Հայ ժողովուրդը համախմբված է հայրենիքի պաշտպանության շուրջ․ Զարեհ Սինանյան
12:33 - 17 հուլիսի, 2020

Հայ ժողովուրդը համախմբված է հայրենիքի պաշտպանության շուրջ․ Զարեհ Սինանյան

 ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողություններին վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Սինանյանը հայտարարության մեջ նշել է, որ գործողությունները ցայսօր ուղեկցվում են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով, հատուկ նշանակության զորքերի, հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության թիրախավորմամբ:

«Հայկական բանակի գրագետ և զգոն գործողությունների շնորհիվ ադրբեջանական զինված ուժերն ունեցել են բազմաթիվ մարդկային կորուստներ, խոցվել է հակառակորդի բանակի թանկարժեք ռազմատեխնիկա: Մեր զինված ուժերի պատժիչ գործողությունների արդյունքում հայկական կողմն արձանագրել է շոշափելի դիրքային առաջխաղացում։ Ցավոք, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում տեղի ունեցող մարտերի ընթացքում հերոսաբար նահատակվել են Հայոց բանակի 4 զինծառայողներ»,- նշել է Սինանյանը։

Նրա խոսքով՝ այս օրերին, երբ Ադրբեջանի հայատյաց իշխանությունը կրկին դիմում է զենքի ուժի, վտանգում է հայ ժողովրդի բնօրրանն ու միակ ապաստարան հանդիսացող Հասաստանի սահմանները, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխարհի տարբեր հայկական համայնքներից զորակցության բազմաթիվ կոչեր է ստանում: Հայկական սփյուռքը պատրաստ է իր հնարավորությունների ողջ ընդգրկմամբ կանգնել հայրենիքի և Հայկական բանակի կողքին:

«Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, հայկական զինված ուժերն այս պահին լիարժեքորեն տիրապետում են իրավիճակին, և կասկածից վեր է, որ մեր սահմաններն անառիկ են, իսկ մեր բանակը՝ մարտունակ: Մեր նպատակը խաղաղությունն է, սակայն այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, և թշնամու ցանկացած ոտնձգություն ստացել և ստանալու է համապատասխան և հուժկու հակահարված: Գիտենք, որ հայկական սփյուռքն իր մեծ ազդեցությամբ և հսկայական ներուժով հայրենիքի պաշպանի թիկունքին է: Այժմ ամենակարևորը մեր արդար ձայնը միջազգային հանրությանը հասցնելը և ադրբեջանական անօրինական գործողություններին համապատասխան գնահատական պահանջելն է:

Սփյուռքի մեր հայկական լրատվամիջոցներին կոչ ենք անում հետևել և տարածել բացառապես պաշտոնական լրատվություն:

Աներկբա է, որ հայ ժողովուրդը կրկին համախմբված է մեկ միասնական գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Միասին մենք անհաղթ ենք»,- ընդգծել է Սինանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել