ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի գլխավոր հաշվապահը ընկերության գումարներն օգտագործել է իր անձնական կարիքների համար. ՔԿ

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի գլխավոր հաշվապահը ընկերության գումարներն օգտագործել է իր անձնական կարիքների համար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու, ինչպես նաև նույն ընկերության տնօրենների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահը, օգտվելով այն հանգամանքից, որ նշված ընկերության տնօրեններն իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց պարտականությունները, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի կողմից նրանց տրամադրված էլեկտրոնային բանալին՝ 105 գործարքներով ընկերության հաշվեհամարից որպես առ հաշիվ գումար ելքագրել է 348.502.000 դրամ, որից որպես առ հաշիվ տրված գումարի ետ վերադարձ մուտքագրել է 242.200.000  դրամ, իսկ գումարի տարբերություն կազմող՝ առանձնապես խոշոր չափերով 106.302.000 ՀՀ դրամ գումարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կանխիկացրել և օգտագործել է իր անձնական կարիքների համար։ Նախաքննության ընթացքում ընկերության գլխավոր հաշվապահն ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179֊րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ընկերության տնօրեններից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերության մյուս տնօրենը 2021թ. սեպտեմբերին հատել է ՀՀ պետական սահմանը և չի վերադարձել: Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2֊րդ մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ընկերության գլխավոր հաշվապահի և տնօրեններից մեկի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:18 - 28 ապրիլի, 2022
Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

 ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Ողջունելով հյուրին՝ Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է հանդիպման ձևաչափը և նշել, որ հատկապես հետպատերազմական շրջանում առկա են  համատեղ քննարկման անհրաժեշտություն ունեցող բազմաթիվ հարցեր և որոշակի գործընթացներ: Արգիշտի Քյարամյանն իր խոսքում ընդգծել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է 2020 թվականի արցախյան պատերազմի սանձազերծման, խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված և պատերազմական այլ հանցագործություններ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու և բռնի անհետացման դեպքերը։ Կոմիտեի ղեկավարը փաստել է, որ ագրեսիվ պատերազմի ընթացքում զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքների մասին՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը, նախաքննության առաջին իսկ օրերից, համագործակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ՝ ապահովելով նաև հիշյալ կառույցի կողմից բարձրացված բոլոր հարցերի հրատապ արձագանքն ու պատշաճ աջակցության ցուցաբերումը՝ մասնավորապես տեղեկատվության փոխանակման ասպարեզում: Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով՝ նախաքննությամբ հաստատված թվով 205 անձանց գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ աշխատանքների իրականացումը, ինչպես նաև՝ Արցախյան առաջին պատերազմի հետևանքով անհետ կորած 777 անձանց որոնողական աշխատանքների խնդիրը։ Առաջնահերթությունների շարքում ներկայացվել է ներկայում Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայկական կողմին վերադարձնելու, ինչպես նաև բռնի անհետացած անձանց կարգավիճակի հստակեցմանը վերաբերող խնդիրները։ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն ներկայացրել է պատվիրակության կողմից 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո իրականացված և նախատեսվող գործընթացների, ռազմական գործողությունների վայրերում կատարվող որոնողական աշխատանքների առանցքային ուղղությունները, ինչպես նաև մարդասիրական իրավունքի ոլորտում նախաքննական մարմնի հետ շփումների հիմնական դրսևորումներն ու համագործակցության շրջանակները: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդյունավետ գործունեություն է ծավալել  ադրբեջանական կողմից հաստատված գերիների հետ տեսակցությունների և վերջիններիս հարազատների հետ կապի ապահովման, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների կատարման և տեխնիկական աջակցության ցուցաբերման հարցերում: Կողմերը մտքեր են փոխանակել նաև քննարկված հարցերի մասով հետագա արդյունավետ և շարունակական փոխգործակցության, վերջինիս ուղղությունների առավել ընդլայնման շուրջ՝ մասնավորապես կարևորելով գերեվարման փաստերի, գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կազմակերպումն ու ցանկալի արդյունքների ապահովումը:
18:18 - 27 ապրիլի, 2022
Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանը դեպքի վայրը չի լքել․ պաշտպան
 |hetq.am|

Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանը դեպքի վայրը չի լքել․ պաշտպան |hetq.am|

hetq.am: Երեկ տեղի ունեցած մահվան ելքով վթարի գործով ձերբակալված ոստիկանը դեռևս չի հարցաքննվել: Այսօր պատրաստվում է ցուցմունք տալ: Այս մասին ասաց ոստիկանի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Վերջինս վստահեցնում է, որ իրենք աջակցելու են գործի քննությանը, ինչ եղել է՝ հայտնելու են, ձերբակալման դեմ բողոք չեն ներկայացրել և չեն պատրաստվում ներկայացնել: «Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել: Դա պետք է տեղի չունենար: Մենք ցավակցում ենք հարազատներին: Որևէ մեկը չէր ցանկանա մահվան ելքով վրաերթ կատարել: Դա անզգուշությամբ է տեղի ունենում»,- ասաց Ռուբեն Բալոյանը: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Չի հաջողվել փրկել նաև պտղի կյանքը: Դեպքից հետո պարզ դարձավ, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը: Բալոյանն այս պահին իր պաշտպանյալին վերագրվող կասկածանքի առնչությամբ շատ մանրամասներ չի հայտնում, բայց պնդում է, որ ոստիկանն օրենքի շրջանակներում է գործել՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների շրջանակներում: «Այսինքն՝ երբ խաչմերուկում երթևեկությունը կարգավորում է տեսուչը, այդ դեպքում լուսացույցի աշխատանքը դադարում է. տեսուչն ինչպես կարգավորում է, այնպես էլ պետք է լինի երթևեկությունը: Ուղեկցման ընթացքում խաչմերուկներում տեսուչներ են եղել: Կրկնում եմ՝ երբ տեսուչն է ժեստերով և ազդանշաններով կարգավորում երթևեկությունն, այդ պահին լուսացույցով աշխատանքը չի գործում: Այսինքն՝ երթևեկության բոլոր մասնակիցները՝ ավտոմեքենաների վարորդները և հետիոտնները, պետք է ղեկավարվեն երթևեկությունը կարգավորող տեսուչի ժեստերով և ազդանշաններով»,- ասաց Բալոյանը: Պաշտպանը չպատասխանեց հարցին՝ ինչպե՞ս է տեղի ունեցել վթարը, ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել այն՝ նշելով, որ գործն այս պահին գտնվում է քննության սկզբնական փուլում, և նպատակահարմար չէ պատասխանել հարցերին՝ արդյոք վթարը ոստիկանի անուշադրության, թե՞ հղի կնոջ՝ երթևեկության կարգավորմանն ուղղված պահանջները չկատարելու հետևանք է: Անդրադառնալով այն հանգամանքին, որ քրեական գործ է հարուցվել նաև դեպքի վայրը լքելու առթիվ, Բալոյանը պատասխանեց, որ ոստիկանը դեպքի վայրը չի լքել, որոշակի տարածություն՝ մոտ 30-40 մետր անցնելուց հետո կանգնել է, ոտքով վերադարձել դեպքի վայր, որտեղ շատ արագ շտապօգնության մեքենա է եկել: Թե ով է շտապօգնության մեքենա կանչել, պաշտպանը չգիտի, բայց ասում է, որ կնոջն արագ դրել են շտապօգնության մեքենայի մեջ, որից հետո միայն ոստիկանը հեռացել է դեպքի վայրից ու իր վարած մեքենան տարել ոստիկանություն: Պաշտպանը դիտարկում է, որ այն իրավիճակներում, երբ վրաերթի հետևանքով անձը կոտրվածքներ ունի, նպատակահարմար է նրան անշարժ դիրքում թողնելը, որպեսզի նրան բուժօգնություն ցույց տան բժիշկները, ինչը, փաստորեն, ըստ պաշտպանի, արագ արվել է: «Փորձում են ներկայացնել, իբրև ոստիկանը փախուստի է դիմել. այդպիսի բան չի կարող լինել»,- ասաց Բալոյանը և նշեց, որ հրամանատարի մեքենան բոլորին հայտնի է, նրա անձը՝ նույնպես: Մեր հարցին՝ վարչապետի անվտանգությունն ապահովող մեքենան, վթարի պարագայում իրավունք կամ պարտականություն ունի՞ կանգնելու, Բալոյանը պատասխանեց, որ այդ հարցին պատասխանել չի կարող. դրա համար անհրաժեշտություն կա որոշակի փաստաթղթեր ուսումնասիրելու: Լուսանկարում՝ Ռուբեն Բալոյանը
15:56 - 27 ապրիլի, 2022
Լեոյի խաչմերուկում մահացած կնոջ վրաերթի գործով ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Լեոյի խաչմերուկում մահացած կնոջ վրաերթի գործով ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:   Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
23:12 - 26 ապրիլի, 2022
Մեղադրանք է առաջադրվել տելեգրամյան էջում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար

Մեղադրանք է առաջադրվել տելեգրամյան էջում ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։  Նախնական տվյալներով, Telegram սոցիալական ցանցի օգտատերը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, 2022 թվականի ապրիլի 11-ին հանրության լայն շրջանակներին հասանելի իր տելեգրամյան էջում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ արտակարգ իրավիճակ ստեղծելու համար ահաբեկչություններ են հնարավոր ինչպես Երևանում, այնպես էլ` մայրաքաղաքից դուրս: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: Նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Telegram սոցիալական ցանցի՝ իր կողմից օգտագործվող էջում տեղադրել է վերոնշյալ բովանդակությամբ գրառումը: Վերջինս ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է:
14:17 - 23 ապրիլի, 2022
ՀՀ նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն

 |armenpress.am|

ՀՀ նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգրքով թմրամիջոց գովազդելը ևս կհանդիսանա հանցագործություն  և այն հավասարեցված  կլինի թմրամիջոցների իրացմանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը: Նրա կարծիքով՝ այդ  քայլով ևս թմրամիջոցների գովազդ կատարող բազմաթիվ անձանց դժվարություններ կպատճառվեն: Անդրադառնալով Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում տեղադրված թմրամիջոցի  գովազդի դեպքին, Համբարյանն ասաց, որ նմանատիպ գովազդներ հայտնվում են ՀՀ տարբեր շինությունների վրա: «Գյումրու Կումայրի արգելոց-թանգարանում տեղադրված ցուցանակի վրա նշված էջը կառավարող անձը կալանավորված է: Նրա տան խուզարկության ընթացքում 2 կգ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել: Ներկայումս նախաքննական մարմնի կողմից ակտիվ գործողություններ են իրականացվում խմբի կազմում ընդգրկված և գովազներ տարածող, ինչպես նաև՝ թմրամիջոցներ տեղադրող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-հավելեց նա: Հովհաննես Համբարյանի խոսքով՝ Հայաստանում ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է: Համացանցում բավականաչափ տարածում և կոնկրետ մեծ պահաջարկ ունեն  մեֆեդրոն և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները:  
15:31 - 15 ապրիլի, 2022
Քննչական կոմիտեն Հայաստանում համացանցի միջոցով թմրաշրջանառությամբ զբաղվող 6 կազմակերպված խումբ է հայտնաբերել


 |armenpress.am|

Քննչական կոմիտեն Հայաստանում համացանցի միջոցով թմրաշրջանառությամբ զբաղվող 6 կազմակերպված խումբ է հայտնաբերել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի քննչական կոմիտեում քննվող քննչական գործերի նախաքննության շրջանակներում  հայտնաբերվել են թմրաշրջանառությամբ զբաղվող վեց կազմակերպված խմբեր, որոնց կողմից կառավարվել են 30-ից ավելի «Տելեգրամ»-ի  ալիքներ, ինչպես նաև HYDRA հարթակի հինգ ալիքներ: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը: Նրա խոսքով՝ խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցների ընդհանուր շուկայական արժեքը՝ ըստ իրենց կայքերում վաճառքի գների, գերազանցել է 250 միլիոն դրամը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում արդեն իսկ  հայտնաբերված դրամապանակներով կատարված գումարային շրջանառությունը գերազանցում է 700 միլիոն ՀՀ դրամը: «Բացի այդ կատարված խուզարկություններով Երևանում հայտնաբերվել են երեք բնակարաններ, որոնցում հատուկ սենյակներ  հարմարեցված են եղել թմրամիջոցների աճեցման համար: Հայտնաբերվել է նաև մեկ բնակարան, որը նախատեսված է եղել «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի պատրաստման համար»,-ասաց նա: Համբարյանը փաստեց, որ ներկայումս անձը կարող է տանից դուրս չգալով պատվիրել և ստանալ թմրամիջոց առաքանու միջոցով: «Ներկայում սև շուկայում հայտնվում են թմրամիջոցներ, որոնք դեռևս երեկ գոյություն չեն ունեցել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ թմրամիջոցները իրենց հայտնվելու օրվանից հետո սկսում են շրջանառվել հասարակական վայրերում և ընդգրկում են հանրության լայն շրջանակներ, հիմնականում դեռահասների, ինչպես նաև երիտասարդների»,-ասաց նա՝ հավելելով, որ լինում են դեպքեր, երբ ներկրվում է թմրամիջոցի հումքը, ինչից հետո այն տեղում իրացվում և  դառնում է շուկայի համար նախատեսված:
14:06 - 15 ապրիլի, 2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է  Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, օրակարգային առաջին հարցի շրջանակներում Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է  ընթացիկ տարվա մարտ ամսվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբի կողմից ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: «Հիմնական զեկուցողն անդրադարձ է կատարել նաև տվյալ ստորաբաժանումում քննված քրեական գործերի հարուցման ուղղություններին, ինչպես նաև վերլուծել նախաքննության կազմակերպման արդյունավետությանը վերաբերող որոշակի ցուցանիշներ, խոսել ուսումնասիրության ընթացքում արձանագրված խնդիրների, բացթողումների և թերացումների մասին: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև արձանագրված խնդրահարույց երևույթներն ապագայում բացառելուն ուղղված մի շարք առաջարկություններ և նկատառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Օրակարգային հաջորդ հարցով Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը վերլուծել է նաև Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային բաժինների եռամսյակային գործունեության արդյունքները՝ վերջիններս համեմատելով նախորդող տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կարևորել է ուսումնասիրությունների և վերլուծական աշխատանքի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նմանատիպ ուսումնասիրությունների արդյունքում բարձրանում է կառույցի գործունեության արդյունավետությունը: Կոմիտեի նախագահը հանձնարարել է, որ երկամսյա ժամկետում շտկվեն ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում և բաժիններում արձանագրված խնդիրներն ու համապատասխան գործընթացներ ծավալվեն աշխատանքային խմբի կողմից բարձրացված առաջարկությունների ապահովման մասով: Նշվում է, որ խորհրդակցության ավարտին անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ տարում Կոմիտեի այլ ստորաբաժանումներում  նախատեսվող համանման ուսումնասիրությունների ժամանակացույցին և ընթացակարգային մի շարք հարցերի ևս:
19:21 - 14 ապրիլի, 2022
Ծակքար համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

Ծակքար համայնքի նախկին ղեկավարի կողմից համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև՝ համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրենց վերադասին օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ համայնքի ղեկավարին օժանդակողների շրջանակը, համայնքին պատճառված վնասի չափը: Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, 2002-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստական տվյալների համաձայն՝ համայնքի նախկին ղեկավարը, տեղեկանալով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորվող «էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում «ԲԷՑ» ՓԲ ընկերության կողմից Ծակքար համայնքում օդային հոսանքագծերի անցկացման նպատակով հողամասերի՝ առավել բարձր արժեքով ձեռք բերելու մտադրության մասին, ինչպես նաև օգտվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով նախատեսված, պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների ուղղման կարգով սահմանված հնարավորությունից, համաձայնության է եկել համայնքապետարանի՝ իրեն մտերիմ երեք աշխատակիցների հետ՝ վերջիններիս պատկանող հողամասերի նկատմամբ նրանց սեփականության իրավունքը գրանցելու, իսկ հետագայում դրանք առավել բարձր գնով «ԲԷՑ» ՓԲԸ-ին վաճառելուն իրեն օժանդակելու հարցում: Համայնքապետարանի նշված աշխատակիցները, իրենց վերադասին օժանդակելու նպատակով, կազմել և ստորագրել են համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը փաստացի իրենց պատկանելու, սակայն սխալմամբ 2011թ. դեկտեմբերին նույն հողամասերը որպես համայնքային սեփականություն գրանցվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստեր հավաստող համաձայնագրեր: Համայնքի նախկին ղեկավարը «ԲԷՑ» ՓԲԸ-ի կողմից գնման ենթակա 0,166հա մակերեսով տնամերձ հողամասն իր կնոջ, իսկ 0.15հա, 0.137հա, 0.166հա տնամերձ հողամասերը համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների ընտանիքի անդամներին պատկանելու վերաբերյալ կազմված համապատասխան կեղծ փաստաթղթերը և իր կողմից ստորագրված՝ նույնաբովանդակ, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ պարունակող գրությունները 2016թ. հուլիսին ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա կադաստրի կոմիտեի կողմից գրանցվել է վերը նշված անձանց և նրանց ընտանիքի անդամների սեփականության իրավունքը հիշյալ հողամասերի նկատմամբ:  Այնուհետև՝ համայնքի ղեկավարի խնդրանքով 2016թ. սեպտեմբերին, մի կողմից համայնքապետարանի հիշյալ աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև համայնքի նախկին ղեկավարի և նրա կնոջ, իսկ մյուս կողմից «ԲԷՑ» ՓԲԸ-ի ներկայացուցչի միջև կնքվել են վերոհիշյալ հողամասերն ընդհանուր՝  14.768.116 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագրեր, իսկ վաճառքից ստացված հասույթը փոխանցվել է համայնքի նախկին ղեկավարին, ինչի հետևանքով Ծակքար համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ համայնքապետարանի երեք աշխատակիցներին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով չորս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքի նախկին ղեկավարի կողմից վերականգնվել է համայնքին պատճառված վնասը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ   նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:15 - 06 ապրիլի, 2022
Սյունիքի նախկին մարզպետի որդին, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել
 |armtimes.com|

Սյունիքի նախկին մարզպետի որդին, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու համար, ազատ է արձակվել կալանքից: Տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Կարեն Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (սպանության փորձ, որ կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը): Հիշեցնենք՝ զինված միջադեպը տեղի էր ունեցել 2021 թ. հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, կրակոցներ էին արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 
16:21 - 04 ապրիլի, 2022
Չարաշահումներ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. ՔԿ

Չարաշահումներ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում. ՔԿ

Քննչական կոմիտեում ավարտվել է «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ի հաղորդմամբ՝ քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ 6 անձի, այդ թվում՝ բժշկական կենտրոնի նախկին տնօրենին, մեղադրանքներ են առաջադրվել: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահումների մեխանիզմը, վերջինիս մասնակից դարձած անձանց ամբողջական շրջանակը, ինչպես նաև՝ պետությանը, բժշկական կենտրոնին պատճառված գույքային վնասի չափը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միասնական հանցավոր դիտավորությամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք, չարաշահել է պաշտոնական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման և յուրացման եղանակներով, բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ՝ իր հանցավոր գործողություններում ներգրավելով նաև քաղաքացիների: Ինչպես հայտնում են ՔԿ-ից, բժշկական կենտրոնի նախկին տնօրենը, տեղյակ լինելով, որ իր ընկերուհին այլ բժշկական կենտրոնում մեկ ամբողջական դրույքով աշխատում է որպես հաշվապահ, սակայն նպատակ ունենալով կոլեկտիվում ընդգրկել իրեն վստահելի ու ցանկալի անձնավորության, որոշել է նրան կես դրույքով որպես հաշվապահ ընդունել նաև իր ղեկավարած բժշկական կենտրոնում և շահագրգռելու նպատակով նրան առաջարկել է աշխատել ազատ գրաֆիկով, աշխատանքի ներկայանալ ըստ ցանկության՝ խոստանալով ավելի բարձր՝ 99.800 դրամ մաքուր աշխատավարձ, սահմանված 60.600 դրամ աշխատավարձի փոխարեն: Ստանալով ընկերուհու համաձայնությունը՝ տնօրենն, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նրան ընդունել է աշխատանքի,  և քննության տվյալներով, նա ստացել է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող՝ ընդհանուր 588.000 դրամ ավել աշխատավարձ, ինչն էական վնաս է պատճառել պետությանը։ Բացի այդ, իր ղեկավարած կառույցում ավտոմատ սրճեփ սարքեր շահագործող երկու անհատ ձեռնարկատերերից, առանց վերջիններիս հետ համապատասխան պայմանագրեր կնքելու, նախկին տնօրենը պահանջել և առձեռն ստացել է տարբեր չափերի գումարներ և ընկերության բյուջե մուտքագրելու փոխարեն, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կարիքների համար տնօրինել է ձեռնարկատերերի կողմից իրեն վճարված ընդհանուր 525.000 դրամ գումարը։ Ավելին, առողջապահական հաստատության նախկին տնօրենը «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վարորդի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից հափշտակել է խոշոր չափերով գումար: Մասնավորապես, քննության տվյալներով, վարորդը, նախկին տնօրենի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դրամարկղ մուտքագրել է  բժշկական կենտրոն տեղափոխված 917 դիակներից ընդամենը 377-ի մասով սահմանված կարգով գանձված գումարները, իսկ մնացած դիակների տեղափոխման համար ստացված և դրամարկղ չմուտքագրված 1.350.000 դրամ գումարը յուրացվել են նախկին տնօրենի և վարորդի կողմից: ՔԿ-ի փոխանցմամբ՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նախկին տնօրենը,  բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, ԱՄՆ-ից ժամանած բժիշկների ընդունելության, «Լավագույն հայուհի» միջոցառման  մասնակցության,  ինչպես նաև հիվանդանոցի համար ակնհայտ անշահավետ՝ անհամեմատ բարձր գնով տարբեր ոչ բժշկական պարագաներ ձեռք բերելու նպատակով, համապատասխան կազմակերպություններին փոխանցել է տարբեր չափերի գումարներ՝ այդ կերպ վատնման եղանակով կատարելով խոշոր չափերով՝ 1․831․600 դրամ գումարի հափշտակություն։ «Այնուհետև գլխավոր հաշվապահի հետ խմբի կազմում, գանձապահի, կադրերի տեսուչի, տնտեսվարի, թվով երեք քաղաքացիների օժանդակությամբ, նախնական պայմանավորվածությամբ, նախկին տնօրենն աշխատանքի է ընդունել նշված երեք քաղաքացիներին՝ կազմելով և ստորագրելով նրանց աշխատանքի ընդունելու վերաբերյալ կեղծ հրամաններ և ձևական աշխատանքային պայմանագրեր: Սակայն նշված անձինք երբևէ աշխատանքի չեն հաճախել, պայմանագրով նախատեսված իրենց պարտականությունները չեն կատարել, իսկ նախկին տնօրենը ստորագրել և բժշկական կենտրոնի կնիքով կնքել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձերի վճարացուցակներն ու գումարի ելքի տեղեկագրերը, որոնց հիման վրա գլխավոր հաշվապահը, նույնպես տեղեկացված լինելով նշված աշխատակիցների կողմից աշխատանքի չհաճախելու մասին,  հաշվարկել  և փոխանցել է ընդհանուր 973․108 դրամ աշխատավարձի գումարներ, որը նախկին տնօրենի կողմից, յուրացման եղանակով, հափշտակվել է: Այս ամենով հանդերձ նախկին տնօրենը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, գլխավոր հաշվապահին ապօրինի հանձնարարել է տնտեսվարին տրամադրել քաղաքացիաիրավական պայմանագրի ձևաթղթեր՝ բժշկական կենտրոնի տարածքում որոշակի աշխատանքներ կատարելու համար կեղծ պայմանագրեր կնքելու և այդ եղանակով յուրացում կատարելու համար: Տնտեսվարը, տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահից վերցնելով նշված ձևաթղթերը, օգտագործելով տարբեր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը, կազմել է կեղծ պայմանագրեր՝ դրանցում ներառելով այդ անձանց կողմից հիվանդանոցի տարածքում տարբեր տեսակի շինարարական, բանվորական և գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու մասին ակնհայտ կեղծ տեղեկություններ: Կազմված կեղծ պայմանագրերը տնտեսվարը ներկայացրել է նախկին տնօրենին, ով իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է դրանք։ Մինչդեռ իրականում, նշված անձինք բժշկական կենտրոնի տարածք չեն այցելել, որևէ փաստաթուղթ չեն ստորագրել և որևէ տեսակի աշխատանք չեն կատարել, սակայն իր ստորագրությամբ ու կնիքով նախկին տնօրենը հաստատել է նրանց կողմից իբրև թե կատարված աշխատանքների դիմաց որպես վարձատրություն տարբեր չափերի գումարներ վճարելու մասին վճարացուցակները և բժշկական կենտրոնի գանձապահից անձամբ ստանացած ընդհանուրը 2․173․035 դրամ գումարը յուրացման եղանակով հափշտակել է` որոշ դեպքերում վճարացուցակներում անձամբ ստորագրելով քաղաքացիների փոխարեն: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նախկին տնօրենը հրաման է ստորագրել՝ հիվանդանոցի վաչական անձնակազմին տրվող տարեվերջյան դրամական պարգևատրման մասին, սակայն գանձապահից անձամբ, առձեռն ստանալով նշված անձանց անվամբ դուրս գրված ընդհանուր 200․000 դրամ պարգևավճարի գումարը, հրաժարվել է տրամադրել աշխատակիցներին՝ յուրացման եղանակով հափշտակելով այն: Քննությամբ պարզվել է նաև, որ նշված ժամանակահատվածում նախկին տնօրենը, տնտեսվարի և գլխավոր հաշվապահի օժանդակությամբ, հիվանդանոցի հաշվեկշռում գտնվող շտապօգնության ավտոմեքենայի, օդորակիչների և լաբորատորիայի էլեկտրական մալուխների նորոգման վերաբերյալ, կազմել է իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող պայմանագրեր, որոնց հիման վրա բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից դուրս է գրվել  առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.316.259 դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակվել: Ի թիվս նշված հանգամանքների, բուժհաստատության նախկին տնօրենը նաև կարգադրել է տնտեսվարին, որ վերջինս իրականացնի բժշկական կենտրոնի վառելիքի բաշխման աշխատանքները: Տնտեսվարը, հանդիսանալով նյութական պատասխանատու, իրեն վստահված գույքը յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, 2017թ. մայիսից մինչև 2018թ. մայիս ընկած ժամանակահատվածում, կեղծելով իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ բենզինի դուրսգրման վերաբերյալ երթուղային թերթերը, անձամբ ստորագրելով դրանք, թե իբր ընդհանուր զգալի չափերի՝ 449.225 դրամ արժողությամբ 1057 լիտր բենզինը ստացել է դատաբժիշկը, դուրս է գրել նշված քանակությամբ վառելիքը և յուրացման եղանակով հափշտակել: Նախկին տնօրենը, գիտակցելով, որ իր ղեկավարած ընկերությունը, գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում, ունի չկատարված՝ մեծածավալ ֆինանսական պարտավորություններ, որոշել է ֆինանսական հաշվետվությունների աուդիտ անցկացնել: Առանց մրցույթ հայտարարելու, իր հետ փոխկապակցված աուդիտորական ընկերության ղեկավարի հետ համաձայնություն ձեռք բերելով, բարձր արժեքով՝ 4.320.000դրամով, կնքել է պայմանագիր՝ ֆինասնական հաշվետվությունների աուդիտի իրականացման վերաբերյալ, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նույն ծառայության իրականացման միջին շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կարող էր կազմել ընդամենը 1.725.000 դրամ: Նախկին տնօրենի հանձնարարությամբ գլխավոր հաշվապահը, որպես վերը նշված պայմանագրով սահմանված գումարի մասնակի վճարում, հիշյալ ընկերության հաշվեհամարին է փոխանցել 2.000.000 դրամ գումար՝ մնացած 2.320.000 դրամը, ըստ պայմանագրի, պետք է վճարվեր աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով տնօրենը հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Մասիսի բժշկական կենտրոն»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (3 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 5 անձի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել, ևս 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի հիմքով: Քննության տվյալներով՝ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 13 մլն 380 084 դրամ, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։
15:35 - 01 ապրիլի, 2022
Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը: Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհետ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները: Արգիշտի Քյարամյանն  իր երախտագիտությունն է  հայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների` Նիդերլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում: Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների հետևանքով անհետ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:
17:37 - 29 մարտի, 2022
Ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք տալու փորձի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք տալու փորձի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են նախազորակոչիկներին և զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով Շիրակի մարզի 41-ամյա բնակչի կողմից նույն մարզի տարբեր բնակիչներին տարբեր չափերով կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակություն  կատարելու և կաշառք տալու փորձի դեպքերի հանգամանքները: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 41-ամյա բնակիչը, նույն մարզի երկու բնակիչների պարտք լինելով առանձնապես խոշոր և խոշոր չափերի գումարներ, խոստացված ժամկետներում չի կարողացել վերադարձնել պարտքը: Այնուհետև, վերջիններիս գումարները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, նրանց մոտ պատրանք է ստեղծել, թե իբր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկներին կաշառք տալու միջոցով կարող է լուծել նրանց  նախազորակոչիկ և զորակոչիկ որդիների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը: Շիրակի մարզի բնակիչները, հավատալով 41-ամյա տղամարդու խոստումներին,  ընդունել են նրա առաջարկը և համաձայնել նշված գումարները վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկներին: Ընդ որում, բացի պարտքով վերցրած գումարը, 41-ամյա տղամարդը Շիրակի մարզի վերոնշյալ բնակիչներից մեկից  պահանջել է ավելին, ինչը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված անձը համաձայնել է վճարել մաս-մաս: Նշված գումարները հափշտակվել են 41-ամյա տղամարդու կողմից, սակայն  առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու պատրվակով ստացած գումարը խարդախությամբ հափշտակելու դեպքը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից, և տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։ Բացի այդ, 41-ամյա տղամարդը, տեղյակ լինելով, որ Շիրակի մարզի մեկ այլ բնակչի՝ 43-ամյա տղամարդու որդին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկ է և ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով չի զորակոչվելու, ինչպես նաև մյուս որդին նախազորակոչիկ է, նրա մոտ ևս ստեղծել է վերը նկարագրված պատրանքը: 43-ամյա տղամարդն ընդունել է նրա առաջարկները՝ պաշտոնատար անձանց և բժիշկներին խոշոր չափերով կաշառք տալու միջոցով զորակոչիկ որդուն ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ կեղծ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև մյուս որդու՝  պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կազմակերպելու վերաբերյալ: Տղամարդը մաս-մաս վճարել է խոստացված գումարը, որը հափշտակվել է 41-ամյա տղամարդու կողմից։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (3 դրվագ) և 34-38-312-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոփոխվել է և կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Շիրակի մարզի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուսին՝ Քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:
16:25 - 29 մարտի, 2022