Գերիների վերադարձի հարցը օրակարգում է՝ ԱՀ ԱԺ նախագահին վստահեցրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը
15:26 - 12 մարտի, 2021

Գերիների վերադարձի հարցը օրակարգում է՝ ԱՀ ԱԺ նախագահին վստահեցրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը

Մարտի 12-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:
 
Քննարկվել են հետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր: Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը: Եղիշե Կիրակոսյանն ընդգծել է, որ հարցը օրակարգում է, և ամեն ջանք գործադրվում է գործընթացին նպաստելու համար:
 
Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների անդամների մասնակցությամբ հանդիպմանը ներկայացվել է միջպետական իրավական գործընթացը:
 
Հայաստանը Եվրոպական դատարան է դիմել պատերազմի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների առնչությամբ: Փետրվարի 1-ին ներկայացվել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատը:
 
Խորհրդարանականների կողմից բարձրացվել է տեղահանված բնակիչների գույքային իրավունքների ու գերեվարված հայերի ճակատագրի հարցը:
 
Համապատասխան պարզաբանումներով հանդես են եկել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի տեղակալ, գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ու իրավական փորձագետ Իգոր Միրզախանյանը:
 
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահը, փոխնախագահը և պատգամավորներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել