ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Վերջին 7 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք

Վերջին 7 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք

Վերջին 7 օրվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 71 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (109 դեպք) նվազել է 38 դեպքով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:   «Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 7 օրվա ընթացքում կազմել է 10.7%, այնինչ նախորդ շաբաթ՝ 15.6%:   Այս պահի դրությամբ վարակի վերարտադրության ցուցանիշը (7 օրվա հաշվարկով) կազմում է Rt=0.82:   Հայաստանում այժմ շրջանառվում են XBB. 1.5 (Kraken), XBB.2.3 (Acrux), XBB.1.16 (Arctura), XBB 1.9.1 (Hiperion), FL.1.5.1 (Fornax), EG.5.1 (Eris) տարբերակները, ինչպես նաև առաջին անգամ հայտնաբերվել են օմիկրոնի BA.2.86 (Pirola) տարբերակը և նրա ճյուղը՝ JN.1:   BA.2.86 տարբերակն առաջին անգամ աշխարհում հայտնաբերվել է 2023 թվականի օգոստոս ամսին: Այժմ ուսումնասիրություններ են իրականացվում ավելի լավ հասկանալու դրա հնարավոր ազդեցությունը հանրային առողջության վրա:   Այս պահին առկա տեղեկատվությամբ BA.2.86-ը չի հանգեցնում վարակների կամ հոսպիտալացումների աճի»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:45 - 01 դեկտեմբերի, 2023
Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում

Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շրջել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» վերանորոգված և վերազինված լաբորատորիայում: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կենտրոնը հագեցվել է Համաշխարհային առաջատար արտադրողների շուրջ 20 սարքավորումով և քիմիապես կայուն լաբորատոր կահույքով:   Լաբորատորիայի վերանորոգման և վերազինման աշխատանքներն իրականացվել են Կառավարության ֆինանսական աջակցությամբ. տրամադրվել է շուրջ 595 մլն դրամ:   «Փորձագիտական այս կենտրոնը կատարում է պետական բացառիկ ֆունկցիա` ապահովելով մեր երկրի դեղորայքային անվտանգությունը: Լաբորատորիայի ամբողջական վերանորոգման և վերազինման ծրագրի առաջին փուլն ենք իրականացրել` տրամադրելով ժամանակակից սարքավորումներ, հաջորդիվ աշխատելու ենք շենքային պայմանների բարելավման ուղղությամբ»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:   Նախարարն ընդգծել է որակի միջազգային սերտիֆիկատներով հավաստված, հավասարը չունեցող լաբորատորիա ունենալու տեսլականը, որը կընդլայնի իր գործառույթները գիտական, արտադրական տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում, խթան կլինի մեր երկրի դեղագործական արտադրանքի զարգացման գործում:
20:08 - 28 նոյեմբերի, 2023
Բելգիայում այրվածքներով բուժում ստացող 3 տուժածից 2-ն ապաքինվել են, 1 տուժած կշարունակի բուժումը

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող 3 տուժածից 2-ն ապաքինվել են, 1 տուժած կշարունակի բուժումը

Բելգիայում այրվածքներով բուժում ստացող երեք տուժածից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին՝ Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: «Շատ շուտով Բելգիան դեսպանություն կբացի Երևանում՝ ի նշան համերաշխության: Այդ ծանր օրերին տպավորված էի Բելգիական առաջին օգնության և աջակցության թիմի (B-FAST), ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և ձեր համակարգված աշխատանքով` տուժածներին օգնելու հարցում»,- նշել է դեսպանը: Քննարկվել են առողջապահական համակարգային բարեփոխումներն ու մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությունը` առողջության համապարփակ ապահովագրության փորձագիտական աջակցություն. այրվածքների կառավարման, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն. դեղագործության ոլորտում կապերի խորացում. ուռուցքաբանության ոլորտում գործընկերային կապերի հաստատում: Նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
14:53 - 27 նոյեմբերի, 2023
ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիներից երկրորդի կյանքը փրկել չի հաջողվել. Ավանեսյան
 |1lurer.am|

ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիներից երկրորդի կյանքը փրկել չի հաջողվել. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր: Ցավոք, հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է (ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է): Բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում: «Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի դինամիկ բժշկական հսկողության տակ»,- գրել է ՀՀ առողջապահության նախարարը: Ինչպես տեղեկացրել էինք, պայթյուն էր տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ ՆԳՆ-ն մանրամասներ էր հայտնել ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի վերաբերյալ:
15:29 - 23 նոյեմբերի, 2023
ՀՀ-ում արցախցի մոտ 3000 գրանցված բուժաշխատող կա. նրանք մինչև 2025-ի հունվարի 1-ը կարող են աշխատել առանց հավաստագրման
 |aysor.am|

ՀՀ-ում արցախցի մոտ 3000 գրանցված բուժաշխատող կա. նրանք մինչև 2025-ի հունվարի 1-ը կարող են աշխատել առանց հավաստագրման |aysor.am|

aysor.am: Հայաստանում Արցախից բռնի տեղահանված մոտ 3000 բուժաշխատող կա, որոնք 2025 թ.-ի հունվարի 1-ից պետք է հավաստագրում անցնեն. այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ Ըստ նրա՝ չնայած բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրենքի պահանջին, որ բոլոր բուժաշխատողները շարունակական մասնագիտական զարգացման համար պետք է հավաստագիր ունենան, Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների համար բացառություն է սահմանվել և այս կարգավորումը կտարածվի նրանց վրա միայն 2025 թվականի հունվարի 1-ից։ Ալեքսանդր Բազարչյանն ասաց, որ այս պահի դրությամբ 100-ից ավելի հավաստագրված արցախցի բուժաշխատող կա Հայաստանում, որոնց մի մասը դրանք ստացել է բժշկական ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, իսկ մյուս մասը հավաքել է անհրաժեշտ կրեդիտները։ «Հայաստանում, ըստ վիճակագրական տվյալների, մոտ 3000 գրանցված բուժաշխատող կա, որոնցից 300-ից ավելին բժիշկ է, 600-700-ը` բուժքույր։ Նրանց մասին մենք բոլոր տվյալներն ունենք` որքան կրեդիտ պետք է հավաքեն, օրդինատուրայի ինչ ծրագիր պետք է անցնեն, ինչ կարճաժամկետ մասնագիտացման ծրագրի կարիք ունի, և այլն։ Այս բուժաշխատողների մեծ մասին պետական պատվերով արդեն ուղղորդել են Երևանի պետական բժշկական համալսարան կամ Առողջապահության ազգային ինստիտուտ», - ասաց Բազարչյանը։
16:17 - 22 նոյեմբերի, 2023
Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է. դեսպանը՝ Անահիտ Ավանեսյանին

Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է. դեսպանը՝ Անահիտ Ավանեսյանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից: «Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,- նշել է Ֆուկուսիմա Մասանորին: «Գնահատելի է ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է նախարարը: Երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են` Նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին. վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենայի նվիրաբերում. պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում Վանաձորի բժշկական կենտրոնում: Առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը:
13:27 - 21 նոյեմբերի, 2023
ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով  նախնական տվյալներով կա մահվան դեպք, երեք տուժաժ հոսպիտալացվել է․ ԱՆ

ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, երեք տուժաժ հոսպիտալացվել է․ ԱՆ

Ինչպես արդեն հայտնել էինք,  հրդեհ է բռնկվել ԵՊՀ մասնաշենքերից մեկում, որտեղ գտնվում են Քիմիայի, Աշխարհագրության ֆակուլտետները, Ֆարմացիայի ինստիտուտը։  ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք: «Նախնական տվյալներով երեք տուժաժ հոսպիտալացվել է: Ցուցաբերվում են անհրաժեշտ բժշկական օգնությունն ու հետազոտությունները»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։ ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանն էլ հայտնում է, որ հրդեհը բռնկվել է ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Խոսնակը նշել է, որ ավելի ուշ հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ։
10:44 - 17 նոյեմբերի, 2023
Գործարկվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստրը»

Գործարկվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստրը»

Գործարկվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստրը»: Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հանրապետությունում գործող միջին և ավագ բոլոր բուժաշխատողները պետք է գրանցվեն էլեկտրոնային այս հարթակում: Յուրաքանչյուր բուժաշխատող, ունենալով իր օգտահաշիվը, այստեղ հավաքագրելու է իր մասնագիտական կրթության և աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը: «Հաշիվը կառավարելու է հենց բուժաշխատողը` պարբերաբար կատարելով թարմացումներ մասնագիտական կրթության և գործունեության մասին: Այս ռեգիստրի նպատակն է հավաքագրել և ունենալ Հայաստանում գործունեություն ծավալող առողջապահության մասնագետների ամբողջական շտեմարան։ Այն հնարավորություն կտա գնահատել հանրապետությունում առկա առողջապահության մասնագետների ռեսուրսի առկայությունը, պահանջարկը, իրականացնել կանխատեսում և վերլուծություն, որը կապահովի ռեսուրսի ճիշտ պլանավորում և բաշխում, ինչպես նաև կիրականացնի աշխատաշուկայի ճիշտ կառավարում: Ռեգիստրում շտեմարանի ձևավորումից հետո Էլեկտրոնային առողջապահության համակարգում չի կարող գործունեություն իրականացնել այն բուժաշխատողը, որը ռեգիստրում չունի հաստատված գրանցում և հաշիվ»,- տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գրանցվելու քայլերի հաջորդականությունը ուղեցույցում: 
18:44 - 15 նոյեմբերի, 2023
Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
 |civilnet.am|

Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ 2024-ին իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16,4 տոկոսով: «Դրա շնորհիվ մեր երկրում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության պահպանմանն ու աշխատունակության պահպանմանը, նաև որոշակի առումով անվտանգային կարևոր լուծում է»,- ասել է նախարարը։ Ավանեսյանը նշում է, որ ջրծաղիկը բարձր վարակելիություն ունի. «Եթե մանկապարտեզում մեկ խմբում ջրծաղիկի դեպք է գրանցվում, ապա այդ հաստատությունում գրեթե բոլորը վարակվում են, լինում են նաև ծանր դեպքեր»:
14:29 - 06 նոյեմբերի, 2023
Ավանեսյանը՝ անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների վաճառքի ու օգտագործման արգելքի մասին |1lurer.am|

Ավանեսյանը՝ անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների վաճառքի ու օգտագործման արգելքի մասին |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության ոլորտի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումների մասին քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը տեղեկացրեց, որ շատ ծնողներ դիմել են իրեն և այլ պատգամավորների՝ Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, նաև վաճառքն անչափահասների շրջանում արգելելու հարցով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ու վաճառքը նույնքան անընդունելի համարեց, որքան ալկոհոլինն ու ծխախոտինը՝ նշելով, որ երևույթը բացասաբար է անդրադառնում նրանց ֆիզիկական աճի և հոգեկան առողջության վրա: «Եթե էներգետիկի մասով մենք չունենք նման կարգավորում, ապա ալկոհոլի և ծխախոտի մասով ունենք կարգավորումներ, և պետք է վերահսկողության ուժեղացմամբ էլ հասնենք նրան, որ երեխաներին ուղղակի անհնար լինի ծխախոտ վաճառելը, անհնար լինի ալկոհոլ վաճառելը»,- ասաց նախարարը, ապա ընդգծեց, որ չնայած ալկոհոլի և ծխախոտի դեպքում կա օրենքով սահմանված արգելք՝ այն չվաճառելու, սակայն այսօր էլ հնարավոր է խանութներից դուրս գալիս տեսնել անչափահասների՝ ծխախոտը և ալկոհոլը ձեռքին: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով թեմային, տեղեկացրեց, որ իրեն ևս շատ ծնողներ են դիմել այս հարցով. «Զբոսնելիս մոտենում են և բարձրաձայնում են հարցը: Մի տեսակ մոդայիկ է դարձել դպրոցականների շրջանում: Այո՛, շատ կարևոր հարց է, սրան ինչ-որ կերպ պետք է լուծում տրվի»:
13:15 - 06 նոյեմբերի, 2023
Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու
 |armenpress.am|

Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2024 թվականին շարունակվելու են 2023-ին մեկնարկած՝ մի շարք բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները, նաև մեկնարկելու են մի շարք հիվանդանոցների և առողջության առաջնային պահպանման օղակի հաստատությունների շինարարությունը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ներկայացրեց իրականացվող աշխատանքները: 2018-ին առողջապահության ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1.3 մլրդ դրամ, 2024-ին ոլորտի կապիտալ ծախսերին հատկացվել է ավելի քան 11 մլրդ դրամ: Նախարարը հիշեցրեց, որ մինչև 2026թ պետք է վերակառուցեն, կառուցեն, վերազինեն առնվազն 50 առողջապահական կազմակերպություններ: Ավանեսյանը նախ ներկայացրեց արված աշխատանքը՝ օրեր առաջ բացվել է Մարտունու բժշկական կենտրոնը, որի վրա Համաշխարհային բանկի հետ համատեղ պետությունը ծախսել է 3.2 մլրդ դրամ: 3 տարվա ընթացքում կառուցվել է 79 մահճակալից բաղկացած, բոլոր սարքավորումներով հագեցած կենտրոն: Մինչև տարեվերջ կավարտվի նաև Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցումը, կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով: Այսինքն՝ 2023-ին շահագործման է հանձնվում 2 առողջապահական հաստատություն: Հաջորդ տարի շարունակվելու են  Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Սիսիանի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, դրանք կավարտվեն 2025-ին: «Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում և շարունակվելու են հետևյալ օբյեկտները՝ Վաղարշապատի բժշկական կենտրոնի, Թալինի բժշկական կենտրոնի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի, Աշտարակի բժշկական կենտրոնի, Մասիսի, Արտաշատի, Նաիրիի, Տաշիրի, Չարենցավանի բժշկական կենտրոնների շինարարությունները: Դրանցից մեծ մասի ավարտական աշխատանքները նախատեսված են հենց 2024թ 3-4-րդ եռամսյակներում»,-ասաց նախարարը: Վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվելու են Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքի, Հիվանդությունների վերահսկողման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արմավիրի և Արարատի մարզային մասնաճյուղերի արդիականացման աշխատանքները: Նախարարը նաև ներկայացրեց  2024-ին մեկնարկող կապիտալ աշխատանքները: Այդ աշխատանքների թվում են շտապօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների տեխնիկական վերազինումը, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի, Կապանի, Սևանի, Բերդի դիահերձարանների վերակառուցումները, Արթիկի ԲԿ-ի, Վարդենիսի, Վեդիի,  Ջերմուկի առողջության կենտրոնի, Արմավիրի մարզի Զարիշատի Մարտին Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի,  Նոր Հաճընի պոլիկլինիկայի, Գյումրու թիվ 1, 2 պոլիկլինիկաների, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի, Կապանի բժշկական կենտրոնի (խոսքը պոլիկլինիկայի հատվածի մասին է), Գորիսի բժշկական կենտրոնի (պոլիկլինիկայի հատվածը), Արարատի հիվանդանոցի (պոլիկլինիկայի հատվածը), Վայքի պոլիկլինիկայի, Գավառի պոլիկլինիկայի շինաշխաատանքները: Վերոնշյալ բոլոր պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքների համար այս տարի արդեն որոշակի գումար հատկացվել է, աշխատանքները մեկնարկել են, հաջորդ տարվանից կսկսվեն շինարարական աշխատանքները: 2024 թվականին կմեկնարկեն ևս 20 ամբուլատորիաների շինարարական աշխատանքները:
12:29 - 06 նոյեմբերի, 2023
Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան
 |armenpress.am|

Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը արդեն ընդունված է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը կիրականացվի 2026 թվականին։ Այն նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով։ Ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված և պլանավորված են»,- ասաց Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգով ամբողջ կառուցվածքը և տրամաբանությունը շարադրված են։ «Առաջիկայում Ազգային ժողով կգա օրենսդրական մեծ փաթեթ, և դրա շրջանակներում քննարկումներ և բանավեճեր կունենանք։ Ազգային ժողովը պետք է ընդունի և հաստատի օրենքը, որի հիման վրա կառավարությունը արդեն իսկ այդ օրենքից բխող տրամաբանությամբ կիրականացնի բոլոր միջոցառումները՝ հիմնադրամի ստեղծումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և այլն։ Բնականաբար, բոլորիս նպատակն է հանրությանը տրամադրել միանման, հասանելի և մատչելի բժշկական ծառայություն»,- եզրափակեց Զեյնալյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ 2024 թվականի կեսերից առողջապահական ապահովագրության ներդրումը սկսելու համար կհատկացվի 18 միլիարդ դրամ։ «Առոջապահական ապահովագրության ներդրման հայեցակարգը բավականին ծավալուն, բայց նաև շատ հստակ սկզբունքներ, մոդել և կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն ոչ միայն ընդհանրական, բնութագրիչ և սկզբունքներ հավաստող է, այլ նաև հայեցակարգի մեջ բավականին հարցերի պատասխաններ են տրված։ Շուտով կունենանք օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,- ասաց Ավանեսյանը։
11:44 - 06 նոյեմբերի, 2023