ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ԱԱԾ-ն բացահայտել է Հայաստանի ազգային արխիվի մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է Հայաստանի ազգային արխիվի մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչի կողմից կաշառք ստանալու դեպքը:  «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ առ այն, որ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզային մասնաճյուղի վարիչը, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներով, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորումը և վարումը ապահովելու համար, արխիվային տեղեկանքներ տրամադրելիս մի շարք քաղաքացիներից, նրանց օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ աշխատանքային կենսաթոշակի առավել բարձր գումարի չափն ապահովելու նպատակով, իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ օրենքի պահանջները դիտավորությամբ խախտելու, իրավունք վերապահող պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու, դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելու համար, մի շարք ՀՀ քաղաքացիներից որպես կաշառք պահանջել է 60.000-ից 200.000 ՀՀ դրամ, առանձին դեպքերում սակարկումներից հետո նվազեցրել պահանջվող գումարը։ Անհերքելի ապացույցների առկայության պարագայում, ՀՀ ԱԱԾ օպերատիվ հսկողության ներքո, հիշյալ պաշտոնյան հերթական անգամ իր աշխատասենյակում կաշառք ստանալուց հետո առձեռն բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել։ Խուզարկությամբ հայտնաբերվել է կաշառքի առարկան, կաշառք տվող և ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։ Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:28 - 16 մայիսի, 2020
Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար գումար կար․ այդ գումարը նվիրաբերվել է Արցախի Հանրապետությանը․ վարչապետ

Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար գումար կար․ այդ գումարը նվիրաբերվել է Արցախի Հանրապետությանը․ վարչապետ

Բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն դոլար գումար կար, հետո ընթացակարգերի եւ այլ հանգամանքների բերումով այդ գումարը նվիրաբերվեց Արցախի Հանրապետությանը եւ օգտագործվեց ռազմական, պաշտանական, անվտանգային կարինքների համար։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով պետբյուջե վերադարձված գումարների մասին։ Մասնավորապես, լրագրողը դիտարկում էր արել՝ հեղափոխությունից հետո բյուջե է վերականգնվել մոտ 105 մլն դոլար, եթե համադրենք 2018-19թթ․ դատախազության տարեկան հաղորդումները, ապա բոլոր հանցագործությունների գծով վերականգնված գումարը 40 մլրդ է, իսկ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնածը՝ 5 մլրդ, ի հավելումն այս թվերի՝ ԱԱԾ-ն հայտարարում է, որ կոռուպցիոն հանցագործությունների գծով 2 տարում վերականգնել է մոտ 26 մլրդ դրամ։ Լրատվամիջոցի ներկայացուցիրչը հետաքրքրվել էր՝ ինչպե՞ս է առաջանում նման անհամապատասխանություն, երբ տարբեր մարմիններ հայտարարում են տարբեր թվեր։ Ի պատասխան՝ վարչապետը պարզաբանեց, որ անհամապատասխանություն առաջացնող հատվածն ուղղակի այլ ընթացակարգով վերադարձվել է Արցախի Հանրապետությանը․ «Այդ անհամապատասխանությունն ունի կոնկրետ բացատրություն, պաշտոնական թվերով՝ 40 մլրդ, որը 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս, բայց վերականգնվել է ավելի քան 105 մլն դոլար»։
15:37 - 16 մայիսի, 2020
Armdaily.am-ի պնդումը, թե Քյարամյանն առանց գնդապետի կոչում ունենալու չէր կարող դառնալ ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում օրենքին

Armdaily.am-ի պնդումը, թե Քյարամյանն առանց գնդապետի կոչում ունենալու չէր կարող դառնալ ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում օրենքին

Այսօր՝ մայիսի 14-ին, armdaily.am կայքը հրապարակել է «ԱԱԾ-ում արշալույսները խաղաղ չեն․ աշխատանքից ազատման դիմումները՝ Քյարամյանի նշանակման դեմ ընդվզում» վերտառությամբ հոդված, որտեղ նշվում է, որ Արգիշտի Քյարամյանի Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնում նշանակելու համար նրան գնդապետի կոչում են տվել, որը համառորեն թաքցնում են։  «Մինչեւ օրս ԱԱԾ կայքում, ի տարբերություն մյուս տեղակալների, նշված չէ Քյարամյանի կոչումը։ Սակայն առանց այդ կոչման նա չէր կարող զբաղեցնել այդ պաշտոնը»,- գրել է լրատվամիջոցը։ Նախ նշենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արգիշտի Քյարամյանը չէր կարող անմիջապես նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ, քանի որ ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի․ «Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները»: Սակայն Քյարամյանը զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոգրյալ ցանկում ևս առկա չէ։ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու համար նրան նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա տեղափոխեցին ԱԱԾ։  Armdaily.am կայքի այն պնդումը, թե առանց գնդապետի կոչման Քյարամյանը չէր կարող նշանակվել ԱԱԾ պետի տեղակալ, չի համապատասխանում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» վերոգրյալ օրենքի պահանջին, որի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, որը մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Բանն այն է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի 5-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը: Հետևաբար կամ շաղկապը հստակ տարանջատում է «․․․մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն․․․» հատվածը՝ «․․․մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում։» հատվածից, ինչը ենթադրում է, որ այս երկու պայմաններից որրևէ մեկի բավարարումը բավարար է նորմի կիրառման համար։   Բացի այս՝ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը համարվում է բարձրագույն խմբի պաշտոն, իսկ Քյարամյանն, ինչպես արդեն նշել ենք, մինչեւ ԱԱԾ պետի տեղակալ դառնալը՝ նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ։ Վերոնշյալից կարրող ենք եզրակացնել, որ ՔԿ բարրձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողին ԱԱԾ պետի տեղակալ նշանակելու համար նրա՝ գնդապետից ոչ ցածր կոչում ունենալը պարտադիր չէ։ Այսպիսով, armdaily.am կայքի պնդումը չի համապատասխանում օրենքով նախատեսված պահանջներրին։ Հիշեցնենք՝ մայիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Անմիջապես հաջորդ օրը Փաշինյանի որոշմամբ նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Infocom.am-ն անդրադարձել է նաև Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվելու համապատասխանությանը դա կարգավորող իրավական ակտի էությանը։ Հայարփի Բաղդասարյան
16:15 - 14 մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակումը համապատասխանում է օրենքի տառին, բայց ոչ էությանը

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակումը համապատասխանում է օրենքի տառին, բայց ոչ էությանը

Մայիսի 6-ին անդրադարձել էինք Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու գործընթացին։ Հոդվածում նշել էինք, որ «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքում սահմանված չէ, թե նույն օրենքի 19-րդ հոդվածի 6․1 կետով նախատեսված գերատեսչությունների, այդ թվում՝ Քննչական կոմիտեի պաշտոնյան որքան պետք է պաշտոնավարած լինի, որպեսզի թափուր պաշտոնի դեպքում տեղափոխվի ԱԱԾ։ Այս ամենի շնորհիվ հնարավոր է դարձել Արգիշտի Քյարամյանի մեկօրյա նշանակումն ու տեղափոխումը։ Մենք որոշեցինք նաև ներկայացնել, թե երբ և ինչ հիմնավորմամբ է «Ազգային անվտանգության ծառայության» մասին օրենքում ներդրվել 19-րդ հոդվածը, որով հնարավոր է դարձել որոշ գերատեսչություններից դեպի ԱԱԾ ռոտացիոն համակարգը։ Վերոնշյալ օրենքում նշված հոդվածն ավելացվել է 2004 թվականին «Ազգային անվտանգության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով։ Նախատեսվում էր, որ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի և ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները: 2004 թվականի դեկտեմբերի 7-ին այդ ժամանակ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Զինված ուժերում ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Հարցի զեկուցման ժամանակ Մուկուչյանը նշել է, որ այս երեք մարմիններում էլ իրականացվում է ծառայություն, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, որպես այդպիսին նույն ծառայությունն են հանդիսանում, եւ, հաշվի առնելով այս հանգամանքը, օրենքները հնարավոր են համարում ծառայողի տեղաշարժը մի համակարգից՝ մյուսը։ Փաթեթի քննարկման ժամանակ Տիգրան Մուկուչյանը նկատել է՝ ԱԱ ծառայությունում հիմնականում կոնսպերացիայի (գաղտնապահություն) լիակատար պահպանմամբ է իրականացվում ծառայությունը։ Նրա խոսքով՝ նմանատիպ ծառայություններ են իրականացվում ոստիկանությունում, նաեւ զինված ուժերում։ Այստեղ, ըստ արդարադատության նախկին փոխնախարարի, որեւէ պատահական նշանակում բացառվում է, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում պաշտոնի համար սահմանված է ինչպես պարտադիր կրթություն, այնպես էլ տվյալ մարմնում համապատասխան պաշտոնում աշխատելու եւ՛ պաշտոն զբաղեցնելու խնդիր, եւ՛ որոշակի ժամանակահատվածով այդ պաշտոնը զբաղեցնելու խնդիր․ «Բոլոր այն ծառայությունները, որոնք պահանջում են նաեւ կոնսպերացիայի պահպանում, այդ գաղտնագործության ռեժիմի հետ աշխատանք, բնական է, ծառայության նշանակվելուց հետո անձի վրա արդեն լիարժեք կերպով տարածվում են այդ սահմանափակումները»,- նիստի ժամանակ ասել է Մուկուչյանը՝ պարզաբանելով, որ ռոտացիայի իրականացումը հենց այս մարմիններում է, որովհետեւ երեքն էլ, ըստ էության, նույնաբնույթ ծառայություն են իրականացնում։  Բացի այս՝ արդարադատության փոխնախարարի հիմնավորմամբ՝ երեք մարմիններում ռոտացիոն համակարգը թույլ կտա խուսափել կամայական մոտեցումներով պայմանավորված նշանակումներից, կապահովվի տվյալ մարմնում պրոֆեսիոնալիզմի արմատավորումը։ 2008 թվականին դարձյալ փոփոխություն է կատարվել վերոնշյալ երեք օրենքներում։ Ազգային ժողովում նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ արդարադատության այդ ժամանակվա նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրել է, որ օրենսդրական այդ 3 ակտերի համեմատական վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ դրանցում միասնականության սկզբունքը բավարար չափով ապահովված չէ: Մասնավորապես, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում բարձրագույն պաշտոն զբաղեցնելու պայմաններից մեկը համարվել է առնվազն 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելը, մյուս երկու ծառայության տեսակների մասին օրենսդրական ակտերում պարտադիր է համարվել ոչ թե նվազագույնը 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, այլ վերջին 3 տարում: Եւ քանի որ նշյալ պայմանները տարբեր իրավիճակներ են, կառավարությունն առավել ընդունելի ու հիմնավորված է համարել առնվազն 3 տարի գլխավոր պաշտոն զբաղեցնելու տարբերակը․ «Սա ունի որոշակի տրամաբանություն այն իմաստով, որ եթե որեւէ հատուկ պետական ծառայող, որը առնվազն 3 տարի զբաղեցրել է գլխավոր պաշտոն եւ ընդմիջել է, զբաղեցրել է որեւէ այլ տեսակի պաշտոն` ընտրովի պաշտոն, ասենք` ԱԺ պատգամավոր կամ պետական ծառայության այլ տեսակ, նորից կան հիմքեր՝ նրան վերադարձնելու հատուկ պետական ծառայության․ սա բնավ չի նշանակում, որ նրա պրոֆեսիոնալ, մասնագիտական պատրասվածությունը դրանից նվազել է: Հակառակը, շատ հաճախ այլ ծառայության մեջ գտնվելիս կամ այլ պաշտոն զբաղեցնելիս այդ անձը ձեռք է բերում լրացուցիչ որակներ, այդ թվում նաեւ` մասնագիտական, որը անտեսել չի կարելի»,- հարցի զեկուցման ժամանակ նշել է նախարարը: Հենց այս նկատառումով էլ առաջարկվել է 3 օրենսդրական ակտերում ամրագրել միատեսակ մոտեցում՝ հիմք ընդունելով ոչ թե ծառայության վերջին 3 տարիները, այլ առնվազն 3 տարվա ծառայության ստաժը:  Նախագծերի նույն այս փաթեթով եւս մեկ փոփոխություն է առաջարկվել․ 3 մարմինների միջեւ ռոտացիոն համակարգին ավելացել են նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ու քրեակատարողական ծառայության մարմինները։ Նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հստակեցրել է, որ քրեակատարողական ծառայությունը եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքացիական չեն համարվում, այլ հատուկ պետական ծառայություններ են՝ խիստ պայմաններով առանձնահատկություններով եւ զինվորական ծառայությանը հավասարեցված ընթացակարգերով։ Օրենքում հաջորդ փոփոխությունը կատարվել է 2016 թվականին։ Այս փոփոխությամբ թափուր պաշտոնի դեպքում ռոտացիան հնարավոր է ոչ միայն վերը նշված գերատեսչություններից, այլ նաև քննչական կոմիտեից և հատուկ քննչական ծառայությունից։ Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ,» բառերը փոխարինվել են «ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ» բառերով։ Օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, այն ժամանակ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ մշտական հանձնաժողովի  նախագահ Կորյուն Նահապետյանը նշել էր, որ վերջին տարիներին մենք ձեւավորեցինք  նոր համակարգեր, մասնավորապես, քննչական կոմիտեն, հատուկ քննչական ծառայությունը, որոնց աշխատակիցների տեղափոխման հնարավորությունը՝ ազգային անվտանգության ծառայություն, որոշ իմաստով սահմանափակվել է, քանի որ օրենքով  ուղղակիորեն նախատեսված չէ, որ  ազգային անվտանգության համակարգում թափուր պաշտոն առաջանալու դեպքում այս համակարգի աշխատակիցները կարող են տեղափոխվել ազգային անվտանգության համակարգ։ «Պետք է չմոռանանք, որ ազգային անվտանգության մարմինները նաեւ իրենց վերապահված գործերով իրականացնում են նաեւ հետաքննություն եւ նախաքննություն, եւ հնարավոր են նաեւ անցումներ՝ քննչական կոմիտեից ազգային անվտանգության  ծառայության համապատասխան քննչական մարմին, եւ ոչ միայն քննչական մարմին, նրանք կարող են տեղափոխվել այլ օպերատիվ ստորաբաժանումներ եւ իրականացնել այս մարմիններում իրենց առջեւ դրված պարտականությունները» ,- մասնավորապես ասել էր Նահապետյանը։ Նա նաև հավելել էր, որ փոփոխությունը լուծում է առաջադրված այն խնդիրը, եւ տալիս է կադրերի տեղափոխման համար լայն հնարավորություն, մեկ համակարգից մյուսը։  «Այդ իմաստով  կարծում եմ՝ ազգային անվտանգության համակարգը փորձառու կադրերով համալրելու նոր հնարավորություն ենք ընձեռում»,- զեկուցման ժամանակ նշել էր Կորյուն Նահապետյանը։ 2016 թվականին թվականի փետրվարին, սակայն, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ պետի պաշտոնին նշանակելու համար որպես միջանկյալ օղակ օգտագործվեց դատախազի տեղակալի պաշտոնը՝ 9 օրով։ Այս անգամ էլ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալ նշանակելու համար օգտագործվեց քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը։ Երկու դեպքում էլ գործընթացն օրենքին չի հակասում, սակայն օրենքի բուն էությունը չի պահպանվել։ Ինչպես տեսանք վերը նշված քննարկումներից՝ ազգային անվտագության մարմիններում ռոտացիոն համակարգի հնարավորություն նախատեսելու նպատակը ոչ թե նշված գերատեսչություններում բարձրագույն պաշտոնները՝ որպես միջանկյալ օղակ օգտագործելն է եղել, այլ տվյալ պաշտոնյայի՝ այդ ոլորտում փորձառություն ունենալը։ Նկարագրված դեպքերում ո՛չ Գեորգի Կուտոյանը, ո՛չ էլ Արգիշտի Քյարամյանը չունեին փորձառություն տվյալ պաշտոններին նշանակվելու համար։ Արփի Ավետիսյան
15:31 - 14 մայիսի, 2020
Վարչապետի անունից անհայտ անձանց կողմից փակ համարով քաղաքացիներին զանգահարելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել |armtimes.com|

Վարչապետի անունից անհայտ անձանց կողմից փակ համարով քաղաքացիներին զանգահարելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից անհայտ անձանց կողմից քաղաքացիներին զանգահարելու վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա քրեական գործ չի հարուցվել: «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ղեկավարի պաշտոնակատար Ն. Մարգարյանը նշել է, որ «ՀՀ վարչապետի կողմից քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրության օգտագործմամբ անհայտ անձանց կողմից փակ համարով քաղաքացիներին զանգահարելու եւ տպավորություն ստեղծելու, թե իբր վարչապետն է նրանց զանգահարում» բովանդակությամբ հայ­տարարության կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործ չի հարուցվել: Ըստ ԱԱԾ-ի՝ նշված հայտարարությունում առերևույթ հանցագործության հատկանիշներ չեն եղել: Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց: Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»: Խոսքը շաբաթներ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիների հետ զրույցի ձայնագրության մասին է, երբ վարչապետը զանգում էր պատահական քաղաքացիների եւ հետաքրքրվում, թե ինչպես են դիմանում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին: Ապրիլի 14-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից մեր հարցին ի պատասխան ասել էին, որ դիմումը ուսումնասիրման փուլում է:
22:40 - 12 մայիսի, 2020
Ալավերդու Կիրովի փողոցի 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս»-ին պատկանող տարածք. դատախազություն

