Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը ցնցել է բոլորիս․ իմ զորակցությունն եմ հայտնում հրդեհից տուժած մեր բոլոր գործընկերներին, խորին ցավակցությունս պատահարին զոհ դարձած մեր հայրենակցի ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Այս մասին նշված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ տարածած ուղերձում։  «Այսօր ուսանողների միջազգային օրն է, և հենց այսօր Երևանի պետական համալսարանում կատարված ողբերգական միջադեպն առաջնային է դարձնում անվտանգ կրթական միջավայրի կարևորությունը։ Լիահույս եմ, որ դեպքի ուսումնասիրությունը կտա բոլոր հարցերի պատասխանը։ Կատարված ցավալի միջադեպը մեզ թույլ չի տալիս տոնական շնորհավորանքներով անդրադառնալ ուսանողների օրվան, սակայն օրվա խորհրդի ընդգծումը կարևոր է։ Սիրելի՛ ուսանողներ, ձեր առողջությունը մեզ համար ամենաթանկն է․ պետությունը բուհերի և կրթական համակարգի բոլոր շահակիցների առջև կրթության անվտանգության, անհրաժեշտ նորմերի պահպանման առաջնային պահանջ է դնում, որը հստակ շեշտադրված է մեր կողմից նախաձեռնված բարեփոխման բոլոր ծրագրերում։ Կրթական տարբեր մակարդակներում այսօր ակտիվորեն իրականացվող բարեփոխումները՝ սկսած բովանդակությունից մինչև ենթակառուցվածքների բարելավում, նպատակաուղղված են ձեր որակյալ կրթության ապահովմանը։ Հայաստանի բուհերն ու միջին մասնագիտական կրթական հաստատություններն այսօր համալրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներով, որոնք ևս Հայաստանի Հանրապետության անմիջական հոգածության ներքո են: Յուրաքանչյուրիս ջանքն ու ցանկությունը կարևոր են՝ մեր հայրենակիցներին օր առաջ ինտեգրելու, նրանց կրթական իրավունքը վերականգնելու և աջակցելու հարցում: Պետության կողմից նախատեսվող աջակցության ծրագրերը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների համար, լինելու են շարունակական։ Սիրելի՛ ուսանողներ, մենք պատրաստակամ ենք աջակցել ձեր նորարար նախաձեռնություններին, նպաստել, որ դեպի ձեր երազանքների իրականացում տանող ճանապարհը լինի հուսալի և լուսավոր։ Պետությունը նախաձեռնել է Ակադեմիական քաղաքի կառուցման նախագիծը, որի իրագործումը մեր բարձրագույն կրթության համակարգը հասցնելու է նոր մակարդակի։ Բազմաթիվ ոլորտներում ունենք լավ մասնագետների կարիք, և ձեր համառ ջանքերի, մասնագիտության նկատմամբ սիրո, աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ պետության հետ ձեռք ձեռքի կառուցելու ենք ամուր և զարգացող հասարակություն՝ դիմակայելով ծանր մարտահրավերներին»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
13:40 - 17 նոյեմբերի, 2023
Չեմ կարծում՝ դժբախտ պատահարի պատճառով պետք է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց բարձրացնել. Ժաննա Անդրեասյան
 |news.am|

Չեմ կարծում՝ դժբախտ պատահարի պատճառով պետք է ԵՊՀ ռեկտորի հրաժարականի հարց բարձրացնել. Ժաննա Անդրեասյան |news.am|

news.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցածը բուհի ռեկտորի` Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականի հարցը բարձրացնելու պատճառ չէ։ «Չեմ կարծում, թե դժբախտ պատահարի գրանցման պատճառով պետք է նման հարց բարձրացնել»,-ասաց նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: «Նախ պետք է պարզել՝ ինչ է տեղի ունեցել, որն է եղել հիմնական պատճառը։ Եթե դա տեղի է ունեցել որևէ մեկի՝ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու հետևանքով, պետք է հետամուտ լինել դրան»,- նշեց նախարարը։ Անդրեասյանի խոսքով` այս պահին ուսումնասիրություններ են ընթանում՝ պարզելու հրդեհի պատճառը, մի քանի տարբերակներ են քննարկվում։ «Կարծում եմ՝ ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը»,- ասաց նա` հավելելով, որ հրդեհը, բարեբախտաբար, կարողացել են արագ մարել, և ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել։ Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում հրդեհի բռնկումով տեղի ունեցած պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է, երեք անձ տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։ ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։  
13:34 - 17 նոյեմբերի, 2023
Դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է, որովհետև տարիների մոնոպոլիա է գործել, հիմա դաշտը ազատականացվել է․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

Դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է, որովհետև տարիների մոնոպոլիա է գործել, հիմա դաշտը ազատականացվել է․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: Կրթության նոր չափորոշիչը ներդրվեց մեր երկրի ամենաբարդ ժամանակահատվածում՝ 2021 թվականի փետրվարին՝ հետպատերազմյան իրավիճակում։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կրթական չափորոշիչների ներդրման գործընթացը, ներկա հնարավորություններով, տվել է աշակերտների կրթական արդյունքների ավելացում ավելի քան կես տարով։ Մեր կրթական արդյունքը, որ ձևավորվել էր տարիների ընթացքում, բերել էր մի իրավիճակի, որ մեր երեխաները սովորել են 12 տարի, բայց իրենց կրթական արդյունքը, որ ստանում էին, կարող էին ստանալ ընդամենը 8 տարում»,- ասաց նախարարը։   Վերջինիս խոսքով կրթական ոլորտում արդեն ունեն չափորոշիչների ներդրման արդյունքները՝ չնայած այդ բոլոր դժվարություններին։ «Դասագրքերի ոլորտում աղմուկը շատ է, որովհետև տարիների մոնոպոլիա է գործել։ Մի դասագրքի համար մենք տարիներ շարունակ մեկ տպագրության համար վճարել ենք 1044 դրամ, դասագրքի ստեղծման, փորձարկման, տպագրության համար այս տարվա արդյունքում վճարում ենք ընդամենը 741 դրամ։ Սա հետևանք է նրա, որ դաշտը ազատականացվել է, հայտվել են նոր մասնակցներ և մենք կարողացել ենք իրավիճակի փոփոխության հասնել։ Բովանդակության վրա կաշխատենք, անհոգ եղեք, ամեն ինչ միանգամից չի լինում, 30 տարվա խնդիրները միանգամից չեն լուծվում, բայց այն, որ դրանք սկսվել են լուծվել և կրթության ոլորտում դրանք տվել են իրենց արդյունքները, ավելի քան ակնհայտ է»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
14:08 - 15 նոյեմբերի, 2023
Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան

Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի աշխատանքից ազատմանը։  «Քանի որ տեղեկատվություն ստանալու համար ինձ դիմել են մարդիկ, որոնց կարծիքը և մասնագիտական փորձառությունը գնահատում եմ, հարկ եմ համարում անդրադառնալ թեմային, չնայած նախարարությունն արդեն իսկ պարզաբանել է եղած իրավիճակը։ Թումանյանի տուն-թանգարանը պետական կառույց է, որ գտնվում է կապիտալ հիմնանորոգման փուլում։ Այս իրավիճակում առաջ են եկել հավելյալ կազմակերպչական ծախսեր և բազմաթիվ կարգավորման ենթակա հարցեր, որոնք հոգալու համար տնօրենին առաջարկվել է վերանայել տարեսկզբին ներկայացված նախահաշիվը՝ ըստ անհրաժեշտության քննարկելով, օրինակ, գործուղումների մեկնելու նպատակահարմարությունը՝ թե ֆինանսական, թե հիմնանորոգման ընթացքում երկարատև բացակայության տեսանկյունից։ Հարկ է նշել, որ տնօրենը ոչ միայն չի կատարել նշվածը, այլև այս ընթացքում ոչ բավարար կազմակերպման արդյունքում մի քանի ամիս ուշացրել է հիմնանորոգման մեկնարկը, ինչը հանգեցրել է այս տարվա ընթացքում թանգարանի հիմնանորոգման աշխատանքների պլանավորված տեմպի հետաձգման։ Այնուհետև տնօրենը դիմել է ավելի քան քսան օր տևողությամբ գործուղում մեկնելու համար, որին ստացել է պաշտոնական գրավոր պատասխան, որ գործուղման մեկնելը նպատակահարմար չէ` նշածս պատճառներով։ Քանի որ, ցավոք, տարրական իրավագիտակցության և օրենսդրական դաշտի իմացության խնդիր եմ տեսնում, այսպես՝ նախկին տնօրենը հարցադրել էր, թե ինչու իրեն չի տրվել չմեկնելու հրաման, ինչը, օրենսդրությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար ակնհայտ է, որ անհեթեթ հարցադրում է, ապա պարզաբանեմ․ առանց նախարարի կողմից գործուղման հրամանի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող գործուղվել։ Նույնը կլիներ օրինակ, հաշվի առնելով, որ նախարարները գործուղվում են վարչապետի որոշմամբ, որևէ նախարար որոշեր մեկնել գործուղման առանց վարչապետի համապատասխան որոշման։ Գործուղման հրամանով կարգավորվում է նաև դրա ֆինանսավորման հարցերը, տնօրենի բացակայությամբ պաշտոնային պարտականությունների կատարումը։ Տնօրենը, ով ի պաշտոնե պարտավոր է իմանալ այս տարրական ընթացակարգը, հատկապես ոչ առաջին տարին պաշտոնավարելով, այդուհանդերձ, ինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման, այլ կերպ ասած՝ ավելի քան քսան օր անհարգելի բացակայել է աշխատանքից, այս ընթացքում նույնիսկ չմտածելով այն մասին, որ իր բացակայությամբ որևէ մեկը պետք է պարտականություններ կատարեր, օրինակ՝ ստորագրեր անհրաժեշտ փաստաթղթերը, կառավարեր կառույցի գործունեությունը։ Ավելին, ինքնակամ բացակայության ընթացքում տնօրենը, նախարարության տեղեկություններով, ծախսել է նաև պետական կառույցի ֆինանսական միջոցներ, ինչի իրավունքը բնականաբար չուներ։ Այս ընթացքում նախարարությունը, տեղեկանալով տնօրենի փաստացի բացակայության մասին՝ իր իրավասությունների շրջանակում կարգավորել է պարտականությունների կատարման հարցը։  Տնօրենի վերադարձից հետո, նրանից ըստ ընթացակարգի պահանջվել է գրավոր պարզաբանում՝ առանց հրամանի գործուղման մեկնելու, կառույցը փաստացի առանց ղեկավարման թողնելու, իր պարտականություններն ըստ էության չկատարելու մասով։ Գրավոր պարզաբանումը ստանալուց հետո որոշում է կայացվել տնօրենին ազատել աշխատանքից, որովհետև պետական կառույցի ղեկավարումը պահանջում է առաջին հերթին պաշտոնային պարտականությունների իմացություն և պատասխանատվություն, որոնք ցավոք, այս դեպքում բոլորովին չեն դիտարկվել։ Միաժամանակ, նախարարությունը որևէ դիտարկում չի ներկայացրել տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձի՝ որևէ բնագավառում մասնագիտական ունակությունների և գիտելիքների մասին, քանի որ խնդիրը վերաբերում է կառավարման պարտականությանը, դրա չկատարմանը և աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտմանը։ Բոլոր այլ դիտարկումները, ընդհուպ մինչև անհեթեթ քննարկում այն մասին, թե ով ինչ ստեղծագործություններ է մեջբերել և հղել, անտեղին են։ Սա պետություն է և մենք պարտավոր ենք հարգել մեր պետությունն ու դրա կանոնները, մեզ վրա դրված պատասխանատվությանը մոտենալ ամենայն լրջությամբ, հատկապես, երբ ներկայացնում ենք պետական կառույց, առավել ևս՝ երբ ղեկավարում ենք այն»,- նշված է գրառման մեջ։ 
13:21 - 05 նոյեմբերի, 2023
«Անբավարար» ստացած աշակերտը պարտավորված պետք է լինի երկարօրյա ուսուցում անցնել այդ առարկայից». Ժաննա Անդրեասյան

 |aravot.am|

«Անբավարար» ստացած աշակերտը պարտավորված պետք է լինի երկարօրյա ուսուցում անցնել այդ առարկայից». Ժաննա Անդրեասյան |aravot.am|

aravot.am: Այսօր 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԿԳՄՍ նախարարն ասաց, որ դպրոցների ֆինանսավորումը էական աճ է գրանցել՝ շուրջ 10 մլրդ: Նա նշեց՝ մենք էապես փոխում ենք դպրոցների ֆինանսավորման ձեւը, անցում ենք կատարում դասարանների թվով ֆինանսավորման. «Այս տարվա օգոստոսին կառավարության որոշմամբ մենք ընդունել ենք դասարանների կազմավորման կարգը, որով սահմանել ենք, որ դասարաններում երեխաների առավելագույն թիվը պետք է լինի 25, եթե խոսում ենք տարրական եւ հիմնական դասարանների մասին եւ 20, եթե խոսում ենք ավագ դասարանների մասին»: Նախարարի խոսքով, դպրոցներից «անբավարար» գնահատականը դուրս է եկել. «Եթե որեւէ առարկայից երեխան գրանցում է «2» գնահատական մինչեւ 1-3 շրջակայքում, ապա նա պարտավորված պետք է լինի երկարօրյա ուսուցում անցնել այդ առարկայից, թեման յուրացնել ու իր ընկերներից հետ չմնալ: Այս բոլոր ծախսերը, այդ թվում՝ լաբորատորիաների ֆինանսավորումը, լաբորանտների հաստիքի ներդրումը, հոգեբանի հաստիքի ներդրումը, այս ամենը բերել է նրան, որ դպրոցների ֆինանսավորումն աճել է: Հանրակրթության ֆինանսավորման նոր չափորոշիչով մենք 10-20 տոկոսով բարձրացնում ենք բոլոր ուսուցիչների աշխատավարձը: Նոր չափորոշիչով դրույքաչափը տարրական դասարանների համար սահմանվում է 18 ժամ՝ 22-ի փոխարեն, ինչը բերում է 20% ավելացման, միջին դասարանների համար 20 ժամ՝ 22-ի փոխարեն, ինչը բերում է 10% ավելացման»: Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց, եթե որեւէ ուսուցիչ 22 ժամ է շարունակում դասավանդել, նա ավել գումա՞ր կստանա: Անդրեասյանը բացատրեց, որ եթե մի դրույքը 18 ժամն է շաբաթական ու դրանից ավելի է դասավանդում, կստացվի, որ դրույքից ավելի է ծանրաբեռնվածությունը, հետեւաբար կվարձատրվի ըստ այդմ:
14:29 - 02 նոյեմբերի, 2023
Գիտաշխատողների աշխատավարձը 2024 թվականին էականորեն կաճի․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

Գիտաշխատողների աշխատավարձը 2024 թվականին էականորեն կաճի․ ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ 2024 թվականին էականորեն կաճի գիտաշխատողների աշխատավարձը։ Նախարարն այս մասին ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման։ Նրա խոսքով՝ Կառավարության քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գիտության ոլորտում աշխատավարձերի բարձրացումը։ Նախարարը հիշեցրեց, որ առաջին բարձրացումը տեղի ունեցավ 2022 թվականի հունվարին։ «2024 թվականի հունվարին լաբորանտի աշխատավարձը կբարձրանա 78 տոկոսով 2021 թվականի համեմատ։ 2024 թվականի հունվարի 1-ին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021 թվականի համեմատ կաճի արդեն 267 տոկոսով և կդառնա 420 հազար դրամ։ 2021 թվականին առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114 հազար 300 դրամ էր։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ին կդառնա 500 հազար դրամ, որը մինչև այս գործընթացը 138 հազար 100 դրամ էր»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ մշակվել է գիտաշխատողների ատեստավորման նոր կարգը, որ կմտցնի որակական փոփոխություններ ոլորտում։
11:32 - 02 նոյեմբերի, 2023
Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ-ի 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում |armenpress.am|

Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍՆ-ի 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կհատկացվի 345 միլիարդ 417 միլիոն դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ 38 տոկոսով: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ «Ծախսերում 216 միլիարդ 398 միլիոն դրամը կազմում են ընթացիկ ծախսերը, 129 միլիարդ դրամ նախատեսված է կապիտալ ծախսերի համար»,- ասաց Սիրունյանը:   ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության 2024 թվականի բյուջեի չափը աննախադեպ է համարում: «Էական ավելացել է բյուջեն, հաշվի առնելով դինամիկան ըստ տարիների` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում»,- նշեց նախարարը: Անդրեասյանը նախարարության կապիտալ ծրագրերից առանձնացրեց 300 դպրոցների ու 500 մանկապարտեզների ծրագիրը: Նրա խոսքով՝այս պահին ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցումը կավարտվի: «Ընդհանուր առմամբ, տարեվերջի դրությամբ 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ին»,- ասաց նա: Նա նաև նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտված կլինի 55 դպրոցներում, մնացած դպրոցների շինարարությունները կավարտվեն 2025-2026 թվականներին:
11:12 - 02 նոյեմբերի, 2023
«Համակերպվե՛լ այն աղմուկի հետ, որ կա». Ժաննա Անդրեասյանը՝ պատմության դասագրքի հարցի մասին  |hetq.am|

«Համակերպվե՛լ այն աղմուկի հետ, որ կա». Ժաննա Անդրեասյանը՝ պատմության դասագրքի հարցի մասին |hetq.am|

hetq.am: Պատգամավոր Լիլիթ Գալստյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում 7-րդ դասարանի Հայոց պատմություն դասագրքին, քանի որ հարյուրավոր աղավաղումներ, աղճատումներ և պատմական խեղաթյուրումներ կան:  Ժաննա Անդրեասյանի խոսքերով՝ բարեփոխումների սկսվելուց ի վեր աղմուկը չի դադարում, որոշ դեպքերում՝ ուղղորդված և թիրախավրված: «Համակերպվել այն աղմուկի հետ, որ կա»,-ասաց նախարարը: Պատգամավորը մի քանի դիտարկում արեց, որով դասագրքում կասկածի տակ է դրվում պատմական հայրենիքը, որոշ տեղանուններ գրված են թուրքական տերմինաբանությամբ և այլն: Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ բոլոր դիտարկումները, որոնք կվերաբերեն տեխնիկական և բովանդակային հարցերին, կվերանայվեն, իսկ մնացածը՝ չի սրբագրվելու: Քանի որ այդպիսին է կրթության նոր չափորոշիչը:
18:18 - 25 հոկտեմբերի, 2023
ԿԳՄՍ նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ

ԿԳՄՍ նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել է մի շարք փոփոխություններ։ Ինչպես տեղեկացնում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ըստ այդմ՝ ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսում ենք դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի, կտարածվի նաև նախորդ տարիներին մասնակցած և այս արդյունքն ունեցած ուսուցիչների վրա, չատեստավորված, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցել հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակության խնդիր չեն ունենա։ Փոփոխություններով կկարգավորվեն նաև մի շարք ոչ միանշանակ մեկնաբանվող դրույթներ»,- գրել է նախարարը։ Անդրեասյանի խոսքով առաջիկայում նախարարությունը կներկայացնի նաև ուսուցչի մասնագիտական զարգացման նոր փաթեթը՝ տարակարգի կարգի փոփոխությունները՝ թղթաբանության զգալի թեթևացմամբ, վերապատրաստման նոր ծրագրերն ու կարգը, որոնք կգործեն արդեն հաջորդ տարվանից։
14:35 - 21 հոկտեմբերի, 2023
Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ, ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2020 թվականին և ավարտվել 2023 թվականի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 166,7 մլն դրամ: Ներկայումս դպրոցում սովորում է 780 աշակերտ: Դպրոցը համալրվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկական սարքավորումներով: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այս վերադարձի առիթով, որովհետև գիտեմ, որ բոլորդ շատ երկար եք սպասել, և ուրախ եմ, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում: Մենք ինչո՞ւ ենք այսքան մեծ կարևորություն տալիս դպրոցին, դպրոցաշինությանը, որովհետև կարծում ենք, որ սա ռազմավարական խնդիր է և ռազմավարական ծրագիր»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի ապագան կախված է գալիք սերնդից, նրա մոտ ձևավորվող գաղափարներից և մտքից: «Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում դպրոցաշինության ստանդարտը և որակը, որովհետև ուզում ենք, որ բոլորդ դպրոցում զգաք ինչպես տանը: Մենք ուզում ենք, որ դուք դպրոցին վերաբերվեք այնպես, ինչպես տանն եք վերաբերվում, և ընդհակառակը՝ ուզում ենք նաև, որ դպրոցը ձեզ վերաբերվի այնպես, ինչպես սովորաբար ձեզ ընդունում են ձեր ծնողները, ձեր տատիկները, պապիկները, քույրերը և եղբայրները: Եվ շատ կարևոր ենք համարում, որ դպրոցը ձեզ օգնի լուծել երեք շատ կարևոր հարց, որոնք սկզբունքային են մեր կրթական բոլոր բարեփոխումների համար: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր աշակերտ դպրոցից դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով: Սա շատ կարևոր է»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է կրթության համար բարենպաստ, ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծման կարևորությունը. «Սակայն շենքը, գույքը, մնացած ամեն ինչն ընդամենն անկենդան առարկաներ են: Հիմա դուք ձեր ամենօրյա վերաբերմունքով պետք է կյանք տաք այդ շենքին»: Անդրադառնալով ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված դահլիճների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք բոլոր հաստատությունների համար պետք է հստակ չափանիշներով կառուցվեն և գործեն. ֆիզկուլտուրայի դահլիճները, բասկետբոլի, ֆուտբոլի դաշտերը՝ յուրաքանչյուրը պետք է համապատասխան չափանիշներով լինի: Երևանի թիվ 111 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2021 թվականին և ավարտվել 2023-ի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1,5 մլրդ դրամ: Կառուցված դպրոցի հզորությունը 432 է, իսկ ներկայիս աշակերտների թիվը՝ 286: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին նորամուտի առիթով և նշել, որ նոր դպրոցներ ունենալու Կառավարության մղումն ինչ-որ տեղ կապ ունի նոր մտածողություն ունենալու անհրաժեշտության հետ: «Ի՞նչ կարող է նշանակել նոր մտածողություն: Նոր մտածողությունը, կարծում եմ, կարող է նշանակել հետևյալը. ինքներս մեզ ավելի լավ ճանաչել, նորովի ճանաչել, ավելի լավ ճանաչել մեր ուժեղ կողմերը որոնք են, ավելի լավ ճանաչել մեր թույլ կողմերը որոնք են, փորձել ուժեղացնել այն բոլոր ուժեղ կողմերը, որ ունենք, փորձել հաղթահարել այն բոլոր թերությունները, որ ունենք: Կարծում եմ, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները մտածողության մեջ են՝ ինքներս մեզ ընկալելու, մեր միջավայրն ընկալելու, աշխարհն ընկալելու, ժամանակներն ընկալելու, հնարավորություններն ընկալելու: Այս առումով, երեխաների, աշակերտների համար նոր մտածողություն ուզում ենք, որ նշանակի մի բան՝ ձեզնից յուրաքանչյուրի հնարավորությունների անսահմանափակությունը»,- նշել է վարչապետը: Վարչապետի դիտարկմամբ՝ Կառավարության խնդիրն է կրթությունը դարձնել հասանելի բոլորի համար: «Կառավարությունն այդ ծախսերն ինչի՞ համար է անում, որովհետև մենք հավատացած ենք՝ ձեր մեջ հիմա նստած են մարդիկ, ովքեր կանխորոշելու են մեր երկրի և աշխարհի ապագան: Ես ուզում եմ, որ դուք շատ լուրջ վերաբերվեք ձեր այդ առաքելությանը և հնարավորությանը: Մենք ուզում ենք, որ դուք ձեր մտքով, մտածողությամբ, մտքի թռիչքով ամեն մեկդ և բոլորդ միասին այս դահլիճը, այս դպրոցը, այս շենքը, երկիրը, ձեր թաղամասերը, ձեր փողոցները, մեր քաղաքները լցնեք նոր բովանդակությամբ, նոր կյանքով, նոր մտածողությամբ, որը կլինի մրցունակ: Սա շատ կարևոր է, որովհետև մտածողությունն էլ կարող է բերել պրոբլեմներ: Մեր շատ պրոբլեմներ գալիս են մեր մտածողությունից, և շատ պրոբլեմներ չենք կարողանում լուծել մեր մտածողությունից: Շատ կարևոր է, որ ինքներդ ձեզ և ձեր կրթությանը շատ լուրջ վերաբերվեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
17:03 - 20 հոկտեմբերի, 2023
Իմ երեխան որոշել է կրթությունը շարունակել արտասահմանում, նրա կրթության իրավունքը ոչ ոք իրավունք չունի վիճարկել․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

Իմ երեխան որոշել է կրթությունը շարունակել արտասահմանում, նրա կրթության իրավունքը ոչ ոք իրավունք չունի վիճարկել․ ԿԳՄՍ նախարար |tert.am|

tert.am: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախից տեղահանված երեխաներին՝ ՀՀ դպրոցներում ու մանկապարտեզներում տեղավորելու հարցին՝ ընդգծելով, որ այս հարցում փորձում են գտնել երկարաժամկետ լուծումներ։ «Առաջին հերթին երեխաները տեղավորվում են այն դպրոցներում, որտեղ կան լիցենզիոն ազատ տեղեր ու սրա մասին տեղեկացված են թե՛ քաղաքապետարանի կրթութան վարչությունը, թե՛ մարզպետարանները»,- ասաց նա։ Նախարարը նշեց, որ լինում են նաև դեպքեր, երբ երեխաները ընդունվում են դպրոցներ՝ անկախ նրանից՝ կա՞ն ազատ տեղեր, թե ոչ։ Անդրեասյանը նշեց նաև, որ մանկապարտեզներում իրավիճակը այլ է, քանի որ Երևանում 8000 երեխա սպասում է մանկապարտեզ ընդունվելու իր հերթին, ուստի տեղահանված երեխաներին մանկապարտեզներում տեղավորելու հետ կապված խնդիրներ կան։ Լրագրողները Ժաննա Անդրեասյանին հարց ուղղեցին՝ արդյո՞ք իր երեխաներից մեկը կրթություն է ստանում արտերկում և արդյոք ՀՀ-ի կրթական համակարգը զիջում է  որակային առումով։ Ի պատասխան՝ նախարարը ասաց․ «Ես կարծում եմ, որ իմ երեխաների կրթության ու անձնական որոշումների իրավունքը չի կարելի վիճարկել։ Իմ երեխաները սովորել են այստեղ  հանրակրթական դպրոցներում, այս պահին իմ երեխաներից մեկն է, որ բարձրագույն կրթության համաակարգ է մուտք գործել ու իր անձնական որոշմամբ ընտրել է այն բուհը, որտեղ  շարունակում է կրթությունը։ Այդ բուհը չի գտնվում Հայաստանում  ու ես համարում եմ, որ դուք մտնում եք մի աձնական դաշտ, որի իրավունքը չունեք։ Իմ երեխաները, ինչպես մեր երկրում ցանկացած քաղաքացու երեխաներ, ազատ են որոշելու՝ որտեղ են ուզում շարունակել իրենց կրթությունը  ու որևէ մեկը չի ասել, որ իմ երեխաները  այն պատճառով, որ իրենց մայրը պաշտոն է զբաղեցնում, պետք է խտրական մոտեցման հանդիպեն  կամ սամանափակված լինեն իրենց որոշման ազատության մեջ»։  
13:20 - 19 հոկտեմբերի, 2023
Ժաննա Անդրեասյանը Բելգիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

Ժաննա Անդրեասյանը Բելգիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման: Նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում: Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեր երկրի համար դժվարին իրավիճակում Եվրամիության աջակցության համար, ինչը էական նշանակություն ունի իրավիճակի կարգավորման հարցում: Նախարարն իր խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային կառույցները կկիրառեն իրենց մանդատը և գործուն քայլեր կձեռնարկեն փաստահավաք առաքելության իրականացման ուղղությամբ՝կանխարգելելու վանդալիզմի դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանման հետևանքով, և հիմա առավել մեծ թվով պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիր է առաջացել, որոնց թվում են համաշխարհային քրիստոնեական մշակույթի կարևորագույն նմուշներից Գանձասարը և Ամարասը: Նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի հարցին և նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը, որից ավելի քան 30 հազարը երեխաներ են, ԼՂ-ից բռնի տեղահանվել են Հայաստանի Հանրապետություն: Այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը: Կողմերն անդրադարձել են հայ-բելգիական համագործակցության հեռանկարին՝ դիտարկելով համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում: Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ  նախարարությունում ստեղծվել է կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության քաղաքականության բնագավառներում ֆրանկոֆոնիայի աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նշանակվել են համակարգող պատասխանատուներ ըստ ոլորտների՝ տարեկան միջոցառումերի պլանը մշակելու և աշխատանքները կազմակերպելու համար: Դեսպան Էրիկ դե Մույնքին պատրաստակամություն է հայտել ներգրավվելու վերոնշյալ աշխատանքային խմբում, ինչպես նաև ֆրանսերենի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքներում: Դեսպանի  տեղեկացմամբ՝ Բելգիայում գործող «Պողոսյան» հիմնադրամն առաջիկայում նախատեսում է ցուցահանդեսի բացում: Համագործակցության մյուս ուղղություններից դեսպանը մատնանշել է ուսանողների և փորձագետների փոխանակման ծրագրերը, ինչպես նաև Գենտի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցության ծրագրերը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:  
18:58 - 13 հոկտեմբերի, 2023
Բազմապատկել բոլորիս վճռականությունը՝ ի նպաստ մեր հայրենազրկված երեխաների կրթության. նախարարի ուղերձը

Բազմապատկել բոլորիս վճռականությունը՝ ի նպաստ մեր հայրենազրկված երեխաների կրթության. նախարարի ուղերձը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ ուսուցիչներ, Մենք ապրում ենք օրեր, երբ Ուսուցչի տոնը ոչ թե միմյանց ջերմորեն շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու առիթ է, այլ ձեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորելու, պատասխանատվությունը կրկնապատկելու ևս մեկ անհրաժեշտություն: Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք միահամուռ ջանքերով մարտահրավերները հաղթահարելու կամք ու վճռականություն՝ անցնելով համավարակն ու պատերազմը: Այսօր, առավել քան երբևէ, պետք է բազմապատկել բոլորիս վճռականությունն ու հետևողականությունը՝ ի նպաստ մեր հայրենազրկված երեխաների կրթության շարունակականության ապահովման: Սիրելի՛ մանկավարժներ, բոլորիս ուշադրության կենտրոնում այսօր Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն են, նրանց ամեն կերպ աջակցելու և ինտեգրելու առաջնային գործընթացները: Դուք պետության վստահելի գործընկերն եք, և ձեր անմիջական ջանքերով ենք հաղթահարելու այս բարդ ու ճակատագրական փորձությունը: Սիրե՛ք և փայփայե՛ք մեր դպրոցականներին, հայրենիքի պատերը թող ձեզնով ավելի ջերմանան նրանց համար: Շնորհակալ եմ այն նվիրվածության և սրտացավության համար, որով թե՛ կրթության գործընթացն եք ապահովում, թե՛ հասցնում մասնակցել կամավորական աշխատանքներին ու աջակցել մեր հայրենակիցներին։ Այս օրերին ձեր դրսևորած վարքն ավելին է, քան անցկացրած դասը։ Հավատացա՛ծ եղեք՝ ձեր թե՛ նախկին, թե՛ ներկա աշակերտները նորովի են արժևորել իրենց ուսուցչին ու շատ բան սովորել այս ընթացքում։ Ձեզնից շատերը հենց այս շրջանում մասնակցել և մասնակցում են նաև կամավոր ատեստավորման գործընթացին։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բարդ իրավիճակում պլանավորած անելիքn իրականացնելու կամքի համար։ Վստա՛հ եղեք` յուրաքանչյուրիդ որոշումն ու մասնակցությունը նպաստում են պետական բարեփոխումների կայացմանը, որը մեր կրթական համակարգի, հետևաբար նաև պետության զարգացմանն ուղղված կարևոր քայլ է: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սիրելի՛ ուսուցիչներ, մենք ձեզ սպասում ենք մեր դպրոցներում՝ ամեն կերպ աջակցելու և աշխատանքով ապահովելու: Միացե՛ք մեր մեծ թիմին՝ ընդհանուր դժվարություններն ու հաջողությունները կիսելու, միասին այս փորձությունները պատվով անցնելու, մեր երեխաների կրթությունn ավելի որակյալ դարձնելու բարձր նպատակն իրականացնելու ճանապարհին։ Սիրելի՛ ուսուցիչներ, մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, աշխատելու և արարելու կամք և լավատեսություն»։
11:04 - 05 հոկտեմբերի, 2023
Ունենք ԼՂ-ից 6104 երեխա, որոնք գրանցված են մեր կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

Ունենք ԼՂ-ից 6104 երեխա, որոնք գրանցված են մեր կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: Մենք արդեն ունենք 6104 երեխաներ, որոնք օրվա ավարտի դրությամբ արդեն գրանցած են մեր կրթական հաստատություններում, և ասեմ, որ ինչպես տեսնում եք, այսօր կեսօրին մոտ մի քանի հազարով պակաս էր, և սա նշանակում է, որ մեր դպրոցներում շատ ակտիվ ընթանում է երեխաների ընդգրկման գործընթացը: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին ևս կունենանք այսպիսի ավելացումներ, և շուտով կկարողանանք բոլոր այստեղ գտնվող դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունն ապահովել: Այդ մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտն՝ 306 Արարատ՝ 943 Արմավիր՝ 467 Գեղարքունիք՝ 294 Լոռի՝ 315 Կոտայք՝ 1033 Շիրակ՝ 216 Սյունիք՝ 216 Վայոց ձոր՝ 108 Տավուշ՝ 158 Երևան՝ 2048։
20:38 - 04 հոկտեմբերի, 2023
Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին

Ժաննա Անդրեասյանն այցելել է Արարատի մարզի դպրոցներ՝ տեսակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Արարատի մարզի Զորակ, Ռանչպար և Հովտաշեն համայնքներում այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հետ, որոնք հաճախում են տեղի հանրակրթական դպրոցներ: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ը՝ Ժաննա Անդրեասյանը զրուցել է երեխաների հետ և հույս հայտնել՝ սրտացավ մանկավարժների և աշակերտների օգնությամբ նրանք կկարողանան ինտեգրվել նոր միջավայրին ու ձեռք բերել նոր ընկերներ: «Գիտենք, թե ինչպիսի դժվարությունների միջով եք ստիպված եղել անցնել, հասկանում ենք, որ կարոտում եք ձեր տունն ու դպրոցը: Միասին պետք է հաղթահարենք դժվարությունները: Իմացեք, որ դուք մենակ չեք. մենք մշտապես ձեր կողքին ենք և ձեզ շատ ենք սիրում»,- երեխաների հետ զրույցում ասել է նախարարը: Ժաննա Անդրեասյանը զրուցել է նաև բռնի տեղահանված երեխաների ծնողների հետ, լսել նրանց վերջին օրերի անասելի դժվար ճակատագրերի պատմությունը: Զորակ համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցն այս պահի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 20 երեխաների է ընդունել՝ թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական տարիքի, որոնք ընդգրկվել են տարբեր դասարաններում: 44-օրյա պատերազմից հետո դպրոցում նաև արցախցի երկու ուսուցիչ է աշխատում, այս պահին էլ երաժշտության ուսուցչի կարիք ունեն, և հուսով են, որ իրենց համայնք տեղահանված մեր հայրենակիցների մեջ համապատասխան մասնագետ կլինի, և թափուր հաստիքը կկարողանան համալրել: Երեխաներն ապահովվել են բոլոր անհրաժեշտ դասագրքերով, գրենական պիտույքներով: Մարզպետարանների ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերական-հանձնարարություն են ստացել՝ հետևողական և ուշադիր լինել բռնի տեղահանված երեխաների խնդիրներին՝ անընդհատ կապի մեջ լինելով տվյալ տարածքի միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների հետ: Դպրոցներն իրենց բնակավայրում գտնվող և դպրոց չհաճախող երեխաների մասին օպերատիվ տեղեկատվություն են ստանում՝ նրանց օր առաջ ուղղորդելով հաճախել դպրոց: Նախարարը հետաքրքրվել է, թե երեխաներն ի՞նչ նախասիրություններ ունեն, և վստահեցրել, որ երաժշտության, արվեստի և սպորտի խմբակներ հաճախող երեխաներն այստեղ ևս կունենան այդ հնարավորությունը ու կշարունակեն զբաղվել իրենց նախընտրած ուղղությամբ: Սեպտեմբերի 29-ի առավոտյան 06:00-ի դրությամբ Հայաստան է մուտք գործել ԼՂ-ից բռնի տեղահանված 84 հազար 770 անձ. տեղահանվածներից յուրաքանչյուր երրորդը երեխա Է: Նախարարի խոսքով՝ ԼՂ 108 հանրակրթական դպրոցների շուրջ 21 հազար սովորողներից գրեթե բոլորն արդեն Հայաստանում են: «Դպրոց ընդունվող երեխաների թիվն անընդհատ փոխվում, ավելանում է: Օպերատիվ կերպով լուծվում են նրանց դասագրքերով և գրենական պիտույքներով ապահովման հարցերը: Ինչպես գիտեք՝ մեր դպրոցներում նաև իրականացվում է դպրոցական սնունդ ծրագիրը, որի շրջանակում 1-4-րդ դասարանների երեխաները հենց դպրոցում ստանում են առողջ սնունդ: Այս ծրագիրը, իհարկե, գործելու է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր երեխաների համար: Սա շարունակական աշխատանք է. պարզ է՝ առաջիկա օրերին դպրոց գնացող երեխաների թիվը պետք է մեծանա: Մենք պատրաստ ենք ընդունել բոլոր երեխաներին և լուծել ընթացիկ հարցերը՝ կապված դասագրքերի, ֆինանսավորման հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Անդրադառնալով դպրոցներում լիցենզիայով սահմանված տեղերին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ բնակավայրի միակ դպրոցներում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ տվյալ հաստատության՝ լիցենզիայով սահմանված տեղերի թվից: Մի քանի ուսումնական հաստատություններ ունեցող բնակավայրերում երեխաների ընդգրկումն իրականացվելու է ազատ տեղեր ունեցող հաստատություններում, իսկ տվյալ բնակավայրում դրանք ամբողջությամբ համալրված լինելու դեպքում՝ կրկին առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, տվյալ բնակավայրի մոտակա հաստատությունում՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերից: Ուսումնական հաստատություններ դիմելիս մեր հայրենակիցները փաստաթղթերի խնդիր չեն ունենա. երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու: Նախարարը նաև տեղեկացրել է՝ լրացուցիչ ծրագիր է մշակվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների մասնագիտական աշխատանքի շարունակականությունն ապահովելու համար: «Վստահ եմ՝ բոլորին կկարողանանք առաջարկներ անել, քանի որ մեր համակարգում կա ուսուցիչների պակաս, և բոլոր դպրոցներն էլ պատրաստակամ կլինեն ներառել նրանց»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Այս համատեքստում Ռանչպարի միջնակարգ դպրոցի տնօրենը նշել է, որ ունեն ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի թափուր հաստիք: Տնօրենի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից իրենց բնակավայր տեղահանված քաղաքացիների շրջանում նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչներ կան, այնպես որ կկարողանան աշխատանքի անցնել դպրոցում: Առհասարակ, դպրոցի տնօրենի խոսքով՝ նվազագույնը 50-60 դպրոցականի են ակնկալում ընդունել: Ընդ որում՝ 44-օրյա պատերազմից հետո Ռանչպարի միջնակարգ դպրոց տեղափոխված աշակերտներից 36-ը մնացել ու կրթությունը շարունակում են ստանալ իրենց դպրոցում: Հովտաշենի միջնակարգ դպրոցում այս պահին 12 սովորող է ընդգրկվել. ևս 7-8 աշակերտ արդեն դիմել են և առաջիկայում կընդունվեն դպրոց: Երեխաներն արդեն ծանոթացել են իրենց նոր ուսուցիչների ու դասընկերների հետ, ստացել դասագրքեր, գրենական պիտույքներ: Արարատի մարզպետարանն այս պահին ամփոփել է մարզի 112 դպրոցներից 107-ի տվյալները. ըստ այդմ՝ Արարատի մարզի 107 դպրոցներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 370 սովորող է ընդգրկվել: Արարատի մարզ այցի ժամանակ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտին Մանուկյանը:
16:29 - 29 սեպտեմբերի, 2023
Արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ տարբեր մարզերում. Ժաննա Անդրեասյան
 |1lurer.am|

Արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ տարբեր մարզերում. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: Իհարկե մենք հասկանում ենք, որ այս պահին առաջնահերթ են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու նաև իրականացնենք քայլեր՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Ասեմ, որ այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ տարբեր մարզերում: Մեր դպրոցները պատրաստված են դրան: Մենք ուղարկել ենք շրջաբերական գրություն, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը, մասնավորապես ուզում եմ տեղեկացնել, որ որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի, և այն ժամանակահատվածում, որ երեխաները կլինեն դպրոցում, առանց որևէ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու նրանց ընդունումը դպրոց տեղի կունենա»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հայտնեց, որ միևնույն ժամանակ կարգավորումներ են նախատեսվել բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք: «Բոլորս հասկանում ենք, որ նրանք անցել են բարդ հոգեբանական դրության, փորձությունների միջով, և կրթության գործընթացն արդյունավետ լինելու համար նաև պետք է դառնա այն դրական ու ապահով միջավայրը, որը կստեղծի նաև սովորելու հնարավորություն: Այդ աշխատանքն անելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Գիտեք, որ մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ. բոլոր մասնագետները պատրաստ են, եկող շաբաթից մենք կմեկնարկենք նաև վերապատրաստման ծրագրեր ուսուցիչների համար՝ աջակցելու նրանց այս իրավիճակում կարողանալ նաև համապատասխան միջավայր ձևավորել երեխաների համար: Կարծում եմ՝ մեր բոլոր դպրոցները, ուսուցիչները, սովորողները ջերմությամբ, հոգատարությամբ կընդունեն ցանկացած երեխայի, որն այսօր այս դժվարին իրավիճակում հայտնվում է մեր դպրոցներում»,- ասաց նա: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ իրականում երեխաների թիվը մեծ է: «Մենք այս պահին հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ Հայաստան մուտք գործող ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանցից ամեն երրորդն անչափահաս է, բնականաբար, սա նշանակում է, որ մենք դպրոցներում շատ անելիք կունենանք այս ուղղությամբ աշխատանքներով»,- նշեց նա:  Նա նաև նշեց, որ համագործակցում են ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների հետ և նաև հավելյալ ծրագրեր են լինելու, որոնք կվերաբերեն հավելյալ կրթական աջակցությանը: «Երեխաները որոշակի պրոցես դուրս են մնացել կրթական գործընթացից և կարող են ունենալ նաև հավելյալ կրթական դասընթացների կարիք, որը կկազմակերպվի հատկապես ավարտական դասարանների երեխաների համար, որպեսզի հասցնեն պատշաճ պատրաստվել իրենց այս տարվա կարևոր անելիքներին»,- ասաց նախարարը՝ նշելով, որ պլանավորում են նաև առանձին ծրագիր ունենալ ԼՂ-ից մեզ մոտ գտնվող ուսուցիչների համար: «2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ԼՂ-ում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովորողներով: Ուսուցիչների թիվը եղել է 1500-ին մոտ: Ես կարծում եմ, որ մեր համակարգը, հատկապես որ մենք անընդհատ խոսում ենք ուսուցիչների պակասի մասին, իհարկե, պատրաստ կլինի և ուրախ կլինի մեր ուսուցիչներին բոլոր անհրաժեշտ ուղղություններով ներգրավելու: Մենք առանձին ծրագիր ենք պատրաստում այս ուղղությամբ, որ կարողանանք ավելի հարթ կազմակերպել այս գործընթացը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Նա նաև տեղեկացրեց, որ բոլոր այն հարցերում, որոնք կպահանջեն հավելյալ ծրագրեր և նախաձեռնություններ կարիքների գնահատման փուլում, կլինեն շատ ուշադիր: «Բոլոր անհրաժեշտ նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, ըստ ի հայտ բերված կարիքների, կմշակվեն»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:
17:15 - 27 սեպտեմբերի, 2023