Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, նախկին լրագրող։

Ծնվել է 1970թ. փետրվարի 9-ին Արմավիրում:

1988-1989թթ.  ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժինը: Թուրքագետ:

1993-1995թթ. եղել է Հայկական փաստագրական կենտրոնի տնօրեն: 1993-1995թթ.՝ «Երկիր» օրաթերթի եւ «Ազատամարտ» շաբաթաթերթի թուրքական բաժնի ղեկավար: 2001-2004թթ.՝ «Երկիր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր: 2004-2021թթ.՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն:

1990 թվականից ՀՅԴ անդամ է: 1990-1995թթ. եղել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամ: 1997-2005թթ.՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ:

2006-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ադրբեջանի առաջարկած 5 կետերի վերաբերյալ ոչինչ չասվեց. Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին |factor.am|

Ադրբեջանի առաջարկած 5 կետերի վերաբերյալ ոչինչ չասվեց. Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին |factor.am|

factor.am: Որևէ նոր բան չի հնչել փակ նիստում, բացի մեկ-երկու փոքր դրվագից: Այսօր ԱԺ փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Բանակցային պրոցեսից, առաջարկներից, Ադրբեջանի 5 կետերին ի պատասխան՝ հակական կողմի որրևէ դիտողության կամ առաջարկի մասին ոչինչ չասվեց: Այն, ինչ երեկ ԱԺ հանձնաժողովում Արարատ Միրզոյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչել է, նույնի կրկնությունը եղավ նաև փակ նիստում: Իշխանության կողմից որևէ ռեալ պարզաբանում հավանական բանակցային պրոցեսի մասին, որևէ հիմնարար տեղեկություն չեղավ»,- նշեց Մանուկյանը: Անդրադառնալով դիտարկմանը, որ միգուցե իշխանությունն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին չի վստահում՝ կարծելով, որ արտահոսքեր կլինեն, Մանուկյանն արձագանքեց. «Փակ նիստերից արտահոսքեր չեն եղել, Հայաստանի պատմության մեջ այդպիսի դեպքեր գրեթե չեն եղել, ես մեկ դեպք եմ հիշում նախկին խորհրդարանից, երբ եղել է փակ նիստ և պատգամավորներից արտահոսք է եղել»։
17:58 - 22 մարտի, 2022
Գեղամ Մանուկյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից |news.am|

Գեղամ Մանուկյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից |news.am|

news.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ փետրվարի 9–ին, զրկվեց ԱԺ–ում խոսքի իրավունքից։ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մինչեւ նրան խոսքի իրավունքից զրկելը, նախագզուշացում էր հայտարարել։ Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր ՔՊ–ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթին։ Ղազարյանն իր ելույթում անդրադարձել էր միջազգային այն զեկույցներին, որոնք իր խոսքով՝ արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության բարձրացմանը։ «Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ այս իրականություն, որովհետեւ այն կեղծ իրականությունը, որը դուք ստեղծել եք ձեր շուրջ, արդեն մեկ անգամ վնասել է ձեզ՝ նախընտրական շրջանում»,– ասել էր Սոնա Ղազարյանը։ Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր նաեւ ՔՊ–ական Վահագն Ալեքսանյանին, երբ վերջինս դիմել էր նրան։ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հենց այդ ժամանակ հայտարարեց, որ Մանուկյանը զրկվում է մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից։
11:47 - 09 փետրվարի, 2022
Միրզոյանն ու Ռուբինյանը Անթալիայում կարող են հայտնվել ծուղակում․ ով է նրանց խորհուրդ տվել մասնակցել ֆորումին, մնում է անհայտ. Գեղամ Մանուկյան
 |tert.am|

Միրզոյանն ու Ռուբինյանը Անթալիայում կարող են հայտնվել ծուղակում․ ով է նրանց խորհուրդ տվել մասնակցել ֆորումին, մնում է անհայտ. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Արդեն տևական ժամանակ է` արծարծվում է միջազգային հարթակներում Թուրքիայի արտաքին քաղաքական նոր նախաձեռնությանը` Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության հարցը։ Չավուշօղլուի հրավերին Հայաստանը իր կարծիքով տվել է խուսափողական պատասխան`առայժմ չհաստատելով վերջնական մասնակցությունը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Պաշտոնական Երևանի կողմից իբր դիվանագիտություն խաղալը, ո՛չ այո, ո՛չ ոչ գործելաձևը, Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները ամբողջովին բավարարում են թուրքական կողմին, որն էլ արտաքին հարթակներում ու միջազգային մամուլում այն օգտագործում է սեփական նպատակների համար»,– ասաց նա։«Վերջին օրինակը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի կողմից «A Haber» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այն հայտարարությունն էր, թե Փաշինյանը ընդունել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, ու այս հայտարարությունը` «Փաշինյանը  մարտին գալիս է Թուրքիա» գլխագրում լուր դարձավ ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում։ Գրոշի արժեք չուներ հաջորդ օրը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հերքումը, թե Փաշինյանի այցը չի նախատեսվում։ Հարց է առաջանում` «ջուրը չտեսած, ինչո՞ւ են բոբիկանում Երևանում», ո՞ւր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը»,– հավելեց Գեղամ Մանուկյանը։Պատգամավորը նշեց, որ 2021-ին թուրքական այս ֆորումը եվրոպացիներն արհամարհեցին, Ռուսաստանը բոյկոտեց։ «Ո՞վ է Միրզոյանին ու Ռուբինյանին խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին, մնում է անհայտ»,- ասաց նա։ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Միրզոյանն ու Ռուբինյանը կարող են ծուղակում հայտնվել այդ ֆորումի ժամանակ։ «Հանկարծ միջանցքներից մեկում նրանց կարող է մոտենալ նախորդ ֆորումի մասնակից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Արցախի  ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը, ո՞վ է դրա քարոզչական հարվածին դիմագրավելու, սրանց պատասխանները հայ պաշտոնյաները չունեն վստահաբար»,– ընդգծեց նա։ 
18:52 - 08 փետրվարի, 2022
Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են քննարկումները նախագահի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելու հարցի շուրջ: «Որոշման մասին դեռ չեմ կարող ասել, բայց քննարկումները շարունակվում են և նախագահի թեկնածու առաջադրման կամ չառաջադրման վերաբերյալ որոշման մասին պատշաճ ժամկետներում տեղյակ կպահենք»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարցին` թե արդյոք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, Մանուկյանը պատասխանեց, որ պաշտոնական քննարկումներ դեռ չեն եղել: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասաց, որ  խմբակցությունը չունի բավարար պատգամավորների թիվ միայնակ նախագահի թեկնածու առաջադրելու համար, բայց այս պահին իրենք խորհրդակցություններ են անցկացնում «Հայաստան» խմբակցության հետ: «Արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց Մամիջանյանը:
11:46 - 02 փետրվարի, 2022
Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար․ Գեղամ Մանուկյան |tert.am|

Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի թեկնածության հարցը, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի անդամի պարտականությունները։ «Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթ զարգացնելու, ոչ թե դասական երաժշտությունը ժողովրդի մեջ զարգացնելու, այլ գնացել է լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար»,–ասաց նա։ Գեղամ Մանուկյանը դիմեց նաև լրագրողական համայնքին, հայ հասարակությանը․ «Սիրելի գործընկեր, Հայաստանում արդեն տևական ժամանակ սկսել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակում, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն կերպ ձեր խմբագրություններն են շրջափակելու»,–ասաց նա և նշեց, որ լրագրողները բացի մեկ-երկու հայտարարություններից, կտրուկ  գործողությունների չեն դիմում։
12:10 - 21 հունվարի, 2022
Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը |fip.am|

Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը |fip.am|

fip.am: Նոյեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների տեղեկացմամբ կեսգիշերից Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրվեն մաքսակետեր և այդտեղով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրականացվի մաքսային հսկողություն։ Սակայն Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ օրեր առաջ վերջնականապես ավարտվել են Գորիս-Կապան ճանապարհը շրջանցող M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի կառուցման աշխատանքները։  Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Գլխավոր շտաբից հաստատել են, որ մեկ տարի առաջ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև կնքվել է պայմանագիր։ Թեև պայմանագրի բովանդակությունը չի գաղտնազերծվել, պատգամավորի պնդմամբ՝ դրանով հայկական զինուժը հետ է քաշվել Զանգելանի և Կուբաթլուի այն հատվածներից, որոնք 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կնքման պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։  Այս փաստաթղթի վերաբերյալ իշխանությունները մինչև վերջերս ոչ մի մեկնաբանություն չէին տվել և նույնիսկ չէին հիշատակել փաստաթղթի գոյության փաստը, սակայն երբ դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ է հանրությունից թաքցվել փաստաթղթի գոյությունը, որով վերջիններս պարտավորվել են զորքերը հետ քաշել զբաղեցրած տարածքներից, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց, որ փաստաթուղթը զորքերի հետքաշման մասին չէր։ «Այդ փաստաթուղթը եղել է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է այդ ճանապարհը (Գորիս-Կապան- խմբ․) օգտագործել՝ մինչև այլընտրանքային ճանապարհը ունենալը»,- հայտարարեց Գրիգորյանը։ Վերջինս ասում է, որ փաստաթղթով Գորիս-Կապան ճանապարհը պետք է շահագործվեր մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Այսինքն, կառավարությունը նախապես գիտեր, որ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի հիմնանորոգման ավարտին պես Ադրբեջանը փակելու է Գորիս-Կապան ճանապարհը։ Սրա հետևանքով Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերի կապը արտաքին աշխարհի հետ գրեթե անհնարին էր դառնալու, քանի որ վերջիններս գործնականում մնալու էին դաշտամիջյան ճանապարհների հույսին, որոնք մարդատար մեքենաների համար անանցանելի են։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել է ԱԽ քարտուղարի այն պնդմանը, թե փաստաթղթի գոյությունն ու բովանդակությունը գաղտնի չեն եղել, և ցույց է տվել, որ դրա մասին հանրությունն իմացել է միայն ընդդիմության հայտարարությունից հետո։ Սակայն Գրիգորյանի հայտարարության մեջ կա մեկ այլ կարևոր դրվագ։ Խնդիրը լուծելու համար կառավարությունն ուներ մեկ տարի ժամանակ։ Այդ ընթացքում հիմնանորոգեց միայն M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհը, և միայն նոյեմբերի 11-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու, անցակետեր տեղադրելու և մաքսային հսկողություն իրականացնելու մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց որոշվեց հրատապ կարգով սկսել գրեթե շրջափակման մեջ մնացած գյուղեր տանող ճանապարհների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման փուլը։  Այդ որոշմամբ կառավարությունը Որոտան-Խոտ ճանապարհի վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար 33 մլն դրամ հատկացրեց  «Մոդուլ» ՍՊԸ-ին, Քաշունի-Բարձրավան ճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար՝ 34 մլն դրամ «Սուֆետ» ՍՊԸ-ին, իսկ Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար՝ 39 մլն դրամ նույն «Սուֆետ» ՍՊԸ-ին։ Նշենք, որ որոշմանը զուգահեռ ճանապարհի որոշ հատվածներում արդեն ակտիվ աշխատանքներ էին ընթանում։ Ինչ վերաբերում է շրջանցիկ հիմնական՝ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհահատվածի հիմնանորոգմանը, «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս սեպտեմբերին գրել էր այդ մասին՝ ցույց տալով, որ աշխատանքները սկսվել էին ոչ թե պատերազմի ավարտից անմիջապես հետո, այլ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Ստորագրված փաստաթղթի վերաբերյալ այդ ժամանակ ոչ մի տեղեկություն չկար, որը թույլ կտար պնդել, որ կառավարությունը դրսևորել է ոչ թե անփութություն, այլ անգործություն։ Ստացվում է՝ Հայաստանի իշխանությունները ստորագրել են մի փաստաթուղթ, որով ժամանակ են ստացել Գորիս-Կապան մայրուղին շրջանցող մեկ այլ ճանապարհ կառուցելու համար, սակայն դրա հիմնանորոգման աշխատանքները սկսել են փաստաթուղթը ստորագրելուց կես տարի անց միայն, իսկ ճանապարհի փակվելուց հետո գրեթե շրջափակման մեջ մնացած գյուղերը արտաքին աշխարհին կապելու համար ոչինչ չեն ձեռնարկել՝ չնայած ճանապարհներ կառուցելու համար ունեցել են մեկ տարի ժամանակ։ Այսպիսով՝ եթե ճիշտ է Արմեն Գրիգորյանի պնդումը, թե փաստաթուղթը ճանապարհների օգտագործման մասին է, ապա կառավարությունը, իմանալով այլընտրանքային ուղիներ գտնելու ժամկետների մասին, կես տարի անգործություն է ցուցաբերել M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի կառուցման և մեկ տարի՝ Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերը արտաքին աշխարհին կապելու գործում։ Սևադա Ղազարյան
16:58 - 24 դեկտեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021
Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են |armenpress.am|

Սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրվում են |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի սահմանային հատվածներում մայիսին տեղի ունեցած իրադարձությունները կդառնան ծառայողական քննության առարկա և դրանց արդյունքների վերաբերյալ կիրազեկվեն Ազգային ժողովի պատգամավորները: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի մայիսին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, եթե չկրակելու հրաման չի եղել:  «Ինչ վերաբերում է ձեր նշած ժամանակահատվածում ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող այդ պահի թելադրանքով զինվորականների կողմից իրականացվող գործողություններ էին, որոնք կարող են և գնահատականի արժանանալ:  Նշեմ նաև, որ ուսումնասիրություններ այդ առումով իրականացվում են: Կարծում եմ, որ ուսումնասիրությունները ծառայողական քննության առարկա կդառնան նաև մայիսի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները և դրանց արդյունքների մասին կիրազեկվեք նաև դուք՝ որպես Ազգային ժողովի պատգամավորներ»,- ասաց Սարգսյանը:
12:43 - 30 նոյեմբերի, 2021
ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր, բայց չի հրապարակվում ո՛չ թվեր, ո՛չ անուններ, սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պաշտպանական ոլորտում. Գեղամ Մանուկյան |tert.am|

ՊՆ-ն ասում է՝ կան զոհեր, բայց չի հրապարակվում ո՛չ թվեր, ո՛չ անուններ, սա աննախադեպ երևույթ է Հայաստանի պաշտպանական ոլորտում. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Արդեն տևական ժամանակ է, որ առաջնագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, և միաժամանակ աննախադեպ երևույթ է տեղի ունենում Հայաստանի պաշտպանական ոլորտում։ Այս մասին Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Հանրությունը զրկվում է ամբողջական լրատվություն ստանալու հնարավորությունից։ Վստահ եմ՝ բոլորը գիտակցում են` ինչ վտանգներով է հղի, երբ հանրությունը տեղեկություն չստանալու պարագայում հայացքն ուղղում է թշնամական պետությունների տեղեկատվական աղբյուրներին։ Բայց այս անգամ ևս մեկ աննախադեպ բան է արձանագրվել․ ՊՆ-ն իր գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է հանրությանը, որ կան զոհեր, բայց  չի հրապարակվում զոհերի թիվ, չեն հրապարակվում անուններ։ Արդյունքում հանրության մեջ՝ հատկապես առաջնագծում ծառայող զինծառայողների ծնողների մեջ ստեղծվում է սարսափելի հուզական վիճակ»։
12:19 - 23 նոյեմբերի, 2021
Ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ԱԺ խորհրդի նիստը չկայացավ |hetq.am|

Ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ԱԺ խորհրդի նիստը չկայացավ |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այսօր երեկոյան, ժամը 20։00-ին ԱԺ խորհրդի արտահերթ նիստ էին նախաձեռնել սահմանային իրավիճակը քննարկելու համար, սակայն այն չկայացավ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր պատգամավորները միջանցքում վիճաբանում էին չկայացած խորհրդի նիստի շուրջ: «Մեր ընդդիմադիր գործընկերները հինգին քսան պակաս ներկայացրել են փաստաթուղթ, որով խնդրել են հրատապ նիստ հրավիրենք: Ցավոք սրտի, ժամանակի ու ներկայացված փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով նույնիսկ չեմ կարողանում այդ հարցը քննարկել»,-լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը: Նրա խոսքով` առաջարկին համապատասխան ձևով կցված նախագիծ և հիմնավորումներ չկան: Նրա խոսքով` երկու ընդդիմադիր խմբակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես կգան: «Նախ պետք է հասկանանք՝ պետություն ունենալո՞ւ ենք, և նոր բյուջեի մասին խոսենք»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը: Առավել մանրամասն՝ hetq.am-ում
19:41 - 15 նոյեմբերի, 2021
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին․ նիստն ընդմիջվեց

Անվտանգության աշխատակիցները ԱԺ ամբիոնից հեռացրին Գեղամ Մանուկյանին․ նիստն ընդմիջվեց

Քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի քննարկման ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ասաց, որ Սփյուռքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը վարկաբեկելու քաղաքականություն է տարվում․ «Այ սա ես համարում եմ սրիկայություն։ Ըննդիմության խնդիրն է խոշորացույցի տակ վերցնել իշխանությանը և գտնել ու մատնանշել թերությունները, դա շատ օգտակար աշխատանք է, ես ողջունում եմ, հենց դա ընդդիմության առաքելություններից մեկն է։ Պակաս սրիկայություն չի, որ պաշտոնական պատվիրակությունը լինում է արտասահմանում և այնտեղ ցուցադրվում է արհամարհանք այդ պետության պատվիրակության հանդեպ՝ կազմակերպելով, կներեք այդ բառի համար դեբոշներ։ Սա էլ է սրիկայություն»։ Վիգեն Խաչատրյանի այս ելույթին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը․ «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է։ Արցախը ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնցոր քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցների առաջ էր Արցախը ուրացել» Մանուկյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հիշեցնելով էթիկայի կանոննների մասին։ «Դուք ինչ-որ մեկին մեղադրում էիք Արցախը ուրանալու մեջ, անուն տվեք։ Մանուկյանն էլ ասաց, որ կարող է բառացի մեջբերել Վիգեն Խաչատրյանի խոսքը։  «Այսինքն՝ դուք Վիգեն Խաչատրյանին դավաճան ե՞ք համարում»,- ասաց Ռուբիյանը և Գեղամ Մանուկյանի խոսափողը անջատելու ցուցում տվեց։ Ռուբինյանը հորդորեց Մանուկյանին զբաղեցնել իր տեղը։ Մանուկյանը չէր հեռանում ամբիոնի մոտից, ուստի Ռուբինյանի հորդորով նրան ամբիոնի մոտից հեռացրին անվտանգության աշխատակիցները․ նիստն ընդմիջվեց։
13:41 - 26 հոկտեմբերի, 2021
Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորները պահանջում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների անդամներ Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանն ու Գեղամ Մանուկյանը նամակ են ուղղել հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հրավիրել հանձնաժողովի արտահերթ նիստ: «Ղեկավարվելով  «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 122-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ և 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի առաջին գլխի 1.1 և 1.3 ենթագլուխներում նշված նպատակների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման նպատակով պահանջում ենք 2021թ.-ի հոկտեմբերի 15-ին ժամը 13:00–ին հրավիրել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով. 1.Լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի  զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: 2.Վերոնշյալ զեկույցների և հաշվետվությունների հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ»,- ասված է նամակ-պահանջի մեջ: Նշվում է, որ Արտահերթ նիստի նպատակն է ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներից ստանալ բացատրություններ և պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ. «1.ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԳՇ պետը պետք է ներկայացնեն բացատրություն, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի և կամավորականների դուրս բերումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից և ներկայացնել ռազմական էսկալացիայի վտանգի կոնկրետ հիմքեր: 2.ՀՀ Արտաքին գործերի նախարարը պետք է Հանձնաժողովին ներկայացնի բացատրություն,թե որքանով է ներգրավված եղել ՀՀ ԱԳ նախարարությունը այս գործընթացում, պահպանված են եղել արդյոք ՀՀ պետական սահմանի մասին օրենքի պահանջները և առկա է եղել արդյոք ՀՀ պարտավորեցնող որևէ միջազգային պայմանագիր: 3.ՀՀ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի բացատրություն ՀՀ պետական սահմանի փոփոխության սահմանադրա-իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայացնի պարզաբանում ՀՀ քրեական օրենսգրքի 300.2, 309 հոդվածի 3-րդ մասի և 299 հոդվածի հատկանիշներով քրեական գործի հարուցման կամ դրա մերժման իրավական հիմքերի վերաբերյալ: 4.ՀՀ ԱԱԾ տնօրենը պետք է ներկայացնի հաշվետվություն ՀՀ պետական սահմանի պահպանության ուղղությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կատարած գործողությունների և միջոցառումների վերաբերյալ և հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսվում իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և ՀՀ արտաքին սահմանների խախտման համար պատասխանատու սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:  Հանձնաժողովի վերոնշյալ անդամների խոսքով՝ ՀՀ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական զինված ուժերը 2020թ-ի դեկտեմբերի 16-ից մինչ օրս օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, արգելափակել և խոչընդոտներ են ստեղծում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ինքնիշխան տարածքով ազատ տեղաշարժին, սպառնում և ահաբեկում են այդ տարածքներում ապրող և Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիական անձանց:  «ՀՀ ԱԺ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պարտավոր Է սույն թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրել Հանձնաժողովի արտահերթ նիստ և երաշխավորել նշված պաշտոնատար անձանց ներկայությունն այդ նիստին»,- ընդգծել են պատգամավորները::  Հանձնաժողովի 4 անդամները նաև հայտնել են, որ հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը, նիստը նախատեսում են անցկացնել դռնբաց ռեժիմով և չեն ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում:
14:01 - 12 հոկտեմբերի, 2021