ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ։

Ծնվել է1982 թվականի մայիսի 16-ին, Երեւանում։

Սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, մագիստրոս։ 2007թ. սովորել է Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում։ 2009-2010թթ.՝ Ջորջթաունի համալսարան, Իրավունքի կենտրոն, ունի մագիստրոսի աստիճան։ 2017-2018թթ. սովորել է Սթենֆորդի համալսարանում, իրավագիտության մագիստրոս է։ 

2003-2005 թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնի իրավախորհրդատու, 2005-2006 թթ.՝ ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն` պայմանագրային աշխատող, 2006 թ.-ից առ այսօր` ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս։

2008 թ. մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը՝ որպես ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական, 2008 թ., 2014-2015 թթ.՝ ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական։

2011 թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ 2008-2012 թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական։ 2012-2014 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2015-2017 թթ. աշխատել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամում, 2017-2018 հոկետմբեր՝ Պողոսյան, Կիրակոսյան եւ գործընկերներ իրավաբանական գրասենյակում, 2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր՝ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամում։

2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական։ 

2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ։ 2019 թ. օգոստոսի 5-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Զինապարտ է, շարքային։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ Թուրքիայի դեմ

Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ Թուրքիայի դեմ

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 9-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Թուրքիայի Հանրապետության դեմ` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ «Մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ: Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայի Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
18:04 - 18 մայիսի, 2021
ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը և Արցախից տեղահանված անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը և Արցախից տեղահանված անձանց իրավունքներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել

Իրավաբանների հայկական ասոցիացիան ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ այսօր՝ ապրիլի 13-ին, կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներիիրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմայով։ Հանդիպմանը մասնակցում էր ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, նրա տեղակալ ԼիպարիտԴրմոյանը և 7 հասարակական կազմակերպությունների ղեկավար կազմի շուրջ 20ներկայացուցիչներ․ դրանք են՝ «Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի և «Հարմոնիա» շուշեցի կանանցհասարակական կազմակերպությունները։ «2020 թականի պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծվել են դիմադրության կենտրոններ հանձինս նորաստեղծ հասարակական կազմակերպություների: Այժմ եկել է պահը բոլորի ջանքերը ուղղելու դիմադրության միասնական հարթակի ձևավորմանը` ուղղված Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիային, պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու արցախահայերի իրավունքերի պաշտպանությանը; Այդօրակարգի իրականացման կարևոր խնդիրներից մեկը, ինչպես արդեն նշեցի, տեղահանված անձնաց իրավունքների պաշտպանությունն է: Այս առումով, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ այսօրվա քննարկումը, ուղղված է ՄԻԵԴ-ում տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հնարավորությունների քննարկմանը: Նշված ձևաչափով թեև առաջին աշխատանքային հանդիպումն է, սակայն նմանատիպ հանդիպումները այսուհետ շարունակական կլինեն»,-նշել է Կարեն Զադոյանը։ Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակը վաղուց էր նման հանդիպում նախատեսում Արցախից տեղահանված բնակչության շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ։ «Վերջերս Արցախ այց ունեցանք։ Հանիպեցինք պետական մարմինների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ։ Աշխատանքներ ենք տանում Արցախում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցների հավաքման ուղղությամբ և այսպիսի հանդիպումները օգնում են մեզ այդ հարցում»,-նշել է նա։ Եղիշե Կիրակոսյանը և Լիպարիտ Դրմոյանը պատասխանել են ՀԿ-ների ղեկավարկազմի ներկայացուցիչների հարցերին։ Աշխատանքային քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Արցախից տեղահանված անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համագործակցության մեխանիզմների վերաբերյալ: Նշենք, որ ««Շուշիի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Քարվաճառ», «Հադրութի դեօկուպացիա», «Վերադարձ դեպի Դիզակ», «Վերադարձ դեպի Քաշաթաղ», «Կումայրի» արցախահայերի և «Հարմոնիա» շուշեցի կանանց հասարակական կազմակերպությունները հիմնադրվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի աջակցությամբ։
11:29 - 14 ապրիլի, 2021
ԱՀ ԱԻՊԾ տնօրենը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ քննարկել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին առնչվող հարցեր

ԱՀ ԱԻՊԾ տնօրենը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ քննարկել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին առնչվող հարցեր

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանն ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կրած գույքային վնասների գնահատման, տեղահանված արցախցիների խնդիրների, զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքների, այդ ընթացքում ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ կիրառված միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների մասին մի շարք հարցեր: ԱԻ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը ներկայացրել է պատերազմի օրերին քաղաքացիների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի կողմից թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերը, հակիրճ տեղեկատվություն տվել նաև Արցախի փրկարարների կողմից իրականացվող որոնողական աշխատանքների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել հեռավար ձևաչափով և վերոնշյալ հարցերի և փաստերի առթիվ տանել պատշաճ քննություն: Հանդիպմանը մասնակցել են ԱԻՊԾ քաղպաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետ գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանը, կադրերի բաժնի պետ մայոր Գևորգ Ստեփանյանը:
12:25 - 13 մարտի, 2021
ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին

Մարտի 9-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: Այս մասին հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից: «Նշենք, որ գերիների մի մասով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները դեռևս ուժի մեջ են։ Միջանկյալ միջոցի որոշումներով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին տրամադրել տեղեկություն գերեվարված անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի դեմ ներկայացված միջանկյալ միջոցների պահանջներին, Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով ՀՀ Կառավարության կողմից ներկայացված տեղեկության բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցներ, և, հետևաբար, այս մասով անհրաժեշտություն չի գտել հարցի մասին ծանուցել Նախարարների կոմիտեին»,- ասված է հայտարարության մեջ։
12:21 - 13 մարտի, 2021
Արցախի ՄԻՊ գրասենյակում ընդունել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը․ քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց հարցը

Արցախի ՄԻՊ գրասենյակում ընդունել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը․ քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց հարցը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանը և Պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղար Գեղամ Ստեփանյանը մարտի 12-ին ընդունել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո արդյունավետ համագործակցության կարևորությունը, որը հնարավորություն է տվել Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների վերաբերյալ բարձրաձայնել միջազգային հարթակներում, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության և նրանց հայրենիք վերադարձնելու հարցը: Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքացիական զոհերի հարազատների և քաղաքացիական վիրավորների իրավունքների, ինչպես նաև տեղահանված անձանց գույքային իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների պատշաճ պաշտպանությունը ապահովելու ուղղությամբ:
10:12 - 13 մարտի, 2021
Գերիների վերադարձի հարցը օրակարգում է՝ ԱՀ ԱԺ նախագահին վստահեցրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը

Գերիների վերադարձի հարցը օրակարգում է՝ ԱՀ ԱԺ նախագահին վստահեցրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը

Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:   Քննարկվել են հետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը: Եղիշե Կիրակոսյանն ընդգծել է, որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է գործընթացին նպաստելու համար:   Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ հանդիպմանը ներկայացվել է միջպետական իրավական գործընթացը:   Հայաստանը Եվրոպական դատարան է դիմել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների առնչությամբ: Փետրվարի 1-ին ներկայացվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատը:   Խորհրդարանականների կողմից բարձրացվել է տեղահանված բնակիչների գույքային իրավունքների ու գերեվարված հայերի ճակատագրի հարցը:   Համապատասխան պարզաբանումներով հանդես են եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալ, գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ու իրավական փորձագետ Իգոր Միրզախանյանը:   Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ:
15:26 - 12 մարտի, 2021
Արցախի Ազգային ժողովը հյուրընկալել է Հայաստանում ՄԻԵԴ-ի ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Ազգային ժողովը հյուրընկալել է Հայաստանում ՄԻԵԴ-ի ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում  գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերդարձնելու հարցը:  Եղիշե Կիրակոսյանը ընդգծել է,որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է՝ գործընթացին նպաստելու համար: Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամների  մասնակցությամբ  հանդիպմանը  ներկայացվել է միջպետական իրավական գործընթացը: Հայաստանը Եվրոպական դատարան է դիմել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների առնչությամբ: Փետրվարի 1-ին ներկայացվել է  «Հայաստանն  ընդդեմ  Ադրբեջանի»  միջպետական  գանգատը: Խորհրդարանականների կողմից բարձրացվեց տեղահանված բնակիչների գույքային իրավունքների ու գերեվարված  հայերի  ճակատագրի  հարցը: Համապատասխան պարզաբանումներով հանդես եկան Հայաստանում ՄԻԵԴ ներկայացուցչի տեղակալ, գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ու իրավական փորձագետ Իգոր Միրզախանյանը: Հանդիպմանը  մասնակցում  էին ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ:
14:53 - 12 մարտի, 2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու քայլերը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանից հայ ռազմագերիներին վերադարձնելու քայլերը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին: Ինչպես տեղեկացրին ներկայացուցչի գրասենյակից, դեսպանին է ներկայացվել Ադրբեջանի կողմից սանձազերզված 44-օրյա պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և պատերազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն: Հատկապես կարևորվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեսպան Միխայիլ Բանցհաֆին ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքը և նշել, որ պատերազմից ի վեր այդ անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք էլ բավարարվել են ՄԻԵԴ-ի կողմից: Կարևորվել է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից գերեվարված անձանց հարցի մասին քննարկման հանգամանքը: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների և հետագա անելիքների մասին քննարկում: ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ամփոփ ներկայացրել է այդ ուղղությամբ կատարված աշխատանքները: Դեսպան Միխայել Բանցհաֆն առաջարկել է իր աջակցությունն այդ գործընթացում:
16:05 - 10 մարտի, 2021
Հայ գերիների վերադարձի և մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ դեսպաններին

Հայ գերիների վերադարձի և մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը՝ դեսպաններին

Փետրվարի 23-ին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը հանդիպել են Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սվենսոն Պատրիկի և Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Պավել Չեպլակի հետ:   Դեսպաններին է ներկայացվել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից սանձազերզված մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Քննարկման առանցքային թեմաներից էր նաև գերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների խախտումների առնչությամբ Ներկայացուցչի գրասենյակի կողմից ձեռնարկած քայլերը: Ներկայացուցչի կողմից մատնանշվել է, որ պատերազմից ի վեր գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար Եվրոպական դատարան են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ:   Շեշտադրվել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը ադրբեջանական կողմը ձգձգում է արհեստականորեն: Քննարկվել են նաև Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներակայացված միջպետական գանգատի վերաբերյալ որոշ հարցեր:   Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից արձանագրված արդյունքների և հետագա անելիքների մասին հակիրճ քննարկում: Դեսպանները առաջարկել են իրենց աջակցությունը հնարավոր հետագա սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում:
19:10 - 23 փետրվարի, 2021
ՄԻԵԴ-ը քննարկում է Ադրբեջանի խախտումները ԵԽ նախարարների կոմիտե տեղափոխելու հարցը |armenpress.am|

ՄԻԵԴ-ը քննարկում է Ադրբեջանի խախտումները ԵԽ նախարարների կոմիտե տեղափոխելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կառավարությունը կոպտորեն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիների հարցով միջանկյալ միջոցների պայմանների կատարումը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունն անընդհատ բարձրաձայնում է այդ խախտումների մասին՝ Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն ավելացնելու նպատակով: Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Այս փուլում դատարանն արդեն քննարկում է հարցը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե տեղափոխելու հնարավորությունը. այն տանում է դեպի քաղաքական մարմին՝ նաև հիմք ընդունելով հանգամանքը, որ Ադրբեջանը շատ վատ է համագործակցում կամ առհասարակ չի համագործակցում դատարանի հետ և չի տրամադրում տեղեկատվություն: Եթե Ադրբեջանը գերիների վերաբերյալ ինչ-որ բան ուղարկում է, ապա ուղարկում է բավականին կցկտուր, ոչ ամբողջական, առանց մանրամասնությունների: Այդ պատճառով մենք էլ ենք անընդհատ պնդում, որպեսզի դատարանը հարցը տեղափոխի նախարարների կոմիտեի օրակարգ, որովհետև, կարծում ենք` ժամանակն է, որ գերիների հարցը այդ հարթակում քննարկվի»,- ընդգծեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այդ հարթակում Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն էլ ավելին կլինեն: Հարցին, թե ինչու է Ադրբեջանը փորձում գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչ, նրանք փորձում են ձգձգել գործընթացը, թե այլ մտադրություններ կան, Կիրակոսյանը պատասխանեց, որ դա Ադրբեջանի մարտավարությունն է` գերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչ փորձում են «արդարացնել» իրավական գործընթացի ձգձգումը: Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի` նման քայլերով Ադրբեջանը փորձում է նաև միջազգային հանրությանը ներկայանալ «զոհի» կարգավիճակով, ինչն աբսուրդ է համարում: «Դա աբսուրդին հասնող փորձ է, իրավական առումով որևէ քննադատության չդիմացող: Նման բան բացարձակապես չկա և ակնհայտ է, որ իրենք փորձում են նմանատիպ վարքագծով կասկածներն իրենցից վանել, որովհետև իրենք են ամբողջ պատերազմի ընթացքում օգտագործել վարձկաններ, ծայրահեղ ահաբեկչական խմբավորումներ և այլն, հիմա իրենք խոսում են ահաբեկիչների մասին: Կարծում եմ` տակտիկա է ուշադրությունը շեղելու համար, որը չի ստացվի»,- եզրափակեց Կիրակոսյանը:
09:28 - 03 փետրվարի, 2021
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ |armenpress.am|

ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տեղեկացրել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:«Մենք բավականին ժամանակ է իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ ապացույցների հավաքագրում, գնահատում, գանգատի նախապատրաստման պրոցեսներ: Մոտակա ժամանակներում մենք պատրաստվում ենք ընդդեմ Ադրբեջանի ներկայացնել գանգատ: Այն ներառելու է բավականին մեծ շրջանակ՝ սկսած զոհերի, վիրավորների, տեղահանվածների իրավունքների պաշտպանության տրամաբանությունից մինչև կորցրած և վնասված գույքի վերաբերյալ պահանջները, որոնք կարծում ենք բավականին մեծաթիվ են»,-նշեց Կիրակոսյանը։ Նրա խոսքով` գանգատի մեջ նաև քննարկվելու են միջազգային իրավունքի բոլոր խախտումները՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումները, որը Ադրբեջանը թույլ է տվել պատերազմի ընթացքում արգելված մեթոդներով ու միջոցներով պատերազմ վարելու եղանակով:    
21:03 - 16 հունվարի, 2021
ՄԻԵԴ-ը կիրառել է ևս մեկ միջանկյալ միջոց՝ պահանջելով Ադրբեջանից տեղեկություն ներկայացնել հայ գերիների վերաբերյալ

ՄԻԵԴ-ը կիրառել է ևս մեկ միջանկյալ միջոց՝ պահանջելով Ադրբեջանից տեղեկություն ներկայացնել հայ գերիների վերաբերյալ

Հունվարի 4-ին Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առևանգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից։   «Միաժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ Դատարանի կանոնների 39 § 2 դրույթի հիման վրա։ Հաշվի առնելով ռազմագերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը և հարցի զգայուն լինելը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերով նշված անձանց անունները և/կամ այլ անհատականացնող տվյալները հրապարակելուց»,- ասված է հայտարարությունում։
17:28 - 05 հունվարի, 2021