Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին

Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրամանագրերի համաձայն՝ Արարատ Արամայիսի Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար: Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Աշոտ Մելսիկի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ԱՀ ոստիկանության պետի պաշտոնից: Սեփական դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են ԱՀ նախագահի խորհրդականներ Ռուզաննա Վլադիմիրի Սարգսյանը, Էմիլ Մարտիկի Բաբայանը և Կարեն Արմոյի Ներսիսյանը:  
19:03 - 22 դեկտեմբերի, 2020
ԵՄ-ն ԼՂ-ից տեղահանված շուրջ 2000 ընտանիքի առաջիկա ամիսներին օգնություն կտրամադրի

ԵՄ-ն ԼՂ-ից տեղահանված շուրջ 2000 ընտանիքի առաջիկա ամիսներին օգնություն կտրամադրի

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Ֆեյսբուքի էջից տեղեկանում ենք՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 2000 ընտանիքի առաջիկա ամիսներին կհատկացվի օգնություն։ «ԵՄ արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվելիք չորրորդ ծրագիրը «Վորլդ Վիժն Հայաստանի» Շիրակի մարզի Գյումրու և Ամասիայի գրասենյակների կողմից կտրամադրի օգնություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց:   «Գործել հիմա և անհապաղ» մարդասիրական օգնություն պատերազմի հետևանքով ԼՂ-ից ժամանած ընտանիքներին» ծրագիրը կիրականացվի առաջիկա վեց ամիսների ընթացքում։    Ըստ այդ ծրագրի՝ 120 ընտանիք կստանա հիգիենայի հիմնական պարագաներ, 220 երեխա կօգտվի կրթական աջակցությունից, 280 երեխայի կտրամադրվի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական աջակցություն։   Արդյունքում՝ ԵՄ արագ արձագանքման մեխանիզմի ներքո իրականացվելիք ծրագրերի շրջանակներում, տեղահանված շուրջ 2000 ընտանիքների առաջիկա ամիսներին կհատկացվի օգնություն»,- ասվում է գրառման մեջ:  
18:36 - 22 դեկտեմբերի, 2020
Մինչ օրս անպատասխան է հարցը, թե ինչու պատերազմի ընթացքում ԼՂ-ի ճանաչման կամ միացման որոշում չեղավ․ Գոռ Հակոբյան

Մինչ օրս անպատասխան է հարցը, թե ինչու պատերազմի ընթացքում ԼՂ-ի ճանաչման կամ միացման որոշում չեղավ․ Գոռ Հակոբյան

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր տարբեր խմբեր, այդ թվում՝ նախկինում պետական կառավարման համակարգում ներկայացված կուսակցություններ, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անհապաղ հրաժարականը։  Պնդումներ կան, որ պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարը կերաշխավորի օրենսդրական բարեփոխումների շուտափույթ իրականացումն ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդար, ազատ ու թափանցիկ անցկացումը։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այն կարծիքին է, որ ներքաղաքական կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ եւ կկազմակերպի արտահերթ ընտրություններ։ Infocom.am-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանի հետ։  - Պարո՛ն Հակոբյան, «Քաղաքացու որոշում»-ը եւս այն համոզմանն է, որ վարչապետը պետք է հեռանա ու անցկացվեն արտահերթ ընտրություններ․ ե՞րբ պետք է հեռանա, ե՞րբ կարող ենք ասել, որ արդեն կայուն իրավիճակ է ընտրություններ անցկացնելու համար։  - Եթե հեռանալը պայմանավորում ենք միայն ընտրությունների կազմակերպումով, ապա այն ժամանակի հարց չէ, այլ նորմալ ընտրություններ կազմակերպելու հարց է։ Հանրությունը պետք է պատրաստ լինի, եւ հանրային միջավայրը պետք է թույլ տա գիտակից ընտրություն կատարել, որպեսզի ձեւավորվի նոր, ավելի ժովովրդական կառավարություն։ Ոչ միայն հանրային մթնոլորտը, այլ նաեւ քաղաքական իրավիճակը պետք է թույլ տա, որպեսզի մենք կարողանանք նորմալ, գիտակցված ընտրութուններ իրականացնել։ Պետք են մի շարք քաղաքական եւ այլ ռեֆորմներ, որովհետեւ, պատկերացրեք, պատերազմից, այդքան զոհերից հետո չենք կարողանա մարդկանց հետ, օրինակ, տնտեսական ծրագրեր քննարկել, շատ դժվար կլինի։ Անպայման չէ, որ այդ մթնոլորտը ձեւավորի Նիկոլ Փաշինյանը, դրա համար մենք  առաջարկել ենք, որպեսզի ձեւավորվի չեզոք կառավարություն՝ չեզոք վարչապետով, որը կկատարի անցումային ֆունկցիա՝ մինչեւ այդ միջավայրը կստեղծվի։ - Դուք նշեցիք ժամանակավոր կառավարության մասին․ 17 կուսակցությունների միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, ԼՀԿ-ինը՝ Էդմոն Մարուքյանը, ո՞վ է ՔՈ կուսակցության վարչապետի թեկնածուն, ժամանակավոր կառավարության՝ ձեր պատկերացրած անդամներն ովքե՞ր են լինելու։ - Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ անձերի շուրջ են քննարկում ծավալում, իսկ մենք գործի ու անելիքի առաջարկ ենք ներկայացրել։ Բոլորս պետք է հասկանանք, թե ինչ է պետք անել եւ ինչպես է պետք կայուն հիմք ստեղծել այս երկրի համար, այլ ոչ թե համաձայնվել, որ տեղի ունենա մարդու, անձի ընտրություն։ Պրոբլեմն այն է, որ անձերի շուրջ է պտտվում քննարկումը՝ Նիկոլ Փաշինյան, Վազգեն Մանուկյան եւ դրա շուրջ էլ չեն կարողանում համաձայնության գալ։ Չեզոք կառավարությունը չպետք է ձեւավորվի այս 2 դաշինքներից՝ մի շատ պարզ պատճառով, որովհետեւ նրանք երկուսն էլ մի համակարգի ղեկավարներն են եղել եւ շարունակում են լինել, իսկ պատերազմն ապացուցեց, որ այդ համակարգը գործունակ չէ եւ դրա ղեկավարների փոփոխությունը արմատական փոփոխություններ չի բերելու։ Համակարգի այդ 2 խմբերի ամբողջ ստեղծագործական մակարդակը արտացոլվել է գաղջ եւ դժգույն բառերում։ Դա է իրենց մակարդակը, եւ այդ մակարդակում մենք չենք կարող նոր Հայաստան ստեղծել։ 2018 թվականի հեղափոխությունից հետո կար հնարավորություն ստեղծելու նոր համակարգ, ազատ համակարգ, մարդկանց արժանապատվությունը, անվտանգությունը ապահովող համակարգ։ Ցավոք այդ համակարգը հնարավոր չեղավ կառուցել եւ այդ սեւ ու սպիտակ վիճակը շարունակվում է։ Ժամանակն է, որ մենք վերջ տանք նման սեւ ու սպիտակ բաժանումներին։ Այն սկսվել է դեռեւս 1990-ական թվականներից՝ շարունակվելով Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, հիմա էլ Նիկոլ Փաշինյանով։ Մենք դեռեւս 2018 թվականից ենք ասել, որ սեւ ու սպիտակ դիսկուրսը սպանում է որեւէ քաղաքական առողջ մտքի զարգացումը։ Որեւէ քննարկում, որ տեղի է ունենում այսօր, նորից տանում ու մտցնում են կամ այս թեւ, կամ այն թեւ, եւ առողջ միտքն ուղղակի ոչնչանում է, իսկ այսօր դրա կարիքը շատ ունենք։ Նախկին համակարգը եւ դրա նախկին ու ներկա ներկայացուցիչները սպառել են իրենց։ - Վարչապետի հրաժարականից հետո մասնավորապես ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան, դուք ի՞նչ մասնակցություն պիտի ունենաք դրանց։ Ի՞նչ օրակարգ եք առաջ քաշում դուք՝ խնդրում եմ ներկայացնել առաջնահերթ անելիքները։ - Նշեմ մի քանի հիմնական քայլեր․ Հայաստանը պետք է լինի արդար պետություն, սոցիալական արդարությունը եւ արժանապատվությունը պետք է գերակայեն։ Անցնող 30 տարիները մեր այս սահմանադրական նպատակների համար չեն ծառայել։ Հայաստանում իրապես երկրի տեր պետք է դառնա ժողովուրդը։ Մինչեւ 2018 թվականը երկրում տիրոջ կարգավիճակ են ունեցել որոշակի արտոնյալ խմբեր, պայմանականացված անուններով՝ օլիգարխիկ խմբեր, պետական բյուրոկրատիայի վերնախավ, փոքր կուսակցական խմբեր։ Երկրի բնակչության լայն շերտերը զրկված են եղել պետության կառավարմանը եւ հանրային-ազգային սեփականության վերաբաշխման գործընթացներից։ Այդ իսկ պատճառով է, որ դեռեւս բնակչության մեծամասնությունը աղքատ է եւ օտարված։ 2018 թվականը հնարավորություն էր ստեղծել, որպեսզի մենք կարողանաինք տարբեր մեխանիզմներով՝ իրավական, քաղաքական, օրենքների, Սահմանադրության միջոցով ստեղծել երաշխիքներ, պայմաններ, որպեսզի այս երկրում ապրող սովորական բնակիչների մեծամասնությունը լիարժեք ապահովագրված լինի, երբ ասում ենք, որ ժողովուրդն է երկրի տերը, դա պետք է իրապես ամրագրվի եւ գործի։ Ժողովրդի սուվերեն իշխանությունը խոսքից պետք է վերածել գործի։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք նաեւ օտարված ենք եղել պետության անվտանգության եւ արտաքին քաղաքականության որոշումների մասնակցության գործընթացից։ Պատերազմել է սովորական ժողովուրդը, իսկ շատ հարուստ եւ, այսպես կոչված, վերնախավը օգտագործել է նրանց, իսկ իրենք անմասն են մնացել պրոցեսից։ Անվտանգության հարցերի շուրջ գաղտնիության այս կեղծ ու արատավոր մշակույթը պետք է վերանա, որ մենք տեղյակ լինենք մեր երկրի կարողության ու հնարավորության մասին ու ըստ այդմ կարողանանք որոշումներ ընդունել։ Հնարավոր է, որ մենք այսօր մի մեխանիզմ առաջարկենք, բայց ավելի լայն կամ հանրային կոնսենսուսը այլ տարբերակ առաջարկի, այստեղ ամենակարեւորն այն է, որ սկզբունքն ամրագրվի՝ ինչպես մենք կարող ենք անել, որպեսզի ժողովրդի իշխանության հռչակագրային սկզբունքը, որ ժողովուրդն է երկրի տերը, դառնա իրականություն, եւ մարդիկ իսկապես կարողանան մասնակցել երկրի ղեկավարմանը եւ որոշումների կայացման գործընացին։ Սրանք առաջնային քայլեր են, որպեսզի մարդը հասկանա, թե ինչու է ապրում այս երկրում, ինչու է կռվում եւ ինչու են իրենց երեխաները զոհվում։ Եթե մենք այս հարցերը չկարողանանք ձեւակերպել եւ լուծում չտանք, մեծ հաշվով էական չէ՝ ով կլինի անցումային կառավարության մեջ, ով կգա, ինչ անձի տեսքով։ Մինչեւ տիրոջ իրավունքը իրապես չամրագրվի, մեր զարգացումը կայուն չի լինի, իսկ ես անձնապես վստահ եմ, որ պետականության զարգացում ուղղակի չենք ունենա։ Սա է մեր մոտեցումը եւ սա հսկայական աշխատանք է։ Այն պահանջում է բարեփոխումներ անվտանգության, սոցիալական, իրավական, առողջապահական, կրթական ոլորտներում, ինչու չէ նաեւ մշակութային եւ համակեցություն ձեւավորող ոլորտներում։ Այս ամենը պետք է հիմք հանդիսանա նոր սահմանդրական կարգի ու Սահմանադրության մշակման համար։ - Բազմիցս խոսվել է Ընտրական օրենսգրքի թերությունների եւ ընտրական օրենսդրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Այսօր, երբ առաջ է քաշվել արտահերթ ընտրություններ իրականացնելու հարցը, հնարավո՞ր է կարճ ժամանակահատվածում իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, որոնց մասին նաեւ ձեր կուսակցությունն է բարձրաձայնել։  - Քաղաքական ընտրության համար միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քիչ են։ Մենք պատկերացնում են ավելի լայն քաղաքական ռեֆորմների իրականացում։ Պետք է սկսել ձեւավորել նոր քաղաքական համակարգ, որը իրապես կարտացոլի եւ կարտահայտի մեր ժողովրդի շահերը։ Նախկինում նման փոփոխությունները նպատակ են ունեցել կամ երկարաձգելու, կամ ամրացնելու գործող արտոնյալ խմբերի իշախնությունը։ Պետք է փոխել վեկտորը։ Քաղաքական փոփոխությունների եւ բարեփոխումների համար սկզբունքային է նաեւ դրանց որոշ չափով կոնսեսուսային լինելը։ Կառավարող ուժը պարտավոր է դա անել ներառողական՝ ընդգրկելով ոչ միայն այլ կուսակցությունների, այլ նաեւ հասարակական, քաղաքացիական այլ գործոնների։ - Դուք նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո նշել էիք, որ ստեղծված իրավիճակում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը փնտրում է այդ փաստաթղթով սկսված գործընթացում Հայաստանի շահերը առավելագույնս ներառելու ուղիներ, ու հայտնել էիք, որ այդ նպատակով ինտենսիվ խորհրդակցություններ եք նախաձեռնել պետական ռազմաքաղաքական ինստիտուտների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքական ուժերի հետ։ Օրեր անց հայտարարությամբ հանդես եկաք՝ նշելով, որ պետական ու քաղաքական շրջանակների հետ ձեր շփումների արդյունքում գտնում ենք, որ այդ շրջանակները չունեն ստեղծված ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարելու հիմնավոր պատկերացումներ։ Լուծման ի՞նչ տարբերակներ ու առաջարկներ ունեք այդ հանդիպումների արդյունքում, ինչի՞ եզրահանգեցիք։ - Հայտարարության մեջ արդեն նշել ենք, որ մենք առաջնորդվում ենք այն մեթոդով, որ գուցե կան որոշակի մոտեցումներ կամ լուծումներ, որոնք տարբեր քաղաքական ուժեր կամ կառույցներ ունեն եւ կարող են արտահայտել, ուղղակի հաղորդակցության կամ հակադրության պայմաններում չեն կարողանում այդ ձեւը գտնել, բայց, մեծ հաշվով, այդպիսի պլան կամ գործողությունների ծրագիր մեզ չի ներկայացվել։ Անպայման չէ, որ իրենք չունեն այդ ծրագիրը, բայց գոնե մեզ չեն ներկայացրել, եւ դրա համար հայտարարությունը հենց այդպես էլ տարածվել է։ - Այս իրավիճակում, երբ մենք կարծես ամեն օր բախվում ենք նոր իրավիճակի՝ հատկապես սահմանագծման առումով, կարո՞ղ ենք առաջ տանել մեր շահը՝ հաշվի առնելով եռակողմ հայտարարության դրույթները։  - Օրինակ սահմանազատման եւ ռազմական դիրքերի տեղակայման գործընթացների համար կան ընդունված ընթացակարգեր, թե ինպես դա կարող է տեղի ունենալ երկու պետությունների միջեւ։ Ստեղծվում է միջպետական հանձնաժողով, որտեղ ներգրավված են լինում տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք ուսումնասիրում են սահմանների ձեւավորման որոշակի ընդունված պետական, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված քարտեզները, սկսում են դրանց շուրջ բանակցություններ, համաձայնություններ, եւ նոր հետո սկսում են սահմանզատման աշխատանքները։ Այդ աշխատանքները տարիներ կարող են տեւել։ Եթե չեմ սխալվում՝ մինչեւ հիմա անգամ Հայաստանը եւ Վրաստանը այդ բաժանարար գծերի վերաբերյալ ունեն հանձնաժողով, այդ գործընթացը տարիներ է տեւել, կամ հիմա Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես ունեն տարածքային հարցեր եւ այդ հանձնաժողովն աշխատում է։ Ես կարծում եմ, որ նույն բանը պետք է տեղի ունենար ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, եւ ոչ թե հապշտապ կատարվեր։ Սա սխալ գործընթաց է եւ չի բերելու խաղաղության, քանի որ լինելու են սխալներ, որոնք հետագայում ճշգրտելու համար կամ հնարավորություն չի լինելու կամ հանգեցնելու է որոշակի վեճերի։ Հատուկ ուզում եմ նշել, եթե իհարկե կար անհրաժեշտություն եւ այդպիսի որոշում, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթաց սկսեր, քանի որ ամսի 9-ի եռակողմ հայտարարությունը հրադադարի հայտարարություն էր, այլ ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանազատման համաձայնություն։ Հրադադարը պետք է սահմանվեր այն գծով, ինչ գծով տեղակայված էին զորքերը, եւ նոր դրանից հետո որոշվեին հնարավոր սահմանների ճշտորոշման սկզբունքները եւ մեխանիզմները։ Գործընթացը այնպիսի արագությամբ են իրականացնում, որ նույնսիկ ներքին իմաստով մենք չգիտենք, թե մեր կողմից ովքեր են բանակցում՝ պաշտպանության նախարարությո՞ւնը, արտաքին գործերի նախարարությո՞ւնը, տարածքային կառավարման նախարարությո՞ւնը, վարչապետի աշխատակա՞զմը, ո՞վ է բանակցում։ Պատկերացրեք՝ մի տարի հետո փոխվում է կառավարող ուժը, եւ որոշում ենք հասկանալ, թե մեր սահմանների ճշտորոշումը ճի՞շտ է կատարվել, թե՞ ոչ, ո՞ւմ պետք է պատասխանատվության կանչենք, ինչի՞ հիման վրա են դրանք որոշվել։ Պահի տակ ով ոնց կարողացել է, այնպես էլ գծել է սահմանները, դա՞ է մեխանիզմը։ Ես կարծում եմ, որ այս հարցում բոլոր քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն եւ այդ ամենը չօգտագործեն ներքին պառակտումներ իրականացնելու համար, այլ բոլորը ջանք դնենք խնդիրը լուծելու համար։ - Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների վերսկսման գարծընթացը, այսօր այն իրավիճակում ենք, երբ բանակցային սեղանին կարծես թե որեւէ փաստաթուղթ դրված չէ, այդ թվում՝ Լավրովյան պլանը, քանի որ այժմյան իրավիճակն այդ պլանից էլ դուրս է։ Փաշինյանը, երբ եկավ իշխանության, հայտարարեց, որ ինքը բանակցությունները սկսում է նոր կետից, հիմա բանակցությունների ձեր կետը ո՞րն է լինելու, եւ ըստ ձեզ՝ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների շարունակությունը որքանո՞վ է արդյունավետ լինելու․ կարծիքներ կան, որ այդ ձեւաչափն այլեւս քանդված է։ - Քանի որ այս հարցի վերաբերյալ կուսակցության ներսում դեռ շարունակվում են քննարկումները, ես բաց կթողնեմ այդ կետը։  Պատերազմի ժամանակ մենք հարց ենք բարձրացրել, որպեսզի ճշտորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ կլինի դա ճանաչում կամ միացում, որը մինչեւ այժմ ակտուալ է։ Մինչ այսօր այս հարցը անպատասխան է մնացել, թե ինչու պատերազմի ընթացում դա տեղի չունեցավ։ Նախկինում այդպիսի նախաձեռնությունները համարվել են արկածախնդրություն, քանի որ ասել են, թե դա բերելու է պատերազմի։ Պատերազմի ընթացքում մենք կրկին բարձրացրել ենք այս հարցը, եթե պատերազմն արդեն սկսվել է, ի՞նչն է խանգառում ձեր դիրքորոշումն արտահայտել՝ կլինի դա միացման կոչ, թե անկախության ճանաչում։ Ամենասարսափելին, որ կարող էր տեղի ունենալ այդ քայլի պատճառով, պատերազմն էր, որն արդեն սկսել է։ Պատերազմը վերջացավ ամենավատ տարբերակով, իսկ այս հարցը դեռ օդի մեջ է։ Կարծում եմ՝ պետք են լուրջ եւ ռացիոնալ քննարկումներ՝ ներքին կոնսեսուս ձեւավորելու համար, նոր դրանից հետո հասկանալ, թե ինչի շուրջ ենք բանակցում եւ որ ձեւաչափն է լավագույնը, որպեսզի կարողանանք հասնել լավ արդյունքների։ Ինչքան էլ բոլորս այս պահին տագնապալից, լարված, ցասման մթնոլորտում ենք եւ մեղավորներ ենք փնտրում, վրեժ ենք ուզում լուծել, պետք է հասկանանք, որ մենք կարիք ունենք որոշակի զսպվածության եւ ռացիոնալության։ Մենք իսկապես խորքային վերագնահատման մի ամբողջ շղթա պետք է անցնենք, հասկանանք՝ ինչու այս ամենը տեղի ունեցավ, որոնք են խնդիրները, որպեսզի կարողանանք ամեն օրվա մեր հաջորդ քայլերում ավելի նոր համակարգ կառուցել, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։  1991 թվականին Հայաստանի պետության ստեղծման հիմքում դրվել է որոշակի ազգային գաղափար՝ հայկական կորսված տարածքների վերադարձը։ ԼՂ եւ անվտանգության տարածքների վերահսկողությունը հայկական զորքերի կողմից ազգային գաղափարի միջանկյալ նպատակներից էր կամ հաղթանակներից մեկը, եւ մեզնից շատերը 30 տարի այդ նպատակով են ապրել։ Երբ մենք կորցրել ենք այդ ամենի մեծ մասը, դա մարդկանց մոտ հիասթափություն է առաջացրել, մարդիկ պետության գոյությունը կասկածի տակ են դնում։ Մարդիկ 30 տարի իրենց ամեն ինչից զրկել են հանուն այդ գաղափարի եւ հանուն բանակի։ Սոցիալական եւ այլ նեղություններ ենք քաշել այդ նպատակի համար, մարդիկ հանդուրժել են կլանային համակարգը, որը ղեկավարել է մեզ 27-28 տարի, միայն թե այդ հարցը լուծվի, բայց երբ այսօր դա կորսվել է մարդիկ հիասթափվել են։ Պետության նպատակը այդ պետության տարածքում ապրող մարդկանց արժանապատիվ, բարեկեցիկ համակեցության միջավայր, անվտանգ միջավայր ստեղծելն է։ Մենք պետք է վերադառնանք այդ նպատակին, հասկանանք դրա համար ինչ ենք արել եւ ինչը՝ ոչ եւ կառուցենք պետություն։ Մեր պետության ձեւավորման սահմանադրական նպատակներում ամրագրվել է իրավական, սոցիալական ժողովրդական պետություն։ Գնանք այդ ճանպարհով, որ նման պետություն ստեղծենք, որ մարդիկ ուզենան ապրել այս երկրում։ Ասպրամ Փարսադանյան
18:00 - 22 դեկտեմբերի, 2020
ԱԻՊԾ տնօրենը տեսակցել է 70 օր անց գտնված 6 զինծառայողներին

ԱԻՊԾ տնօրենը տեսակցել է 70 օր անց գտնված 6 զինծառայողներին

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ վեց ժամկետային զինծառայողներին, ովքեր 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Ծառայության տնօրենը բարձր է գնահատել մերօրյա հերոսների կատարած սխրագործությունները, շնորհակալություն է հայտնել բացառիկ կամքի ուժ ցուցաբերելու համար: Ժամկետային զինծառայողներից առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել տղաներին աջակցել ցանկացած հարցով: Նշենք, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 20-ին արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով հայ զինծառայողները վերադարձել են հայկական կողմ:    
17:51 - 22 դեկտեմբերի, 2020
«Անդրկովկաս. հայկական երկընտրանք». Լիտվայի նախկին վարչապետի հոդվածը

«Անդրկովկաս. հայկական երկընտրանք». Լիտվայի նախկին վարչապետի հոդվածը

Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը հրապարակել է «Անդրկովկաս. հայկական երկընտրանք» վերտառությամբ մի հոդված, որտեղ վերլուծում է Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները, ներկայացնում է Հայաստանի ապագայի նոր ռազմավարության իր պատկերացումները, ինչպես նաև անդրադառնում ԵՄ-Հայաստան հարաբերություններին՝ ներկայացնելով իր տեսակետն առ այն, թե ինչ դեր կարող է ունենալ Եվրամիությունը Հայաստանի ապագայի հարցում։ Ստորև ներկայացնում ենք Կուբիլիուսի հոդվածն՝ ամբողջությամբ։ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմն ավարտվել է, և ճշգրիտ հաղթողի վերաբերյալ շատ կարծիքներ կան: Ոմանք պնդում են, որ հաղթել է Ադրբեջանը, մյուսներն այն համոզման են, որ ամենաշատ շահույթը ստացել է Պուտինը: Մինչդեռ ես և որոշ փորձագետներ կարծում ենք, որ իրական հաղթողը Էրդողանն է, քանի որ նա ստիպեց Ռուսաստանին հրաժարվել Անդրկովկասում իր աշխարհաքաղաքական երկարատև մենաշնորհից: Եվ դրանից Թուրքիան անկասկած շահեց։ Այս տարի սա արդեն երրորդ հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանը ստիպված էր ընդունել Թուրքիայի առավելությունը՝ ռազմական տեխնոլոգիաների առումով (Լիբիան և Իդլիբը մյուս երկուսն են): Հետևաբար կարող է նաև թվալ, որ Ռուսաստանը չի համարձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում օգնել Հայաստանին։ Հարմար է ասել, որ Պուտինը ցանկանում էր վրեժ լուծել Փաշինյանից, երբ իրականում Մոսկվան վախենում է պարտվել թուրքերին՝ երրորդ անգամ անընդմեջ։ Ի վերջո Փաշինյանն իշխանության եկավ «թավշյա հեղափոխության» շնորհիվ, և Պուտինը պարզապես ատում է այդ իշխանությանը։ Կարո՞ղ են Լեռնային Ղարաբաղի երկրորդ խոշոր պատերազմի արդյունքները փաստել, որ Կրեմլի ազդեցությունը շարունակում է թուլանալ ոչ միայն Բելառուսում, Մոլդովայում կամ Խաբարովսկում, այլ նաև Անդրկովկասում։ Սա ավելի խոր հետազոտության թեմա է, որին պատրաստվում եմ անդրադառնալ մոտ ապագայում՝ առանձին հոդվածով։ Հավանաբար բարդ է գտնել ճիշտ պատասխանները, թե Մոսկվայում և Ստամբուլում ո՛ր վերաբերմունքն ու նպատակներն են հանգեցրել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի արդյունքին։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Անդրկովկասում տեղի է ունեցել աշխարհաքաղաքական երկրաշարժ, որի հետևանքները տեսանելի կլինեն առնվազն առաջիկա մի քանի տասնամյակներում։ Այդ հետևանքները հիմնականում կզգան զինված հակամարտության ամենափոքր մասնակիցները՝ Հայաստանն ու Ադրբեջանը։  Ուստի ես կցանկանայի նվիրել այս հոդվածը հակամարտության այն կողմին, որը միաձայն համարվում է այս պատերազմի գլխավոր պարտվողը՝ Հայաստանին։ Բարդ է պատկերացնել, թե ինչ է զգում նման պարտությունից հետո հայկական համայնքը ամբողջ աշխարհում։ Երկարաժամկետ հեռանկարների վերաբերյալ բարկությունը, ցավը, տագնապը թերևս ամենահատկանշական զգացումներն են, ինչպես նաև գործող իշխանությունների հասցեին հնչող կոշտ քննադատությունները, որ միանգամայն հասկանալի են՝ հաշվի առնելով վերջին դարերում Հայաստանի ողբերգական պատմությունը։ Ամենաակնառու օրինակներն այստեղ հայ ժողովրդի ցեղասպանությունն ու աշխարհագրական դիրքն են՝ աշխարհաքաղաքական վտանգավոր հարևանությամբ։  Հետևաբար այս հոդվածում ցանկանում են քննարկել Հայաստանի՝ երկարաժամկետ ապագայի այլընտրանքները՝ այս երկրի պարտության պատճառների կամ աշխարհաքաղաքական սխալների փոխարեն (չնայած այստեղ մի քանի նկատառում ունեմ): Ես գնահատում եմ այն, որ Լիտվայի տված խորհուրդը ազգային նման ճգնաժամի ֆոնին ռացիոնալ դիտարկման առարկա չէ։ Ուստի ես թվարկում եմ հետևյալ գաղափարներն ինձ համար, որպեսզի ավելի լավ հասկանամ, թե ինչպես կարող է ԵՄ-ն ավելի շահեկան լինել այս տառապող ժողովրդին օգնելու հարցում։  Հայաստանը ցավալի պարտությամբ հսկայական և անգամ ողբերգական մարտահրավերների մեջ հայտնված առաջին պետությունը չէ։ Որոշ պետությունների դեպքում այսպիսի ողբերգությունները հանգեցրին լիակատար փլուզման։ Այդուհանդերձ, համաշխարհային պատմությունը մի շարք համոզիչ օրինակներ ունի, թե ինչպես են ցավալի պարտությունները դարձել կտրուկ քաջալերում՝ հետագա ճանապարհը վերանայելու և դրանով վերածնվելու համար: Իր վերջին՝ «Հեղաշրջում. Ինչպես են ազգերը հաղթահարում ճգնաժամը և փոխվում» գրքում, Ջերեմի Դայմոնդը կենտրոնանում է հենց հսկայական ողբերգություններից հետո որոշ ազգերի վերածննդի վրա։ Որպես օրինակ՝ հեղինակը նշում է Ֆինլանդիան, Ճապոնիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան, Ավստրիան և ԱՄՆ-ն։ Դայմոնդը զարգացնում է այն տեսությունը, որ պետական ճգնաժամի պայմաններում ազգերը պետք է գործեն այնպես, ինչպես մարդիկ, որ ապրում են խոր անձնական դժվարություններ։ Հոգեբաններն առանձնացնում են 12 էական գործոններ ու գործողություններ, որոնք որոշում են նման մարդկանց վերականգնումը։ Դրանք սկսում են, երբ մարդն ինքն իրեն խոստովանում է, որ խոր ճգնաժամի մեջ է և կարող է քայլեր ձեռնարկել դրանից դուրս գալու համար։ Դայմոնդը վերափոխում է այս սկզբունքները 12 օրենքների՝ ճգնաժամ ապրող պետությունների համար: Այս դեպքում ամեն ինչ պետք է սկսվի ազգային համաձայնությունից և ազգի ու պետության ճգնաժամի մեջ գտնվելու փաստի գիտակցումից: Արդյունքում ազգն ինքը պետք է գտնի վերականգնման նոր միջոց: Դա կարող է ամբողջանալ այլ ազգերի փորձը վերլուծելու, աշխարհաքաղաքական ընդունված սահմանափակումները մերժելու և այլ պետությունների աջակցությունն ընդունելու միջոցով։ Այսպիսով՝ ի՞նչ կարող է սովորեցնել Դայմոնդի գիրքը Հայաստանին։ Առաջին հերթին՝ Հայաստանը պետք է ազգային համաձայնության գա և հասկանա, որ պետությունն ու ազգն այս պահին խոր ճգնաժամի մեջ են: Ուստի, կա անհրաժեշտություն, որ այդ դերակատարներն իրենք նոր ռազմավարություն գտնեն: Նշված համաձայնությանը հասնելը հեշտ չէ, քանի որ մեծ է գործող իշխանությանը պատերազմի պարտության մեջ մեղադրելու գայթակղությունը: Իսկ ներկայիս ղեկավարները միշտ տարբեր եղանակներ կգտնեն՝ նախկին ղեկավարներին զինված բախմանը բավականաչափ չպատրաստվելու համար մեղադրելու։ Մեղադրանքների նման տարափը Դայմոնդի առաջարկած ձևերից չէ, ոչ էլ անցյալում ճգնաժամը հաղթահարած ազգերի փորձն է։ Ընդհակառակը՝ նրանց հաջողվեց խուսափել փոխադարձ մեղադրանքներից՝ միաժամանակ խորանալով խնդիրների և պատճառների ավելի խորքային վերլուծության մեջ: Նման մոտեցումը միակն է, որ թույլ է տալիս գտնել նոր ռազմավարական լուծումներ՝ վերականգնվելու և ճգնաժամը հաղթահարելու համար։ Ես շատ բան չգիտեմ այն ճշգրիտ պատասխանների մասին, որոնք Հայաստանը կգտնի ինքնուրույն քննարկման ընթացքում: Այնուամենայնիվ, ես կցանկանայի լսել այս հիմնական հարցերի պատասխանները, որոնք փոխկապակցված են:  Առաջին հարցը. արդյո՞ք Հայաստանի համար ողջամիտ էր պահպանել ստատուս քվոն 1990-ականներին՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից ի վեր: Չնայած Հայաստանը հաղթել է, սակայն այս պետությունը չի ձգտել երկարաժամկետ խաղաղության պայմանագրի և զիջել է այն տարածքները, որոնք հայերն օկուպացրել են, եւ որոնք իրականում չեն պատկանել Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածին:  Տարածքների վրա հիմնված ստատուս-քվոյի պահպանումը աշխարհի բոլոր հայերի համար տարիներ շարունակ եղել է հիմնական ազգային գաղափարը: Դա նաև միակ գաղափարն էր, որով Հայաստանը առանձնանում էր համաշխարհային հասարակության մեջ: Հետևաբար կարող է թվալ, որ հայերին պակասում էր ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր կամ հուզական ուժ՝ մեկ այլ բանի համար: Ի վերջո պարզվեց, որ սխալ էր այն համոզմունքը, որ ռուսական ռազմական ուժերը կօգնեն պահպանել նման ստատուս-քվոն: Ավելին՝ դա այս տարվա ռազմական ողբերգության հիմնական պատճառն էր: Բացի այդ՝ ակնհայտ է, որ պատերազմի պարտության արդյունքը վերադարձն է այն իրավիճակին, որն առկա էր մինչև 1992 թվականը, երբ տեղի ունեցավ առաջին ռազմական բախումը:  Երկրորդ հարցը. ռազմավարական առումով ճի՞շտ էր աշխարհաքաղաքական անվտանգությունը միայն Ռուսաստանի հետ կապելը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Կրեմլը դեմ գնաց Արևմուտքին և ԵՄ-ին մերձենալու ցանկացած փորձի: Եվ վերջում պարզվեց, որ Մոսկվայի տված անվտանգության երաշխիքները արդյունավետ չեն (հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջերս տեղի ունեցած բախումների համատեքստում): Խաբուսիկ էր նաև տատուս-քվոյի պահպանումը, որին աջակցում էր Կրեմլը: Բացի այդ՝ Ռուսաստանի և Եվրասիայի շուկաների հետ տնտեսական ասոցիացիան թույլ չտվեց Հայաստանին լիովին հարմարվել արևմտյան շուկաներին և այդպիսով ստեղծել երկարաժամկետ հաջողության պատմություն: Միևնույն ժամանակ ԵՄ-Հայաստան հարաբերությունները շարունակեցին մնալ երկիմաստ: Վիլնյուսի տեսանկյունից դիտարկելով՝ այս բոլոր մանրամասները և իրադարձությունները Հայաստանի ռազմավարությունն են վերջին երեք տասնամյակների ընթացքում, ինչը հանգեցրեց հայերի ներկայիս ազգային ողբերգությանը: Ի գիտություն ընդունեք, որ այս մտքերը պարզապես իմ սուբյեկտիվ պատասխաններն են, որոնք հիմնված են Դայմոնդի գրքի վրա: Միայն հայերն իրենք կարող են ավելի խոր և ճշգրիտ պատասխաններ տալ, սակայն նրանք նախ ստիպված են համարձակություն գտնել՝ փնտրելու այդպիսի պատասխաններ: Իմ ձևավորած պատասխանները կարող են օգնել ինձ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանի բոլորովին նոր ռազմավարությունը: Ես տեսնում եմ երկու էական բան, որոնք կապ ունեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետ: Առաջին հերթին՝ ԵՄ-ն պետք է նախաձեռնի և ստեղծի անվտանգության միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Այս քայլը պետք է իրականացվի այլ արևմտյան գործընկերների օգնությամբ (ԱՄՆ նոր վարչակազմ): Իհարկե, նման մեխանիզմը չպետք է հենվի միայն Կրեմլի՝ այսպես կոչված խաղաղապահների վրա: Ոչ վաղ անցյալում Արեւմուտքը ստիպված էր հոգ տանել Կոսովոյի ալբանացիների մասին. անվտանգության միջազգային հաջող երաշխիքներ ստեղծվեցին այդ ժամանակ: Ես չեմ ասում, որ Արևմուտքը պետք է պատճենի Կոսովոյի մոդելը Լեռնային Ղարաբաղում: Սակայն ակնհայտ է, որ արևմտյան երկրները պետք է ավելի նախաձեռնողական դեր ստանձնեն՝ նոր Մերձավոր Արևելքից խուսափելու համար: Եթե Անդրկովկասի անվտանգությունը մնա միայն Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողության տակ, ապա այս տարածաշրջանը, որն ունի նավթի և գազի բազում ռազմավարական ռեսուրսներ, միշտ կմնա Կրեմլի շահարկման գոտի: Այն շատ կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացման համատեքստում:  Լեռնային Ղարաբաղի հայերին ուղղված միջազգային անվտանգության երաշխիքները թույլ կտան Հայաստանին լսել Դայմոնդի մեկ այլ կարևոր խորհուրդ` վերանայել աշխարհաքաղաքական ընդունված սահմանափակումները:  Երկրորդ՝ Հայաստանը երբեք իրեն անվտանգ չի զգա, եթե այնտեղ պետական ​​անվտանգության միակ որոշիչը մնա զենքի քանակը: Քանի որ այս պետությունը շրջապատված է այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներով, ինչպիսիք են Թուրքիան և նրա հիմնական կամակատարը ՝ Ադրբեջանը, կամ նույնիսկ Ռուսաստանն ու Իրանը, անվտանգության ապահովման միակ ողջամիտ ճանապարհը Հայաստանի տնտեսական և սոցիալական բարգավաճման վրա կենտրոնանալն է: Վերցնենք Մերձավոր Արևելքում Իսրայելի օրինակը․ չնայած տասնամյակներ շարունակ այս պետությունը միջազգային անվտանգության բազմաթիվ մարտահրավերների կենտրոնում է, այն շարունակում է մնալ անվտանգ: Դա ուժեղ տնտեսության, ոչ թե զենքի մեծ բազայի շնորհիվ է: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի միակ ճանապարհը Անդրկովկասում տնտեսական հրաշքի ստեղծման վրա կենտրոնանալն է: Դա գիտակցելու համար հայերը պետք է իրենց ազգային ռազմավարության առաջնահերթությունը ռազմականից փոխեն դեպի զարգացման, ներդրումների և արդիականացման: Շատ բնական ռեսուրսներ չունենալով՝ Հայաստանը կկարողանա ամրապնդել իր տնտեսությունը՝ միայն դեպի Արևմուտք ինտեգրվելու և ԵՄ-ի հետ համագործակցության միջոցով: Հայաստանը դժվար թե ինքնուրույն գիտակցի նման ռազմավարական փոփոխությունը: Հետևաբար ԵՄ-ն այնտեղ կարող է կարևոր դեր ստանձնել: Ըստ Դայմոնդի՝ այլ երկրների աջակցությունը կենսական նշանակություն ունի, երբ խոսքը վերաբերում է ազգային ճգնաժամից դուրս գալուն: Այնուամենայնիվ տառապող ժողովուրդը պետք է հասկանա այդ ճգնաժամի պատճառները և կոնսենսուսի հասնի իր ազգային նոր ռազմավարության վերաբերյալ: Անդրկովկասում կայուն իրավիճակը պետք է կարևոր առաջնահերթություն լինի ԵՄ-ի համար: ԵՄ-ն ինքը պետք է սովորի ստեղծել և զարգացնել այդպիսի կայունություն: Հայերի ու ադրբեջանցիների համաձայնության չհասնելու փորձերին պասիվ հետևելը կամ հույսը, որ Ռուսաստանը կստեղծի կայունություն, կարճաժամկետ ինքնախաբեություն է: Կրեմլը մտածում է միայն նախկին սովետական տարածքում երկարատև անկայունության մասին, քանի որ դա կանխելու է այնտեղ արևմտյան ինտեգրումը: Մինչդեռ ԵՄ-ն ավելի շուտ կշահեր կայունության հաստատումից: Վերջերս Թրամփի վարչակազմը ցույց տվեց հիանալի օրինակ, թե ինչպես կարելի է կայունություն ստեղծել երկարաժամկետ անկայունության գոտիներում: ԱՄՆ-ը խրախուսեց մի քանի արաբական պետությունների՝ Իսրայելի հետ կնքել խաղաղության պայմանագիր: Ի պատասխան՝ առաջարկվեցին տնտեսական աջակցության կարևոր փաթեթներ: Նման գործարքները պատմական մեծ նշանակություն ունեն: Պատահական չէ, որ այս խաղաղության համաձայնագրերը պաշտոնապես վերնագրվում էին որպես «աբրահամյան համաձայնագրեր»՝ անդրադառնալով հրեա և արաբ ժողովուրդների ծագման աստվածաշնչյան պատմությունը: ԵՄ-ն կարող է հետևել ԱՄՆ-ի օրինակին և նմանատիպ համաձայնագրեր առաջարկել հայերին ու ադրբեջանցիներին: Դրանց կարող են ավելանալ նաև տնտեսական լայն աջակցության ծրագրերը և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրերը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը երաշխավորող միջազգային մեխանիզմները: Նման գործարքները հատկապես կարևոր կլինեն Հայաստանի համար, քանի որ դրանք երկարաժամկետ հաջողության սկիզբ կդառնան՝ հիմնվելով տնտեսության ուժի, այլ ոչ թե զենքի քանակի վրա: Միջազգային հանրությունը պետք է օգնի Հայաստանին՝ ընդլայնել իր աշխարհաքաղաքական օրակարգը, ինչը պետք է դառնա ավելի հավակնոտ: Սա նշանակում է, որ այն պետք է ներառի ոչ միայն անվտանգությունը, այլև տնտեսական աճը, ներդրումների ներգրավումը, բարեփոխումները, սոցիալական բարեկեցությունը, կոռուպցիայի կանխարգելումը, ավելի շատ ուշադրություն մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը: Արդյունքում՝ Հայաստանը կարող է վերադառնալ թե՛ տեղական, թե՛ միջազգային քաղաքականություն՝ թարմացված ուժով, սպասելիքներով և հեռանկարներով: Միջազգային հանրությունը և մասնավորապես ԵՄ-ն կարող են Հայաստանին առաջարկել նոր համաձայնագիր՝ հետագա ռազմավարական նպատակների համար: Այստեղ կարող են ներգրավվել միջազգային դոնորները (Մեծ յոթնյակը) և ֆինանսական հաստատությունները (Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը): Վերջապես, ԵՄ անդամ երկրների ազգային ներդրումային ինստիտուտները նույնպես կարող են ներգրավվել: Հաշվի առնելով աստվածաշնչյան մեկ այլ պատմություն, որը վերաբերում է Հայաստանին և Արարատ լեռանը՝ նման համաձայնագրերը, որոնք Եվրամիությունը կարող է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին՝ մասնավորապես ուղղված Հայաստանի ապագա հեռանկարներին, կարող են ստանալ «Նոյան տապանի համաձայնագրեր» պատմական անվանումը: Աստվածաշունչն ասում է. «Սիրի՛ր դիմացինիդ՝ ինչպես քո անձը»: Սա նաև տարածաշրջանային հարևանների խաղաղության ընդհանուր բանաձև է: Վերջապես, սա հնարավորություն է տալիս Եվրամիությանը՝ գնահատելու իր արևելյան գործընկերներին, քանի որ դա Անդրկովկասում խաղաղություն երաշխավորելու միակ միջոցն է: Թարգմանիչ՝ Լյուսի Մանվելյան
17:14 - 22 դեկտեմբերի, 2020
Պատգամավորը Մեծ Շենի սկզբնամասում խաղաղապահների հենակետի տեղակայման անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

Պատգամավորը Մեծ Շենի սկզբնամասում խաղաղապահների հենակետի տեղակայման անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝ Արցախի Հին Շենի բնակիչների համար անվտանգության առումով խնդիրներ չկան, գյուղի սկզբնամասում հենց տեղակայված են ռուս խաղաղապահները, սակայն պատգամավորը Մեծ Շենը դեռ այնքան էլ ապահով չի համարում, այս հատվածում խաղաղապահներ դեռ չկան: Պատգամավորն այս մասին ասաց ասուլիսում՝ մանրամասներ ներկայացնելով Նազելի Բաղդասարյանի հետ Արցախ այցի մանրամասներից: «Տեղացիների վստահեցմամբ՝ Հին Շենում կան 40-ից ավելի ընտանիքներ, որևէ անվտանգության խնդիր իրենց համար չկա: Գյուղի հենց սկզբնամասում տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնք վստահեցրեցին գյուղի անվտանգ լինելու մասին: Մի փոքր մտահոգիչ էր Մեծ Շեն համայնքում բնակիչներ չլինելու փաստը: Ընդամենը 2 հոգի կային այնտեղ: Հավանաբար դա կապված է նրա հետ, որ մինչև Հին Շեն խաղաղապահներ չկային: Այդ հարցը կարծում եմ, որ մոտ ապագայում կկարգավորվի: Սկզբից (Արցախից Հայաստան ճանապարհին- հեղ.) Մեծ Շենն է, հետո նոր Հին Շենը: Խաղաղապահները Մեծ Շենը բաց են թողել, Հին Շենում են տեղակայվել»,-ասաց պատգամավորը:  Հովսեփյանի կարծիքով՝ հնարավորություն կա, որ Մեծ Շենի հատվածում հայտնվեն ադրբեջանցիները, կարծում է, որ սա է պատճառը, որ բնակիչները չեն վերադարձել այնտեղ: «Մեղ տեղեկացրին, որ օրեր առաջ այդ ճանապարհահատվածի վրա հայտնվել են 30 ադրբեջանցիներ, և ռուսական խաղաղապահների միջնորդությամբ բացել են ճանապարհը: Հայտնվել էին հենց ուղիղ գյուղամեջ տանող ճանապարհին: Սա էր պատճառը, որ բարձրացվել էր աղմուկ, որ շրջափակման մեջ են: Եթե տեղանքին ծանոթ եք, մի փոքր անհավանական իրավիճակ էր շրջափակվելը»,-ասաց Հովսեփյանը: Պատգամավորի կարծիքով՝ հենակետը պետք է դրվի մինչև գյուղ, որ ապահովագրված լինի: «Այս պահին Մեծ Շենն այնքան էլ ապահով չէ»,-նշեց պատգամավորը:
14:26 - 22 դեկտեմբերի, 2020
Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. պատգամավոր |1lurer.am|

Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ Արցախ կատարած այցից: Պատգամավորը հանդիպել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: «Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: Այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը»,- ասաց Հովսեփյանը: Ըստ պատգամավորի՝ կա խոսք, որ մյուս գերիները, որոնք վաղուց էին գերեվարվել, նույնպես կվերադարձվեն: Ժամկետների մասին պատգամավորը չխոսեց՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Հովսեփյանն անդրադարձավ նաև այս օրերին Սյունիքի մարզում տիրող տրամադրություններին: «Կա անհանգստություն, և բնական է, որ այն պետք է լիներ: Բնական է, որ երկար ժամանակ խաղաղ ու հանգիստ ապրող Սյունիքն այսօր անվտանգության խնդիր ունի թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ առաջիկայում կլինի Սյունիքում: Պատգամավորն անգամ առաջարկեց իր գործընկերներին Ամանորը միասին դիմավորել Սյունիքում:  «Ուղղակիորեն մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձ կարգավիճակում: Այն վտանգները, որոնք ամեն տարի լինում էին Տավուշում, և գյուղացիներն արդեն սովոր էին ադրբեջանցիների 500 մետր կամ 1 կիլոմետր հեռու լինելուն և սադրանքներին ու ինչ-որ քայլերին, որոնք կարող են լինել այստեղ: Այդ մարդկանց պարզապես մենակ թողնելու իրավունք չունենք»,- նշեց Հովսեփյանը:
14:19 - 22 դեկտեմբերի, 2020
Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ

Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ

Վիրավոր տղաները կունենան ձեռքերի գերժամանակակից պրոթեզներ՝ տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը: «Ուրախ եմ տեղեկացնել, որ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 100 հազար ԱՄՆ դոլար կներդնի ձեռքերի գերժամանակակից պրոթեզների նախագծի մեջ, որը, ինչպես արդեն տեղեկացրել եմ, իրականացնելու ենք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նշեմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը գործուն մասնակցություն է ունենալու նաև սպասվելիք դրամահավաքին։ Համահայկական ջանքերի ներդրմամբ և միասնական աշխատանքով հաղթահարելու ենք ամեն դժվարություն։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներից և նրանց, ովքեր դեռ միանալու են այս նախաձեռնությանը»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում։
13:33 - 22 դեկտեմբերի, 2020
Արցախի Հանրապետության տարածքից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18, չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը

Արցախի Հանրապետության տարածքից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18, չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը

Արցախի Հանրապետության Նախագահի 2020թ. հոկտեմբերի 14-ի հրամանագրի դրույթների համաձայն Արցախի Հանրապետության տարածքից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18 տարին չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը, ուստի անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կարող են դիմել իգական սեռի բոլոր, 18 տարին չլրացած և 55 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչությունը։ «Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծանրաբեռնված աշխատանքը և Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված հարցումների կտրուկ աճը, այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության 55 տարին լրացած արական սեռի և իգական սեռի բոլոր քաղաքացիների անձնագրերում օտարերկրա պետություններում վավերականության մասին նշում կատարելու, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու, ինչպես նաև մինչև 18 տարեկան անչափահաս երեխաների բնակչության պետական ռեգիստրում ծնողի հասցեով հաշվառելու գործողությունները Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչության կողմից կատարվում են առանց Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից դիրքորոշում հարցնելու»,- նշված է հաղորդագրության մեջ:
12:20 - 22 դեկտեմբերի, 2020
Արձակուրդից Արցախ վերադարձող զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր. ՀՀ ՊՆ |armenpress.am|

Արձակուրդից Արցախ վերադարձող զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր. ՀՀ ՊՆ |armenpress.am|

armenpress.am: Արձակուրդից զինծառայողների՝ Արցախ վերադարձի ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել, բոլորը նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայրեր: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ավելի վաղ «Տելեգրամ»-ի ալիքներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ Զինուժի տեղաշարժը և թե ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս կանգնած է Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլատրում Լաչինով առաջ շարժվել՝ իրականացնելու հերթափոխ:  «Արձակուրդից վերադարձող բոլոր զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր: Որևէ խնդիր, որևէ միջադեպ տեղի չի ունեցել»,-հայտնեցին ՊՆ-ից: Նախարարությունից նաև նշեցին՝ քանի որ Գորիսի ճանապարհը առավոտից մի քանի ժամ փակ է եղել, դրա համար որոշակի խնդիրներ են առաջացել ՝ մութ ժամին տեղաշարժվելու հետ կապված: Ճանապարհը փակելը ժամային առումով հետաձգել է ավտոբուսների հասելը ՊԲ: Բայց մեծ հաշվով որևէ միջադեպ չի եղել: Բոլոր զինծառայողները նորմալ հասել են տեղ, հիմա իրենց մշտական տեղակայման վայրերում են:
11:51 - 22 դեկտեմբերի, 2020
Տեղահանված հադրութցիների հրատապ խնդիրների շարքում է կացարան գտնելը |armenpress.am|

Տեղահանված հադրութցիների հրատապ խնդիրների շարքում է կացարան գտնելը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հադրութի շրջանի բնակավայրերից տեղահանված  բնակչության առաջնահերթ խնդիրների շարքւոմ է կեցության պայմանների ապահովումը: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի տեղեկատվական շտաբի Հադրութի շրջանի գրասենյակի աշխատակցուհի Լիանա Պետրոսյանը: Նրա խոսքով, Հադրութի շրջանի 3500 տնտեսությամբ բնակավայրերից տեղահանվել է մոտ 14 հազար մարդ:   «Նրանց մեծ մասը՝ մոտ 75 տոկոսը, ապաստանել  է Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում,Կոտայքի և Արարատի մարզերի բնակավայրերում: Արցախի՝  Երևանում գործող տեղեկատվական  շտաբի Հադրութի  գրասենյակն այս օրերին աշխատում է արտակարգ ժամանակացույցով՝ առանց հանգստյան օրերի: Այս ընթացքում շարունակել ենք հաշվառել ՀՀ-ում  հանգրվանած հադրութեցիների փաստացի բնակվելու վայրերը, ընտանիքների կազմերն ու կարիքները: Այս պահին տեղահանված և Հայաստանում հանգրվանած հադրութցիների  հաշվառման գործընթացն իրականացվել է 85 տոկոսով: Տեղահանված հադրութցիներին մտահոգող խնդիրներից առաջնահերթը շարունակում է մնալ կացարան գտնելու խնդիրը: Հադրութցիներին ժամանակավոր կացարաններով ապահովելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերում Հայորդաց տունը: Հարկ է նշել, որ կան ընտանիքներ, որոնց կացարանային ապահովման խնդիրը, հրատապ լուծման կարիք ունի: Ըստ այդմ՝ առաջին փուլում մեզ մոտ հաշվառվածներից, կարողացել ենք կարճաժամկետ կտրվածքով ժամանակավոր կացարաններ գտնել ավելի քան 20 ընտանիքի համար: Ընդ որում՝ արվում է հնարավորը ձմեռային ժամանակահատվածում նրանց կեցության նվազագույն պայմաններով  ապահովելու համար: Մասնավորապես տրամադրվում են նաև անկողնային պարագաներ,տաք հագուստ, ծածկոցներ»,-մանրամասնեց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ առանձին բնակարաններ առայժմ չեն տրամադրելու հնարավորություն չկա, իսկ դիմողների թվում կան քաղաքացիներ, որոնք հրաժարվում են ընդհանուր կենցաղային պայմաններով ժամանակավոր կացարաններից:  Երևանում և Ստեփանակերտում ստեղծվել են նաև Հադրութի շրջանի բնակիչներին անհրաժեշտ  փաստաթղթեր ու տեղեկանքներ  տրամադրող պաշտոնական գրասենյակներ:  «Մասնավորապես՝ Երևանի Վարդանանց 16/1 հասցեում դեկտեմբերի 1-ից գործում է Հադրութի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին, որտեղ տրամադրվում են կորցրած ծննդյան վկայականների ու փաստաթղթերի կրկնօրինակներ, տեղեկանքներ և այլն: Բացի այդ, հաշմանդամներին հենաշարժողական աջակցության միջոցներ են տրամադրվում, որի համար Հադրութի շրջանի տեղահանված բնակիչները կարող են դիմել Ծարավ աղբյուրի 55 ա հասցեով»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով,որ  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բատիկյան 99 հասցեում էլ գործում է հադրութցիներին սպասարկող սոցիալական ծառայության բաժինը: Ներկայում աշխատանքներ են տարվում նաև Հադրութի շրջանի և Հին Թաղեր և Խծաբերդ համայնքերի բնակիչներին ևս պետական և այլ աջակցության ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ: Ըստ կարիքի հրատապության՝  առաջնահերթ կարգով աջակցություն է ցուցաբերվում նաև սննդով ապահովելու հարցում: «Շաբաթական կտրվածքով մեզ մոտ գրանցված 20 ընտանիք տարբեր մասնավոր կազմակերպությունների և պետական միջոցներով ապահովում է սննդով»,-մանրամասնեց Լիանա Պետրոսյանը:  
10:27 - 22 դեկտեմբերի, 2020
Ազգային հետախուզության տնօրենը ԱՄՆ Կոնգրեսին կներկայացնի ԼՂ կարգավիճակի մասին գնահատական |amerikayidzayn.com|

Ազգային հետախուզության տնօրենը ԱՄՆ Կոնգրեսին կներկայացնի ԼՂ կարգավիճակի մասին գնահատական |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 900 միլիարդ դոլարի փաթեթի շուրջ, որը կտրամադրվի մոտ ամիսներին: Այն պարունակում է նաև ԼՂ հակամարտության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված դրույթներ։ ԱՄՆ Կոնգրեսը հանգել է համաձայնության 900 միլիարդ դոլարի խթանիչ նոր փաթեթի ընդունման շուրջ իր ելույթի ժամանակ ասել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը: «Մեր քաղաքացիները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ այս տոնական օրերին, և մենք նրանց միայնակ չենք թողնի», - ասել է Մաքքոնելը: Կոնգրեսը նպատակ ունի կորոնավիրուսային օգնության փաթեթում ներառել 1,4 տրիլիոն դոլարի ծախսերի օրինագիծ, որը նախատեսում է ֆինանսավորել կառավարության ծրագրերը մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը: Ըստ օրենսդիրների՝ կառավարության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել ֆինանսավորման ժամանակավոր երկարացման մասին որոշում, քանզի սրա ժամկետը լրանում է կիրակի կեսգիշերին: Այս օրինագիծը ներառում է նաև դրույթներ վերաբերվող հայ-ադրբեջանական վերջին պատերազմին ու տարածաշրջանային զարգացումներին: Օրինագծի 615 հատվածում, վերնագրված ՛՛Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական՛՛, նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթներ՝ (1) Տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը (2) Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում (3) ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը (4) Տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում Օրինագիծը պահանջում է նաև, որ պատրաստվող փաստաթուղթը ներկայացվի առանց գաղտնի տեղեկության հրապարակման, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել գաղտնի տեղեկատվությամբ հավելված: Սպասվում է, որ կառավարության գործունեության երկարաձգման վերաբերյալ այս օրինագծի շուրջք վեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան: Իսկ ընդհանուր խթանիչ փաթեթը, որի մասն է կազմում վերոհիշյալ կառավարության գործունեության երկարաձգման մասին օրինագիծը, կլինի ԱՄՆ պատմության մեջ մեծությամբ երկրորդ ամենամեծ տնտեսական օգնության փաթեթը մարտին ընդունված 2,3 տրիլիոն դոլար օգնության օրինագծից հետո: Կողմերը եկել են համաձայնության այն ժամանակ, երբ համաճարակը ստացել է տարածման նոր թափ՝ օրական արձանագրելով երկրում ավելի քան 214,000 վարակման դեպքեր: Ավելի քան 317,000 ամերիկացի մահացել է կորոնավիրուսի պատճառով: Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չակ Շումերն ընդգծել է, որ փաթեթը բավարար աջակցություն ունի՝ Կոնգրեսի երկու պալատներում անցնելու համար: «Վերջապես, մենք մի քանի լավ լուր ունենք ամերիկացի ժողովրդին», - հայտարարեց նա Սենատում: Փաթեթը նախատեսում է $ 600 ուղղակի օգնություն տրամադրել ֆիզիկական անձանց, հավելել գործազրկության վճարները շաբաթական $300 հավելավճարով և հարյուր միլիարդավոր դոլարների լրացուցիչ օգնություն տալ փոքր բիզնեսին: Այն նաև կտրամադրի 25 միլիարդ դոլարի օգնություն անշարժ գույքի վարձակալության համար, նշում են աղբյուրները: Օրենսդիրները հայտնեցին, որ նրանք հարթել են բոլոր անհամաձայնությունները Դաշնային պահուստային համակարգի հետ կապված հարցերի, կրթության ֆինանսավորման և փոքր բիզնեսի վարկավորման խնդիրների շուրջ:
10:03 - 22 դեկտեմբերի, 2020