Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981թ.-ից, ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը 12,1 կմ է, առկա է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։

2016 թ.-ից մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է աճի միտում, ինչը պայմանավորված է նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես` միկրոավտոբուսների քանակի նվազմամբ, որի հետևանքով այս պահին մետրոպոլիտենի ցուցանիշը մայրաքաղաքի ընդհանուր ուղևորափոխադրումների հաշվեկշռում կազմում է մոտ 10%։

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն անդրադարձել է նոր կայարանի կառուցման աշխատանքներին |armenpress.am|

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն անդրադարձել է նոր կայարանի կառուցման աշխատանքներին |armenpress.am|

Երևանի մետրոպոլիտենի դեպի Աջափնյակ վարչական շրջան նոր կայարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ աշխատանքները տարվում են, պարզապես այս պահին փակագծեր չի բացում:     «Նոր կայարանը լինելու է Աջափնյակ թաղամասում, ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, պարզապես այս փուլում փակագծերը չեմ բացի, որովհետև քննարկման շրջան է: Կարող եմ ասել, որ գործն ընթացքի մեջ է»,- ասաց Գևորգ Ավետիսյանը: Մետրոպոլիտենի ցանցի զարգացման մասին ակտիվ քննարկումները վերսկսվեցին 2019 թվականին: Նշվում էր դեպի Աջափնյակ վարչական շրջան մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման մասին՝ դիտարկելով բիզնեսին ներգրավելու հնարավորությունները: 2020 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ Երևանում մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով:   Երևանի մետրոպոլիտենը ներկայում ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, այս պահին գլխավոր գծերում աշխատում է 11 շարժակազմ՝ բաղկացած 2 և 3 վագոններից: Չարբախ-Շենգավիթ ուղեհատվածում գործում է մեկ վագոնով երկու շարժակազմ:
15:26 - 05 մարտի, 2021
Համավարակի հետևանքով 2020-ին Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը կիսով չափ կրճատվել է |armenpress.am|

Համավարակի հետևանքով 2020-ին Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը կիսով չափ կրճատվել է |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականին համավարակն իր բացասական ազդեցությունը թողեց մետրոպոլիտենի աշխատանքի վրա:   «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կ. Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը, բացասական ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու համար, ներկայացրեց մեկ թիվ: «Եթե մենք 2019 թվականին տեղափոխել ենք գրեթե 21 մլն ուղևոր, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 11 մլն: Համարյա 50 տոկոսով կրճատվել է: Եղավ այնպես, որ Երևանի մետրոպոլիտենն իր պատմության մեջ առաջին անգամ ապրիլի 1-ից մայիսի 17-ը դադարեցրեց աշխատանքը»,-ասաց Գևորգ Ավետիսյանը: «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ խստագույն ձևով հետևում են համավարակի հետ կապված անվտանգության կանոններին: Բոլոր աշխատակիցները կրում են դիմակներ, աշխատասենյակները, վագոնները համալրված են ախտահանիչ նյութերով: Օրվա ավարտին բոլոր վագոններն ախտահանվում են մասնագիտացված կառույցի կողմից: Նրա խոսքով՝ պատասհական չէ, որ առողջապահական տեսչական խմբի կողմից կատարված ստուգումների շրջանակում Երևանի մետրոպոլիտենը միակ տրանսպորտային փոխադրամիջոցն է եղել, որտեղ խախտումներ չեն արձանագրվել: Ներկայում մետրոպոլիտենում ուղևորահոսքը քիչ-քիչ վերակագնվում է, օրական միջինը տեղափոխում են 50-55 հազար ուղևոր:
14:42 - 05 մարտի, 2021
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է. երկարամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները կպարգևատրվեն |armenpress.am|

Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է. երկարամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները կպարգևատրվեն |armenpress.am|

armenpress.am։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հոբելյանական 40-ամյակը կնշվի միջոցառումներով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կ. Դեմիրճյանի անվան «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ կլինեն ցուցահանդեսներ, պարգևատրումներ: «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ չենք պատրաստվում ճոխ միջոցառումներ կազմակերպել, բայց չենք էլ կարող մեր ուղևորներին չհիշեցնել, որ մետրոպոլիտենը 40 տարեկան է: Ինչպես գիտեք, մետրոպոլիտենում հաճախ են իրականցվում մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ: Այս ֆոնի վրա «Երիտասարդական» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում կլինեն ցուցահանդեսներ»,- ասաց Գևորգ Ավետիսյանը: Այցելուները լուսանկարների միջոցով կծանոթանան մետրոյի պատմությանը՝ սկսած շինարարությունից: Այն աշխատակիցները, որոնք երկարամյա աշխատանքային փորձ ունեն, անպայման կարժանանան ուշադրության: Կլինեն պարգևատրումներ, շնորհակալագրերի, պատվոգրերի, մեդալների տեսքով: 1966-1970թվականներին Երևանի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով: 1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին: Ի պատիվ  այն ժամանակվա իշխանությունների, 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության: 1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը: Շահագործվեց 5 կայարան:
14:08 - 05 մարտի, 2021
Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում

Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում

Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ին գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» - «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը: «Հարգելի’ ուղևորներ, հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» - «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։ Այս պահին տեղում աշխատում են մասնագետների խմբերը՝ խնդիրը վերացնելու նպատակով։ Տեխնիկական խնդիրը լուծվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:05 - 08 հունվարի, 2021
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացրած անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանադակելու համար

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացրած անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանադակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ակցիա իրականացրած անձանցից երեքի ինքնությունը, որոնք հանդիսանում են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ Դ.Գ-ն., վերջինիս որդին՝ Թ.Գ.-ն, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Օ.-ն: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ վերջիններս քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ:Բացի այդ, մեկ այլ՝  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ 2014թ. օգոստոսից մինչև 2017թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դ.Գ-ն. զբաղեցրել է վերոնշյալ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:Քննության տվյալներով՝ վերջինս պաշտոնավարման ընթացքում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, օժանդակել է ՓԲ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Դ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ (վատնելուն օժանդակելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
20:10 - 17 դեկտեմբերի, 2020
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել

 Ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքի առթիվ։ «Դեկտեմբերի 11-ին, ժամը 9․30-ի սահմաններում,  Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու և անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տևական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես և պետության ու հասարակության շահերին։ Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:40 - 11 դեկտեմբերի, 2020
«Գործարանային» կայարանում իրականացվում է ակցիա. մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարված է |news.am|

«Գործարանային» կայարանում իրականացվում է ակցիա. մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարված է |news.am|

news.am: Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել նաեւ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը։ Այս մասին ասաց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը։ «Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում այս պահին իրականացվում է ակցիա։ Մի խումբ քաղաքացիներ գնացքների դռների արանքում կանգնել են եւ չեն թողնում, որպեսզի գնացքը առաջ շարժվի, այդ իսկ պատճառով էլ խաթարվել է ամբողջ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։ Դեռ տեղեկություն չունենք, թե երբ կվերականգնվեն աշխատանքները»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ մոտ 30 րոպե է՝ ինչ Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում անհնազանդության ակցիաներ են արվում։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի տարբեր փողոցներում քաղաքացիները ակցիաներ են անում։
14:39 - 08 դեկտեմբերի, 2020
Հոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը |aysor.am|

Հոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը |aysor.am|

aysor.am: Հոկտեմբերի առաջին կեսին կհայտարարվի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, այս մասին հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։ «Երևանի քաղաքապետարանի կողմից պետք է հայտարարվեն նախագծման, ինչպես նաև շինարարության մրցույթներ։ Դրանց ավարտից հետո նոր կգա կառավարության կողմից գումարի հատկացման հարցը», - հայտնել են գրասենյակից։ Նշվում է, որ մոտ օրերս կամփոփվեն մասնագիտական համապատասխան փաստաթղթերը, դրանք կթարգմանվեն ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև կհամաձայնեցվեն միջազգային փորձագետների հետ։ «Նախատեսվում է հոկտեմբերի առաջին կեսին հայտարարել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, ինչը նույնպես  ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Նշված մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը կկազմի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց հիման վրա կհստակեցվեն նոր կայարանի կառուցման ծախսերը և կհայտարարվի բուն շինարարության մրցույթը։ Արդեն իսկ այդ փուլում պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը», -  հայտնել են Ավինյանի գրասենյակից։
16:43 - 24 սեպտեմբերի, 2020
Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը |hetq.am|

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը |hetq.am|

hetq.am: Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանը կկառուցի կառավարությունը, այլ ոչ թե ներդրողները: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինս, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ընթացքում է մետրոպոլիտենի նշված կայարանի կառուցման հարցը, նշեց, որ ներդրողը, որի մասին նախկինում հայտարարվել էր և որը պետք է կառուցեր, այլևս չի ներգրավվի, այլ փոխարենը կայարանը կկառուցվի պետական միջոցներով: Նման որոշման, ըստ քաղաքապետի, հանգել են այն բանից հետո, երբ նժարի վրա են դրել կառուցման ժամանակը և գումարները, որ կարող էին կորցնել և հասկացել են, որ կարող է գումարի մեջ կորուստ ունենան, սակայն ժամանակի մեջ շահեն, եթե կայարանը կառուցի կառավարությունը: Նախագծման աշխատանքներն իրականացնելու է քաղաքապետարանը և այնուհետև կդրվի մրցույթի:
15:18 - 04 օգոստոսի, 2020
Երևանի մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն

Երևանի մետրոպոլիտենը վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն

Պարետի նոր որոշմամբ մայիսի 18-ից ուժի մեջ են մտնելու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ։Մասնավորապես` վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը:Երևանի մետրոպոլիտենում երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Սպասասրահներում նշանակվելու են ուղեւորների նստեցման և իջեցման համար պատասխանատուներ, որոնք կազմակերպելու են ուղեւորների արագ, անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումը:Մետրոպոլիտենի նախասրահներում եւ բոլոր վագոններում առկա են լինելու բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն վերաբացվելու է մայիսի 18-ին և աշխատելու է իր գրաֆիկի համաձայն ՝ ժամը 07։00-ից մինչ 23։00-ն։
14:05 - 15 մայիսի, 2020
Երևանի մետրոպոլիտենը փակ է

Երևանի մետրոպոլիտենը փակ է

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը միառժամանակ չի գործի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարաձգվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ՝ դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն Հայաստանի ամբողջ տարածքում սահմանափակվել էր մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Խիստ սահմանափակումների ռեժիմը մարտի 31-ին երկարաձգվել է առնվազն 10 օրով։ 
11:48 - 01 ապրիլի, 2020