Լին Թրեյսի

2019թ. փետրվարի 19-ից՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը՝ Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր  Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:

Լ. Թրեյսին զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ. 2012-2014 թթ. եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալը՝ Հարավային ու Կենտրոնական Ասիայի բյուրոյում, իսկ 2010-2011 թթ.՝ ԱՄՆ փոխդեսպանը Աշխաբադի (Թուրքմենստան) դեսպանությունում: 2006-2009թթ. նա Փեշավարի (Պակիստան) ԱՄՆ հյուպատոսարանի գլխավոր դիվանագիտական պաշտոնյան էր, ընդ որում, այս պաշտոնում նա արժանացել է պետքարտուղարի կողմից շնորհվող հերոսության պարգեւի:  2004-2006 թթ. նա ղեկավարել է Աստանայում (Ղազախստան) ԱՄՆ դեսպանության ներկայացուցչության գործունեությունը: Լ. Թրեյսին նաեւ ծառայել է Քաբուլի (Աֆղանստան) եւ Բիշկեքի (Ղրղզստան) դեսպանություններում, իսկ 2000-2001 թթ. աշխատել է Պետքարտուղարության Նորանկախ պետությունների հատուկ հանձնակատարի գրասենյակում:

Լ. Թրեյսին բակալավրի կոչում է ստացել Ջորջիայի համալսարանում (Աթենք, Ջորջիա), ապա ուսանել է իրավագիտություն Ակրոնի համալսարանում (Ակրոն, Օհայո): 2017թ. նա արժանացել է Պետքարտուղարության պատվավոր պարգեւի՝ Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնում իր ակնառու ծառայության համար: Գիտի ռուսերեն:

Պապիկյանը Թրեյսիի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում

Պապիկյանը Թրեյսիի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում

 ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից, ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը գնահատելի է համարել նախորդ շրջանի ակտիվ և արդյունավետ համագործակցությունը: Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգահեռ Սուրեն Պապիկյանը կարևորել է նաև ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Նա առանձնացրել է երկկողմ հարաբերություններում տնտեսական օրակարգի առաջ մղման կարևորությունը՝ ընդգծելով տարբեր ուղղություններում ԱՄՆ-ի ներգրավվածության օգտակարությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման, էներգետիկ, մասնավորապես՝ կանաչ էներգիայի արտադրության ոլորտներում: Փոխվարչապետը շեշտել է, որ նշյալ ոլորտների զարգացման գործում գնահատելի են ԱՄՆ-ի ներդրած ջանքերը և հույս հայտնել, որ աջակցությունը կլինի շարունակական: «ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն արտահայտելով, որ նոր կարգավիճակում արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է և ընդլայնվելու: Կողմերը քննարկել են արդարադատության ոլորտի բարեփոխումները, պարեկային ծառայության ստեղծումը, արդարադատական համակարգի և ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները: Փոխվարչապետը ներկայացրել է նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած իր այցելության արդյունքները՝ ՔԿՀ-ների ենթակառուցվածքների և դատապարտյալների պահման պայմանների բարելավման հարցը համարելով օրակարգային»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների հաղթահարման հարցերին: Նկատի ունենալով վերջինիս ազդեցությունը ինչպես մարդկային կյանքերի և հանրային առողջության, այնպես էլ պետությունների տնտեսությունների վրա, շեշտվել է պատվաստանյութերի հասանելիության և պատվաստումների կարևորությունը՝ սահմանների բացման և ճանապարհորդությունների հարցում առկա սահմանափակումների մեղմացման համատեքստում: Ընդգծվել է, որ այս ուղղությամբ համատեղ և հետևողական ջանքերը միայն դրական արդյունքներ են տալու: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքին, ինչի կապակցությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԾ-ի շրջանակներում տրամադրված աջակցության համար՝ հույս հայտնելով, որ օժանդակությունը նոր տեսք կստանա, քանի որ նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Զրույցի ժամանակ քննարկվել են Հայաստանում միջազգային ներդրումների համար առողջ միջավայրի ապահովման, հակակոռուպցիոն ռեֆորմների, արդար տնտեսական և մրցակցային դաշտի ապահովման միջոցները: Անդրադարձ է կատարվել հանքաարդյունաբերության խնդիրներին՝ կարևորելով բնապահպանական ռիսկերի կառավարման, շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումների երաշխավորման հարցերը: Աղբյուրի տեղեկացմամբ՝ քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը խոսել է այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ ներկայումս կատարվող քայլերի մասին: Ըստ նրա՝ առաջիկա օրերին նախատեսվում է ավարտել 44 կմ նոր ճանապարհի ամբողջական ասֆալտապատման աշխատանքները, որոնց կհաջորդի ասֆալտի նոր շերտի անցկացումը 17 կմ հատվածի վրա: Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է Տաթև-Աղվանի հատվածում 18 կմ նոր ճանապարհի կառուցման մասին՝ անդրադառնալով 4 գյուղերի ուղղությամբ շրջանցիկ ճանապարհների կառուցմանը, որոնք նախատեսվում են վերջնական ավարտին հասցվել 2020թ. գարնանը: Փոխվարչապետը հայտնել է, որ արդեն մեկնարկել են «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ուղղությամբ աշխատանքները:  
18:18 - 28 սեպտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

Կարեն Անդրեասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են դատաիրավական, հակակոռուպցիոն և թվայնացման ոլորտների բարեփոխումները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։        Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից, նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցությունը և ընդգծել, որ արդարադատության բարեփոխումների օրակարգում Միացյալ Նահանգները Հայաստանի առանցքային գործընկերներից է։ Դեսպան Թրեյսին Նախարարության հետ համագործակցությունը որակել է  գերազանց, զրույցի ընթացքում կարևորել է նաև Պարեկային ծառայության գործունեությունը և նշել, որ տպավորված է նրանց աշխատանքից։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է դատաիրավական, հակակոռուպցիոն, ոստիկանության և քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, դատաիրավական ոլորտի թվայնացման գործընթացին ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացմանը։ Նշվում է, որ առանձնահատուկ կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարության կազմում գործող «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը, քննարկվել է Հիմնադրամին ցուցաբերվող աջակցության շարունակական ապահովման հնարավորությունը։  
17:04 - 27 սեպտեմբերի, 2021
ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ "Humanitarian Dialogue" միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին։ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն նաև մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ: Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ: Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։
15:19 - 24 սեպտեմբերի, 2021
Հայաստանն ընթանում է 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղերձը

Հայաստանն ընթանում է 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով. ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղերձը

ԱՄՆ դեսպանության և ամերիկյան ժողովրդի անունից ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ջերմորեն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ «Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլն անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։ Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և ավելի լավ ապագա կառուցելու վճռականությունը՝ ի հեճուկս աննախադեպ մարտահրավերների, ինչպիսիք էին գլոբալ համավարակը և անցյալ տարի Հայաստանին պատուհասած պատերազմը։ Ես տեսնում եմ, որ այս հինավուրց ժողովուրդն անկախության միջոցով կերտում է իր պատմության նոր գլուխը։ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով և միաժամանակ ձգտում է լուծել անվտանգային կարևորագույն խնդիրները։ Երեսուն տարիների ընթացքում հայ-ամերիկյան գործընկերության հիմքում եղել են հենց այս ընդհանուր արժեքները։ Մենք Միացյալ Նահանգների առաջին դեսպանությունը Հայաստանում բացեցինք երկրի անկախացումից կարճ ժամանակ անց՝ 1992թ․, սակայն հայ-ամերիկյան գործընկերությունը շատ ավելի վաղ է սկսվել, քան մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Դեռևս 1919թ․ նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմի ներքո ամերիկյան կառավարությունը տարածաշրջանով մեկ օժանդակություն էր ցուցաբերում Ցեղասպանությունից տուժած հայերին։ Այնուհետ Միացյալ Նահանգներն ակտիվ դերակատարում ունեցավ՝ օգնելով Հայաստանին 1988թ․ կործանարար երկրաշարժից հետո․ Միացյալ Նահանգների կառավարության ու մասնավոր քաղաքացիների կողմից տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերվեց աղետի հետևանքների վերացման ու անօթևան մնացածներին օգնելու հարցերում։ ԱՄՆ արձագանքը սոսկ այս ողբերգության մասշտաբներով չէր պայմանավորված, այլ նաև ընդգծում էր մեր երկու ժողովուրդների միջև առկա կապերի խորությունը։ Խոսելով մեր ժողովուրդների կապի մասին չենք կարող չհիշատակել հայկական ակտիվ սփյուռքը ԱՄՆ-ում, որը մեր երկու երկրների ու մեր հարաբերությունների ամրության հարցում մշտապես հանդիսացել է կարևորագույն գործոն։ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ մեր գործընկերության դուռն ավելի լայն բացվեց։ Եվ երեսուն տարի անց, որի ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվել է շուրջ 3  միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, մեր կապերն առավել քան երբևէ ամուր են։ Ամուր ժողովրդավարական հաստատությունների ձևավորում ու պահպանում, իրավունքի գերակայության ապահովում և կոռուպցիայի դեմ պայքար, մարդասիրական օգնություն դրա կարիքն ունեցողներին, անվտանգային կառույցների կարողությունների մեծացում, տնտեսական հնարավորությունների վերհանում և խթանում, առողջապահական համակարգի ամրապնդում, մշակութային ժառանգության պահպանություն, կրթական հնարավորությունների ընդլայնում, փոխանակային ծրագրերի միջոցով ներդրումներ մարդկային կապիտալում և տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների օժանդակում․ ահա երկկողմ հարաբերությունների այն լայն շրջանակը, որի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղվել են մեր համատեղ ջանքերը։ Մեր բազմազան գործընկերությունն ամենուր միտված է այն նպատակին, որ մարդկանց կյանքը բարելավվի, բոլորս լինենք առողջ և ապահով ու ավելի լավ աշխարհ թողնենք մեր երեխաների համար։ Ինչպես այս տարի ավելի վաղ Հայոց ցեղասպանության հիշատակման իր խոսքում նշեց նախագահ Բայդենը, «Այսօր, սգալով կորուստների համար, եկե՛ք նաև մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի մի աշխարհ, որ մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որ ստվերված չէ մոլեռանդության  ու անհանդուրժողականության առօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ հարգված են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել իրենց կյանքն արժանապատիվ ու անվտանգ»։ Վերջին քսան ամիսը փորձությունների շրջան էին, սակայն կրկին ի ցույց դրվեց հայ ժողովրդի տոկունությունն ու հայաստանյան ժողովրդավարության ամրությունը։ Այս տարվա ամռանը տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ոչ միայն արժանացան միջազգային դիտորդների գովեստին հիմնարար իրավունքների ապահովման համար, այլ նաև հպարտանալու առիթ դարձան շատ հայերի համար, որոնք տեսան, որ ի հեճուկս դժվարությունների, հայաստանյան ժողովրդավարությունը աներեր մնաց։ Ու թեպետ մենք չպետք է մոռանանք մարտահրավերների, ողբերգությունների ու դժվարությունների մասին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն, սակայն պետք է նաև աչքի առաջ ունենանք այն ամենը, ինչին Հայաստանն հասել է ու նոր ձեռքբերումների հասնելու ներուժը։ Վերջին երեսուն տարվա ընթացքում ձևավորված կապերի ամուր հիմքի վրա շարունակելով մեր աշխատանքը՝ մենք հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ապագա ենք տեսնում և շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, բարեկեցիկ պետություն, որը հաշվետու է իր ժողովրդի առաջ ու չունի վտանգներ հարևաններից։ Մենք սպասում ենք մեր գործընկերությանը շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանն ընթանում է 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով»,- ասված է ուղերձում։
10:24 - 21 սեպտեմբերի, 2021
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Ալեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Ալեն Սիմոնյանը ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային եւ բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ: Նա բարձր գնահատեց ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը: Նա դեսպանին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը, որը կարեւոր օղակ է երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման համար: Անդրադառնալով հետպատերազմյան իրադրությանը` ԱԺ նախագահը նշեց, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ: Զրույցի ընթացքում կարեւորվեցին օրենդիր մարմնի հետ փոխգործակցությունը, ժողովրդավարական գործընթացների զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանը շեշտեց նաեւ ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը: Քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող հարցեր:
18:03 - 16 սեպտեմբերի, 2021
Չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, անում ենք այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին վերադարձնենք Մինսկի խմբի բանակցությունների սեղանի շուրջ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
 |tert.am|

Չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, անում ենք այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին վերադարձնենք Մինսկի խմբի բանակցությունների սեղանի շուրջ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան |tert.am|

