Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
 |panorama.am|

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան |panorama.am|

panorama.am:Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»,- ասաց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: «Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս» ընկերությունն ընդհանրապես գումարի հետ կապ չունի, ենթադրվում էր  գումարի աճ պետք է տեղի ունենա, բայց տեղի է ունենում ստվերի թվաբանական պրոգրեսիվ աճ»,- ճեպազրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Նա ընդգծեց, որ նման բան չի կարող լինել.«Երբ որ կանխիկ ընդհանրապես չկա, պետք է ավելի շատ գումար հավաքագրվի, հակառակն է տեղի ունենում»։ Մ. Մանուկյանն ասաց, որ  մասնավոր այլևս չկա, շարժակազմն ավելացել է, որի հետևանքով իրենց մուտքերը  նվազագույնը պետք է ավելանար, բայց հակառակն է տեղի ունեցել։ «Վերջին երկու գործակարգավարական նիստի ժամանակ ոչ մի թիվ չի հրապարակվել։ Նույնիսկ հավաքագրումների թվերը խուսափում են հայտարարել, որովհետև իրենց մոտ 30 տոկոս թերացում հավաքագրում է այն պարագայում, երբ ընդհանրապես կանխիկ գումար չկա, վարորդները կանխիկ գումարի հետ կապ չունեն, գումարը հավաքագրվում է  քաղաքապետարանի ու «Թել-Սել»-ի մոտ։ Գործում է եռյակ՝ «Թել-Սել», Սուրեն Գրիգորյան և Սարգիս Մանուկյան՝ կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ։ «Թել-Սել»-ը հավաքագրում է, այդ ամեն ինչը համակարգում, ղեկավարում է  Սարգիս Մանուկյանը, իսկ այդ ամբողջի ղեկավարը Սուրեն Գրիգորյանն է։ Նա այս ամենը տեսնում է, կոչ եմ անում համաձարկություն ունենա, գա այստեղ, երկուսով կանգնենք ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար։ Փոխանակ աճ գրանցվի, ստվերը մեծացել է։ Մոտավորապես 40 տոկոս գումարը պակասել է, այնինչ իրենք ասում են 50 տոկոս ստվեր կա։ Այս պարագայում  ոնց որ 2 անգամ ավելանա, երկու անգամ պակասում է  գումարը։ Նման խայտառակություն։ Իմ գնահատմամբ, սա տեխնիկական խնդիր չէ»,- ասաց Մ.Մանուկյանը։ Նա նշեց, որ ազգային անվտանգության խնդիր կա։ «Օրենքով սահմանված է զինծառայողի ընտանիքները պետք է անվճար օգտվեն։ Հարց եմ տալիս՝ եթե մեր ՊՆ աշխատակիցները, ԱԱԾ շարքային աշխատակիցները պետք է անձնական տվյալները տան «Թել-Սել»-ին, որն օֆշորում է գրանցված, իմանա ԱԱԾ աշխատողն ով է, նրա կինը, երեխան ով է, ազգային անվտանգության խնդիր տեսնո՞ւմ եք, թե՞ չեք տեսնում։  Մեր ՊՆ-ի, ԱԱԾ-ի, ոստիկանության աշխատակիցների ամբողջ բազան պետք է ունենեա «Թել-Սել»-ը։ Ոչ միայն  ունենում է, նաև հսկում է։ Շարքային քաղաքացուն էլ դա վերաբերում»։  Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ է հրավիրել տրանսպորտի թանկացման դեմ օրակարգով, որին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցություների անդամները չմասնակցեցին։ 
10:46 - 21 հունվարի, 2025
«Ընդդիմությունը զբաղված է դասական պոպուլիզմով». ՔՊ-ն չի մասնակցում Երևանի ավագանու՝ տրանսպորտի սակագնի դեմ նախաձեռնված արտահերթ նիստին

«Ընդդիմությունը զբաղված է դասական պոպուլիզմով». ՔՊ-ն չի մասնակցում Երևանի ավագանու՝ տրանսպորտի սակագնի դեմ նախաձեռնված արտահերթ նիստին

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին, որի նպատակը միասնական տոմսային համակարգի և նոր սակագների չեղարկումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել խմբակցությունը։  «Այս որոշումն ընդունվել է հստակ գիտակցմամբ, որ նմանատիպ նախաձեռնությունները որևէ առնչություն չունեն քաղաքացիների սոցիալական կյանքի հետ և ծառայում են բացառապես ընդդիմության քաղաքական օրակարգին։ Տասնամյակներ շարունակ Երևանի տրանսպորտային համակարգը եղել է քաոսային, խիստ անարդյունավետ և հնացած վիճակում։ Մենք որոշում ենք կայացրել վերջ տալ այդ իրավիճակին։ Խոստացել էինք, որ փոխելու ենք «հուսահատության գազելները», և փոխեցինք։ Այժմ կառուցում ենք նոր, ժամանակակից, կանոնակարգված համակարգ, որը պետք է լինի երկարաժամկետ լուծում, այլ ոչ թե կարճաժամկետ քաղաքական խաբկանք։ Մինչդեռ ընդդիմությունն իր հերթին զբաղված է դասական պոպուլիզմով՝ փորձելով մոլորեցնել հանրությանը, թե իբր մեկ ուղևորությունը 100 դրամից դառնալու է 300 դրամ և, այդպիսով, խոչընդոտել բարեփոխումները։ Սակայն իրականությունը լրիվ այլ է, որի մասին բազմիցս հայտարարել ենք: Նրանց համար խնդիրը երբեք էլ չի եղել տրանսպորտի որակի բարձրացումը. նրանց մի մասը ժամանակին եղել է գազելների գծատերերի կլանային խմբի թիմակից, իսկ մյուս մասը, օգտագործելով հանրության հույզերը, փորձում է ընդամենը փոքր հնարավորություն ստեղծել՝ հաջորդ ընտրություններում որևէ դերակատարում ունենալու համար։ Մեզ համար պարզ է, որ ցանկացած փոփոխություն դիմադրության է հանդիպում, հատկապես երբ խոսքը վերաբերում է համակարգային բարեփոխումներին։ Սակայն, որքան էլ դժվար ընկալվի, այս ճանապարհն է միակ ճիշտը՝ երկարաժամկետ և կայուն տրանսպորտային համակարգ ապահովելու համար։ Երևանի խնդիրները բազմաթիվ են, և անհրաժեշտ է ունենալ բալանսավորված ֆինանսական համակարգ, այլ ոչ թե տրանսպորտ, որը կֆինանսավորվի մանկապարտեզների, վերելակների կամ ավերակների և ավտոտնակների վերածված բակերի բարեկարգման և մի շարք այլ խնդիրների լուծման հաշվին։ Մենք տեսնում ենք, որ ընդդիմությունը ոչ թե առաջարկում է այլընտրանքային լուծումներ, այլ պարզապես օգտագործում է մարդկանց զգացմունքները՝ բողոքի ալիք բարձրացնելու նպատակով։  Միասնական տոմսային համակարգը շարունակաբար զարգացող և կատարելագործվող համակարգ է, ինչը ենթադրում է, որ առաջիկայում ավագանու նիստերում հնարավոր է հաճախ լինեն փոփոխություններ և լրացումներ։ Փետրվարի 11-ի նիստի օրակարգում նույնպես նախատեսվում է ներկայացնել փոփոխություններ, որոնք ձևավորվել են քաղաքացիների բողոքների և առաջարկների հիման վրա։ Մանրամասների մասին կհայտարարվի առաջիկայում։ Մենք չենք շեղվելու մեր նպատակից և չենք դադարի աշխատել հանուն քաղաքի զարգացման։ Ժամանակը ցույց կտա, որ այս որոշումն եղել է ճիշտ»,- նշված է հայտարարության մեջ։ 
10:43 - 21 հունվարի, 2025
Քաղաքապետարանը վերանայում է այգիների վարձակալության պայմանագրերը
 |civilnet.am|

Քաղաքապետարանը վերանայում է այգիների վարձակալության պայմանագրերը |civilnet.am|

civilnet.am: Երևանի քաղաքապետարանի հունվարի 20-ի գործակարգավարական նիստին քննարկվեց երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրված անբարեկարգ այգիների պայմանագրերը։ Քաղաքապետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջանների պայմանագրերը, ինչպես նաև խնդրահարույց գործերը։ Ըստ քաղաքային իշխանության՝ 45 գործ է ուսումնասիրվել։ Ուսումնասիրության արդյունքում պայմանագրերից մի մասի դեպքում տրվել են լուծումներ՝ նոր սակագներով և նոր պայմաններով վարձակալության պայմանագիր կնքելու տեսքով, իսկ մնացած մասի դեպքում՝ գործող պայմանագրերի լուծման միջոցով։ Նիստին չհաստակեցվեց, թե որ այգիների մասին է խոսքը։ 1,6 մլրդ դրամ չհավաքագրվող պարտք ՍիվիլՆեթը 2024-ի օգոստոսին քաղաքապետարանից ստացել էր Երևանի այգիների վարձակալության պայմանագրերն ու պարտքի չափի մասին տեղեկություն։ Ըստ այդմ՝ միայն Կենտրոն վարչական շրջանում վարձակալները համայնքին պարտք են ավելի քան 1,6 մլրդ դրամ։ Այս գումարի հավաքագրման ուղղությամբ հարցումներ են ուղարկվել քաղաքապետարան։ Երևանի այգիների վարձակալության հարցը շարունակում է խնդրահարույց մնալ։ Թեև Երևանում 2021-ից փուլային կերպով բարձրանում է գույքահարկը, սակայն վարձակալության պայմանագրերի վերանայման աշխատանքներ համակարգված ձևով չեն իրականացվել։ Քաղաքային իշխանությունը չունի հստակ ռազմավարություն՝ ապագայում այգիների վերաբերյալ, բացակայում են ինչպես բարեկարգման, այնպես էլ ներդրումների հաստատման չափորոշիչները։ Հրապարակային չէ նոր պայմանագրեր կնքելու ընթացակարգն ու քաղաքականությունը։ Քաղաքային իշխանությունները շատ դեպքերում կաշկանդված են լուծել ժամկետանց պայմանագրերն ու ազատել հողակտորները շինություններից, քանի որ Քաղաքացիական օրենսգրքով վարձակալության ժամկետի ավարտից հետո այն գործում է, եթե վարձակալը շարունակում է մուծումներ անել։ Մյուս կողմից, եթե վարձակալը առարկում է տարածքի ապամոնտաժմանը, քաղաքապետարանը ստիպված է երկար ձգվող դատական գործընթացների միջով անցնել՝ ազատելու համայնքային տարածքը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:48 - 20 հունվարի, 2025
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին

«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին

«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին։ Այս մասին ասված է խմբակցության տարածած հայտարարության մեջ։ «Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ «Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու հունվարի 21-ին հրավիրվող արտահերթ նիստին։Մենք հասարակությունը բևեռացնող և Երևանի զարգացմանը խոչընդոտող կեղծ օրակարգեր չենք քննարկում։ Մենք հասկանում ենք, որ տրանսպորտային միասնական համակարգի յուրացման հարցում ամեն օր բոլորս բախվում ենք տարբեր խնդիրների: Շնորհակալ ենք ձեր բարձրացրած հարցերի համար, որոնք քաղաքային իշխանությունը քննարկում է ու լուծումներ գտնում։ Մենք պետք է ունենանք 21-րդ դարի զարգացած մայրաքաղաքին համապատասխան տրանսպորտային համակարգ: Մեր նպատակը հստակ ժամանակացույցով աշխատող, կահավորված կանգառատեղիներով,  վարորդների աշխատանքի նպաստավոր պայմաններով համակարգ ստեղծելն է: Այո, սկզբում բարդություններ են լինելու ու ժամանակավոր դժվարություններ: Նոր համակարգ է ներդրվում, որին պետք է տիրապետել ու ընտելանալ: Պատրաստ ենք քննարկել Երևանի զարգացման ու երևանցիների խնդիրները լուծելուն ուղղված բոլոր առաջարկները, որոնք քաղաքական շահարկման առարկա չեն: Շնորհակալ ենք երևանցիներին՝ ըմբռնումի ու պատրաստակամության համար»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշենք, որ արտահերթ նիստը նախաձեռնել է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը։ «Արտահերթ նիստ հրավիրելու օրակարգում թիվ մեկ խնդիրն է կասեցնել տրանսպորտի թանկացումը, որն այս քաղաքային՝ ինը տոկոսանոց իշխանություններն ուզում են հրամցնել ժողովրդին՝ մի նոր բեռ ավելացնելով նրանց ուսերին»,- նշել է խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
09:41 - 19 հունվարի, 2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին

Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՀՀ-ում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտակարգ և լիազոր դեսպան Ալեն դը Մյուզյեին:  Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։  Կողմերը փաստել են, որ առկա է լայն դաշտ՝ երկուստեք ծրագրեր իրականացնելու համար: Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետը դեսպանին է ներկայացրել քաղաքաշինական այն խոշոր նախագծերը, որոնք կարող են ներդրումային հետաքրքրություն ունենալ: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանը մեծ առաջընթաց է գրանցում քաղաքաշինության ոլորտում՝ բարելավելու անվտանգությունը, հարմարավետությունը և գրավչությունը ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար: Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ դեսպան Ալեն դը Մյուզյեն նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ երկուստեք հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար։  
10:10 - 16 հունվարի, 2025
Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ու Հայկ Մարությանի՝ ընտրությունների ժամանակ միավորվելու մասին իր խոսքը աղավաղված է ներկայացվել

Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ու Հայկ Մարությանի՝ ընտրությունների ժամանակ միավորվելու մասին իր խոսքը աղավաղված է ներկայացվել

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի ու Հայկ Մարությանի՝ ընտրությունների ժամանակ միավորվելու մասին իր խոսքը աղավաղված է ներկայացվել. «Իրականում, ես նման բան չեմ ասել, ընդհանրապես համարել եմ նախնընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ: Երբ լրագրողը պնդել է այն հարցադրումը, թե արդյո՞ք ես բացառում եմ Մարությանի հետ համագործակցությունը, ես բառացիորեն պատասխանել եմ. «Ինչու՞ պիտի բացառեմ»»: Նշենք, որ պատասխանելով լրագրողի հարցին, թե «հնարավո՞ր է 2026-ին միանաք և միասին պայքարեք իշխանության համար», Զուրաբյանը պատասխանել է․ «Դուք միանգամից շատ հեռուն գնացող եզրակացություններ եք անում․․․ ընդհանրապես կոնսոլիդացվելը լավ գաղափար է, այսօր միայն դա կարող եմ ասել»,- ասել է Զուրաբյանը։  Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ բացառում, Զուրաբյանը նշել է․ «Ինչո՞ւ պիտի բացառեմ որևէ բան»։
18:09 - 15 հունվարի, 2025
Լևոն Զուրաբյանը միացավ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիային |news.am|

Լևոն Զուրաբյանը միացավ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիային |news.am|

news.am: «Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի կողմից կազմակերպված արշավին, որովհետև շատ ճիշտ գաղափար է դրված այս արշավի հիմքում։ Կարծում եմ, որ Հայկ Մարությանը Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ էլ ապացուցեց, որ իր հաշվարկները ճիշտ են, ես դրանք ստուգել եմ»,- նշեց Լևոն Զուրաբյանը։ «Երբ Հայկ Մարությանն ասում է, որ սուբսիդիան ունի սոցիալական և էկոլոգիական իմաստ, ուզում եմ հավելել, որ այն ունի նաև ներդրումային իմաստ։ Տրանսպորտային երթևեկությունը Երևանի տնտեսության արյունն է, որքան արյունն աշխուժանում է, այնքան տնտեսության համար շահավետ է։ Շատ դեպքերում, մարդիկ, օրինակ, հրաժարվում են որևէ աշխատանքի անցնելուց, որովհետև տրանսպորտային ծախսերն այդ աշխատանքը անիմաստ են դարձնում։ Հիմա եթե տրանսպորտային ծախսերը սահմանափակվեն այս սուբսիդիայի շնորհիվ, մարդիկ ավելի ակտիվ կներգրավվեն այդ աշխատանքներին, և՛ գործատուները դրանից կշահեն, և՛ աշխատողները»,- նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիների հետ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիա է իրականացնում։
15:25 - 15 հունվարի, 2025
«Բոյկոտելու ենք, կարող ենք գործադուլ և դասադուլ հայտարարել, կամ հանրային տրանսպորտից չօգտվել». Մարության
 |news.am|

«Բոյկոտելու ենք, կարող ենք գործադուլ և դասադուլ հայտարարել, կամ հանրային տրանսպորտից չօգտվել». Մարության |news.am|

news.am: «Ե՛վ քաղաքացիները, և՛ մենք լիահույս ենք, որ քաղաքային իշխանությունները խելքները գլուխը կհավաքեն, կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է»։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հանրային տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ես երեկ էլ ասացի, որ սա այլանդակ որոշում է։ Կարծում էի, թե մի ամսով հետաձգել են, ժամանակ ունեն կրկին մտածելու, բայց փետրվարի 1-ից այնուամենայնիվ ուզում են թանկացնել հանրային տրանսպորտը։ Սա անընդունելի է թե՛ մեզ համար, թե՛ ժողովրդի, և պետք է պայքարենք թանկացման դեմ»,- ասաց Հայկ Մարությանը։ Հարցին, թե ի՞նչ քայլեր են պատրաստում ձեռնարկել հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարելու համար, Հայկ Մարությանը պատասխանեց. «Այսօր հավաքվել ենք՝ քաղաքացիների կարծիքն այդ մասին լսելու։ Բոյկոտելու ենք, ուղղակի բոյկոտի տարբեր ձևեր կան, մենք պետք է հասկանանք, թե որ ձևն ենք նախընտրելու։ Այսօր բավականին հարցեր կպարզվեն։ Առաջին հերթին ուսանողները կարող են դասադուկլ անել, մարդիկ կարող են գործադուլ անել, կամ ընդհանրապես հանրային տրանսպորտից չօգտվել, կամ մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ և անցնել առաջ։ Մենք պետք է հասկանանք, թե որ ձևն ենք նախընտրում»,- նշեց Երևանի նախկին քաղաքապետը։
13:59 - 15 հունվարի, 2025
ԿԳՄՍ նախարարն ու Երևանի քաղաքապետը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր

ԿԳՄՍ նախարարն ու Երևանի քաղաքապետը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կնքել են մշակույթի ոլորտում համագործակցության հուշագիր: Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում հիմնել Գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ նվիրված սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանին: Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը: Հուշագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանն իրենց լիազորությունների շրջանակում կօժանդակեն Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրմանը` նվիրված արվեստագետի ծննդյան 100-ամյակին, որը լրանում է այս տարի: Նախատեսվում է նաև նրա կյանքին և գործունեությանը վերաբերող ժամանակավոր ցուցահանդեսների և միջոցառումների կազմակերպում: Երևանի քաղաքապետն ու ԿԳՄՍ նախարարը շրջել են հուշարձանի տարածքում, ծանոթացել պայմաններին և քննարկել նախատեսվող աշխատանքները: «Հուշագրի կետերից ամենաառանցքայինն այս շենքում Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարանի հիմնումն է: Այս տարի նշվում է նրա 100-ամյակը, և սա լավագույն նվերը կլինի՝ մեծարելու նրա ստեղծագործական վաստակը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ հուշարձան-շենքի ճարտարապետությունը ոճային առումով համահունչ է Մարկոս Գրիգորյանի ստեղծագործություններին: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է համագործակցությունը և նշել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված թանգարանային տարածքում կիրականացվեն վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ: «Թանգարանը դառնալու է Երևանի կարևոր մշակութային վայրերից մեկը թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար»,- վստահություն է հայտնել քաղաքապետը:
18:13 - 14 հունվարի, 2025
Ուղևորատոմսի զեղչից օգտվելու համար թվայնացված բազա ոչ բոլորի մասով կա. ի՞նչ պետք է անի քաղաքացին այդ դեպքում

Ուղևորատոմսի զեղչից օգտվելու համար թվայնացված բազա ոչ բոլորի մասով կա. ի՞նչ պետք է անի քաղաքացին այդ դեպքում

2025 թ-ի հունվարի 1-12-ը Երևանի քաղաքապետարանի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման 1-05 հեռախոսահամարին ստացվել է 6920 զանգ, որից 3543-ը վերաբերել են նոր միասնական տոմսային համակարգին։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հունվարի 13-ին, քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Հունվարի 7-10-ը օրական ստացվել է 1250 հեռախոսազանգ՝ նախկին 650 –ի փոխարեն, որոնց 50 տոկոսը վերաբերել է տրանսպորտային խնդիրներին։ Զանգերն եղել են հետևյալ բովանդակության. արտոնություններից օգտվելու կարգի և առաջացած խնդիրների վերաբերյալ խորհրդակցությունների տրամադրում, քարտերի ձեռքբերման վերաբերյալ խորհրդակցություն կտրոնների ժամկետների վավերականության կրճատման վերաբերյալ դժգոհություն, բանկային քարտերով վճարման խնդիրների վերաբերյալ դժգոհություններ, ավտոբուսների QR կոդերը չճանաչելու, ինչպես նաև տեխնիկական խնդիրների վերաբերյալ դժգոհություններ։ «Թելսել» տերմինալներից, ինչպես նաև հավելվածի միջոցով կտրոն չտրամադրելու վերաբերյալ դժգոհություններ, ՆԳՆ-ի և ՊՆ-ի աշխատակիցների և հարակից մարզերի բնակիչների կողմից արտոնությունների ցանկում ներառված չլինելու վերաբերյալ դժգոհություններ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, միասնական տոմսային համակարգից օգտվող արտոնյալ խմբերին անդրադառնալով՝ հետաքրքրվեց, թե արդյոք transport.yerevan.am կայքում տվյալ անձինք կարող են գտնել իրենց տվյալները և ստանալ իրենց արտոնությունը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ Երևանի տրանսպորտում արտոնյալ կարգավիճակ ստանալու համար թվայնացված բազա ոչ բոլորի մասով կա․ «Այն մարդիկ, որոնք իրենց տվյալները չեն գտնում, բայց վստահ են, որ արտոնյալ են, համապատասխան փաստաղթղթերով կարող են ներկայացնել օնլայն դիմում»: Քաղաքապետն առաջարկեց խոսել բոլոր արտոնյալ խմբերի մասին առանձին-առանձին, քանի որ բազաները Երևանի քաղաքապետարանինը չեն, հետևաբար, հնարավոր է՝ հավելյալ տեղեկատվության կարիք լինի։․ «Արտոնյալ կարգավիճակ ստանալու համար ուսանողները պետք է սպասեն մինչև հունվարի 20-ը: ԿԳՄՍ-ն հավաստիացրել է, որ մինչև հունվարի 20-ը բազաներն ամբողջությամբ համալրված կլինեն»,- ասաց Գրիգորյանը։ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, եթե ուսանողը ցանկանում է օգտվել արտոնությունից, բայց բազայում առկա չէ իր անունը ի՞նչ պետք է անի։ Գրիգորյանը պատասխանեց, որ պետք է սպասի մինչև հունվարի 20-ը։ Գրիգորյանն ասաց, որ դպրոցականների հետ կապված խնդիր չեն նկատել։ Վստահեցրեց, որ թոշակառուների հետ կապված էլ խնդիր չկա։ Տիգրան Ավինյանը նաև նպաստառուների բազայի մասին հարցրեց, սակայն տեղեկացրին, որ այս մասով համակարգային խնդիր չկա, կա կետային խնդիր, որոնցով անհատական զբաղվում են։ Ավինյանը նշեց, որ Transport.yerevan.am  կայքում յուրաքանչյուր մարդ գրանցվելով կարող է ստանալ իր արտոնությունը, եթե նա որևէ արտոնյալ խմբի մեջ ներգրավված է:
13:05 - 13 հունվարի, 2025