Սահմանային լարվածություն Տավուշում

2020 թվականի հուլիսի 12-ին, ժամը 12։30 Տավուշի մարզի հայկական դիրքերից մեկին մոտեցել է ադրբեջանական ՈՒԱԶ ավտոմեքենա։ Ադրբեջանցի զինծառայողներն անհասկանալի պատճառներով դուրս են եկել մեքենայից եւ շարժվել դեպի մեր դիրքը։ Քանի որ շարժումը մեր զինծառայողների համար անսպասելի է եղել, նրանք վերադասին զեկուցելիս ստացել են հրահանգ՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինծառայողների հնարավոր մոլորվածությունը կամ աշխարհագրության, օպերատիվ իրավիճակին չտիրապետելու հանգամանքը, կոչ են արել լքել տարածքը, որն իրականցվել է․ թողնելով ավտոմեքենան՝ ադրբեջանցի զինծառայողները վերադարձել են իրենց դիրքեր։ 

Դրանից հետո սկսվել է 82մմ ականանետերով հրետակոծություն եւ մարտական խմբերի շարժ՝ դեպի նույն դիրքը, ինչը կասեցվել է հրետակոծությամբ եւ համապատասխան գործողություններով։ Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ 

Հուլիսի 13-ին հակառակորդը նույն սցենարով, տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15-20 րոպեն մեկ, սկսել է հրետակոծությունը։ 

Նույն օրը Ադրբեջանական ԶՈՒ-երը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Տավուշի մարզի Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը։ Ավելի ուշ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Արկերից մեկը ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ 

Հուլիսի 12-ի, լույս 13-ի գիշերվանից հայաստանյան տասնյակ լրատվամիջոցներ DDoS հարձակման տակ են եղել։ 

Հուլիսի 13-ին ՀՀ Զինված ուժերը խոցել են հակառակորդի մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը՝ կամիկաձե: 

Հուլիսի 13-ին մարտական պայմաններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ-ի՝ դրանք փայլուն արդյունքներ են գրանցել:

Հուլիսի 13-ի, լույս 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։ 

Հուլիսի 14-ի առավոտյան Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել։ Ժամը 12-ի մոտակայքում հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հուլիսի 14-ին ադրբեջանական հաքերները կիբերհարձակում են գործել gov.am, e-gov.am եւ primeminister.am պաշտոնական կայք էջերի վրա։ Վարչապետի կայքում հաքերները տեղադրել էին Ալիեւի ուղերձը եւ Մուբարիզ Իբրահիմովի նկարը։

Հուլիսի 14-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 11 սպանվածի մասին․ կորուստների թվում կա նաեւ երկու մայոր: 

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի բնակավայրին սահմանակից հակառակորդի մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել նույն բնակավայրի 19-րդ փողոցի տներից մեկի բնակչի առանձնատան ուղղությամբ։ Առանձնատունը վնասվել է, վերոնշյալ բնակիչը և նրա ընտանիքի անդամները պատսպարվել են թաքստոցում։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: 

Հուլիսի 14-ին հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։ 

ՀՀ ԶՈՒ-երի խոցած ԱԹՍ-ն «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքն է, որն արժե մոտ 30 մլն ԱՄՆ դոլար։ Սա աշխարհում այս տիպի ԱԹՍ-ի առաջին հայտնի խոցումն է:

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Այգեպար գյուղը: Գնդակոծության հետեւանքով վնասվել է 7 տուն: 

Հուլիսի 14-ի երեկոյան հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Զինծառայողներն առաջնագծում չեն եղել։

Հուլիսի 14-ին, ժամը 19։00-ի սահմաններում սահմանում տիրել է հարաբերական անդորր։

Հուլիսի 14-ին հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները։

Հուլիսի 14-ին Monte Melkonian Cyber Army-ն կոտրել եւ հրապարակել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների եւ այլ անձանց տվյալներ՝ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

Հուլիսի 14-ին, Ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ 

Հուլիսի 14-ին, ժամը 18։00-ից սկսված հարաբերական անդորրը պահպանվել է նաեւ հուլիսի 15-ի առավոտյան։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։ 

Հուլիսի 15-ին պահպանվել է հրադադարի ռեժիմը։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։ Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է եղել։

Հուլիսի 15-ի, լույս 16-ի գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ 

Հուլիսի 15-ին, ժամը 05:20-ին ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է նաեւ առավոտյան։ 

Տավուշի սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարզպետարանում գործում են հանձնախմբեր

Տավուշի սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարզպետարանում գործում են հանձնախմբեր

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշի սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված` առաջարկների և միջոցառումների կանոնակարգման, խնդիրների լուծման նպատակով մարզպետարանում գործում են հետևյալ հանձնախմբերը. ▪️Սոցիալական հարցերով հանձնախումբՀԵՌ.՝ 055 09 89 40▪️Դիմակայունության (քաղպաշտպանության) հարցերով հանձնախումբՀԵՌ.՝ 055 01 04 01▪️Կրթական (երեխաների) հարցերով հանձնախումբՀԵՌ.՝ 094 88 86 76▪️Առողջապահական հարցերով հանձնախումբՀԵՌ.՝ 093 30 05 56▪️Շինարարական հարցերով հանձնախումբՀԵՌ.՝ 077 88 37 68▪️Լոգիստիկ հարցերով հանձնախումբՀԵՌ.՝ 094 75 56 04▪️Ֆոնդհայթայթման հարցերով հանձնախումբՀԵՌ.՝ 095 00 52 15▪️Հանրային կապերի և լրատվության հարցերով հանձնախումբՀԵՌ.՝ 055 46 31 44 ❕Հարցերի դեպքում կարող եք նաև գրել մարզպետարանի էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ ֆեյսբուքյան էջին: Շնորհակալություն ենք հայտնում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար և խնդրում ենք բոլոր նախաձեռնությունները համաձայնեցնել համապատասխան հանձնախմբի հետ»:
14:49 - 17 հուլիսի, 2020
Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել. Շավարշ Քոչարյան |armenpress.am|

Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել. Շավարշ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի դիմել օգնության համար: Այս մասին Մինսկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ արձագանքին: «ՀԱՊԿ-ի օրենսդրությամբ կա համապատասխան հոդված, որ, եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին, թե ինչ իրավիճակ է»,- ասաց Քոչարյանը: ԱԳ փոխնախարարն անդրադառնալով իրավիճակի հանդարտեցման ՀԱՊԿ կոչին, նշեց, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ, եթե իրավիճակը չհանդարտվի և հայկական կողմը դիմի օգնության համար, իրենք ստիպված կլինեն ներքաշվելու:
13:33 - 17 հուլիսի, 2020
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի սահմանին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների, խաղաղ բնակավայրերի հրետակոծման և լարվածության հրահրման առիթով հուլիսի 16-ին Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) գործող գլխավոր քարտուղար Հայր Իոան Սաուկան հանդես է եկել հայտարարությամբ։ «Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հորդորում է շտապ դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրացումը, որը կիրակի՝ հուլիսի 12-ից խլեց առնվազն 16 մարդու կյանք և հանգեցրեց ապակայունացման՝ սպառնալով վերաճելու լայնամասշտաբ հակամարտության։ ԵՀԽ-ն խորապես անհանգստացած է առկա զեկույցներով, որոնց համաձայն փոխադարձ հրետակոծությունների հետևանքով քաղաքացիական անձեր են տուժել և քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքներ, ներառյալ կորոնավիրուսի համավարակի դեմ անձնական պաշտպանիչ միջոցներ արտադրող Հայաստանի Տավուշի մարզի գործարանը։ Մասնավորապես նոր կորոնավիրուսի համավարակի այս իրավիճակում, որը ներազդել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ԵՀԽ-ն հորդորում է երկու կողմերին՝ հետևելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի  համընդհանուր հրադադարի կոչին՝ հնարավորություն տալով անհրաժեշտ բոլոր միջոցները տրամադրելու համավարակի դեմ պայքարին։ Մինչ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել հետևելու համընդհանուր հրադադարին, ԵՀԽ-ն ցավով արձանագրում է, որ Ադրբեջանը չի հետևում դրան»,- ասված է հայտարարության մեջ։ ԵՀԽ գործող գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է ԵԱՀԿ միջնորդական առաքելությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կոչ ուղղելով կողմերին՝  վերսկսելու դիվանագիտական ջանքեր գործադրել՝ երկու ժողովուրդների միջև հակամարտությունը հանգուցալուծելու նպատակով։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 1962 թվականից անդամակցում է աշխարհի ամենամեծ համաքրիստոնեական այս կազմակերպությանը՝ 350 անդամ Եկեղեցիներով և ավելի քան 500 միլիոն քրիստոնյաներով։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր մշտական ներկայացուցիչներն ունի կազմակերպության ղեկավար մարմիններում՝ Կենտրոնական և Գործադիր հանձնախմբերում, Աստվածաբանական կարևորագույն՝ «Հավատ և Կարգ» հանձնախմբում, Կրթության և էկումենիկ դաստիարակության, Ավետարանության և քարոզչության, Միջկրոնական երկխոսության և այլ հանձնախմբերում»,- ասված է հայտարարության մեջ։ 
13:21 - 17 հուլիսի, 2020
Հայ ժողովուրդը համախմբված է հայրենիքի պաշտպանության շուրջ․ Զարեհ Սինանյան

Հայ ժողովուրդը համախմբված է հայրենիքի պաշտպանության շուրջ․ Զարեհ Սինանյան

 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողություններին վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Սինանյանը հայտարարության մեջ նշել է, որ գործողությունները ցայսօր ուղեկցվում են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով, հատուկ նշանակության զորքերի, հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության թիրախավորմամբ: «Հայկական բանակի գրագետ և զգոն գործողությունների շնորհիվ ադրբեջանական զինված ուժերն ունեցել են բազմաթիվ մարդկային կորուստներ, խոցվել է հակառակորդի բանակի թանկարժեք ռազմատեխնիկա: Մեր զինված ուժերի պատժիչ գործողությունների արդյունքում հայկական կողմն արձանագրել է շոշափելի դիրքային առաջխաղացում։ Ցավոք, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում տեղի ունեցող մարտերի ընթացքում հերոսաբար նահատակվել են Հայոց բանակի 4 զինծառայողներ»,- նշել է Սինանյանը։ Նրա խոսքով՝ այս օրերին, երբ Ադրբեջանի հայատյաց իշխանությունը կրկին դիմում է զենքի ուժի, վտանգում է հայ ժողովրդի բնօրրանն ու միակ ապաստարան հանդիսացող Հասաստանի սահմանները, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխարհի տարբեր հայկական համայնքներից զորակցության բազմաթիվ կոչեր է ստանում: Հայկական սփյուռքը պատրաստ է իր հնարավորությունների ողջ ընդգրկմամբ կանգնել հայրենիքի և Հայկական բանակի կողքին: «Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, հայկական զինված ուժերն այս պահին լիարժեքորեն տիրապետում են իրավիճակին, և կասկածից վեր է, որ մեր սահմաններն անառիկ են, իսկ մեր բանակը՝ մարտունակ: Մեր նպատակը խաղաղությունն է, սակայն այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, և թշնամու ցանկացած ոտնձգություն ստացել և ստանալու է համապատասխան և հուժկու հակահարված: Գիտենք, որ հայկական սփյուռքն իր մեծ ազդեցությամբ և հսկայական ներուժով հայրենիքի պաշպանի թիկունքին է: Այժմ ամենակարևորը մեր արդար ձայնը միջազգային հանրությանը հասցնելը և ադրբեջանական անօրինական գործողություններին համապատասխան գնահատական պահանջելն է: Սփյուռքի մեր հայկական լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել բացառապես պաշտոնական լրատվություն: Աներկբա է, որ հայ ժողովուրդը կրկին համախմբված է մեկ միասնական գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Միասին մենք անհաղթ ենք»,- ընդգծել է Սինանյանը։
12:33 - 17 հուլիսի, 2020
Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը․ Մակունց

Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցում է, որ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը․ Մակունց

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին իրադարձությունների ծավալման ֆոնին Թուրքիան ադրբեջանական ռազմական ագրեսիան ողջունող և նույնիսկ խրախուսող հայտարարություններով ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ պետությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։Թուրքիայի այս գործելաոճը չպետք է անարձագանք մնա միջազգային հանրության կողմից, քանի որ հարցականի տակ է դրվում թե՛ մեր և թե՛ ավելի մեծ տարածաշրջանային կայունությունը։ Մենք խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակներով ուշադրություն ենք հրավիրում այս ռիսկի նկատմամբ և ակնկալում, որ միջազգային գործընկերների համար նույնպես տարածաշրջանային կայունության պահպանումը կլինի բացարձակ առաջնահերթություն»։
12:19 - 17 հուլիսի, 2020
Անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀԱՊԿ ղեկավարության կրավորական և ոչ հասցեական հայտարարությունները. Ազատ դեմոկրատներ

Անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀԱՊԿ ղեկավարության կրավորական և ոչ հասցեական հայտարարությունները. Ազատ դեմոկրատներ

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին և վերջինիս աջակից Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել և որևէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն   Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի զինուժի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունների մաշտաբներն արդեն որերորդ օրն է ընդարձակվում են՝ թե՛ ռազմական և թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Ակնհայտ է, որ այս ողջ ընթացքում ադրբեջանական ռազմական գործողություններին գործուն և անմիջական հանցավոր աջակցություն է ցուցաբերում Թուրքիան: Մասնավորապես դրա վկայությունն է Թուրքիայի նախագահ Էրդողանի և արտգործնախարարի ագրեսիվ հայտարարությունները, Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն առ այն, որ իրենք կլինեն Ադրբեջանի զինուժի կողքին և կգործեն  «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի համաձայն», Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատարի հուլիսի 16-ի այցը Թուրքիա և հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ, իսկ  Ադրբեջանը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային ահաբեկչական հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմակայանի հրթիռակոծությամբ: Այս ցցուն փաստերի առկայության պարագայում առնվազն անթույլատրելի է ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահող պետությունների կողմից գործուն քայլերի բացակայությունն ու լռությունը նույն Մինսկի խմբի անդամ հանդիսացող Թուրքիայի ժամ առ ժամ աճող ագրեսիվ և ակնհայտ ռազմատենչ միջամտությանը և Ադրբեջանին ցուցաբերած գործուն աջակցությանը, որոնք հանգեցնում են ադրբեջանական ռազմական ագրեսիայի աճին ուղղված նաև Հայաստանի խաղաղ բնակչության, բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, ինչի արդյունքում արդեն իսկ ունենք վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում,  24-ից ավելի ավերված տներ, հրետակոծված մանկապարտեզ: Անթույլատրելի է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՀԱՊԿ ղեկավարության կրավորական և ոչ հասցեական հայտարարությունները, որը ոչ թե կանխարգելիչ, այլ ընդհակառակը՝ նպաստավոր պայմաններ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի համար ժամ առ ժամ ավելացնելու իրենց  ագրեսիվ ռազմական գործողությունները Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ: Բախումները սադրող, խաղաղ բնակչությանը հրետակոծող Ադրբեջանին, և վերջինիս հանցավոր աջակից ու լարվածությունը թեժացնող Թուրքիային չդատապարտելը նույնն է, թե ոչինչ չասել և որևէ գործուն քայլ չձեռնարկել տարածաշրջանի առանց այն  էլ փխրուն խաղաղությունը վերականգնելու ուղղությամբ: Կոչ ենք անում տարածաշրջանի կայունությամբ և խաղաղությամբ շահագրգիռ միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին և ՄԽ համանախագահներին, Երոպական Միությանը, ՀԱՊԿ-ին ժամ առաջ գործուն քայլեր ձեռնարկել կանխելու ադրբեջանաթուրքական ակնհայտ ագրեսիան ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ: Ակնհայտ է, որ այս իրավիճակը հայ-ադրբեջանական ռազմական գործողություններից ժամ առ ժամ վերածվում է խորը և բազմաշերտ աշխարհաքաղաքական գործընթացի, որը հղի է ողջ տարածաշրջանի ապակայունացման և նոր թեժ օջախի առաջացման վտանգով: Հարկ ենք համարում շեշտել, որ ադրբեջանական ագրեսիան մինչ օրս բացառապես զսպվում է ՀՀ Զինված Ուժերի պրոֆեսիոնալ և անձնուրաց գործողությունների շնորհիվ: Փա՛ռք ու պատի՛վ հանուն մեր սահմանների պաշտպանության և խաղաղության համար զոհված հերոսներին, վիրավորներին, մեր սահմանների խաղաղությունն ու անվտանգությունն ապահովող զինվորներին և մեր սահմանապահ ու խաղաղասեր ժողովրդին»:
10:45 - 17 հուլիսի, 2020
ԵԱՀԿ մշտական խորհրդում քննարկվել է ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակման հարցը

ԵԱՀԿ մշտական խորհրդում քննարկվել է ՀՀ պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակման հարցը

Հուլիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը, որի ընթացքում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ օրակարգ բերվեց և քննարկվեց «Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ռազմական հարձակում» վերտառությամբ հարցը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Իր ելույթում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արմեն Պապիկյանը նախ կազմակերպության մասնակից երկրներին ներկայացրեց հուլիսի 12-ից մինչ օրս Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակողական գործողությունների ժամանակացույցը, ինչպես նաև՝ դրան նախորդած Ադրբեջանում տեղի ունեցած քաղաքական և ռազմական բնույթի զարգացումները, որոնք ակնհայտ վկայում են, որ հուլիսի 12-ին սկսած հարձակումը նախապես ծրագրավորված գործողություն է։  «Ադրբեջանի նախագահը, ով հայտնի է Հայաստանի հանդեպ տարածքային իր նկրտումներով, մասնավորապես մայրաքաղաք Երևանի, ինչպես նաև Հայաստանի Զանգեզուրի շրջանի նկատմամբ, ով մշտապես գանգատվում է որ «ժամանակակից Հայաստանը հիմնվել է ադրբեջանական հողերի վրա», և այլն և այլն, վերջին ամիսների ընթացքում իր հրապարակային ելույթներում նորից վերադարձավ ռազմատենչ և ռազմաշունչ հռետորաբանությանը, իր ժողովրդին վստահեցնելով, որ Ադրբեջանը ունակ է ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։ Հայաստանի պատվիրակությունը մշտապես ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության կողմից խրախուսվող և սատարվող հակահայկական ատելություն սերմանող քարոզչությանը։ Մենք այն դիտարկում ենք որպես գործիք այդ երկրի իշխանությունների ձեռքին՝ արտաքին թշնամու դեմ հասարակությունը համախմբելու, ներքին խնդիրներից՝ բռնապետական կառավարում, էնդեմիկ կոռուպցիա, մարդու իրավունքների առումով խայտառակ պատկեր, հիմնարար ազատությունների համատարած ոտնահարում, ուշադրությունը շեղելու համար»։ Դեսպան Արմեն Պապիկյանը նաև նշեց, որ հայատյացության մակարդակն այնպիսի մի վտանգավոր աստիճանի է հասել, երբ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից նույնիսկ թեթև մանիպուլյացիայի դեպքում այդ հակահայկական ատելությունը կարող է հանգեցնել ռազմական բախումների և նույնսիկ լայնածավալ ագրեսիայի ինչպես Հայաստանի պետական սահմանին, այնպես էլ շփման գծի երկայնքով։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրեց Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերի՝ Բերդ քաղաքի, Այգեպար, Մովսես, Չինարի, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերի ռմբակոծությունը ականանետերի և Գրադ կայանի օգտագործմամբ՝ պատճառելով ավերածություններ, ինչպես բնակելի տներին, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Դեսպանը հատուկ ընդգծեց Այգեպարի մանկապարտեզի ռմբակոծման փաստը։ «Քաղաքացիական բնակչության և ենթկառուցվածքների միտումնավոր թիրախավորումը առաջին անգամ չէ որ կիրառվում է Ադրբեջանի կողմից։ Մենք դրան ականատես ենք եղել տարիներ ի վեր, մենք դա տեսանք 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակի կողմից իրագործվեցին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ։Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի դեմ ուղղված ատելության, այլատյացության և անհանդուրժողականության դրսևորում․ քաղաքականություն, որն Ադրբեջանում պաշտոնապես խրախուսվում է ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանի այս վարքագիծը պետք է աներկբա դատապարտվի, և Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պետք է կրի դրանց ամբողջ պատասխանատվությունը»։  Դեսպան Պապիկյանը նշեց նաև, որ առաջին անգամ չէ որ Ադրբեջանն իր հրետանային մարտկոցների դիրքերը տեղակայում է բնակավայրերում, դրանով իսկ վտանգելով իր իսկ քաղաքացիական բնակչությունը. «Նման դատապարտելի մարտավարությունը ևս նորություն չէ՝ այն օգտագործվել է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ։ Սա վկայում է, որ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը բացարձակ չի հետաքրքրում իր իսկ սեփական ժողովրդի ապահովությունը և անվտանգությունը, ուր մնաց Հայաստանի և Արցախի ժողովրդինը»։ Այնուհետև Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահին՝ հավասարակշռված հայտարարություն անելու կապակցությամբ, ինչպես նաև Հայաստանի գործընկերներ և բարեկամ երկրների համապատասխան արձագանքի համար։ Դեսպան Պապիկյանը հատուկ անդրադարձավ Թուրքիայի կողմից արված հայտարարություններին, դրանք գնահատելով որպես Ադրբեջանի վարքագծի ուղիղ խրախուսում, ինչը ներկայիս լարված իրավիճակում բացարձակ անպատասխանատու և անընդունելի է։  Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշեց, որ Հայաստանի սահմանին այս լարվածությունը ևս մեկ անգամ վկայում է, որ խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայր ձևավորելու, ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու համար նախ և առաջ անհրաժեշտ է նվազեցնել Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման հնարավորության սպառնալիքը, ինչպես նաև ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի՝ տեղում գործող միակ միջազգային ներկայության մշտադիտարկման կարողությունները։ Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ ժողովուրդների միջև վստահության, խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանն ուղղված նախաձեռնությունները միակ հնարավորությունն է ապահովելու կայունությունը տարածաշրջանում։
10:14 - 17 հուլիսի, 2020
Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ համատեղ հակահայկական հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին |tert.am|

Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ համատեղ հակահայկական հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին |tert.am|

tert.am: Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցությունը, իշխանամետ «Ազգայնական շարժում» խմբակցությունը, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցությունը և «Լավ» կուսակցության խմբակցությունը համատեղ հակահայկական հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը: Հայտարարության մեջ, որն ընթերցել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Սյուրեյա Սադի Բիլգիչը, ասվում է, թե «Թուրքիայի խորհրդարանը դատապարտում է Հայաստանի զինված ուժերի կոշտ հարձակումն Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա», և որ «Հայաստանը գտնվում է սխալ ուղու վրա»: Իրենց հայտարարությամբ կուսակցությունները կոչ են արել միջազգային հանրությանը «արձագանքել Հայաստանի գործողություններին» և նշել են, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Հայտարարության վերջում թուրքական խմբակցությունները ցավակցություններ են ուղղել ադրբեջանցի ժողովրդին զոհերի կապակցությամբ:
10:08 - 17 հուլիսի, 2020
«Ես աջակցում եմ հայ ժողովրդին». ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարում |tert.am|

«Ես աջակցում եմ հայ ժողովրդին». ԱՄՆ կոնգրեսական Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարում |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Թոնի Կարդենասն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին հուլիսի 12-ից Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից: «Ես աջակցում եմ Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի կողմից վերջերս հայկական սահմանին կատարած ագրեսիայի ֆոնին: Այս անիմաստ բռնությունը սպառնալիքի տակ է դնում անմեղ քաղաքացիական անձանց կյանքը: Պետք է ձեռնարկվեն սրացումը կանխող քայլեր` նոր կորուստներից խուսափելու համար»,-հայտարարել է կոնգրեսական Կարդենասը: Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։  
09:54 - 17 հուլիսի, 2020
Քննչական կոմիտեի նախագահը մեկնել է Տավուշի մարզ

Քննչական կոմիտեի նախագահը մեկնել է Տավուշի մարզ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և Ժնևյան կոնվենցիաների պահանջները, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու,  խաղաղ բնակչության ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայով, ականանետերով և այլ զինատեսակներով  կրակոցներ արձակելու փաստերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված 30 քրեական գործով նախաքննությունները կազմակերպելու և դեպքերի վայրերի զննությունները ղեկավարելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մեկնել է ՀՀ Տավուշի մարզ, եղել Բերդ քաղաքի, Չինարի և Այգեպար բնակավայրերի դեպքերի վայրերում: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Քննչական կոմիտեի նախագահի ղեկավարությամբ կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորյային քննչական բաժնի և Տավուշի մարզային քննչական վարչության աշխատակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ:
09:33 - 17 հուլիսի, 2020
Պարզաբանում՝ մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների առնչությամբ

Պարզաբանում՝ մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների առնչությամբ

Ի լրումն ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ հայկական մարտական հենակետերի վրա կատարված հարձակումների, կրակոցների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 36 զինծառայողներից 20-ը հոսպիտալացվել և համապատասխան բուժօգնություն են ստացել, իսկ մյուս 16 զինծառայողներն ունեն թեթև վնասվածքներ՝ քերծվածքների ձևով, որը Քննչական կոմիտեի կողմից, համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի՝ (տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը), գնահատվում է որպես մարմնական վնասվածք: Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նույն դեպքերին տրվում են տարբեր գնահատականներ՝ հաշվի առնելով կառույցների գործառույթներն ու առանձնահատկությունները:
09:18 - 17 հուլիսի, 2020
Քիմ Քարդաշյանը քննադատում է Ադրբեջանին և կողմնակիցներին կոչ անում աջակցել Հայաստանին |civilnet.am|

Քիմ Քարդաշյանը քննադատում է Ադրբեջանին և կողմնակիցներին կոչ անում աջակցել Հայաստանին |civilnet.am|

civilnet.am: Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Թվիթերում գրառում է արել՝ քննադատելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հետ սահմանին։ «Չնայած շարունակվող համաշխարհային համավարակին՝ Ադրբեջանը խախտել է գլոբալ հրադադար հաստատելու ՄԱԿ-ի կոչը՝ հարձակումներ գործելով Հայաստանի վրա։ Հայաստանում քաղաքացիական կառույցներ են թիրախավորվել, և Ադրբեջանն այժմ սպառնացել է հարվածել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,- ասված է Թվիթերում Քարդաշյանի տեղադրած «սթորի»-ում։ «Ես իմ հայրենակիցների հետ եմ և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրում վերջին սրացման ընթացքում սահմանին են։ Ես կոչ եմ անում խաղաղ հանգուցալուծել այս չհրահրված հարձակումները համավարակի այս՝ արդեն իսկ բարդ պայմաններում»։ Քարդաշյանը նշում է նաև, որ Կոնգրեսը հաջորդ շաբաթ քննարկելու է Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը և ռազմական աջակցությունն արգելելու օրինագիծը։ «Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին կոչ արեք աջակցել Հայաստանին»,- ասված է գրառման վերջում։
09:13 - 17 հուլիսի, 2020