Ադրբեջանի նախագահի՝ հայատյացության ու թշնամանքի քաղաքականության մասին վկայող ելույթներն ուղարկվել են ԵԱՀԿ ՄԽ, ՄԱԿ, ԵԽ․ ՄԻՊ
10:06 - 02 հունիսի, 2021

Ադրբեջանի նախագահի՝ հայատյացության ու թշնամանքի քաղաքականության մասին վկայող ելույթներն ուղարկվել են ԵԱՀԿ ՄԽ, ՄԱԿ, ԵԽ․ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահը 2021թ. մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են: Ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով ուղարկել եմ ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Դրանք ուղարկվել են նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների:

Այս անգամ խոսքը վերաբերում է`

1) Նիզամի Գյանջևու անվան միջազգային կենտրոնի կազմակերպած «Հարավային Կովկաս․ տարածաշրջանային զարգացում և համագործակցության հնարավորույթյուններ» թեմայով քննարկմանը (մայիսի 20, 2021թ.).

2) Աղդամում տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպմանը (մայիսի 28, 2021թ.):

Ելույթների նշված մասերով Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի ձևակերպումներ ու բառեր, որոնցով նպատակ է հետապնդում վիրավորել ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, լարվածություն առաջացնել հայկական հասարակությունում: Այդ բառերը բնույթով ահաբեկող են: Այդ ելույթներում ընդգծվում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները հայ ժողովրդի նկատմամբ միայն էթնիկ պատկանելիության հիմքով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս մշտադիտարկման նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որն էլ հենց իրականում ընկած է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում` դաժանությունների հիմքում, վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել