ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությանը

Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԵՄ դիտորդական առաքելությանը

Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵՄ խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: ՀՀ ԱԳ նախարարն նշել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների խախտում, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ ոտնահարում: Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային հանրության անհապաղ քայլերի անհրաժեշտությունը` Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայության էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը կանխելու նպատակով: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2022 թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելությանը: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել առաքելության կատարած աշխատանքները:
18:20 - 11 հունվարի, 2023
Արմեն Գրիգորյանն ու Մարչին Վիդրան անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեությանն ու տեղակայմանը

Արմեն Գրիգորյանն ու Մարչին Վիդրան անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեությանն ու տեղակայմանը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 10-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: ԱԽ քարտուղարը ողջունելով խմբի անդամների այցը Հայաստան՝ բարձր է գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը և մեկ անգամ ևս վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին: Կողմերն անդրադարձել են ԵՄ նոր քաղաքացիական առաքելության գործունեության շրջանակներին, դրա տեղակայմանը և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:34 - 10 հունվարի, 2023
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 10-ին ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությանը՝ Մարչին Վիդրայի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել է 2022 թ. դեկտեմբերին 19-ին ավարտված առաքելության գործունեությունը: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են դրա ընթացքում առաքելության և ՀՀ պաշտպանության նախարարության միջև արդյունավետ համագործակցությունը` հույս հայտնելով, որ այն արդյունավետ կշարունակվի նաև նոր առաքելության գործունեության ընթացքում: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը և դրա հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում` հատկապես կարևորելով դիտորդական առաքելությունների դերը, և հայտնել է պաշտպանության նախարարության պատրաստակամությունը շարունակելու բոլոր միջոցներով աջակցել ԵՄ նոր դիտորդական առաքելությանը:
14:23 - 10 հունվարի, 2023
ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության պատճառով |tert.am|

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության պատճառով |tert.am|

tert.am: Եվրամիությունը և Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում են ակտիվացնել համագործակցությունը ուկրաինական ճգնաժամի սրման պատճառով։ «ՆԱՏՕ-ն մնում է դաշնակիցների հավաքական պաշտպանության ողնաշարը և կարևոր նշանակություն ունի եվրատլանտյան անվտանգության համար: Մենք գիտակցում ենք ավելի ուժեղ և արդյունավետ եվրոպական պաշտպանության արժեքը, որը դրական ներդրում է ունենում գլոբալ և անդրատլանտյան անվտանգության մեջ», - ասված է համատեղ հայտարարության մեջ: Հունվարի 10-ին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ստորագրելու են երկու կազմակերպությունների միջև կապերի ամրապնդման համաձայնագիրը։  
09:56 - 10 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտատարել էր, որ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չի երկարաձգվելու՝ նշելով, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։
14:05 - 09 հունվարի, 2023
Վայոց ձորի մարզպետի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել

Վայոց ձորի մարզպետի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը զսպող ազդեցություն է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի սաhմանին։ Այդ մասին նա ասաց այսօր՝ Կառավարության նիստից hետո ունեցած ճեպազրույցի ընթացքում։  Հարցին՝ արդյոք ԵՄ դիտորդները ֆիքսել են, որ ադրբեջանցիները Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում, Արարատ Գրիգորյանը ասաց․ «Կարծում եմ՝ այո, քանի որ այդ hանգամանքները փաստացի ներկայացրել ենք, և իրենք իրենց աչքով դա տեսել են»։ Արարատ Գրիգորյանը hստակ տեղեկություն չուներ՝  դիտորդական խումբը hանդիպել է ադրբեջանցիների hետ, թե ոչ․ «Ինֆորմացիա չունեմ, hամենայն դեպս, իմ տեղեկությամբ՝ մեր կողմից այն կողմ չեն գնացել, hանդիպում, իմ կարծիքով, չեն ունեցել, բայց ինֆորմացիա չունեմ։ Դիտորդական խումբը մեր տարածքում է աշխատում»։  Մարզպետը նաև ասաց, որ Ջերմուկի զբոսաշրջության ոլորտում դրական տեղաշարժ կա․ «Մեր hյուրանոցների մի մասը ամբողջությամբ ծանրաբեռնված են եղել, մի մասը՝ ոչ, բայց ունենք hանգստացնողներ, ունենք զինվորների hարազատներ, ովքեր գալիս են, hանգստանում են, իրենց երեխաներին են այցելում։ Կարծում եմ՝ եթե այս ուղղվածությունը գնա, Ջերմուկում փոփոխություն կլինի տուրիստական առումով»։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում  Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպման ընթացքում   Հայաստանն իր համաձայնությունն էր հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակն էր վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սկսել էր գործել հոկտեմբերից՝ երկու ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 19-ին էլ Եվրամիության խորհուրդը որոշել էր Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում։
13:20 - 05 հունվարի, 2023
Ուկրաինան այս տարի կսկսի ԵՄ լիիրավ անդամ դառնալու բանակցությունները
 |hetq.am|

Ուկրաինան այս տարի կսկսի ԵՄ լիիրավ անդամ դառնալու բանակցությունները |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի ակնկալվող արդյունքները, որը կկայանա փետրվարի 3-ին, Կիևում։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը։ Կողմերը նաև քննարկել են Եվրամիությունում Ուկրաինայի անդամակցության հեռանկարները։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ընդգծել է առաջընթացը, որն ունի Ուկրաինան ԵՄ-ին անդամակցության յոթ հանձնարարականի իրագործման ընթացքում։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արդեն այս տարի Ուկրաինան նախատեսում է սկսել բանակցություններ, որ թեկնածուի կարգավիճակից անցում կատարի Եվրամիության լիիրավ անդամի։ Դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եկել է ժամանակ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների մեկնարկի։ Ուկրաինան Եվրամիության անդամակցության հայտ էր ներկայացրել նախորդ տարվա փետրվարի 28-ին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հունիսի 23-ին այդ երկիրը ստացել էր ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
16:53 - 03 հունվարի, 2023
Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունների բաց նամակը ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին

Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունների բաց նամակը ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին

Հայաստանում կրթական ոլորտի կազմակերպությունները բաց նամակով դիմել են ԵՄ հայաստանյան գրասենյակին և ՄԱԿ-ին։ Ստորև ներկայացնում ենք այն․ «Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը երկկողմ ուղղությամբ արգելափակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 120.000 մարդ հայտնվել է մեկուսացման մեջ։ Արցախ Հանրապետություն չեն մատակարարվում սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր։  Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի միջազգայնորեն երաշխավորված հիմնարար իրավունքները։ Լրջորեն վտանգված են մարդկանց կյանքը և անվտանգությունը, նրանք զրկված են  ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու և այլ իրավունքներից, չի իրականացվում տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների տեղաշարժ, արգելափակված է կենսական անհրաժեշտության ապրանքների մատակարարումը։ Այս իրավիճակի տևական շարունակականությունը արդեն իսկ անխուսափելիորեն հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, որի հետևանքը մարդկային նոր կորուստներն են, նոր պատերազմն ու տարածաշրջանում լարվածության աճը։  Ադրբեջանական կողմն այս և պարբերաբար իրականացվող այլ գործողություններով կոպտորեն խախտում է իր իսկ կողմից վավերացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որով սահմանվում է նաև յուրաքանչյուր անհատի կրթություն ստանալու իրավունքը։  Փաստացի, պարբերաբար խաթարվում է 30.000 երեխայի կրթության իրավունքը, որը երաշխավորված է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով։ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակման արդյունքում մի շարք հայաստանյան և միջազգային կրթական կազմակերպություններ չեն կարողանում պատշաճ ձևով կատարել իրենց աշխատանքները։ Վերջիններիս բազմաթիվ աշխատակիցներ կա՛մ չեն կարողանում վերադառնալ իրենց համայնքներ, կա՛մ գտնվում են շրջափակման մեջ՝ հենց Արցախում։   Ընդ որում, Արցախն ամբողջական շրջափակման մեջ է. չկա որևէ տեսակի հաղորդակցություն՝ ցամաքային կամ օդային: Այս ամենի հետ միասին, պետք է հաշվի առնել նաև, որ ճանապարհն արգելափակելուն զուգահեռ, Ադրբեջանը ձեռնարկում է այնպիսի քայլեր, որոնք ուղղված են լրացուցիչ զրկանքներ պատճառելուն և 120,000-ից ավելի մարդկանց բնականոն կյանքը անհնարին դարձնելուն: Խոսքը վերաբերում է ձմռան ամիսներին պարբերաբար գազի մատակարարումն Արցախ դիտավորությամբ դադարեցնելուն, որի պատճառով տասնյակ հազարավոր երեխաներ մի քանի օր բացարձակ զրկվել էին ջեռուցումից, տաք ջրից, անհրաժեշտ սննդամթերքից, ինչպես նաև դադարեցվել էր բոլոր կրթական հաստատությունների աշխատանքը: Ադրբեջանական կողմը չի խորշում կիրառել իր ունեցած ողջ գործիքակազմը՝ սահմանային գյուղերի դպրոցների դասընթացները խափանելուց մինչև քաղաքացիների կյանքը վտանգող գործողություններ։ Մանկապարտեզներում, դպրոցներում և համալսարաններում  դասերի հաճախակի ընդհատումները խոչընդոտում են միջազգայնորեն երաշխավորված որակյալ կրթության ու անվտանգ կրթական միջավայրի ապահովումը։  Ներքոստորագրյալ կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների հակամարդասիրական և անմարդկային այս տևական քաղաքականությունը, որն ունի էթնիկ խտրականության հիմքեր՝ ազգությամբ հայերի նկատմամբ (Արմենոֆոբիա) և խախտում է  ՄԱԿ-ի Կրթության բնագավառում խտրականության դեմ կոնվենցիան։ Շրջափակման ամեն հաջորդ օրն էլ ավելի է բարդացնում իրավիճակն արցախահայության համար և ևս մեկ քայլով խորացնում մարդասիրական աղետը։ Միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները պետք է գործեն առավել ակտիվ՝ իրենց միջազգային պատասխանատվությանը համապատասխան, և կանխեն խտրական վերաբերմունքը։ Այլևս ակնհայտ է, որ միայն միանշանակ և հասցեական քննադատությունը, պատասխանատվության միջոցներն ու գործողությունները կարող են երաշխավորել Արցախում բնակվող 30,000 երեխաների կյանքն ու անվտանգությունը, նրանց կրթության իրավունքը։ Անպատժելիությունը միայն խրախուսում է իրավունքների առավել կոպիտ ոտնահարումներն ու հանցանքները խաղաղ բնակչության նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհը չպետք է հանդուրժի մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ խախտումները։  Այս համատեքստում կրթության և գիտության ոլորտի մի շարք կազմակերպությունների կողմից ձևավորված խումբը, պարբերաբար բախվելով Արցախի հայ աշակերտների կրթության շարունակականության պահպանման և հասանելիության ապահովման  դեմ ադրբեջանական գործողություններին, միջազգային կառույցներից ու օտարերկրյա դիվանագիտական առաքելություններից պահանջում է իրենց մանդատի շրջանակներում վերականգնել Արցախի երեխաների կրթության իրավունքը, ապահովել անվտանգ կրթական միջավայր և կանխել խտրական վերաբերմունքը։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հրատապ կերպով վերականգնել Արցախը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը, որ գործել է մինչև 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից ճանապարհի արգելափակումը: Որպես լրացուցիչ միջոց՝ անհրաժեշտ է ապահովել օդային մարդասիրական հաղորդակցություն այն դեպքերի համար, երբ այդ ճանապարհի օգտագործումն անհրաժեշտ է հրատապ մարդասիրական նպատակներով:  Այս պահանջների կյանքի կոչման համար պատրաստ ենք աջակցել և մեր ունեցած փորձով կիսվել կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագրի մշակման համար։  Հարգանքով՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն   «Այբ» կրթական հիմնադրամ Հայ Կրթական Հիմնարկություն Հայ բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ  «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ ««ռեԱրմենիա» համագործակցության հարթակ» Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Հայաստանի մասնաճյուղ  «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST) «Ես» կրթական հիմնադրամ «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա ՀԿ  «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնություն Արդյունավետ Կառավարություն Հիմնադրամ»,-նշված է նամակում։
11:44 - 27 դեկտեմբերի, 2022
Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը ստանա մշտական կարգավիճակ |armenpress.am|

Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելությունը ստանա մշտական կարգավիճակ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին և անդրադրաձել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա խոսել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին: Անն-Լորանս Պետելը այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հասանելիություն ունի Լեռնային Ղարաբաղում: «Ես լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը. դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող այդ միջանցքի արգելափակումն անընդունելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Ֆրանսիան անմիջապես հանդես է եկել տեղաշարժի սահմանափակումների անհապաղ և անվերապահորեն վերացման կոչով և հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին ՝ երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։ Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիությունը, ոչ էլ ՄԱԿ-ը ներկա չեն այնտեղ։ Պետք է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր դեռ ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել իրեն վստահված անվտանգության երաշխիքները: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը ՝ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ ՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով հարցը ներառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այս հանդիպմանը հաջորդել է, կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, անվտանգության խորհրդի նոր արտահերթ նիստը բաց ձևաչափով, որը թույլ տվել է նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով շարժման շուտափույթ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ մուտքի հասանելիության մասին»,- նամակում նշել է Քեթրին Կոլոնան: Քեթրին Կոլոնան ասել է, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է իր եվրոպական և ամերիկյան գործընկերների, ինչպես նաև բոլոր կողմերի հետ շուտափույթ կարգավորման հասնելու համար։ Նա նաև նշել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը Հայաստանում ստանա մշտական կարգավիճակ: Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ այս առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել սահմանային լարվածությունը և վստահության ամրապնդման կարևոր միջոց է հանդիսացել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններին աջակցելու համար։ «Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում գործարկվել է գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելություն։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի հենց Եվրամիության 27 անդամ պետություններ հաստատեն դրա մանդատը: Հավատարիմ լինելով իր արժեքներին՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան շարունակում է, ինչպես ավելի քան երեք տասնամյակ, անխոնջ աշխատել հանուն Կովկասում արդար և հարատև խաղաղության: Խաղաղություն, որից առաջին հերթին հայ ժողովուրդը կշահի»,- եզրափակել է Կոլոնան:
13:25 - 24 դեկտեմբերի, 2022
Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հիմնահարցը
 |azatutyun.am|

Բորելը և Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հիմնահարցը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 22-ին հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների և Լաչինի միջանցքի հիմնահարցերը: «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, «բարձր ներկայացուցիչը և նախարարը քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը, Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների բողոքի ակցիաների դրդապատճառները, Հայաստանում ԵՄ-ի առաքելության գործունեությունը և Բաքու-Բրյուսել երկկողմ կապերի հրատապ խնդիրները»: Նշվում է, որ Բայրամովն ասել է, թե «Լաչինում բողոքի խաղաղ ակցիան միանգամայն օրինական է և անցկացվում է Ադրբեջանի տարածքում օգտակար հանածոների ապօրինի շահագործման դեմ»: Բայրամովը նաև պնդել է, թե Լաչինի միջանցքը «պետք է ծառայի բացառապես մարդասիրական նպատակներին, սակայն հայկական կողմը չարաշահում է ճանապարհը»: Բայրամովը Բորելին ասել է, թե «անհրաժեշտ է դադարեցնել Ադրբեջանի օրենսդրությանը հակասող ապօրինի գործունեությունը Լաչինի միջանցքում»: Լրատվամիջոցի փոխանցմամբ, «Բայրամովը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական կողմը փակել է Լաչինի ճանապարհը»: «Նախարարն ընդգծել է, որ մի շարք տրանսպորտային միջոցներ մշտական հիմունքներով երթևեկում են այդ ճանապարհով, դրա վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա, տեղական բնակչությունն օգտվել է ճանապարհից պարեն ձեռք բերելու և բժշկական ծառայություններ ստանալու համար», - ասված է հաղորդագրությունում: Բորելը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում առկա լարվածության կապակցությամբ և կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շարունակումը: Ադրբեջանական կողմը Բորելի մեկնաբանությունների վերաբերյալ ավելի ընդարձակ տեղեկատվություն չի տարածել:
10:18 - 23 դեկտեմբերի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը միջազգային դերակատարներին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ

ՀՀ ՄԻՊ-ը միջազգային դերակատարներին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ

 Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» սույն թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակված արտահերթ համատեղ զեկույցը, ինչպես նաև բովանդակային տեղեկատվություն՝ առանձին խումբ անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ, ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատն ունեցող երկու տասնյակ միջազգային կազմակերպություններին և հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված այլ դերակատարներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էյմոն Գիլմորին և այլոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից՝ նշելով, որ ի թիվս այլնի, թեմատիկ հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին են ներկայացվել անձանց կյանքի, առողջության պահպանման, սննդի իրավունքների կոպիտ խախտումները, կոչ է արվել ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները՝ Լաչինի միջանցքը վերաբացելու, Արցախում օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը դադարեցնելու համար։ Հատկանշական է, որ միջազգային դերակատարների առանձնակի ուշադրությանն է ներկայացվել առավել խոցելի խմբերի խնդիրները, այդ թվում՝ տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների շարունակական խախտման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը՝ դեկտեմբերի 12-ից արդեն 9 օր շարունակ կատարյալ շրջափակման պայմաններում տեղի ունեցող իրադարձությունների հանգամանալից վերլուծության հիման վրա: ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը շարունակում է տեղեկատվություն ու փաստեր տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների տևական խախտումների և հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։
15:29 - 20 դեկտեմբերի, 2022
ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի գնի առաստաղ սահմանելու շուրջ
 |hetq.am|

ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի գնի առաստաղ սահմանելու շուրջ |hetq.am|

hetq.am: Եվրամիության երկրները համաձայնության են եկել գազի գնի առաստաղի սահմանման շուրջ՝ առավելագույն գին, որով եվրոպական հարթակներում կարող են կնքվել գազի վերաբերյալ գործարքները։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն, եթե Նիդերլանդներում գտնվող խոշորագույն TTF հաբում գազի գինը երեք օր շարունակ 1 մեգավատտ/ժամը գերազանցի 180 եվրոն։ Գների սահմանափակման որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 15-ից։ Վերջնական առաստաղը շատ ավելի ցածր է, քան ի սկզբանե առաջարկում էր Եվրոպական հանձնաժողովը (275 եվրո)։ Եվրոպական միությունում գազի գնի առաստաղը ներդրվում է որպես գնաճի դեմ պայքարի միջոց, որը վերջին ամիսներին գտնվում է պատմական առավելագույնի սահմաններում։ Եվրոպայում գազի գնի էական աճը պայմանավորված է նաև Ռուսաստանից դրա ներկրման ծավալների էական կրճատման հետ։ Գազի գնի առաստաղի դեմ էին հանդես գալիս Նիդերլանդները, Ավստրիան, Հունգարիան, ինչպես նաև ԵՄ-ում վառելիքի ամենախոշոր սպառողը՝ Գերմանիան։ Այս երկրները մտահոգություններ ունեն, որ վառելիքի գնի ձևավորման հարցում ոչ շուկայական միջամտությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։
13:55 - 20 դեկտեմբերի, 2022
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը
 |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ ստանալով 69 կողմ, 1 դեմ, 28 ձեռնպահ ձայներ: Համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ԵՄ-ի մշակույթի ոլորտի ամենամեծ ծրագիրն է և հասանելի է նաև ԵՄ հարևանության երկրների համար: Հայաստանը միանում է «Մշակույթ» ենթածրագրին: Իսկ այդ ծրագրի նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ հանրահռչակելով Եվրոպայի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ուժեղացնելով Եվրոպայի մշակութային և ստեղծարար ոլորտների մրցունակությունը՝ ապահովելու կայուն ու ներառական աճ: «Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալել միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհներ՝ գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի, մշակութային ժառանգության և մշակույթի մի շարք այլ ոլորտներում»,-ասաց Մարտիրոսյանը: Ծրագրի այս շրջափուլը նախատեսվում է մինչև 2027 թվականը: Հայաստանը միացած է եղել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի առաջին շրջափուլին 2014-2020 թթ համար: Եվ ծրագիրը, փոխնախարարի գնահատմամբ, իսկապես լավ հնարավորություն է: Ենթադրվում է, որ ծրագրի շրջանակներում կստեղծվի «Ստեղծագործ Եվրոպա»-ի գրասենյակ, որը կզբաղվի հայ մշակութային գործիչների իրազեկվածության բարձրացմամբ, նրանց կարողությունների զարգացմամբ և եվրոպացի գործընկերներ գտնելու գործընթացով: Ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրո մասնակցության վճար: Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ այդ մասնակցության վճարով հնարավոր կլինի շատ ավելի մեծ գումարներ գեներացնել Հայաստանի մշակույթի ոլորտի համար:
13:32 - 20 դեկտեմբերի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկել է միգրանտների պատճառով պատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին
 |1lurer.am|

Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկել է միգրանտների պատճառով պատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական խորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Funke մեդիա խմբի թերթերի հետ հարցազրույցում կոչ է արել պատնեշներ կառուցել Եվրամիության սահմաններին միգրացիոն ճգնաժամի վտանգի պատճառով: Նրա խոսքով՝ միգրացիոն ճգնաժամն անխուսափելի է, եթե միության երկրները չուժեղացնեն վերահսկողությունն արտաքին սահմաններում՝ ծովում ու ցամաքում։ Վեբերն ընդգծել է, որ անհրաժեշտ է արգելքներ տեղադրել հատկապես ԵՄ-ի հարավ-արևելքում՝ «ներգնա միգրանտների թիվը վերահսկելու համար»։ Ավելի վաղ Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ իրենք արդեն սկսել են երեք շարք փշալարերից բաղկացած «պարիսպ» կառուցել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին։ Նա սպառնացել է, որ Վարշավան նույնպիսի ամուր պարիսպ կկառուցի, ինչպիսին լեհ-բելառուսական սահմանին է:
14:29 - 19 դեկտեմբերի, 2022