ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ընկերության տնօրենից բռնագանձել 1 մլրդ 233 մլն դրամ և 5 անշարժ գույք

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ընկերության տնօրենից բռնագանձել 1 մլրդ 233 մլն դրամ և 5 անշարժ գույք

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 95-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Բաց բաժնետիրական ընկերության սեփականատեր և գլխավոր տնօրեն Գ. Մանուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝  5 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց,  Բաց բաժնետիրական ընկերության 10 հազար 782 բաժնետոմս,  1 մլրդ 233 մլն 132 հազար դրամ (735 մլն 654 հազար դրամ՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել, 491 մլն 246 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ, 6 մլն 230 հազար դրամ՝ ավանդ):
12:08 - 20 հունվարի, 2024
«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

«Մենք բարձրացել ենք սար, Վահանյանը մնացել է թիկունքում»․ Խուռհատ սարի գործով վկայի հարցաքննությունը

44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Գասպարյանը 3 ամսվա զինծառայող էր, երբ գումարտակի կազմով մարտական առաջադրանք էր ստացել՝ մեկնելու Հադրութին հարակից Խուռհատ սար՝ պաշտպանության։ Այսօր՝ ավելի քան 3 տարի անց, նա դատարանում ներկայացնում էր սարում տեղի ունեցած դեպքերը։ Գասպարյանը Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի դիպուկահարների դասակից էր։ Այն նույն գումարտակի, որի հրամանատար Իշխան Վահանյանն այժմ մեղադրվում է վիրավորման պատրվակով մարտի դաշտը ինքնակամ լքելու եւ իշխանության անգործության մեջ։ Նա կալանավորված է։ Հարցաքննության սկզբում Ալբերտն ասաց, որ ծառայությունից ճանաչում է Վահանյանին, նրա հետ որեւէ տեսակի հարաբերություն չունի։ Դատավոր Ջոն Հայրապետյանի հարցին, թե ինչու ինքնակամ չէր ներկայանում դատարան, վկան պատասխանեց, որ չէր հարմարեցնում․ –Չէ՞ որ Ձեզ էլ է վերաբերում այս գործը, Ձեր համածառայակիցներին․․․ Դուք էլ պետք է շահագրգռված լինեք, դա քաղաքացիական պարտք է,– նշեց դատավորը։ Ըստ վկայի՝ զորքը բարձրացել է սարը, Վահանյանը մնացել է դրա ներքեւում Պատասխանելով հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի հարցերին՝ վկա Ալբերտ Գասպարյանը պատմեց, որ պատերազմի սկզբում եղել են Ջրականի դիրքերում, այնտեղ մնացել մի քանի օր։ Եղել է հրամանատարական դիտակետ, որից ինքը գտնվել է մոտ 20 մետր հեռավորության վրա։ Վահանյանին, որն այդ ժամանակ դեռ իրենց շտաբի պետն էր, տեսել է, բայց նրա հետ որեւէ առնչություն չի ունեցել։ Այդ օրերին տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ զոհվել է գումարտակի՝ այդ ժամանակվա հրամանատար Սամվել Սահակյանը։ Որեւէ այլ սպայի, այդ թվում՝ Վահանյանի վիրավորման մասին վկան չի լսել։  Դրանից օրեր անց նահանջել են Հադրութ, մեկ օր մնացել Հադրութի զորամասում, ապա տեղափոխվել դպրոց։ Դպրոցում եւս, ըստ վկայի, Վահանյանը առաջին հայացքից վիրավորում ստացածի տպավորություն չի թողել։ – Ինչպե՞ս կբնութագրես Վահանյանին,– հարցրեց մեղադրողը։ – Նորմալ,– պատասխանեց վկան։ – Նորմալ հասկացություն ծառայության մեջ չկա, կա պատասխանատու, կա քաջ,–  արձագանքեց դատավորը։ – Քաջը քաջ չէր․․․ –Նրա հրամանները կատարո՞ւմ էիք։ – Մինչեւ սար բարձրանալը կատարում էինք։ Նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը Խոսելով Խուռհատ սարում տեղի ունեցածի մասին՝ վկան պատմեց, որ ինքը տեղակայվել է վիշկայից մոտ 10 մետր վերեւ, իսկ Վահանյանը գտնվել է ներքեւում՝ դեպի սար բարձրացող արահետի սկզբում, որտեղ նաեւ մեքենաներն էին։  Երբ հարձակումը սկսել է, ողջ ընթացքում որեւէ հրաման, այդ թվում՝ Վահանյանից չի լսել։ Նրան հանդիպել է, երբ վիրավորներին սարից իջեցնելիս է եղել․ «Վիրավոր կար, իջեցնում էինք, որ դնեինք մեքենան, տանեին, էդ ժամանակ տեսել եմ Վահանյանին, ավտոմեքենաներից մի քիչ առաջ․․․ Կանգնած էր, ռացիայով խոսում էր, բայց չեմ լսել, ուշադրություն չեմ դարձրել՝ ինչ էր անում․․․ Արտառոց վարքագիծ չեմ նկատել,  նորմալ էր»,– պատմեց վկան՝ նշելով, որ այլեւս սար չի բարձրացել, որովհետեւ զորքը արդեն նահանջելիս է եղել․ «Վահանյանին տեսանք ՈՒՌԱԼ–ի մեջ նստած, ինքը գնաց, մենք մնացինք մինամյոտի պետի (Հովհաննես Մուրադյան) եւ կապի պետի (Արսեն Ղարիբյան) հետ»,– ասաց վկան։ Վկան չմտաբերեց, թե ներքերում որեւէ մեկը բեկորային վնասվածք ստացած լինի․ ասաց՝ այդ ուղղությամբ կրակում էին, բայց պայթյուններ չեն եղել։ Նշենք, որ Վահանյանը, ըստ բժշկական տեղեկանքների, բեկորային վնասվածք է ունեցել, սակայն դատարանում հարցաքննված անձինք բացառել են այդտեղ բեկորային վնասվածք ստանալու հավանականությունը, ենթադրել, որ Վահանյանն իր ավելի վաղ ստացած վիրավորման պատրվակով է թողել գումարտակին։ – Վահանյանի մեքենա նստելը տեսե՞լ եք։ – Չէ։ – Ի՞նքն էր վարում։ – Չէ, ուրիշ մարդ էր վարում, ինքը կողքը նստած էր, բայց մեր գումարտակի մեքենաներ չէին։ – Իսկ իմացա՞ք՝ ինչի է նստել, չփորձեցի՞ք դուք էլ հետը գնաք։ – Էդ ժամանակ էլ հետաքրքիր չէր, մեր գումարտակի հրամանատարն էր, մեքենայով գնացել է, մենք ոտքով չէինք կարող իր հետեւից գնալ, կամ նստեինք էդ մեքենան։ – Փորձեիք կանգնեցնել մեքենան․․․ – Էդ ժամանակ խառն էր իրավիճակը, ո՞վ կմտածեր կանգնեցնել մեքենան։ Ըստ վկայի՝ զորքի ղեկավարումը որեւէ մեկը չի ստանձնել Վահանյանի հեռանալուց հետո պարտականությունների կամ կապի միջոցի փոխացում, ըստ վկայի չի եղել։ Կոնկրետ որեւէ մեկը չի ստանձնել զորքի ղեկավարումը, իրենց ուղղորդել են կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանն ու ականանետային մարտկոցի հրամանատար Արսեն Ղարիբյանը։ Նահանջի ժամանակ, երբ հակառակորդը դարձյալ կրակ է արձակել զորքի ուղղությամբ, իրենք բաժանվել են․ Ալբերտը մնացել է Հովհաննես Մուրադյանի 100-հոգանոց խմբի հետ։  Մուրադյանի գլխավորությամբ շարժվել են մի գյուղի ուղղությամբ, որի անունը վկան չմտաբերեց։ Այդտեղ դարձյալ հարձակման են ենթարկվել։ Հովհաննես Մուրադյանը զոհվել է, ինքը՝ ձեռքից վիրավորվել․  «Մենք մտել էինք կիրճը, մեր կեսը դեռ չէր հասել, հարձակումը որ սկսվեց, կեսը հետ գնացին, մենք դիմակայելով իջանք ներքեւ, Մուրադյանը էդտեղ զոհվեց նռնակի եւ դիպուկահարի հարվածից, վիրավորներ կային, գրադ բացեցինք իրենց ուղղությամբ, որ վիրավորներին հանեինք, գնացինք էդ գյուղ, մի տան պադվալ մտանք»։ Ամբաստանյալ Իշխան Վահանյանը Ալբերտի խոսքով՝ տանը մնացել են մեկ օր, առավոտյան 10-ից ավելի հոգով դուրս են եկել․ վիրավորներից երկուսը այդտեղ զոհվել են (մեկը եղել է Տիգրան Ագանեսյանը, մյուսին վկան չէր ճանաչում), հադրութեցի ծառայակցի հուշումով շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ։ Ճանապարհին հանդիպել են 3 պայմանագրայինի, նրանց հետ միասին քայլել, 2-3 ժամ անց հանդիպել «Դուց»–ի զորքին․ ««Դուց»–ի զորքը փրոձել է կապի դուրս գալ մեր հրամանատարների հետ, կապ չլինելու պատճառով մեզ հետ են բերել, իրենք գալիս էին Հայաստան»։ Ըստ վկայի՝ իրենք չեն իմացել, որ գյուղի այլ տներում նույնպես թաքնված զինծառայողներ կային։ Խնձորեսկի զորամասում վկան վիրակապվել է, ապա՝ տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ, որտեղ էլ հանդիպել է Վահանյանին։ Նկատել է, որ նա ոտքից կաղում է, սակայն այդ թեմայով զրույց, ըստ նրա, չի եղել։ Մեկշաբաթյա մայրական խնամքից հետո վկան վերադարձել է ռազմի դաշտ։ Երկու օր անց պատերազմն ավարտվել է։ Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ կային Հարցաքննության ավարտին հանրային մեղադրողը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքից որոշ հատվածներ, որոնք էական հակասություններ ունեին դատաքննական ցուցմունքի հետ։ Մեղադրողը նշեց, որ վկան հարցաքննվել է 2021 թ․ փետրվար ամսին, պատմել, որ 30 զինծառայողների հետ միասին, կատարելով Վահանյանի հրամանը, բարձրացել է սար, սակայն Վահանյանը մնացել է թիկունքում, որտեղից վերեւ բարձրանալու հրամաններ է տվել։ Վերջինիս թիկունքում մնալը վկան այդ ժամանակ պայմանավորել է նրանով, որ  նա չի ցանկացել առավել վտանգավոր վայր անձամբ բարձրանալ եւ ցանկացել է իրենց ուղարկել։ Դատարանում, սակայն, նա ասաց, թե իր կարծիքով՝ նա մնում էր ներքեւում, որպեսզի կարողանար զորքի հրամանատարությունը իրականացնել։ «Բաներ կան, որ հիմա չեմ հիշում, որովհետեւ շատ ժամանակ է անցել, բայց համապատասխանում է իրականությանը»,- ասաց նա։ Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը Մյուս հակասությունը վերաբերում էր Վահանյանի մեքենան կանգնեցնելու դրվագին։ Նախաքննության ժամանակ վկան պատմել էր, որ մեքենայի շարժվելուց հետո 3 զինծառայող փորձել են այն կանգնեցնել այն, նստել, ինչը, սակայն, դատարանում չնշեց։ Մեքենան, նրա խոսքով, չի կանգնել։ Ցուցմունքի հրապարակումից հետո վկան վերհիշեց, ասաց՝ եղել է նման բան։ Նախաքննական ցուցմունքում վկան ասել էր նաեւ, որ տեսել է Վահանյանի մեքենա նստելը․ «Գտնվել եմ Վահանյանից մոտ 10 մետր հեռավորության վրա, այդ ընթացքում տեսել եմ, որ Վահանյանը միայնակ նստել է ճանապարհի մոտ կայանված մեքենայի ղեկին, ապա գործի դրել շարժիչը եւ միայնակ հեռացել՝ մեզ թողնելով մարտական գործողությունների վայրում»,– ընթերցեց մեղադրողը։ Ցուցմունքի այս դրվագը, սակայն, Ալբերտ Գասպարյանը չպնդեց․ «Ես չեմ հիշում, որ տենց բան ասած լինեմ, ես իրեն տեսել եմ մեքենայի աջ կողմը նստած, վարորդը վարում էր, ինքն էլ կողքին նստած էր»,– ասաց վկան՝ նշելով, որ չի կարող պարզաբանել այդ հակասությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 30-ին։   Միլենա Խաչիկյան
23:09 - 19 հունվարի, 2024
Արագածոտնի նախկին մարզպետին, եղբորն ու նրանց կանանց հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն
 |hetq.am|

Արագածոտնի նախկին մարզպետին, եղբորն ու նրանց կանանց հրավիրել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

hetq.am: Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին, կնոջը, եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանին և վերջինիս կնոջը հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Այս փուլում դատախազությունը չի հրապարակում բռնագանձման ենթակա գույքի ցանկը՝ պատճառաբանելով,  թե ներկայացվող ապացույցներով, բացատրություններով հնարավոր է ցանկը փոփոխվի:  Սարգիս Սահակյանը, կինը՝ Մելինե Գենջոյանը, եղբայրը՝ Նաիրի Սահակյանն ու վերջինիս կինը՝ Կարինե Ավագյանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն պետք է ներկայանան հունվարի 22-ին: Նշենք, որ Սահակյան եղբայրներն անցնում են նաև քրեական գործով: Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Սարգիս Սահակյանը մեղադրվում է այն բանում, որ ի պաշտոնե տեղյակ լինելով Հյուսիս-հարավ միջանցքի շինարարության ծրագրի մասին, որն անցնելու է նաև Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհով, այդ թվում՝ նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքի վարչական տարածքով, Կաքավաձոր համայնքի ղեկավարի հետ եղբորը՝ Նաիրի Սահակյանին թույլատրել է իրականացնել ապօրինի շինարարական աշխատանքներ, նշված գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ շինություններ:  Նախկին մարզպետը, օգտագործելով իր հեղինակությունը մարզի տարածքում, ի պաշտոնե ազդելով Կաքավաձոր համայնքի ղեկավարի  վրա, համոզելով՝ օրինականացրել է ապօրինի շինությունները: Մեղադրանք է առաջադրվել նաև Նաիրի Սահակյանին և Կաքավաձոր համայնքի ղեկավարին: Դատարանում գործի քննությունը շարունակվում է:  
21:13 - 18 հունվարի, 2024
Դատախազությունն ուսումնասիրում է Արցախի ՆԳ նախարարի կողմից ծառայողական մեքենաները յուրացնելու վերաբերյալ հրապարակումը
 |azatutyun.am|

Դատախազությունն ուսումնասիրում է Արցախի ՆԳ նախարարի կողմից ծառայողական մեքենաները յուրացնելու վերաբերյալ հրապարակումը |azatutyun.am|

azatutyun.am: Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է հետաքննող լրագրողների երեկվա հրապարակումը՝ պարզելու՝ արդյո՞ք Արցախի ներքին գործերի նախարարն ու իր մերձավորները յուրացրել են նախարարության ավտոպարկի շուրջ երկու տասնյակ ավտոմեքենաները։ Եթե կասկածները հաստատվեն, իրավապահները քրեական գործ կհարուցեն։ «Կարեն Սարգսյանը, ներքին գործերի նախարար լինելով, նախարարության ենթակայության տակ գտնվող մեքենաները Արցախից դուրս գալու նախօրեին փոխել է իր ծանոթների անուններով, տեղափոխել Հայաստան, տեղափոխել իրեն պատկանող տարածք և ուղղակի թաքցրել», - ասում է «Փաստերի ստուգման հարթակ»-ի լրագրող Սևադա Ղազարյանը, որն այս բացահայտման հեղինակն է։ Տեղեկատվության առաջին աղբյուրը ծանոթներն են, որոնք ավտոլվացման կետում պատահական տեսել են Արցախի ներքին գործերի նախարարության ավտոմեքենաներից մի քանիսը։ Հետո լրագրողն է այցելել տարածք ու նկատել՝ դրանք ծածկված էին քողարկիչ սավանով, իսկ մոտենալն արգելվում էր։ Կասկածներն ամբողջացել են ավտոլացման պատրվակով տարածք երկրորդ անգամ այցելելիս։ «Երկրորդ ավտոլվացման փորձի ժամանակ արդեն նկարահանումներ արեցինք թաքնված, հետո փորձեցինք համեմատել մեր ունեցած ինֆորմացիան, որը մենք ստացել էինք տեսալուսանկարահանումից, այն, ինչ որ կա Արցախի մեքենաների մասով, նաև տրանզիտ համարներ կան, փորձեցինք ճշտել՝ դրանք ում անուններով են գրանցված, ու պատկերն ամբողջացավ, ու այդ ամբողջը կենտրոնանում է մի անձի՝ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի շուրջ», - ասում է լրագրողը։ Հետո արդեն Կադաստրից պարզել է, որ Արցախից Հայաստան բերված ավտոմեքենաները կայանված են մի տարածքում, որը 2015 թվականից պատկանում է հենց Կարեն Սարգսյանին. - «Մեր հերթական այցի ժամանակ, երբ որ մենք փորձեցինք բացահայտ նկարահանումներ անել, հերթական անգամ աշխատողը թույլ չտվեց, մեր հեռախոսի համարները թողեցինք, որ զանգեն՝ տարածքի տերը զանգի, հասկանանք՝ ով է։ Դա ամսի 15-ի երեկոյան էր, 16-ի առավոտյան արդեն մեքենաները տեղում չէինք, այսինքն՝ բոլորը մի գիշերվա ընթացքում անհետացել էին տարածքից»։ Սա մի պետության գույքի մասնավորեցում է, որն այլևս գոյություն չունի, ո՞վ պետք է գնա դրա նետևից, ո՞վ պետք է այս ապօրինության դեմ բողոքի, հարցնում է լրագրողը, որը, սակայն, չի բացառում, որ նախարարն ազնիվ մղումներով է սեփականացրել, որ դրանք չթողնի Ադրբեջանին։ Բայց կա մեկ հանգամանք. - «Պահելը, մեր իմանալուց հեոո դրանք թաքցնելը, ևս մեկ անգամ տեղափոխելը, դրան մոտենալ թույլ չտալ արգելքը, այս բոլորը թույլ են տալիս կասկածել այդ բարի նպատակներին, բարի մղումներին նախարարի, առավել ևս, որ տարել է, սեփական տարածքում է պահել, առավել ևս, որ մեր Ներքին գործերի նախարարությունը տեղյակ չէ դրա մասին, այսինքն՝ որևէ առաջարկ մինչև օրս՝ երեք ամսից ավելի է անցել, տեղյակ չէ, առաջարկ չի ստացել», - նկատեց Սևադա Ղազարյանը։ Կարեն Սարգսյանն այդ գույքը կարող էր նվիրել Հայաստանի ներքին գործերի նախարարությանն, ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավարը։ Դանիել Իոաննիսյանը նկատում է, որ նման նախադեպ եղել էր, երբ Արցախի փրկարարներից մեկը, հասնելով Հայաստան, ձեռքի տակ ունեցած տեխնիկան նվիրել է Հայաստանին։ «Ես՝ որպես Հայաստանի հարկատու, Արցախի իշխանությունների վերցրած վարկերը իմ վճարած հարկերից փակվում են, Հայաստանի բյուջեից Արցախի իշխանությունների վերցրած տարօրինակ վարկերը փակվում են, գոնե այն գույքը, որ եկել է, հասել Հայաստան, իմանամ, որ Հայաստանի պետությանն է մնում, չի կարող այդ գույքը ինչ-որ մեկի անձնական գույքը դառնալ», - ասաց Իոաննիսյանը։ Կարեն Սարգսյանի հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվում, նա հեռախոսազանգերին չի պատասխանում։
16:06 - 17 հունվարի, 2024
Աջափնյակ վարչական շրջանի N 207 մսուր-մանկապարտեզը 2002-2003 թթ. օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Աջափնյակ վարչական շրջանի N 207 մսուր-մանկապարտեզը 2002-2003 թթ. օտարվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասում գտնվող` N 207 մսուր-մանկապարտեզին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Աջափնյակ համայնքի ավագանու՝ 2002 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, համայնքի ենթակայության ներքո գտնվող N 207 մսուր-մանկապարտեզը նույն թվականի սեպտեմբերի 1-ից լուծարվել է: Լուծարումը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային ռեգիստրում գրանցում չի ստացել: Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի սեպտեմբերի 16-ի որոշմամբ՝ վերոնշյալ մսուր-մանկապարտեզի՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողատարածքը վարձակալությամբ՝ 25 տարի ժամկետով, տրամադրվել է Աջափնյակ համայնքի թաղապետարանին: 2002 թվականի հոկտեմբերի 15-ին Աջափնյակ համայնքի N 207 մսուր-մանկապարտեզի անունից Աջափնյակի թաղապետարանի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվել է հողի վարձակալության պայմանագիր: Նույն տարվա նոյեմբերի 15-ին, վերոնշյալ մսուր-մանկապարտեզի հողատարածքի նկատմամբ գրանցվել է Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի սեփականության իրավունքը: «Կրթության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։ Աջափնյակ համայնքի ավագանին, չունենալով N 207 մսուր-մանկապարտեզը ոչ կրթական նպատակներով օտարելու իրավունք, 2002 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ՝ մանկապարտեզը 20 մլն դրամով վաճառել է քաղաքացի Յու.Հ.-ին: Աջափնյակ համայնքի թաղապետն ավագանու կայացրած որոշման հիման վրա՝ 2002 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ՝ N 207 մսուր-մանկապարտեզի շենքը՝ 2477.84 քմ մակերեսով, 20 մլն դրամով վաճառել է նույն քաղաքացուն: Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ համայնքի մի շարք պաշտոնատար անձինք 2003 թվականի փետրվարի 5-ին Յու.Հ.-ի հետ կնքել են 10 հազար 223.7 քմ մակերեսով հողի վարձակալության պայմանագիր: Երևանի քաղաքապետը 2003 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հաստատել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացության համաձայն՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողամասից 6 հազար 644.2 քմ մակերեսով հատվածն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում (օտարման ոչ ենթակա տարածքներ), իսկ 3 հազար 579.5 քմ մակերեսով հատվածն ընդգրկված է սահմանափակումների ցանկում և օտարման ենթակա չէ: Քաղաքապետի որոշմամբ՝ N 207 մսուր-մանկապարտեզի՝ 10 հազար 223.7 քմ մակերեսով հողամասը բաժանվել առանձին գույքային միավորների՝ 6 հազար 644.2 քմ և 3 հազար 579.5 քմ մակերեսներով: 2003 թվականի դեկտեմբերի 30-ին և 31-ին վերոնշյալ երկու հողամասերը վարձակալությամբ տրվել են Յու.Հ.-ին և Վ.Հ.-ին, իսկ 2004 թվականի հունիսի 23-ին՝ հողամասերն ամբողջությամբ օտարվել են վերոնշյալ անձանց (հետագայում գույքերը գրավադրվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տարբեր առևտրային բանկերում, իսկ 2021 թվականին՝ նշված հողատարածքից 2 հազար 900 քմ մակերեսով հողամասը նվիրատվությամբ հանձնվել է Ա.Ե.-ին): Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ): Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:
18:22 - 16 հունվարի, 2024
Աննա Վարդապետյանն ընդունել է Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը

Աննա Վարդապետյանն ընդունել է Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հակակոռուպցիոն ոլորտում Գլխավոր դատախազության կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հեռանկարները: Աննա Վարդապետյանը, մասնավորապես, անդրադարձել է Գլխավոր դատախազությունում 2020 թվականին ձևավորված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության աշխատանքներին և գրանցված արդյունքներին: ՀՀ գլխավոր դատախազն այս համատեքստում ԱՄՆ գործընկերներին տեղեկացրել է, որ ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 94 հայցադիմում, որոնցով Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 1050 անշարժ և 210 շարժական շարժական գույք, շուրջ 280 իրավաբանական անձանցում մասնակցություն, ինչպես նաև ավելի քան 510 մլրդ դրամ (շուրջ 1 մլրդ 253 մլն ԱՄՆ դոլար): «Ունենք նաև հաջողության պատմություններ՝ հաստատված հաշտության համաձայնությունների տեսքով, որոնցով Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 80 մլն դրամ»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ կնքված հաշտությունների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ (շուրջ 5 մլն 405 հազար ԱՄՆ դոլար): Ռիչարդ Նեֆյուն շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքներն ու գործիքները ներկայացնելու համար և ընդգծել, որ Հայաստան կատարած այցի նպատակը հակակոռուպցիոն պայքարին աջակցելն է: Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ամերիկյան գործընկերների հետ Գլխավոր դատախազության փոխգործակցությունն ու դրա շրջանակում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության և Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված աջակցությունը: Աննա Վարդապետյանն ընդգծել է Գլխավոր դատախազության պատրաստակամությունը՝ ուղղված փոխգործակցության ընդլայնմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:14 - 15 հունվարի, 2024
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: «Չնայած գեներալի անցած ուղուն, վաստակին, մարտական գործուղությունների արդյունքում ստացված հաշմանդամությանը և մի շարք այլ հանգամանքների, այնուամենայնիվ քննիչի կողմից դատարան է ներկայացվել Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն։  Միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր՝ Գագիկ Պողոսյանին (Կենտրոն նստավայր)։ Միջնորդության քննության ժամը հստակեցվելուց հետո լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է նա։ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը (ըստ նախնական տվյալների՝ Տիրան Խաչատրյանը), շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։
15:57 - 14 հունվարի, 2024
Դատախազությունում կադրային փոփոխությունները շարունակվում են

Դատախազությունում կադրային փոփոխությունները շարունակվում են

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին: Արմեն Գևորգյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից: Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը փոխադրվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գևորգ Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Գորիկ Հովակիմյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Վաչե Ղազարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արա Մանուկյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Լիաննա Հակոբյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ծովակ Մնացականյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վանանդ Ասատրյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վահան Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին: Ռոբերտ Մհերյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից: Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Դավիթ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Կիմ Հարությունյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գայանե Գասպարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին: Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Արմինե Մկրտչյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին: Զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի դատախազ Գոհար Ադոնցը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:  
17:41 - 10 հունվարի, 2024
Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման

Լիազորությունները կասեցված դատավորը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման

Շուրջ երկու տարի տևած դատաքննությունից հետո, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 9-ի դատավճռով՝ մասնակի բավարարվել է Դատախազության պահանջը (դատախազը պահանջել է 7 տարվա ազատազրկում) և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված) անձը մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ՝ դատապարտվելով ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Լիազորությունները կասեցված դատավորին մեղադրանք էր ներկայացվել այն հանցանքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը (լիազորությունները կասեցված), Մ.Մ.-ի միջոցով, վերջինիս ազգական Ս.Մ.-ից խարդախությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով՝ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մասնավորապես՝ լիազորությունները կասեցված դատավորը խոստացել է, որ նոր երևան եկած հանգամանքի հիմքով կարող է հասնել նոր հայցադիմում ներկայացնելու ճանապարհով՝ հօգուտ Ս.Մ.-ի դատական ակտ կայացնելուն. այդ պատրվակով՝ խաբեությամբ պահանջել է 20 հազար ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ լիազորությունները կասեցված դատավորն ի սկզբանե՝ մինչև գումարը ստանալը, տեղեկացված է եղել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման  հիմքերը բացակայում են: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
16:46 - 09 հունվարի, 2024
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին, վճռաբեկ բողոք է ներկայացվել
 |tert.am|

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին, վճռաբեկ բողոք է ներկայացվել |tert.am|

tert.am: ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին Գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել էր։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, սակայն, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։Ըստ դատախազության՝ քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացում համար։
11:30 - 08 հունվարի, 2024
Հայկազ Բաղմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար. հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում

Հայկազ Բաղմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար. հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում

Դատախազը 2024 թվականի հունվարի 4-ին սեփական նախաձեռնությամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել 1999 թվականից մինչև 2017 թվականը ՀՀ պաշտպանության նախարարությունում զինվորական տարբեր պաշտոններ զբաղեցրած Հ.Բ.-ի նկատմամբ (Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյան-խմբ․): Հանրային նոր քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 251 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար: Հ.Բ.-ին մեղադրանք է ներկայացված նաև հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար (5 դրվագ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:22 - 05 հունվարի, 2024
2021-2023թթ․ ընթացքում որքա՞ն գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը. ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը պատգամավորի հարցին

2021-2023թթ․ ընթացքում որքա՞ն գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը. ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը պատգամավորի հարցին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ներկայացրել է թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը՝ հղում անելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից ստացած տեղեկատվությանը: Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրել է. «Ի պատասխան, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված, իմ հարցմանն առ այն, թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը, ստացել եմ հետևյալ պատասխանը․ 2021թ. դատարաններում քննված և ավարտված 366 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 699.947.114 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է ընդամենը 96.630.949 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 648.257.511 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 72.989.160 ՀՀ դրամը, համայնքներին՝ 51.689.603 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 23.641.789 ՀՀ դրամը:Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 565.762.604 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2021 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 10.335.045.439 ՀՀ դրամի վնաս:2022 թվականի ընթացքում դատարանում քննված և ավարտված 264 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 922.821.912 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 332.413.444 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 894.580.386 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 314.383.544 ՀՀ դրամը, համայնքներին՝ 28.241.526 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 18.029.900 ՀՀ դրամը:Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում պետությանը և համայնքներին պատճառվել է 6.408.476.154 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 3.099.926.011 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 5.530.390.754 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 2.289.987.204 ՀՀ դրամը, համայնքներին պատճառվել է 878.085.400 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 809.938.807 ՀՀ դրամը:ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2022 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29.471.143.103 ՀՀ դրամի վնաս:2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընթացիկ քրեական վարույթներով նախաքննության ընթացքում վերականգնվել է 30.653.431.177 ՀՀ դրամ, որից 30.540.393.532 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնաս, 113.037.645 ՀՀ դրամը՝ համայնքներին, այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3.970.000 ՀՀ դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3.667.000 ՀՀ դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին:Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և 467 քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքը:Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում 2020-2023 թվականների ընթացքում դատարան է ներկայացվել 94 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 510 միլիարդ դրամը:ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ»։
10:44 - 29 դեկտեմբերի, 2023
Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը կվերադարձվի ՀՀ-ին. գլխավոր դատախազ |1lurer.am|

Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը կվերադարձվի ՀՀ-ին. գլխավոր դատախազ |1lurer.am|

1lurer.am: Կառավարության նստին կներկայացվի որոշման նախագիծ, որով կառաջարկվի պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել գույք. խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավայրի 2005 թվականի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ-ին տրամադրված հատուկ նշանակության հողամասին է վերաբերում, որն ունեցել է զորամասի կարգավիճակ. դա «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասներն են: Այդ մասին Կառավարության նիստին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: ««Երասխ-1»-ի վերաբերյալ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ «Երասխ-2»-ը հաջորդիվ արդեն կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին»,- նշեց նա: Աննա Վարդապետյանը ներկայացրեց նախապատմությունը: «ԱԱԾ քննչական դեպարատամենտում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրած անձը, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել էր կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ-2» տարածքը 0.9 հա մակերեսով և դրա վրա առկա շինությունները: 2023 թվականի փետրվարի 7-ին ԱԺ քննարկմանն իմ կողմից ներկայացվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր, որը բավարարվեց, և, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, նախկին նախարարի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում: Ներկայումս գործը գտնվում է դատական քննության փուլում: Քրեական գործից բացի՝ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույցթի շրջանակում 2023 թվականի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորայր Կարապետյանի և երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009 թվականի հունվարի 13-ին Պաշտպանության նախարարության և Նորայր Կարապետյանի միջև կնքված առուծախի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքները: 2023 թվականի սեպտեմբերի 11-ին դատավարության մասկիցների միջև կնքվել է հաշտության համաձայնություն և ներկայացվել դատարան: Հաշտության համաձայնությամբ պատասխանողն ընդունել է գլխավոր դատախազության պահանջը և պարտավորվել նշված պայմանագրով օրենքի խախտմամբ ստացված Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը վերադարձնել ՀՀ-ին: Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը, որից հետո նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը: Հաջորդիվ ներկայացվող նախագծով կառաջարկվի գույքն ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասաց գլխավոր դատախազը:
13:03 - 28 դեկտեմբերի, 2023
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ավազի ապօրինի արդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենների նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ավազի ապօրինի արդյունահանմամբ զբաղված ընկերության տնօրենների նկատմամբ

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սաշա և Սպարտակ» ընկերության՝ տարբեր տարեթվերին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու տնօրենների՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։ Քրեական վարույթով պարզվել է, որ «Սաշա և Սպարտակ» ընկերության երկու տնօրենները՝ Ա.Զ.-ն և Հ.Գ.-ն, 2021 թվականի մայիսի 17-ից մինչև 2022 թվականի մայիսի 5-ը, և 2022 թվականի մայիսի 5-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում, խախտել են ընդերքի պահպանման և օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Մասնավորապես՝ Ա.Զ.-ն և Հ.Գ.-ն, առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ արդյունահանել են պետական սեփականություն համարվող՝ Հարկային օրենսգրքով վճարման ենթակա օգտակար հանածո՝ ընդհանուր 25 հազար 392.1 խմ ծավալի ավազ:  Արդյունքում՝ պետությանը պատճառվել է 43 մլն 583 հազար 300 դրամի վնաս: 2023 թվականի դեկտեմբերի Ընկերության տնօրենների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասով (հողը փչացնելը), 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) և Քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով (հողը փչացնելը): 2023 թվականի դեկտեմբերի 27-ին «Սաշա և Սպարտակ» ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 43 մլն 583 հազար 300 դրամը:
16:55 - 27 դեկտեմբերի, 2023
Դպրոցին հատկացված տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Դպրոցին հատկացված տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գործող` Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային գործը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ՝ դպրոցին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հատկացվել է 19.080 քմ հողատարածք: Երևանի քաղաքապետի՝ 2008 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ՝ դպրոցին հատկացված վերոնշյալ տարածքից 148.71 քմ մակերեսով հողատարածքը, որի վրա քաղաքացի Ս.Յ.-ի կողմից կառուցված է եղել ինքնակամ արտադրական շինություն՝ 132.4 քմ մակերեսով, ճանաչվել է Երևանի քաղաքապետարանի սեփականություն և նույն թվականի նոյեմբերի 14-ին՝ ուղղակի վաճառքով օտարվել այն կառուցած քաղաքացուն: Մինչդեռ, «Կրթության մասին» օրենքի  համաձայն՝ պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի վերաբերյալ, ինչպես նաև այլ դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2023 թվականի դեկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում կներկայացնի Վարչական դատարան՝ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:25 - 22 դեկտեմբերի, 2023