Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու
 |armenpress.am|
12:29 - 06 նոյեմբերի, 2023

Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2024 թվականին շարունակվելու են 2023-ին մեկնարկած՝ մի շարք բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները, նաև մեկնարկելու են մի շարք հիվանդանոցների և առողջության առաջնային պահպանման օղակի հաստատությունների շինարարությունը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ներկայացրեց իրականացվող աշխատանքները:

2018-ին առողջապահության ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1.3 մլրդ դրամ, 2024-ին ոլորտի կապիտալ ծախսերին հատկացվել է ավելի քան 11 մլրդ դրամ: Նախարարը հիշեցրեց, որ մինչև 2026թ պետք է վերակառուցեն, կառուցեն, վերազինեն առնվազն 50 առողջապահական կազմակերպություններ:

Ավանեսյանը նախ ներկայացրեց արված աշխատանքը՝ օրեր առաջ բացվել է Մարտունու բժշկական կենտրոնը, որի վրա Համաշխարհային բանկի հետ համատեղ պետությունը ծախսել է 3.2 մլրդ դրամ: 3 տարվա ընթացքում կառուցվել է 79 մահճակալից բաղկացած, բոլոր սարքավորումներով հագեցած կենտրոն: Մինչև տարեվերջ կավարտվի նաև Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցումը, կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով: Այսինքն՝ 2023-ին շահագործման է հանձնվում 2 առողջապահական հաստատություն:

Հաջորդ տարի շարունակվելու են  Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Սիսիանի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, դրանք կավարտվեն 2025-ին:

«Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում և շարունակվելու են հետևյալ օբյեկտները՝ Վաղարշապատի բժշկական կենտրոնի, Թալինի բժշկական կենտրոնի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի, Աշտարակի բժշկական կենտրոնի, Մասիսի, Արտաշատի, Նաիրիի, Տաշիրի, Չարենցավանի բժշկական կենտրոնների շինարարությունները: Դրանցից մեծ մասի ավարտական աշխատանքները նախատեսված են հենց 2024թ 3-4-րդ եռամսյակներում»,-ասաց նախարարը:

Վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվելու են Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքի, Հիվանդությունների վերահսկողման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արմավիրի և Արարատի մարզային մասնաճյուղերի արդիականացման աշխատանքները:

Նախարարը նաև ներկայացրեց  2024-ին մեկնարկող կապիտալ աշխատանքները: Այդ աշխատանքների թվում են շտապօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների տեխնիկական վերազինումը, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի, Կապանի, Սևանի, Բերդի դիահերձարանների վերակառուցումները, Արթիկի ԲԿ-ի, Վարդենիսի, Վեդիի,  Ջերմուկի առողջության կենտրոնի, Արմավիրի մարզի Զարիշատի Մարտին Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի,  Նոր Հաճընի պոլիկլինիկայի, Գյումրու թիվ 1, 2 պոլիկլինիկաների, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի, Կապանի բժշկական կենտրոնի (խոսքը պոլիկլինիկայի հատվածի մասին է), Գորիսի բժշկական կենտրոնի (պոլիկլինիկայի հատվածը), Արարատի հիվանդանոցի (պոլիկլինիկայի հատվածը), Վայքի պոլիկլինիկայի, Գավառի պոլիկլինիկայի շինաշխաատանքները: Վերոնշյալ բոլոր պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքների համար այս տարի արդեն որոշակի գումար հատկացվել է, աշխատանքները մեկնարկել են, հաջորդ տարվանից կսկսվեն շինարարական աշխատանքները:

2024 թվականին կմեկնարկեն ևս 20 ամբուլատորիաների շինարարական աշխատանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել