Զվարթնոց օդանավակայան

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել դեռևս 1961 թվականից: Այն ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթեր իրականացնող ինքնաթիռների:

2001թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր, համաձայն որի՝ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ:

Դեռևս 1985թ. օդանավակայանին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ICAO) շնորհվել է 2-րդ կարգ: Հետագայում օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղևորային լիովին նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ. մայիսի 25-ին:

2008թ. գարնանը սկսվեց նոր համալիրի հանրային գոտու շինարարությունը: Նոր 52.000 քմ համալիրում կրկնապատկվեցին ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011թ. աշնանը:

Թռիչքադաշտում տեղակայված նավիգացիոն համակարգը վայրէջքների համար ապահովում է 30x350մ օդերևութաբանական նվազագույն, որը համապատասխանում է ICAO 2-րդ կարգին:

2013թ. հունվարի 30-ին Դուբայում «Զարգացող օդանավակայանների երկրորդ ամենամյա համաժողով-ցուցահանդեսի» ընթացքում հրապարակվեցին ավելի քան 20 անվանակարգերում քվեարկությունների արդյունքները՝ համաձայն որոնց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ճանաչվեց «Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն օդանավակայան»:

Մենք ուղեւորների մասին մանրամասն ինֆորմացիա ենք հավաքում նախքան իրենց ժամանելը․ բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյան |news.am|

Մենք ուղեւորների մասին մանրամասն ինֆորմացիա ենք հավաքում նախքան իրենց ժամանելը․ բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյան |news.am|

news.am: Առողջապահական եւ աշխատանքի տեսչության «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյան ներկայացրել է, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանում: Հայտնի է, որ վաղը՝ մարտի 15-ին, Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար հատուկ չվերթ կիրականացվի։ «Նման դեպքերի համար կան նախապես մշակված ընթացակարգեր, որոնց նպատակն է հնարավորինս նվազեցնել վարակի ներբերում եւ տարածումը մեր երկրում: Տվյալ թռիչքի ուղեւորները անմիջապես մեկուսացվում են այլ ուղեւորներից, հատուկ գոտիներ են ստեղծվում, որտեղով նրանք կարող են դուրս գալ առանց շփվելու այլ չվերթներով ժամանած ուղեւորների հետ: Արգելվում է նրանց մուտքը «դյութի ֆրի» գոտիներ: Անձնակազմի անդամները, որոնք աշխատանքի բերումով կարիք են ունենալու շփվել այդ ուղեւորների հետ, ունենալու են հատուկ պաշտպանիչ միջոցներ, ինչը եւս իր հերթին թույլ է տալու նվազեցնել վարակման որեւէ դեպք: Բացի այդ, նրանց ժամանումից հետո անմիջապես կատարվում են ախտահանման աշխատանքներ բոլոր այն տարածքներում, որտեղով նրանք անցնում են»,-ասաց Հայկ Կարապետյանը: Դիտարկմանը, թե բացի ուղեւորների ջերմությունը չափելուց ի՞նչ այլ միջոցառումներ են իրականացվում, նա պատասխանեց. «Ջերմաչափում է կատարվում, վիզուալ զննում է կատարվում, անհրաժեշտության դեպքում հարցում է կատարվում: Այդ երեքը միասին տալիս են ամբողջական պատկեր, որը սահմանին մուտքի համար բավարար է գնահատական տալու, իսկ դրանից հետո հաջորդ 14 օրվա ընթացքում նրանք գտնվելու են առողջապահական համակարգի հսկողության ներքո»: Համաճարակաբանի խոսքով, բոլոր չվերթների դեպքում լրացվում են հասցեական քարտեր. «Լրացվում է չվերթի համարը, ժամանման ամսաթիվը, ժամանման երկիրը, քաղաքը, անուն ազգանուն, հեռախոսահամար եւ ՀՀ-ում գտնվելու վայրը: Նպատակն այն է, որ եթե նրանցից որեւէ մեկի մոտ հաջորդ օրերին կհայտնաբերվի վարակ, մենք անմիջապես կարողանանք նրանց հայտնաբերել: Մենք ուղեւորների մասին մանրամասն ինֆորմացիա ենք հավաքում նախքան իրենց ժամանելը: Վայրեէջքից առաջ մեզ արդեն հայտնում են տվյալ կասկածով ուղեւորի առկայության մասին, եւ մենք հատուկ ընթացակարգով տվյալ ուղեւորին տարհանում ենք: Իսկ այն ուղեւորները, որոնք սերտ շփման մեջ են եղել այդ ուղեւորի հետ, այսինքն մոտ են նստած եղել, վերցնում ենք ավելի խիստ հսկողության տակ»: Նա հավելեց, որ այսօր արդեն կա դրական փորձ. Չինաստանը, Ճապոնիան, Սինգապուրը, Հարավային Կորեան կարողացել են հաղթահարել համաճարակը:  
15:12 - 14 մարտի, 2020
Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են. բժիշկ-համաճարակաբան |azatutyun.am|

Այսօր կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են. բժիշկ-համաճարակաբան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանում կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ միակ պացիենտի վիճակը լավ է, նա ջերմություն չունի։ «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն էլ գանգատներ չունեն: «Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք հատուկ պայմաններում են բնակվում այս օրերին, նույնպես իրենց լավ են զգում: Հյուրանոցում մեկուսացվածները ևս 12 օր կմնան Ծաղկաձորում, կորոնավիրուսի թեստ կանցնեն երկու անգամ, եթե այդ թեստերն էլ բացասական լինեն, նրանց կճանապարհենք տուն»,- այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս պահին փետրվարի 28-ի Թեհրանի չվերթով Երևան եկած քաղաքացին մնում է կորոնավիրուսի միակ վարակակիրը։ «Զվարթնոց» օդանավակայանում խիստ հսկողության տակ են հատկապես Հռոմի և Միլանի չվերթները: «Մարտի 3-ի կեսօրին վայրեջք կատարած Միլան-Երևան չվերթի բոլոր՝ 69 ուղևորները ստուգվել են»,- տեղեկացրեց «Զվարթնոցի» սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը։ Միլանից Երևան եկած մեկ ուղևոր հոսպիտալացվել է, քանի որ մի քանի օր առաջ շնչառական վարակի նշաններ է ունեցել. - «Ուղևորներից մեկը նշել է նախորդ օրը առողջական որոշակի խնդիրներ, այդ պատճառով հոսպիտալացրել ենք՝ լաբորատոր պայմաններում լրացուցիչ ստուգումներ անցկացնելու նպատակով»: Արդյո՞ք նա թեստավորում կանցնի, Կարապետյանը հայտնեց՝ որոշումը կկայացվի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում: Արսեն Թորոսյանը հոսպիտալացված այս ուղևորին առաջարկում է չառանձնացնել. - «Նա միակ քաղաքացին չէ, որ այս պահին գտնվում է մեր ինֆեկցիոն հիվանդանոցում, բազմաթիվ քաղաքացիներ են գտնվում, որոնք սպասում են իրենց պատասխանին»: Ըստ նախարարի՝ թեստավորումն ընթացիկ գործ է՝ 135 քաղաքացի արդեն թեստավորվել է, ու մեկ բացառությամբ մյուսների մոտ կորոնավիրուսի վարակը բացառվել է։ Միլան-Երևան չվերթով ժամանածները «Զվարթնոցի» ժամանման սրահ էին մտնում հիմնականում դիմակներով: Հրայր Վարդանյանը պատմեց, որ ջերմաչափվել-ստուգվել են, իսկ Իտալիայում չնայած վարակի տարածմանը խուճապ չկա. - «Այստեղ ավելի շատ մասկեքով մարդիկ կան, քան այնտեղ, լուրջ եմ ասում: Պռոստը մենք դրել ենք, որ այստեղ հանկարծ վարակ չբերենք, բայց մենք ստուգված ենք լրիվ»: Մյուս ուղևորներն էլ նույն պատկերն են նկարագրում. - «Խուճապ չկա, մարդիկ աշխատում են, դուրս են գալիս: Իմ ամուսինն այնտեղ տաքսի է քշում և մարդկանց հետ շփվում է, ոչ մի տեսակի վախ, տագնապ չկա»: «Զգուշություն, ձեռքերը լվանալ, ինչպես ասում են, հեռավորություն, ոչ մի բան չկա», - պատմեց ժամանածներից մեկը: Մյուսն էլ հավելեց. - «Այստեղ ավելի խուճապ է, սաղ լուրջ դեմքերով լուրջ գործի վրա են»: Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ երկընտրանքի առաջ են՝ էժան տոմսեր են գնել ու չգիտեն մեկնել Իտալիա, թե ոչ. տեսակետները տարբեր են. - «Խուճապ չկար, բայց գնալն ամեն մեկի ընտրությունն է»: Մեկ այլ ժամանած էլ նշեց. - «Ավելի լավ է՝ չգնան»: Ի դեպ, վարակի կանխարգելման կանոններից չհամբուրվելու հորդորը «Զվարթնոցում» չէր գործում: Ռիսկային մյուս երկրից՝ Իրանից այս պահին ուղիղ չվերթներ չկան, կառավարությունը ժամանակավորապես ու մասամբ փակել է օդային ու ցամաքային սահմանը մինչև մարտի 10։ Այսօր էլ գործադիրից տեղեկացրին սահմանափակումը ևս երկու շաբաթով՝ մինչև մարտի 24-ը երկարաձգելու մասին։ Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար նախկինում բացառություն էր արվել, նոր որոշմամբ նրանք էլ չեն կարող մուտք գործել Հայաստան: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վարակի հաղթահարման հարցում լավատես է. - «Կարծես թե, ամեն ինչ լավ է լինելու, որովհետև առավոտյան արթնացա ու տեսա՝ ինչ լավ եղանակ ունենք»: Լավատեսության աղբյուրը գարունն է, տաք եղանակի շնորհիվ շնչառական վարակները նահանջում են, վիրուսները՝ ոչնչանում:
08:57 - 04 մարտի, 2020
Ryanair-ը չվերթներ կիրականացնի Երևան-Պաֆոս-Երևան երթուղով

