#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Թե հետագայում Կարեն Կարապետյանի հետ ինչ կարգի համագործակցություն կլինի՝ չենք որոշել․ Ռոբերտ Քոչարյան

Թե հետագայում Կարեն Կարապետյանի հետ ինչ կարգի համագործակցություն կլինի՝ չենք որոշել․ Ռոբերտ Քոչարյան

Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ հետ է։ Թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի, չենք որոշել։ Այս մասին քվեարկությունից հետո ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Խոսելով «Հայաստան» դաշինքի մի քանի պաստառների վնասների մասին՝ Քոչարյանն ասաց, որ առաջին հերթին օրենքի կոպիտ խախտում է։ «Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ։ Արդեն կան կադրեր ցանցում, և փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերվել, թե ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ։ Եթե մեկ, երկու ժամվա ընթացքում Ոստիկանությունը չհայտնաբերի հանցագործներից, ապա մենք կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից», ընդգծեց նա։ Անդրադառնալով «Իզմիրլյան» ԲԿ-ի գլխավոր բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ձերբակալումն աբսուրդի ժանրից էր․ «Չեմ կարծում, որ ձերբակալության համար որևէ հիմք կար։ Ինքը իր կարծիքն է ասել, և էդ տեսանկյունից չեմ կարծում՝ ճնշման արտահայտություն կա»։ Մեկնաբանելով նաև այն, որ մի շարք ուժեր խախտել են լռության օրը՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ԿԸՀ-ն արձագանքեց խախտմանը։ «Կարծում եմ՝ սա ուղղակի ցույց է տալիս իշխանության դեմքը, որ որևէ հարգանք չունեն ոչինչ նկատմամբ, չեն ունեցել այս ընթացքում և շարունակում են չունենալ նաև ընտրության օրը»,- ասաց նա։
11:04 - 20 հունիսի, 2021
Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ․ Արամ Վարդևանյան

Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը․   «Սիսիան քաղաքում շտաբերի խուզարկության օպերացիան աննախադեպ խայտառակություն է։   Հաստատված տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից կազմակերպվել է «Հայաստան» դաշինքի Սյունիքի մարզում, մասնավորապես Սիսիան քաղաքում, բոլոր շտաբերի խուզարկության օպերացիա:   Խուզարկության հիմքը, ըստ դատարանի որոշման, հանդիսացել է քվեաթերթիկ տպելու սարքի որոնումը: Նշվածի վերաբերյալ աբսուրդը կայանում է նրանում, որ նման սարք գոյություն ունենալ չի կարող, քանի որ քվեաթերթիկները տպագրվում են բացառապես հատուկ տպարանների կողմից, որոնցից և ոչ մեկը չի կարող շտաբում տեղակայված լինել:   Միաժամանակ տեղեկություն ունենք, որ խուզարկության որոշումը կայացվել է ոչ թե Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, այլ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից: Նպատակը նշված գործողության հանդիսանում է «Հայաստան» դաշինքի համակիրների գործունեության պարալիզացումը հենց ընտրությունների օրը, ինչը աննախադեպ է և նախկինում երբևէ չհանդիպած խայտառակություն:   Ավելին, շտաբի պատասխանատուներին առանց որևէ պատճառի ընտրությունների օրը տեղափոխում են Սյունիքի մարզից Երևան, իբր բացատրություն վերցնելու նպատակով: Հորդորում ենք իրավապահ մարմիններին վերադառնալ օրինականության դաշտ: Դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր օրինական միջոցները «Հայաստան» դաշինքի բնականոն գործունեության և քվեարկության գործընթացը անհապաղ վերականգնելու նպատակով: Դիմում ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ ստեղծված իրավիճակը խիստ վերահսկողության տակ պահելու նպատակով:
11:03 - 20 հունիսի, 2021
Քվեարկում ենք հանուն համերաշխության, երկրում հաշտությունը վերականգնելու համար․ Էդմոն Մարուքյան

Քվեարկում ենք հանուն համերաշխության, երկրում հաշտությունը վերականգնելու համար․ Էդմոն Մարուքյան

Ակնհայտ է, որ մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար։ Այս մասին քվեարկություն կատարելուց հետո հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։ «Ասել ենք, որ վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է։ Բնականաբար, ավելի վաղ կարելի էր դա անել, բայց ընտրությունները մեզ համար շանս են այս իրավիճակում այդ քայլը կատարել։ Մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումը այլընտրանք չի ունենալու մեզ համար, որովհետև մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում։ Այս իմաստով է, որ մենք ուղղակի այլընտրանք չունենք։ Մենք պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենեք՝ հանուն ավելի մեծ ճշմարտության և հանուն ավելի մեծ արժեքի, որ պետությունն է, մեր պետականությունն է»։ Ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ Մարուքյանն ասաց, որ այն լի է եղել ատելության խոսքով։ «Մեր երեխանեը հեռուստատեսությամբ լսում էին այնպիսի բառամթերք, որը ես չէի ցանկանա, որ որևէ մեկի երեխան լսեր, նայեր տեսներ։ Այդ իմաստով բավականին բարձր էր թե՛ ատելության քարոզչությունը, թե՛ բռնության քարոզչությունը։ Բայց, այո՛, այն ակնկալիքները, որ կար, որ այ եսիմինչեր կլինի, բնականաբար լավ էր, որ չեղան։ Այսօրվա ակնկալիքներն էլ չեն արդարանալու։ Ամբողջ օրը շատ հանգիստ է անցնելու, և վաղվա հետ կապված էլ արդեն մենք ունենք ծանուցումներ, որ կողմերը պետք է ցույցեր անեն։ Կարծում եմ, որ ընտրատեղամասերում՝ քվեատուփերի մեջ, մեր քաղաքացիները այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունն էլ չի լինելու։ Այսինքն՝ չի լինելու ինչ-որ ուժ, որը կարող է ասել, որ ես հաղթել եմ միայնակ, և գալու ենք մեր այն գաղափարին, որ պետք է բոլորով նստենք մեկ սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն։ Միայն այս պարագայում է, որ մենք կկարողանանք այս վիճակից դուրս գալու ելքը գտնել»։
10:41 - 20 հունիսի, 2021
Խախտումներ` ընտրությունը դեռ չսկսած. Շուռնուխում հանձնաժողովի նախագահը կնիքը տուն է տարել  |tert.am|

Խախտումներ` ընտրությունը դեռ չսկսած. Շուռնուխում հանձնաժողովի նախագահը կնիքը տուն է տարել |tert.am|

tert.am: Եթե ընտրախախտումները սովորաբար գրանցվում են ընտրական պրոցեսի ընթացքում, Շուռնուխ գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը կնիքը հետը տուն է տարել: Սա կոպտագույն խախտում է, քանի որ, ըստ օրենքի պահանջի, մինչև ընտրական պրոցեսի սկսվելը կնիքը պետք է լինի պահարանում ու չոր վիճակում: Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ խախտումն արձանագրվել է. «Կնիքը հետը տուն էր տարել: Արձանագրությունը կազմել ենք, բայց հրաժարվել է անցկացնել գրանցամատյանի մեջ: Բայց արձանագրությունը կազմվել է, հանձնաժողովի նախագահն էլ ստորագրել է: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ հանգիստ է, դեռևս միայն այս խախտումն է արձանագրվել (ժամը 10.10-ի դրությամբ, խմբ.)»: Հարցին, թե ինչու չի ցանկանում անցկացնել գրանցամատյանի մեջ ու ինչու էր կնիքը հետը տուն տարել, հանձնաժողովի նախագահը նշել է, թե՝ այդպես էր պետք:
10:33 - 20 հունիսի, 2021
Մարդիկ, ովքեր լարվածություն են կանխատեսում, մտածում են հին Հայաստանի և կեղծված ընտրությունների տրամաբանության մեջ․ Արմեն Գրիգորյան

Մարդիկ, ովքեր լարվածություն են կանխատեսում, մտածում են հին Հայաստանի և կեղծված ընտրությունների տրամաբանության մեջ․ Արմեն Գրիգորյան

Քվեարկել եմ հանուն ապագայի Հայաստանի, հանուն բարեկեցիկ, ժողովրդավար, կայուն և անվտանգ Հայաստանի եմ քվեարկել։ Այս մասին քվեարկելուց հետո ասա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։ «Մարդիկ, ովքեր ինչ-որ լարվածություն են կանխատեսում, մտածում են հին Հայաստանի տրամաբանության և կեղծված ընտրությունների տրամաբանության մեջ։ Հնարավոր չէ անցկացնել ազատ, արդար ընտրություններ և ակնկալել, որ կլինեն ինչ-որ սրացումներ։ Ազատ, արդար ընտրությունները երաշխիքն են, որ կայուն շրջան անցնենք, այսինքն՝ վաղվանից առավել կայունություն լինի։ Լևոն Տեր-Պետրոսյանը մտածում է 96թ․ տրամաբանության մեջ, մնացածները մտածում են 1998, 2003, 2008 թվականների տրամաբանության մեջ»,- նշեց նա, ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ինչ-որ լարվածություն կարող է լինել ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները վերջին օրերին 24-ժամյա աչալուրջ աշխատանք են տանում, և ցանկացած սադրանք իրավապահ մարմինների կողմից կասեցվելու է։ «Համոզված եմ՝ հանրությունը տեսնում է՝ ինչ ընտրություններ են, և բոլորն էլ ընդունելու են, ինչ արդյունքներ էլ լինեն»,- եզրափակեց նա։
10:22 - 20 հունիսի, 2021
Սեղմ ժամկետներում հայտնաբերել դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին․ «Հայաստան» դաշինքը դիմում է Ոստիկանությանը

Սեղմ ժամկետներում հայտնաբերել դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին․ «Հայաստան» դաշինքը դիմում է Ոստիկանությանը

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը․   «Սիրելի հայրենակիցներ,   Երեկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախազգուշացում է կիրառել «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար։ Անհրաժեշտ է նշել, որ նշված պատասխանատվության միջոցը նախընտրական քարոզչության շրջանում կիրառվել է միայն այդ կուսակցության նկատմամբ։   Տեղեկացնում ենք նաև, որ երեկվանից տարբեր վայրերում սկսել են մեծ տպաքանակով տարածել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր։ Մեր տեղեկություններով, այս խայտառակ գործընթացը կազմակերպվել է հատկապես սորոսական կազմակերպությունների կողմից և հեռացող իշխանոթյան թողտվությամբ։ Ավելին, նույն ժամակահատվածում տեղաղադրվել են նաև օրենքով սահմանված կարգի ակնհայտ խախտմամբ «Հանրապետություն» կուսակցության պաստառներ։   Ստացել ենք տեղեկություններ նաև, որ երեկվանից մինչ օրս ակնհայտ անհիմն հիմքով բերման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի տարածքային շտաբերի անդամներ կեղծ հաղորդումների հիման վրա։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ այս հաղորդումները հատկապես կազմակերպվում է սորոսական կազմակերպությունների կողմից։ Հայաստանի պատմության մեջ երբեք չեն եղել նման ծավալի ընտրական գործընթացի խախտումներ, և հրավիրում ենք բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունն այս շարունակական խախտումներին։   Դիմում ենք ոստիկանությանը` սեղմ ժամկետներում, ընդհուպ մինչեւ մի քանի ժամվա ընթացքում, հայտնաբերել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել, հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։   Հակառակ պարագայում կգնահատենք, որ այդ գործընթացը կազմակերպված է և ուղղորդվում է իշխանությունների կողմից»:
10:08 - 20 հունիսի, 2021
Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, բացվել են 1996 տեղամասային կենտրոնները. Տիգրան Մուկուչյան |tert.am|

Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, բացվել են 1996 տեղամասային կենտրոնները. Տիգրան Մուկուչյան |tert.am|

tert.am: Այսօր ժամը 08։00-ից մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Այս մասին հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` ներկայացնելով ընտրությունների ընթացքը: «Ընտրողներ ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 572 ընտրող»,-ասաց նա և հիշեցրեց, որ արտահերթ ընտրություններին 21 կուսակցություն և չորս կուսակցությունների դաշինք են մասնակցում, որտեղ ընդգրկված են 2510 թեկնածու: Այսպիսով նա նշեց, որ նախատեսված է 2008 տեղամասային կենտրոններ, որոնցից 12-քրեական հիմնարկներում են և ավելի ուշ կբացվեն, իսկ մնացած 1996 տեղամասային կենտրոնները բացվել են: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ 1664 քաղաքացիներից 119 հանձնաժողովի անդամներ չեն ներկայացել, որևէ տեղամաս չկա, որտեղ ներկայացված չլինի հանձնաժողովի նախագահը: Ընտրություններին առաքելություն կկատարեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ:
09:40 - 20 հունիսի, 2021
Հունիսի 19-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 338 հաղորդում, հարուցվել է 26 քրեական գործ, քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ. ամփոփում

Հունիսի 19-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 338 հաղորդում, հարուցվել է 26 քրեական գործ, քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ. ամփոփում

Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները: Նշված ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝ 123-ը ԶԼՄ հրապարակումներ են, 91-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով, 2-ը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ, 65-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 57-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:  Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝  155-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ 154.9-րդ հոդված), 59-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված), 64-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված), 42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված) 18-ը՝ այլ (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ, 137-րդ, 118-րդ, 164-րդ և 308-րդ հոդվածներ): Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 212 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածներից 77-ում առկա տեղեկությունները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ 135-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:   Ընդհանուր 338 հաղորդումներից 126-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 35-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 65-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:   26 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝ 17-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ, 154.9-րդ, 34-154.2-րդ հոդվածների տարբեր մասերով և համակցություններով,  3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի տարբեր մասերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 5-ը, կապված պաստառների վնասման հետ, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:   Նշված քրեական գործերով 14 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 1-ին՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու համար: 7 անձ ունի կասկածյալի կարգավիճակ: 6 անձ կալանավորվել է, 6-ը՝ ձերբակալվել:  ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող 18 այլ դիմումներ, որոնք, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: Դրանց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազությունն օպերատիվ կերպով, որոշակի պարբերականությամբ կհրապարակի քվեարկության ընթացքում և դրա հետ կապված հնարավոր առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի, հրապարակումների վիճակագրությունն ու դրանցով իրականացված աշխատանքները:   
09:11 - 20 հունիսի, 2021
Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն առաջացավ 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր չէ հրաժարվել իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու պատասխանատվությունից։ Նա ճանապարհային քարտեզ հրապարակեց, որտեղ ներառված կետերն իրականացնելուց հետո պատրաստվում էր այս ամիս հաշվետվություն ներկայացնել։ Հաշվետվությունից հետո պետք է որոշում կայացվեր հետագա անելիքների վերաբերյալ։ Այս տարվա սկզբից Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Վերջին հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ էր, ինչից հետո հայտարարվեց, որ հունիսի 20-ին կկայանան խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, 7-րդ գումարման Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չընտրեց և իրավունքի ուժով ցրվեց։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 7-ին և տևեց մինչև հունիսի 18-ը։ Երեկ լռության օր էր։ Նախապես ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 26 քաղաքական ուժ, սակայն նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի ընտրություններին։ Պատճառն, ըստ Ասրյանի, հետևյալն էր․ «Արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել Հայաստանի ամբողջ տարածքում, քանի որ որոշ տարածքներ օկուպացված են, ինչը նշանակում է, որ պետք է ընտրությունները չեղարկել»։  Այսպիսով, ընտրություններին մասնակցում է 25 ուժ, այդ թվում՝ 4 դաշինք, 22 կուսակցություն (կուսակցություններից երկուսը մասնակցում են միասնական ցուցակով)։ Ներկայացնում ենք ընտրություններին մասնակցող ուժերին՝ ըստ նրանք քվեաթերթիկների համարների հերթականության։ 1․ «Արդար Հայաստան» կուսակցություն։ Այս կուսակցությունը նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է «Արդար Հայաստան»-ի նախագահ Նորայր Նորիկյանը։ 2․ «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն։ ՀԱԿ-ի ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 3․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 4․ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն։ «Զարթոնք»-ը ևս նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Արա Զոհրաբյանը։ 5․ «Ազատություն» կուսակցություն։ «Ազատության» նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ նախկին վարչապետ, կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ 6․ «Պատիվ ունեմ» դաշինք։ Այս դաշինքում միավորվել են «Հայաստանի հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունները։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։ 7․ «Միասնական հայրենիք» կուսակցություն։ Այս կուսակցությունը ևս նոր է ստեղծվել։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Լուսինե Ավագյանը։  8․ «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն։ ՀԱՊ-ը նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Վարդանյանը։ 9․ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է 7-ր գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 10․ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ալյանս» կուսակցության հետ միասնական ցուցակով։ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Ալյանս»-ի նախահագ, 7-րդ գումարման ԱԺ-ի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ 11․ «Հանրապետություն» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը։ 12․ «Հայոց Հայրենիք» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արտակ Գալստյանը։ 13․ «Ազատ հայրենիք» դաշինք։ Դաշինքում միավորվել են «Ազգային ինքնորոշում միավորում», «Արդարություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Հայ կառուցողական», «Պահպանողական»  կուսակցությունները։ Նախընտրական ցուցակը գլխավորում է «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։ 14․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն։ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ 15․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն։ Կուսակցությաբ նախընտրական ցուցակը գլխավորում էր Տիգրան Արզաքանցյանը, սակայն ԿԸՀ-ն մերժեց նրա գրանցումը:  16․ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Կարին Տոնոյանը։ 17․ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ ՔՈ ՍԴԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորում է Սուրեն Սահակյանը։ 18․ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»։ Այդ դաշինքում միավորվել են ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորած  «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և Լևոն Շիրինյանի գլխավորած «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները։ Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Արման Բաբաջանյանը։ 19․ «Ազգային օրակարգ» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն Արա Հակոբյանն է։ 20․ «Վերելք» կուսակցություն։ «Վերելքը» նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է Ալեքսան Մինասյանը։ 21․ «Ազատական» կուսակցություն։ Այս կուսակցությունը նորաստեղծ է։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ 22-ը «Հայոց արծիվներ․ միասնական Հայաստան» կուսակցության քվեաթերթիկի համարն էր։ Կուսակցությունն, ինչպես նշեցինք, չի մասնակցում ընտրություններին։ 23․ «Հայաստանի եվրոպական» կուսակցություն։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Տիգրան Խզմալյանը։ 24․ «Հայաստան» դաշինք։ Դաշինքում միավորվել են «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները։ Նախընտրական ցուցակը գլխավորում է ՀՀ եկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 25․ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն։ ԱԺԲ-ն նորաստեղծ կուսակցություն է։ Նախընտրական ցուցակը գլխավորում է Վահե Գասպարյանը։ 26․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն։ «Ինքնիշխան Հայաստանը» նորաստեղծ կուսակցություն է, նախընտրական ցուցակը գլխավորում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։ Արտահերթ ընտրություններից առաջ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում։ Օրենսգրքի հիմնական փոփոխությունն այն է, որ վերացվել են վարկանիշային (ռեյտինգային) ցուցակները, ընտրություններն անցակցվում են փակ համամասնական ընտրակարգով։
07:57 - 20 հունիսի, 2021
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 13

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 13

22։44-Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ: Հիշե´ք, որ մեր երկրի Մայր օրենքը երաշխավորել է հավասար ու ազատ ընտրություններ ու որևէ մեկը չի կարող հակառակը հարկադրել: Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը: Ու վաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք` Հայաստանի քաղաքացիներիցս յուրաքանչյուրը` միայն մեր կամքի բացարձակ ազատությամբ, խղճով ու սրտի թելադրանքով` մեր գաղտնի քվեով։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]   21։59-2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայություններում հունիսի 19-ին և 20-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, ժամը 09.00-ից 18.00-ն սահմանվել է հերթապահություն:Հերթապահությունը սահմանվել է միայն ընտրական գործընթացին վերաբերելի ծառայություններ մատուցելու նպատակով: [ՀՀ Ոստիկանություն]   21։42-Մի շարք տեղամասերում «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ նշումներ․ կարծես թե դրանք ինչ-որ տեխնիկական խոտաններ են՝ ներկի տեսքով։ Մի քանի տեղամասերում դրանց թիվը հասնում է 300-ի։ Մենք ԿԸՀ-ի ուշադրությանն ենք հրավիրում այս փաստին, որպեսզի տրվի հստակ պարզաբանում՝ հետագայում ընտրողի քվեն անվավեր չճանաչելու համար։ [«Պատիվ ունեմ» դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատու Սոս Հակոբյան]   19:52-ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստան ժամանած դիտորդական առաքելության անդամների հետ՝ պատվիրակության ղեկավար, սենատոր Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, Հայաստանում տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը:   19:47-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Վերջինս Հայաստանում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ներքաղաքական կայունության պահպանումը և հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքները կլինեն ի շահ պետության զարգացման:   18:29-Քրեական կոնկրետ գործով ձեռք բերված տվյալների վերլուծությունը փաստում է, որ  ընտրողների հետ հանդիպումների ընթացքում առանձին անձինք պնդումներ են արել առ այն, որ առկա են համապետական ընտրություններին ոչ միայն քաղաքացիների մասնակցությունը, այլ նաև անձի կատարած քվեարկությունը պարզելու սոցիոլոգիական, ստատիստիկական  ինչ-որ մեխանիզմներ, ֆորմուլաներ, որոնց գործադրմամբ կարող են պարզել, թե առաջիկա արտահերթ ընտրություններում ով ինչպես է քվեարկել:   18։17-Ընդհանուր առմամբ Հանրային հեռուստատեսությունը հունիսի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը live լուսաբանման համար տրամադրվել է 10 ժամ 49 րոպե, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ին՝ 5 ժամ 24 րոպե, «Հայաստան» դաշինքին՝ 4 ժամ 41 րոպե, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 3 ժամ 27 րոպե, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 2 ժամ 19 րոպե, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությանը՝ 1 ժամ 57 րոպե, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 1 ժամ 30 րոպե, և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը՝ 1 ժամ 13 րոպե։   18։07-ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մարֆիի եւ ղեկավարի տեղակալ Ստեֆան Կրաուսի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մեծաքանակ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում եւ կարեւորեց պետության հավատարմությունն ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավար ընտրությունների անցկացման հարցում: Յոհան Մարֆին փաստել է, որ այս ընթացքում պետական բոլոր ինստիտուտներն ակտիվորեն համագործակցել եւ աջակցել են առաքելության աշխատանքներին ու տեղեկացրեց, որ, բացի երկարաժամկետ դիտորդներից, հունիսի 20-ին ընտրատեղամասերում դիտորդական առաքելություն կիրականացնեն եւս 300 կարճաժամկետ դիտորդներ՝ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում: [ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչություն]   17։48-ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում ընտրակաշառք բաժանելու և ստանալու,  ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ԱԱԾ և ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործի նյութերով տվյալներ են  ձեռք բերվե լայն մասին, որ նշված տարածաշրջանում մի խումբ անձինք 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն տարածաշրջանի ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով բաժանել են կաշառք: Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել են կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ. Ս.–ն, ՃՈ ծառայող Հ. Մ.-ն և Կ. Կ.-ն : [ՀՔԾ]   17։38-ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս ավելի աչալուրջ լինեն: [Նախագահի աշխատակազմ]   17։20- «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանն այսօր ձերբակալել է:  [Դաշինքի անդամ Արսեն Բաբայան] 16։35-Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝  -հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը,-որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը,-առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ,-որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը,-հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաև՝ ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար:Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:  [Գլխավոր դատախազություն] 16։31- Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ: Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով:  [Գլխավոր դատախազություն] 16։04- «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի իրականացրած հարցումների արդյունքների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին կքվեարկեն հարցվածների 33%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6,8%-ը։ Սակայն հարցման արդյունքները կարող են պակաս արժանահավատ թվալ, քանի որ հարցում իրականացնող ընկերության տնօրենը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի կինն է։ Սարգսյանն էլ հանդիսանում է հարցում իրականացնող ընկերության հիմնադիր խորհրդի անդամ։ 15։48- Արամ Սարգսյանը կընտրի ժամը 13:00-ին Արարատ գյուղում` ընտրատեղամաս 13/31 (N1 միջնակարգ դպրոց): Հասցե` Վազգեն Սարգսյանի 40։ [Հանրապետություն կուսակցություն]   15։41- Նիկոլ Փաշինյանը, օգտվելով իր՝ որպես վարչապետի պաշտոնակատարի սոցիալական կարգավիճակից, ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես եկավ հայտարարությամբ: Նախ նշված թեկնածուն խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը: Երկրորդ` օգտագործելով իր կարգավիճակը, հորդորեց մասնակցել քվեարկությանը, այն պայմաններում, երբ հանդիսանում է 26 ուժերից մեկի վարչապետի թեկնածու: Նշվածը ուղիղ քարոզ էր վարչական լծակների կիրառմամբ և ԿԸՀ գործառույթի իբր ստանձմամբ: Գտնում ենք, որ ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի և ընտրական գործընթացի այս էական և օրինականությունը վտանգող խախտումը, սույն հայտարարության հիմքերով քննության առարկա դարձնի: [«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյան] 15։34-Այսօր՝ վաղ առավոտից, ուժայինների կողմից բառացիորեն տեռոր է սկսվել «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերի, աջակիցների նկատմամբ: Տասնյակ մարդկանց անհիմն, առանց որևէ առիթի հարկադրում են ներկայանալ  կամ բերման են ենթարկում ԱԱԾ, ՀՔԾ և Ոստիկանություն ու տևական ժամանակ պահում են: Մեր գրասենյակներում և մեր կողմնակիցների բնակարաններում ապօրինի խուզարկություններ են անում և ոչինչ չհայտնաբերելով՝ մասնավոր զրույցներում խոստովանում են, որ դաշինքի աջակիցներին այսօր և վաղը մեկուսացնելու հրահանգ ունեն: [«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետ թեկնածու Արթուր Վանեցյան] 15։28- Հունիսի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների ներկայացուցիչներն Ազգային ժողովում հանդիպեցին ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին։  Կողմերն ընդգծեցին, որ հայ ժողովրդի ձայնը պետք է վճռորոշ լինի այս ընտրություններում:Հյուրերը կարևորեցին բաց և թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչը բնորոշ կլինի ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանին և հայ ժողովրդին: [ԱԺ աշխատակազմ] 14։31- Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: ԿԸՀ նախագահը Սարգսյանին ներկայացրել է ընտրությունների կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքը, նշել, որ ԿԸՀ-ն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ գործառույթներն և միջոցառումները: Նախագահ Սարգսյանն ընդգծել է ընտրությունների էական նշանակությունը երկրի համար և կարևորել դրանց բնականոն ընթացքի ապահովումը ԿԸՀ-ի և ընտրություններին առնչվող մյուս կառույցների կողմից: [Նախագահի աշխատակազմ] 13։32- Ուզում եմ ընդգծել, որ ձեզնից յուրաքանչյուրը այսօր և առավել ևս վաղը ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ։ Եվ այդ բարձրագույն իշխանության կարգավիճակը յուրաքանչյուրը իրացնելու է ընտրական տեղամասեր գնալու և իր որոշումը, իր քվեարկությունը կատարելու միջոցով։ Ես ուզում եմ բոլորիդ կոչ անել, որ անպայման գնաք ընտրական տեղամասեր, կատարեք ձեր ընտրությունը։ Եվ ուրեմն ժողովրդի ընտրությունը, քվեարկությունը հստակ արձանագրվելու  է և արտահայտելու է ընտրական ամփոփիչ արձանագրությունների տեսքով։ [Նիկոլ Փաշինյան]   12։38- Տարատեսակ շահարկումները հաշվի առնելով՝ հարկ եմ համարում նշել, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին  ՔՊ կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում։  ՄԻՊ-ի կողմից երեկ համապատասխան հայտարարության տարածումից հետո դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել և այդ շրջանակում ստուգման առարկա դարձնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նմանատիպ հնարավոր դրսևորումների առկայությունը։ [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան] 12։21- ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, մինչև հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ և հետաքննության մարմնի կողմից հարուցված 4 քրեական գործ։Նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու 3, նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու  1, նախընտրական քարոզչության ընթացքում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու 1, ինչպես նաև ընտրակաշառք տալու 1 դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր։ [ՀՀ ՔԿ] 12։20- Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ [Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով հանդես է եկել ուղերձով]   11։47- «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը հունիսի 20-ին ժամը 11:30-ին կքվեարկի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի /Անդրանիկի թաղամաս, 120 հասցեին հարող հատված/ թիվ 95 մանկապարտեզ ՀՈԱԿ-ում տեղակայված 7/46 ընտրատեղամասում: [Արդար Հայաստան] 11։38- Հայաստանում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել են օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոցներ։ Դիտորդական առաքելություն կիրականացնեն միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություններ։ |armenpess.am| 11։31- Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված։ Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։ Այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը: Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։ [Արմեն Սարգսյան]   11։19- Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը, ունենալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, նույն կենտրոնի գրադարանավարին և մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021 թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը, այնուհետև 2021 թ. հունիսի 15-ին աշխատանքից ազատելու սպառնալիքով՝ գրադարանավարին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին: [ՀՀ ՔԿ] 11։09- Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու։ Տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին. ցուցակներում ներառված էր 650 անձ։  |armenpress.am| 11։08- Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678։ [ՀՀ ոստիկանություն] 10:50- Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը կբացվեն 08։00-ին։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։ |armenpress.am| 10:42- Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրն առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։ Դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։ [Գլխավոր դատախազություն] 10։40- Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր Հայաստանում լռության օր է: Նախընտրական քարոզչությունն այսօր ԸՕ-ով արգելվում է: Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 8-ից և տևեց 12 օր։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 25 ուժ՝  21 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 583 հազար 823 է: |tert.am|
23:02 - 19 հունիսի, 2021
Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը. Արման Թաթոյան

Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը. Արման Թաթոյան

Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Սիրելի´ հայրենակիցներ, Մեզ համար ամենից թանկը մեր պետականությունն է: Մենք կարող ենք ավելի պաշտպանված լինել ու մեզ ավելի ապահով զգալ միայն մեր սեփական պետության մեջ: Բայց դրա համար պետք է ճիշտ սկզբունքներով ձևավորել պետությունը կառավարող մարմիններ, պետք է գնալ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների ուղիով: Վաղվա քվեարկությամբ ձևավորելու ենք բարձրագույն օրենսդիր մարմին` Հայաստանի Ազգային ժողովը, որ մեր պետության կառավարման հարցում ունի հիմնարար դեր: Դրա համար էլ խորհրդարանական ու հատկապես այս ընտրությունները կենսական են բոլորիս համար: Հիշե´ք, որ մեր երկրի Մայր օրենքը երաշխավորել է հավասար ու ազատ ընտրություններ ու որևէ մեկը չի կարող հակառակը հարկադրել: Մեր քվեով պետք է ապահովենք բոլորիս միասնության հաստատումն ու պետության վստահ առաջընթացը, երաշխավորենք համերաշխության վերականգնումը: Ու վաղն ամեն ինչ որոշելու ենք հենց մենք` Հայաստանի քաղաքացիներիցս յուրաքանչյուրը` միայն մեր կամքի բացարձակ ազատությամբ, խղճով ու սրտի թելադրանքով` մեր գաղտնի քվեով»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպանը»:
22:43 - 19 հունիսի, 2021