Ալավերդու Կիրովի փողոցի 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս»-ին պատկանող տարածք. դատախազություն

Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա` ոստիկանության Թումանյանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ալավերդի քաղաքի Կիրովի փողոցի շուրջ 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող տարածք և ներկայումս սեփականության իրավունքով պատկանում է «Վալլեքս Կապիտալ» ՓԲԸ-ին: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը: Մասնավորապես, պարզվել է, որ Ալավերդի քաղաքից դեպի Մադան բնակավայր տանող Կիրովի փողոցը 2001թ. պետական գրանցում է ստացել որպես համայնքային սեփականություն և կառավարության համապատասխան որոշմամբ ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում: Մինչդեռ նման պայմաններում, ըստ դատախազության՝ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասու պաշտոնատար անձինք, առերևույթ չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, գործով դեռևս չպարզված ժամանակահատվածում, նշված փողոցի մի մասի նկատմամբ գրանցել են «Վալլեքս Կապիտալ» ՓԲ ընկերության իրավունքը, որի արդյունքում համայնքը զրկվել է իր գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, իսկ համայնքի բնակիչները՝ փողոցով անարգել երթևեկելու հնարավորությունից՝  նկատի ունենալով նաև, որ փողոցի այդ հատվածում տեղադրվել են ենթևեկությունն անհնարին դարձնող մետաղական կոնստրուկցիաներ: Դրանով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին և իրավունքներին: Միաժամանակ, Ալավերդի համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, հաստատապես իմանալով այդ ամենի, փողոցի այդ հատվածում առանց թույլտվության մետաղական կոնստրուկցիաներ տեղադրվելու, ինչպես նաև համայնքապատկան հողամասերի` դրանց նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան չօգտագործելու հանգամանքների մասին, մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում որևէ միջոց չեն ձեռնարկել ճանապարհի հողամասի ինքնակամ զավթումը, դրանց վրա առանց թույլտվության տեղադրված շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած  անձանց նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նշվածի փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 3152-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:15 - 06 մայիսի, 2020
Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի նոր տեղակալի նշանակմանը |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ ԱԱԾ տնօրենի նոր տեղակալի նշանակմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշում է՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակմամբ կարելի է ազդարարել մի փուլի մեկնարկ, երբ կլինեն նաև դրսից՝ համակարգից դուրս նշանակումներ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին: Պատգամավորը նշեց՝ այդ նշանակումը մեկնաբանվել է որպես քաղաքական նշանակում: «Կարո՞ղ ենք այստեղից հետևություն անել, որ ուժային կառույցներում հետագա կադրային քաղաքականություն վարելիս նաև քաղաքական նշանակումներ կլինեն»,-հետաքրքրվեց պատգամավորը:  «Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ ինքը պետք է այնտեղ աշխատի, դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել: Պարզապես օրենքն այդ միջանցքն է տվել, որ նա հայտնվի այնտեղ: Իմ քաղաքականությունը եղել է այն, որ ոստիկանությունում, ԱԱԾ-ում դրսից (համակարգից դուրս-խմբ.) նշանակումներ չեն արվել՝ խոստման համաձայն, որ այդ համակարգերը պետք է ունենան հնարավորություն: Եվ հիմա եկել է ժամանակը գնահատելու և վերագնահատելու արված աշխատանքի արդյունավետությունը: Եվ դա կարելի է ազդարարել մի փուլի մեկնարկ, որտեղ կլինեն նաև դրսից նշանակումներ: Դա կարող է լինել օրենսդրական միջանցքներով, բայց դա լավ է»,-ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ բոլորը մտադրված էին օրենսդրական փոփոխություններ անելու, որ ուղիղ նշանակումներ արվեին, սակայն հետո հասկացել են, որ դա համակարգի զինվորական տրամաբանությունը կարող է կոտրել: «Եվ մեր քաղաքական շահերից նահանջեցինք՝ հանուն համակարգի: Եվ մեր հույսն այն է, որ և ոստիկանությունը, և ԱԱԾ-ն կգնահատեն մեր վերաբերմունքը, ոչ թե ոմանք կառիթավորվեն այդ վերաբերմունքից: Եվ դա մեր գաղափարախոսությունն է, ոչ թե մենք միամիտ ենք եղել ու շանս ենք տվել»,-ասաց վարչապետն ու շեշտեց՝ իրենք չեն ցանկացել իրենց կուսակցականներին լցնել իրավապահ համակարգ:  
15:53 - 06 մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելը քաղաքական որոշում է. Մանե Գևորգյան
 |azatutyun.am|

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելը քաղաքական որոշում է. Մանե Գևորգյան |azatutyun.am|

azatutyun.am: Արգիշտի Քյարամյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է քաղաքական որոշման համաձայն, մեկնաբանելով Քյարամյանի նշանակման լուրը, տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ «Արգիշտի Քյարամյանի նշանակման վերաբերյալ ցանկանում եմ հայտնել, որ որոշումը քաղաքական է, և այն կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում», - մասնավորապես նշեց Գևորգյանը։ Նա ընդգծեց, որ նշանակման հարցում հաշվի է առնվել Քյարամյանի գործունեությունը: «Հիմք ընդունելով Արգիշտի Քյարամյանի աշխատանքային գործունեությունը` առավել նպատակահարմար է համարվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում նրա հետագա աշխատանքը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը։
20:25 - 05 մայիսի, 2020
Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի տեղակալ նշանակումը՝ իրավական սանդուղք դեպի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոն

Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի տեղակալ նշանակումը՝ իրավական սանդուղք դեպի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոն

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՊՎԾ ղեկավարի տեղակալ, ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում։ Արդեն այսօր Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի` ԱԱԾ պետի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում: Հիշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1-ին մասի համաձայն՝ մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները: Քանի որ ՊՎԾ-ն ազգային անվտանգության մարմին չէ և վերոնշյալ ցանկում ևս առկա չէ, Արգիշտի Քյարամյանը չէր կարող անմիջապես նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Հաշվի առնելով այն, որ Քննչական կոմիտեն ներառված է վերոնշյալ օրենքի 19-րդ հոդվածի 6․1 կետում թվարկված կառույցների ցանկում, ինչպես նաև այն, որ ըստ «Քննչական կոմիտեի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի՝ քննչական կոմիտեի տեղակալի պաշտոնը համարվում է բարձրագույն խմբի պաշտոն, ինչն էլ հենց ԱԱԾ պետի տեղակալ նշանակվելու պահանջներից մեկն է, Արգիշտի Քյարամյանի՝ այդ պաշտոնում նշանակումը հնարավորություն է ստեղծել նրա՝ ԱԱԾ պետի տեղակալ նշանակումն իրականացնել «օրենքի տառին» համապատասխան։ Քանի որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չէ նվազագույն պաշտոնավարման ժամկետ, հնարավոր է դարձել Արգիշտի Քյարամյանի մեկօրյա նշանակումն ու տեղափոխումը։ Միաժամանակ նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն, այս տարվա հունվարին մահացու հրազենային վիրավորում ստացած Գեորգի Կուտոյանը նախկինում ևս նմանատիպ ընթացակարգով էր նշանակվել ԱԱԾ տնօրենի պաշտոնին։ Գեորգի Կուտոյանի 2016 թվականի փետրվարի 3-ին նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 9 օր անց՝ փետրվարի 12-ին, նշանակվել էր ԱԱԾ պետ։  Արփի Ավետիսյան
20:05 - 05 մայիսի, 2020
ԱԱԾ-ն նոր դրվագներ է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահի եւ նրա որդիների դեմ հարուցված գործի վերաբերյալ

ԱԱԾ-ն նոր դրվագներ է ներկայացրել ՊԵԿ նախկին նախագահի եւ նրա որդիների դեմ հարուցված գործի վերաբերյալ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ նախկինում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի որդիները, ազգականի հետ նախնական համաձայնությամբ, հոր զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով հիմնադրել են առևտրային կազմակերպություն, իսկ հայրը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դրա տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել նշված կազմակերպության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով պաշտոնեական դիրքը չարաշահման արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ պաշտոնյայի հետ փոխկապակցված կազմակերպության ծառայողները ՀՀ  պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր, ըստ որոնց ընկերությանը փոխանցվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ: Բացի այդ, հիշյալ պաշտոնյան, պատասխանատու լինելով պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականության և իրականացման համար, տեղյակ լինելով մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման և նոր տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքների գնման անհրաժեշտության մասին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող և այլ անձանց մասնակցությամբ ապահովել է 19 ծրագրային մոդուլի ձեռքբերման պայմանագրի կնքումն իրական արժեքից էապես բարձր գնով հիշյալ ընկերության հետ։ Արդյունքում, թեև նշված պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվել են 2.777.410.417 ՀՀ դրամով, սակայն դրանց դիմաց պետական միջոցների հաշվին պաշտոնյայի հետ փոխկապակցված ընկերությանը փոխանցվել է 4.283.580.000 ՀՀ դրամ, իսկ առանձնապես խոշոր չափերով գումարային տարբերությունը՝ 1.506.169.583 դրամի չափով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, պաշտոնյայի որդիների օժանդակությամբ հափշտակվել է։ Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրանց օգտագործմամբ առաձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու արդյունքում ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտները ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավելուց զատ, դրանք շահաբաժինների, փոխառությունների և այլ գործարքների ձևով այլ անձանց անուններով փոխակերպվել են կանխիկ դրամական միջոցների, որոնք փաստացի տնօրինվել են պաշտոնյայի որդիների և ազգականի կողմից, այդ թվում՝ երրորդ անձի միջոցով մուտքագրվել են «Յուքոմ» ՍՊ ընկերություն: Հանցագործության կատարման արդյունքում առաջացած առանձնապես խոշոր չափերով գույքը, դրա օգտագործումից ստացված եկամուտները՝ իրական բնույթի, ծագման աղբյուրի իրական պատկանելիության խեղաթյուրմամբ, բանկային փոխանցումների միջոցով ուղղորդվել են պաշտոնյայի որդիների և ազգականի, նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների բանկային հաշիվներին՝ միախառնվելով այլ միջոցների հետ, ներգրավվել են դրանց իրականացրած ձեռնարկատիրական գործունեության մեջ:  Բացի այդ, ստացված փաստական տվյալների համաձայն, հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի որդիները, տեղյակ լինելով հոր և մի շարք տնտեսվարող սուբյեկտների՝ այդ թվում ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենի միջև, ընդհանուր հովանավորչության համար առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համաձայնության մասին, հանդիպել են ձեռնարկատիրոջ հետ և քննարկել հանցագործության առարկան փոխանցելու տարբերակները: Վերջիններիս նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկան՝ 22.401.000 ԱՄՆ դոլարը, փոխանցել է նրանց մատնանշած և նրանց հետ փոխկապակցված ՀՀ-ում ոչ ռեզիդենտ մի շարք կազմակերպությունների հաշվեհամարներին, ավելին, նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել են փոխառության 2 պայմանագրեր: Ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը: Դրանից հետո՝ բավարար ապացույցների համակցության հիման վրա, վարույթն իրականացնող մարմնի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին որոշում է կայացվել հիշյալ պաշտոնյայի ՀՀ-ում գտնվող և վարույթում որպես մեղադրյալ ներգրավված որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և կրկին մեղադրանք առաջադրելու մասին՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու համար։ Սակայն վերջինս, պատշաճ ծանուցված լինելով վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին, խախտելով կիրառված խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, նախաքննական մարմին այդպես էլ չի ներկայացել և թաքնվել է քննությունից, որից հետո վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեղադրյալին հայտնաբերելու ու պատասխանատվության կանչելու, տևական և քողարկված հակաիրավական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը, բանկային փոխանցումներով օրինականացված եկամուտների վերջնական տեղաշարժը և դրանց հասցեատերերին պարզելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումն ապահովելու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
19:52 - 04 մայիսի, 2020
Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ․ Հրաչյա Հակոբյան

Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ․ Հրաչյա Հակոբյան

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, Դուք հարցադրումներ եք հնչեցնում՝ նշելով, որ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը հնարավոր է օտարերկրյա գործակալ է, այդ ասվածը ունի՞ հիմք, և հնարավո՞ր է, որ առաջիկայում չակերտներն ավելի բացեք: Ես ոչ մի ինֆորմացիա չեմ հաղորդել, ես հարցեր եմ տվել: Իսկ հարցեր տալու հիմք չեմ կարծում, որ պետք է ունենամ: Ինձ մոտ ծագել է այդ հարցը, և ես այդ հարցը տվել եմ: Այսինքն՝ համաձայն չեմ, որ լուրջ հիմքեր պետք է ունենալ հարցեր տալու համար: Այսինքն՝ այդ հարցերը որևէ հիմք չունեի՞ն: Ինձ մոտ հարցեր են առաջացել, մտածել եմ, որ այդ հարցերը միգուցե միայն ինձ չեն հետաքրքրում, հանրությանն էլ կարող է հետաքրքրել, դրա համար բարձրաձայնել եմ: Տեսակետ կա, որ հնչեցրած լրջագույն մեղադրանքները չէին կարող ուղղակի օդից վերցրած լինեին: Հասկանում եմ, բայց ես որևէ մեկին որևէ բանում չեմ մեղադրել: Այսինքն՝ ես չեմ պնդել, որ դա էդպես է, ես հարցեր եմ բարձրացրել: Ինչպե՞ս եք գնահատում Վանեցյանի  հայտարարությունները, թե փայաբաժինների փոփոխության ողջ պատմությունը կատարվել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում իշխանություն-Վանեցյան փոխհրաձգությունը: Չեմ կարող ասել, Վանեցյանը մտել է քաղաքականություն կամ փորձում է մտնել քաղաքականություն և ընդդիմադիր դաշտում փորձում է  ինչ-որ տեղ զբաղեցնել, և դրա համար են այս հայտարարություններն արվում: Ինչպես գիտեք, շատերն այսօր, այդ թվում նաև իրենք,  փորձում են առիթն օգտագործելով ցեխ շպրտել, բայց հանրությունը վաղուց արդեն տվել է իր  գնահատականը թե Արթուր Վանեցյանին, թե այն բոլոր մարդկանց, խմբավորումներին, որոնք այսօր փորձում են նման հայտարարություններ անել, ծայրից ծայր սուտ, վերից վար սուտ հայտարարություններ: Ձեր հայտարարությունում նաև շատ հստակ ձևակերպումներ կային, ասենք, նշում եք՝ կարո՞ղ է պարզվի՝ Փաշինյանը պարզել է Վանեցյանի հավաքագրման պայմանները, Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի ու ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլ նրա և Միքայել Միասյանի բանակցությունները: Ավելացնելու բան չունեմ, ինչ պետք է ասեի, արդեն ասել եմ: Արթուր Վանեցյանի հիմնադրամն արձագանքել է ու նշել՝ հերթական անլուրջ և անպատասխանատու հայտարարությունը մեկնաբանելու կարիք չենք տեսնում: Խնդրեմ: Ինչպես ռուսներն են ասում՝ այն, ինչ պահանջվում էր ապացուցել: Նախ ես հայտարարություն չեմ արել, հարց եմ տվել: Եթե իրենք գտնում են, որ կարիք չկա մեկնաբանելու, թող չմեկնաբանեն, շատ լավ: Ուրեմն այս հարցերը հանրության մոտ այդպես էլ կմնան անպատասխան: Շարունակությունը՝ lragir.am-ում
15:27 - 01 մայիսի, 2020