Մայր Աթոռ Սբ․ Էջմիածին

Գարեգին Երկրորդն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին

Գարեգին Երկրորդն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին

 Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը շնորհավորել է՝ դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը կարևորել է հայ-բրազիլական կապերի ամրապնդումը և գործակցության հետագա խթանումը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ Բրազիլիայի հայ համայնքն իր կարևոր ներդրումն է բերում երկրի առաջընթացին՝ արժանանալով Բրազիլիայի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ ու հոգատար վերաբերմունքին: Այնուհետև, նորանշանակ դեսպանը Նորին Սրբությանն է ներկայացրել առաջիկա իր ծրագրերը՝ հատկապես կարևորելով հայ-բրազիլական մշակութային և տնտեսական կապերի զորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Դեսպանը հավաստիացրել է, որ ջանքեր կներդնի հանուն երկու պետությունների բարեկամական ջերմ հարաբերությունների առավել ամրապնդման: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգության հիմնախնդիրներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
15:42 - 09 մարտի, 2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթել են 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար: Այնուհետև, Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ժողովականներին մաղթելով արդյունավետ աշխատանք: Նորին Սրբությունը ողջունել է նաև ԳՀԽ կազմում ընդգրկված նոր անդամներ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին և Տիար Հայկ Իգնաթյանին։ Ժողովի օրակարգում ընդգրկված են  ազգային, եկեղեցա-վարչական, կանոնական, կարգապահական, հայեցակարգային և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: Քննարկման առարկա կդառնան Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Եկեղեցու առաքելությունը, Մայր Տաճարի օծման, Մյուռոնօրհնության և հարակից այլ միջոցառումների կազմակերպչական աշխատանքները:
16:51 - 28 փետրվարի, 2023
Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի մարզերի 1350 ընտանիքների մարդասիրական օժանդակություն է տրամադրել

Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի մարզերի 1350 ընտանիքների մարդասիրական օժանդակություն է տրամադրել

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունն էմիրաթական Կարմիր մահիկ կազմակերպության հովանու ներքո, ինչպես նաև ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համագործակցությամբ «Ձմեռակացի բարեգործական ծրագիր» է անցկացրել ՀՀ Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Ինչպես տեղեկանում ենք ԱՄԷ-ի դեսպանության տարածած հաղորդագրությունից, բարեգործական արշավի վերջին կանգառն Արագածոտնի մարզում էր, որտեղ փետրվարի 27-ին մարդասիրական օժանդակություն է տրամադրվել Աշտարակ համայնքի շուրջ 200 ընտանիքի։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրի շրջանակում շուրջ 1350 անապահով ընտանիքների տրամադրվել են ձմեռային վերմակներ ու էլեկտրական տաքացուցիչ սարքեր։ Նախագիծը կրում է ամենամյա բնույթ և իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
16:31 - 27 փետրվարի, 2023
Տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ. Գարեգին Բ

Տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ. Գարեգին Բ

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց խորհրդարանականներին արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում ներդրած ջանքերի համար։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակին՝ եվրոպական տարբեր կառույցներում արցախահայության խնդիրների հետևողական բարձրաձայնման և ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանության համար։ Վեհափառ Հայրապետը, հյուրերին ներկայացնելով տարածաշրջանում տիրող փխրուն իրավիճակը և ի մասնավորի Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, անդրադարձավ այս առնչությամբ միջազգային հանրությունից հայ ժողովրդի ակնկալություններին։ Նորին Սրբությունը նկատեց, որ տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ։ Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորները, դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները պատերազմի և հետպատերազմյան շրջանում, Նորին Սրբությանը վստահեցրեցին, որ շարունակելու են եվրոպական կառույցներում իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել Հայաստանին և արցախահայությանը։
11:11 - 22 փետրվարի, 2023
Աղոթենք, որ Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա. Ամենայն հայոց կաթողիկոս

Աղոթենք, որ Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա. Ամենայն հայոց կաթողիկոս

Մեծ Պահքի շրջանի մեկնարկի կապակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել պատգամով: Այն ներկայացնում ենք ստորև. «Սիրելիներ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին: Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): Կատարելության ուղին սկզբնավորվում է զղջումով ու ապաշխարությամբ, որոնցով սրբագրվում են մտքի, խոսքի և գործի սխալներն ու սայթաքումները։ Հատկապես այս խորհրդավոր շրջանում, ավետարանական առակի օրինակով (Ղուկ. 15.11-32) առ Երկնավոր Հայրը դառնալով, խնդրում ենք Տիրոջից գթությամբ ներել մեր մեղքերը, մաքուր սիրտ հաստատել մեզանում։ Հայցում ենք լուսավորել մեր միտքը, ամրացնել մեր կամքը՝ ընթանալու տերունավանդ պատվիրաններով։ Պահեցողության այս շրջանում Հայրապետիս հորդորն է ու պատգամը՝ միմյանց հանդեպ լինել առավել հոգատար, ազնիվ ու հարգալից, բարությունն ու սերը դարձնել հիմը փոխհարաբերությունների և ամուր պահել նվիրումն ու հավատարմությունը առ Աստված, ազգն ու հայրենին։ Մեր օրերում, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը վիրավոր են մեզ պատուհասած պատերազմի արհավիրքներից, աղոթական կյանքով Աստծո հետ մշտական երկխոսության մեջ լինենք, զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից ու գործից՝ միասնաբար նորոգելու համար հայրենական ու ազգային մեր կյանքը, դիմագրավելու մեր դեմ հառնած նեղությունները և մեր հարազատ երկիրը՝ Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք»։  Աղոթենք, որ Ամենակալն Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա, պարգևի անվտանգ ու բարօր կյանք և խաղաղության մեջ պահի մեր երկիրը։ Թող Փրկիչ մեր Տերն ընդունի մեր սրտերի խնդրանքներն ու հայցը, արժանի դարձնի Իր կենսատու և փրկարար շնորհներին և զորացնի ամենքիս՝ Մեծ  Պահքի միջոցով հասնելու հուսառատ Սուրբ Հարության տոնին։ «Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Հովհ. 3), այսօր և միշտ. ամէն»:
15:04 - 20 փետրվարի, 2023
Հայաստանի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային կյանքում հառնած խնդիրները այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջև. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաստանի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային կյանքում հառնած խնդիրները այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջև. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Փետրվարի 17-ին, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի տարբեր թեմերից 231 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի միաբաններ։ Այս կապակցությամբ Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Կոտայքի թեմի Չարենցավան քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանը։ Իր քարոզում Տեր Հայրն ի մասնավորի նշեց․ «Վարդանանց և Ղևոնդյանց խորհուրդը նման է ճառագայթի, որը սկզբնավորվել է և չի ավարտվում, այն շարունակվում է մինչև մեր օրերը։ Այն մեր ազգային ինքնության և պահպանման, քրիստոնեական մեր հավատքի նկատմամբ հավատարմության և հայրենիքի հզորացման ու շենացման սրբազան առաքելությունն ու ընթացքն է»։ Տեր Համազասպը փաստեց նաև, որ այսօր էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ Ղևոնդյանց պատգամին, որի վառ վկայությունն է Արցախյան վերջին պատերազմին հոգևորականների մասնակցությունը։ Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, ուր կատարվեց պարգևաբաշխություն։ Ներկաներին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։ Ավագ քահանայության պատվի արժանացավ Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Հովսեփ քահանա Ալեքսանյանը։ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանին և Տ․ Վրթանես քահանա Բաղալյանին։ Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ․ Արտավազդ քահանա Սիմոնայնը, Գեղարքունիքի թեմից Տ․ Դանիել քահանա Մկրտչյանը և Տ․ Հարություն քահանա Հունանյանը, Շիրակի թեմից Տ․ Գարեգին քահանա Սարգսյանը, Արցախի թեմից Տ․Սեպուհ քահանա Հակոբյանը, Տ․ Հուսիկ քահանա Դոխոլյանը և Տ․Հովնան քահանա Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունից Տ․ Տրդատ քահանա Գևորգյանը, Արագածոտնի թեմից Տ․ Մաղաքիա քահանա Գևորգյանը, Վայոց Ձորից Տ․ Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ․ Արամ քահանա Կարապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Տիգրան քահանա Հակոբյանը, Ուկրաինայի թեմից Տ․ Մամբրե քահանա Հմայակյանը և Տ․ Արտաշես քահանա Հակոբյանը։ Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հոգևորականաց դասին և շնորհավորելով վերջիններիս Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով, նշեց․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող ամենամյա այս հավաքները առիթ են դարերի խորքից մեզ փոխանցված պատգամների վերարծարծման և տիրավանդ մեր առաքելության մեջ Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց ոգով ու հայրենասիրությամբ զորանալու համար»։ «Ազգային մեր ինքնության, մեր հավատի ու հոգևոր արժեքների պահպանության, մեր պետականության, Արցախի մեր քույրերի և եղբայրների ազատ կյանքի իրավունքի պաշտպանության պայքարը մեր ժողովրդի համար դարձել է չընդհատվող, չավարտվող իրականություն։ Հայաստանի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային և հայրենական կյանքում հառնած խնդիրները, արտաքին մարտահրավերները այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջև, ինչպիսին Սրբոց Վարդանանց ժամանակներում»,–արձանագրեց Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ ստեղծված դժվարին իրավիճակը հայ ժողովուրդը կարող է հաղթահարել իր հավատքի զորությամբ, ամուր կամքով, միասնական ջանքերով և մշտապես առ Աստված ապավինությամբ։ Հայոց Հովվապետը, կարևորելով առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության մեջ ջանքերի ու ծառայության առավել արդյունավորումը, հատկապես կրթական-քարոզչական ոլորտում, ընդգծեց․ «Մեծապես կարևոր է մարդկանց սրտերում հոգևոր-բարոյական արժեքների սերմանումը, ազգային ոգու և հայրենասիրության զորացումը, քանզի ամենքիս մտահոգող արատավոր երևույթներ և շատ հարցեր հիմնականում հետևանք են արժեքային դաշտում արձանագրված նահանջի, ավանդական ընկալումների տկարացման։ Կրթական տարբեր ծրագրերով, նաև արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով պետք է զորացնենք քարոզչությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը մեր ժողովրդի՝ Աստվածաշնչի ուսուցմամբ և մեր Սուրբ Եկեղեցու ամբողջական ճանաչողությամբ»։ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակում Նորին Սրբությունը կարևորեց հովվական խնամքը հոգևոր և հոգեբանական զորակցության կարիքն ունեցող առանձին խմբերի նկատմամբ։ «Մասնավոր ուշադրություն հարկ է դարձնել զոհվածների, վիրավորների, գերեվարվածների և անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև տեղահանված կամ Լաչինի փակ միջանցքի պայմաններում բաժանված արցախցի ընտանիքներին։ Առաջնային մեր պարտավորություններից է նաև մանուկներին և երիտասարդներին մեր Եկեղեցու հետ կապելը՝ Ավետարանի լույսով և մեր Սուրբ Եկեղեցու օրհնությամբ պաշտպանելու նրանց մերօրյա աշխարհի բազում մոլորություններից և գայթակղություններից»,–ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։ Գոհունակությամբ անդրադառնալով աշխարհսփյուռ եկեղեցական կառույցների և բարերար նվիրյալ հայորդիների աջակցությամբ վերջին տարիներին առավել ընդլայնված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայաստանյան թեմերի սոցիալական աշխատանքներին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին և հովիվներին՝ կարևոր այդ առաքելության մեջ դրսևորած նախանձախնդրության համար։ Բարձրորերն գնահատելով քահանա հայրերի նախանձախնդիր և նվիրյալ ծառայությունը՝ Հայոց Հովվապետը հորդորեց․«Քրիստոսով զորացյալ քաջ, անվեհեր ու համարձակ եղեք ձեր հոգևոր սպասավորության մեջ՝ ճշմարտության ճանապարհով առաջնորդելու մեր ժողովրդին՝ ի խնդիր հայրենական ու ազգային մեր կյանքը խաթարող թյուր ընթացքների և երևույթների հաղթահարման։ Ազգանվեր ու եկեղեցանվեր ծառայությամբ և մշտարթուն հովվի աննկուն ոգով, իբրև մերօրյա ղևոնդ երեցներ շարունակեք ջանքեր ներդնել հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և մեր ժողովրդի հոգևոր կյանքի բարօրության»։ Ապա Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց պարգևների ու պատիվների արժանացած եկեղեցականներին՝ մաղթելով արդյունավետ ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ իրենց տերունապատվեր առաքելության մեջ։ Նորին Սրբությունը նաև ծանուցեց, որ տարիների վաստակաշատ նվիրյալ ծառայության բարձր գնահատանքով արքության պատվի են արժանանում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բարգրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Վերջում իր գնահատանքը բերելով Հայ Եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ Նորին Սրբությունը հայցեց, որ Բազումողորմ Տերը խաղաղության և ապահովության մեջ պահի Հայաստանն ու Արցախը, շեն ու բարօր՝ հանուր հայության կյանքը։
17:09 - 17 փետրվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունը գոհունակություն  հայտնելով երկու երկրների միջև հաստատվող գործակցային հարաբերությունների առիթով՝ հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կդառնա հայ-կորեական կապերի առավել խորացման համար: Հայոց Հայրապետը վերհիշեց դեռևս  2013 թ. Հարավային Կորեա կատարած իր այցը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր համագումարի առիթով: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տիրող կացությանը և հետպատերազմյա մարտահրավերներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունը հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի, ինչպես նաև գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանության առնչությամբ՝ կարևորելով միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումը կանխարգելելու Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը։ Իր հերթին Կիհուն Սոնը կարևոր նկատեց ջանքերի ներդրումը՝ ուղղված հայ-կորեական համագործակցության սերտացմանը: Պատվիրակության ղեկավարը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
10:08 - 16 փետրվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 7-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց Հայ Եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է իր այդ կարևոր առաքելությունը։ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամական հարաբերությունների զորացման և արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում։ Անդրադարձ կատարելով տարածաշրջանում տիրող դժվարին կացությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը հայտնեց Արցախի ժողովրդի խաղաղ ու ազատ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց միջազգային հանրության, այդ թվում՝ Խորվաթիայի հետևողական ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության անաղարտ պահպանության ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից դրսևորվող նկրտումների կանխման գործում։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև հայ գերիների վերդարձման խնդրին՝ ակնկալելով, որ Խորվաթիայի իշխանությունները ևս գործուն քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ։ Իր հերթին նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նաև նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և իրենց նպաստը բերելու խնդրի խաղաղ կարգավորմանը։
09:32 - 08 փետրվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:   «Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու աղոթական զորակցությունն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Իրանի համայն ժողովրդին», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում: Նորին Սրբությունը Երկնավորի մխիթարությունն է հայցել բոլոր սգակիրներին և առողջություն մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
15:03 - 30 հունվարի, 2023
Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտնում է, որ հունվարի 22-ին կկատարվի հոգեհանգստյան կարգ հունվարի 19-ին Գեղարքունիք մարզի ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինվորների համար։  «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 22-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին»,-նշված է հաղորդագրությունում։  
15:15 - 21 հունվարի, 2023
Մայր Աթոռում քննարկել են Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները |artsakhpress.am|

Մայր Աթոռում քննարկել են Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները |artsakhpress.am|

artsakhpress.am: Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի նիստը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։Նիստին քննարկվեցին Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող քայլերի, մասնավորաբար՝ իրավական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպես նաև առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:Զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախահայությունը շարունակում է գտնվել հումանիտար աղետալի իրավիճակում։ Բնապահպանական կեղծ պատճառաբանություններով ոտնահարվում են Արցախի հայերի տեղաշարժի, սնունդ ու բժշկական աջակցություն ստանալու և կենսական մյուս իրավունքները:Ներկայացվեցին ճգնաժամային նման իրավիճակում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես անդրադարձ կատարվեց այն հանգամանքին, որ դեռևս դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ հարցի վերաբերյալ մի շարք գրություններով դիմել էր Քույր Եկեղեցիների պետերին և միջազգային կառույցներին, որպեսզի իրենց աջակցությունը բերեն արցախահայությանը: Նորին Սրբությունն արձանագրել է, որ Արցախը, մնալով շրջափակման մեջ, կանգնած է լիակատար հումանիտար աղետի առջև։ Ի պատասխան Նորին Սրբության կոչի, արձագանքներ են ստացվել Ռուս Եկեղեցու Պետի, Հռոմի Սրբազան Քահանայապետի, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպական Եկեղեցիների Խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների կողմից:Միաժամանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի արգելափակման առնչությամբ մի շարք հանդիպումներ է ունեցել պետական, քաղաքական, միջազգային և դիվանագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:Նորին Սրբության կողմից շրջաբերական գրություն է ուղղվել նաև Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի առաջնորդներին, առ այն, որ թեմական, համայնքային, ազգային կառույցների ջանքերի համադրմամբ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի խնդիրը բարձրացվի ու ներկայացվի պետական, միջազգային, դիվանագիտական ու մարդասիրական պատկան կառույցների ու կազմակերպությունների առջև:Զեկույցի ավարտին ծավալվեց մտքերի փոխանակում, ներկայացվեցին առաջարկներ, որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում։ Առանձնահատուկ կերպով ընդգծվեց արցախահայերին սննդով և կենսական անհրաժեշտության պարագաներով ապահովելու կարևորությունը:Վերջում Նորին Սրբությունն, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ ուղղեց Մայր Աթոռի պատկան կառույցների ղեկավարներին՝ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցին հնարավոր բոլոր ջանքերը շարունակելու է գործադրել հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և պաշտպանելու արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը:Խորհրդակցության ավարտին Վեհափառ Հայրապետն աղոթք հնչեցրեց աշխարհի խաղաղության և Հայաստանի ու Արցախի անվտանգ ու ապահով կյանքի և համայն հայ ժողովրդի բարօրության համար:
11:17 - 21 հունվարի, 2023
Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով. Գարեգին Բ

Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով. Գարեգին Բ

Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից, ՌԴ պատվո շքանշանի հանձնման արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Ռուսաստանի Դաշնության մեծարգո դեսպան, Գերաշնորհ, Հոգեշնորհ և Արժանապատիվ հայրեր, Գերագույն հոգևոր խորհրդի պատվարժան անդամներ և սիրելի ներկաներ, Ողջունում ենք ամենքիդ ներկայությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բերում Մեր օրհնությունն ու բարեմաղթանքները Ամանորի և մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության հոգենորոգ տոների առիթով։ Շնորհակալությամբ ստացանք Ռուսաստանի Դաշնության մեծահարգ նախագահ տիար Վլադիմիր Պուտինի կողմից Մեզ շնորհված Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը մեծարգո դեսպան տիար Սերգեյ Կոպիրկինի ձեռամբ: Հայրապետական Մեր մաղթանքներն ու օրհնությունն ենք բերում ի դեմս Ձեզ, պարոն դեսպան, Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ ազնիվ ուշադրության և գնահատանքի համար։ Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել ու թրծվել է համատեղ կրած նեղություններով ու դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունը ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի ու դավանած ընդհանուր արժեքների վրա։ Հայ- ռուսական փոխհարաբերությունների պատմության ընթացքում, այլև անկախության հռչակումից ի վեր մեր ժողովուրդը զգացել է բարեկամ Ռուսաստանի բարյացակամ վերաբերմունքը և զորակցությունը։ Այսօրինակ բարեկամության ցայտուն վկայության ականատեսը եղանք, երբ Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերով դադարեցվեց 2020 թվականի Արցախյան արյունալի պատերազմը, նաև շարունակվում է կարևոր աջակցությունը պատերազմի աղետալի հետևանքների հաղթահարման, Արցախի մեր ժողովրդի անվտանգության ապահովման, Դադիվանքի և հայոց հնամենի սրբավայրերի պահպանության գործում։ Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Աղոթում ենք, որ արդյունավորվեն ռուս խաղաղապահների ջանքերը՝ ուղղված Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը և Արցախում տիրող աղետալի վիճակի հաղթահարմանը։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Սիրելիներ, Ռուսաստանի Դաշնության այս բարձր պարգևի շնորհումը դիտարկում ենք հայ-ռուսական բարեկամության, Հայաստանի և Ռուսաստանի միջև հոգևոր-մշակութային կապերի զորացման գործում Հայոց Եկեղեցու պատմական դերակատարության արժևորման համատեքստում, նաև որպես գնահատանք Ռուսաստանի կյանքում հայ համայնքի կարևոր ավանդի: Մեր ժողովուրդների բարեկամության ակունքներում Հայ և Ռուս Եկեղեցիների եղբայրությունն է։ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի՝ ի Քրիստոս Մեր սիրեցյալ եղբոր հետ սերտ գործակցության մեջ ամենայն ջանք ի գործ ենք դնելու հանուն մեր ժողովուրդների դարավոր բարեկամության առավել ամրապնդման և հարատևության։ Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված, որ այսօրվա փոթորկոտ և տագնապներով լի աշխարհում Ամենողորմ Տերը խաղաղության իր շնորհները հեղի համայն մարդկության կյանքին և ապահովության ու բարօրության մեջ պահի մեր եղբայր ժողովուրդներին՝ պարգևելով արդյունաշատ գործակցություն և մշտանորոգ ձեռքբերումներ մեր բարեկամ երկրներին։ Այս առիթով, հարգարժան պարոն դեսպան, հաճեցեք Ռուսաստանի Դաշնության նախագահ մեծարգո տիար Վլադիմիր Պուտինին Քրիստոսի Սուրբ Ծննդյան կենարար ավետիսի հետ մեկտեղ փոխանցել Մեր երախտագիտությունը և կենաց արևշատության, հաջողությանց և Ռուսաստանի առջև ծառացած մարտահրավերների ու փորձությունների շուտափույթ հաղթահարման բարեմաղթանքները: Թող Աստված օրհնի և անսասան պահի բարեկամությունը մեր եղբայր ժողովուրդների»,- ասված է վեհափառի ելույթում:
11:40 - 12 հունվարի, 2023
Սիրելի՛ արցախցիներ, ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով․ Գարեգին Բ

Սիրելի՛ արցախցիներ, ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով․ Գարեգին Բ

Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվել է Սուրբ Ծննդյան հայրապետական պատարագ։  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի առիթով: «Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը, համախմբված մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմյանց փոխանցելով փրկավետ ողջույնը՝ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։ Ավելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպես անզուգական հրավեր՝ Քրիստոսով նորոգվելու, խաղաղություն հաստատելու, սերն առատացնելու։ «Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու»,- պատգամում է առաքյալը՝ ներշնչված Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով։ Արդարև, Աստվածորդին աշխարհ եկավ՝ մեղանչական մարդուն ցույց տալու փրկության ճանապարհը, որը բացվում է Քրիստոսով նորոգվածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հավատացող ու փորձությունների առջև չընկրկող հոգիները և մեղքի ու չարյաց դեմ աներկբա մարտնչողները: Քրիստոսի Սուրբ Ծննդյան շնորհները պարգևում են մարդկությանը օրհնյալ կյանք՝ խարսխված աստվածպաշտության, բարության, ճշմարտության ու արդարության վրա, հույսով ու լավատեսությամբ են զինում կորուստներից ու ցավերից վշտահար ու հուսաբեկ հոգիներին, ապաքինում և լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը և զորացնում դժվարություններին դիմակայելու, անգամ անվճռելի թվացող ճգնաժամերն ու պատուհասները հաղթահարելու։ Փրկչի Ծննդյամբ մարդկության կյանքում հնչող նորոգության հրավերի անտեսումը, Աստվածորդու պատվիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու ավեր են սփռում և այսօր էլ պատճառ են դառնում հասարակության մեջ, ընտանիքներում գժտությունների ու անհանդուրժողության, ազգերի ու պետությունների միջև հակամարտության ու թշնամանքի: Հիրավի, առաքյալի խոսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով»: Սիրելիներ, Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերությամբ է համակում, հավատքով գոտեպնդում Քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների։ Արցախյան պատերազմի և ամիսներ առաջ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը: Մեր զավակները հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնյակ զավակներ գերության մեջ են, տակավին կան անհայտ կորածներ։ Տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի: Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգության, սրտով, հոգով, մտքով մաքրվելու, Քրիստոսով վերափոխվելու և միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր հանձնառությունների մեջ։ Այսպիսի նորոգությամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կյանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնության, ատելության ու հարմարվողականության կործանարար դրսևորումները և հայրենիքի բարվոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմյանց հանդեպ հարգանքն ու սերը, վստահության հաստատուն հիմքերի վրա խարսխել Հայաստան-սփյուռք գործակցությունը։ Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգված, Քրիստոսով միասնական, Աստծո շառավիղներով քայլելով, մենք, ինչպես առաքյալն է ասում, մեզ պաշարած փորձություններից այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք։ Սիրելի զավակներ Մեր, Աստծո օգնականությունը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգևոր ապրումը։ Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը։ Սուրբ Ծննդյան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խոսքն ենք հղում խրոխտ ու անվեհեր Արցախի հավատավոր Մեր զավակներին։ Սիրելի՛ արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքները այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին։ Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդյան ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ մաղթելով Աստծո զորակցությունը տերունավանդ ծառայության մեջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացյալ Փրկչի օրհնությունը իրենց աստվածապատվեր առաքելությանը և հավատավոր հոտին։ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։ Սուրբ Ծննդյան այս շնորհազարդ առավոտ սրտագին աղոթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմյան աստղալույսը հարատև շողարձակի մեր ազգային կյանքի երկնակամարում, որպեսզի մենք, Փրկչին ապավինած, հաստատենք մեր ընթացքը սիրո, համերաշխության ու միասնականության շավիղներում։ Թող Սուրբ Ծննդյան կենարար խորհրդով խաղաղություն լինի աշխարհին ու համայն մարդկությանը։ Թող հավատքով պայծառացած՝ աշխարհասփյուռ ազգս հայոց զորացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականություն դարձնի իր նվիրական իղձերը և փառավորի մարդեղացյալ Փրկչին՝ գոհությամբ ձայնելով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»»։
14:26 - 06 հունվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը: Սուրբ Պատարագի ընթացքում Վազգեն Սրբազանը, իր քարոզում ներկայացնելով Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհուրդը, անդրադարձ կատարեց մարդ-Աստված հարաբերությանը. «Թեև չենք բացառում մարգարեների, Սուրբ Գրքի մեկնիչների, աստվածաբանների կարևորությունը՝ Աստծու խոսքը մեզ ավելի դյուրին մատուցելու առումով, բայց այսօր կարևոր է յուրաքանչյուրիս անհատական հաղորդակցությունն Աստծո հետ»։ Այս առնչությամբ պատարագիչ Սրբազանը հորդորեց ներկաներին, թոթափելով աշխարհիկ մտածումները և հեռու վանելով մարդու հոգին ու կյանքը մաշող խոհերը, խոսել Տիրոջ հետ՝ դեպի երկինք բարձրացնելով մեր անկեղծ աղոթքները։ Վազգեն Սրբազանը, անդրադառնալով նաև մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ընդգծեց, որ առկա փորձությունները հնարավոր է հաղթահարել հավատքի, աղոթքի ու նվիրական գործերի շնորհիվ։ Վերջում Պատարագիչ Սրբազանը տոնի առիթով շնորհավորեց հավատացյալ հայորդիներին և մաղթեց Սուրբ Ծննդյան լուսավոր օրհնությունն ամենքին։ Սուրբ Պատարագի ավարտին, նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին: Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, նախագահությամբ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:
10:19 - 06 հունվարի, 2023