Հետպատերազմյան շրջանում ԱՄՆ-Հայաստան համագործակցության ընթացքն ու ապագան
14:38 - 25 օգոստոսի, 2021

Հետպատերազմյան շրջանում ԱՄՆ-Հայաստան համագործակցության ընթացքն ու ապագան

Վերջին վեց ամսվա ընթացքում ԱՄՆ-ից ռազմական աջակցության առաջարկներ չեն ներկայացվել Հայաստանին: Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ կառավարությունից։

Իրադարձությունների արագ զարգացման այս ընթացքում վերլուծական դաշտում ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, թե Հայաստանը դաշնակցային նոր հարաբերությունների ինչ եզրեր ունի։ Այդ կոնտեքստում շատ է խոսվում ՀՀ-ԱՄՆ համագործակցության խորացման մասին, որոշ շրջանակներ համարում են, որ ԱՄՆ-ն եւս պատրաստակամ է լինել դաշնակից պետություն եւ տարբեր իրավիճակներում աջակցել Հայաստանին, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Հայաստանի հետ համագործակցության մասին խոսել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Այս տարվա ապրիլին, օրինակ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել էր դեսպան Թրեյսիին՝ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելի ուղեկցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին ռազմական ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել համագործակցության հետագա ծրագրերը։ 

Այդ հանդիպումից հետո ԱՄՆ դեսպանն իր հարցազրույցում, խոսելով ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության մասին, հիշեցրել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, եւ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որն իրենք կարող ենք տրամադրել: Միեւնույն ժամանակ, Թրեյսին հայտնել էր, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնելու, միասին աշխատելու հնարավորություններ կան, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, եւ որ իրենք փորձելու են խթանել այդ հնարավորությունները։

Infocom-ը ՀՀ կառավարությունից հետաքրքրվել է՝ վերջին 6 ամսվա ընթացքում ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետությանը առաջարկե՞լ է ռազմական աջակցություն, եթե այո, ապա ինչպիսի ռազմական աջակցության մասին է խոսքը, եւ թե ինչ զարգացում ունեն ԱՄՆ-ի հետ համագործակցության մյուս ուղղությունները։

Ընդհանուր առմամբ, պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունն իրականացվում է 2002 թվականից՝ տարբեր ուղղություններով։ Սակայն պատերազմից հետո, ինչպես վերը նշեցինք, Հայաստանին ռազմական աջակցության առաջարկ չի եղել։

Հայ-ամերիկյան ռազմավարական խորհրդակցությունները վերջին անգամ տեղի են ունեցել 2019թ. սեպտեմբերի սկզբին․ որոշում է կայացվել շարունակել համագործակցությունը երկու հիմնական ուղղությամբ՝ աջակցություն ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին եւ միջազգային առաքելությունների համար փոխգործարկելի կարողությունների զարգացում։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշել են գործադիրից, շարունակվել է նախկինում ռազմական կրթությանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանն առնչվող երկարաժամկետ ծրագրերի իրականացումը, որոնք սահմանափակվել կամ կասեցվել էին` COVID համավարակով պայմանավորված:

Բացի դրանից, պատասխանի համաձայն, մեկ տասնյակից ավելի անձնակազմ մեկնել է կրթության ԱՄՆ ուսումնական կենտրոններում, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ անձնակազմը մասնակցել է ԿՖՈՐ առաքելության (Կոսովոյի խաղաղապահ ուժերի) նախապատրաստական վարժանքին, ԱՄՆ աջակցությամբ կայացել է Կոսովոյում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների հերթափոխ, սկսվել է խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցման երկրորդ փուլը:

Իսկ ավելի վաղ ԱՄՆ ռազմական աջակցության FMF (Միջազգային ռազմական ֆինանսավորում) ծրագրով 2002-2017 թվականներին Հայաստանին հատկացվել էր մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն: Այն, ինչպես տեղեկանում ենք կառավարությունից ստացած պատասխանից, օգտագործվել է ռադիոկայանների/կապի համակարգի, դաշտային հոսպիտալի, ՄԱՅԼՍ լազերային համակարգի, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ուժերի բրիգադի համար հանդերձանքի եւ սարքավորումների, ուսումնավարժական ծրագրերի, խաղաղապահ ուսումնական կենտրոնի վերակառուցման ուղղություններով:

2002-2017 թվականներին, օրինակ, ԱՄՆ «Միջազգային ռազմական ֆինանսավորում» (FMF) ծրագրով ստացվել է ռազմական օգնություն, որով ձեռք են բերվել նյութատեխնիկական միջոցներ։

Կառավարությունից նշել են, որ պարբերաբար իրականացվում են բարձր մակարդակի երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ, բարձրաստիճան փոխայցելություններ։ Իսկ այժմ Կոսովոյում տեղակայված հայկական խաղաղախահ զորախումբն իր առաքելությունն է իրականացնում Եվրոպայում՝ ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցությամբ։ 

Գործադիրից մանրամասնել են, որ տնտեսական ոլորտում ԱՄՆ եւ ՀՀ միջեւ համագործակցությունը հիմնականում իրականացվում է երկու ձեւաչափերում՝ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի հիման վրա գործող խորհուրդ եւ ԱՄՆ ՄԶԳ դրամաշնորհային ծրագիր։ 2015թ․ մայիսի 7-ին ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ ստորագրվել է Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որով հիմնվել է նաեւ Հայաստան-ԱՄՆ առւետրի եւ ներդրումների հարցերով խորհուրդը։ Իսկ այդ համատեղ խորհրդի նպատականերն են երկու կողմերի առւետրային եւ ներդրումային հնարավորությունների ընդլայնումը եւ հնարավոր խոչընդոտների բավահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջեւ կնքված ներդրումային համաձայնագրում եւ այլն։ Ինչպես տեղեկանում ենք գործադիրից ստացած պատասխանից, նշյալ խորհրդի անդրանիկ նիստը կայացել է 2015 թվականի նոյեմբերի 17-ին Երեւանում, երկրորդ նիստը կայացել է 2018թ․ մարտի 19-ին Վաշինգտոնում, իսկ երրորդը՝ 2020թ․ սեպտեմբերին առցանց ձեւաչափով։ 2020թ․ աշնանից ի վեր, ներքոնշյալ ուղղություններով առցանց ոլորտային քաղաքականությունների վերաբերյալ տեխնիկական քննարկումներ են անցկացվել ԱՄՆ առեւտրի գրասենյակի, ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի, ԱՄՆ գյուղատնտեսության, դեպարտամենտի համապատասխան պաշտոնյաների հետ։

Ինչ վերաբերում է մնացած ոլորտներին, աշխատանքային օրենսդրության եւ տեսչական բնագավառում բարեփոխումների վերաբերյալ տեղեկություն է տրամադրվել ամերիկյան կողմին, շահագրգիռ կազմակերպություններին եւ գործարար միություններին ԱՄՆ-ում ոլորտի օրենսդրական կարգավորումներին (FDA կարգավորումներ) տեղյակ պահելու եւ արտահանման գործընթացը դյուրացնելու նպատակով շարունակական համագործակցություն է իրականացվել ամերիկյան կողմի հետ։

Բացի դրանցից՝ համագործակցություն է իրականացվում ամերիկյան համապատասխան գործակալությունների եւ ՀՀ մասնավոր հատվածի հետ՝ արտոնությունների ընդհանրացված համակարգով առաջնորդվող առավելությունների վերաբերյալ հայ արտահանողներին իրազեկ պահելու, գործընթացը դյուրացնելու ուղղությամբ, հեռակոնֆերանս եւ տեղեկատվության փոխանակում է կազմակերպվել ՀՀ՝ CITIES կոնվենցիային անդամակցության շրջանակներում։

Մաքսային ոլորտում հայկական կողմը, ինչպես հայտնել են գործադիրից, առաջարկել էր ընթացք տալ համագործակցության մասին համաձայնագրի նախագծին, որը ուղարկել էր նաեւ դեռեւս նախորդ հանդիպումից անմիջապես հետո, սակայն ամերիկյան կողմը հայտնել է, որ բանակցային կողմն առայժմ առկախված է։ Կազմակերպվել է առցանց հանդիպում, որի ընթացքում ԱՄՆ փորձագետները ներկայացրել են ԱՄՆ-ից արտահանման էլեկտրոնային հայտարարագրման վերաբերյալ որոշ մանրամասներ։

2020 թվականի սեպտեմբերի 15-ից առ 2021-ի մայիսը ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի գրասենյակի հետ աշխատանքները շարունակվել են առցանց տարբերակով։ Կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները «Commercial Law Development Program» («Առեւտրի մասին օրենքի զարգացման ծրագիր») ծրագրի շրջանակներում զարգացմները աշխատանքի իրավունքի Առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում, առեւտրում տեխննիկական խոչընդոտների, ինչպես նաեւ 2021-ի ընթացքում կայանալիք Հայաստան-ԱՄՆ գործարար կլոր սեղանի անցակացման օրակարգը եւ ձեւաչափը։

Իսկ այժմ աշխատանքներ են տարվում ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի «Commercial Law Development Program» ծրագրի պատասխանատուների հետ՝ 2021-ի ընթացքում պետական գնումների փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) առեւտրական դիվանագիտական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ամերիկյան կողմին առաջարկվել է կազմակերպել առցանց կլոր սեղան՝ առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտի ամերիկյան ընկերությունների ներգրավմամբ եւ հայկական ընկերությունների մասնակցությամբ։ 

Ստորեւ ներկայացնում ենք կառավարության տրամադրած տեղեկությունները՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատված» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ․

  1. «My Armenia» («Իմ Հայաստան») մշակութային զբոսաշրջության ծրագիր, Սմիթսոնյան ինստիտուտ (07.2015-12.2021, 8,8 մլն ԱՄՆ դոլար) - համագործակցություն մասնավոր հատվածի հետ՝ առավել արդյունավետ մարքեթինգային եւ բրենդինգի ռազմավարություններ մշակելու եւ մշակութային-զբոսաշրջային արդյունքների ավելի լայն շրջանակ առաջարկելու՝ աջակցելով Հայաստանին՝ հատկապես մշակությային զբոսաշրջության առումով յուրահատուկ եւ ճանաչելի զբոսաշրջային երկիր դառնալու։
  2. Գյուղական վայրերի տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ (RED - NEO), Ագրոբիզնես կենտրոն եւ գյուղական վայրերի զարգացման հիմնադրամ (CARD) (02.2019-02.2024, 5,14 մլն ԱՄՆ դոլար), նախատեսված է անապահով գյուղական բնակավայրերով ձեռնարկատիրության, աշխատատեղերի ստեղծման բարելավված բիզնեսի ենթակառուցվածի եւ շուկայական կապերի միջոցով տնտեսական կայունության եւ անվտանգության խթանմանը։ 
  3. Առաջադեմ գիտություն եւ համագործակցություն ռեսուրսների ինտեգրացված զարգացման համար, Ինգլանդ մենդեզ ընդ Ասոշիեյթս (09.2015-07.2021, 5.59 մլն ԱՄՆ դոլար) - համագործակցություն մասնավոր հատվածի հետ, Արարատյան դաշտավայրում ջրի կառավարման արդյունավետ համակարգերի գործարկման ուղղությամբ, աջակցություն շրջակա միջավայրի համար անվնաս ձկնորսությանը եւ մաքուր էներգիայի ոլորոտում ներդրումներին։
  4. Շուկայի ազատականացման եւ էլեկտրականության առեւտրի ծրագիր Tetra Tech (06.2018-06.2023, 9,99 մլն ԱՄՆ դոլար) - աջակցություն շուկայի ազատականացման ռեֆորմներին, աջակցում է Վրաստանի հետ էլէներգիայի առեւտրին եւ բարելավում է էներգակիրների դիվերսիֆիկացիան, արդյունավետությունը եւ թափանցիկությունը։ 
  5. «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար» (AGRI CAMP) ծրագիր «Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային հիմնադրամ» (ICARE) (01.05.2020-30.04.2023, 1,89 մլն ԱՄՆ դոլար) - այս ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի համալսարանների շրջանավարտների եւ երիտասարդ մասնագետների միջեւ գործընկերության ձեւավորումն է, ինչպես նաեւ դասընթացների եւ հմտությունների ձեւավորումն ապահովելու համար՝ ոլորտում աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի միջեւ եղած անջրպետը վերացնելու նպատակով։
  6. Գործարարությունը խթանող միջավայր, Միջազգային զարգացման խումբ (07.2020-07.2022, 2,5 մլն ԱՄՆ դոլար) - Խումբը համագործակցում է ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ՝ խթանելու բիզնեսին նպաստող միջավայրը եւ պետական մասնավոր երկխոսության ամրապնդման միջոցով աջակցելու քաղաքականության իրավական եւ կարգավորիչ նախաձեռնությունների մշակմանը, որդեգրմանը եւ իրականացմանը։ Ամերիկյան կողմից ներկայացվել է ծրագրի թիվ 15 փոփոխությունը (ստորագրվել է 2021-ի մայիսի 12-ին), որով նախատեսվում է լրացուցիչ 8 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի հատկացում։ Փաստաթուղթը գտնվում է վավերացման գործընթացում։ Փոփոխության հաստատման արդյունքում ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակներում կկազմի 100,000,980․41 ԱՄՆ դոար։

Փոփոխություն 15-ով հաստատվելիք ֆինանսական հատկացումները նախատեսվում է ուղղել ներքոնշյալ ծրագրերի ուղղությամբ․

  • գյուղական վայրերի տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ (RED-NEO) - 500,000 ԱՄՆ դոլար։
  • Գործարարությունը խթանող միջավայր - 1 մլն ԱՄՆ դոլար։

Նախատեսվում են նաեւ նոր ծրագրեր՝ Հայաստանի աշխատուժի զարգացում - 1,919.000 ԱՄՆ դոլար, բնական ռեսուրսների կառավարում - 2.956,000 ԱՄՆ դոլար եւ տնտեսական կառավարման եւ մրցակցության բարելավում - 1,825,000 ԱՄՆ դոլար։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել