ԵԱՀԿ ԽՎ նիստի ժամանակ Փաշինյանն ասաց, որ նստաշրջաննը չափազանց բարդ ժամանակաշրջանում է տեղի ունենում, երբ վերջին տասնամյակներում գոյություն ունեցած համաշխարհային կարգը ճաքեր է տալիս՝ քայքայման հավաստի նշաններ ցույց տալով։
«Երեկ մենք ի վիճակի չեղանք ամբարտակներ կառուցել՝ այսօրվա հեղեղները կանխելու համար, հետեւաբար որքան էլ դժվար լինի, այսօր պիտի փորձենք կառուցել դրանք՝ վաղվա հնարավոր հեղեղները հանդարտեցնելու նպատակով։
ՀՀ-ն գլոբալ երկիր չէ, բայց մենք փորձում ենք հենց վերոնշյալ գործելակերպը որդեգրել այն հարցերի առնչությամբ, որոնք մեր ամենօրյա օրակարգի մաս են, եւ որոնց լուծման համար մենք պատասխանատվության էական բաժին ենք կրում։ Խոսքը նախեւառաջ Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացի մասին է, եւ այստեղ մենք եւ լավ լուրեր ունենք, եւ վատ լուրեր։ Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են, դա տեղի է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Բրյուսելում Ադրբեջանի նախագահի եւ իմ հանդիպումների արդյունքում, այդ համաձայնություններն արձագանգրվել են մայիսի 14-ի եւ հուլիսի 15-ի հայտարարություններում։ Խաղաղության առաջին սկզբունքը հետեւյալն է՝ ՀՀ-ն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քկմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86.600 քկմ։ Երկրորդ սկզբունքը՝ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի քաղաքական հենքը Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Ահա այս հենքի վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կա որոշակի ըմռնում, որ դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ 1974-90թթ քարտեզները։ Նաեւ կա ըմբռնում, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ պատրաստ են ստանձնել իրավական պարտավորություն՝ ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշելու վերաբերյալ։
Ահա նաեւ այս ըմբռնում է պատճառը, որ մենք Ադրբեջանին առաջարկում ենք փոխադարձաբար զորքեր չունենալ ԽՄ ադմինիստրատիվ սահմանից այս ու այն կողմ, ինչպես նաեւ հասցեագրել էքսկլավ-անկալվների հարցերը։
Ադրբեջանի հետ խաղաղության հաջորդ սկզբունքը հետեւյալն է․ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության, հավասարության սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Փաշինյանի խոսքով՝ ամենակարեւոր վատ լուրն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ խոսում են տարբեր դիվանագիտական լեզուներով, եւ շատ հաճախ չեն հասկանում իրար։ Սրա համար, ըստ նրա, կան օբյեկտիվ պատճառներ [․․․]․
«Բայց Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել վերը հիշատակված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներն, ինչը խորացնում է անվստահության մթնոլորտը։
Չափազանց կասկածելի է թվում նաեւ այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ եւ ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել Արեւմտյան Ադրբեջան, եւ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով։ Սա մեզ պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, եւ խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է։
Մենք չենք հասկանում նաեւ տասնյակ գերիներին հետեւողականորն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը, չնայած վաղուց առաջարկել ենք այս թեման լուծել խաղաղության օրակարգին հարիր բանաձեւով՝ բոլորը բոլորի դիմաց։ Բայց եւ այնպես ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին։ Մտադիր եմ մեր կողմից ակտիվացնել դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարեւորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռամավարական տեսլականի համար․ «Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, եւ սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ։ Հույս ունենք Հարավային Կովկասը դարձնել աշխարհին լավ նորություններ մատակարարող տարածաշրջան․ ՀՀ-ն, ես անձամբ պատրաստ ենք կրել այս նպատակին հասնելու համար մեր բաժին պատասխանատվությունը»։
comment.count (0)