Հայոց ցեղասպանություն

ԵԽ պատգամավորը դատապարտել է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները

ԵԽ պատգամավորը դատապարտել է Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը: Կալյուրանդը նման հայտարարությամբ է հանդես եկել «Թվիթեր»-ի իր էջում կատարած գրառմամբ: «Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում օսմանցիների կողմից 108 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ես դատապարտում եմ հենց այս տարելիցի նախօրեին Ադրբեջանի գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են գոյություն ունեցող համաձայնագրերը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը»,-նշել է   Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:
18:46 - 24 ապրիլի, 2023
Իսպանացի պատգամավորը կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

Իսպանացի պատգամավորը կառավարությանը կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը |armenpress.am|

armenpress.am: Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կոչ է անում Իսպանիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Հայոց ցեղասպանության տարելիցին իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ Կոչ եմ անում Իսպանիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Ինյարիտուն՝ նշելով, որ Իսպանիան պետք է օրինակ վերցնի Հայոց ցեղասպանությունը ճանաչացած մյուս երկրներից։ Իսպանացի պատգամավորը նկատեց, որ Իսպանիայի տարբեր շրջաններ Ցեղասպանությունը ճանաչող օրինագծեր են ընդունել՝ ընդգծելով, որ ժամանակն է, որ երկիրը պաշտոնական մակարդակով ընդունի կատարվածը։ Օրենսդիր գործիչը միևնույն ժամանակ նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ավելի անհրաժեշտ է դառնում Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողականության պայմաններում։
18:04 - 24 ապրիլի, 2023
Ավստրալացի պատգամավորն ամոթալի է անվանել Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու փաստը


 |factor.am|

Ավստրալացի պատգամավորն ամոթալի է անվանել Ավստրալիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելու փաստը |factor.am|

factor.am: Ավստրալացի պատգամավոր Էնդրյու Ուիլին ամոթալի է անվանել Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչելը։ Իր պաշտոնական կայքում Ուիլին Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է հրապարակել։ «Այսօր (24 ապրիլի 2023 թ.) մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը և հիշում ողբերգական իրադարձության ժամանակ կորսված կյանքերը։ Օսմանյան կայսրության կառավարությամ կողմից 1,5 միլիոն հայերի կյանքի կորուստը մեծ ազդեցություն է ունեցել, որը զգացվում է մինչ օրս: Ամոթալի է, որ Ավստրալիայի կառավարությունը մարդու իրավունքների այս զազրելի խախտումը պաշտոնապես չի ճանաչել որպես ցեղասպանություն: Հայկական համայնքը կրել է 108 տարվա տառապանք, և կենսականորեն կարևոր է պաշտոնապես ճանաչել այդ հանցագործությունները՝ օգնելու համայնքի ապաքինմանը: Ես համերաշխ եմ աշխարհասփյուռ հայերի հետ և աջակցում եմ Դաշնային կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման կոչերին»,- մասնավորապես, ասվում է ավստևալացի պատգամավորի հայտարարությունում:
17:50 - 24 ապրիլի, 2023
Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին․ Ջո Բայդենի ուղերձը |armenpress.am|

Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Հայոց ցեղասպանության զոհերին․ Ջո Բայդենի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ: 1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին, որով սկիզբ դրվեց հայ համայնքի դեմ բռնության համակարգված արշավին: Դրան հաջորդող տարիներին մեկուկես միլիոն հայերի տեղահանեցին, կոտորեցին կամ երթի տարան դեպի մահ՝ ողբերգություն, որն ընդմիշտ ազդեց հայ ընտանիքների սերունդների վրա: Այս ցավալի պատմությունը հիշելիս միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմավորել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի: Այսօր եկեք թարմացնենք այս խոստումը։ Եկեք կրկին պարտավորվենք դեմ արտահայտվել ատելությանը, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահով և հարգանքով», - նշել է Ջո Բայդենը:
15:55 - 24 ապրիլի, 2023
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. ֆրանսիացի խորհրդարանական

Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. ֆրանսիացի խորհրդարանական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Բրյունո Ռըտայոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դըվինազի գործադրած հետեւողական ջանքերը 44-օրյա պատերազմից հետո գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Նա երախտագիտություն է հայտնել բարեկամ երկիր Ֆրանսիայի պատգամավորներին՝ խորհրդանշական այս օրը Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին լինելու համար: Ֆրանսիացի գործընկերն արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ: Կողմերն անդրադարձել են պատվիրակության՝ ապրիլի 23-ի այցելությանը Սյունիք եւ Լաչինի արգելափակված միջանցքի սկզբնամաս: Ֆրանսիական կողմը շրջափակման մեջ գտնվող 120 հազար 000 արցախահայերին համարել է բաց երկնքի տակ պատանդառություն կրողներ՝ անթույլատրելի համարելով ստեղծված իրավիճակը:   Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը վերաբերող հարցերի:
15:54 - 24 ապրիլի, 2023
Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար. Արայիկ Հարությունյան

Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը, տարածած ուղերձում, մասնավորապես, ասված է․  «Սիրելի՛ հայրենակիցներ, Ամեն տարի ապրիլի 24-ին մենք ազգովի հիշում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մեր 1.5 միլիոն սուրբ նահատակների, որ դարձան թուրքական յաթաղանի զոհ միայն այն բանի համար, որ հայ էին: Մարդկության դեմ ուղղված այդ հրեշավոր ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի: Եվ քանի դեռ այն չի ճանաչվել ու դատապարտվել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, մենք կարող ենք ականատես լինել ցեղասպանության նոր դրսևորումների ամբողջ աշխարհում: Այսօր Արցախը կանգնած է թուրք-ադրբեջանական հայատյաց ու ցեղասպանական քաղաքականության նոր և իրական վտանգների առջև: Մեծ Եղեռնից 108 տարի անց էլ հայը շարունակում է կենաց-մահու պայքար մղել իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու, սեփական իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: 134 օր շարունակվող շրջափակման մեջ պահելով Արցախի 120 հազար խաղաղ բնակչությանը, տասնյակ հազարավոր երեխաների ու ծերերի, ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները, անտեսելով միջազգային հանրության հորդորները և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի բռնապետական իշխանությունները փորձում են ծնկի բերել մեր ժողովրդին: Սակայն մենք անդրդվելի ենք ու վճռական Արցախը միշտ հայկական ու անառիկ պահելու ճանապարհին: Մենք այլընտրանք չունենք։ Հայը չի կարող նորից հայրենիք կորցնել, դառնալ տարագիր ու սփռվել աշխարհով մեկ: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից ու միասնաբար կերտենք հայ ժողովրդի ապագան՝ այսօր և այստեղ: Պահն օրհասական է, լինել-չլինելու հարց է ոչ միայն Արցախի, այլև՝ հայոց պետականության համար: Այսօր քան երբեւէ  պետք է խոսքից անցնել գործի։ Համազգային պատասխանատվության, արժանապատվության, պահանջատիրության պահն է՝կանգնել Արցախի կողքին և կանխել նորանոր համազգային ողբերգություններն ու ձախողումները։ Ուստի, ապավինելով Մայր Հայրենիքին, աշխարհասփյուռ հայությանը և օտարերկրյա բարեկամներին՝ մենք բոլոր կազմակերպություններին ու սրտացավ անձանց խնդրում ու հորդորում ենք կիրառել բոլոր հնարավոր գործիքակազմերը ի պաշտպանություն Արցախի մաքառող ժողովրդի՝ հանուն հայոց համազգային շահերի և համամարդկային արժեքների: Աստված պահապան հայ ազգին»:
14:06 - 24 ապրիլի, 2023
Էթնիկ զտման սպառնալիքը շարունակում է արդիական մնալ հայ ժողովրդի համար. ՀՀ ՄԻՊ

Էթնիկ զտման սպառնալիքը շարունակում է արդիական մնալ հայ ժողովրդի համար. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը և ամբողջ հայությունն ու քաղաքակիրթ աշխարհը ոգեկոչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակը: Անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ապրող հայերը ենթարկվեցին երիտթուրքական կառավարության կողմից կազմակերպված զանգվածային ոճրագործությունների՝ դաժան սպանությունների, բռնի տեղահանության ու կտտանքների։ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվեցին և սպանվեցին հարյուրավոր արևմտահայ մտավորականներ։ Չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերի առկայությանը՝ մինչ օրս չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված անձանց իրավունքները։ Այսպիսի արարքների անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ։ Դեռևս 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» միջազգային կոնվենցիան, սակայն այսօր էլ աշխարհի տարբեր անկյուններում առկա է նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների վտանգը։ Էթնիկ զտման սպառնալիքը շարունակում է արդիական մնալ նաև հայ ժողովրդի համար, ինչի ապացույցն են 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու ադրբեջանական պետության հայատյաց քաղաքականությունը։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում։ Անհրաժեշտ ենք համարում մեկտեղել բոլոր ջանքերը՝ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու և այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում»,- նշված է ուղերձում։
12:49 - 24 ապրիլի, 2023
Ցեղասպանությունը մեր անցյալն է, բայց ոչ երբեք ապագան․ Արցախի ԱԺ նախագահ

Ցեղասպանությունը մեր անցյալն է, բայց ոչ երբեք ապագան․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Հայոց Մեծ եղեռնի 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայոց Մեծ եղեռնը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների ծրագրած և իրագործած ցեղասպանությունն է: Ամեն տարի այս օրերին առաջադեմ մարդկությունն ու աշխարհասփյուռ հայությունը հիշում և դատապարտում է հրեշավոր ոճրագործությունը,ոգեկոչում անմեղ զոհերի հիշատակը: Պետականորեն կազմակերպված, այլատյացության ծնունդ այդ հանցագործությունը մեծ հաշվով առայսօր մնում է անպատիժ: Ամենաթողությունը ոճրագործին մղել է նոր հանցավոր գործելաոճի: Ավելի քան մեկ դար անց Թուրքիայի հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախում հայ ժողովրդի բնաջնջմանն ուղղված ցեղասպանական նոր ծրագիր է մշակել: Այդ գաղափարախոսության վերածննդի վկայությունն են ադրբեջանա-թուրքական ագրեսիան, Թուրքիայի ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը, Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումները: 2020թ. Արցախյան 3-րդ պատերազմը, բազմահազար անմեղ զոհերը, հայրենի երկրի զգալի մասի կորուստը, հետպատերազմյան շրջանում հայկական ազգային, քրիստոնեական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը նորից և նորից հուշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց քաղաքական օրակարգից հայասպանության ծրագիրը չեն հանել: Ժամանակը նոր մարտահրավերներ է առաջ քաշում: Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր շարունակում է հայատյացության իր որդեգրած գործելաոճը՝ մոտ 4,5 ամիս Արցախը պահելով լիակատար շրջափակման մեջ: Այս պայմաններում մենք այլ ելք չունենք, եթե ոչ՝ լինել առավելագույնս միասնական, կենսունակ ու հայրենապաշտ: Մենք շատ դժվարություններ ենք տեսել ու հաղթահարել պատվով։ Համոզված եմ, որ կհաղթահարենք նաև այս անգամ: Եվ օրվա խորհուրդը մեզ մի բան կարող է հուշել՝ միայն համայն հայության միասնականությամբ կարող ենք կանխել նոր ցեղասպանությունն Արցախում: Հայոց Մեծ եղեռնի 108-րդ տարելիցը վկայում է, որ վերածնված ժողովուրդը երբեք չի մոռանում, թե ինչ է թողել ետևում, բայց վստահությամբ նայում է առաջ: Ցեղասպանությունը մեր անցյալն է, բայց ոչ երբեք ապագան»։
11:24 - 24 ապրիլի, 2023
Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը. Հունաստանում ՀՀ դեսպան

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ուղերձը  է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ. «20-րդ դարասկզբի մեծ ողբերգությունից 108 տարի անց, հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը այսօր խնկարկում են Ցեղասպանության սրբադասված նահատակներին: Հիշատակի այս օրը հատուկ խորհուրդ ունի հատկապես այստեղ՝ բարեկամ մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի ստվար հատված ձևավորվել է ցեղասպանությունից փրկվածների, մեկ այլ մասն էլ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող Փոքրասիական աղետի հետևանքով: Երկիր, ուր հայերը գտան ապահով ապաստան ոչ միայն ֆիզիկական բնաջնջման վտանգից, այլև փրկություն՝ ինքնության, մշակույթի և դավանանքի դեմ ուղղված ցեղասպան գործողություններից: Անուրանալի երախտիքն այս, ինչպես նաև մեր ճակատագրի ծանր մյուս դրվագներում զորակցության և սատարումի առթիվ, հայ-հունական ամուր բարեկամության հիմքում են: Աղետի օրերին հայերիս մեկնած օգնության ձեռքն էր, որ դարձավ փրկօղակ՝ հնարավոր դարձնելով ազգային վերածնունդը՝ ըստ էության ձախողելով Ցեղասպանությունը ծրագրողների և իրագործողների նպատակադրումը: Չնայած դրան, Ցեղասպանության հիշողությունը շարունակում է մեր հավաքական իքնագիտակցության չսպիացող վերքը մնալ նախ այն պատճառով, որ չի արժանացել արդարացի գնահատականի և զղջումի, բայց նաև այն պատճառով, որ շարունակում է հայերիս և մարդկության դեմ նորանոր հանցանքների հիմք հանդիսանալ: Ամեն տարի մենք նշում ենք այս խնդրի մասին։ Իրականում ժխտողականության շարունակությունը էլ ավելի է մեծացնում մեր ցավը։ Ավելին, մեր օրերում Թուրքիայում և Ադրբեջանում ականատեսն ենք լինում Ցեղասպանությունը գործած հանցագործների մեծարման և հերոսացման, ինչը, ցավոք, ողբերգությունից շուրջ մեկ դար և մեկ տասնամյակ անց ահազանգ է, որ այսօր էլ հայը վտանգված է իր բնօրրանում: Ժխտողականության շարունակությունը մեծացնում է ցեղասպանության կրկնության հավանականությունը։ Ժխտողականությունը ուղիղ կապ ունի անպատժելիության հետ։ Անպատժելիության մթնոլորտն է հենց հանգեցնում ցեղասպան քաղաքականության շարունակականությանը, դրա արդարացման համար տարատեսակ պատրվակներ հորինելուն, իչպես նաև գործած հանցանքները ամբողջ աշխարհի աչքերին նայելով հերքելուն, իսկ հանցագործությունը գործածներին, այսպես կոչված, «հայրենասիրության» համար հերոսացնելուն։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի շուջ 120 հազար հայեր, այդ թվում՝ 30 հազար մանուկներ, պաշարված են իրենց հայրենիքում՝ զուրկ կեցության տարրական պայմաններից: Սննդի, դեղորայքի, որակյալ բուժսպասարկման և էներգիայի սղությունը միակ զրկանքները չեն, որ այսօր կրում են Արցախի մեր հայրենակիցները: Ադրբեջանական զինված ուժերի պարբերական սադրանքները, որոնք ուղեկցվում են այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից հայատյաց հռետորաբանությամբ, ուղղված են արցախցիներին ահաբեկելու և ընկրնելու միջոցով սեփական հողից ու բնակավայրից դուրս մղելուն, հայկական հետքը Հայկական լեռնաշխարհի այդ հատվածից ջնջելուն: Ճնշումներն ուղեկցվում են նաև պարբերական բնույթ կրող ռազմական սադրանքներով, ինչպես, օրինակ՝ մարտի 5-ի իրադարձությունները, որոնց զոհ դարձան արցախցի երեք ոստիկաններ: Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի մարզում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ հրազենից և տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ էին բացել բանակցելու նպատակով իրենց մոտեցած հայ զինծառայողների ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվեցին չորս հայորդիներ, կան նաև վիրավորներ:Տարածաշրջանում առկա լարվածությունը թոթափելու հայկական կողմի բոլոր փորձերը ի դերև են ելնում՝ բախվելով օրեցօր ավելի ու ավելի անկաշկանդ դարձող հայատյացության քարոզին: Ադրբեջանի նախագահն իր հրապարակային ելույթներում ընդունում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ծրագրված ագրեսիայի փաստը, անթաքույց կերպով բացահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկելու մտադրությունը։ Տարածաշրջանում տարիներ շարունակ կուտակված խնդիրներին կայուն և տևական կարգավորումներ փնտրելու փոխարեն՝ Ադրբեջանն ուժի և ուժի սպառնալիքի միջոցով փորձում է առաջ մղել իր առավելապաշտական նկրտումները։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականության՝ իրավիճակն ապակայունացնող հեռանկարների մասին։ Սակայն կա գիտակցում, որ աշխարհաքաղաքական արդի անկայունության պայմաններում զուտ միջազգային իրավունքին և միջազգային զսպող մեխանիզմներին ապավինելը ինքնապաշտպանության երաշխիք այսօր հանդիսանալ չի կարող: Այս իմաստով թերևս տեղին է կրկին ընդգծել, որ մեր ինքնության պաշտպանության, գոյության հարատևության ապահովման միակ գրավականը մեր և մեր բարեկամների ներուժի կատարյալ համախմբումը և թիրախային ուղղորդումը միայն կարող է լինել, ինչի կարիքն այսօր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ունեն առավել քան երբևէ»:
11:16 - 24 ապրիլի, 2023
Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում․ Արամ Ա

Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում․ Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը միջոցառման ընթացքում ուղերձ հղեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա կապակցությամբ։ «Ճակատագրական է ներկա հանգրվանը մեր ազգի պատմության։ Մութ ամպերով է ծածկված երկնակամարը հայ կյանքի, անորոշ է Հայաստանի ու Արցախի առջև բացված հորիզոնը:Հնարավոր չէ այլ կերպ բնութագրել մեր ազգի կյանքին պարզած ներկա տխուր պատկերը։ Գիտենք՝ իրապաշտությունը երբեմն հուսահատության կարող է առաջնորդել, սակայն հավատքով զինված, կամքով փրկված ու միասնական ոգով գոտեպնդված՝ որպես ազգ կոչված ենք խոհեմությամբ ու համախոհությամբ դիմագրավել մեզ շրջապատող ներքին և արտաքին բազմազան ու այլազան տագնապները։ Անհրաժեշտ է , որ մեր մոտեցումները լինեն իրատես ու հայեցակետերը համապարփակ, որպեսզի հնարավոր լինի խնդիրները ճիշտ տեսնել, կացությունները ճիշտ ըմբռնել և մեր շուրջը տեղի ունեցող զարգացումները ճիշտ կերպով գնահատել աշխարհաքաղաքական հարափոփոխ պայմանների լույսի տակ։ Ապրիլի 24-ը մեր պահանջատիրական պայքարին իր ռազմավարական ու մարտավարական տարածքներով, վերաշեշտման ու միաժամանակ վերարժևորման հիշեցում է։ Ապրիլ 24-ը, նաև այսօր, առավել, քան երբեք ազգային միասնականության ամրապնդման մարտահրավեր է: Ադրբեջանն իր սուրն ազատորեն շարունակում է ճոճել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։  Արցախը տակավին կմնա շրջափակված ու հայաթափման վտանգի առջև: Բարոյական աջակցությունից զատ, որևէ պետություն չուզեց միջամտել՝ վերջ տալու այս ցեղասպանությանը: Վտանգված են Հայաստանի սահմանները ու նույնիսկ գերիշխանությունը: Ադրբեջանի հողային ամբողջականության ճանաչումը ոչ միայն ինքնիշխան Արցախի վրա շիրմաքարի զետեղում պիտի լինի, այլ նաև Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմատենչ ախորժակի առավել սրում: Աննախատեսելի հետևանքներով հղի այս վտանգալից կացության դիմաց Արցախի անվտանգությունը ապահովելու կոչված Հայաստանի ռազմավարական գործընկերը կմնա սոսկ դիտողի կրավորական վիճակի մեջ կամ հետևելով անորոշ քաղաքականությանը: Հայաստանն առանձին է, և Արցախը փաստորեն լքված է, սակայն փառք ու պատիվ Արցախի ժողովրդին, որ իր իրավունքների պաշտպանության պատնեշի վրա կմնա ամուր, նույն պաշտնեշի վրա ողջ Սփյուռքը Արցախի կողքին և Արցախի նման կմնա ամուր։ Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնություն գործակցությունը փաստորեն դարձել է մակերեսային, հետզհետե իրարից հեռանում են, ամենուր նոր ճեղքեր են առաջանում, ամեն տեղ շրջապատված ենք փոխադարձ մեղադրանքներ ու ատելություն սերմանող լոզունգներով ու կեցվածքներով։ Հայաստանն ու Արցախը գտնվում են ճակատագրական խաչմերուկի առջև։ Եթե կարծում են, թե տարածաշրջանում համապարփակ խաղաղության համար զիջումներ կատարելով Հայաստանի համար կարելի կդառնա մնայուն խաղաղություն ու տնտեսական զարգացում ապահովելը, պետք է լինել զգույշ, հազար անգամ զգույշ։ Թուրքիայի և Ադրբեջանի առջև Հայաստանի դռները լայնորեբ բացելով կարող է վտանգվել նրա ամբողջականությունը, անվտանգությունն ու անկախությունը, և Արցախը կարող է անհետանալ հայ կյանքի քարտեզից։ Հետևաբար, ընդունելի չէ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության համաձայնություն գոյանա՝ ի հեճուկս Արցախի ինքնորոշման իրավունքի, ոչ էլ ընդունելի չէ Թուրքիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների հաստատում՝ ի հեճուկս մեր պատմական իրավունքների, ցեղասպանության ճանաչման ու հատուցման»,- իր ուղերձում ասաց Արամ Ա-ն։
11:06 - 24 ապրիլի, 2023