ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Իրավիճակը ԼՂ-ում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին

Իրավիճակը ԼՂ-ում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին

Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ Մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։  Նիստում նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև։ Ելույթ են ունեցել նաև ԵՄ և տասն այլ երկրների ներկայացուցիչներ՝ ըստ էության վերահաստատելով Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը վերականգնելու անհրաժեշտությունը։ Պարո՛ն նախագահող, Հարգելի՛ դեսպաններ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը՝ Մշտական խորհրդի այս հատուկ նիստը հրավիրելու համար: Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամն է, որ դիմում եմ այս հարգարժան կառույցին, և արդեն երկրորդ անգամն է, որ այստեղ ելույթ եմ ունենում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին։ Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Մշտական խորհրդի հատուկ նիստին իմ վերջին ելույթից ի վեր տեղի ունեցած իրադարձություններին։  Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշում ընդունեց Ադրբեջանի դեմ՝ պարտավորեցնելով բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժն ապահովելու նպատակով: Խստագույնս հակադրվելով այս որոշմանը՝ ապրիլի 23-ին Ադրբեջանն ապրօրինաբար հսկիչ անցագրային կետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ պնդելով, թե այդ կերպ իրականացնում է Դատարանի որոշումը: Ավելին, հունիսի 15-ին Ադրբեջանն արդեն ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքն` արգելելով ցանկացած տեսակի, և նույնիսկ հումանիտար հասանելիությունը դեպի Լեռնային Ղարաբաղ, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի համար: Հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ վերահաստատել է Ադրբեջանի միջազգայնորեն ամրագրված իրավական պարտավորությունը ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ հետևաբար, անմիջապես կասեցնել իր հսկիչ անցագրային կետի գործունեությունը, քանի որ այն անհերքելիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները: Հարգելի՜ գործընկերներ, Այս ելույթին զուգահեռ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փաստացի շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։ Այս ապօրինի արգելափակումից ավելի քան 7 ամիս անց իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է։ Գիտեմ, որ ԵԱՀԿ-ում մեր պատվիրակությունը պարբերաբար տեղեկացնում է Մշտական խորհրդին տեղում տիրող իրավիճակի մասին, հետևաբար, ես շատ չեմ կենտրոնանա մանրամասների վրա, այլ կամփոփեմ հիմնական կետերը: Մարդասիրական տեսանկյունից առավել հրատապ են էներգետիկ և պարենային անվտանգության խնդիրները, ինչպես նաև առողջապահական համակարգի պատշաճ գործունեության խաթարումը։ Կցանկանայի ներկայացնել ձեզ որոշ փաստեր և թվեր, որոնք կօգնեն առավել լավ պատկերացում կազմել տեղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կապված էներգետիկ անվտանգության հետ. Հունվարի 9-ից սկսած Ադրբեջանը խափանել է  Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ բարձրավոլտ հոսանքագծով իրականացվող էլեկտրականության մատակարարումը: Ամեն օր վեցժամյա հոսանքազրկումներ են տեղի ունենում, առկա է էլեկտրաէներգիայի սպառման 48%-ով նվազում, տեղական էլեկտրաէներգիայի արտադրության և մատակարարման համակարգերի գերշահագործում: Սկսած 2022թ. դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը պարբերաբար, իսկ 2023թ. մարտից 21-ից գրեթե մշտապես, խափանում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը՝ խորացնելով էներգետիկ և հումանիտար ճգնաժամը: Վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ պաշարների նվազող հասանելիության և Հայաստանից մատակարարումների ամբողջական կասեցման պայմաններում գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները, ինչպես նաև տնտեսության մյուս ճյուղերի գործունեությունը դադարեցվել են: Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, նրանցից 4678-ը շաքարային դիաբետով և 8450-ն արյան շրջանառության հիվանդություններով, գրեթե զրկված են անհրաժեշտ դեղորայք ստանալուց:  Դեղատների ցուցափեղկերը լիովին դատարկ են՝ անհնար դարձնելով նույնիսկ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը:  Եվ վերջում, շրջափակման հետևանքով սոցիալական և կրթական իրավունքները նույնպես խախտված են՝ կապված կրթական հաստատությունների և սոցիալական ծառայությունների գործունեության խաթարման հետ:   Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն։ Հասկանալի պատճառներով չեմ կարող շատ մանրամասնել ընթացող քննարկումների մասին և կցանկանայի պարզապես վերահաստատել մեր պատրաստակամությունը բարեխղճորեն ներգրավվել չափազանց բարդ և զգայուն հարցերի և իրավիճակների լուծումներ գտնելուն: Այս բանակցություններում ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է գոյություն ունեցող միջպետական սահմանների փոխադարձ ճանաչմանը։  1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանները ճանաչվել են որպես միջպետական սահմաններ: Հայաստանը կողմնակից է հստակ սահմանագիծ ունենալուն՝ ապագայում ցանկացած տարածքային պահանջից խուսափելու և ուժի կիրառման միջոցով այդ պահանջները նյութականացնելու հավանականությունը բացառելու նպատակով:  Եվ ցանկացած հետագա երկիմաստությունից խուսափելու համար մենք առաջարկում ենք միջպետական սահմանների սահմանազատման համար որպես հիմք օգտագործել գոյություն ունեցող ամենավերջին քարտեզները:  Խորին  ափսոսանքով նշենք, որ թվում է՝ այս հարցում լուրջ երկիմաստություն թողնելը հենց այն է, ինչին մտադրվել և ձգտում է Ադրբեջանի ղեկավարությունը: այդ քայլն արվելու է, ես դրանում կասկած չունեմ։ Ես կրկին ասում եմ նրանց այստեղից՝ Լաչինի հողից, որը նրանք երկար տարիներ շահագործում էին և ապօրինի բնակեցմամբ էին զբաղվում, որ իրենց գիրքը փակված է»։ «Իմ  ներկայացուցիչը գնաց և առաջին հանդիպումն ունեցավ նրանց հետ, հետո նրանց հրավիրեցինք Բաքու՝ բանակցելու: Նրանք հրաժարվեցին դա անել: Դրանից հետո, մենք երկրորդ անգամ հրավիրեցինք նրանց Բաքու, այսինքն՝ Ղարաբաղում բնակվող հայ փոքրամասնության ներկայացուցիչներին։ Նրանք դրանից էլ հրաժարվեցին։ Երրորդ հրավեր չի լինելու: Կամ կգան գլուխները կկախեն և ինքնուրույն կգան, կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։» Այս հայտարարություններն Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը Ադրբեջանի կողմից տարբեր կեղծ փաստարկներով չկատարելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտման հետ մեկտեղ, բացահայտում և հստակ ի ցույց են դնում Ադրբեջանի ղեկավարության իրական տրամադրվածությունն ու դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի նկատմամբ։ Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները հավասարապես վկայում են միջազգային իրավունքին հավատարմության և միջազգային հանրության կոչերին ականջալուր լինելու ցանկության  բացակայությունը: Պարո՛ն նախագահող,  Այժմ ցանկանում եմ անդրադառնալ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերների և այլ պահվող անձանց հարցին: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պատանդառված քաղաքացիական անձանց: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն՝ Բաքվում դեռևս պատանդ է պահվում 33 անձ, այդ թվում՝ երեքը քաղաքացիական: Ավելին, 2023 թվականի մայիսի 26-ին` Բրյուսելի և Մոսկվայի հանդիպումներից հետո, մարտական դիրքեր պաշար և ջուր տեղափոխող՝ Հայաստանի զինված ուժերի ևս երկու զինծառայողներ են առևանգվել Ադրբեջանի` Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած զինված ստորաբաժանման կողմից: Հուլիսի 7-ին նրանք դատապարտվել են 11.5 տարվա ազատազրկման: Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտումն է։ Պարո՛ն նախագահող, Հարգելի՛ դեսպաններ, ԵԱՀԿ-ն՝ իր մանդատով լիազորված իր կառույցներով, 1990-ականների սկզբից ներգրավված է եղել միջնորդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները: Ցավոք, ուժի կիրառումը և պատերազմական ագրեսիան լուրջ հարված հասցրին այդ ջանքերին։ Թեպետ Ադրբեջանը սխալմամբ պնդում է, որ ԼՂ-ն այժմ ներքին խնդիր է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի գոյատևի Լեռնային Ղարաբաղում։ Չնայած Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա վատթարացումը սպառնում է լրջորեն վնասել ընթացող քաղաքական գործընթացին: Այսպիսով, Հարավային Կովկասում  խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ բոլոր գործընկերները պետք է հստակ գործողություններ ձեռնարկեն: Իրավիճակը պարզից էլ պարզ է. Լաչինի միջանցքի բացման նպատակով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելը մեծապես կնպաստի մեր տարածաշրջանի խաղաղության հեռանկարներին։ Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ահազանգել, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ է վատթարանում: Ներկա իրավիճակը տեղում գնահատելու համար պահանջվում է միջազգային հանրության անհապաղ ուշադրությունը: Համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղ կարիքների գնահատման առաքելություն ուղարկելը և տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը չափազանց մեծ կարևորություն ունեն: Հայաստանը ակնկալում է ադրբեջանական կողմից. վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների, իրականացնել Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ին ընդունած և հուլիսի 6-ին վերահաստատած  որոշումը, ապահովել մարդասիրական հասանելիություն դեպի Լեռնային Ղարաբաղ և համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցների հետ, լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերը բացառապես խաղաղ միջոցներով: Շնորհակալություն ուշադրության համար։   Ամփոփիչ ելույթ Ես կցանկանայի  շնորհակալություն հայտնել բոլոր այն պատվիրակություններին, որոնք քիչ առաջ հստակ և աներկբա արտահայտվեցին Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի անթույլատրելիության մասին: Թույլ տվեք ևս մեկ անգամ ընդգծել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում աղետալի է և կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ: Մենք այլևս չենք խոսում վերահաս ճգնաժամի մասին, մենք խոսում ենք շարունակվող հումանիտար աղետի մասին: Միջնադարյան գործելաոճը պետք է դադարեցվի: Այսպես չի կարող շարունակվել, եթե մենք լուրջ ենք վերաբերվում արժեքներին և սկզբունքներին։  Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ և ԵԱՀԿ-ն մասնավորապես չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք։ Լեռնային Ղարաբաղի պաշարումը և Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է անհապաղ վերացվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված և դրանից բխող հարցերը պետք է պատշաճ և բարեխիղճ կերպով հասցեագրվեն: Դա ճանապարհ կհարթի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների առաջմղման համար և այդքան երկար սպասված խաղաղություն կբերի տարածաշրջան։ Լռությունը, անտարբերությունն ու անգործությունն այլևս տարբերակ չեն։ Միջազգային մեխանիզմները պետք է արագ արձագանքեն նման իրավիճակների կարգավորման համար իրենց՝ մանդատով նախատեսված գործողությունների և գոյություն ունեցող գործիքակազմի շրջանակներում:  Շնորհակալություն։
19:42 - 20 հուլիսի, 2023
ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն է հայտնել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշմանը
 |1lurer.am|

ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը աջակցություն է հայտնել Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշմանը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Հոլանդը։ «Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքում տեղաշարժի շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով։ Աջակցում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Մեծ Բրիտանիան կրկին բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ մարդասիրական օգնության քաղաքականացումից»,- նշել է Հոլանդը։ Դեսպանի խոսքով՝ որպեսզի խաղաղ բնակչությունը պաշտպանված լինի, շատ կարևոր է, որ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, կարողանան շարունակել իրենց աշխատանքն այս տարածաշրջանում, որտեղ նրանց գործողություններն ապահովում են հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիություն, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներ և առողջապահություն։ «Մեծ Բրիտանիան հստակ ասել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և երկու կողմերին էլ կոչ է անում շարունակել բովանդակային բանակցությունները կարգավորման ուղղությամբ: Մենք ընդունում ենք, որ կարգավորման ցանկացած համաձայնագիր պետք է ներառի դրույթներ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Միացյալ Թագավորության նախարարներն այդ հարցը քննարկել են արտգործնախարար Բայրամովի հետ՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան ռազմավարական վերջին երկխոսության ժամանակ»,- տեղեկացրել է դիվանագետը, որի խոսքերն է մեջբերում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը: Նա ոգևորություն է հայտնել հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կապակցությամբ, և հույս հայտնել, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը կշարունակվի։
16:55 - 20 հուլիսի, 2023
Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Արարատ Միրզոյանը Վիեննայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգի հարցեր, մտքեր են փոխանակվել ներկայիս մարտահրավերների պայմաններում ԵԱՀԿ գործունեության և դերակատարման շուրջ:   «Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի մանրամասները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ներկայացնելով տարածաշրջանում համապարփակ կայունության հաստատման՝ Հայաստանի տեսլականը՝ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը չպետք է գործի ինքնիրավչության պայմաններում: Շեշտվել է միջազգային մեխանիզմի ներքո ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հրամայականը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը, անտեսելով նաև Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումները, շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը: Նախարարը շեշտել է 21-րդ դարում Եվրոպայի հարևանությամբ հերթական հումանիտար աղետը և ԼՂ բնակչության էթնիկ զտումները կանխելու հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի հրատապությունը՝ կարևորելով նաև ԵԱՀԿ մեխանիզմների և առկա գործիքակազմի արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է բոլոր առկա խնդիրների պատշաճ հասցեագրում։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման և հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
12:13 - 19 հուլիսի, 2023
ՔՊ պատգամավորներն արձագանքում են Օսկանյանի՝ օրակարգում ինքնավար մարզ հասկացություն մտցնելու առաջարկին
 |1lurer.am|

ՔՊ պատգամավորներն արձագանքում են Օսկանյանի՝ օրակարգում ինքնավար մարզ հասկացություն մտցնելու առաջարկին |1lurer.am|

1lurer.am: Վանկուվերում կայացած ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքները ներկայացնելիս պատգամավորներն անդրադարձան նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ բանակցությունները 3 ամսով դադարեցնելու և օրակարգում «ինքնավար մարզ» հասկացությունը մտցնելու առաջարկին: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նախ տեղեկացրեց՝ նման ֆորմատներ չկան, ապա պարզաբանեց. «ՀՀ-ն ունի ընտրված խորհրդարան, և խորհրդարանն էլ նշանակել է Կառավարություն, և կա վարչապետ, որը բանակցում է, կա ԱԳ նախարար, որը բանակցում է, կա դիվանագիտական կորպուս, որը բանակցում է, պարբերաբար առաջ եկող այս էկզոտիկ գաղափարներին չգիտեմ ինչպես վերաբերվել»: Խանդանյանը նկատեց, որ մինչև 2021-ի ընտրությունները «իշխանությունը տվեք մեզ՝ առանց ընտրությունների, կիմանանք՝ ինչ ենք անում» առաջարկն է եղել, իսկ հիմա, կարծում է՝ «ծառայությունների մատուցման ավելի պրոֆեսիոնալ առաջարկներ են»: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշեց, որ հավատում է, որ Վարդան Օսկանյանն անկեղծ մղումներով է բանակցային գործընթացի իր փորձն ուզում փոխանցել: «Ավելի անկեղծ կլիներ և ավելի տեղին կլիներ, եթե պարոն Օսկանյանը ոչ թե ասեր՝ գլխավոր բանակցողի պաշտոնը տվեք ինձ, ես 3 ամսում կփոխեմ բանակցային գործընթացի ողջ ուղղությունը, այլ եթե ունի խորհուրդներ, որոնք լեգիտիմ կարող են լինել, կամ ունի քննարկելու առիթ, բաց են ԱԳՆ-ի դռները, բաց են Կառավարության դռները: Կարող է մոտենալ, մեյլ գրել կամ ուղարկել իր առաջարկները մեր պաշտոնյաներին, որոնց միջոցով կարող է փոխանցել այն առաջարկները, որոնք, ի դեպ, նա չէր ուզում ի սկզբանե հանրային ասել, որովհետև բանակցային գործընթացը պետք է փակ լինի: Եվ ևս մեկ նկատառում. պարոն Օսկանյանն այս անգամ բացում է փակագծերը, ասում, որ խնդրում եմ, որպեսզի պարոն Փաշինյանը բանակցային գործընթաց մտցնի ինքնավար մարզի գաղափարը: Ներողություն եմ խնդրում պարոն Օսկանյանից, ուզում եմ հստակեցնի՝ ինքնավար մարզ ո՞ր պետության շրջանակներում, որովհետև պարոն Օսկանյանը զուգահեռաբար ստորագրում է «Հայաքվե» նախագիծը, որով, Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, քրեականացվում է»,- ասաց նա, ապա հավելեց, որ կցանկանար, որ Օսկանյանը մեկնաբանի հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ իր հերթին նշեց, որ կարդացել է Վարդան Օսկանյանի հոդվածները՝ հույս ունենալով, որ կգտնի կետեր, որոնք չեն արվել, բայց կարելի է անել, բայց «աբստրակտ» բաներ է գտել: Նա նաև հիշեցրեց, որ 2000-ականներին Ստամբուլյան խարտիայից հետո Օսկանյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իրեն հաջողվել է ԼՂ հակամարտությունը վերածել «էթնոտերիտորիալ կոնֆլիկտի», և դա ներկայացրել որպես ձեռքբերում: «Այդ հակամարտությունը վերածել տարածքային վեճի երկու երկրների միջև եղել է ամենասխալ քայլերից մեկը դիվանագիտության ողջ պատմության ընթացքում»,- ասաց Մարիա Կարապետյանը:
14:40 - 14 հուլիսի, 2023
Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Խանդանյան
 |armeniasputnik.am|

Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Խանդանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում` Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Այսօր խորհրդարանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։ «Մեր դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում։ Մենք կարծում ենք, որ պետք է լինի երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցերն այս շրջանակում պետք է քննարկվեն, որպեսզի ունենա միջազգային տեսանելիություն»,- ասաց Խանդանյանը։ Նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն օր օրի ավելի սարսափելի է դառնում, և իրենք այդ մասին անդադար խոսում են բոլոր խորհրդարանական շփումներում, բայց նաև ընդգծեց, որ Հայաստանի դերը ընդամենը խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ այդ հարցերը բարձրաձայնելն է։ «Մեր դերը պետք է լինի փորձել մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա և մի շարք հարթակներում, օրինակ` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում համապատասխան որոշումների հասնել, որոնք կենթադրեն նաև որոշակի գործողություններ. օրինակ` միջազգային ավելի լայն ներկայություն Լեռնային Ղարաբաղում, որն ավելի հստակ և երաշխավորված կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները»,–ասաց Խանդանյանը։ Նա ընդգծեց, որ պետք է պահպանվեն նոյեմբերի 9–ի հայտարարության դրույթները և իրագործվի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Պատգամավորի խոսքով` միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և այդ ընկալումը միջազգային գործընկերների մոտ առկա է։
13:42 - 14 հուլիսի, 2023
Ալիևը պարտավոր է կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում և երաշխավորել ԼՂ ժողովրդի իրավունքները. Ուորլիք
 |news.am|

Ալիևը պարտավոր է կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում և երաշխավորել ԼՂ ժողովրդի իրավունքները. Ուորլիք |news.am|

news.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարտավոր է Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի կազմում, և դա պետք է բանակցությունների կարևոր հարցերից մեկը լինի, NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով հարցին, թե որը կարող է լինել հաջորդ քայլը խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ բանակցություններում, եթե Հայաստանի վարչապետը հայտարարել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին։ Ուորլիքի համոզմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ պետք է քննարկի հույժ կարևորություն ունեցող հարցերը, և նման երկխոսությունը, կարծում է, չափազանց կարևոր է կարգավիճակի հարցում։ «Խոսքն Ադրբեջանի կազմում կարգավիճակ տրամադրելու մասին է։ Կարևոր իրավունքներ և երաշխիքներ կան, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, և, այդ իմաստով, նաև Լեռնային Ղարաբաղից դուրս։ Կարծում եմ՝ կգա ժամանակը, երբ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան խաղաղ և անվտանգ ապրել կողք կողքի, բայց դրա համար վստահության ամրապնդման համար միջոցներ պետք է ձեռնարկվեն, և Ադրբեջանի կառավարությունը պետք է բարեխղճորեն բանակցի այս հարցի շուրջ և որոշակի մեծահոգություն դրսևորի՝ երաշխավորելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է անվտանգ, պաշտպանված զգալ և բարեկեցիկ ապրել Ադրբեջանի կազմում»,- նշեց ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը։ Պաշտոնական Երեւանը պնդում է, որ դեռ 2007թ. համաձայնվելով բանակցել Մադրիդյան սկզբունքների հիման վրա՝ Հայաստանն արդեն իսկ ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, եւ որ Արցախի ժողովուրդը հեռավոր ապագայում ինքնորոշվելու եւ Ադրբեջանի կազմից դուրս որեւէ կարգավիճակ ստանալու հնարավորություն չի ունեցել։ Անդրադառնալով Հայաստանի այս դիրքորոշման ու հարցին՝ արդյո՞ք Արցախի ապագա կարգավիճակը որեւէ կերպ կանխորոշված է համարվել բանակցություններում, ԱՄՆ նախկին համանախագահն ընդգծել է՝ իր համանախագահ եղած շրջանում բանակցային սեղանին կարգավորման տարբերակ կար, որին հնարավոր կլիներ հասնել, եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստ լինեին գնալ դրան, բայց նրանք, ըստ Ուորլիքի, պատրաստ չէին։ «Անկեղծ ասեմ՝ Հայաստանի համար իրավիճակն ավելի նպաստավոր կլիներ, եթե իմ համանախագահ եղած շրջանում այդ լուծմանը գնալու համաձայնություն ձեռք բերվեր։ Դա չպետք է տեղի ունենար պատերազմի և հակամարտության ճանապարհով։ Բա դա արդեն անցյալում է։ Համոզված եմ, որ կարգավիճակի հարցը բանակցությունների օրակարգում է։ Խոսքը չի գնում ներկա պահին անկախ կարգավիճակ ստանալու մասին, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու պարտավորությունները պետք է ճանաչվեն Ադրբեջանի կազմում խաղաղ և անվտանգ ապրելու համար։ Կարծում եմ՝ նախագահ Ալիևը պարտավոր է Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տրամադրել Ադրբեջանի կազմում, որը պետք է բանակցությունների կարևոր հարցերից մեկը լինի»,- նկատեց Ուորլիքը։ Հարցին՝ արդյո՞ք 2020թ. պատերազմից հետո Հայաստանը կարող էր չճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, շարունակել առաջ մղել ազգերի ինքնորոշման սկզբունքը կամ, առնվազն, պնդել, որ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվի, Ուորլիքը նկատեց՝ հայկական կողմերը պետք է ընդունեն առկա իրողությունները։ «Ադրբեջանը միշտ էլ պնդել է տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանը պնդում էր ազգերի ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակի հարցի քննարկումը։ Կարծում եմ՝ լուծումը կարող էր ձևակերպվել այնպես, որ ընդունելի կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ Բայց դա արդեն անցյալում է՝ մենք այն հանգրվանում ենք, որտեղ որ գտնվում ենք, և Հայաստանի կառավարությունն ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ընդունեն առկա իրավիճակը և աշխատեն այնպիսի լուծման ուղղությամբ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները»,- շեշտեց ԱՄՆ նախկին համանախագահը։
17:19 - 12 հուլիսի, 2023
Բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` մենք շարունակելու ենք պահպանել խաղաղության մեր քաղաքական ուղեգիծը. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում

Բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` մենք շարունակելու ենք պահպանել խաղաղության մեր քաղաքական ուղեգիծը. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Լիագումար նիստում հուլիսի 4-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: «Տիկի’ն նախագահ,Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ եւ կայուն, եթե տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան գտնել համակեցության բանաձեւ: Այս բանաձեւը կօգնի մեզ ապահովել եւ պաշտպանել մեր անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը:Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է ուժեղ մանդատ` խաղաղություն բերելու իմ երկիր եւ հնարավոր դարձնելու խաղաղ համակեցության դարաշրջանը ապագա սերունդների համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում: Ավելորդ է ասել, որ հարեւանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Գործընթացի երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն դրան:
19:27 - 10 հուլիսի, 2023
Հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ. Սարգիս Խանդանյանը՝ ԽՎ-ում

Հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ. Սարգիս Խանդանյանը՝ ԽՎ-ում

Հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ, և Հայաստանի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից: Այս մասին ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի լիագումար նիստում: «Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ և կայուն, եթե տարածաշրջանի բոլոր երկրները կարողանան գտնել համակեցության բանաձև: Այս բանաձևը կօգնի մեզ ապահովել և պաշտպանել մեր անկախությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը»,-նշել է Խանդանյանը: Նա հավելել է, որ Հայաստանի կառավարությունն իր ժողովրդից ստացել է ուժեղ մանդատ` խաղաղություն բերելու իմ երկիր և հնարավոր դարձնելու խաղաղ համակեցության դարաշրջանը ապագա սերունդների համար: Հենց այդ պատճառով էլ Հայաստանը կառուցողականորեն ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում: «Ավելորդ է ասել, որ հարևանների հետ խաղաղության ձգտումը միակողմանի գործընթաց չէ: Գործընթացի երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն դրան: Ցավոք, Հայաստանի կառուցողական մոտեցումը հաճախ չի հանդիպում համանման դիրքորոշման Ադրբեջանի կողմից: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել վեհաժողովին Վանկուվերի հռչակագրում իր դիրքորոշման համար: Ինչպես արդեն ասացի, մենք պետք է գտնենք մեր բոլոր հարևանների հետ համակեցության բանաձևը, և այստեղ ես ուզում եմ ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը: Հայաստանն այս ամբողջ գործընթացի ընթացքում մի քանի դրական քայլեր է ձեռնարկել` ի ցույց դնելով իր անկեղծ հանձնառությունը երկու երկրների միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Մենք հուսով ենք, որ Թուրքիան նույնպես ավելի մեծ ջանքեր կներդնի և ավելի մեծ հանձնառություն կցուցաբերի դրան, որպեսզի մոտ ապագայում կարողանանք դրական արդյունքների հասնել»,-ասել է նա:   Խանդանյանը շեշտել է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն այլընտրանք չկա, և բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` Հայաստանը շարունակելու է պահպանել խաղաղության իր քաղաքական ուղեգիծը: Պատգամավորը հույս է հայտնել, որ տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և համագործակցության մասին այս զրույցը կկարողանան շարունակել Հայաստանում կայանալիք աշնանային նստաշրջանի ընթացքում: Նա ուրախությամբ բոլորին հրավիրել է Հայաստան: «Հուսով եմ, որ մինչ այդ մենք ավելի քիչ ռազմական գործողությունների և բռնությունների ականատես կլինենք ԵԱՀԿ տարածաշրջանում»,-եզրափակել է պատգամավորը:  
15:57 - 10 հուլիսի, 2023
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հուլիսի 8-ին Խորվաթիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:  Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ագրեսիվ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և մարդասիրական խնդիրներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանն ուղղված՝ Բաքվի քաղաքականության կանխման նպատակով միջազգային կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ անարգել մարդասիրական հասանելիության համար:   Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայությունների և առկա մարտահրավերների շուրջ:
14:57 - 09 հուլիսի, 2023
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրում են պատասխանատվության իրենց բաժինը. Արցախի արտաքին գործերի նախարար |news.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրում են պատասխանատվության իրենց բաժինը. Արցախի արտաքին գործերի նախարար |news.am|

news.am: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրում են պատասխանատվության իրենց բաժինը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցում։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։ Պատասխանելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների մասին հարցին, որն օրերս հույս էր հայտնել, որ Ադրբեջանում հնարավոր է Արցախի ժողովրդի իրավունքների ապահովումը, նախարարը հիշեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը մանրամասն պատասխանել է դեսպանին։ «Ադրբեջանի ո՞ր քայլերն են հավատալու հիմք տվել։ Տեղի է ունենում ուղիղ հակառակը։ Եթե որեւէ մեկը հույսեր ունի էլ, ապա դրանք պետք է ցրվեն վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ ՄԽ համանախագահներից սպասում ենք ավելի ակտիվ մասնակցություն, այլ ոչ թե կոչեր եւ հայտարարություններ։ Նրանք կրում են պատասխանատվության իրենց բաժինն այս իրավիճակի համար, եւ խոսքը էթնիկ զտումների կանխման մասին է»,- ասել է Արցախի արտաքին գործերի նախարարը։ 
12:23 - 06 հուլիսի, 2023
ԵԱՀԿ ԽՎ–ն ընդունել է ՀՀ պատվիրակության բոլոր առաջարկները. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ–ն ընդունել է ՀՀ պատվիրակության բոլոր առաջարկները. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունել էՀայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ, մասնավորապես՝ - Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, - Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման, - Կոչ է անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով, - Կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը, պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և աջակցել ականազերծման գործընթացին, - Խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, - Ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը։
09:37 - 05 հուլիսի, 2023
Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան

Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում: «Տիկնա՛յք և պարոնա՛յք, Թեև մեզ շրջապատող խոր մտահոգությունները կարող են վախ սերմանել շատերի մեջ, սակայն մեզ համար` որպես ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, կարևոր է գնահատել իրավիճակը և վճռական գործողություններ ձեռնարկել մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման համար: Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչ արդեն երկու հարյուր օրից ավելի շրջափակման մեջ է: Ուզում եմ հիշեցնել, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավականորեն պարտադիր ժամկետային միջոց է կիրառել` ի պատասխան Հայաստանի գործի: Դատարանը որոշեց, որ առկա է Ռասսայական խտրականության վերացման կոնվենցիայով նախատեսված հայերի իրավունքներին անուղղելի վնաս հասցնելու անմիջական վտանգ: Հանձնարարվել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անսահմանափակ տեղաշարժն ապահովելու համար: Ցավոք, Ադրբեջանը չի կատարել միջազգային դատարանի որոշումը և ավելի է սրել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքով անցնելու հնարավորությունը, այդ թվում` Կարմիր խաչի և խաղաղապահ ուժերի համար: Իրավիճակը սարսափելի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ արագ վերջացող պաշարների սպառվելու խնդրի հետ: Այժմ, առավել քան երբևէ, հրամայական է մեր ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վրա` հայտարարությունների, բանաձևերի եւ, ամենակարևորը, կոնկրետ գործողությունների միջոցով: Մենք պետք է ընդունենք, որ այս մարդկանց իրավունքները նույնքան կարևոր են, որքան մեր բոլորինն այսօր այստեղ: Հանդես գալով Լեռնային Ղարաբաղում ժողովրդի իրավունքների և անվտանգության համար` մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների մեր արժեքները, որոնք համամարդկային են` անկախ իրենց աշխարհագրությունից: Շնորհակալություն»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:  
12:16 - 04 հուլիսի, 2023
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երևանում։ Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում։ Այդ մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է. «Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, և այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը և երկխոսությունն ավելի է կարևորվում։ Վեհաժողովի աշնանային նստաշրջանը Երևանում անցկացնելով՝ վեհաժողովի անդամները հնարավորություն կունենան անդրադառնալ և մտքեր փոխանակել Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերների ու դրանց հետևանքների մասին»։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական հարթակը միավորում է ավելի քան 320 պատգամավորի 57 անդամ երկրից։ Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել միջխորհրդարանական երկխոսությանը՝ առաջ մղելով ԵԱՀԿ համապարփակ անվտանգության նպատակները։ 
13:31 - 01 հուլիսի, 2023
ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի. Գեղամ Մանուկյան
 |news.am|

ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի. Գեղամ Մանուկյան |news.am|

news.am: «Նիկոլ Փաշինյանը, ԱԽՔ-ը եւ մնացած ախքերը հայ ժողովուրդ չեն եւ չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը, չունեն մանդատ, չունեն լեգիտիմ իրավունք հայ ժողովրդի անունից նման դավաճանական հայտարարություններ անել. այսօր տարբեր դեսպանությունների մոտ բարձրաձայնումը նաեւ դրա վկայությունն է, ինչպես նաեւ միջազգային հանրությանը իրական գործողությունների մղելուն»: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Ռուսաստանի դեսպանատան մոտ նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Տվյալ դեպքում ՌԴ-ն, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է եւ ունի պարտավորություններ, որի խաղաղապահ առաքելության ներկայությունն այսօր, ցավոք սրտի, միակ անվտանգային երաշխավորն է եւ առաջիկա տարիներին էլ ՌԴ զորքերի ներկայությունը Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար, բայց Ադրբեջանը այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ, ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի այսօրվա խուլ շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար»,-ասաց նա: Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մեկնարկի հետ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «ԱՄՆ-ն փորձում է հապշտապ ինչ-որ պայմանական «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրել, այնինչ Արցախը շարունակում է շրջափակված մնալ»: Նա վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդն իր կամքով եւ կազմակերպվածությամբ թույլ չի տա նման պայմանագրի վավերացում: Գեղամ Մանուկյանն ասաց, որ հիմա իրենց ուղերձը փոխանցելու են ՌԴ դեսպանատուն, որը համապատասխանաբար, կհասնի Մոսկվա: Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այսօր՝ հունիսի 27-ին, նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պստառներ. «Բացեք կյանքի ճանապարհը», «Գորշելու պահը հիմա է», «Արցախը դիմակայում է ֆաշիզմին», «Վերջ տվեք ապօրինի շրջափակմանը»: Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։ Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։ Նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր առավոտյան ժամը 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին,  ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։
10:03 - 27 հունիսի, 2023
ՄԻՊ-ը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը

ՄԻՊ-ը ԵԱՀԿ ներկայացուցչի հետ անդրադարձել է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վիեննա կատարած այցի շրջանակում այսօր՝ հունիսի 20-ին, հանդիպել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ: Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծելով ատելության խոսքի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ու ծրագրերի կարևորությունը։ Քննարկվել են նաև լրատվամիջոցների կողմից կարծիքի ազատ արտահայտման իրավունքի երաշխավորման, լրագրողների անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, ընդգծվել է ԶԼՄ-ների կարևորությունը ժողովրդավարական հասարակության կայացման հարցում։ Ընդգծվել է պրոֆեսիոնալ լրատվական գործունեության ապահովման տեսանկյունից լրագրողների կողմից էթիկայի կանոնների պահպանման կարևորությունը։ Թերեզա Ռիբեյրոն, իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային հաստատությունների դերը խոսքի և մամուլի ազատության իրավունքի իրացման գործում: Հանդիպման շրջանակում Պաշտպանը հատուկ անդրադարձել է Ադրբեջանի՝ պետության կողմից հովանավորվող և հասարակության բոլոր մակարդակներում դրսևորվող հայատյաց քաղաքականությանը: «ՄԻՊ աշխատակազմն ամենօրյա մշտադիտարկման է ենթարկում ադրբեջանական մեդիադաշտն ու սոցիալական հարթակները: Հայերի նկատմամբ ատելության խոսք է հնչեցվում հասարակության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից»,- նշել է Պաշտպանը:  
22:18 - 20 հունիսի, 2023