Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
10:08 - 16 փետրվարի, 2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունը գոհունակություն  հայտնելով երկու երկրների միջև հաստատվող գործակցային հարաբերությունների առիթով՝ հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կդառնա հայ-կորեական կապերի առավել խորացման համար:

Հայոց Հայրապետը վերհիշեց դեռևս  2013 թ. Հարավային Կորեա կատարած իր այցը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր համագումարի առիթով:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տիրող կացությանը և հետպատերազմյա մարտահրավերներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունը հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի, ինչպես նաև գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանության առնչությամբ՝ կարևորելով միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումը կանխարգելելու Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը։

Իր հերթին Կիհուն Սոնը կարևոր նկատեց ջանքերի ներդրումը՝ ուղղված հայ-կորեական համագործակցության սերտացմանը: Պատվիրակության ղեկավարը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել