Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր տարբեր խմբեր, այդ թվում՝ նախկինում պետական կառավարման համակարգում ներկայացված կուսակցություններ, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անհապաղ հրաժարականը։
Պնդումներ կան, որ պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարը կերաշխավորի օրենսդրական բարեփոխումների շուտափույթ իրականացումն ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդար, ազատ ու թափանցիկ անցկացումը։
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այն կարծիքին է, որ ներքաղաքական կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ եւ կկազմակերպի արտահերթ ընտրություններ։
Infocom.am-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանի հետ։
- Պարո՛ն Հակոբյան, «Քաղաքացու որոշում»-ը եւս այն համոզմանն է, որ վարչապետը պետք է հեռանա ու անցկացվեն արտահերթ ընտրություններ․ ե՞րբ պետք է հեռանա, ե՞րբ կարող ենք ասել, որ արդեն կայուն իրավիճակ է ընտրություններ անցկացնելու համար։
- Եթե հեռանալը պայմանավորում ենք միայն ընտրությունների կազմակերպումով, ապա այն ժամանակի հարց չէ, այլ նորմալ ընտրություններ կազմակերպելու հարց է։ Հանրությունը պետք է պատրաստ լինի, եւ հանրային միջավայրը պետք է թույլ տա գիտակից ընտրություն կատարել, որպեսզի ձեւավորվի նոր, ավելի ժովովրդական կառավարություն։
Ոչ միայն հանրային մթնոլորտը, այլ նաեւ քաղաքական իրավիճակը պետք է թույլ տա, որպեսզի մենք կարողանանք նորմալ, գիտակցված ընտրութուններ իրականացնել։ Պետք են մի շարք քաղաքական եւ այլ ռեֆորմներ, որովհետեւ, պատկերացրեք, պատերազմից, այդքան զոհերից հետո չենք կարողանա մարդկանց հետ, օրինակ, տնտեսական ծրագրեր քննարկել, շատ դժվար կլինի։
Անպայման չէ, որ այդ մթնոլորտը ձեւավորի Նիկոլ Փաշինյանը, դրա համար մենք առաջարկել ենք, որպեսզի ձեւավորվի չեզոք կառավարություն՝ չեզոք վարչապետով, որը կկատարի անցումային ֆունկցիա՝ մինչեւ այդ միջավայրը կստեղծվի։
- Դուք նշեցիք ժամանակավոր կառավարության մասին․ 17 կուսակցությունների միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, ԼՀԿ-ինը՝ Էդմոն Մարուքյանը, ո՞վ է ՔՈ կուսակցության վարչապետի թեկնածուն, ժամանակավոր կառավարության՝ ձեր պատկերացրած անդամներն ովքե՞ր են լինելու։
- Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ անձերի շուրջ են քննարկում ծավալում, իսկ մենք գործի ու անելիքի առաջարկ ենք ներկայացրել։ Բոլորս պետք է հասկանանք, թե ինչ է պետք անել եւ ինչպես է պետք կայուն հիմք ստեղծել այս երկրի համար, այլ ոչ թե համաձայնվել, որ տեղի ունենա մարդու, անձի ընտրություն։ Պրոբլեմն այն է, որ անձերի շուրջ է պտտվում քննարկումը՝ Նիկոլ Փաշինյան, Վազգեն Մանուկյան եւ դրա շուրջ էլ չեն կարողանում համաձայնության գալ։ Չեզոք կառավարությունը չպետք է ձեւավորվի այս 2 դաշինքներից՝ մի շատ պարզ պատճառով, որովհետեւ նրանք երկուսն էլ մի համակարգի ղեկավարներն են եղել եւ շարունակում են լինել, իսկ պատերազմն ապացուցեց, որ այդ համակարգը գործունակ չէ եւ դրա ղեկավարների փոփոխությունը արմատական փոփոխություններ չի բերելու։
Համակարգի այդ 2 խմբերի ամբողջ ստեղծագործական մակարդակը արտացոլվել է գաղջ եւ դժգույն բառերում։ Դա է իրենց մակարդակը, եւ այդ մակարդակում մենք չենք կարող նոր Հայաստան ստեղծել։ 2018 թվականի հեղափոխությունից հետո կար հնարավորություն ստեղծելու նոր համակարգ, ազատ համակարգ, մարդկանց արժանապատվությունը, անվտանգությունը ապահովող համակարգ։ Ցավոք այդ համակարգը հնարավոր չեղավ կառուցել եւ այդ սեւ ու սպիտակ վիճակը շարունակվում է։
Ժամանակն է, որ մենք վերջ տանք նման սեւ ու սպիտակ բաժանումներին։ Այն սկսվել է դեռեւս 1990-ական թվականներից՝ շարունակվելով Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, հիմա էլ Նիկոլ Փաշինյանով։ Մենք դեռեւս 2018 թվականից ենք ասել, որ սեւ ու սպիտակ դիսկուրսը սպանում է որեւէ քաղաքական առողջ մտքի զարգացումը։ Որեւէ քննարկում, որ տեղի է ունենում այսօր, նորից տանում ու մտցնում են կամ այս թեւ, կամ այն թեւ, եւ առողջ միտքն ուղղակի ոչնչանում է, իսկ այսօր դրա կարիքը շատ ունենք։ Նախկին համակարգը եւ դրա նախկին ու ներկա ներկայացուցիչները սպառել են իրենց։
- Վարչապետի հրաժարականից հետո մասնավորապես ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան, դուք ի՞նչ մասնակցություն պիտի ունենաք դրանց։ Ի՞նչ օրակարգ եք առաջ քաշում դուք՝ խնդրում եմ ներկայացնել առաջնահերթ անելիքները։
- Նշեմ մի քանի հիմնական քայլեր․ Հայաստանը պետք է լինի արդար պետություն, սոցիալական արդարությունը եւ արժանապատվությունը պետք է գերակայեն։ Անցնող 30 տարիները մեր այս սահմանադրական նպատակների համար չեն ծառայել։
Հայաստանում իրապես երկրի տեր պետք է դառնա ժողովուրդը։ Մինչեւ 2018 թվականը երկրում տիրոջ կարգավիճակ են ունեցել որոշակի արտոնյալ խմբեր, պայմանականացված անուններով՝ օլիգարխիկ խմբեր, պետական բյուրոկրատիայի վերնախավ, փոքր կուսակցական խմբեր։ Երկրի բնակչության լայն շերտերը զրկված են եղել պետության կառավարմանը եւ հանրային-ազգային սեփականության վերաբաշխման գործընթացներից։ Այդ իսկ պատճառով է, որ դեռեւս բնակչության մեծամասնությունը աղքատ է եւ օտարված։
2018 թվականը հնարավորություն էր ստեղծել, որպեսզի մենք կարողանաինք տարբեր մեխանիզմներով՝ իրավական, քաղաքական, օրենքների, Սահմանադրության միջոցով ստեղծել երաշխիքներ, պայմաններ, որպեսզի այս երկրում ապրող սովորական բնակիչների մեծամասնությունը լիարժեք ապահովագրված լինի, երբ ասում ենք, որ ժողովուրդն է երկրի տերը, դա պետք է իրապես ամրագրվի եւ գործի։ Ժողովրդի սուվերեն իշխանությունը խոսքից պետք է վերածել գործի։
Պատերազմը ցույց տվեց, որ մենք նաեւ օտարված ենք եղել պետության անվտանգության եւ արտաքին քաղաքականության որոշումների մասնակցության գործընթացից։ Պատերազմել է սովորական ժողովուրդը, իսկ շատ հարուստ եւ, այսպես կոչված, վերնախավը օգտագործել է նրանց, իսկ իրենք անմասն են մնացել պրոցեսից։ Անվտանգության հարցերի շուրջ գաղտնիության այս կեղծ ու արատավոր մշակույթը պետք է վերանա, որ մենք տեղյակ լինենք մեր երկրի կարողության ու հնարավորության մասին ու ըստ այդմ կարողանանք որոշումներ ընդունել։
Հնարավոր է, որ մենք այսօր մի մեխանիզմ առաջարկենք, բայց ավելի լայն կամ հանրային կոնսենսուսը այլ տարբերակ առաջարկի, այստեղ ամենակարեւորն այն է, որ սկզբունքն ամրագրվի՝ ինչպես մենք կարող ենք անել, որպեսզի ժողովրդի իշխանության հռչակագրային սկզբունքը, որ ժողովուրդն է երկրի տերը, դառնա իրականություն, եւ մարդիկ իսկապես կարողանան մասնակցել երկրի ղեկավարմանը եւ որոշումների կայացման գործընացին։
Սրանք առաջնային քայլեր են, որպեսզի մարդը հասկանա, թե ինչու է ապրում այս երկրում, ինչու է կռվում եւ ինչու են իրենց երեխաները զոհվում։ Եթե մենք այս հարցերը չկարողանանք ձեւակերպել եւ լուծում չտանք, մեծ հաշվով էական չէ՝ ով կլինի անցումային կառավարության մեջ, ով կգա, ինչ անձի տեսքով։
Մինչեւ տիրոջ իրավունքը իրապես չամրագրվի, մեր զարգացումը կայուն չի լինի, իսկ ես անձնապես վստահ եմ, որ պետականության զարգացում ուղղակի չենք ունենա։
Սա է մեր մոտեցումը եւ սա հսկայական աշխատանք է։ Այն պահանջում է բարեփոխումներ անվտանգության, սոցիալական, իրավական, առողջապահական, կրթական ոլորտներում, ինչու չէ նաեւ մշակութային եւ համակեցություն ձեւավորող ոլորտներում։ Այս ամենը պետք է հիմք հանդիսանա նոր սահմանդրական կարգի ու Սահմանադրության մշակման համար։
- Բազմիցս խոսվել է Ընտրական օրենսգրքի թերությունների եւ ընտրական օրենսդրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Այսօր, երբ առաջ է քաշվել արտահերթ ընտրություններ իրականացնելու հարցը, հնարավո՞ր է կարճ ժամանակահատվածում իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, որոնց մասին նաեւ ձեր կուսակցությունն է բարձրաձայնել։
- Քաղաքական ընտրության համար միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քիչ են։ Մենք պատկերացնում են ավելի լայն քաղաքական ռեֆորմների իրականացում։ Պետք է սկսել ձեւավորել նոր քաղաքական համակարգ, որը իրապես կարտացոլի եւ կարտահայտի մեր ժողովրդի շահերը։ Նախկինում նման փոփոխությունները նպատակ են ունեցել կամ երկարաձգելու, կամ ամրացնելու գործող արտոնյալ խմբերի իշախնությունը։ Պետք է փոխել վեկտորը։
Քաղաքական փոփոխությունների եւ բարեփոխումների համար սկզբունքային է նաեւ դրանց որոշ չափով կոնսեսուսային լինելը։ Կառավարող ուժը պարտավոր է դա անել ներառողական՝ ընդգրկելով ոչ միայն այլ կուսակցությունների, այլ նաեւ հասարակական, քաղաքացիական այլ գործոնների։
- Դուք նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո նշել էիք, որ ստեղծված իրավիճակում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը փնտրում է այդ փաստաթղթով սկսված գործընթացում Հայաստանի շահերը առավելագույնս ներառելու ուղիներ, ու հայտնել էիք, որ այդ նպատակով ինտենսիվ խորհրդակցություններ եք նախաձեռնել պետական ռազմաքաղաքական ինստիտուտների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքական ուժերի հետ։
Օրեր անց հայտարարությամբ հանդես եկաք՝ նշելով, որ պետական ու քաղաքական շրջանակների հետ ձեր շփումների արդյունքում գտնում ենք, որ այդ շրջանակները չունեն ստեղծված ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարելու հիմնավոր պատկերացումներ։
Լուծման ի՞նչ տարբերակներ ու առաջարկներ ունեք այդ հանդիպումների արդյունքում, ինչի՞ եզրահանգեցիք։
- Հայտարարության մեջ արդեն նշել ենք, որ մենք առաջնորդվում ենք այն մեթոդով, որ գուցե կան որոշակի մոտեցումներ կամ լուծումներ, որոնք տարբեր քաղաքական ուժեր կամ կառույցներ ունեն եւ կարող են արտահայտել, ուղղակի հաղորդակցության կամ հակադրության պայմաններում չեն կարողանում այդ ձեւը գտնել, բայց, մեծ հաշվով, այդպիսի պլան կամ գործողությունների ծրագիր մեզ չի ներկայացվել։ Անպայման չէ, որ իրենք չունեն այդ ծրագիրը, բայց գոնե մեզ չեն ներկայացրել, եւ դրա համար հայտարարությունը հենց այդպես էլ տարածվել է։
- Այս իրավիճակում, երբ մենք կարծես ամեն օր բախվում ենք նոր իրավիճակի՝ հատկապես սահմանագծման առումով, կարո՞ղ ենք առաջ տանել մեր շահը՝ հաշվի առնելով եռակողմ հայտարարության դրույթները։
- Օրինակ սահմանազատման եւ ռազմական դիրքերի տեղակայման գործընթացների համար կան ընդունված ընթացակարգեր, թե ինպես դա կարող է տեղի ունենալ երկու պետությունների միջեւ։ Ստեղծվում է միջպետական հանձնաժողով, որտեղ ներգրավված են լինում տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք ուսումնասիրում են սահմանների ձեւավորման որոշակի ընդունված պետական, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված քարտեզները, սկսում են դրանց շուրջ բանակցություններ, համաձայնություններ, եւ նոր հետո սկսում են սահմանզատման աշխատանքները։ Այդ աշխատանքները տարիներ կարող են տեւել։ Եթե չեմ սխալվում՝ մինչեւ հիմա անգամ Հայաստանը եւ Վրաստանը այդ բաժանարար գծերի վերաբերյալ ունեն հանձնաժողով, այդ գործընթացը տարիներ է տեւել, կամ հիմա Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես ունեն տարածքային հարցեր եւ այդ հանձնաժողովն աշխատում է։
Ես կարծում եմ, որ նույն բանը պետք է տեղի ունենար ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, եւ ոչ թե հապշտապ կատարվեր։ Սա սխալ գործընթաց է եւ չի բերելու խաղաղության, քանի որ լինելու են սխալներ, որոնք հետագայում ճշգրտելու համար կամ հնարավորություն չի լինելու կամ հանգեցնելու է որոշակի վեճերի։ Հատուկ ուզում եմ նշել, եթե իհարկե կար անհրաժեշտություն եւ այդպիսի որոշում, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթաց սկսեր, քանի որ ամսի 9-ի եռակողմ հայտարարությունը հրադադարի հայտարարություն էր, այլ ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանազատման համաձայնություն։ Հրադադարը պետք է սահմանվեր այն գծով, ինչ գծով տեղակայված էին զորքերը, եւ նոր դրանից հետո որոշվեին հնարավոր սահմանների ճշտորոշման սկզբունքները եւ մեխանիզմները։
Գործընթացը այնպիսի արագությամբ են իրականացնում, որ նույնսիկ ներքին իմաստով մենք չգիտենք, թե մեր կողմից ովքեր են բանակցում՝ պաշտպանության նախարարությո՞ւնը, արտաքին գործերի նախարարությո՞ւնը, տարածքային կառավարման նախարարությո՞ւնը, վարչապետի աշխատակա՞զմը, ո՞վ է բանակցում։ Պատկերացրեք՝ մի տարի հետո փոխվում է կառավարող ուժը, եւ որոշում ենք հասկանալ, թե մեր սահմանների ճշտորոշումը ճի՞շտ է կատարվել, թե՞ ոչ, ո՞ւմ պետք է պատասխանատվության կանչենք, ինչի՞ հիման վրա են դրանք որոշվել։ Պահի տակ ով ոնց կարողացել է, այնպես էլ գծել է սահմանները, դա՞ է մեխանիզմը։
Ես կարծում եմ, որ այս հարցում բոլոր քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն եւ այդ ամենը չօգտագործեն ներքին պառակտումներ իրականացնելու համար, այլ բոլորը ջանք դնենք խնդիրը լուծելու համար։
- Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների վերսկսման գարծընթացը, այսօր այն իրավիճակում ենք, երբ բանակցային սեղանին կարծես թե որեւէ փաստաթուղթ դրված չէ, այդ թվում՝ Լավրովյան պլանը, քանի որ այժմյան իրավիճակն այդ պլանից էլ դուրս է։
Փաշինյանը, երբ եկավ իշխանության, հայտարարեց, որ ինքը բանակցությունները սկսում է նոր կետից, հիմա բանակցությունների ձեր կետը ո՞րն է լինելու, եւ ըստ ձեզ՝ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների շարունակությունը որքանո՞վ է արդյունավետ լինելու․ կարծիքներ կան, որ այդ ձեւաչափն այլեւս քանդված է։
- Քանի որ այս հարցի վերաբերյալ կուսակցության ներսում դեռ շարունակվում են քննարկումները, ես բաց կթողնեմ այդ կետը։
Պատերազմի ժամանակ մենք հարց ենք բարձրացրել, որպեսզի ճշտորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ կլինի դա ճանաչում կամ միացում, որը մինչեւ այժմ ակտուալ է։ Մինչ այսօր այս հարցը անպատասխան է մնացել, թե ինչու պատերազմի ընթացում դա տեղի չունեցավ։ Նախկինում այդպիսի նախաձեռնությունները համարվել են արկածախնդրություն, քանի որ ասել են, թե դա բերելու է պատերազմի։
Պատերազմի ընթացքում մենք կրկին բարձրացրել ենք այս հարցը, եթե պատերազմն արդեն սկսվել է, ի՞նչն է խանգառում ձեր դիրքորոշումն արտահայտել՝ կլինի դա միացման կոչ, թե անկախության ճանաչում։ Ամենասարսափելին, որ կարող էր տեղի ունենալ այդ քայլի պատճառով, պատերազմն էր, որն արդեն սկսել է։ Պատերազմը վերջացավ ամենավատ տարբերակով, իսկ այս հարցը դեռ օդի մեջ է։ Կարծում եմ՝ պետք են լուրջ եւ ռացիոնալ քննարկումներ՝ ներքին կոնսեսուս ձեւավորելու համար, նոր դրանից հետո հասկանալ, թե ինչի շուրջ ենք բանակցում եւ որ ձեւաչափն է լավագույնը, որպեսզի կարողանանք հասնել լավ արդյունքների։
Ինչքան էլ բոլորս այս պահին տագնապալից, լարված, ցասման մթնոլորտում ենք եւ մեղավորներ ենք փնտրում, վրեժ ենք ուզում լուծել, պետք է հասկանանք, որ մենք կարիք ունենք որոշակի զսպվածության եւ ռացիոնալության։ Մենք իսկապես խորքային վերագնահատման մի ամբողջ շղթա պետք է անցնենք, հասկանանք՝ ինչու այս ամենը տեղի ունեցավ, որոնք են խնդիրները, որպեսզի կարողանանք ամեն օրվա մեր հաջորդ քայլերում ավելի նոր համակարգ կառուցել, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։
1991 թվականին Հայաստանի պետության ստեղծման հիմքում դրվել է որոշակի ազգային գաղափար՝ հայկական կորսված տարածքների վերադարձը։ ԼՂ եւ անվտանգության տարածքների վերահսկողությունը հայկական զորքերի կողմից ազգային գաղափարի միջանկյալ նպատակներից էր կամ հաղթանակներից մեկը, եւ մեզնից շատերը 30 տարի այդ նպատակով են ապրել։ Երբ մենք կորցրել ենք այդ ամենի մեծ մասը, դա մարդկանց մոտ հիասթափություն է առաջացրել, մարդիկ պետության գոյությունը կասկածի տակ են դնում։ Մարդիկ 30 տարի իրենց ամեն ինչից զրկել են հանուն այդ գաղափարի եւ հանուն բանակի։ Սոցիալական եւ այլ նեղություններ ենք քաշել այդ նպատակի համար, մարդիկ հանդուրժել են կլանային համակարգը, որը ղեկավարել է մեզ 27-28 տարի, միայն թե այդ հարցը լուծվի, բայց երբ այսօր դա կորսվել է մարդիկ հիասթափվել են։
Պետության նպատակը այդ պետության տարածքում ապրող մարդկանց արժանապատիվ, բարեկեցիկ համակեցության միջավայր, անվտանգ միջավայր ստեղծելն է։ Մենք պետք է վերադառնանք այդ նպատակին, հասկանանք դրա համար ինչ ենք արել եւ ինչը՝ ոչ եւ կառուցենք պետություն։ Մեր պետության ձեւավորման սահմանադրական նպատակներում ամրագրվել է իրավական, սոցիալական ժողովրդական պետություն։ Գնանք այդ ճանպարհով, որ նման պետություն ստեղծենք, որ մարդիկ ուզենան ապրել այս երկրում։
Ասպրամ Փարսադանյան
comment.count (0)