Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ Շաքե Իսայան
16:05 - 17 դեկտեմբերի, 2020

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ Շաքե Իսայան

Այս իշխանությունները խայտառակ կապիտուլյացիա ստորագրելուց անմիջապես հետո պետք է հեռանային, գուցե նույնիսկ դրանից առաջ, երբ պատերազմից օրեր անց, հասկանալով մեր դեմ կռվող ադրբեջանա-թուրքական տանդեմի արսենալը, չի կանգնեցվել պատերազմն այն կետում, երբ Հայաստանի համար կլինեին նվազագույն մարդկային եւ տարածքային կորուստներ: Infocom-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 17 ուժերի շարքում պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը՝ պնդելով՝ պարտված ղեկավարը չի կարող ղեկավարել երկիրը ու ներկայանալ բանակցությունների։

ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ երկիրը ջախջախած, հազարավոր ընտանիքների լույսը մարած ղեկավարը, գոնե բարոյական նկատառումներից ելնելով, անմիջապես հրաժարական պիտի ներկայացներ․

«Խնդիրը խիստ պրակտիկ է՝ Փաշինյանը երկրին պետք է շանս տա, շանս՝ բանակցելու, իսկ բանակցել կարող է չպարտված ղեկավարը: Այս օրերին տեսնում ենք, թե թշնամին ինչպես է «պահպանում» եռակողմ հայտարարության ոգին եւ տառը, տեսնում ենք նաեւ մեր երկրի ղեկավարի արձագանքը այդ ամենին եւ կարողությունը՝ նման սադրանքները կանխելու: Ինչ խոսք, անպատվաբեր տեսարան է: Ահա՛ թե ինչու ենք ես եւ իմ քաղաքական համախոհները պնդում նրա հեռացումը»,- մեր զրույցում մանրամասնեց Իսայանը:

Վերջինս կարծից հայտնեց, որ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն՝ ազգային համաձայնության կառավարություն, որի մեջ ընդգրկված կլինեն կոմպետենտ, խոհեմ, հավասարակշռված, կառավարման հմտություններ ունեցող եւ հայրենասեր մարդիկ:

Թե ովքեր պետք է լինեն ժամանակավոր կառավարության անդամները՝ պատգամավորն ասաց՝ դա պարզ կլինի արդեն ձեւավորումից հետո․

«Մենք բազմիցս նշել ենք, որ այդ կառավարության կազմում գոնե սեւերի եւ սպիտակների բաժանում չի լինելու: Երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է հարկավոր»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է գործող խորհրդարանի՝ վարչապետ ընտրելուն, ապա, ըստ Շաքե Իսայանի, այսօրվա խորհրդարանը այլեւս չի արտացոլում ժողովրդի իղձերն ու նպատակները, այլեւս չի պաշտպանում ազգի շահերը: Նրա պնդմամբ՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները լծված են իրենց քաղաքական առաջնորդի մտացածին թեզերն արդարացնելու գործին․

«Հասարակ մի բան՝ պատգամավորն իր երդման մեջ ասում է, որ երդվում է նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության պահպանման համար: Այսօրվա խորհրդարանական իշխող ուժը այս երդման հակառակ արտացոլանքն է, այն լեգիտիմ չի կարող լինել»:

ԲՀԿ-ական պատգամավորը նշեց՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․

«Ի դեպ՝ 17 կուսակցությունների եւ նրանց միացյալ թեկնածուի պայմաններից մեկն այն է, որ Ժամանակավոր կառավարության ղեկավարը արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի առաջադրվելու: Սա արդարության տեսանկյունից կարեւոր նկատառում է»,- ասաց Իսայանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են:

«Գործող իշխանությունները տապալել են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը, երկրի ռազմավարական դաշնակիցների հետ փոխահարաբերությունները հասցնելով կասկածելի որակի՝ Հայաստանը դարձրել պատերազմի գայթակղիչ թիրախ՝ թշնամու համար: Սակայն ընտրություններն անցկացնելու համար որոշակի ժամանակ է հարկավոր՝ երկրում իրավիճակի կայունացման մասով: Բայց, կրկնում եմ, դա ժամանակավոր կառավարության գործառույթների մեջ է, որովհետեւ այս իշխանությունները քաղաքացիական հակադիր բեւեռների ձեւավորումից զատ՝ այլ գործով չեն զբաղվել»:

Իսկ ահա ինչ վերաբերում է նախքան արտահերթ ընտրությունները՝ օրենսդրական կարեւոր փոփոխություններ կատարելու անհրաժետությանը՝ Իսայանը նկատեց՝ նույն «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի պատշաճ մշակման համար 2.5 տարին քիչ չէր․

«Սակայն առավել գայթակղիչ էր ԱԺ ողջ գործունեությունը նվիրել ՍԴ-ն կազմաքանդելուն: Եվ հիմա, պատերազմից հետո, երբ սոցիալական, տնտեսական լրջագույն մարտահրավերներ են նետված պետությանը, նրանք նոր հիշել են «Կուսակցությունների մասին» օրենքը: Իրադարձություններին իշխանությունների արձագանքը ժամանակավրեպ է եւ պայմանավորված է բացառապես իշխանության վերարտադրության ապահովման մղումով․ սա խիստ վտանգավոր ախտանշան է»,- ասաց մեր զրուցակիցը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ, իհարկե, փոփոխություններ պետք են այս օրենքներում։ Ըստ պատգամավորի՝ առաջնահերթ պետք է հանվի ռեյտինգային ընտրակարգը․

«Այս առաջարկով ԲՀԿ-ն հանդես էր եկել դեռեւս նախորդ գումարման ԱԺ-ում, սակայն այն ժամանակվա իշխանությունները սա թողեցին հետոյին: Եկավ «Իմ քայլը» դաշինքը, սկզբունքորեն համաձայն լինելով սրան՝ 2.5 տարի ԱԺ ամբիոնը լցրեց կեղծ օրակարգով»:

Պատգամավորի վստահեցմամբ՝ ժամանակավոր կառավարությունը սեղմ ժամկետներում կավարտի ընտրական օրենսդրության բարեփոխման գործընթացը՝ երկիրը բարեհաջող նախապատրաստելով արտահերթ ընտրությունների․ «Մնացյալ մանրամասներն արդեն առավել առարկայական իրադարձություններից հետո կներկայացվեն»:

Հարցին՝ արտահերթ ընտրություններից հետո որո՞նք են լինելու այն առաջնային անելիքները, որ պետք է անի նոր կառավարող ուժը՝ որն էլ լինի, Իսայանը պատասխանեց․

«Ով էլ լինի, հասարակության հրամայականը նրանց հետեւյալն է՝ լիարժեք վերականգնել դրական համագործակցությունը ռազմավարական դաշնակիցների հետ, բանակցել՝ եռակողմ հայտարարության տեքստում առկա բացերը հնարավորինս Հայաստանի շահերին համապատասխանեցնելու համար, մոդեռնիզացնել զինված ուժերն ու վերականգնել բեւեռացված հասարակության քաղաքացիական համերաշխությունը: Առհասարակ՝ վերադարձնել երկրի պատիվն ու արժանապատվությունը»:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու բանակցություններին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ այս իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի համար, որին Ալիեւը պարբերաբար վիրավորում է, բանակցային սեղանի շուրջ անհնար է լինելու․

«Անհնարն այս դեպքում չընկալեք որպես վերամբարձ արտահայտություն․ ցավոք, այն իրողության պարզ գնահատականն է: Եվ հետո, պատերազմից Ալիեւը ստացավ ավելին, քան նույնիսկ երազում էր, ստացավ ոչ միայն 7 շրջանները, այլ խորհրդային ԼՂԻՄ-ի տարածքից զգալի հատված՝ Հադրութի շրջանը, անառիկ Շուշին, որի ազատագրումը հայերի կողմից ադրբեջանցիների բարոյական կերպին մի այնպիսի ապտակ էր հասցրել, որից մինչ օրս հոգեպես չէին վերականգնվել: Եվ ահա այս պայմաններում, երբ Ալիեւը ստացել է մաքսիմալը, որովհետեւ Հայաստանի ղեկավարը կա՛մ չի ունեցել բավարար կամք՝ ժամանակին կանգնեցնել պատերազմը, կա՛մ բավարար հոտառություն, ո՞վ պետք է Ալիեւին կարողանա հետ բերել բանակցային սեղանի շուրջ: Նիկոլ Փաշինյա՞նը, իսկապե՞ս: Կարծում եմ՝ ինքներդ էլ եք համաձայն, որ Ալիեւին դեռ պետք է կարողանալ վերադարձնել Մինսկի խմբի բանակցությունների շրջանակ: Նա ստատուս քվոն այլեւս չի ընդունում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները սեփական կետից սկսելու որոշումը խիստ թանկ նստեց Հայաստանի վրա․

«Երբ նա նման հայտարարություն էր կատարում, հասկանու՞մ էր արդյոք, որ պատերազմի նախերգանքն է «ավետում»: Բանակցությունների վերսկսումը հսկայական դիվանագիտական ջանքեր է պահանջելու, եւ որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե եռակողմ հայտարարությունը զինադադարի վերաբերյալ է միայն, եւ որ բանակցությունները Արցախի կարգավիճակի վերաբերյալ պետք է շարունակվեն, նա ինքը այս գործընթացը կազմակերպել վստահաբար չի կարողանա: Նա այլեւս լեգիտիմ չէ»,- եզրափակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել