ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
ՀՀ գլխավոր դատախազն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ գլխավոր դատախազություն է այցելել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը: Ընդունելով դեսպանին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար՝ շեշտելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության խորացման համար՝ հաշվի առնելով նաև Հայաստանի և Նիդերլանդների միջև փոխադարձ վստահության հենքի վրա զարգացող միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Արթուր Դավթյանը, բարձր գնահատելով առանձին կարևոր քրեական գործերով ՀՀ կողմից ներկայացված քննչական հարցումներին Նիդերլանդների իրավասու մարմինների գործընկերների կողմից պատշաճ ընթացք տալու հարցում դրսևորած շահագրգռությունը, գործընթացին լրացուցիչ օպերատիվություն հաղորդելը կարևորել է հատկապես ՀՀ-ում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետության տեսանկյունից: Նա նշել է, որ բազմաթիվ ակտիվներ, արժեքներ ապօրինի կերպով դուրս են բերվել Հայաստանից՝ այդ թվում նաև դեպի եվրոպական երկրներ: Ուստի եվրոպական երկրների, այդ թվում նաև` Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ սերտ գործակցությունը կարող է էական նշանակություն ունենալ դրանք իր օրինական տիրոջը՝ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցում: Դեսպան Սխերմերսը նշել է, որ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը պատրաստ է ապահովել արդյունավետ հաղորդակցություն երկու երկրների իրավապահ կառույցների միջև, և ելնելով հայկական կողմի առաջնայություններից՝ շահագրգիռ են նպաստելու քրեական արդարադատության ոլորոտի բարեփոխումներին, դատախազության գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացման նախաձեռնություններին: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության, անդրազգային հանցավորության դեմ պայքարում երկկողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներն ու հնարավորությունները:  Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները և ձևավորել համագործակցությունից բխող տեղեկատվության փոխանակման կայուն և շարունակական կառուցակարգեր:
15:41 - 06 ապրիլի, 2022
Գյումրիում շենքերի վրա թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների հասցեների գրություններ են հայտնվել. դատախազությունը նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

Գյումրիում շենքերի վրա թմրանյութերի վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների հասցեների գրություններ են հայտնվել. դատախազությունը նյութեր է նախապատրաստում |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում շենքերի վրա «Տելեգրամ» ալիքների հասցեների գրությունների հայտնվելու փաստով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում: Վերջին շրջանում կասկածելի տելեգրամյան ալիքների հղումներով գրություններ են հայտնվում Գյումրիի տարբեր շինությունների վրա. իրավապահ մարմիններն ունեն հաստատված տվյալներ, որ դրանք թմրանյութերի օնլայն վաճառք իրականացնող տելեգրամյան ալիքների հասցեներ են։ Խնդրով սկսել է զբաղվել Շիրակի մարզի դատախազությունը։ «Կատարվել  են դեպքի վայրերի զննություններ: Ձեռնարկվում են օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ գրող անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու, ինչպես նաև ենթադրաբար այդ կայքերի իսկությունը, հասանելիությունը պարզելու ուղղությամբ»,- նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ նման գրառումների մասին ահազանգ այս պահին միայն Գյումրիից են ստացել: Պատասխանատուն նաև հայտնեց, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արդյունքներ արդեն ունեն. հայտնաբերվել են անձինք, ովքեր այդ ալիքներով ձեռք են բերել թմրամիջոցներ, կան մեղադրյալներ, դատարան ուղարկված գործեր: Այս պահին այդ գործերով անցնող անչափահասներ, բարեբախտաբար, չկան: Արմենուհի Մխոյան
11:04 - 06 ապրիլի, 2022
Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարի ազատազրկման |hetq.am|

Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 15 տարի ազատազրկման |hetq.am|

hetq.am: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից ավելի քան 7 տարի անց այսօր գործով դատավճիռ հրապարակվեց: Սպանության մեջ մեղադրվող անձանց արարքները վերաորակվեց մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանության և 4-ն էլ` Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարի ազատազրկման:  Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության մեջ մեղադրվողները՝ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը, Նորիկ Սահակյանը և Գնել Թևոսյանը, Բարսեղյանի ծառայակից ընկերներն են։ Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են գիշերը, անկողնում, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակում։ Ամբաստանյալներին վերագրվող արարքը որակվել է խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանություն, (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,-րդ, 7-րդ և 10-րդ կետերով), նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել, այժմ փաստարեն, դատարանը նրանց արարքը վերաորակեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նշենք, որ դատախազությունը մեղադրական ճառով ավելի խիստ պատիժներ էր պահանջել ամբաստանյալների համար, մասնավորապես` Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար` 20-ական, իսկ Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի համար` 18-ական տարի ազատազրկում, իսկ սպանվածի հայրը` Արկադի Բարսեղյանը պնդում է, որ 4 ամբաստանյալներին էլ  պետք է ցմահ ազատազրկման դատապարտել։ Այս գործը հանրային մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն կատարվածի, այլև այն պատճառով, որ ամբաստանյալներից մեկը՝ Գնել Թևոսյանը, ռազմական ինստիտուտի արդեն նախկին փոխտնօրեն Զարմիկ Մարկոսյանի որդին է։ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Մարկոսյանն ազատվել է պաշտոնից, ապա նրան մեղադրանք է առաջադրվել՝ զորամասում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։ Մարկոսյանին, սակայն դատարանն արդարացրել է։ Ամբաստանյալներին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրված եղել նաև զինվորական կանոնադրային հարաբերություններ խախտելու համար, սակայն գործի դատաքննության ընթացքում դրանց վաղեմության ժամկետներն անցել են, ու ամբաստանյալները չեն առարկել, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի` արարքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Կանոնադրային հարաբերությունները խախտելու հոդվածով մեկ դրվագով մեղադրանք առկա էր միայն Վաչե Սահակյանի վերաբերյալ, սակայն այս հոդվածով` Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նա արդարացվեց։ Գործի դատաքննության ընթացքում ամբաստանվող տղաների ու Հայկազ Բարսեղյանի բազմաթիվ ծառայակիցներ են հարցաքննվել, նրանք սպանված Հայկազին բնութագրում են որպես ընկերասեր, պարտաճանաչ, ոչ կոնֆլիկտակին մարդու:
14:57 - 05 ապրիլի, 2022
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նաև պետական ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ

Դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նաև պետական ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ

ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում նաև պետական ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2021թ.-ին ուսումնասիրության առարկա է դարձրել կրթություն ստացող և ուսումնական hաստատություններ հաճախող անձանց, անվտանգության ապահովման հարցերը: ՀՀ ուսումնական հաստատություններում՝ մասնավորապես նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում կրթություն են ստանում (հաճախում են) փոքրահասակները կամ երեխաները և բազմաթիվ երեխաների միաժամանակ գտնվելը միևնույն վայրում՝ (շինությունում կամ կառույցում) առաջ է բերում անվտանգության բարձր միջոցների կիրառման և ապահովման խիստ անհրաժեշտություն: Հաշվի առնելով վերոհիշյալ հարցերի բացառիկ կարևորությունը՝ հաղորդում է ներկայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ առաջարկելով քննարկել ՀՀ ուսումնական հաստատություններում (այդ թվում՝ նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական) կրթություն ստացող և հաճախող անձանց, այդ թվում երեխաների անվտանգության ապահովման գործուն և ապահով միջոցներ կիրառելու, ուսումնական հաստատությունները համապատասխան անվտանգության համակարգերով (շտապ իրազեկման, տեսահսկման, իրավապահ մարմինների շրջագայության, կամ հերթապահության, կամ այլ միջոցներով) ապահովելու հարցերը, անհրաժեշտության դեպքում նախաձեռնել օրենսդրական կարգավորման գործընթաց՝ համագործակցելով այլ մարմինների հետ: Նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ ԿԳՄՍ կողմից շրջաբերականներ են ուղարկվել նախարարության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին, ինչպես  նաև՝ ՀՀ մարզեր և Երևանի քաղաքապետարան, առկա իրավիճակը հանգամանալից ներկայացնելու, դրանից բխող անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, արդյունքները նաև ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու նպատակով: Բացի այդ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումանսիրել է հոսանքահարման, դրանց հետևանքով մարդկանց, այդ թվում նաև երեխաների մահվան ընդհանուր իրավիճակը՝ դրանց նպաստած պայմանների և պատճառների վերհանման նպատարով: Այս ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ հաղորդում է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որով բարձրացվել են բնակավայրերում, հանրային մարդաշատ վայրերում, հատկապես երեխաների կուտակման վայրերում (ուսումնական, մարզական, խաղային և այլն), ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման, սպառման սարքավորումների շահագործման ընթացքում անվտանգության գործուն միջոցներ կիրառելու, անվտանգության համակարգերով (հսկման, իրազեկման, հասանելիության սահմանափակման, հատուկ նշագրման կամ այլ միջոցներով) ապահովելու խնդիրները: Նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ հաղորդման մեջ նշված հանգամանքների ուսումնասիրման նպատակով մի քանի իրավասու պետական մարմինների, նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնագետների ներգրավմամբ ստեղծվում է աշխատանքային խումբ:    Ուսումնասիրվել է նաև 2019-2020թթ. ընթացքում տեղի ունեցած և գրանցված հրդեհների և հակահրդհային անվտանգության սահմանված կանոնների, դրանց նկատմամբ հսկողության կառուցակարգերի արդյունավետության ոլորտը: Արդյունքում, հաշվի առնելով տեղի ունեցած հրդեհների մտահոգիչ քանակը, ինչպես նաև ուսումնասիրությամբ պարզված խնդիրները, գլխավոր դատախազության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ ակտիվացնելու հրդեհների կանխարգելման ուղղությամբ ջանքերը հակահրդեհային քարոզչության, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության խստացման, հրդեհների առաջացման հավանականությունը նվազեցնող կազմակերպատեխնիկական միջոցառումների ուղղությամբ: Բարձրացվել է նաև մարդկանց կուտակման վայրերում (կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, հանրային տրանսպորտ, առևտրի, բնակչության սպասարկման, ժամանցի օբյեկտներ), ինչպես նաև արդյունաբերական, էներգամատակարարման օբյեկտներում, վառելիքաքսուկային նյութերի պահեստարաններում աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորման պահանջների կատարման, հրդեհի դեպքում մարդկանց տարհանման ուղիների պլանների մշակվածության և տեսանելի վայրերում տեղադրված լինելու վիճակի մանրամասն ստուգում իրականացնելու և առկա թերությունները վերացնելու հարցը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված գրությամբ տեղեկացվել է, որ նախարարի համապատասխան հրամանի համաձայն՝ ճշգրտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 29 անտառտնտեսությունների և հատուկ պահպանվող տարածքների հրդեհների արձագանքման պլանները, մարզպետարաններին առաջարկվել է ՏԻՄ-երի հետ աշխատանքներ տանել, որպեսզի պատրաստականության վիճակի բերվեն հրդեհների դեմ պայքարի համար նախատեված ուժերն ու միջոցները, գործուն միջոցներ ձեռնարկվեն միջպետական, անտառամերձ և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու համար: Բացի այդ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ տարվել են աշխատանքներ նոր հրշեջ հիդրանտների տեղադրման, անսարքների վերանորոգման, ասֆալտապատման հետևանքով գետնի տակ մնաած հիդրանտների վերագործարկման և այլնի ուղղությամբ, իսկ իրավասու մարմիններին առաջարկվել է իրենց իրավասությունների շրջանակներում աջակցել խնդրի լուծմանը: Բարձր ջերմաստիճանի եղանակային պայմաններում հրշեջ-փրկարարական ջոկատները նաև իրականացնում են ուժեղացված ծառայություն, միջոցներ են ձեռնարկվում անտառային գոտիներ շրջայցեր իրաանացնելու, անօդաչու թռչող սարքերով պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնելու համար:
12:21 - 05 ապրիլի, 2022
Վարդենիսում տեղակայված զորամասերից մեկում շտաբի պետի կողմից սպայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ է հարուցվել

Վարդենիսում տեղակայված զորամասերից մեկում շտաբի պետի կողմից սպայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ է հարուցվել

Մամուլում երեկվանից տեղեկություններ են հրապարակվում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։    Հարկ եմ համարում տեղեկացնել, որ հիմք ընդունելով Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ստացված հաղորդումը, ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեռևս ապրիլի 2-ից սկսվել են նյութեր նախապատրաստվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով:   Արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեպքի առթիվ այսօր՝ ապրիլի 4-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զինծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը- խմբ․):   Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու, դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի պատճառներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ:
16:06 - 04 ապրիլի, 2022
Կոռուպցիայի համար 2021թ. քրեական հետապնդման է ենթարկվել 25%-ով ավելի մարդ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք. դատախազություն

Կոռուպցիայի համար 2021թ. քրեական հետապնդման է ենթարկվել 25%-ով ավելի մարդ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնատար անձինք. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ: 2020թ. ընթացքում 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ: Այսինքն նախորդող տարվա ամեմատ 2021թ. վարույթում շուրջ 8.8%-ով ավելի քիչ քննված քրեական գործերի պարագայում քրեական հետապնդման է ենթարկվել 25.2%-ով ավելի շատ անձ: Քրեական հետապնդման ենթարկված անձանցից 590-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Նրանց թվում են, մասնավորապես՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ, ՀՀ Ազգային ժողովի 2 պատգամավոր,  4 նախարար, 1 փոխնախարար, 3 դատավոր, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՀՀ ՊՆ տեղակալ` ՆՏԱԴ պետ, Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, 2 մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ, ինչպես նաև ԱԱԾ, ոստիկանության, քննչական կոմիտեի, քրեակատարողական հիմնարկների, ՊԵԿ-ի,  հարկադիր ծառայության տարբեր աստիճանի պաշտոններ զբաղեցնող 51 աշխատակից: Քրեական հետապնդման են ենթարկվել նաև՝ առողջապահության ոլորտի 62 ներկայացուցիչ, այդ թվում պոլիկլինիկայի 2 տնօրեն, բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովի 1 նախագահ, կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն, արյունաբանական կենտրոնի  տնօրեն, ՊՈԱԿ տնօրեն, բուժամբուլատորիայի վարիչ, 26 բժիշկ և այլոք, կրթության ոլորտի 70 ներկայացուցիչ, այդ թվում՝ ԲՈՒՀ-ի 2 ռեկտոր, 1 պրոռեկտոր, դպրոցի, մանկապարտեզի, ուսումնարանների և այլ ուսումնական հաստատությունների 45 տնօրեն և այլոք,  սոցիալական ապահովության ոլորտի 40 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախարարի  նախկին խորհրդական, նախարարության փորձաքննության բաժնի ղեկավար, նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն, սոցիալական ծառայության նախկին պետ, տուն-ինտերնատի տնօրեն, փոխտնօրեն և այլոք, էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի 5 ներկայացուցիչ, այդ թվում՝   Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի գլխավոր խորհրդական և այլն, տեղական ինքնակառավարման ոլորտի 172 ներկայացուցիչ, այդ թվում՝ համայնքի 134 ներկա և նախկին ղեկավար, համայնքի ղեկավարի 1 տեղակալ, վարչական շրջանի 2 ղեկավար, գերեզմանատան վարիչ և այլոք,  զինված ուժերի 107 ներկայացուցիչ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ ԳՇ ՌԵՊ վարչության պետ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, ՀՕՊ զորքերի վարչության նախկին պետ, ՊԲ ԿՇ և ԶԲ գծով տեղակալ, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության նախկին պետ, ՀՀ ՊՆ-ում բարձրագույն սպայական խորհրդատվական խորհրդի անդամ, զինկոմի տեղակալ, հանձնաժողովի նախագահ և այլոք, այլ ոլորտների 45 ներկայացուցիչ, այդ թվում՝ նախկին դեսպան, «Հայաստան Համահայկական Հիմնադրամ» ՀԿ գործադիր տնօրեն, մշակույթի տան տնօրեն, ՀՀ տարածքային կառավարման նախարարության «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն, մետրոպոլիտենի նախկին տնօրեն, Երևանի քաղաքապետի նախկին օգնական, թատրոնի տնօրեն, բանկի մասնաճյուղի կառավարիչ, անտառտնտեսության 2 տնօրեն, ՋՕԸ նախկին գործադիր տնօրեն, պատկերասրահի տնօրեն և այլն: Կոռուպցիոն քրեական գործերով քննությունների որակի և արդյունավետության բարձրացման հրամայականով պայմանավորված՝ դատախազների կողմից վարույթ իրականացնող մարմիններին 2021թ. ընթացքում տրվել է 481 ցուցում, որը 2020թ. (406) համեմատ ավելի է 18.5%-ով: Գործերի քննության ընթացքում օրենքի խախտում թույլ տալու կապակցությամբ կայացվել է հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին քրեական գործով քրեական դատավարությանը մասնացկելուց հեռացնելու մասին 30 որոշում: Տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրսևորումների, դրանց կատարման նոր՝ կատարելագործված եղանակների հայտնաբերման վերաբերյալ ուսումնասիրությունները և ստացված տեղեկատվության հիման վրա առավել արդյունավետ քննության պլանավորման և իրականցման հիմնական չափորոշիչների սահմանումը։ Շեշտադրումը է կատարվել կոռուպցիոն պարբերականություն ունեցող, տարբեր սխեմաների կիրառմամբ, կատարման բարդեցված եղանակով աչքի ընկնող տարբեր կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման վրա: Նման դրսևորումներ են բացահայտվել, մասնավորապես քաղաքաշինական, ճարտարապետական  և նախագծային աշխատանքների կատարման, հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմաններում հողահատկացումների, մաքսային և հարկային հսկողության ոլորտներում: Կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարը բացարձակ առաջնահերթություն է նաև 2022թ.-ին:
16:29 - 01 ապրիլի, 2022
2021–ին քննվել է 2312 կոռուպցիոն գործ, քրեական հետապնդման է ենթարկվել 1698 անձ, ավարտված գործերով հայտնաբերվել է 4.5մլրդ դրամի պատճառված վնաս․ Դատախազություն

2021–ին քննվել է 2312 կոռուպցիոն գործ, քրեական հետապնդման է ենթարկվել 1698 անձ, ավարտված գործերով հայտնաբերվել է 4.5մլրդ դրամի պատճառված վնաս․ Դատախազություն

Ըստ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրության՝ 2021թ. ընթացքում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմիններում հարուցվել է 798 քրեական գործ, ինչը 35.2%-ով կամ 434 դեպքով պակաս է 2020թ. համեմատությամբ: 2018-2021թթ. ցուցանիշների ուսումնասիրությունը փաստում է, որ 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների արդյունքում ինչպես տվյալ, այնպես էլ 2019թ. գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի կտրուկ աճ, ինչը պայմանավորված է եղել հատկապես այդ երկու տարվա ընթացքում մինչև 2018թ. կատարված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիներից, այլ սուբյեկտներից աննախադեպ քանակությամբ հաղորդումների ստացմամբ: Վերջին երկու տարիների ընթացքում արձանագրվում է այս միտումների անկում: Բացի այդ, վերջին տարիներին իրավապահ մարմինների կողմից կոռուպցիայի դեմ տարված և շարունակվող ակտիվ, նախաձեռնողական և շոշափելի պայքարը տալիս է դրական արդյունք կոռուպցիոն վարքագծից ձեռնպահ մնալու գիտակցության արմատավորման առումով: Այս բնույթի հանցագործությունների նվազմանը նպաստել է նաև կոռուցպիոն հանցագործությունների պատճառների և պայմանների, հայտնաբերված պետական շահերի խախտումների վերացման նպատակով ՀՀ դատախազության կողմից պատկան մարմիններին բազմաթիվ միջնորդագրերի ներկայացումը: 2021թ. ընթացքում միայն կոռուպիոն քրեական գործերով դատախազների կողմից ներկայացվել է 95 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ (72) 32%-ով ավելի: Դրանց քննարկման արդյունքում ձեռնարկվել են առարկայական միջոցներ՝ ընդհուպ խախտում թույլ տված պաշտոնատար անձանց պաշտոններից ազատումներ, ոլորտները կարգավորող իրավական ակտերի բարելավումներ, որոնք ևս նպաստել են կոնկրետ ոլորտներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի նվազմանը: 2021թ. ավարտվել է կոռուպցիոն բնույթի 730 քրեական գործի վարույթ, որը նախորդ տարվա արդյունքից ավելի է շուրջ 2%-ով: Շարունակվել է իրագործվել նախորդ տարիներից որդեգրած՝ ոչ մեծ կամ միջին ծանրության կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու պարագայում օրենքի պահանջների լիարժեք առկայությամբ լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու և գործուն զղջալու, ոչ արդարացնող այլ հիմքերով քրեական գործով վարույթը կարճելու քաղաքականությունը։ 2021թ. ընթացքում ավարտված քրեական գործերից 129-ի վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով: Հատկանշական է, որ կոռուպցիոն բնույթի հարուցվող, վարույթում քննվող քրեական գործերի քանակական նվազման ֆոնին 2021թ. ավելացել են ինչպես քրեական հետապնդման ենթարկված անձանց, այնպես էլ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի, դատի տրված անձանց քանակը: Մասնավորապես՝ ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ, այն դեպքում երբ 2020թ. 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 187 քրեական գործ՝ 433 անձի վերաբերյալ, 2020թ.-ին՝ 183 գործ 410 անձի վերաբերյալ: ՀՀ դատարաններում քննվել և ավարտվել է կոռուպցիոն բնույթի 83 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ: Նշված քրեական գործերից 53-ով 97 անձ դատապարտվել է, որից 30-ը՝ ազատազրկման: ՀՀ դատախազությունը շարունակել է դատարաններում կռուպցիոն գործերով մեղադրանքների պաշտպանության շրջանակներում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից տևականորեն զրկելու լրաուցիչ պատիժներ պահանջելու իր որդեգրած ուղեգիծը: Արդյունքում քրեական պատասխանատվության ենթարկված 18 անձի նկատմամբ կիրառվել են նաև նման լրացուցիչ պատիժներ:    Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով ավարտված նյութերով և ավարտված քրեական գործերով տարվա ընթացքում հայտնաբերվել է 4.5մլրդ ՀՀ դրամի չափով պատճառված նյութական վնաս, վերականգնվել է 400 մլն ՀՀ դրամը։ Առանձին դեպքերում դատախազական ակտերի կայացման արդյունքում շրջադարձային տեղաշարժեր են եղել ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես է պատճառված վնասների վերականգնմման առումով: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի կողմից միայն մեկ քրեական գործով քննիչի կայացրած՝ քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը 2021թ. վերացնելու, քննություն իրականացնելու արդյունքում 2022թ. հաջողվել է վերականգնել համայնքին պատճառված 805.4 մլն ՀՀ դրամի չափով վնաս:
11:16 - 01 ապրիլի, 2022
2021 թ. ընթացքում հայտնաբերվել են խախտումներ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ոլորտում. ՀՀ դատախազություն

2021 թ. ընթացքում հայտնաբերվել են խախտումներ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ոլորտում. ՀՀ դատախազություն

ՀՀ դատախազությունը 2021 թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է 1189 ստուգում և ուսումնասիրություն: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 153 խախտում, ինչը 2020 թ. համեմատ ավելի է շուրջ 1.5 անգամ: Պատկան մարմիններին ուղարկվել է 16 հաղորդում՝ 2020 թ. համեմատ եռակի ավելի, ինչպես նաև ներկայացվել է 34 միջնորդագիր՝ 2020 թ. համեմատ 70%-ով ավելի: Դրանց հիման վրա վերանայվել է օրինականությանը հակասող 14 և կասեցվել օրենսդրությանը հակասող 21 ակտ: Վարչության կողմից ՔԿՀ-ներում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ՝ կապված անձանց պահման պայմանների, դատապարտյալների ուղղման, սոցիալական վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, ինչպես նաև պահվող անձանց օրենքով սահմանված հիմնական իրավունքների, այդ թվում՝ իրենց իրավունքների, ազատությունների և պարտականությունների մասին տեղեկանալու, առողջության պահպանման, բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հետ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՔԿՀ-ներում տույժի են ենթարկվում գերազանցապես բջջային հեռախոսներ պահելու համար: Այդ հանգամանքը, իրավական առումով, որպես պատժի կրման ընթացքում ոչ պատշաճ վարքագծի դրսևորում, հետագայում խոչընդոտներ է ստեղծում դատապարտյալների համար` օգտվելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի հետագա կրման նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունից: Պահվող անձինք, բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով, առանձին դեպքերում կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն և այլն: Վերջինս կանխելու միակ երաշխիքը դրանց ներթափանցմանն ու հայտնաբերմանն ուղղված կոնկրետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելն է, ինչպես նաև բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման նպատակով ռադիոհաճախականությունների խլացուցիչներ տեղադրելը: Պարզվել էր նաև, որ անազատության մեջ պահվող անձինք ՔԿՀ-ներում տեղադրված տաքսոֆոններից առանձին դեպքերում չեն օգտվում՝ պատճառաբանելով դրանց սակագնի բարձր արժեքը, տաքսոֆոնների խափանումները, համապատասխան քարտերի բացակայությունը, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ժամանակացույցին համապատասխան զանգ կատարելու քանակի սահմանափակությունը: Այս խնդիրներին համակարգային լուծում տալու համար ՀՀ արդարադատության նախարարին 2021 թ. ուղարկվել է հաղորդում, որով նաև առաջարկվել է օրենսդրական առկա կարգավորումների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը քանակական առումով բարելավելու, ինչպես նաև մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը առավել գրավիչ դարձնելու նպատակով իրավասու մարմինների հետ լուծումներ գտնելու համար: Պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեակատարողական ծառայության համակարգում նախատեսվող բարեփոխումների շրջանակում նախանշված են բարձրացված խնդիրների լուծմանը, ՔԿՀ-ների պահպանության և անվտանգության ապահովման խոցելիությունը վերացնելուն ուղղված միջոցառումներ: Անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ ՔԿՀ-ներում վերջիններս օրենքով սահմանված կարգով հիմնականում չեն տեղեկացվել բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման, բուժօգնության դիմելու կարգերի մասին: Իսկ առանձին հիվանդություններով տառապող անձինք օրենքով իրենց հասանելիք հետազոտություններն անցել են մասնակի: Այսինքն` պահվող անձանց մեծամասնությունը զրկված է եղել բժշկական օգնության և սպասարկման, բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի մասին իրազեկված լինելու իրավունքից: Բացի այդ, պահվող անձինք, բժշկական համապատասխան ծառայություններն ստանալու նպատակով, սահմանված ընթացակարգով պետք է կցագրվեն ՔԿՀ-ին մոտ գտնվող՝ լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությանը: Պարզվել է, սակայն, որ առանձին ՔԿՀ-ներ ընդունվելիս անձինք նման կցագրում չեն անցել: Ուսումնասիրություններով հաստատվել է նաև, որ պահվող անձանց առողջության պահպանման նպատակով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների կողմից ՔԿՀ-ներ անհրաժեշտ համայցեր կատարելու և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու պահանջները պատշաճ չեն կատարվել: Իսկ մի քանի ՔԿՀ-ներում շաքարային դիաբետ, սիրտ-անոթային համակարգի և հիպերտոնիկ հիվանդություններով տառապող պահվող անձանց համար սահմանված պարտադիր բժշկական հետազոտություններն իրականացվել են մասնակի: Նշված և այլ խախտումները, բացթողումները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով դատախազության կողմից 2021 թ. հաղորդում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին: Ստացված պատասխան գրությամբ հավաստվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է ուժեղացնել բոլոր ՔԿՀ-ներում բժշկական ստորաբաժանումների նկատմամբ հսկողությունը: Այլ ուղղություններով քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացվի առաջիկայում: 
21:39 - 31 մարտի, 2022
Խախտումներ` պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ոլորտում

Խախտումներ` պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման ոլորտում

Հայաստանի դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է 1189 ստուգում և ուսումնասիրություն: Դրանց արդյունքում, ըստ դատախազության հաղորդագրության, հայտնաբերվել է 153 խախտում, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 1.5 անգամ: «Պատկան մարմիններին ուղարկվել է 16 հաղորդում՝ 2020թ. համեմատ եռակի ավելի, ինչպես նաև ներկայացվել է 34 միջնորդագիր՝ 2020թ. համեմատ 70%-ով ավելի: Դրանց հիման վրա վերանայվել է օրինականությանը հակասող 14 և կասեցվել օրենսդրությանը հակասող 21 ակտ»,- ուսումնասիրության արդյունքներն ամփոփել է դատախազությունը: Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են խախտումներ՝ կապված անձանց պահման պայմանների, դատապարտյալների ուղղման, սոցիալական վերականգնման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, ինչպես նաև պահվող անձանց օրենքով սահմանված հիմնական իրավունքների, այդ թվում՝ իրենց իրավունքների, ազատությունների և պարտականությունների մասին տեղեկանալու, առողջության պահպանման, բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հետ:  Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՔԿՀ-ներում տույժի են ենթարկվում գերազանցապես բջջային հեռախոսներ պահելու համար: Այդ հանգամանքը, իրավական առումով, որպես պատժի կրման ընթացքում ոչ պատշաճ վարքագծի դրսևորում, հետագայում խոչընդոտներ է ստեղծում դատապարտյալների համար` օգտվելու պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու կամ պատժի հետագա կրման նպատակով մեկուսացվածության առավել ցածր աստիճանի քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունից: Պահվող անձինք, բջջային հեռախոսների միջոցով արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով, առանձին դեպքերում, կատարում են տարաբնույթ հանցավոր արարքներ, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախության կամ շորթման եղանակով գույքի հափշտակություն և այլն: Վերջինս կանխելու միակ երաշխիքը դրանց ներթափանցմանն ու հայտնաբերմանն ուղղված կոնկրետ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելն է, ինչպես նաև բջջային կապի հաճախականության ռադիոալիքների խլացման նպատակով ռադիոհաճախականությունների խլացուցիչներ տեղադրելը: Պարզվել էր նաև, որ անազատության մեջ պահվող անձինք ՔԿՀ-ներում  տեղադրված տաքսոֆոններից առանձին դեպքերում չեն օգտվում՝ պատճառաբանելով դրանց սակագնի բարձր արժեքը, տաքսոֆոնների խափանումները, համապատասխան քարտերի բացակայությունը, ինչպես նաև շաբաթվա ընթացքում ժամանակացույցին համապատասխան զանգ կատարելու քանակի սահմանափակությունը: Այս խնդիրներին համակարգային լուծում տալու համար ՀՀ արդարադատության նախարարին 2021թ. ուղարկվել է հաղորդում, որով նաև առաջարկվել է օրենսդրական առկա կարգավորումների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից տաքսոֆոնից օգտվելու ժամանակացույցը քանակական առումով բարելավելու, ինչպես նաև մատուցվող հեռախոսակապի գնային բաղադրիչը առավել գրավիչ դարձնելու նպատակով իրավասու մարմինների հետ լուծումներ գտնելու համար:  Պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ քրեակատարողական ծառայության համակարգում նախատեսվող բարեփոխումների շրջանակում նախանշված են բարձրացված խնդիրների լուծմանը, ՔԿՀ-ների պահպանության և անվտանգության ապահովման խոցելիությունը վերացնելուն ուղղված միջոցառումներ:   Անազատության մեջ գտնվող անձանց առողջապահական իրավունքների պաշտպանվածության վիճակի ուսումնասիրություններով պարզվել է, որ որոշ ՔԿՀ-ներում վերջիններս օրենքով սահմանված կարգով հիմնականում չեն տեղեկացվել բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման, բուժօգնության դիմելու կարգերի մասին: Իսկ առանձին հիվանդություններով տառապող անձինք օրենքով իրենց հասանելիք հետազոտություններն անցել են մասնակի: Այսինքն` պահվող անձանց մեծամասնությունը զրկված է եղել բժշկական օգնության և սպասարկման, բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի մասին իրազեկված լինելու իրավունքից: Բացի այդ, պահվող անձինք, բժշկական համապատասխան ծառայություններն ստանալու նպատակով, սահմանված ընթացակարգով պետք է կցագրվեն ՔԿՀ-ին մոտ գտնվող՝ լիցենզավորված արտահիվանդանոցային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությանը: Պարզվել է, սակայն, որ առանձին ՔԿՀ-ներ ընդունվելիս անձինք նման կցագրում չեն անցել:  Ուսումնասիրություններով հաստատվել է նաև, որ պահվող անձանց առողջության պահպանման նպատակով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկների կողմից ՔԿՀ-ներ անհրաժեշտ համայցեր կատարելու և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու պահանջները պատշաճ չեն կատարվել: Իսկ մի քանի ՔԿՀ-ներում «շաքարային դիաբետ, սիրտ-անոթային համակարգի և հիպերտոնիկ» հիվանդություններով տառապող պահվող անձանց համար սահմանված պարտադիր բժշկական հետազոտություններն իրականացվել են մասնակի: «Նշված և այլ խախտումները, բացթողումները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու նպատակով դատախազության կողմից 2021թ. հաղորդում է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարին: Ստացված պատասխան գրությամբ հավաստվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է ուժեղացնել բոլոր ՔԿՀ-ներում բժշկական ստորաբաժանումների նկատմամբ հսկողությունը»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ: Լուսանկարում` Արմավիր ՔԿՀ-ն |hetq.am|
16:51 - 31 մարտի, 2022
Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել․ ՊՎԾ ղեկավար

Չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել․ ՊՎԾ ղեկավար

Ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հետ կապված անօրինական բան է եղել, այդ մասով և՛ Գլխավոր Դատախազությունն է մեկնաբանություն տարածել, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ «Շատ դեպքերում, օրենքի գերակայությամբ պայմանավորված, իրավիճակները մեր հանրությունը համադրում է բարոյական գնահատականների համատքեստում, գուցե այդտեղից է գալիս տարընկալումը, այս մասով այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասաց Պետրոսյանը։ Անդրադառնալով իր և գործարար Նարեկ Նալբանդյանի հարաբերություններին` Պետրոսյանը ասաց․«Ցանկանում եմ այդ քննարկումներին մեկընդմիշտ վերջակեր դնենք․ տվյալ գործարարին ես տեսել եմ ընդամենը մեկ անգամ, երբ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող 8 հանրային լողափերից 3-ի մասով մրցույթ էր հայտարարվել և դրանց կառավարումը 3 տարով հանձնվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին։ Որևէ քաղաքական ենթատեքստը՝ իմ և այդ անձի գործունեության միջև ես անհիմն եմ համարում»։
13:48 - 31 մարտի, 2022
Զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը. Գլխավոր դատախազություն

Զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը. Գլխավոր դատախազություն

2021թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում (2020թ.՝ 140): Դրանցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է: 47 ազդարարում ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ դրանցում ներկայացված տվյալները, հանգամանքներն ստուգելու համար: Արդյունքում, 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 2020թ. ազդարարման վարույթով 1 քրեական գործ էր հարուցվել: Այս տվյալները փաստում են, որ առկա է հանցագործությունների վերաբերյալ տվյալների արժանահավատության, փաստարկվածության, կոնկրետության տեսանկյունից արվող ազդարարումների որակական բարելավման միտում:
17:46 - 30 մարտի, 2022
Դատախազությունը Առուշ Առուշանյանի գործով որոշումը ստանալուց հետո կհայտնի իր դիրքորոշումը

 |armenpress.am|

Դատախազությունը Առուշ Առուշանյանի գործով որոշումը ստանալուց հետո կհայտնի իր դիրքորոշումը |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ գործի դատարանի որոշումը դեռևս վերջնական դիրքորոշում չի ձևավորել։ Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, պատասխանելով հարցին, թե որոնք են լինելու Առուշ Առուշանյանի գործով դատախազության հաջորդ քայլերը, արդյոք դատախազությունը բողոքարկելու է այդ գործով դատավճիռը: Գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ  դատախազությունը դատարանի որոշումը դեռևս չի ստացել: «Հիմնավորումներին ծանոթանալուց հետո այդ կապակցությամբ որոշում կկայացվի»,- ասաց Աբրահամյանը: Ավելի վաղ, Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը Առուշ Առուշանյանին անմեղ ճանաչեց ՀՀ ՔՕ 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 291-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով:  Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավարի պաշտոնից զրկելը հինգ տարի ժամկետով: Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաև ՀՀ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով: Նա նաև մեղավոր ճանաչվեց ՔՕ 113 հոդվածի 3-րդ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով: Դատարանը որոշում կայացրեց Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկատարել և սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով: Առուշ Առուշանյանի նկատմամբ  որպես խափանման միջոց կիրառվեց չհեռանալու մասին ստորագրությունը և վերջինս անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից:
16:42 - 29 մարտի, 2022
Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք. 6-ով նյութեր են նախապատրաստվում

Վեդի խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր խախտումների 10 դեպք. 6-ով նյութեր են նախապատրաստվում

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Նախօրեին Վեդի խոշորացված համայնքում կայացել են ավագանու ընտրություններ: ՀՀ դատախազությունը՝ ի դեմս Արարատի մարզի դատախազության, ընտրությունների ընթացքում հետևել է ողջ գործընթացին՝ օպերատիվ արձագանքելով տարածքներից ստացվող՝ առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ահազանգերին, հաղորդումներին, ԶԼՄ հրապարակումներին և ոստիկանության մարզային ստորաբաժանումների հետ ձեռնարկելով դրանց համապատասխան իրավական ընթացք տալուն ուղղված միջոցներ:   Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ Վեդի խոշորացված համայնքում կայացած ավագանու ընտրություններին արձանագրվել է առերևույթ հանցավոր ընտրախախտումների 6 դեպք: Մասնավորապես՝   քվեարկության արդյունքի լուսանկարմամբ ընտության գաղտնիությունը խախտելու 2 դեպք, որոնցից մեկը՝ Ուրցաձոր, մյուսը՝ Վեդի բնակավայրերում, ընտրական տեղամասին հարող տարածքում վիճաբանության և առերևույթ բռնություն կիրառելու 1 դեպք՝ Ուրցաձոր բնակավայրում, առերևույթ կրկնաքվեարկության երկու դեպք, որոնցից մեկը Նոր ուղի, մյուսը Վանաշեն բնակավայրերի ընտրատեղամասերում, հավատարմագրված և ընտրությունները լուսաբանող լրագրողին վիրավորելու, նրա մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու մեկ դեպք՝ Լուսառատ բնակավայրում: ՀՀ Արարատի մարզի դատախազության հանձնարարությամբ նշված բոլոր 6 դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Բացի այդ, ևս 4 դեպքի վերաբերյալ դատախազության կողմից նախաձեռնվել է ԶԼՄ համապատասխան հրապարակումներում նշվող հանգամանքներն ստուգելուն, դրանցում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելուն ուղղված ստուգման գործընթաց: Դրանցից երկուսը վերաբերում է Լուսառատ և Ուրցաձոր բնակավայրերում ընտրատեղամասերի մոտ կուտակումներին, մեկը՝ Վեդիում այլ անձի փոխարեն քվեարկելուն, մեկը՝ Վեդիում լրագրողների գործունեությունն առերևույթ խոչընդոտելուն»:
13:47 - 28 մարտի, 2022
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպական միության «Եվրոջասթ» գործակալության պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպական միության «Եվրոջասթ» գործակալության պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է Եվրոպական միության (ԵՄ) քրեական արդարադատության ոլորտում համագործակցության «Եվրոջասթ» (Eurojust՝) գործակալության ղեկավար Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Այս մասին հայտնում է Դատախազության հանրային կապերի բաժինը։  Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ԵՄ-ի հետ երկարամյա բազմաշերտ համագործակցությունը նպաստել է մեր երկրում  արդարադատության ոլորտի բարեփոխումներին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ինստիտուտների զարգացմանը:  ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարը ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից է: Նա ընդհանուր գծերով ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող հակակոռուպցիոն բարեփոխումները, այդ շրջանակում՝ մասնավորապես, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումն ու առկա արդյունքները: Շեշտվել է, որ վարույթների շրջանակներում պարզված ապօրինի ակտիվների մի զգալի մասը դուրս է բերվել հանրապետությունից, այդ թվում՝ դեպի ԵՄ երկրներ, և դրանց վերադարձման առումով օտարերկրյա պետությունների պատկան կառույցների հետ գործակցության հարցում գործակալության աջակցությունը կարող է էական դեր կատարել:  Նա շնորհակալություն է հայտնել գործակալությանը համագործակցության շրջանակներում ՀՀ դատախազությանը բարի կամքի հիման վրա ցուցաբերված աջակցության համար: 2020թ. սկզբից «Եվրոջասթ»-ի ուղիներով այլ պետությունների իրավասու մարմիններին հասցեագրվել է իրավական օգնություն ցուցաբերելու մասին 50-ից ավելի միջնորդություն, որոնց մեծ մասը կատարվել է և ստացվել են նմանատիպ միջնորդություններ:   Լադիսլավ Համրանը ողջունել է «Եվրոջասթ»-ի հետ գործակցությունն ընդլայնելու հայկական կողմի շահագրգռությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու ՀՀ-ի և ԵՄ անդամ երկրների արդարադատության ոլորտի մարմինների միջև արդյունավետ հաղորդակցության հարթակ տրամադրելու մոտեցումը: Նա հույս է հայտնել, որ իրավական հիմքերի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները որակապես նոր մակարդակի կտեղափոխեն այդ հարաբերությունները:  Հանդիպման ընթացքում քննարկվել են, սկսած 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի օրերից, գործակալությանը տրամադրված՝ պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկչական, վարձկան խմբավորումների ներգրավման և կատարված այլ պատերազմական հանցագործությունների վերաբերյալ առկա ապացույցների հիման վրա «Եվրոջասթի»-ի «Ցեղասպանության ցանց»-ի շրջանակում ռազմական հանցագործությունների օբյեկտիվ բացահայտմանը նպաստելու նպատակով ունիվերսալ իրավազորությամբ իրավական գնահատականներ տալու ընդհանուր սկզբունքների կիրառման խնդիրները:      Քննարկվել են նաև «քննչական հարցումների կատարման, անդրազգային հանցավորության դեմ պայքարում գործընկերային ռեսուրսներն առավել նպատակային օգտագործելու, եվրոպական իրավունքի զարգացման հենքին դատախազների մասնագիտական կարողությունները կատարելագործելու և այլ ոլորտներում Եվրոջասթ»-ի հետ համագործակցության զարգացման կառուցակարգերն ու հնարավորությունները:        
16:49 - 25 մարտի, 2022
Վերջին շրջանում աճել են քաղաքացիների անձնական տվյալներով առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը. Գլխավոր դատախազը դիմնել է ԿԲ նախագահին

Վերջին շրջանում աճել են քաղաքացիների անձնական տվյալներով առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը. Գլխավոր դատախազը դիմնել է ԿԲ նախագահին

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված՝ համակարչի օգնությամբ կատարված հանցագործություններին առնչվող քրեական գործերի ուսումնասիրությունը փաստում է, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպություններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը: Որպես կանոն, նշված բնույթի  հանցագործությունները կատարվել են կոնկրետ հանցավոր սխեմայի կիրառմամբ: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Մասնավորապես՝ հանցավորները տարբեր սոցիալական ցանցերում և առավելապես «facebook.com» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ: Դրանց միջոցով նամակագրություն են հաստատել նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ այն մասին, որ անկախ նրանց վատ վարկային պատմություն ունենալու հանգամանքից, կարող են օգնել վարկեր ստանալու հարցում: Այդ պատրվակով քաղաքացիների անվամբ Իդրամ էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու  համար նշված անձինք պահանջել և ստացել են քաղաքացիների անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց Իդրամ վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում: Այնուհետև, ունենալով վերջիններիս անվամբ գրանցված և նույնականացված «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակների տվյալները, հանցագործները փոխել են դրանց կցված բջջային հեռախոսահամարներն ու կցել իրենց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող հեռախոսահամարները: Ապա էլեկտրոնային դրամապանակների միջոցով հիշյալ անձանց անվամբ տարբեր բանկերում առցանց եղանակով ձևակերպել են վարկային պայմանագրեր և հափշտակել պայմանագրերով հաստատված ու իրենց (կամ այլ անձանց) կողմից կառավարվող էլեկտրոնային դրամապանակներին, ինչպես նաև դրանց կցված բանկային քարտերին մուտքագրված գումարները: Առանձին դեպքերում հանցանք կատարած անձինք այլ անձանց անձնագրային տվյալներն օգտագործել են առանց նրանց գիտության: Եվ նրանց անվամբ առցանց ձևակերպած և ստացած վարկերը հափշտակելով՝ ստացված գումարը նրանք փոխանցել են բուքմեյքերական կայքերում իրենց կամ այլ անձանց անվամբ գրանցված և իրենց կողմից օգտագործվող խաղային հաշիվներին կամ ուղղակի կանխիկացրել են: Վերլուծությունը վկայում է, որ նշված հանցատեսակների աճին նպաստել է ոչ միայն բանկային գործառնությունների, այդ թվում՝ առցանց վարկերի տրամադրման հնարավորությունների աճը: Էական նշանակություն է ունեցել նաև այդ գործառնությունների անվտանգության մեխանիզմները հանցավոր պրակտիկայում հաղթահարելու առկա հնարավորութունները, այդ մեխանիզմների չկատարելագործված լինելը. օրինակ, էլեկտրոնային դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը: Այսինքն դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունը բարդացնելը, ի սկզբանե գրանցված հեռախոսահամարին այդ մասին տեղեկություն ուղարկելը կամ դրա միջոցով հաստատում պահանջելը, կարող են նպաստել նման դեպքերի կանխմանը: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ներկայացված եղանակով կատարվող հանցագործությունները նախականխելու, կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝  միջոցներ ձեռնարկելու առցանց գործարքների կատարման ժամանակ անվտանգության կատարելագործված մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար:
17:35 - 23 մարտի, 2022