ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ադրբեջանցի զինծառայողները ցեղասպան քաղաքականության արդյունքում են հայտնվել մեր գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ |armenpress.am|

Ադրբեջանցի զինծառայողները ցեղասպան քաղաքականության արդյունքում են հայտնվել մեր գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ցեղասպան քաղաքականության արդյունքում են հայտնվել Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ: Այս մասին ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը: «Ադրբեջանական զինված ուժերը, զինծառայողները հայտնվել են մեր գյուղերի հարևանությամբ, մեր ճանապարհներին՝ Սյունիքի համայնքները միավորող ճանապարհներին, Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ՝ ցեղասպան քաղաքականության արդյունքում և ուժի կիրառության սպառնալիքով»,-ասաց Թաթոյանը՝ հավելելով, որ կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները: Նա շեշտեց, որ ցավոք, պատերազմից, զինված հարձակումների դադարից  հետո էլ շարունակվում է թշնամանքի և ատելության քաղաքականությունը՝ ադրբեջանական իշխանությունների կողմից: Արցախի ՄԻՊ-ն ու Հայաստանի ՄԻՊ-ը կարևոր աշխատանքներ են տանում՝ միջազգային կազմակերպություններին ցույց տալու, որ արցախցիների կյանքը վտանգված է:  «Էքզիստենցիալ խնդիր է՝ այն թշնամանքի ու ատելության քաղաքականության պայմաններում, որ կա, ավելին՝ խոսքը վերաբերում է ցեղասպան քաղաքականության»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ պատերազմական հանցագործությունները ադրբեջանական իշխանությունների հետևողական հայատյաց քաղաքականության արդյունք էին: ՄԻՊ-ը շեշտեց, որ Ադրբեջանը շարունակում է թշնամանքի և ատելության գեներացումը՝ օրինակ` հայ գերիներին չվերադարձնելով: «Բացահայտ շահարկվող փաստարկներով, միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու փորձերով՝ գերիներին ներկայացնում են իբրև ահաբեկիչներ, բայց ակնհայտ է, որ հակամարտությունը դեռևս չի էլ ավարտվել, և զինված հակամարտության պայմաններում գերեվարված անձինք չեն կարող համարվել ահաբեկիչ: Դա միջազգային մարդասիրական իրավունքից բխող կարևորագույն սկզբունք է: Ավելին՝ Ժնևյան կոնվեցիաներով, այլ միջազգային փաստաթղթերով նրանց նկատմամբ չի կարող որևէ քրեական հետապնդում իրականացվել, իսկ այսօր նրանք քրեական վարույթներ են հարուցում»,-ասաց նա: Նա հավելեց, որ Ադրբեջանն այս հարցը քաղաքականացնում է, այնինչ հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն առանց որևէ նախապայմանի:    
18:05 - 04 հունիսի, 2021
Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը․ ՄԻՊ-ը՝ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին

Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը․ ՄԻՊ-ը՝ Գեղարքունիքում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի վերաբերյալ․ «Ադրբեջանցի զինծառայողները Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ` արոտավայրերում ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել մեքենաների ապօրինի խուզարկություններ, սպառնում են: Հայտարարություն լրացուցիչ փաստահավաք աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝ Այս հայտարարությունը վերաբերում է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Ներքին Շորժա, Նորաբակ, Կութ գյուղերում սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին ու վտանգներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով: Մասնավորապես, 2021 թվականի հունիսի 3-ին ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինվորականները պարբերաբար մի քանիսից մինչև մի քանի տասնյակ անձնակազմերով զինված, այդ թվում՝ մեքենաներով իջնում են դեպի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրերը, որտեղ գտնվում են անասնագոմերը և որտեղ գյուղացիներն արածեցնում են իրենց կենդանիներին: Նրանք դրսևորում են ցինիկ պահվածք, սպառնալիքներ տալիս գյուղացիներին զենքի ցուցադրումով: Նրանք վերջին շաբաթվա ընթացքում դիրքեր են տեղակայել Վերին Շորժայի սարատեղիին առավել մոտ վայրերում և դրանով գրեթե անհնարին դարձրել արոտավայրերն օգտագործելը: Ավելին, ադրբեջանական դիրքերից մեկը, որն առավել մոտ է սարատեղիներին, ադրբեջանական զինվորականներն ապօրինաբար կանգնեցնում են գյուղացիներին, պահանջում են տալ բացատրություններ՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվում, ի՞նչ նպատակով և ի՞նչ են տեղափոխում, փորձում են իրականացնել գյուղացիների մեքենաների ապօրինի խուզարկություններ։ Բացի այդ, ըստ 2021 թվականի հունիսի 3-ին Գեղամասար համայնքի Կութ գյուղի հետ կապված՝ ստացվել են ահազանգեր, որ ադրբեջանական զինվորականները շարունակում են տեղակայված լինել գյուղի անմիջական հարևանությամբ, որի պատճառով արոտավայրերի ընդամենը փոքր հատված են կարողանում օգտագործել։ Ավելին, ադրբեջանական զինվորականները հովիվներին հայհոյում են և բարձր գոռգոռալով, զենքի ցուցադրումով սպառնում են։Իսկ գյուղը գտնվում է նշանառության ներքո: Ադրբեջանական զինվորականների ակնհայտ ապօրինի տիրապետության տակ է հայտնվել Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղի անասնագոմը, և բնակիչները զրկվել են այն օգտագործելու հնարավորությունից։ Անասնագոմի մոտ առկա են վտակներ, որոնք օգտագործվել են նաև գյուղատնտեսական նպատակներով, իսկ հիմա այլևս գյուղացիները դրանք չեն կարողանում օգտագործել: ՀՀ ինքնիշխան տարածում՝ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը: Արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործել հնարավոր չէ, քանի որ՝ 1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ. 2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ: Այս ամենը հաստատվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ուսումնասիրություններով: Հարցն այն է, որ գյուղերի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքներն օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Արդեն պետք է սկսվի խոտհունձի ժամանակաշրջանը, և գյուղացիները հայտնվել են սուր խնդիրների առաջ: Սա էլ կարող է հանգեցնել անասնագլխաքանակի կտրուկ նվազման, քանի որ առկա չեն բավարար պայմաններ անասնապահությամբ զբաղվելու համար։ Այս ամենն էլ ավելի է խորացնելու սոցիալական խնդիրները: Ադրբեջանական զինված ուժերի տիրապետության կամ վերահսկողության տակ են հայտնվել ջրային պաշարներ, որոնցից ձևավորվում են ոռոգման և խմելու ջրերը: ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով: Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները: Այսպիսով, անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով»:
11:19 - 04 հունիսի, 2021
Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ և նրա քաղաքացու իրավունքների ու շահերի դեմ գեներացվել է հավաստի ապացույց. ՄԻՊ-ի մանրամասն արձագանքը Հ1-ի ռեպորտաժին

Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ և նրա քաղաքացու իրավունքների ու շահերի դեմ գեներացվել է հավաստի ապացույց. ՄԻՊ-ի մանրամասն արձագանքը Հ1-ի ռեպորտաժին

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է մանրամասն արձագանք Հանրային հեռարձակողի խորհրդի հունիսի 2-ի հայտարարությանը՝ կապված «Լուրեր» թողարկմամբ «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ հեռարձակված ռեպորտաժի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային դիրքորոշման հետ: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն երեկվա՝ հունիսի 2-ի հայտարարությունը, որը վերաբերում է Հանրային հեռուստաընկերության 2021թ. մայիսի 30-ի «Լուրեր» թողարկմամբ այսպես կոչված «ադրբեջանական անկլավների» վերաբերյալ եթեր հեռարձակված ռեպորտաժին, առավել ամրապնդում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի լրջագույն խախտումների ու նրանց անվտանգության վտանգները: Մարդու իրավունքների պաշտպանի սույն հայտարարությունն էլ բխում է ՀՀ բնակչության և առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքների ու շահերի (կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու ազատ տեղաշարժի և այլ իրավունքներ) պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Մասնավորապես, Հանրային հեռուստաընկերության վերը նշված ռեպորտաժի հաջորդ օրը՝ մայիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանը ստիպված էր հանդես գալ հրապարակային դատապարտող արձագանքով, որը նպատակ ուներ կանխարգելիչ ազդեցությամբ բացառել նմանատիպ հաղորդումները հետագայում թե՛ Հանրային Հեռուստաընկերության եթերից, թե՛ այլ լրատվական կազմակերպությունների և լրագարողների կողմից: Ընդ որում, Պաշտպանի հայտարարության ձևակերպումները հատուկ էին ընտրվել այնպես, որ առանց այդ էլ թիրախավորված երիտասարդ լրագրողը լրացուցիչ թիրախավորումների չենթարկվի: Բայց Հանրային հեռարձակողի խորհրդի՝ որպես պետական հաստատության խիստ մտահոգիչ հայտարարությունը միանգամայն փոխում է կանխավարկածն այն ուղղությամբ, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման վտանգավոր շեշտադրումներով նշված ռեպորտաժն իրականում հատուկ ծրագրային քաղաքականություն է կամ դրա մասը: Ավելին, այդ կանխավարկածն առավել ամրապնդվում է վերջին շրջանում այն պաշտոնյաների անպատասխանատու հայտարարությունների ֆոնին, որոնք բացահայտ հակասում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու վտանգում նրանց անվտանգությունը: Այդ պաշտոնյաներն իրենց հայտարարություններով, ըստ էության, ապացույցներ են ապահովում, որոնք կարող են օգտագործվել տարբեր, այդ թվում՝ միջազգային ատյաններում ՀՀ ու նրա քաղաքացիների իրավունքների և շահերի դեմ: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանի մայիսի 31-ի արձագանքն այդ ռեպորտաժին պայմանավորված էր նաև նրանով, որ ուսումնասիրություններն արդեն իսկ արձանագրել էին Պաշտպանի համար սպասելի բազմաթիվ ադրբեջանական լրատվամիջոցների հեռուստատեսային ու տպագիր նյութեր, որոնք ուրախությամբ ադրբեջանական հանրային քննարկման առարկա էին դարձրել այդ ռեպորտաժը՝ արձանագրելով, որ Հայաստանում պետական մակարդակով ընդունում են, որ նշված գյուղերը պատկանում են Ադրբեջանին (հղումներն այս հայտարարության վերջում): Ավելին արդեն իսկ տարածում են ստանում կոչերը «հետ վերցնելու ադրբեջանական գյուղերը հայկական օկուպացիայից»: Ադրբեջանական քարոզչական նշված նյութերում, որպես ադրբեջանական օգտին ապացույց, օգտագործվում են նաև ՀՀ Ազգային ժողովի՝ Տավուշից ընտրված պատգամավորի խոսքերը, որոնցով նա Տավուշի մի շարք գյուղեր համարել էր «ադրբեջանական»: Այդ նյութերում նույնիսկ ադրբեջանական օգտին պնդումներ են արվում այն մասին, որ ռեպորտաժը պատրաստվել է ՀՀ կառավարության հանձնարարությամբ: Ուստի, իր իսկ ձևավորված այս վտանգավոր կանխավարկածը փարատելու համար Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային հեռուստաընկերության՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների ու անվտանգության համար վտանգավոր շեշտադրումներով ռեպորտաժն արդարացնելու փոխարեն պարտավոր է պատասխանել առնվազն հետևյալ հարցերին՝ 1) Արդյոք ռեպորտաժում մտադրված է Տիգրանաշենը ներկայացվում «ադրբեջանական անկլավ» կամ այլ կերպ՝ «ադրբեջանական տարածք» և արդյոք դա ծրագրային քաղաքականություն է այն պայմաններում, երբ Տիգրանաշենն անկլավի կարգավիճակ չի էլ ունեցել. այն պատմական հայկական գյուղ է: 2) Ինչո՞ւ է միայն նշվում, որ գյուղը Խորհրդային Ադրբեջանի մաս է կազմել և չկա որևէ նշում այն մասին, որ գյուղն ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը: 3) Ինչո՞ւ է Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկված հայկական Քարքե անվանումով (ներկայում՝ Տիգրանաշեն) գյուղը ներկայացվում հենց ադրբեջանական Քյարքի անունով: 4) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը տեղյակ չէ, որ Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ դեպի Նախիջևանի խորքն ընկած տարածքում առկա է ևս մեկ հայկական գյուղ կամ անկլավ՝ հայկական պատմական Գենուտ գյուղը, որի անվանումն առաջացել է գեհենի մշտադալար ծառից, և այն կազմել է Խորհրդային Հայաստանի մաս: Անգամ, օրինակ, ՀԽՍՀ 1926թ. քարտեզում գյուղը կազմում է Հայաստանի մաս (քարտեզը հրապարակվում է՝ որպես սույն հայտարարության հավելված): Տարիների ընթացքում է գյուղը բաժանվել երկու մասի թյուրքական Ջաֆարլու տոհմի բնակեցման հետևանքով և ստացել Ջաֆարլու և Գյունութ անվանումները: 5) Ինչո՞ւ է գյուղերի պատկանելիությունը քննարկվում ադրբեջանական պետական քաղաքականության տեսանկյունից՝ ղեկավարվելով միայն բնակչության էթնիկ պատկանելիության հիմքով: Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ այն փաստը, որ եթե որևէ բնակավայր բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը: 6) Ինչո՞ւ են Տավուշի պատմական հայկական գյուղերը, օրինակ, Ոսկեպարը, որն ինչպես 1918-1920թթ., այնպես էլ Խորհրդային ժամանակահատվածում պատկանել է Իջևանի գավառի Բարանայի շրջանին, ներկայացվում միակողմանի՝ պնդումով առ այն, որ «ադրբեջանական անկլավ» է և այլն: 7) Ինչո՞ւ ռեպորտաժում չկա որևէ քննարկում այն մասին, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են առաջ գալ ոչ միայն այդ գյուղերում ապրող մարդկանց իրավունքների, այլ ՀՀ ողջ բնակչության իրավունքների ու անվտանգության համար, եթե առաջնորդվեն այն կեղծ պնդումներով, թե ռեպորտաժում քննարկվող գյուղերն ադրբեջանական են: 8)Արդյոք Հանրային հեռարձակողի խորհրդի համար պարզ չէ, որ «ադրբեջանական անկլավ» նշանակում է տարածքի ոչ հայաստանյան, այսինքն՝ ադրբեջանական պատկանելիություն ու հարցն այդպես լուծվելու դեպքում առաջանալու են հարյուրավոր նոր ներքին տեղահանվածներ, ՀՀ սահմանային բնակիչների ունեզրկումներ, վտանգվելու է Տավուշի ու Արարատի մարզերի բնակիչների ու, առհասարակ, այդ վայրերով անվտանգ ու ազատ տեղաշարժը (ինչպես արդեն ներկայում Սյունիքում է): 9) Ի՞նչ հիմքով է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության եթերով հեռարձակվող ռեպորտաժով հանրության քննարկմանը ներկայացվում Ադրբեջանի հետ սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող կասկածելի բովանդակությամբ ինչ-որ փաստաթղթի նախագիծ, որի կոնկրետ տեքստը, ձևակերպումներն ու հասկացությունները այդպես էլ պաշտոնական որևէ աղբյուրով չեն հրապարակվել ու պետական հաստատում չեն ստացել: Ավելին, դեռ մի հատ էլ այդ նախագծի հիման վրա քննարկվում են տարածքի փոփոխությանն առնչվող հարցեր՝ այն էլ մայր օրենքի՝ ՀՀ Սահմանադրության վկայակոչմամբ: 10) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ Հանրային հեռուստատեսության լրատվական քաղաքականությունը միջագային ատյաններում ընկալվում է՝ որպես պետական մոտեցում, քանի որ այս հեռուստաընկերությունը պետական է և հիմնադրված է ՀՀ կառավարության կողմից: 11) Արդյոք Հանրային հեռարձակողի խորհուրդը գիտակցում է, որ ռեպորտաժով ՀՀ և նրա քաղաքացու իրավունքների ու շահերի դեմ գեներացվել է հավաստի ապացույց: Եվ այս ամենն այն պայմաններում, երբ գրեթե ամեն օր արձանագրվում են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով մեր հայրենակիցների զանգվածային խոշտանգումների և ունեզրկումների հաշվին ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներ: Այն պայմաններում, երբ բնակիչները զրկված են իրենց պատկանող հողատարածքներից, արոտավայրերից ու տներից, երբ չեն կարողանում ազատ օգտագործել ճանապարհները, ադրբեջանական զինվորականները պարբերաբար կրակում են գյուղերի հարևանությամբ, քաշքշում ու սպառնում են հովիվների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների: Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունները, գնալով զարգացնում են հայատյացությունն ու թշնամանքը՝ ռազմավարական ու քաղաքական նպատակ հռչակելով Երևան, Սևանն ու Սյունիքը։ Ավելին ռեպորտաժը հեռարձակվում է այն պայմաններում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվել ու այս պայմաններում չեն էլ կարող, ինչը հաստատվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Հենց այսպիսի պատմական փաստերի բացահայտ աղավաղումները, սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը բացահայտ անտեսող խիստ դատապարտելի, պատմությունից դասեր չքաղած ու ակնհայտ ոչ մասնագիտական մոտեցումներն են, որ տասնամյակներ շարունակ մեզ զրկել են ՀՀ և նրա քաղաքացու իրավունքներն ու շահերը պաշտպանելու իրավական հիմքերից՝ վտանգելով ՀՀ սահմանների անվտանգությունը: Եվ վերջում՝ Հանրային հեռարձակողների խորհրդի գիտության համար առաջարկում ենք այսուհետ նկատի ունենալ, որ եթե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը որևէ հարցի վերաբերյալ հանդես է գալիս հրապարակային արձագանքով, ուրեմն դրա հիմքում ընկած են հիմնավոր ապացույցներ, իսկ խնդիրներն էլ ավելի շատ են ու հիմնավոր արձանագրված: Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական գործառույթներն են պետական մարմինների արարքներից պաշտպանել ՀՀ քաղաքացիների իրավունքները՝ իրականացնելով նրանց նկատմամբ համապատասխան վերահսկողություն: Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված և գործելով պետական ֆինանսավորմամբ, իսկ Հանրային հեռարձակողի խորհուրդը, ձևավորվելով պետության կողմից, գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ վերահսկողության ներքո: Ուստի, Հանրային հեռարձակողի խորհրդից պահանջում ենք մնալ սեփական լիազորությունների սահմաններում, պահպանել կոռեկտություն ու մյուս անգամ չփորձել գնահատականներ տալ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացման հարցերին: Հետևաբար՝ խոսքը ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանելու Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթների, այլ ոչ թե բացահայտ շահարկող փաստարկներով հարցը լրատվամիջոցի գործունեությանը միջամտելու տիրույթ տեղափոխելու բացարձակ դատապարտելի փորձերի մասին է: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն վերահաստատում է իր մայիսի 31-ի հայտարարությամբ արված այն պնդումը, որ Հանրային հեռուստատեսության մայիսի 30-ի ռեպորտաժի շեշտադրումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին: Համոզված վերահաստատում ենք նաև, որ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի չէ «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը. այն ուղղակիորեն վտանգում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ իրավասու մարմինների ու պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրում է Հանրային հեռարձակողի խորհրդի արդեն երեկվա` հունիսի 2-ի վտանգավոր հայտարարությանը և Հանրային հեռուստատեսության մայիսի 30-ի ռեպորտաժին՝ չեզոքացնելու համար միջազգային ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների ու շահերի դեմ դրանց օգտագործման փորձերը: Սա հատկապես կարևոր է, քանի որ Հանրային հեռարձակողների խորհրդի նշված հայտարարությամբ ոչ միայն այդ ռեպորտաժին տրվեց առավել մեծ տարածում, այլ նաև հաստատվեցին այդ ռեպորտաժի վտանգավոր շեշտադրումների «հավաստիությունը»: Մինչ Հանրային հեռարձակողի խորհուրդը կտա վերն առաջադրված հարցերի պատասխանները, Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող հարցերի լուսաբանման առանձնահատկությունների, այդ թվում՝ պատմական փաստերի, քաղած դասերի վերաբերյալ իրականացնել վերապատրաստումներ Հանրային հեռարձակողի խորհրդի և Հանրային Հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման ղեկավար կազմի համար: Ստորև ադրբեջանական հանրային քարոզչական հարթակների հղումների մի շարք օրինակներ են, որոնք անդրադարձել են Հանրային հեռուստաընկերության մայիսի 30-ի ռեպորտաժին»:,- նշվում է հաղորդագրության մեջ:
09:32 - 03 հունիսի, 2021
Ադրբեջանցիները տարել են սյունեցիների անասունները, հարվածել հովվին, քաշել նրա ականջները, զենքի ցուցադրումով սպառնացել․ ՄԻՊ–ը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

Ադրբեջանցիները տարել են սյունեցիների անասունները, հարվածել հովվին, քաշել նրա ականջները, զենքի ցուցադրումով սպառնացել․ ՄԻՊ–ը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել․Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են իրենց իրավունքները: Մասնավորապես, ըստ 2021թ. մայիսի 23-ին Արավուսից ստացած ահազանգի՝ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքից տարել են գյուղի հովիվների 42 խոշոր եղջերավոր կենդանի: Այնուհետև, նրանց հետ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի, ՌԴ զինվորականների և Տեղ համայնքի ղեկավարի, Արավուս գյուղի վարչական ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում վերադարձվել են կենդանիներից 37-ը: Այս մասին եղել է նաև հրապարակում լրատվամիջոցներում: Դեպքի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ ՀՀ տարածքում՝ Տեղ համայնքի Արավուս գյուղի արոտավայրում իրենց խոշոր եղջերավոր կենդանիներն արածեցնող գյուղի 2 հովիվներին մայիսի 23-ին՝ ժամը առավոտյան 10-11-ի սահմաններում մոտեցել են ադրբեջանական զինված մի քանի ծառայող: Սկզբում ձեռքով հարվածել և ձիուց վայր են գցել հովիվներից մեկին, որի մոտից հափշտակել են նրա բջջային հեռախոսը: Այնուհետև, մյուս՝ 65-ամյա հովիվի հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, պահանջել են, որ այլևս այդ արոտավայրում կենդանիներ չարածեցնեն: Հովիվը պնդել է, որ այդ արոտավայրերն Արավուս գյուղինն են, գտնվում են ՀՀ տարածում և իրենք շարունակելու են այդ վայրերում արածեցնել իրենց կենդանիներին: Ի պատասխան՝ ադրբեջանական զինծառայողները զենքի ցուցադրումով հովիվներին տվել են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ, նրանցից մեկը բռնել է Արավուսի 65-ամյա բնակիչ հովիվին ականջներից և փորձել է գլխով հարվածել նրան: Դրանից հետո, իրենց հետ տարել են 42 խոշոր եղջերավոր կենդանիներին, 2 ձին, հովիվներից մեկի բջջային հեռախոսն ու հեռացել:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ինչպես վերը նշվեց, 42-ից վերադարձվել է 37-ը, 2 ձին և հեռախոսը և չեն վերադարձրել 5 ցուլ: Դրանից հետո 2 ցուլը փախել-վերադարձել են՝ չնայած ադրբեջանական զինծառայողները փորձել են թույլ չտալ, իսկ 3 ցուլն այդպես էլ չեն վերադարձվել:Նշված դեպքից բացի, մայիսի 30-ին՝ ժամը 15-ի սահմաններում ադրբեջանական զինվորները քարեր են նետել Արավուս գյուղի հովիվի և գյուղին պատկանող արոտավայրում արածող իր կենդանիների ուղղությամբ, ինչպես նաև զենքի ցուցադրումով բարձր գոռգոռալով սպառնացել են Արավուսի հովիվին: Սպառնալիքները տվել են նաև գյուղի այլ բնակիչների՝ խոսելով ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով: Նշված տեղեկությունները ստուգվել են և հաստատվել են Արավուսի բնակիչների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Արավուսի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար զբաղեցրել են 64 հա ՀՀ մաս կազմող արոտավայրի ու խոտհարքի տարածք: Այս պատճառով է, որ կոպիտ կերպով խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների՝ արավուսցիների իրավունքները, քանի որ նրանք չեն կարողանում այլևս օգտագործել այդ արոտավայրերն ու խոտհարքները: Գյուղի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքները օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Մայիսի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ստացվել այն մասին, որ Տեղ համայնքի Խնածախ գյուղի հովիվը, երբ իր խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներն է արածեցրել գյուղին պատկանող արոտավայրում, իրենից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական զինծառայողները գոռգոռոցներով ու զենքի ցուցադրումով սպառնալիքներ են տվել, պահանջել են կենդանիներին չարածեցնել այդ արոտավայրում: Դրանից բացի, ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ Խնածախում մայիսի 29-ին 5 ձի անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք, սակայն ադրբեջանական զինվորները վերադարձրել են միայն 3-ը:Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր են հանել, որ Սյունիքի մարզի նշված բոլոր՝ Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերում էլ բնակիչների իրավունքները շարունակում են կոպիտ խախտված լինել, քանի որ արոտավայրերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործելու հնարավոր չէ առնվազն երկու պատճառով`1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ. 2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ:Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Սյունիքի մարզային ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումները և լարվածությունը հատկապես սրվել են 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ծառայողների` ՀՀ Սև լճի տարածք կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինի ներխուժելուց հետո: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը: Հարցն այն է, որ գյուղերի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքները օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Հակառակ դեպքում` այս վիճակը միայն խորանալու է սոցիալական խնդիրները: ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով: Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընդունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները: Սրանք միջազգային բացարձակ բացարձակ պահանջներ են, որոնք ամրագրված են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերում (ուղեցույցներ, պայմանագրեր և այլն): Ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքներն իրար միավորող ճանապարհներին լինել չեն կարող: Միջագային որևէ գործընթացի տեսանկյունից նկարագրված վիճակն ընդունելի չէ և չի էլ կարող լինել:
12:57 - 02 հունիսի, 2021
Ադրբեջանի նախագահի՝ հայատյացության ու թշնամանքի քաղաքականության մասին վկայող ելույթներն ուղարկվել են ԵԱՀԿ ՄԽ, ՄԱԿ, ԵԽ․ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի՝ հայատյացության ու թշնամանքի քաղաքականության մասին վկայող ելույթներն ուղարկվել են ԵԱՀԿ ՄԽ, ՄԱԿ, ԵԽ․ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահը 2021թ. մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են: Ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով ուղարկել եմ ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Դրանք ուղարկվել են նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների: Այս անգամ խոսքը վերաբերում է` 1) Նիզամի Գյանջևու անվան միջազգային կենտրոնի կազմակերպած «Հարավային Կովկաս․ տարածաշրջանային զարգացում և համագործակցության հնարավորույթյուններ» թեմայով քննարկմանը (մայիսի 20, 2021թ.). 2) Աղդամում տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպմանը (մայիսի 28, 2021թ.): Ելույթների նշված մասերով Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի ձևակերպումներ ու բառեր, որոնցով նպատակ է հետապնդում վիրավորել ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, լարվածություն առաջացնել հայկական հասարակությունում: Այդ բառերը բնույթով ահաբեկող են: Այդ ելույթներում ընդգծվում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ միայն էթնիկ պատկանելիության հիմքով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս մշտադիտարկման նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որն էլ հենց իրականում ընկած է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում` դաժանությունների հիմքում, վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը»:
10:06 - 02 հունիսի, 2021
Դատապարտելի են Հանրային ՀԸ-ի ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ․ ՄԻՊ

Դատապարտելի են Հանրային ՀԸ-ի ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ երեկ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը։«Ռեպորտաժը, որտեղ Տիգրանաշենը պարզապես ներկայացվում է որպես ադրբեջանական տարածք, հաշվի չի առնում ՀՀ բնակչության ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքներն ու նրանց անվտանգությունը և հարցերը քննարկում է միայն քարտեզներում լինել-չլինելու լույսի ներքո:Ինչպես Տիգրանաշենի, այնպես էլ մյուս գյուղերի հետ կապված հաշվի առնված չեն նաև պատմական փաստերը ԽՍՀՄ տարիներին, երբ որոշումները կայացվել են Հայաստանի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների կոպիտ ոտնահարումների հաշվին, ինչպես նաև դրանց ռազմավարական կենսական նշանակությունը ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության տեսանկյունից:Այդ նյութում առկա ձևակերպումներն ուղղակիորեն հակասում են առանց այն էլ այս բարդ իրավիճակում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին ու նպաստում են ոչ միայն նրանց, այլ նաև ՀՀ սահմանային անվտանգության խաթարմանը, քանի որ դրանում առկա են բացահայտ ոչ մասնագիտական, մեխանիկական մոտեցումներ ու ակնհայտ սխալ ձևակերպումներ: Հենց այս տեսանկյունից է նաև, որ մարդու իրավունքների տեսանկյունից ընդունելի էլ չէ «ադրբեջանական անկլավ» քաղաքական-մեխանիկական ձևակերպումը:Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, պարտավոր է հաշվի առնել, որ իր պատրաստած նյութերն ընկալվում են՝ որպես պետական մոտեցում, ինչն էլ նշանակում է, որ այդ նյութերը կարող են օգտագործվել նաև ՀՀ քաղաքացիների իրավունքների դեմ տարբեր, այդ թվում՝ միջազգային ատյաններում:Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակվող նմանատիպ ձևակերպումներով նյութերը Մարդու իրավունքների պաշտպանը դիտարկում է նաև այն ձևակերպումների ներքո, որ վերջին շրջանում օգտագործում են ՀՀ որոշ պաշտոնյաներ` դրանով հակասելով սահմանային բնակիչների իրավունքներին ու նրանց անվտանգությանը:Ուստի, Հանրային հեռուստաընկերությունից պահանջում ենք ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող նյութեր պատրաստելիս ղեկավարվել բացառապես մասնագիտական մոտեցումներով:Բոլոր լրատվամիջոցներին ևս հորդորում ենք սահմաններին վերաբերող հարցերի հետ կապված նկատի ունենալ, որ դրանք ուղղակիորեն վերաբերում են նաև սահմանային բնակիչների, իսկ շատ դեպքերում նաև ՀՀ ողջ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը և լուսաբանումներում չանել այնպիսի ձևակերպումներ, որոնք հիմնված չեն մասնագիտական մոտեցումների վրա, հաշվի չեն առնում մարդու իրավունքների վտանգները»:
16:10 - 31 մայիսի, 2021
Երևանի թիվ 11 հատուկ դպրոցի երեխաների իրավունքները խախտվում են պետական անարդյունավետ քաղաքականության պատճառով. ՄԻՊ-ի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

Երևանի թիվ 11 հատուկ դպրոցի երեխաների իրավունքները խախտվում են պետական անարդյունավետ քաղաքականության պատճառով. ՄԻՊ-ի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի ապրիլի 13-ին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել  Երևանի թիվ 11 հատուկ դպրոց: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այցի ընթացքում արձանագրված խնդիրներից են՝ •      դպրոցի տեղեկությունների համաձայն՝ նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) պայմաններում հեռավար եղանակով ուսուցման ընթացքում դպրոցի 14 երեխաներ դուրս են մնացել կրթությունից (այցի պահին դպրոցում սովորել է 85 երեխա): Ինչպես տեղեկացրել է դպրոցի վարչակազմը, այս խնդրի գլխավոր պատճառը երեխաների համար ինտերնետ կապի հասանելիության և հեռահաղորդակցության միջոցների բացակայությունն է: Այս մասին դպրոցը 2020 թվականի հունիսին գրավոր տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և առաջարկել նոր ուսումնական տարում բաց թողնված նյութը լրացնել դպրոցում: 2020 թվականի նոյեմբերին դպրոցը նորից դիմել է նախարարություն՝ առաջարկելով անցնել առկա ուսուցման, քանի որ հեռավար եղանակով ուսուցումը դպրոցի սաների համար արդյունավետ չէ: Մասնավորապես, դպրոցի տեղեկությունների համաձայն՝ հեռավար ուսուցման համալիր heravar.armedu.am  կայքէջում հաշվի առնված չեն չափավոր և ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաների կրթական կարիքները, տեղադրված չեն նրանց համար մատչելի, հասանելի և կարիքներին համապատասխան ուսումնական, ուսումնամեթոդական նյութեր:  Առկա ուսուցման անցնելու առաջարկը հիմնավորվել է նաև նրանով, որ երեխաները շուրջօրյա գտնվում են դպրոցում և հանրային տրանսպորտից չեն օգտվում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տվյալներով՝ Նախարարությունը դպրոցի նշված նամակներին չի պատասխանել: •      դպրոցում աշխատող մասնագետների թիմը, այդ թվում՝ հատուկ մանկավարժները, բավարար չեն երեխաների կրթության իրավունքը պատշաճ երաշխավորելու համար: Այսպես, այցի օրվա դրությամբ դպրոցում սովորող 85 երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներն ապահովվել են 1 երաժիշտ-ղեկավարի, 2 հոգեբանի, 1 սոցիալական մանկավարժի, 2 հատուկ մանկավարժի, 1 լոգոպեդի և 1 բուժական ֆիզկուլտուրայի գծով հրահանգչի կողմից: Երեխաների խնամքի կազմակերպման հարցում աջակցում են նաև դայակները: Դպրոցի անձնակազմի և երեխաների հետ առանձնազրույցները վկայում եմ, որ դպրոցում աշխատող մասնագետները չեն հասցնում պատշաճ կատարել իրենց աշխատանքը: Լինում են դեպքեր, երբ մեկ դասարանի հետ աշխատող մասնագետն իր դասաժամին ստիպված է լինում օգնել մեկ այլ դասարանում դասավանդող մասնագետին, քանի որ վերջինս չի հասցնում միայնակ ապահովել երեխաների կրթական կարիքները կամ վարել դասը երեխաներ վարքային դրսևորումներով պայմանավորված: Նման դեպքեր են արձանագրվել նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ընթացքում: Պատճառներից մեկն էլ այն է, որ դպրոցի մասնագետների, հատկապես հատուկ մանկավարժների հաստիքները քիչ են, իսկ ուսուցչի օգնականի հաստիք պետության չափորոշիչներով հատուկ դպրոցների համար առհասարակ նախատեսված չէ: Սա համակարգային խնդիր է և բացասական է անդրադառնում երեխաների և աշխատողների իրավունքների երաշխավորման վրա: Մինչդեռ մասնագետների ավելացմամբ է նաև հնարավոր յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները, բարձրացնելով նրա կրթության իրավունքի արդյունավետությունը. •      աշխատողների համար վերապատրաստումներն արդյունավետ չեն դպրոցի և երեխաների իրական կարիքներին բավարարման տեսանկյունից: •    Հարցն այն է, որ վերապատրաստումները հիմնականում իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների չափորոշիչների և ծրագրերի հիման վրա, ինչը ոչ միշտ է համապատասխանում հատուկ ուսումնական հաստատությունների կարիքներին: Արդյունքում՝ մասնագետների շատ հարցեր և խնդիրներ լուծում չեն ստանում վերապատրաստումների ընթացքում:  Այս մասին են վկայում նաև դպրոցի անձնակազմի հետ առանձնազրույցները և վարչակազմի հետ քննարկումները: •      այցի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ընտրանքային մեթոդով իրականացրել են դասալսումներ, առանձնազրույցներ երեխաների և դպրոցում աշխատող մասնագետների հետ, ուսումնասիրել են դասապլանների օրինակներ, երեխաների անհատական ուսումնական պլանները, անձնական գործերն ու մանկավարժահոգեբանական եզրակացությունները, կրթական նյութերը:  Այս ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ դիտարկված ոչ բոլոր երեխաների բժշկահոգեբանամանկավարժական գնահատումն է համապատասխանում նրանց կրթական իրական կարիքների և զարգացման հնարավորություններին: Արձանագրվել են դեպքեր, երբ հատկապես ծանր մտավոր խնդիրներ ունեցող երեխաները ներգրավված չեն եղել դասապրոցեսին: Դեպքեր կան, երբ կոնկրետ երեխաների զարգացման հնարավորություններն ակնհայտորեն արդյունավետ չեն օգտագործվում, իսկ առաջարկվող վարժություններն ինքնանպատակ են, պարզապես զբաղեցնելու բնույթ ունեն: Օրինակ՝ զարգացման թույլ աստիճանի խնդիրներ ունեցող երեխայի տառաճանաչությունը, ըստ փաստաթղթային արձանագրումների, սահմանափակվում է 12 տառի իմացությամբ: Մինչդեռ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների, այդ թվում՝ հոգեբան փորձագետի դիտարկմամբ նույն երեխան ակնհայտորեն ավելի մեծ ունակություններ և կարողություններ է ունեցել: Այսինքն՝ դիտարկված դեպքերում երեխաների կրթության իրավունքն արդյունավետ ապահովված չէ: Այս դեպքում առանձին երեխաների կրթական կարիքները պետք է վերագնահատվեն, որպեսզի առավել թիրախային և իրական կարիքներին համապատասխան ապահովի նրանց կրթության իրավունքը. •      արձանագրվել են դեպքեր, երբ երեխաները դպրոց են հաճախում հիմնականում իրենց ընտանիքների սոցիալական վիճակի պատճառով և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագետների գնահատմամբ՝ չունեն տվյալ դպրոցում սովորելու կրթական կարիք: Այսինքն՝ լինում են դեպքեր, երբ ընտանիքը, գտնվելով կյանքի դժվարին իրավիճակում և չկարողանալով հոգալ երեխայի կենսական նվազագույն կարիքները, նրա խնամքը կազմակերպելու նկատառումով կրթության իրացման համար ընտրում է հատուկ դպրոց: Այս մասին են վկայում նաև երեխաների և դպրոցի անձնակազմի հետ առանձնազրույցները: Մինչդեռ պետությունը պետք է ապահովի երեխաների կրթական կարիքների իրական և արդյունավետ գնահատումը, ինչպես նաև ներդնի ընտանիքների սոցիալական կայունությունը խթանող ծրագրեր, որպեսզի բացառի սոցիալական դրդապատճառներով հատուկ դպրոցում սովորելու դեպքերը. •      այցի պահին արձանագրվել են, որ առկա են ժամկետանց դեղեր («Նո-Շպա» հիդրոքլորիդ 40 մգ՝ պիտանիության ժամկետը՝ մինչև 2021թ. մարտ, «Մետոկլոպրամիդ» լուծույթ 2 մլ՝ պիտանիության ժամկետը՝ մինչև 2020թ. դեկտեմբեր): Թեև, բուժանձնակազմի հավաստմամբ՝ դրանք չեն օգտագործվում, սակայն անթույլատրելի է առհասարակ ժամկետանց դեղերի առկայությունը, առավել ևս երբ դրանք պահվում են պիտանելիության ժամկետի մեջ գտնվող դեղերի հետ՝ բաց դարակներում. •      դեղորայքը, այդ թվում՝ հոգեմետ, երեխաներին է տրամադրվում նրանց ծնողների բանավոր տեղեկության հիման վրա՝ առանց դեղատոմսի: Այս պրակտիկան պետք է բացառվի: Պետք է  միշտ հավաստել, թե երեխային ինչ դեղեր, ում ցուցումով և նշանակումով են դրանք տրամադրվել, ինչպես նաև ծնողից պահանջել դեղատոմսը, երբ դա պարտադիր է. •      բուժանձնակազմի պնդմամբ՝ կատարվում է տարեկան սեզոնային գրիպի դեմ պատվաստում, որի մասին նախորոք տեղեկացնում են երեխաների ծնողներին և ստանում են նրանց բանավոր համաձայնություն: Նշվածը որևէ կերպ գրավոր արձանագրվում չի ստանում: Ստացվում է, որ հնարավոր չէ ստուգել արդյոք երաշխավորվում է պատվաստման կամավորությունը և իրազեկված համաձայնությունը այն դեպքերում, երբ հնարավոր չէ կապ հաստատել ծնողների հետ: Մինչդեռ սեզոնային գրիպի դեմ պատվաստումները ռիսկի խմբերի շրջանում կազմակերպվում և իրականացվում են կամավոր սկզբունքով: Նշվածն անթույլատրելի պրակտիկա է պատվաստման գործընթացի արդյունավետ վերահսկման տեսանկյունից: Սա պետք է սկզբունքորեն բացառել հատկապես այն պատճառով, որ ոչ միշտ են երեխաների օրինական ներկայացուցիչները ներկա լինում. •      ինչպես պահեստում պահվող, այնպես էլ այցի օրվա դրությամբ օգտագործված ատամի մածուկները ժամկետանց են եղել. •      պահեստում ապահովված չէ սանիտարահիգիենիկ բավարար վիճակ: Օրինակ՝ բաց վիճակում պահվող նպարեղենի և մկնդեղի միջև շատ փոքր հեռավորություն կար: Նշվածը խնդրահարույց է այն առումով, որ հնարավոր են դեպքեր, երբ վտանգավոր թունավոր նյութն անզգուշորեն հայտնվի սննդի պարկերում: Այցի պահին շաքարավազի պարկում եղել է կարմրավուն հատիկանման զանգված, որն արտաքուստ նման է եղել հատակին լցված մկնդեղին: Սա արձանագրվել է Պաշտպանի ներկայացուցիչների կողմից և տեղում՝ հեռացվել. •      անկողնային պարագաները և անձնական հագուստի մի մասը, այդ թվում՝ ներքնազգեստն անհատականացված չէ: Ավելին, ըստ աշխատողների՝ նույն հագուստը լվանալուց հետո կարող են կրել տարբեր երեխաներ: Սա անթույլատրելի է ոչ միայն սանիտարահիգիենիկ վիճակի, այլ նաև երեխայի արժանապատվության և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից. •      կարագը և միսը դրված է եղել բաց վիճակում՝ առանց փաթեթավորման: Այս դեպքում պահպանված չի եղել սննդի պահման պահանջվող պայմանները: •      պահպանված չէ ամենօրյա ճաշացանկում կաթնամթերքի և ձկան տրամադրման հաճախականությունը, •      դպրոցի աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին: Նշված խնդիրների մի մասն իրենց բնույթով համակարգային են, որոնց լուծման նպատակով պետությունը պարտավոր է ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր, որոնք իրապես կերաշխավորեն երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքի լիարժեք իրացումը: Առկա խնդիրները, այդ թվում՝ կրթական անհրաժեշտ դիտակտիկ նյութերի ապահովումը հիմնականում լուծվում են դպրոցի աշխատակիցների բարեխղճությամբ: Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են և արձանագրված խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և դպրոցի տնօրենին։
13:37 - 31 մայիսի, 2021
Խորհրդային տարիներին Ադրբեջանը մասնակցել է պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում զավթել հայ գյուղացիների հողատարածքները. ՀՀ ՄԻՊ

Խորհրդային տարիներին Ադրբեջանը մասնակցել է պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում զավթել հայ գյուղացիների հողատարածքները. ՀՀ ՄԻՊ

Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր): Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հայտարարության մեջ նշվում է.«Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր): Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը:Զուգահեռաբար, ադրբեջանական տեղական իշխանություններն ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա:Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում:Առհասարակ, ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, նշված գավառների գյուղերի միջև վեճերի ծագման նախապատմությունը վկայում է, որ հաճախ վեճերն առաջանում էին ադրբեջանցի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում:Խնդիրն այն էր նաև, որ Խորհրդային Հայաստանի իշխանություններն այդ ժամանակ պատշաճ չէին արձագանքում` կանխելու համար հայ գյուղացիների իրավունքների ոտնահարումները:Այս փաստերը, որպես քաղած դասեր, պետք է հաշվի առնել՝ մեր օրերում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով:Անվտանգության ու այլ բաղադրիչներին զուգահեռ, ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել նաև գյուղացիների, առհասարակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բացառելով մեխանիկական որևէ մոտեցում»:
23:06 - 30 մայիսի, 2021
Սոֆլու, Բարխուդարլու և Ոսկեպար գյուղերը ունեցել են և հիմա էլ ունեն ռազմավարական նշանակություն ՀՀ բնակչության անվտանգության երաշխավորման տեսանկյունից. ՄԻՊ

Սոֆլու, Բարխուդարլու և Ոսկեպար գյուղերը ունեցել են և հիմա էլ ունեն ռազմավարական նշանակություն ՀՀ բնակչության անվտանգության երաշխավորման տեսանկյունից. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով փաստ՝ ի գիտություն որոշ պաշտոնյաների ու գործիչների: «Դիլիջանի գավառին պատկանող Սոֆլու, Բարխուդարլու եւ Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը` ընդհանուր 3104 դեսյատին տարածքով, Անդրկովկասյան Դաշնության Կենտրոնական գործադիր կոմիտեի հողային եւ անտառային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին: Այդ և մի շարք այլ գյուղեր միշտ էլ ռազմավարական, կենսական կարեւոր նշանակություն են ունեցել և հիմա էլ շարունակում են ունենալ ՀՀ սահմանային բնակչության անվտանգության, նրանց սեփականության իրավունքների երաշխավորման, այդ թվում` հողատարածքներն ու արոտավայրերն օգտագործելու տեսանկյունից: Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափ է` 2400 քառ. սաժեն կամ 1.09 հեկտար»,- գրել է Թաթոյանը:
00:52 - 30 մայիսի, 2021
ՄԻՊ-ն ու ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՄԻՊ-ն ու ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամները քննարկել են սահմանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ ընդունել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությանը` ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին, ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին և ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանը։  Հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաներին է ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր 9-ից սկսած Սյունիքում և Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքի մի շարք համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինծառայողներրի արարքներով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը: Այդ փաստերի հիման վրա պաշտպանը ներկայացրել է Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու բացարձակ անհրաժեշտությունը:  ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաները նշել են, որ իրենց գործունեության նպատակներից է հետպատերազմական շրջանում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանության նպաստելը: Այնուհետև, նրանք ներկայացրել են իրենց դիտարկումները ՀՀ սահմանային անվտանգության վիճակի հետ կապված` հաշվի առնելով իրենց երկար տարիների փորձը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնկրետ իրավիճակներ: Պահեստազորի սպաների միության անդամները նաև նշել են, որ իրենք նույնպես արձանագրել են ադրբեջանական զինծառայողների սադրանքները ՀՀ սահմանին, որոնք պետք է ամեն գնով կանխել, իսկ դրա երաշխիքը նրանց հեռանալն է ՀՀ սահմանային գյուղերի անմիջական հարևանությամբ վայրերից ու ճանապարհներից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման և վերադարձի հրատապության հարցերը, փոխանակվել տեղեկություններով ու կարծիքներով: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում հատկապես օգտակար էր ԱԱԾ պահեստազորի սպաների վերլուծությունը սահմանային անվտանգության հարցերով` հաշվի առնելով նրանց երկար տարիների փորձն այս ոլորտում: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, այդ թվում` կոնկրետ իրավիճակներ հաշվի առնելով:
16:04 - 29 մայիսի, 2021
Պետականությունը պետք է պահել սրբության պես` անձնուրաց նվիրումով․ ՄԻՊ

Պետականությունը պետք է պահել սրբության պես` անձնուրաց նվիրումով․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․   «Պետականությունը պետք է պահել սրբության պես` անձնուրաց նվիրումով: Պետականությունն ու ինքնիշխանությունը մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավոր են։ Պետության մեջ մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքներն իրական պաշտպանողն ու աջակցողը հենց պետությունն է` սեփական ժողովրդավարական կառույցներով ու իրավունքի գերակայության թելադրանքով։ Բոլորիս համախմբվածությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, պետականության արժեքի գիտակցումն ու մեր երեխաների խաղաղ ապագայի նկատմամբ պատասխանատվությունը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով են մեզ համար նվաճել ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ»:
12:21 - 28 մայիսի, 2021
Լրատվամիջոցները պետք է նախապես տեղեկացվեն նման միջոցառումների լուսաբանման սահմանափակումների մասին՝ պարզաբանումներով կամ հիմնավորումներով.ՄԻՊ-ը՝ ԶԼՄ-ների մուտքը Սարդարապատի հուշահամալիր արգելելու մասին

Լրատվամիջոցները պետք է նախապես տեղեկացվեն նման միջոցառումների լուսաբանման սահմանափակումների մասին՝ պարզաբանումներով կամ հիմնավորումներով.ՄԻՊ-ը՝ ԶԼՄ-ների մուտքը Սարդարապատի հուշահամալիր արգելելու մասին

Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանին լրագրողներն ահազանգերով բողոքներ են ներկայացրել՝ նշելով, որ պաշտոնական միջոցառումները լուսաբանելու համար իրենց արգելվում է մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Լրագրողները նշել են՝ նախապես չի հայտարարվել, որ Սարդարապատի հուշահամալիր մուտքն իրենց համար փակ է լինելու, տեղում ևս չի ներկայացվել որևէ պարզաբանում կամ հիմնավորում: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած պարագայում լրատվամիջոցները պետք է նախապես տեղեկացվեն սպասվելիք նմանատիպ միջոցառումների լուսաբանման պայմանների,  ինչպես նաև սահմանափակումների մասին՝ նախապես հրապարակված պարզաբանումներով կամ հիմնավորումներով: Լրատվամիջոցների միջոցով է հասարակությունը տեղեկանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների ու հանրային մարմինների աշխատանքի մասին, հետևաբար նրանց անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված լինի»,- գրել է նա:
12:05 - 28 մայիսի, 2021
Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ– ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արմեն Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ– ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք գործունեության արդյունքները՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինծառայողների անօրինական ներկայությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում բացահայտ ոտնձգություն է ՀՀ ողջ բնակչության ու առաջին հերթին` սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ: Նա, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով և, հատկապես, Սյունիքի ու Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի իրականացումը իրական հնարավորություն կստեղծի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և անվտանգության համար: Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել են պետական համապատասխան կառույցների կողմից Հայաստանի բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործուն քայլերի իրականացումը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատանքը՝ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները կանխելու և նման որևէ դրսևորում ապագայում թույլ չտալու համար:
13:38 - 26 մայիսի, 2021
ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու ՀՀ ողջ բնակչության իրավունքները․ ՄԻՊ

ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու ՀՀ ողջ բնակչության իրավունքները․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Հայտարարությունում ասվում է․ «ՀՀ կառավարությունը պարտավոր է ձեռնարկել գործուն քայլեր՝ երաշխավորելու համար ՀՀ ողջ բնակչության, ՀՀ քաղաքացների իրավունքները, իսկ միջազգային հանրությունը պետք է դադարեցնի կրավորական կեցվածքը և անհապաղ ձեռնարկի վճռական միջոցներ՝ կանխելու համար ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական, հանցավոր արարքներն ու մարդու իրավունքների շարունակվող խախտումները, նոր խախտումների իրական սպառնալիքները: Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հավաքագրած փաստերը ևս հաստատում են, որ 2021թ. մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղական բնակավայրի տարածքում ադրբեջանական զինծառայողները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ զինված ուժերի ծառայողներին ներկայացրել են իրենց գտնվելու վայրը լքելու բացահայտ անօրինական պահանջներ, տվել սպառնալիքներ, իսկ այնուհետև հրահրել են քաշքշուկ և դիտավորությամբ` կրակահերթ արձակելով սպանել են ՀՀ զինծառայողի: Փաստերի համաձայն` այսօրվա միջադեպին նախորդող օրերին նույնպես ադրբեջանական զինվորականները, անօրինական գտնվելով ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար փորձել են սադրել զինված բախումներ ու հրահրել են ծեծկռտուքի դեպքեր: Դրանք տեղի են ունեցել թե՛ Գեղարքունիքում, թե՛ Սյունիքում: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ նշված իրավիճակներն իրական վտանգ են նաև ՀՀ քաղաքացիական բնակչության համար: Խոսքն այն վայրերի մասին է, որոնք ծառայում են խոտհարք ու արոտավայր քաղաքացիական բնակիչների համար: Նրանք այդ վայրերում արածեցնում են իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին, ինչպես նաև բնակվում են գարնան, ամառվա ու աշնան ամիսներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ` ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքները լուրջ սպառնալիք են, որոնք իրականում ուղղված են ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի քաղաքացիական բնակչության դեմ (օրինակ՝ նրանց անօրինական առաջանալու փորձերը Խոզնավար, Վերիշեն, Ակներ, Կութ, Այրք, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ և այլն): Այդ արարքները պետք է դիտարկել 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժելու և Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպանության ու գերեվարելու սպառնալիքներ տալու, սահմանային հատվածներում` գյուղերի հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու համատեքստում: Ադրբեջանական զինված ուժերի նկարագրված արարքները պետք է դիտարկել նաև ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում: Պետք է հաշվի առնել պատերազմից հետո ադրբեջանական զինվորականների պարբերական հանցավոր արարքները ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ (Գորիսից Կապան ճանապարհին քարերով ՀՀ քաղաքացիական մեքենային հարվածելը, Արավուսի հովիվին քաշքշելը ու աչքին հարվածելը, Կապանից Ճակատեն գյուղ տանող ճանապարհը ադրբեջանական մեքենայով փակելը ու գյուղերի բնակիչների ազատ տեղաշարժի իրավունքը կոպիտ խախտելը, ՀՀ սահմանային բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալը, ադրբեջանական վերահսկողության ներքո տարածքներ անցած կենդանիներին չվերադարձնելը և այլ միջադեպեր): Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսքը ՀՀ ողջ բնակչությանը, ՀՀ քաղաքացիներին ուղղված ադրբեջանական զինված ուժերի իրական սպառնալիքի մասին է, որը խաթարում է խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի միջազգային մարմիններին ուղարկել փաստերի վրա հիմնված զեկույցներ և հաղորդումներ տեղում առկա իրական վիճակի մասին»:
10:01 - 26 մայիսի, 2021
Ադրբեջանն արհեստական ձգձգում, քաղաքականացնում է գերիների վերադարձը. ՄԻՊ-ը՝ ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրենին

Ադրբեջանն արհեստական ձգձգում, քաղաքականացնում է գերիների վերադարձը. ՄԻՊ-ը՝ ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրենին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Վերենա Թեյլորին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: Արման Թաթոյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի և մասնավորապես, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ բարձր համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը: Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Սյունիքում և Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների վերաբերյալ: Հատուկ ընդգծվել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների ազատ արձակման ու վերադարձի գործընթացը: Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված անձանց խնդիրներին և Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների հիման վրա կազմված համապատասխան արտահերթ զեկույցին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի կոտրմանն ուղղված իրազեկման արշավները, ընտանիքում բռնության դեպքերի լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ լրագրողների կարողությունների զարգացման առնչվող հարցեր և այլն։ Արման Թաթոյանը շեշտել է, որ Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերով, քանի որ հատկապես այդ ժամանակահատվածում դիմումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծացել է կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը՝ պայմանավորված ամբողջ աշխարհում վարակի կանխարգելման առանձնահատուկ ցուցումներով (մեկուսացում, աշխատանքի չգնալ, որպես կողմնակի հետևանք՝ սոցիալական բնույթի հարցեր և այլն): Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնել համագործակցության շրջանակը։
22:22 - 25 մայիսի, 2021