Ryanair-ը չվերթներ կիրականացնի Երևան-Պաֆոս-Երևան երթուղով

Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով:Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջը: Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան-Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը 2020-ից մուտք է գործել Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը իրականացրել է հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:
17:35 - 07 փետրվարի, 2020
«Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ |armenpress.am|

«Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am։ Արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը աշխատանքներ է տանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման ուղղությամբ: Այս մասին հունիսի 4-ին «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթնաժողով»-ի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: «Մենք տեղյակ ենք «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորահամալիրի մշակութային նշանակության մասին, և մենք աշխատելու ենք դրա պահպանման ուղղությամբ: Զարգացնելու ենք «Զվարթնոց» օդանավակայանը, որպեսզի ունենա ավելի լայն հնարավորություններ: Օգտվելով առիթից վերանայելու ենք մեր նոր նախագծերը, որ ունենք Հայաստանում, և նոր ծրագրեր ենք ձեռնարկելու: Ես չէի, ասի, որ մենք մեծ խոչընդոտների ենք հանդիպում այստեղ, և մենք շատ ուրախ ենք, որ նոր կառավարության հետ շատ ամուր համագործակցություն ունենք: Եվ նոր կառավարության հետ աշխատելու ենք, որպեսզի սահմանենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները»,- ասաց Էռնեկյանը:
06:26 - 04 հունիսի, 2019
2019-ի մարտին նախորդ մարտի համեմատ ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով. «Զվարթնոց»

2019-ի մարտին նախորդ մարտի համեմատ ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով. «Զվարթնոց»

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջը գրում է․  «Այս մարտին նախորդ մարտի համեմատ ուղևորահոսքն աճել է 7 տոկոսով Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7 տոկոսով: 2019թ. մարտին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.6 տոկոսով: Եթե 2018թ մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605 ուղևոր, ապա 2019թ մարտի ցուցանիշը կազմում է 188 946 ուղևոր: 2019 թվականի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 909 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 11 138 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 2.1 տոկոս: Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 578 575 մարդ, որը 10.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 8.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները»:  
13:15 - 09 ապրիլի, 2019
Ապրիլի 1-ից թռիչքները «Զվարթնոցում»՝ միայն երեկոյան. $12 մլն-ով կնորոգվի վազքուղին |panarmenian.net|

Ապրիլի 1-ից թռիչքները «Զվարթնոցում»՝ միայն երեկոյան. $12 մլն-ով կնորոգվի վազքուղին |panarmenian.net|

panarmenian.net: «Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է $12մլն ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր: Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00, հայտնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը: Օդանավակայանի վազքուղին ունի 3850 մ երկարություն և 56 մ լայնություն: Այն կառուցվել է դեռևս 1963-ին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել և ուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004թթ:Հաշվի առնելով վազքուղու փաստացիվի ճակը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ:
13:27 - 29 մարտի, 2019