tert.am: Մենք, իհարկե, անում ենք այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին կրկին վերադարձնենք Մինսկի խմբի ներքո բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև կարծում ենք, որ բանակցությունների միջոցով հարցը պետք է կարգավորվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին` անդրադառնալով հարցին՝ իր կարծիքով՝ Երևանն ու Բաքուն երբևէ կվերադառնա՞ն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ձևաչափ, երբ Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հարց չի քննարկում: «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն տարբեր առիթներով շատ հստակ շարադրել է մեր այս հանձնառությունը: Եվ, իհարկե, 30 տարվա պատերազմի և լարվածության իրավիճակը մեկ գիշերվա ընթացքում չի կարող լուծվել, սակայն կան հիմնավոր բաներ, որոնք մենք կարևորում ենք: Ինչպես նշեցի՝ մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, և այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում»,-ասաց նա: Հարցին՝ երկխոսության նախադրյալներ տեսնու՞մ է ԱՄՆ-ն, Թրեյսին արձագանքեց «Ես չեմ ուզում կողմերի անունից խոսել, նախադրյալների մասին խոսել, բայց Հայաստանի կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ գործողությունների, քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել: Ինչպես գիտեք` ԱՄՆ-ն որոշակի քայլեր գործադրել է, մեր ռուսաստանյան գործընկերները ևս ջանքեր գործադրել են, և որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան»: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի՝ չկա կատարյալ հարթակ, բայց Մինսկի խումբն ունի մանդատ, լեգիտիմություն: «Մենք դեռևս այն դիտարկում ենք բանակցությունների համար համապատասխան հարթակ»,-նշեց Թրեյսին: Դիտարկմանը, թե ՀՀ ՄԻՊ-ը զեկույցը Ադրբեջանում հայ գերիների սպանությունների, խոշտանգումների վերաբերյալ զեկույց է ներկայացրել, և որն է Թրեյսիի դիրքորոշումը, վերջինս արձագանքեց. «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին և բոլոր անհատներին հարգել մարդու հիմնարար իրավունքները: Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի ու այլ աղբյուրներից ստացված զեկույցներին, մենք ուշադիր հետևում ենք բոլոր նմանատիպ դրսևորումներին, շարունակելու ենք հետևել և համագործակցել բոլոր կողմերի հետ՝ նրանց կողմից մարդու իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար»,-ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:
14:38 - 11 սեպտեմբերի, 2021
ԱՄՆ դեսպանն այցելում է Սպիտակի ԲԿ՝ մասնակցելու համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով հատկացվող 770.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բուժսարքավորումների նվիրատվությանը

ԱՄՆ դեսպանն այցելում է Սպիտակի ԲԿ՝ մասնակցելու համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով հատկացվող 770.000 ԱՄՆ դոլար արժողությամբ բուժսարքավորումների նվիրատվությանը

Ս․թ․ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելեց Լոռու մարզ, որտեղ նա ներկա գտնվեց Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դսպանատնից։Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255.000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող 770.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումների շարքում։ Սարքավորումները տրամադրվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով։«Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության ու առողջության։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի բուժառուների ախտորոշման ու բուժման հարցում», - ասաց դեսպան Թրեյսին։Այս միջոցառմանը մասնակցելուց զատ, դեսպան Թրեյսին նաև հանդիպում ունեցավ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։
10:39 - 08 սեպտեմբերի, 2021
Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման: Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։  ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:  Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
17:09 - 30 օգոստոսի, 2021
Հետպատերազմյան շրջանում ԱՄՆ-Հայաստան համագործակցության ընթացքն ու ապագան

Հետպատերազմյան շրջանում ԱՄՆ-Հայաստան համագործակցության ընթացքն ու ապագան

Վերջին վեց ամսվա ընթացքում ԱՄՆ-ից ռազմական աջակցության առաջարկներ չեն ներկայացվել Հայաստանին: Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ կառավարությունից։ Իրադարձությունների արագ զարգացման այս ընթացքում վերլուծական դաշտում ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, թե Հայաստանը դաշնակցային նոր հարաբերությունների ինչ եզրեր ունի։ Այդ կոնտեքստում շատ է խոսվում ՀՀ-ԱՄՆ համագործակցության խորացման մասին, որոշ շրջանակներ համարում են, որ ԱՄՆ-ն եւս պատրաստակամ է լինել դաշնակից պետություն եւ տարբեր իրավիճակներում աջակցել Հայաստանին, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Հայաստանի հետ համագործակցության մասին խոսել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Այս տարվա ապրիլին, օրինակ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել էր դեսպան Թրեյսիին՝ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել համագործակցության հետագա ծրագրերը։  Այդ հանդիպումից հետո ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում, խոսելով ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության մասին, հիշեցրել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, եւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որն իրենք կարող ենք տրամադրել: Միեւնույն ժամանակ, Թրեյսին հայտնել էր, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնելու, միասին աշխատելու հնարավորություններ կան, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, եւ որ իրենք փորձելու են խթանել այդ հնարավորությունները։ Infocom-ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվել է՝ վերջին 6 ամսվա ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետությանը առաջարկե՞լ է ռազմական աջակցություն, եթե այո, ապա ինչպիսի ռազմական աջակցության մասին է խոսքը, եւ թե ինչ զարգացում ունեն ԱՄՆ-ի հետ համագործակցության մյուս ուղղությունները։ Ընդհանուր առմամբ, պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունն իրականացվում է 2002 թվականից՝ տարբեր ուղղություններով։ Սակայն պատերազմից հետո, ինչպես վերը նշեցինք, Հայաստանին ռազմական աջակցության առաջարկ չի եղել։ Հայ-ամերիկյան ռազմավարական խորհրդակցությունները վերջին անգամ տեղի են ունեցել 2019թ. սեպտեմբերի սկզբին․ որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը երկու հիմնական ուղղությամբ՝ աջակցություն ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին եւ միջազգային առաքելությունների համար փոխգործարկելի կարողությունների զարգացում։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշել են գործադիրից, շարունակվել է նախկինում ռազմական կրթությանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանն առնչվող երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, որոնք սահմանափակվել կամ կասեցվել էին` COVID համավարակով պայմանավորված: Բացի դրանից, պատասխանի համաձայն, մեկ տասնյակից ավելի անձնակազմ մեկնել է կրթության ԱՄՆ ուսումնական կենտրոններում, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ անձնակազմը մասնակցել է ԿՖՈՐ առաքելության (Կոսովոյի խաղաղապահ ուժերի) նախապատրաստական վարժանքին, ԱՄՆ աջակցությամբ կայացել է Կոսովոյում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հերթափոխ, սկսվել է խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցման երկրորդ փուլը: Իսկ ավելի վաղ ԱՄՆ ռազմական աջակցության FMF (Միջազգային ռազմական ֆինանսավորում) ծրագրով 2002-2017 թվականներին Հայաստանին հատկացվել էր մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն: Այն, ինչպես տեղեկանում ենք կառավարությունից ստացած պատասխանից, օգտագործվել է ռադիոկայանների/կապի համակարգի, դաշտային հոսպիտալի, ՄԱՅԼՍ լազերային համակարգի, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի համար հանդերձանքի եւ սարքավորումների, ուսումնավարժական ծրագրերի, խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցման ուղղություններով: 2002-2017 թվականներին, օրինակ, ԱՄՆ «Միջազգային ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրով ստացվել է ռազմական օգնություն, որով ձեռք են բերվել նյութատեխնիկական միջոցներ։ Կառավարությունից նշել են, որ պարբերաբար իրականացվում են բարձր մակարդակի երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, բարձրաստիճան փոխայցելություններ։ Իսկ այժմ Կոսովոյում տեղակայված հայկական խաղաղախահ զորախումբն իր առաքելությունն է իրականացնում Եվրոպայում՝ ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցությամբ։  Գործադիրից մանրամասնել են, որ տնտեսական ոլորտում ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցությունը հիմնականում իրականացվում է երկու ձեւաչափերում՝ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի հիման վրա գործող խորհուրդ եւ ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագիր։ 2015թ․ մայիսի 7-ին ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ ստորագրվել է Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որով հիմնվել է նաեւ Հայաստան-ԱՄՆ առւետրի եւ ներդրումների հարցերով խորհուրդը։ Իսկ այդ համատեղ խորհրդի նպատականերն են երկու կողմերի առւետրային եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնումը եւ հնարավոր խոչընդոտների բավահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջեւ կնքված ներդրումային համաձայնագրում եւ այլն։ Ինչպես տեղեկանում ենք գործադիրից ստացած պատասխանից, նշյալ խորհրդի անդրանիկ նիստը կայացել է 2015 թվականի նոյեմբերի 17-ին Երեւանում, երկրորդ նիստը կայացել է 2018թ․ մարտի 19-ին Վաշինգտոնում, իսկ երրորդը՝ 2020թ․ սեպտեմբերին առցանց ձեւաչափով։ 2020թ․ աշնանից ի վեր, ներքոնշյալ ուղղություններով առցանց ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ տեխնիկական քննարկումներ են անցկացվել ԱՄՆ առեւտրի գրասենյակի, ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի, ԱՄՆ գյուղատնտեսության, դեպարտամենտի համապատասխան պաշտոնյաների հետ։ Ինչ վերաբերում է մնացած ոլորտներին, աշխատանքային օրենսդրության եւ տեսչական բնագավառում բարեփոխումների վերաբերյալ տեղեկություն է տրամադրվել ամերիկյան կողմին, շահագրգիռ կազմակերպություններին եւ գործարար միություններին ԱՄՆ-ում ոլորտի օրենսդրական կարգավորումներին (FDA կարգավորումներ) տեղյակ պահելու եւ արտահանման գործընթացը դյուրացնելու նպատակով շարունակական համագործակցություն է իրականացվել ամերիկյան կողմի հետ։ Բացի դրանցից՝ համագործակցություն է իրականացվում ամերիկյան համապատասխան գործակալությունների եւ ՀՀ մասնավոր հատվածի հետ՝ արտոնությունների ընդհանրացված համակարգով առաջնորդվող առավելությունների վերաբերյալ հայ արտահանողներին իրազեկ պահելու, գործընթացը դյուրացնելու ուղղությամբ, հեռակոնֆերանս եւ տեղեկատվության փոխանակում է կազմակերպվել ՀՀ՝ CITIES կոնվենցիային անդամակցության շրջանակներում։ Մաքսային ոլորտում հայկական կողմը, ինչպես հայտնել են գործադիրից, առաջարկել էր ընթացք տալ համագործակցության մասին համաձայնագրի նախագծին, որը ուղարկել էր նաեւ դեռեւս նախորդ հանդիպումից անմիջապես հետո, սակայն ամերիկյան կողմը հայտնել է, որ բանակցային կողմն առայժմ առկախված է։ Կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ԱՄՆ փորձագետները ներկայացրել են ԱՄՆ-ից արտահանման էլեկտրոնային հայտարարագրման վերաբերյալ որոշ մանրամասներ։ 2020 թվականի սեպտեմբերի 15-ից առ 2021-ի մայիսը ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի գրասենյակի հետ աշխատանքները շարունակվել են առցանց տարբերակով։ Կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները «Commercial Law Development Program» («Առեւտրի մասին օրենքի զարգացման ծրագիր») ծրագրի շրջանակներում զարգացմները աշխատանքի իրավունքի Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, առեւտրում տեխննիկական խոչընդոտների, ինչպես նաեւ 2021-ի ընթացքում կայանալիք Հայաստան-ԱՄՆ գործարար կլոր սեղանի անցակացման օրակարգը եւ ձեւաչափը։ Իսկ այժմ աշխատանքներ են տարվում ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի «Commercial Law Development Program» ծրագրի պատասխանատուների հետ՝ 2021-ի ընթացքում պետական գնումների փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) առեւտրական դիվանագիտական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ամերիկյան կողմին առաջարկվել է կազմակերպել առցանց կլոր սեղան՝ առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտի ամերիկյան ընկերությունների ներգրավմամբ եւ հայկական ընկերությունների մասնակցությամբ։  Ստորեւ ներկայացնում ենք կառավարության տրամադրած տեղեկությունները՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատված» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ․ «My Armenia» («Իմ Հայաստան») մշակութային զբոսաշրջության ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ (07.2015-12.2021, 8,8 մլն ԱՄՆ դոլար) - համագործակցություն մասնավոր հատվածի հետ՝ առավել արդյունավետ մարքեթինգային եւ բրենդինգի ռազմավարություններ մշակելու եւ մշակութային-զբոսաշրջային արդյունքների ավելի լայն շրջանակ առաջարկելու՝ աջակցելով Հայաստանին՝ հատկապես մշակությային զբոսաշրջության առումով յուրահատուկ եւ ճանաչելի զբոսաշրջային երկիր դառնալու։ Գյուղական վայրերի տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ (RED - NEO), Ագրոբիզնես կենտրոն եւ գյուղական վայրերի զարգացման հիմնադրամ (CARD) (02.2019-02.2024, 5,14 մլն ԱՄՆ դոլար), նախատեսված է անապահով գյուղական բնակավայրերով ձեռնարկատիրության, աշխատատեղերի ստեղծման բարելավված բիզնեսի ենթակառուցվածի եւ շուկայական կապերի միջոցով տնտեսական կայունության եւ անվտանգության խթանմանը։  Առաջադեմ գիտություն եւ համագործակցություն ռեսուրսների ինտեգրացված զարգացման համար, Ինգլանդ մենդեզ ընդ Ասոշիեյթս (09.2015-07.2021, 5.59 մլն ԱՄՆ դոլար) - համագործակցություն մասնավոր հատվածի հետ, Արարատյան դաշտավայրում ջրի կառավարման արդյունավետ համակարգերի գործարկման ուղղությամբ, աջակցություն շրջակա միջավայրի համար անվնաս ձկնորսությանը եւ մաքուր էներգիայի ոլորոտում ներդրումներին։ Շուկայի ազատականացման եւ էլեկտրականության առեւտրի ծրագիր Tetra Tech (06.2018-06.2023, 9,99 մլն ԱՄՆ դոլար) - աջակցություն շուկայի ազատականացման ռեֆորմներին, աջակցում է Վրաստանի հետ էլէներգիայի առեւտրին եւ բարելավում է էներգակիրների դիվերսիֆիկացիան, արդյունավետությունը եւ թափանցիկությունը։  «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար» (AGRI CAMP) ծրագիր «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային հիմնադրամ» (ICARE) (01.05.2020-30.04.2023, 1,89 մլն ԱՄՆ դոլար) - այս ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի համալսարանների շրջանավարտների եւ երիտասարդ մասնագետների միջեւ գործընկերության ձեւավորումն է, ինչպես նաեւ դասընթացների եւ հմտությունների ձեւավորումն ապահովելու համար՝ ոլորտում աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի միջեւ եղած անջրպետը վերացնելու նպատակով։ Գործարարությունը խթանող միջավայր, Միջազգային զարգացման խումբ (07.2020-07.2022, 2,5 մլն ԱՄՆ դոլար) - Խումբը համագործակցում է ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ՝ խթանելու բիզնեսին նպաստող միջավայրը եւ պետական մասնավոր երկխոսության ամրապնդման միջոցով աջակցելու քաղաքականության իրավական եւ կարգավորիչ նախաձեռնությունների մշակմանը, որդեգրմանը եւ իրականացմանը։ Ամերիկյան կողմից ներկայացվել է ծրագրի թիվ 15 փոփոխությունը (ստորագրվել է 2021-ի մայիսի 12-ին), որով նախատեսվում է լրացուցիչ 8 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի հատկացում։ Փաստաթուղթը գտնվում է վավերացման գործընթացում։ Փոփոխության հաստատման արդյունքում ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակներում կկազմի 100,000,980․41 ԱՄՆ դոար։ Փոփոխություն 15-ով հաստատվելիք ֆինանսական հատկացումները նախատեսվում է ուղղել ներքոնշյալ ծրագրերի ուղղությամբ․ գյուղական վայրերի տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) - 500,000 ԱՄՆ դոլար։ Գործարարությունը խթանող միջավայր - 1 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվում են նաեւ նոր ծրագրեր՝ Հայաստանի աշխատուժի զարգացում - 1,919.000 ԱՄՆ դոլար, բնական ռեսուրսների կառավարում - 2.956,000 ԱՄՆ դոլար եւ տնտեսական կառավարման եւ մրցակցության բարելավում - 1,825,000 ԱՄՆ դոլար։ Հայարփի Բաղդասարյան
14:38 - 25 օգոստոսի, 2021
Արգիշտի Քյարամյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահների արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Արգիշտի Քյարամյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահների արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը, Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ՀԿԳ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը, ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ստորաբաժանման ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին, նույն ստորաբաժանման ավագ իրավախորհրդատու Ադի Հոլովեյը և քաղաքական խորհրդատու Կրիստինա Հանսելը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդեն ստեղծված արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասն ներկայացրել է այն ոլորտները, որտեղ փոխհամագործակցությունը բավական արդյունավետ զարգացումներ ունի՝ արժևորելով երկարամյա համագործակցության ընթացքում կիբեռհանցագործության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան բռնությունների ոլորտներին վերաբերող մի շարք համատեղ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները: Կոմիտեի նախագահը վստահեցրել է նաև, որ քրեական գործերով ցուցաբերվող միջազգային իրավական օգնությունը այսուհետ ևս կկրի շարունակական բնույթ, ինչն էլ ավելի կնպաստի  հանցավորության դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ: ՔԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորել են նաև փոխադարձ իրավական օգնության շրջանակներում քննիչների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու գործընթացը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել համագործակցությունը, էլ ավելի զարգացնել ձևավորված ավանդույթները:
18:46 - 23 օգոստոսի, 2021
Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի |armenpress.am|

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ դեռևս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:    «Մենք աշխատելու ենք որպես Մինսկի խմբի  համանախագահ՝ այդ դիրքերից ձգտելով իրավիճակի դեէսկալացիայի, միջադեպերի վերացման, որպեսզի հնարավոր լինի դիտարկել մնացյալ հարցերը՝ պատերազմի հետևանքների և մյուս խնդիրների վերջնական կարգավորումը»,- Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Լին Թրեյսին: Անդրադառնալով անվտանգության և սահմանային միջադեպերի հետ կապված հարցերին՝ Թրեյսին նշեց, որ դրանց հետ կապված իր կարծիքը հայտնել է, մի քանի անգամ էլ դիրքորոշումներ են հնչել նաև ԱՄՆ պետքարտուղարությունից. «Թերևս գիտեք, որ ես հուլիսին այցելեցի Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներից մեկը, որտեղ միջադեպեր էին գրանցվում, և ուզում եմ  հստակ նշել, որ մենք կոչ ենք անում իրավիճակի դեէսկալացիայի և որ հնարավորինս արագ վերջ տրվի բռնություններին»,- նշեց Լին Թրեյսին: Դեսպանը ընդգծեց, որ այս խնդիրների լուծումը անչափ կարևոր է հատկապես այն պատճառով, որ  քաղաքացիական անձինք հայտնվում են հակամարտության մեջտեղում և նրանց անվտանգությունն ու ապահովություն է վտանգվում, ուստի, այս ամենը հաշվի առնելով, այդ հարցերի լուծումը հրատապություն է ձեռք բերում:
10:08 - 23 օգոստոսի, 2021
Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը․ ԱՄՆ դեսպանի տեսաուղերձը

Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը․ ԱՄՆ դեսպանի տեսաուղերձը

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել ԱՄՆ Անկախության օրը տոնելու կապակցությամբ, որում նշվում է, որ ԱՄՆ անկախության տոնը այս տարի կրկին նշում է վիրտուալ տիրույթում և հրավիրում է հետևել մեր տոնական հրապարակումներին ողջ օրվա ընթացքում։ «Վերջին տարվա ընթացքում նոր կորոնավիրուսի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանն անցավ ծանր փորձությունների միջոցով ու կորուստներ կրեց։ Մենք այդ ամենը քաջ գիտակցում ենք։ Միաժամանակ, մենք փաստում ենք մեր երկու երկրների մեծ գործընկերությունը՝ խարսխված մեզ միավորող ժողովրդավարական արժեքների վրա։ Այսօր, տոնելով ԱՄՆ Անկախության օրը, մենք նշում ենք նաև մեր գործընկերությունը։ Անկախության 245-րդ տարեդարձին նվիրված արարողությունը սկսում ենք մեր երկու հզոր երկրների օրհներգերի կատարմամբ ու դրոշների ներկայացման կարգով՝ ԱՄՆ ծովահետևակայինների կողմից։ Հաջորդիվ տոնական ուղերձով հանդես կգա դեսպան Թրեյսին՝ խոսելով գրեթե 30 տարվա հայ-ամերիկյան գործընկերության, նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում մեր համագործակցության և Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած թեժ մարտական գործողություններից հետո ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող մարդասիրական աջակցության մասին»,-նշվում է ԱՄՆ դեսպանի Թրեյսիի տեսաուղերձին կից։ Հայտարարության մեջ նշված է, որ Հայաստանի համար ծանր տարի էր, ինչպես կորոնավիրուսի համավարակի տեսանկյունից, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության ինտենսիվ ռազմական գործողությունների առնչությամբ: «Մենք շարունակում ենք ճանաչել կորուստները, որոնք կրել է Հայաստանը: Միևնույն ժամանակ մենք հարգում ենք հսկայական գործընկերությունը մեր երկու երկրների միջև, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Այսօր նշելով ԱՄՆ անկախությունը՝ մենք նաև տոնում ենք այդ գործընկերությունը»,-ասում է դեսպանն իր տեսաուղերձում։ Դեսպանը անդրադարձել է նաև համավարակի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի կողմից Հայաստանին 11 միլիոն դոլար հատկացնելու որոշմանը, ինչպես նաև ղարաբաղյան պատերազմի ծրջանակում ԱՄՆ կառավարության կողմից 5 միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն տրամադրելուն։  «COVID-19-ի և ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը շարունակվում է: ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ միասին օգնության պահանջմունքը բավարարելու համար»,- հավելել է նա: Դեսպանը նշել է, որ ԱՄՆ-Հայաստան գործընկերության նպատակն է մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելը:
19:56 - 04 հուլիսի, 2021