ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ-ը հոկտեմբերի 11-ին այց է իրականացրել Լոռու մարզ

ՄԻՊ-ը հոկտեմբերի 11-ին այց է իրականացրել Լոռու մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 11-ին այց է իրականացրել Լոռու մարզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ: Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից: Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ: Հոսպիտալի տնօրեն Խորեն Ազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարվել տարածքով, ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ: Բուժանձնակազմի հետ քննարկվել են բուժառու զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը: Բուժում ստացող զինծառայողները ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է անցկացրել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: «Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ քաղհասարակությունից լսել իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Անահիտ Մանասյանը:  Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների, կանանց, ազգային փոքրամասնությունների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:
10:30 - 12 հոկտեմբերի, 2024
Պաշտպանը ուսումնասիրություն է սկսել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ հատուկ գործողության առնչությամբ

Պաշտպանը ուսումնասիրություն է սկսել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ հատուկ գործողության առնչությամբ

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ԱԱԾ հատուկ գործողության առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն։ «Դեպքի առնչությամբ երեխաների իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ ցանկացած տեսակի բռնությունից զերծ մնալու, անձնական տվյալների պաշտպանության, անհրաժեշտ աջակցությունների տրամադրման և լավագույն շահի երաշխավորման հետ կապված այլ հարցերը Պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ Այդ համատեքստում առկա խնդիրները բացահայտելու նպատակով Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ իրավասու պետական մարմինների ցանկացած գործողության առանցքում պետք է լինի երեխայի իրավունքների պաշտպանությունն ու լավագույն շահի երաշխավորումը: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հաղորդագրությամբ»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, աշխատակցներից մեկին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Աշխատակցի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ անառակաբարո արարք կատարելու հոդվածով։  Դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգել են, որ ԱԱԾ գործողությունները ահաբեկել են երեխաներին:
17:44 - 10 հոկտեմբերի, 2024
Տեղեկություն ունեմ՝ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինչ հատուկ միջոց է կիրառվել, բայց նախաքննական գաղտնիք է. ՄԻՊ
 |tert.am|

Տեղեկություն ունեմ՝ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ինչ հատուկ միջոց է կիրառվել, բայց նախաքննական գաղտնիք է. ՄԻՊ |tert.am|

tert.am: Այս պահին ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ, շատ մեծ պատասխանատվությամբ և հաճույքով կատարում եմ ՄԻՊ առաքելությունը, այլ մեկնաբանություն այս հարցի հետ կապված չեմ տալիս: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարի պաշտոնում իր հավանական նշանակման լուրերին: Հարցին՝ ոլորտը շատ կտուժի՞, եթե Արփի Դավոյանը նշանակվի նախարար, Մանասյանն ասաց. «Կխնդրեմ այս հարցերի վերաբերյալ այլ հարցադրում չտաք, չեմ մեկնաբանելու»: Մանասյանը նաև անդրադարձավ հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառած հատուկ միջոցին, թե ի վերջո ինչ է կիրառվել: Նա նշեց, որ պետական կառույցները պարտավոր են տրամադրել տեղեկություն ՄԻՊ-ին, ուստի և տրամադրել են և որ ՄԻՊ-ը տեղյակ  է, թե ինչ միջոց է կիրառվել: «Հարցի հիմնական խնդիրն այն է, որ գործ ունենք այս պահին ընթացող գործի քննության հետ քրեական վարույթի շրջանակներում, հետևաբար այդ համատեքստում հարցը նախաքննական գաղտնիքին վերաբերող հարց է, որի վերաբերյալ տեղեկատվություն ինձ ևս փոխանցվել է: Ես հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե ՆԳ նախարարության, թե քննչական համապատասխան մարմնի, համարում եմ, որ ճիշտ կլինի որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը, երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ: Տեղեկատվությունը ես ունեմ, բայց նախաննքական գաղտնիքի հարց է»,- ասաց նա:
12:47 - 10 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա այց են իրականացրել Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Այցերի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բուժօգնության, կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, սննդի որակի հետ կապված հարցերը և այլն։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել շարքային, ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների հետ, քննարկվել են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի տարբեր հարցեր, այդ թվում՝ սոցիալական ապահովության, կրթական ցենզի բարձրացման, ատեստավորման գործընթացի, բնակարանային ապահովության, առողջության պահպանման, սոցիալ-կենցաղային պայմանների և այլնի հետ կապված։ Առանձին հանդիպում է անցկացվել զորամասի կանանց խորհրդի հետ, քննարկվել են կին զինծառայողներին հետաքրքրող տարբեր հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց լուծման մեխանիզմների մասին: Այցերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։ Պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր ամենօրյա ուշադրության ներքո են: Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։ Նշված այցերի արդյունքները ևս ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում, որով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն։
10:25 - 09 հոկտեմբերի, 2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությանն առնչվող հարցերին։ Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։
11:02 - 08 հոկտեմբերի, 2024
ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին

ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի․ արձագանք՝ քաղաքապետի խոսնակի հնչեցրած գնահատականներին

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է Լվովյան փողոցի մի խումբ բնակիչների իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որին սոցիալական ցանցերում արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ գնահատականներ հնչեցնելով ՄԻՊ իրավասության շրջանակների մասին։ ՀՀ ՄԻՊ-ից այս առնչությամբ տեղեկացնում են․ «Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման/դրա բացակայության հանգամանք, եթե խոսքը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից իրավունքների հնարավոր խախտումներին է վերաբերում։ Ընդ որում՝ ՄԻՊ մանդատն ու գործունեության սկզբունքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս անկախությունն ու մանդատը հարգելու չափանիշները սահմանված են միջազգային մի շարք փաստաթղթերում։ Դրանց մի մասին կարող եք ծանոթանալ ՀՀ ՄԻՊ հաստատությանն ի աջակցության Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կողմից հրապարակված հայտարարության տեքստում։ Ընդ որում` այդ սկզբունքներն ունեն այնպիսի կարևոր դերակատարություն ժողովրդավարական պետությունում, որ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացումը ցանկացած ձևով խոչընդոտելու, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։ Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը վերը նշված չափանիշներին հակասող եղանակով գնահատելու, նրա գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի։ Հակառակ դեպքում միջազգային չափանիշների խախտումները պետք է դարձվեն քննարկման առարկա: Հավելենք, որ օրենքին համապատասխան՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որոնք ստացել են Պաշտպանի՝ մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշումը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում: ՄԻՊ հայտարարությանն արձագանքել էր Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ նման գնահատականներ տալը ՄԻՊ իրավասություններից դուրս է։
21:35 - 04 հոկտեմբերի, 2024
Նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի «Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները»՝ այսօր հրապարակված ծավալուն որոշման՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացնում է.   «Ըստ նախնական ուսումնասիրությունների ՄԻՊ-ի կողմից արված եզրահանգումներն ու արտահայտած դիրքորոշումները նման են նրան, որ պաշտպանի անհամաձայնությունն ավելի շատ գործող օրենքների և իրավակարգավորումների է վերաբերում, քանի որ համայնքի կողմից ծանուցման գործընթացները, ժամկետների տրամադրումը, որոշումը ուժի մեջ մտնելուց հետո՝ անմիջապես քանդման գործողություններին ձեռնամուխ լինելն ամբողջությամբ համապատասխանել է օրենքներին և որևէ իրավանորմի խախտում տեղի չի ունեցել:   Բացի այդ, վարչական ակտի ու վարչական մարմնի գործողությունների իրավաչափության գնահատական տվողը դատարաններն են: Այդ գործառույթը բացառապես վերապահված է վարչական դատարանին, ուստի՝ գտնում ենք , որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը նման գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է:   Որոշմանը առավել մանրամասն ծանոթանալուց հետո, անհրաժեշտության դեպքում, հանդես կգանք լրացուցիչ պարզաբանմամբ»,- գրել է Կոստանյանը: Ավելի վաղ ՄԻՊ-ը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները:
19:10 - 04 հոկտեմբերի, 2024
Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Երևանի քաղաքապետարանը խախտել է Լվովյան փողոցի բնակիչների իրավունքները. ՄԻՊ

2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ մարդու իրավուներերի պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին են զանգահարել Համլետ Գևորգյանն ու Աղասի Ադամյանը և տեղեկացրել, որ Երևանի քաղաքապետարանը Նոր Նորը վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեների ինքնակամ կառուուցների ապամոնտաժման աշխատանքներ է սկսել: Բողոք ներկայացրած անձանց պնդմամբ' Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում խախտվում են իրենց իրավունքները: Մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետարանի կողմից Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացի վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքում կայացրել է մի խումբ բնակիչների իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների խախտում: ՄԻՊ-ը Երևանի քաղաքապետարանին առաջարկում է․  ձեռնարկել անհրաժեշտ միջոցները ինքնակամ կառուցված շինությունների ապամոնտաժման հետևանքով քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում՝ մշակելով ու իրացնելով անհրաժեշտ կառուցակարգեր,  ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հետագայում իրավունքի նման խախտումները բացառելու ուղղությամբ։  Մանրամասները՝ այստեղ:
17:21 - 04 հոկտեմբերի, 2024
Երեք ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ

Երեք ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ

Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։ Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա է դրական դինամիկա և վերջինս այլևս հոգեբուժական հիվանդանոցային բուժման կարիք չունի, ինչի կապակցությամբ հոգեբուժական հաստատությունը դիմել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու պահանջով։ Մինչդեռ, Դատարանը կայացրել է որոշում՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ հոգեբուժական կազմակերպության դիմումը վերադարձնելու մասին՝ պատճառաբանելով, որ դիմումները պետք է ներկայացվեն այն դատարան (դատավորին), որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային բուժման ենթարկելու վերաբերյալ: Հատկանշական է, որ հոգեբուժական կազմակերպությունը նույն հարցի կապակցությամբ մի քանի անգամ դիմել է նույն դատարան, գործը մակագրվել է նույն դատավորին և բոլոր դեպքերում կայացվել է նույնաբովանդակ որոշում։ Նշված որոշումն օրինական ուժի մեջ է թողնվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Խնդրի առնչությամբ հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը պարբերաբար ահազանգել է Պաշտպանի աշխատակազմ՝ հայտնելով, որ որդին բուժման կարիք այլևս չունի, սակայն անհարկի նրա անձնական ազատության իրավունքը սահմանափակվում է: Հետագայում՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի կողմից վերացվել է անձի` հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը: Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակի հետևանքները խիստ մտահոգիչ է համարում և ընդգծում, որ արդյունքում շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական հաստատությունում՝ առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության: Արդյունքում, խախտվել են նրա մի շարք իրավունքներ, այդ թվում՝ անձնական ազատության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է մշակի և իրացնի համանման իրավիճակներում մարդու իրավունքների երաշխավորման պատշաճ գործիքակազմեր և որևէ ընթացակարգային կամ տեխնիկական հանգամանք չի կարող դառնալ նշված ոլորտում պետության պարտավորությունը չկատարելու հիմք: Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թ. Ա.-ն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ անհատը չի կարող զրկվել ազատությունից՝ որպես «մտավոր խնդիրներ ունեցող», քանի դեռ չեն բավարարվել հետևյալ երեք նվազագույն պայմանները. 1) հոգեկան առողջության խնդիր ունենալու հանգամանքը, որը պետք է հաստատվի իրավասու մարմնի կողմից՝ օբյեկտիվ բժշկական փորձաքննության հիման վրա. 2) հոգեկան խանգարումը պետք է լինի այնպիսի տեսակի կամ աստիճանի, որը պահանջում է պարտադիր ազատությունից զրկում. 3) անձին շարունակ անազատության մեջ պահելու հիմնավորվածությունը կախված է հոգեկան խանգարման շարունակականությունից։ Ավելին, Դատարանը արձանագրել է, որ սույն գործով, երբ դատարանը դիմումատուի նկատմամբ նշանակել է հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում, չի քննարկել ավելի նվազ խստության միջոց՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժում և հոգեբույժի մոտ հսկողություն նշանակելու հարցը, որը ներպետական օրենսդրությամբ նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներից մեկն է:  Հետևաբար, չի կարելի ասել, որ դիմումատուին ազատությունից զրկելու որոշումը հիմնված է առկա բոլոր գործոնների գնահատման վրա՝ ներառյալ թերապևտիկ հեռանկարները կամ ավելի քիչ ինվազիվ այլընտրանքների կենսունակությունը, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի անձանց պաշտպանության սկզբունքներով։ Դատարանը նշված գործով գտնում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների սահմանափակումը կարող է արդարացվել միայն «շատ ծանրակշիռ պատճառներով» և հաշվի պետք է առնել այն փաստը, որ հարկադիր հոգեբուժական հոսպիտալացումը հաճախ ենթադրում է միջոցներ, որոնք միջամտում են անձի անձնական կյանքին և ֆիզիկական անձեռնմխելիությանը, ներառյալ բժշկական միջամտությունները, որոնք կատարվում են անձի կամքին հակառակ, ինչպես օրինակ՝ դեղորայքի հարկադիր ընդունումը: Դատարանը վերոնշյալ գործով գտնում է նաև, որ իշխանությունները չեն կարողացել համոզիչ կերպով ցույց տալ, որ դիմումատուի հոգեկան խանգարումն այնպիսի տեսակի կամ աստիճանի է, որ պահանջում են հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում: Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը հանգում է նրան, որ վերոնշյալ իրավական հիմքերի բացակայության պայմաններում անձին հոգեբուժական կազմակերպությունում պահելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված անձնական ազատության իրավունքի խախտման:
10:39 - 28 սեպտեմբերի, 2024
ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊ

ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊ

Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-30-ը, ավելի քան 100 հազար էթնիկ հայ բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղից:   Այդ իրադարձությունը շարունակվող մարդկային տառապանքի վկայություն էր և իրավունքների կոպտագույն խախտումների հետևանք։   Մարդու իրավունքների պաշտպանության առումով այն արտակարգ իրավիճակ էր, որը պահանջում էր արագ արձագանք և նոր մեթոդաբանությամբ աշխատանք՝ նպատակ ունենալով երաշխավորել բռնի տեղահանված անձանց իրավունքները անվտանգ ու արժանապատիվ պայմաններում։ Այդ մասին ասված է ՄԻՊ Անահիտ Մանասյանի Ֆեյսբուքի էջում:   «2023 թվականի սեպտեմբերին աշխատակազմի հետ անձամբ եմ եղել Գորիսում, Կոռնիձորում և Վայքում` տեղում ծանոթանալու բռնի տեղահանված անձանց խնդիրներին և գտնելու դրանց համար շուտափույթ լուծումներ. աշխատանքներն իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Այնուհետև շարունակել ենք այցերը բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ, այդ թվում` իրականացրել ենք միջազգային դերակատարների հետ համատեղ այցեր։   Հարյուրավոր մարդկանց հետ զրույցների արդյունքում ստացվել են տեղահանմանը նախորդող ժամանակահատվածում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ:   Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը, իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով, իմ կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Ավելին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը (պաշտոնավարել է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը) 2024 թվականի հունվարի 12-ին խնդրի վերաբերյալ հրապարակել է իր դիտարկումները՝ հղում անելով նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների դեպքերին:   Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը, ինչն ապացուցվում է փոքր թիմի ամենօրյա մեծածավալ աշխատանքով:   Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր բոլոր գործողություններն ուղղված են մարդկանց արժանապատիվ պայմաններում ապրելու իրավունքի երաշխավորմանը, սոցիալական ու կրթական իրավունքների լիարժեք պաշտպանությանը, առողջապահական և հոգեբանական ծառայություններից օգտվելու հարցերում աջակցության տրամադրմանը և մեր մանդատին վերաբերելի մի շարք այլ հարցերի։ Այս տարվա ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ փորձելով ընդգրկել նրանց աջակցության համապատասխան ծրագրերում։   Չնայած տեղահանված անձանց կյանքի որակը բարելավելու և նրանց իրավունքները լիարժեքորեն վերականգնելու ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքներին՝ ոլորտում անելիքները դեռ շատ են։   Չափազանց կարևոր է մեր հայրենակիցներին ցույց տալ, որ իրենք մենակ չեն, գտնվում են պետության և յուրաքանչյուրիս ուշադրության ներքո և իրենց իրավունքների պաշտպանության համար գործում են հստակ կառուցակարգեր։   Այս համատեքստում անհրաժեշտ է շարունակել աշխատանքները նաև գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ու նրանց ընտանիքների իրավունքներն ապահովելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող` ազատությունից զրկված էթնիկ հայերին, բազմիցս եմ արձանագրել, որ նրանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների և երաշխիքների կոպտագույն խախտումներով։ Էթնիկ հայերի նկատմամբ ատելության մթնոլորտի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում նրանց հիմնարար իրավունքներն Ադրբեջանում չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործերի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել։   Կարևոր է, որպեսզի բոլոր դերակատարները, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային դերակատարները, ակտիվ ջանքեր գործադրեն Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքները երաշխավորելու և նրանց վերադարձն ապահովելու ուղղությամբ։   Սիրելի´ հայրենակիցներ,   Վստահ եմ` պետք է համախմբվենք և աջակցենք միմյանց՝ իրար հանդեպ կարեկցանքի, համերաշխության և միասնության ոգով»,- նշվածէ  գրառման մեջ:
20:23 - 23 սեպտեմբերի, 2024
ՄԻՊ ինստիտուտի աշխատանքը ներկայացվել է Մոլդովայում կայացած Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային համաժողովին

ՄԻՊ ինստիտուտի աշխատանքը ներկայացվել է Մոլդովայում կայացած Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային համաժողովին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատանքը ներկայացվել է Մոլդովայում կայացած «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և գործընկերության համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և Պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան մասնակցել են սեպտեմբերի 19-ից 20-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում կայացած՝ «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և գործընկերության համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարը հանդես է եկել որպես բանախոս պանելային քննարկմանը՝ նվիրված Օմբուդսմանական և մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերի ամրապնդմանը տարածաշրջանում՝ առկա մարտահրավերների և հնարավորությունների դիտարկմամբ։  Նինա Փիրումյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները ինչպես հաստատության ընդհանուր մանդատի, այնպես էլ կոնվենցիոն կարգավիճակների շրջանակում՝ ընդգծելով հաստատության պատշաճ գործառութավորման համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովվածության կարևորությունը։  Անդրադարձ է կատարվել նաև Պաշտպանի հաստատության՝ որպես անկախ և անկողմնակալ մշտադիտարկման մեխանիզմի ներգրավվածությանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված քննարկումներին։  Հատուկ ընդգծվել է, որ այդ քննարկումներին Պաշտպանի հաստատության՝ մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկները դիտարկվում են իբրև օբյեկտիվ և արժանահավատ տեղեկատվություն՝ գնահատելու պետության հանձնառությունների կատարման վիճակը՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության համատեքստում։ Գլխավոր քարտուղարն առանձին անդրադարձել է Օմբուդսմանական և մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար անվտանգ և կառուցողական միջավայրի ապահովման կարևորությանը՝ մեջբերելով Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի դեմ իրականացվող արշավները դիտարկվել են որպես կազմակերպված բնույթ ունեցող։ Որպես Պաշտպանի հաստատության առաջնահերթություն և մարտահրավեր՝ հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի հաստատության փաստահավաք գործունեությանն ու դրա արդյունքներին՝ ընդգծելով 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները։
16:53 - 21 սեպտեմբերի, 2024
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները

ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչներին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել են ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ստորաբաժանման խորհրդական Ֆիլիպ Մեյսներն ու փորձագետ Վերա Տկաչենկոն։  ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչները Հայաստանում են քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Սեդա Ստեփանյանը և Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Շանթ Աբու Շամը։ Հյուրերին ներկայացվել են Հայաստանում ազատությունից զրկված անձանց խնդիրները։ Զրուցակիցներն անդրադարձել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ կանանց, անչափահասների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող խնդիրներին։ Քննարկվել են դատարանների ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի սննդի, բուժօգնության և փաստաբանական ծառայությունների պատշաճ տրամադրմանն առնչվող հարցեր։ Պաշտպանի ներկայացուցիչները նշել են, որ վերոնշյալ խնդիրներն ունեն հրատապ լուծման կարիք՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։ Հանդիպման ավարտին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության և բովանդակալից քննարկման համար։
20:52 - 19 սեպտեմբերի, 2024
ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Քննարկման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։ Վերջիններս ամփոփվել են մեկ համահավաք փաստաթղթում և ըստ իրավասության կներկայացվեն պետական իրավասու մարմնին։ Փաստաթուղթը կազմելու աշխատանքներին մասնակցել են Խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդի անդամ չհանդիսացող, Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ներկայացուցիչը։
10:21 - 19 սեպտեմբերի, 2024
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին՝ համաձայն Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) 2024 թվականի զեկույցի։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։   «2024 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը։ Այն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ:   Զեկույցը, մասնավորապես, անդրադարձ է կատարում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող շարունակական մարտահրավերներին, որոնց բախվում են եվրոպական ցանցի անդամ հաստատությունները: Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ զեկույցը շեշտադրում է ինչպես իրականացված աշխատանքները կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով, այնպես էլ ընդգծում այն մարտահրավերները, որոնց բախվել են Պաշտպանն ու աշխատակազմը վերոնշյալ աշխատանքների իրականացման ընթացքում: Այսպես, Զեկույցի «Մարդու իրավունքների հաստատությունների գործունեության նպաստավոր և անվտանգ միջավայրի ապահովում» բաժնում առանձնացվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի այն անդամ հաստատությունները, որոնք ենթարկվել են հարձակումների, ատելության խոսքի դրսևորման կամ ահաբեկման։ Վերջիններիս շարքում, Բելգիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Լատվիայի, Մոլդովայի և Սլովակիայի հաստատությունների հետ միասին, մատնանշվել է նաև Հայաստանի ՄԻՊ հաստատությունը։ Ըստ զեկույցում տրված գնահատականի՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում: Այս համատեքստում հիշեցնենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը լուրջ մտահոգություն էր հայտնել և հայտարարություն հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, նրա ղեկավար կազմի և աշխատակազմի վերաբերյալ, ովքեր բախվել են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով: Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատել էր իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
10:45 - 17 սեպտեմբերի, 2024
Պարույր Սևակ փողոցում շինության փլուզումը հանգեցրել է մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման․ ՄԻՊ

Պարույր Սևակ փողոցում շինության փլուզումը հանգեցրել է մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը անդրադարձել է Երևան քաղաքի Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շինությունների մի մասի ապամոնտաժմանը՝ նշելով, որ խիստ մտահոգիչ և անթույլատրելի է համարում մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող, շրջակա միջավայրին վնաս հասցնող եղանակով, ինչպես նաև աշխատանքի անվտանգության կանոնների պահանջների առերևույթ չպահպանմամբ ապամոնտաժումը:  Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ոլորտը կարգավորող իրավական ակտերի և բազմահարկ շենքի ապամոնտաժման եղանակների, ինչպես նաև քանդման թույլտվության հիմքում ընկած փաստաթղթերի և առաջարկվող քանդման եղանակների միջև առկա առերևույթ հակասությունների մասին ավելի վաղ տեղեկացրել էր իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պահանջել խնդիրը մարդու իրավունքների չափանիշներին համապատասխան լուծելու առնչությամբ պատշաճ քայլեր ձեռնարկել: Ավելին, նշված հարցի առնչությամբ պետական և տեղական տեղական մարմինների հետ Պաշտպանի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք քննարկումներ: Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում և այն, որ այս ամիսների ընթացքում տարբեր ձևաչափով իրականացվել են ապամոնտաժման գործընթացի հետ կապված աշխատանքներ, մինչդեռ հարակից շենքերի բնակիչները որևէ կերպ պատշաճ եղանակով տեղեկացված չեն եղել , ինչը վերջիններիս մոտ առաջացրել է հոգեճնշող և խուճապային տրամադրություններ: Ավելին, որոշ իրավիճակներում Պաշտպանն արձանագրել է երեխաների անվտանգության հետ կապված խնդիրներ: Պաշտպանն ընդգծում է, որ ներկայացված նախնական առանձին տեղեկություններն առ այն, որ աշխատանքների իրականացման ժամանակ տեղի է ունեցել փլուզում, որևէ կերպ չի վերացնում պետության և աշխատանքներն իրականացնող սուբյեկտների պարտավորություններն ու պատասխանատվությունն այս բնագավառում, այդ թվում՝ իրականացվող աշխատանքների անվտանգության ապահովման տեսանկյունից: Այս ամենը հանգեցրել է և շարունակում է հանգեցնել մարդկանց, այդ թվում՝ երեխաների մի շարք իրավունքների խախտման: Իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների (անգործության), ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու գործընթացում ներգրավված անձանց և կազմակերպությունների կողմից հնարավոր խախտման հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Վերոգրյալի հետ մեկտեղ գրություններ կհասցեագրվեն նաև համապատասխան տեսչական մարմիններին, իրենց իրավասությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու պահանջով: Հաշվի առնելով, որ ապամոնտաժման աշխատանքներն ավարտին չեն հասցվել, նկատի ունենալով բնակիչների բազմաթիվ դժգոհությունները, ինչպես նաև խիստ մտահոգիչ համարելով առկա իրավիճակը՝ Պաշտպանն արձանագրում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն մարդու իրավունքների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:
17:36 - 11 սեպտեմբերի, 2024
Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը

Տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի առցանց նիստը

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Նիստին մասնակցել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամները: Քննարկվել են «Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշման մեջ փոփոխություններ և 2022 թվականի նոյեմբերի 10-ի N 1744-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերով նախատեսված կարգավորումները։ Ներկայացվել են նախագծի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմի և Խորհրդի անդամների մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք կամփոփվեն և կներկայացվեն իրավասու պետական մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՄԻՊ առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ներգրավվածությունը՝ ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և լուծման ուղիներ մշակելու հարցում:
09:28 - 10 սեպտեմբերի, 2024