են դարձել հաշվապահական ընթացակարգերի, «Գնումների մասին» օրենսդրության պահանջների խախտումների արդյունքում: Ելնելով դրանից՝ միջնորդագրով նաև բարձրացվել է մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկություններում հաշվապահական հաշվառման կարգը, «Գնումների մասին» օրենքով և ոլորտը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները խստագույնս պահպանելու, մատուցվող ծառայությունների համար հիմնարկությունների աշխատակիցների կողմից, առանց համապատասխան փաստաթղթավորման, կանխիկ-առձեռն գումարների ստացումը բացառելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել էր նաև, որ վատնման եղանակով ընդհանուր առմամբ ավելի քան 1 մլն դրամի չափով գումարի հափշտակության երկու դրվագ կապված է եղել բժշկական կենտրոնի արհեստակցական կազմակերպությանը փոխանցվող ֆինանսական միջոցները ապօրինի կորպով ոչ նպատակային օգտագործելուն և վատնելուն: Օրինակ՝ պարզվել է, որ ԲԿ-ի տնօրենի պահանջով արհմիության միջոցներից խոշոր չափերով գումար է փոխանցվել մի մասնավոր կազմակերպության, որպեսզի հիվանդանոցի տնօրենը պարգևատրվի ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, և նրա մասին նկարահանվի տեսահոլովակ։ Միջնորդագրով խնդիր է դրվել հետևելու, որպեսզի արհմիություններին հատկացված դրամական միջոցները ծառայեցվեն բացառապես արհմիությունների կանոնադրական նպատակների իրականացմանը, և բացառվի ցանկացած ապօրինի միջամտություն արհմիությունների օրինական գործունեությանը, նաև՝ պարբերաբար այս ոլորտում իրականացվեն ստուգումներ: Միջնորդագրով անհրաժեշտություն է համարվել մշակել և ներդնել մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկությունների նյութական ապահովման միջոցների, այդ թվում՝ վառելիքի տրամադրման գործընթացում ստուգողական-վերահսկողական լրացուցիչ մեխանիզմներ, ինչպես նաև՝ ձեռնարկել գործուն միջոցներ՝ բացառելու առանց համապատասխան վարձակալական պայմանագրերի կնքման պետական հիմնարկությունների կողմից շահագործվող անշարժ գույքը ձեռնարկատիրական նպատակներով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրումը։
17:28 - 31 մայիսի, 2022
Արցախյան պատերազմի համար նախատեսված զենք-զինամթերքն ապօրինի Հայաստան տեղափոխելու և շրջանառելու համար դատի է տրվել 54 անձ, 32-ը՝ դատապարտվել է

Արցախյան պատերազմի համար նախատեսված զենք-զինամթերքն ապօրինի Հայաստան տեղափոխելու և շրջանառելու համար դատի է տրվել 54 անձ, 32-ը՝ դատապարտվել է

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված, մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը իրականացված ագրեսիվ պատերազմի ընթացքում և դրանից հետո ռազմական գործողությունների շրջանններից զենք-զինամթերք առերևույթ ապօրինի կերպով ձեռք բերելու, հափշտակելու, ՀՀ տեղափոխելու, ապօրինի կերպով պահելու, շրջանառելու դեպքերով իրականացված քննությունների շարժընթացը 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ: Ըստ այդմ, 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2022թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում պատերազմով պայմանավորված՝ ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ապօրինի ձեռք բերելու, հափշտակության, փոխադրման դեպքերի առթիվ նախապատրաստված 756 նյութերից 219-ով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի, նաև 238-րդ հոդվածի հատկանիշներով: Նշված քրեական գործերից 16-ը միացվել է այլ գործերի, 38-ով կայացվել է հիմնականում առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, առանձին դեպքերում քննությունից մեղադրյալի թաքնվելու, գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով վարույթի կասեցնելու որոշում: Իսկ 63 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 38-ը՝ արդարացնող, 25-ը՝ ոչ արդարացնող հիմքերով: 60 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:  Քննված և քննվող քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ գործողություններում: Հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին-դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, հակատանկային նռնականետեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ: Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրված զենք-զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերում կատարված ստուգումների, իսկ զգալի մասը՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Դրանց մի զգալ մասը ի հայտ է բերվել քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքնում ինքնակամ ոստիկանություն ներկայացվելու արդյունքում: Քննված կամ քննվող քրեական գործերով 2022թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 93 անձ, որոնց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նշված ժամանակահատվածում մեղարդական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 54 անձի վերաբերյալ 42 քրեական գործ: Դատարան ուղարկված 29 գործով 32 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: 20 անձի վերաբերյալ 13 գործով դատաքննությունը շարունակվում է։
10:25 - 31 մայիսի, 2022
Ի պատասխան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում առանձնատուն ունենալու հերքումների՝ Դատախազությունը պնդում է՝ հիմնավորումներ կան |armtimes.com|

Ի պատասխան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում առանձնատուն ունենալու հերքումների՝ Դատախազությունը պնդում է՝ հիմնավորումներ կան |armtimes.com|

armtimes.com: Սեյրան Օհանյանի գրառմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ եթե Դատախազությունը հայցադիմումն այս բովանդակությամբ ուղարկել է դատարան, հետևաբար հիմնավորված է համարում այդ գույքի փաստացի պատկանելիությունը նշված անձին: «Դատական քննության ընթացքում կողմերը կներկայացնեն իրենց ապացույցները, ըստ որի՝ դատարանը որոշում կկայացնի»,- հավելեցին Դատախազությունից: Հիշեցնենք, որ այսօր Դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարան Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը (այդ թվում նաև Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը), իսկ անհնարինության դեպքում՝ մոտ 1,1 միլիարդ դրամ:   Օհանյանը հայտարարել է, որ որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չի տիրապետել, չի տիրապետում։
17:14 - 30 մայիսի, 2022
Վահագնի թաղամասում առանձնատուն, ինչպես նաև շինություններ չունեմ. որևէ դատարան չի կարող բռնագանձում անել․ Սեյրան Օհանյան

Վահագնի թաղամասում առանձնատուն, ինչպես նաև շինություններ չունեմ. որևէ դատարան չի կարող բռնագանձում անել․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հերքում է ՀՀ գլխավոր դատախազությանը․ «Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։ Այսպիսով, ՀՀ–ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։ Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրության» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»։ Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջէ ներկայացրելօ դատարան Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը (այդ թվում նաև Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը), իսկ անհնարինության դեպքում՝ մոտ 1,1 միլիարդ դրամ:
16:34 - 30 մայիսի, 2022
Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի Ջհանգիրյանը. Կարին Տոնոյան |news.am|

Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի Ջհանգիրյանը. Կարին Տոնոյան |news.am|

news.am: Պետք է հիմա գնանք Բարձրագույն դատական խորհուրդ, որովհետեւ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր՝ գնացեք, եթե ձեր պահանջը չկատարվի, ապա նորից կգաք Բարձրագույն դատական խորհուրդ։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին՝ դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։ Նշենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր ռդնփակ ռեժիմով քննվող վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը հետաձգել է։ Նիստը տեւել է 30 րոպե։ «Որտե՞ղ է երաշխավորված, որ մենք ամսի 1-ին գանք, նորից 30 րոպե չի տեւելու, նորից նույն ձեւով չեն լսելու ու նորից հեռանալու։ Կարծում եմ՝ մենք պետք է հիմա գնանք ԲԴԽ, որովհետեւ պարոն Ջհանգիրյանն ասաց՝ գնացեք, եթե ձեր պահանջը չի կատարվի, ապա նորից կգաք ԲԴԽ։ Հետաքրքիր է, եթե հիմա գնանք ԲԴԽ, ի՞նչ պիտի պատասխանի, առավել եւս, որ մենք ունենք արդեն երկրորդ բողոքը այն մասին, որ այդ դատերն այլեւս 30 րոպե չպետք է լինեն։ Այդ ո՞նց է, որ մեր Գալոյանի հարցով մինչեւ գիշեր դատ էին անում, իսկ այս գործով որ այսքան տուժող ու զոհ կա։ Սա նիկոլիզմյան դրսեւորում է։ Այսինքն՝ 30 րոպե լսեմ, գնամ, չպատասխանեմ»,- նշեց Կարին Տոնոյանը։
14:57 - 30 մայիսի, 2022
Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը |hetq.am|

Դատախազությունը պահանջում է Սեյրան Օհանյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022թ. ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ: Համաձայն վերջինի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝    Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։   477.473.907 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600.762.179 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:  Գլխավոր դատախազության հաղորդմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այլ գործերով ևս, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ, որոնց մասին հընթացս կտեղեկացվի:
14:08 - 30 մայիսի, 2022
23 մլն դրամի չարաշահումներ Covid 19 համավարակի ընթացքում հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում

23 մլն դրամի չարաշահումներ Covid 19 համավարակի ընթացքում հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից և ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Covid 19 համավարակով պայմանավորված՝ մեկուսացված անձանց կեցության ապահովման և սննդի մատուցման գործընթացի՝ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացման ոլորտը:  Ոսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 28.03.2020 թ. որոշմամբ հաստատված՝ «Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մեկուսացած անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից 4 ընկերությունից ձեռք են բերվել սննդի մատուցման ծառայություններ: ՀՀ կառավարության 12.03.2020 թ. թիվ 296-Ա որոշման հիման վրա վերը նշված գործարքները, համավարակով պայմանավորված, կատարվել են առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրերի հիման վրա: Նշված ընկերությունների կողմից 2020 թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում դուրս են գրվել ընդհանուր թվով 23 հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր այն մասին, որ նշված ժամանակահատվածում «Գոլդեն Փելես», «Զարթոնք», «Ծաղկաձոր գրողների տուն», «Ծաղկաձոր Նաիրի», «Մարիոթ», «Մինոտել», «Նարե», «Նորք Ռեզիդենս», «Սպորտ Բազա» հյուրանոցներում մեկուսացած ընդհանուր շուրջ 32 000 անձի տրամադրվել է շուրջ 149 000 000 ՀՀ դրամի սնունդ: Հարկային հաշիվները և հաշիվ վավերագրերն ընդունվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից: Մինչդեռ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում առկա տվյալների համաձայն՝ վերը նշված հյուրանոցներում ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մեկուսացած անձանց թվաքանակը կազմել է շուրջ 26 000 մարդ:   Այսինքն` վերը նշված հյուրանոցներում մեկուսացած անձանց վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների և դուրս գրված հարկային հաշիվների, հաշիվ վավերագրերի համեմատությամբ պարզվել է, որ պետությունը շուրջ 6 000 անձի հաշվարկով շուրջ 23 000 000 ՀՀ դրամ ավելի գումար է վճարել սննդի դիմաց: Այսպիսով, ստացված փաստաթղթերը տվյալներ են պարունակում այն մասին, որ նշված ընկերությունների պատասխանատու անձինք, օգտվելով համավարակով ստեղծված իրավիճակից, կազմել և դուրս են գրել հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր, որոնցում գրառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ հյուրանոցներում շուրջ 6000 բացակա անձանց հատկացված սննդի վերաբերյալ: Դրանք ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր շուրջ 23 000 000 ՀՀ դրամի՝ վերը նշված բացակա անձանց համար նախատեսված սննդի գումարները: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով, առանց ներկայացված տվյալների արժանահավատությունը ստուգելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, հարկային հաշիվներն ու հաշիվ վավերագրերն ընդունել են՝ անզգուշությամբ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի (3 դրվագ), 2-րդ մասի 2-րդ կետի (5 դրվագ), 3-րդ մասի 1-ին կետի (1 դրվագ), 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը ) 1-ին մասի (9 դրվագ) և 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի (1 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել  է ՀՀ քննչական կոմիտե: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:24 - 30 մայիսի, 2022
Արցախի նախագահն իր և արցախցիների անունից ՀՀ դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի անհրաժեշտությունը

Արցախի նախագահն իր և արցախցիների անունից ՀՀ դատախազությանը խնդրել է վերանայել Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի անհրաժեշտությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, Սույն թվականի մայիսի 14-ին կալանավորվել է Արցախի Հանրապետության և արցախցիների նվիրյալ բարեկամներից մեկը, Արցախի անվտանգային համակարգի արդիականացման և բարելավման գործում անգնահատելի դերակատար Ավետիք Չալաբյանը: Իրական հայրենասեր, հասարակական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ Արցախում իրականացվել և առ այսօր շարունակաբար իրականացվում են մի շարք կարևորագույն ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, Արցախի Հանրապետության անվտանգային բաղադրիչների բարելավմանն ու զարգացմանը: Դրանք ծրագրեր են, որոնցից շատերը հաճախ չեն հանրայնացվում, բայց արցախցու համար շոշափելի են և ունեն շարունակականության կարիք: Անձնապես ճանաչելով և վստահելով Ավետիք Չալաբյանին, բարձր գնահատելով նրա գործունեությունը, արժեքները և մարդկային բացառիկ որակները` արցախցիների և անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության դատախազությանը խնդրում եմ վերանայել նրա նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն»: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել երկու անձի, որոնցից «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը (երկու ամսով):
21:46 - 27 մայիսի, 2022
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ |news.am|

Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների հետ |news.am|

news.am: Հանդիպումը ԲԴԽ-ում տեղի ունեցավ, մեզ լսեցին, մեր բոլոր բողոքներին տրվեցին պատասխաններ բացարձակապես օրենքի կիրառելիության մակարդակում: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը: Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներից 30-ին թույլ էին տվել մտնել ԲԴԽ եւ հանդիպել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: «Ինքն ասաց, որ ինքը չի կարող ասել, որ դռնբաց անցկացրեք դատական նիստերը: Ասվեց, որ ոչ թե դուք պետք է դա ներկայացնեք, այլ պարոն Արծվիկ Մինասյանը որպես բողոքող կողմ եւ փաստաբանը: Երկուշաբթի նրանք կներկայացնեն այդ միջնորդությունը, որից հետո ասաց, որ եթե մեր պահանջը բավարարված չի լինի, կգաք, ձեզ նորից կլսեմ: Բնականաբար, ինքն ասաց՝ ես հո չե՞մ կարող ասել՝ դռնբաց անկացրեք նիստերը, բայց դուք գնացեք դիմեք, եթե չի բավարարվի, կգաք, մենք նորից կհանդիպենք: Հույս ունեմ, որ այստեղ ենթատեքստ կար, որ այնուամենայնիվ հաշվի կառնվեն մեր պահանջները, մեր դիտարկումները, որ առերեւույթ դատավորը տրամադրվածություն չունի ծնողներին քիչ թե շատ ընդառաջ գնալու: Կարծում եմ՝ այսօրվա մեր գործողությունները կթողնեն  իրենց դրական հետեւանքը եւ մենք երկուշաբթի կունենանք դրական արձագանք: Հակառակ դեպքում մենք նորից այստեղ կգանք եւ արդեն կստիպենք կամ կպահանջենք, որ կատարվի մեր պահանջը»,-ասաց Կարին Տոնոյանը: Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությունը, դատարանի երեկվա որոշմամբ, անցկացվելու է դռնփակ։ Այս որոշումը զայրացրել է զոհված զինծառայողների հարազատներին։ Նրանք այսօր ԲԴԽ-ից պահանջում են՝ դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:
14:47 - 26 մայիսի, 2022