Ակնհայտ է, որ մենք քվեարկում ենք հանուն համերաշխության, վաղը երկրում հաշտությունը վերականգնելու համար։ Այս մասին քվեարկություն կատարելուց հետո հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
«Ասել ենք, որ վաղվանից երկրում ներքաղաքական համերաշխությունն ու հաշտությունը վերականգնելու ժամանակն է։ Բնականաբար, ավելի վաղ կարելի էր դա անել, բայց ընտրությունները մեզ համար շանս են այս իրավիճակում այդ քայլը կատարել։ Մեծ հույս ունեմ, որ համերաշխությունը, հաշտության վերականգնումը այլընտրանք չի ունենալու մեզ համար, որովհետև մեր մարտահրավերները շատ ավելի մեծ են, քան մենք ենք պատկերացնում։ Այս իմաստով է, որ մենք ուղղակի այլընտրանք չունենք։ Մենք պետք է մեր փոքրիկ ճշմարտությունները մի կողմ դնենեք՝ հանուն ավելի մեծ ճշմարտության և հանուն ավելի մեծ արժեքի, որ պետությունն է, մեր պետականությունն է»։
Ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ Մարուքյանն ասաց, որ այն լի է եղել ատելության խոսքով։ «Մեր երեխանեը հեռուստատեսությամբ լսում էին այնպիսի բառամթերք, որը ես չէի ցանկանա, որ որևէ մեկի երեխան լսեր, նայեր տեսներ։ Այդ իմաստով բավականին բարձր էր թե՛ ատելության քարոզչությունը, թե՛ բռնության քարոզչությունը։ Բայց, այո՛, այն ակնկալիքները, որ կար, որ այ եսիմինչեր կլինի, բնականաբար լավ էր, որ չեղան։ Այսօրվա ակնկալիքներն էլ չեն արդարանալու։ Ամբողջ օրը շատ հանգիստ է անցնելու, և վաղվա հետ կապված էլ արդեն մենք ունենք ծանուցումներ, որ կողմերը պետք է ցույցեր անեն։ Կարծում եմ, որ ընտրատեղամասերում՝ քվեատուփերի մեջ, մեր քաղաքացիները այնպես են քվեարկելու, որ դրա հնարավորությունն էլ չի լինելու։ Այսինքն՝ չի լինելու ինչ-որ ուժ, որը կարող է ասել, որ ես հաղթել եմ միայնակ, և գալու ենք մեր այն գաղափարին, որ պետք է բոլորով նստենք մեկ սեղանի շուրջ և ձևավորենք ազգային համաձայնության կառավարություն։ Միայն այս պարագայում է, որ մենք կկարողանանք այս վիճակից դուրս գալու ելքը գտնել»։
comment.count (0)