Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Շիրակցի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատմերը փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկը |armtimes.com|

Շիրակցի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատմերը փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկը |armtimes.com|

armtimes.com: Շիրակի մարզի տարբեր համայնքներում այսօր կրկին բողոքի ակցիաներ են իրականացնում Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները: Այս պահին նրանք փակել են Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի խաչմերուկը և պահանջում են հստակություն` որտե՞ղ են տղաները, գերությա՞ն, թե շրջափակման մեջ են, կա՞ արդյոք կապ հակառակորդի հետ, և ինչ վիճակում են հայ զինվորականները: Այս հարցադրումներն  արդեն 4-րդ օրն է արվում են Շիրակի մարզի պատասխանատուներին, սակայն հստակ տեղեկություններ, վերջիններս տրամադրել չեն կարող, քանի որ դրանց չեն տիրապետում: Ըստ տեղեկությունների՝ նրանք  դեկտեմբերի 15-ին գերի են ընկել հենց Խծաբերդի հատվածում: Լարված վերջին հանդիպումը Շիրակի մարզպետարանում տեղի էր ունեցել երեկ ուշ երեկոյան: Մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել էր, որ նախատեսված հանդիպումը ՊՆ պատասխանատուների հետ չի կայացել, քանի որ նրանք Երևանում չեն եղել, բայց մարզպետին փոխանցել են, որ վերջիններս բանակցությունների գործընթացի մեջ են, սակայն հայտնելու նոր տեղեկություն չունեն:
12:52 - 18 դեկտեմբերի, 2020
Հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին |armenpress.am|

Հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին |armenpress.am|

armenpress.am: Մարտական գործողությունների՝ Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 35 հայ զինծառայողի աճյուն և մեկ քաղաքացիական անձի մարմին: Այս մասին տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Զոհված քաղաքացիական անձի՝ տարեց մի կնոջ մարմինը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում: Առայսօր ընդհանուր առմամբ  հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին: Որոնողական աշխատանքները այսօր՝ դեկտեմբերի 18-ին, շարունակվում են Ներքին Ճարտարի, Ֆիզուլու, Ջաբրայիլի և Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի հատվածներում:  Որոնումներին շարունակում են մասնակցել անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ կամավորներ»,-մանրամասնեց Թադևոսյանը:
12:31 - 18 դեկտեմբերի, 2020
Հայաստանը ձգտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավել Ադրբեջանի վերահսկողության տարածքներում հայկական ժառանգության պաշտպանության գործում |armenpress.am|

Հայաստանը ձգտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավել Ադրբեջանի վերահսկողության տարածքներում հայկական ժառանգության պաշտպանության գործում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային կոթողները ոչնչացումից փրկելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել պատերազմի ընթացքում հայկական հուշարձանների միտումնավոր թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր և փաստեր։ Թեմայի շուրջ հարցազրույց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի հետ: -Ադրբեջանի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողություններից հետո հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական մշակութային հուշարձաններ: Ի՞նչ գործողություններ է ձեռնարկում նախարարությունը հուշարձանները վանդալիզմից փրկելու համար: -Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ զինադադարի հաստատումից հետո, այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, անհետաձգելի հարցերից մեկն է դարձել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը և մշտադիտարկման հնարավորությունների ընդլայնումը։ Ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից ԱԳՆ ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ սևեռելու միջազգային հանրության ուշադրությունը կատարվող հանցագործությունների վրա, դատապարտելու և կանխելու հուշարձանների դիտավորյալ վնասելու դեպքերը։ Հայկական կողմի մտահոգությունները փոխանցվել են գործընկեր բոլոր կառույցներին և երկրներին: ՀՀ արտաքին գործերի նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է իր գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում: Այս հարցում սերտ համագործակցություն է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ։ -Ո՞ր կառույցների հետ եք հատկապես ակտիվ աշխատում: Խնդրում եմ թվարկել և ներկայացնել կատարված աշխատանքը: -Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայից ի վեր ակտիվ համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ինչպես նաև կապի մեջ է եղել մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կառույցների և կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ, Թանգարանների միջազգային խորհուրդ (ԻԿՕՄ), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ԻԿՕՄՕՍ), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն, Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ԻԿԿՌՕՄ), Հնագետների եվրոպական ասոցիացիա, Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալիանս (ALIPH): Վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ Վերոնշյալ կազմակերպություններից շատերը հանդես են եկել հայտարարություններով՝ մտահոգություն հայտնելով Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության առնչությամբ: -ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը գործնականում ի՞նչ քայլեր է իրականացրել և իրականացնում հուշարձանների պահպանության համար: -Հայկական կողմը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պահպանման գործում և գործնական քայլեր է ձեռնարկում ապահովելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ վարվող շարունակական աշխատանքների շրջանակներում՝ Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից պատրաստվել և կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև անդամ երկրների ազգային հանձնաժողովներին են ներկայացվել պատերազմի ընթացքում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների միտումնավոր թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր և փաստեր։ Բացի այդ, հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ին տեղեկացրել է ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և սրբապղծման վտանգի, ինչպես նաև հայկական քրիստոնեական հուշարձանները «աղվանական» ներկայացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղմանն ուղղված ադրբեջանական հետևողական քաղաքականության մասին՝ կազմակերպությանը փոխանցելով վտանգված հայկական հուշարձանների նախնական ցանկը: Ընդգծվել է, որ Արցախի տարածքում հայկական քաղաքակրթական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ու նենգափոխմանն ուղղված այս բոլոր գործողությունները հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի, վերջինիս երկու արձանագրությունների, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ 2017 թվականի 2347 բանաձևի բացահայտ խախտում են, հակասում են համամարդկային արժեքներին: Նմանօրինակ քայլերը պետք է դատապարտվեն և կանխվեն այս ուղղությամբ գործադրվող ջանքերի շնորհիվ: Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:19 - 18 դեկտեմբերի, 2020
Արցախում պատվիրել են ՌԴ աջակցությամբ արագ կառուցվող հինգ տուն. ծրագիրը մտել է փորձնական իրագործման փուլ |armenpress.am|

Արցախում պատվիրել են ՌԴ աջակցությամբ արագ կառուցվող հինգ տուն. ծրագիրը մտել է փորձնական իրագործման փուլ |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, վերջին տվյալների համաձայն, 3 հազարից ավելի հայտ է ստացել՝ կապված պատերազմի հետևանքով վնասված, քանդված տների հետ: ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը նշեց, որ այդ հայտերը հիմնականում Ստեփանակերտից են: «Վնասված տների հաշվառման գործընթացը շարունակվում է: Այդ երեք հազարը բնականաբար վերջնական թիվ չէ: Ստեփանակերտից բացի, Արցախի այլ վարչատարածքների ղեկավարները նույնպես հաշվառում են կատարում: Կարծում եմ, որ մեկ շաբաթից ընդհանուր պատկեր կունենանք»,-ասաց Ազատ Համբարձումյանը: Նշված ավելի քան երեք հազար տներից մոտ 1000-ի պարագայում մասնագետները ստուգումներ անցկացրել են: Նախարարի տեղակալը նկատեց, որ հիմնականում դրանք հնարավոր է վերականգնել և պիտանելի դարձնել բնակության համար: Այդ ստուգված հազար տներից միայն 20-ի պարագայում է, որ ամբողջությամբ քանդվել են, այդտեղ վերանորոգման աշխատանքների հնարավորություն չկա: Թեպետ հաշվառման գործընթացը դեռ շարունակվում է, ամենևին չի նշանակում, որ վնասված տների վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվում: Ազատ Համբարձումյանի խոսքով, բոլոր ուղղություններով աշխատանք է տարվում: «Մի կողմից հաշվառում ենք, մյուս կողմից շինարարական աշխատանքներ ենք կատարում: Ամեն ինչ արվում է, որ գործընթացն արագ ընթանա: Բազմաթիվ տներ կան, որտեղ պատուհանները, դռներն են վնասվել, դրանք շատ արագ կարելի է կարգի բերել: Ասեմ, որ ներկայում 200-ից ավելի տների վերանորոգման, վերականգնման աշխատանքներ իրականացվում են Ստեփանակերտ քաղաքում»,-ասաց Ազատ Համբարձումյանը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՌԴ աջակցությամբ, ընդհանուր առմամբ, նախատեսվում է կառուցել մոտ 8000 արագ կառուցվող բնակելի տուն: Ազատ Համբարձումյանը նշեց, որ այս ուղղությամբ նույնպես տեղաշարժ կա: «Քաղաքաշինության նախարարությունն արդեն հինգ հատ նախնական պատվիրել է՝ տեսնելու, թե այդ տներն իրենցից ինչ են ներկայացնում, որ նոր սկսենք մասսայական կառուցումը»,-հավելեց նա: Պատերազմական գործողություններից հետո Արցախի ամբողջ տարածքում շարունակվում են  վթարավերականգնողական, ապամոնտաժման, վերանորոգման ու վերակառուցման աշխատանքները: Առաջին փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, երկրորդ փուլում նախատեսված են ներքին հարդարման շինաշխատանքները։ Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգման նպատակով շինանյութերի տրամադրումը։
10:41 - 18 դեկտեմբերի, 2020
Հույս ունեմ՝ հրադադարի խախտումը կլինի միակը, և կողմերը կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ. Պուտին |1lurer.am|

Հույս ունեմ՝ հրադադարի խախտումը կլինի միակը, և կողմերը կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ. Պուտին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահը անդրադարձել է նաև Հադրութի շրջանում հրադադարի ռեժիմի խախտմանը: Նա մասնավորապես նշել է. «Հրադադարի խախտում տեղի է ունեցել միայն մեկ անգամ, և հույս ունեմ, որ դա կլինի միակը, և, ի վերջո, բոլոր կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ մեր և Մինսկի խմբի միջնորդությամբ: Հուսով ենք, որ միջազգային միջնորդները, ի վերջո, խոսքից գործի կանցնեն, կօգնեն այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձողներին, որպեսզի ոչ միայն Ռուսաստանը մարդասիրական օգնություն տրամադրի, այլև միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակելու այդ աշխատանքը»: Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ Վլադիմիր Պուտինն ասել է․ «Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է այն բանի վրա, որ ինչպես իրենք են կարծում, պաշտպանում է Ադրբեջանի իրավական գործը, այսինքն՝ տարածքների վերադարձը, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ գրավվել էին: Միջազգային իրավունքի տեսանկյունից ամբողջ տարածքը համարվում է Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս առումով և միջազգային իրավունքով Ղարաբաղը Ադրբեջան է: Իմ կարծիքով՝ իրավիճակն ավելի բարդ է, քան ազգամիջյան բախումներն էին, որոնք սկսվել են դեռևս Սումգայիթում, այնուհետև՝ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել իրենց կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը ձևավորվել է այս տարի ստեղծված հակամարտության ժամանակ: Եռակողմ հայտարարությամբ մենք պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները, և, ինչը շատ կարևոր է, կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ եղել են մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Հենց այդտեղ էլ պետք է կանգնեն: Այս կապակցությամբ առաջանում են տեխնիկական հարցեր, որոնք կապված են ենթակառուցվածքների հետ: Իսկ ենթակառուցվածքային դժվարություններն առաջացել են թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմի համար: Այս խնդիրը պետք է հանգիստ վիճակում լուծվի բանակցային գործընթացի միջոցով, որովհետև եռակողմ հայտարարությունը տալիս է բոլոր հիմքերն ու հնարավորությունները դրա համար, քանի որ փաստաթղթում ասվում է, որ հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հաջորդ փուլը պետք է լինի տարածաշրջանում հարաբերությունների լիակատար կարգավորում՝ տնտեսական և ենթակառուցվածքային ներուժի հնարավորությամբ, այդ թվում՝ դա կապված է ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությանը: Դա վերաբերում է Նախիջևանին, Հայաստանի հարավի ու հյուսիսի հաղորդակցությանը»,- ասել է ՌԴ նախագահը:
18:05 - 17 դեկտեմբերի, 2020
Վահրամ Պողոսյանը հերքում է լուրը, թե Ստեփանակերտը բնակեցվելու է Ադրբեջանի 12 հազար 24 քաղաքացիներով

Վահրամ Պողոսյանը հերքում է լուրը, թե Ստեփանակերտը բնակեցվելու է Ադրբեջանի 12 հազար 24 քաղաքացիներով

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է տարածված լուրերը, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում: Այս մասին Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար:  Մի կարևոր դիտարկում ևս. «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց»,- գրել է Պողոսյանը:
17:34 - 17 դեկտեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին |civilnet.am|

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում. Պուտին |civilnet.am|

civilnet.am: Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանի տարածք է․ այսօրվա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հերթական անգամ հիշեցնելով, որ Հայաստանն էլ չի ճանաչել Ղարաբաղը։ Ըստ Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա և որոշվի ապագայում։ Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի տեղակայման դիրքերի մասին՝ նա նշեց, որ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության՝ ուժերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ գտնվել են փաստաթղթի ստորագրման պահին։ «Հենց այնտեղ էլ պետք է շարունակեն մնալ»,- ասաց Պուտինը։ Նա մի քանի անգամ ընդգծեց, որ ամենակարևոր բանը, որին հաջողվել է հասնել հայտարարությամբ, արյունահեղության դադարեցումն է և մարդկային կյանքեր փրկելը։ ՌԴ նախագահը նկատեց, որ հրադադարի ռեժիմի խախտման եզակի դեպք է գրանցվել և հույս հայտնել, որ այդպես էլ կմնա։ Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը կարող է ավելացնել խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի համաձայնությամբ։ Խոսելով հրադադարից հետո կարգավորման գործընթացի մասին՝ Պուտինը շեշտեց միջնորդների դերակատարությունը, որոնք, նրա խոսքով, պետք է «խոսքից գործի անցնեն»։
16:32 - 17 դեկտեմբերի, 2020
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ Շաքե Իսայան

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ Շաքե Իսայան

Այս իշխանությունները խայտառակ կապիտուլյացիա ստորագրելուց անմիջապես հետո պետք է հեռանային, գուցե նույնիսկ դրանից առաջ, երբ պատերազմից օրեր անց, հասկանալով մեր դեմ կռվող ադրբեջանա-թուրքական տանդեմի արսենալը, չի կանգնեցվել պատերազմն այն կետում, երբ Հայաստանի համար կլինեին նվազագույն մարդկային եւ տարածքային կորուստներ: Infocom-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 17 ուժերի շարքում պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը՝ պնդելով՝ պարտված ղեկավարը չի կարող ղեկավարել երկիրը ու ներկայանալ բանակցությունների։ ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ երկիրը ջախջախած, հազարավոր ընտանիքների լույսը մարած ղեկավարը, գոնե բարոյական նկատառումներից ելնելով, անմիջապես հրաժարական պիտի ներկայացներ․ «Խնդիրը խիստ պրակտիկ է՝ Փաշինյանը երկրին պետք է շանս տա, շանս՝ բանակցելու, իսկ բանակցել կարող է չպարտված ղեկավարը: Այս օրերին տեսնում ենք, թե թշնամին ինչպես է «պահպանում» եռակողմ հայտարարության ոգին եւ տառը, տեսնում ենք նաեւ մեր երկրի ղեկավարի արձագանքը այդ ամենին եւ կարողությունը՝ նման սադրանքները կանխելու: Ինչ խոսք, անպատվաբեր տեսարան է: Ահա՛ թե ինչու ենք ես եւ իմ քաղաքական համախոհները պնդում նրա հեռացումը»,- մեր զրույցում մանրամասնեց Իսայանը: Վերջինս կարծից հայտնեց, որ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն՝ ազգային համաձայնության կառավարություն, որի մեջ ընդգրկված կլինեն կոմպետենտ, խոհեմ, հավասարակշռված, կառավարման հմտություններ ունեցող եւ հայրենասեր մարդիկ: Թե ովքեր պետք է լինեն ժամանակավոր կառավարության անդամները՝ պատգամավորն ասաց՝ դա պարզ կլինի արդեն ձեւավորումից հետո․ «Մենք բազմիցս նշել ենք, որ այդ կառավարության կազմում գոնե սեւերի եւ սպիտակների բաժանում չի լինելու: Երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է հարկավոր»,- շեշտեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է գործող խորհրդարանի՝ վարչապետ ընտրելուն, ապա, ըստ Շաքե Իսայանի, այսօրվա խորհրդարանը այլեւս չի արտացոլում ժողովրդի իղձերն ու նպատակները, այլեւս չի պաշտպանում ազգի շահերը: Նրա պնդմամբ՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները լծված են իրենց քաղաքական առաջնորդի մտացածին թեզերն արդարացնելու գործին․ «Հասարակ մի բան՝ պատգամավորն իր երդման մեջ ասում է, որ երդվում է նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության պահպանման համար: Այսօրվա խորհրդարանական իշխող ուժը այս երդման հակառակ արտացոլանքն է, այն լեգիտիմ չի կարող լինել»: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ «Ի դեպ՝ 17 կուսակցությունների եւ նրանց միացյալ թեկնածուի պայմաններից մեկն այն է, որ Ժամանակավոր կառավարության ղեկավարը արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի առաջադրվելու: Սա արդարության տեսանկյունից կարեւոր նկատառում է»,- ասաց Իսայանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: «Գործող իշխանությունները տապալել են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը, երկրի ռազմավարական դաշնակիցների հետ փոխահարաբերությունները հասցնելով կասկածելի որակի՝ Հայաստանը դարձրել պատերազմի գայթակղիչ թիրախ՝ թշնամու համար: Սակայն ընտրություններն անցկացնելու համար որոշակի ժամանակ է հարկավոր՝ երկրում իրավիճակի կայունացման մասով: Բայց, կրկնում եմ, դա ժամանակավոր կառավարության գործառույթների մեջ է, որովհետեւ այս իշխանությունները քաղաքացիական հակադիր բեւեռների ձեւավորումից զատ՝ այլ գործով չեն զբաղվել»: Իսկ ահա ինչ վերաբերում է նախքան արտահերթ ընտրությունները՝ օրենսդրական կարեւոր փոփոխություններ կատարելու անհրաժետությանը՝ Իսայանը նկատեց՝ նույն «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի պատշաճ մշակման համար 2.5 տարին քիչ չէր․ «Սակայն առավել գայթակղիչ էր ԱԺ ողջ գործունեությունը նվիրել ՍԴ-ն կազմաքանդելուն: Եվ հիմա, պատերազմից հետո, երբ սոցիալական, տնտեսական լրջագույն մարտահրավերներ են նետված պետությանը, նրանք նոր հիշել են «Կուսակցությունների մասին» օրենքը: Իրադարձություններին իշխանությունների արձագանքը ժամանակավրեպ է եւ պայմանավորված է բացառապես իշխանության վերարտադրության ապահովման մղումով․ սա խիստ վտանգավոր ախտանշան է»,- ասաց մեր զրուցակիցը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ, իհարկե, փոփոխություններ պետք են այս օրենքներում։ Ըստ պատգամավորի՝ առաջնահերթ պետք է հանվի ռեյտինգային ընտրակարգը․ «Այս առաջարկով ԲՀԿ-ն հանդես էր եկել դեռեւս նախորդ գումարման ԱԺ-ում, սակայն այն ժամանակվա իշխանությունները սա թողեցին հետոյին: Եկավ «Իմ քայլը» դաշինքը, սկզբունքորեն համաձայն լինելով սրան՝ 2.5 տարի ԱԺ ամբիոնը լցրեց կեղծ օրակարգով»: Պատգամավորի վստահեցմամբ՝ ժամանակավոր կառավարությունը սեղմ ժամկետներում կավարտի ընտրական օրենսդրության բարեփոխման գործընթացը՝ երկիրը բարեհաջող նախապատրաստելով արտահերթ ընտրությունների․ «Մնացյալ մանրամասներն արդեն առավել առարկայական իրադարձություններից հետո կներկայացվեն»: Հարցին՝ արտահերթ ընտրություններից հետո որո՞նք են լինելու այն առաջնային անելիքները, որ պետք է անի նոր կառավարող ուժը՝ որն էլ լինի, Իսայանը պատասխանեց․ «Ով էլ լինի, հասարակության հրամայականը նրանց հետեւյալն է՝ լիարժեք վերականգնել դրական համագործակցությունը ռազմավարական դաշնակիցների հետ, բանակցել՝ եռակողմ հայտարարության տեքստում առկա բացերը հնարավորինս Հայաստանի շահերին համապատասխանեցնելու համար, մոդեռնիզացնել զինված ուժերն ու վերականգնել բեւեռացված հասարակության քաղաքացիական համերաշխությունը: Առհասարակ՝ վերադարձնել երկրի պատիվն ու արժանապատվությունը»: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու բանակցություններին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ այս իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի համար, որին Ալիեւը պարբերաբար վիրավորում է, բանակցային սեղանի շուրջ անհնար է լինելու․ «Անհնարն այս դեպքում չընկալեք որպես վերամբարձ արտահայտություն․ ցավոք, այն իրողության պարզ գնահատականն է: Եվ հետո, պատերազմից Ալիեւը ստացավ ավելին, քան նույնիսկ երազում էր, ստացավ ոչ միայն 7 շրջանները, այլ խորհրդային ԼՂԻՄ-ի տարածքից զգալի հատված՝ Հադրութի շրջանը, անառիկ Շուշին, որի ազատագրումը հայերի կողմից ադրբեջանցիների բարոյական կերպին մի այնպիսի ապտակ էր հասցրել, որից մինչ օրս հոգեպես չէին վերականգնվել: Եվ ահա այս պայմաններում, երբ Ալիեւը ստացել է մաքսիմալը, որովհետեւ Հայաստանի ղեկավարը կա՛մ չի ունեցել բավարար կամք՝ ժամանակին կանգնեցնել պատերազմը, կա՛մ բավարար հոտառություն, ո՞վ պետք է Ալիեւին կարողանա հետ բերել բանակցային սեղանի շուրջ: Նիկոլ Փաշինյա՞նը, իսկապե՞ս: Կարծում եմ՝ ինքներդ էլ եք համաձայն, որ Ալիեւին դեռ պետք է կարողանալ վերադարձնել Մինսկի խմբի բանակցությունների շրջանակ: Նա ստատուս քվոն այլեւս չի ընդունում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները սեփական կետից սկսելու որոշումը խիստ թանկ նստեց Հայաստանի վրա․ «Երբ նա նման հայտարարություն էր կատարում, հասկանու՞մ էր արդյոք, որ պատերազմի նախերգանքն է «ավետում»: Բանակցությունների վերսկսումը հսկայական դիվանագիտական ջանքեր է պահանջելու, եւ որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե եռակողմ հայտարարությունը զինադադարի վերաբերյալ է միայն, եւ որ բանակցությունները Արցախի կարգավիճակի վերաբերյալ պետք է շարունակվեն, նա ինքը այս գործընթացը կազմակերպել վստահաբար չի կարողանա: Նա այլեւս լեգիտիմ չէ»,- եզրափակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Ասպրամ Փարսադանյան
16:05 - 17 դեկտեմբերի, 2020